ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԴ/0051/01/17 |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նաև Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ` դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
ա. պողոսՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ` | Մ. Ավագյանի | |
մասնակցությամբ` դատախազ | Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆԻ |
2019 թվականի հունիսի 12-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում քննության առնելով նոր հանգամանքի հիմքով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` 2017 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճռով Սվետլանա Բենիկի Արզումանյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագով), ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների կատարման համար և նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ, հանցանքների համակցությամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված` 5 (հինգ) տարի ժամկետով ազատազրկմանը գումարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (առաջին դրվագով) նշանակված` 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումից 3 (երեք) ամիսը, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (երկրորդ դրվագով) նշանակված` 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումից 3 (երեք) ամիսը, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (երրորդ դրվագով) նշանակված` 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումից 3 (երեք) ամիսը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված` 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումից 3 (երեք) ամիսը և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 (վեց) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
Պատժի սկիզբը հաշվվել է 2017 թվականի փետրվարի 24-ից:
Նույն դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար դատապարտվել է նաև Վիկա Վրեժի Բարսեղյանը և նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով։
Նույն դատավճռով դատապարտվել է նաև Գառնիկ Արմենի Պետրոսյանը:
2. Ամբաստանյալ Ս.Արզումանյանի պաշտպան Կ.Օվչյանի և ամբաստանյալներ Գ.Պետրոսյանի, Վ.Բարսեղյանի պաշտպան Հ.Դավթյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2018 թվականի հունիսի 8-ի որոշմամբ բողոքները մերժվել են, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճիռը թողնվել է անփոփոխ։
3. ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի՝ 2018 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 44 որոշմամբ դատապարտյալ Ս.Արզումանյանի նկատմամբ կիրառվել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ մասը և Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 28-ի օրինական ուժի մեջ մտած դատավճռով սահմանված 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկումը կրճատվել է 9 (ինը) ամսով և վերջնական թողնվել է կրելու ազատազրկում` 5 (հինգ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով:
4. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքների հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի մարտի 26-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքներն ընդունել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Ս.Արզումանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագով), ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է այն բանի համար, որ. «(…) նա, (…) ապօրինի պատրաստել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը համապատասխանաբար` 3.29 գրամ և 5.47 գրամ, ընդհանուր` 8.76 գրամ խոշոր չափերով, ապօրինի պահել է տան զրուցարանի տանիքը պահող տախտակի տակ, (…):
Այնուհետև, (…) ապօրինի պատրաստել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը լցնելով 250 մլ տարողությամբ ապակյա տարայի մեջ ապօրինի պահել է նշված տան պատուհանագոգին և 2016 թվականի հոկտեմբերի 31-ին նշված տարայից հինգ գլանակի չափաբաժնով առանձնացրել է և որդուն` ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գառնիկ Պետրոսյանին ապօրինի իրացնելու նպատակով վերջինիս հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն թմրամիջոցը դրել է իր տնից 60 մետր հեռավորության վրա գտնվող, որպես թաքստոց ծառայած քարի տակ:
Այնուհետև, ապօրինի պատրաստված վերը նշված ապակյա տարայի մեջ ապօրինի պահած «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը կես գլանակի չափաբաժնով հյուրասիրելու եղանակով 2016 թվականի նոյեմբերի 5-ին ապօրինի իրացրել է համագյուղացի Խաչատուր Խաչատրյանին:
Բացի այդ, ապօրինի պատրաստված վերը նշված ապակյա տարայի մեջ ապօրինի պահած «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը մեկ գլանակի չափաբաժնով հյուրասիրելու եղանակով 2016 թվականի նոյեմբերի 8-ին ապօրինի իրացրել է ավագ որդուն` Տիգրան Պետրոսյանին:
Այնուհետև որդուն` ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գառնիկ Պետրոսյանին խոշոր չափերով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու նպատակով, վերջինիս խնդրանքով և նրա հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն, 2016 թվականի նոյեմբերի 25-ին վերը նշված տարայից առանձնացրել է խոշոր չափերով` 9.12 գրամ ընդհանուր քաշով թմրամիջոցը, համապատասխանաբար` 5.87 գրամ և 3.25 գրամ, որոնք փաթեթավորելով թղթյա երկու փաթեթում, թաքցրել է որդու ընկերուհու` Վիկա Բարսեղյանի կողմից նախապես իրեն ուղարկված բջջային հեռախոսի լիցքավորիչի մեջ, որից հետո այն դարձյալ ուղարկել է վերջինիս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ նշված թմրամիջոցը նույն օրը ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է Վիկա Բարսեղյանի անձնական խուզարկությամբ` նրա բաճկոնի գրպանում: (…)1:
5.1 Վ.Բարսեղյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է այն բանի համար, որ. «(…) նա ընկերոջը` ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ դատապարտյալ Գառնիկ Պետրոսյանին խոշոր չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն օժանդակելու նպատակով, նրա հետ նախնական պայմանավորվածության համաձայն, 2016 թվականի նոյեմբերի 24-ին նրա մորը` Սվետլանա Արզումանյանին է ուղարկել բջջային հեռախոսի լիցքավորիչ, իսկ վերջինս խոշոր չափերով` ընդհանուր 9.12 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը, համապատասխանաբար` 5.87 գրամ և 3.25 գրամ, թղթյա երկու փաթեթներով թաքցնելով լիցքավորիչի մեջ, վերադարձրել է իրեն` Գառնիկ Պետրոսյանին ուղարկելու նպատակով, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ նշված թմրամիջոցը 2016 թվականի նոյեմբերի 25-ին ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների կողմից անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերվել է: (…)»2:
Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով.
6. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը` փաստարկել է, որ նշված փոփոխությունները կիրառելի են Ս.Արզումանյանի և Վ.Բարսեղյանի նկատմամբ:
7. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է հարուցել վերանայման վարույթ, փոփոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի հունիսի 8-ի որոշումը` Ս.Արզումանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, Վ.Բարսեղյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 1-ին մասով` նշանակված պատժատեսակներն ու պատժաչափերը թողնելով անփոփոխ:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյոք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալներ Սվետլանա Արզումանյանի և Վիկա Բարսեղյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի հունիսի 8-ի որոշումը վերանայելու համար:
9. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:
ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:
10. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն3:
11. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)»4:
Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»5:
12. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։
13. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի համաձայն` «1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
(...)
2) խոշոր չափերով,
(...)
պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
(...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն՝ «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝
պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
(…)
2) խոշոր չափերով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով (...)»:
Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ է սահմանված եղել 5.0 գրամից մինչև 500.0 գրամը ներառյալ:
Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ՝ 12.5 գրամից մինչև 62.5 գրամը ներառյալ:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ս.Արզումանյանը դատապարտվել է՝
- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` երեք դրվագով, որից երկու դրվագով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու համար, մեկ դրվագով` իրացնելու նպատակով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի պահելու համար,
- ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափի` 9.12 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու փորձի համար,
- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ առանց իրացնելու նպատակի խոշոր չափի` 8.76 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու և պահելու համար:
Բացի այդ, սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վ.Բարսեղյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է առանց իրացնելու նպատակի խոշոր չափի` 9.12 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձին օժանդակելու համար6։
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք չեն Ս.Արզումանյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` երեք դրվագով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության:
15.1 Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Ս.Արզումանյանի կողմից կատարված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքների և Վ.Բարսեղյանի կողմից կատարված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության։
Մասնավորապես, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 9.12 գրամ և 8.76 գրամ«մարիխուանա» տեսակի թմրամիջոցներն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի են։ Ուստի` դատապարտյալ Ս.Արզումանյանի արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 1-ին մասին և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասին, իսկ Վ.Բարսեղյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 1-ին մասին։ Նման պայմաններում թմրամիջոցի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Ս.Արզումանյանի և Վ.Բարսեղյանի կողմից կատարված հանցանքների վրա, քանի որ դրանք բարելավում են վերջիններիս վիճակը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալներ Ս.Արզումանյանի և Վ.Բարսեղյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի հունիսի 8-ի որոշումը վերանայելու համար։
16. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել և փոփոխել Սվետլանա Բենիկի Արզումանյանի և Վիկա Վրեժի Բարսեղյանի վերաբերյալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 8-ի որոշումը:
16.1 Սվետլանա Բենիկի Արզումանյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքն անհրաժեշտ է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ այդ հոդվածի սանկցիայի շրջանակներում որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքն անհրաժեշտ է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ այդ հոդվածի սանկցիայի շրջանակներում որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոններով` Սվետլանա Բենիկի Արզումանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկմանը պետք է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով երեք դրվագներից յուրաքանչյուրով նշանակված 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումից 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 4 (չորս) ամիս ժամկետով ազատազրկումից 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով: Նշանակված պատժին անհրաժեշտ է հաշվակցել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ կրճատված 9 (ինը) ամիս ժամկետը7` թողնելով կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: Պատժի սկիզբը պետք է հաշվել 2017 թվականի փետրվարի 24-ից:
16.2 Վիկա Վրեժի Բարսեղյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` Վիկա Վրեժի Բարսեղյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժն անհրաժեշտ է պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Դատապարտյալներ Սվետլանա Բենիկի Արզումանյանի և Վիկա Վրեժի Բարսեղյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 8-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:
2. Դատապարտյալներ Սվետլանա Բենիկի Արզումանյանի և Վիկա Վրեժի Բարսեղյանի վերաբերյալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 8-ի որոշումը բեկանել ու փոփոխել:
3. Սվետլանա Բենիկի Արզումանյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) ամիս ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոններով` Սվետլանա Բենիկի Արզումանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով երեք դրվագներից յուրաքանչյուրով նշանակված 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումից 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 4 (չորս) ամիս ժամկետով ազատազրկումից 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով: Նշանակված պատժին հաշվակցել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ կրճատված 9 (ինը) ամիս ժամկետը` թողնելով կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 3 (երեք) ամիս ժամկետով:
Պատժի սկիզբը հաշվել 2017 թվականի փետրվարի 24-ից:
4. Վիկա Վրեժի Բարսեղյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) ամիս ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` Վիկա Վրեժի Բարսեղյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով: Փորձաշրջանի ընթացքում Վիկա Վրեժի Բարսեղյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա։
5. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
____________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 60-83:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 60-83:
3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։
4 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:
5 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:
6 Տե'ս սույն որոշման 5-5.1 րդ կետերը:
7 Տե'ս սույն որոշման 3-րդ կետը:
Նախագահող` Լ. Թադևոսյան Դատավորներ` Հ. Ասատրյան Ս. Ավետիսյան Ե. Դանիելյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|