ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2019 թվականի N 1239-Ն
«ԵՐԵՎԱՆԻ N 16 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը և «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Երևանի N 16 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 282.210.04662) վերանվանել «Երևանի հ. 201 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն):
2. Սահմանել, որ՝
1) կազմակերպության գործունեության առարկան 1-ին աստիճանի (1-4-րդ դասարաններ) և 2-րդ աստիճանի (5-9-րդ դասարաններ) հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացումն է.
2) 2019/2020 ուսումնական տարվանից կազմակերպության ավագ դասարաններում մարման կարգով կազմակերպվում է սովորողների բնականոն ուսումնառությունը.
3) մինչև 2020 թվականի հունիսի 1-ը կազմակերպությունն իրավունք ունի սովորողների կրթությունը կազմակերպելու երկարօրյա ռեժիմով՝ սովորողներին ապահովելով օրական երկանգամյա սննդով:
3. Մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը կազմակերպության կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ» «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից հետո՝ Երևանի քաղաքապետարանին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը:
5. Սահմանել, որ «Երևանի հ. 201 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարման ու պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Երևանի N 16 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշմամբ հաստատված հավելվածը «121. «Դ. Վարուժանի անվան N 89 հիմնական դպրոց» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 122-րդ կետով.
«122. Երևանի հ. 201 հիմնական դպրոց»:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ սույն որոշման 2-րդ կետով սահմանված դրույթները տարածվում են սույն թվականի սեպտեմբերի 2-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. սեպտեմբերի 20 Երևան |