ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
21 հունվարի 2020 թ. |
2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՇԱՔԱՐԱԽՏՈՎ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ԱՃԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Ա. Թորոսյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի նոյեմբերի 14-ին ստորագրված՝ «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի դեկտեմբերի 2-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2008 թվականի նոյեմբերի 14-ին Քիշնևում՝ շաքարախտի բարդացման և համալիր բուժման համար օգտագործվող անորակ և կեղծված դեղերի շրջանառությանը հակազդելու, շաքարախտով տառապող քաղաքացիների կյանքի որակը բարելավելու նպատակով:
2. Մոլդովան և Ուկրաինան Համաձայնագիրը ստորագրել են վերապահումներով, իսկ Ռուսաստանի Դաշնությունը՝ հայտարարությամբ:
3. Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, Համաձայնագրով ստանձնում է մի շարք պարտավորություններ, որոնցից են, մասնավորապես.
- միջոցներ ձեռնարկել շաքարախտի խնդրի վերաբերյալ օրենսդրության կատարելագործման ուղղությամբ` հաշվի առնելով Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում առողջապահության բնագավառում ընդունված համաձայնագրերն ու որոշումները, և մշակվեն ու հաստատվեն շաքարախտի և դրա բարդությունների կանխարգելման բնագավառում երկարատև համալիր ազգային ծրագրեր (Հոդված 1),
- անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերել Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների՝ շաքարախտով տառապող քաղաքացիներին` առանց ծախսերի փոխադարձ հատուցման (Հոդված 2),
- ապահովել շաքարախտի կանխարգելման և վաղ հայտնաբերման միջոցառումների իրականացումը (Հոդված 3),
- համագործակցել շաքարախտի և դրա բարդությունների բուժման նոր մեթոդների մշակման ու ներդրման, շաքարախտի կանխարգելման, շաքարախտով տառապող քաղաքացիների սոցիալական և բժշկական վերականգնման բնագավառներում (Հոդված 4),
- գիտակցելով շաքարախտով տառապող քաղաքացիների կյանքի որակի բարելավման համար բժշկահոգեբանական օգնության կարևորությունը, ազգային ու միջպետական ծրագրերի շրջանակներում նպաստել շաքարախտով հիվանդացության հոգեբանական կողմերի հետազոտության նախագծերի իրագործմանը (Հոդված 5),
- նպաստել շաքարախտով տառապող հիվանդների ասոցիացիաների, բժշկական հասարակական կազմակերպությունների, կառավարական կառույցների և դեղագործական արտադրությունների ջանքերի միասնականացմանը շաքարախտով հիվանդացության դեմ պայքարում (Հոդված 6),
- նպաստել շաքարախտի խնդիրներով զբաղվող կազմակերպությունների շփումների զարգացմանը (Հոդված 7),
- Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դրա իրականացումն ապահովելու նպատակով մշակել և հաստատել շաքարախտի կանխարգելման և բուժման բնագավառում Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների միջև համագործակցության երկարաժամկետ ծրագիր (Հոդված 8),
- հաշվի առնելով նաև «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հնարավորությունները, ապահովել բնակչությանը շաքարախտի և դրա բարդությունների կանխարգելման անհրաժեշտ միջոցառումների, բուժման ու վերականգնման ժամանակակից մեթոդների մասին տեղեկության պարբերաբար տրամադրումը, նպաստել միջպետական թեմատիկ ցուցահանդեսների, գիտաժողովների և սեմինարների անցկացմանը (Հոդված 9),
- ապահովել, որ Համաձայնագիրն իրականացնեն առողջապահության ոլորտի գործադիր իշխանության համապատասխան մարմինները` ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավասությունների շրջանակներում (Հոդված 10):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2008 թվականի նոյեմբերի 14-ին ստորագրված՝ «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Հ. Թովմասյան |
21 հունվարի 2020 թվականի ՍԴՈ-1502 |