ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԱՎԴ4/0011/01/18 | ||||||
Գործ թիվ ԱՎԴ4/0011/01/18 |
|||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
|
|
Ս. Օհանյանի |
16 նոյեմբերի 2022 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Աշոտ Մարզպետունու Գալստյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի մայիսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2018 թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ մասի և 358.1-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 91166918 քրեական գործը:
Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ Աշոտ Մարզպետունու Գալստյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հրամանատարության հսկողությանը հանձնելը։
2018 թվականի նոյեմբերի 16-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճռով Ա․Գալստյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով։
Նույն դատավճռով դատապարտվել է նաև Գարիկ Լևոնի Ոսկանյանը։
3. Ամբաստանյալ Ա․Գալստյանի պաշտպան Ե․Դավթյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի մայիսի 18-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերիի 17-ի դատավճիռը` բեկանել, Ա․Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 358․1-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել է անմեղ և արդարացրել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։
4. Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա։
Մասնավորապես, ըստ բողոքի հեղինակի՝ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս հաշվի չի առել, որ Ա.Գալստյանի արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, կատարվել է դիտավորությամբ ու չնչին առիթով։
Բացի այդ, բողոքաբերը փաստել է նաև, որ Վերաքննիչ դատարանը Ա․Գալստյանի կատարած արարքը նվազ կարևոր դիտարկելիս պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, այն, որ ամբաստանյալը, լինելով պետ, բռնություն է գործադրել իր ենթակայի նկատմամբ, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ա.Գալստյանը հանցավոր արարքը կատարել է զինվորական ծառայության՝ վերակարգի և դրանից բխող գործողությունների կատարման ընթացքում, որին ներկա են գտնվել վերակարգում ընդգրկված և բեռնաթափման աշխատանքներ կատարող զինծառայողները։ Այսինքն, Ա․Գալստյանը, տվյալ իրավահարաբերությունում հանդիսանալով պետ, իր լիազորություններից բխող գործողությունները բարեխիղճ կերպով կատարելու փոխարեն բռնություն է գործադրել իր ենթակայի նկատմամբ։
Միևնույն ժամանակ, բողոք բերած անձի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Ա.Գալստյանը որևէ նպատակ չի հետապնդել այլ զինծառայողների աչքի առաջ ստորադասին հարվածելու, իրականում անհիմն է, չի բխում գործում առկա և դատարանում հետազոտված նյութերից:
5.1 Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի մայիսի 18-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճռին։
Վճռաբեկ բողոքի պատասխանը, հիմնավորումները և պահանջը.
6․ Ամբաստանյալ Ա.Գալստյանի պաշտպան Երեմ Դավթյանը ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ բողոքում մատնանշված մոտեցումները չեն բխում գործի փաստական հանգամանքներից։ Մասնավորապես՝ Ա.Գալստյանը բացասական տրամադրվածություն չի ունեցել Գ.Ոսկանյանի նկատմամբ և իրային պահեստի հետնամաս գնացել է հավաքված աղբը թափելու, այլ ոչ թե Ա.Գալստյանի հետ վիճաբանելու։ Բացի այդ, տարաձայնությունը առաջացել է Գ.Ոսկանյանի պատճառով ու Ա.Գալստյանը հարվածը հասցրել է միայն ապտակ ստանալուց հետո։ Վիճաբանությունը տեղի է ունեցել ընդամենը հինգ րոպե և հետագայում շարունակություն չի ստացել, ինչի մասին վկայում են նաև դատավարության մասնակիցներն իրենց ցուցմունքներով։
Վերոշարադրյալի հիման վրա՝ ամբաստանյալ Ա.Գալստյանի պաշտպանը խնդրել է Վերաքննիչ դատարանի որոշումը թողնել անփոփոխ։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Աշոտ Գալստյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [Ն]ա, զբաղեցնելով ՀՀ ՊՆ 70179 զորամասի «Ֆագոտ» հակատանկային մարտկոցի 2-րդ «Ֆագոտ» հակատանկային կառավարվող հրթիռների դասակի 3-րդ հրետանային հաշվարկի հրամանատար-ավագ օպերատորի պաշտոնը, կոչումով կրտսեր սերժանտ, 2018թ. օգոստոսի 30-ին, ժամը 10:00-ի սահմաններում հակատանկային մարտկոցի հրամանատար, կապիտան Աշոտ Արշալույսի Մամաջանյանի բանավոր հրամանով նշանակված լինելով իրային ծառայության պահեստում ապրանքների բեռնաթափման աշխատանքների ավագ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ տվյալ իրավահարաբերության շրջանակում իր նկատմամբ ստորադաս հանդիսացող, նույն մարտկոցի 1-ին դասակի 4-րդ հաշվարկի օպերատոր, շարքային Գարիկ Լևոնի Ոսկանյանի բեռնաթափման աշխատանքներին ավելի ակտիվորեն մասնակցելու իրեն ուղղված պահանջը չկատարելու պատճառով ծագած վիճաբանության ընթացքում, իրային ծառայության պահեստի հետևամասում Գարիկ Ոսկանյանի կողմից իրեն ապտակելուց հետո բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ, մեկ անգամ բռունցքով հարվածել է նրա ձախ աչքի շրջանին և պատճառել աջ հոնքի շրջանի սալջարդ՝ վերքի աջ ակնակապիճային շրջանի արյունազեղման ձևով, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ (…)»2:
7.1. Ամբաստանյալ Ա.Գալստյանը ցուցմունք է տվել այն մասին, որ կատարված աշխատանքների ավարտից հետո իր և Գարիկ Ոսկանյանի միջև վիճաբանություն է ծագել, որի ընթացքում Գ․Ոսկանյանը, իր համար անսպասելի, աջ ձեռքով ապտակել է իր դեմքին, ինչից ֆիզիկական ցավ է զգացել։ Դրանից անմիջապես հետո նա բռունցքով հարվածել է Գ․Ոսկանյանի աջ աչքի շրջանին և վնասվածք հասցրել նրան: Այդ պահին միջամտել են հակատանկային մարտկոցի ժամկետային զինծառայողներ Գոռ Հարությունյանը և Ռոբերտ Բաբայանը ու բաժանել իրենց։ Այդքանով վիճաբանությունն ավարտվել է և իրենք գնացել են ավտոհավաքակայան3:
7.2. Ամբաստանյալ Գ․Ոսկանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իր և Ա․Գալստյանի միջև վիճաբանություն է ծագել և ինքը, զայրացած լինելով, մեկ անգամ ապտակել է Ա․Գալստյանին, որից անմիջապես հետո Ա․Գալստյանը բռունցքով հարվածել է իր աջ աչքի շրջանին։ Իրենց մոտ այդ պահին այլ անձինք չեն եղել, բայց կատարվածը տեսել են իրենց մարտկոցի զինվորներ Ռ․Բաբայանը և Գ․Հարությունյանը, ովքեր խոսակցության սկզբից ներկա չեն եղել, սակայն այդ պահին եկել էին բեռնաթափման աշխատանքներից հետո հավաքված աղբը դատարկելու։ Նրանք անմիջապես միջամտել են, և այդքանով վիճաբանությունն ավարտվել է4։
7․3․ Վկաներ Գոռ Հարությունյանը և Ռոբերտ Բաբայանը ցուցմունքներ են տվել այն մասին, որ երբ իրենք գնացել են իրային պահեստի հետնամաս, տեսել են, որ Գարիկ Ոսկանյանն ու Աշոտ Գալստյանը բարձր ու զայրացած տոնով վիճաբանում են միմյանց հետ։ Այդ ընթացքում մինչ իրենք հասցրել են նրանց մոտենալ, տեսել են նաև, որ Գ․Ոսկանյանը մեկ անգամ ապտակել է Ա․Գալստյանին, իսկ վերջինս բռունցքով հարվածել է Գ․Ոսկանյանի դեմքին։ Այնուհետև նրանք միջամտել են ու այդքանով վիճաբանությունն ավարտվել է5։
8. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Դատարանը (…) հանգում է այն հետևության, որ (…) Աշոտ Մարզպետունու Գալստյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված (…) արարքը: (…)
Դատարանը, վերլուծության ենթարկելով խախտված հասարակական հարաբերությունների բնույթն ու կարևորությունը, հանցանքի կատարման հանգամանքները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ա.Գալստյանին մեղսագրվում է զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված առավել բարձր վտանգավորություն ներկայացնող արարքներից մեկը` պետի կողմից ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը և այն, որ նշված արարքը կատարվել է զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ, ինչն օրենսդրորեն գնահատված է որպես առավել բարձր վտանգավորություն ներկայացնող, հանցավոր արարքը կատարել է այլ զինծառայողների ներկայությամբ, գտնում է, որ նշված հանգամանքները էականորեն բարձրացնում են հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը, ուստի տվյալ դեպքում Դատարանը ամբաստանյալ Ա.Գալստյանի կողմից կատարված արարքը չի կարող դիտել որպես նվազ կարևորություն ունեցող (...)»6:
9. Վերաքննիչ դատարանն արձանագրել է հետևյալը. «(...) [Վ]երաքննիչ դատարանը գտնում է, որ Աշոտ Գալստյանի կողմից կատարված արարքն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, այսինքն` ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել:
Վերաքննիչ դատարանի հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Աշոտ Գալստյանի կողմից Գարիկ Ոսկանյանի նկատմամբ կիրառված բռնությունը՝ նրան մեկ անգամ բռունցքով հարվածելը, կատարվել է վերջինիս հակաօրինական գործողություններից՝ Գ․Ոսկանյանի կողմից իրեն ապտակելուց հետո։ Քրեական գործի նյութերը ըստ էության վկայում են այն մասին, որ Աշոտ Գալստյանի գործողությունները առավելապես պայմանավորված են եղել ոչ թե Գարիկ Ոսկանյանին որևէ վնաս կամ ցավ պատճառելու, այլ սեփական առողջությունը, պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու մղումներով։
(…)
Վերաքննիչ դատարանը վերոնշյալ վերլուծությունների հիման վրա փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը փաստական հանգամանքերը վերլուծելիս և գնահատելիս հաշվի չի առել կիրառված բռնության շարժառիթը, այն, որ դա տեղի է ունեցել Գարիկ Ոսկանյանի ապտակից հետո միայն, առանց որևէ հայհոյանքների և բռնությունը շարունակելու մտադրության, վիճաբանությունը տեղի է ունեցել իրային պահեստի ետնամասում, որպեսզի մյուս զինծառայողները ներկա չգտնվեն, վերջիններս գտնվել են բավականին հեռու և Ա.Գալստյանը որևէ նպատակ չի հետապնդել այլ զինծառայալների աչքի առաջ ստորադասին հարվածելու, վկաներն իրենք են մոտեցել բարձր ձայներից և մոտենալու ընթացքում տեսել սկզբից Գ.Ոսկանյանի, այնուհետև՝ Ա.Գալստյանի կողմից հարվածելու պահը (...)»7:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Ա․Գալստյանի գործողությունները հանցագործություն չեն համարվում, քանի որ նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չեն ներկայացնում:
11․ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` «Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն` այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները»:
Նույն օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված՝ հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է սույն օրենսգրքով։
2. Հանցագործություն չի համարվում այն գործողությունը կամ անգործությունը, որը թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով նախատեսված որևէ արարքի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, այսինքն` ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել»։
11․1․ Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել իր մի շարք նախադեպային որոշումներում` արձանագրելով, որ արարքի նվազ կարևոր լինելու հարցը յուրաքանչյուր գործով որոշվում է ինքնուրույն, սակայն միևնույն ժամանակ այդ հարցի լուծման հիմքում պետք է դրվեն ենթադրյալ հանցագործության որակական և քանակական կողմերը բնութագրող գործոնները (մեղքի ձև և տեսակ, հանցագործության նպատակ ու շարժառիթ, հանցագործությամբ պատճառված վնասի չափ, հանցագործության կատարման եղանակ և այլն): Ընդ որում, միայն դրանց համակցությունն է հնարավորություն տալիս որոշելու արարքի նվազ կարևոր լինելը կամ չլինելը: Բացի այդ, արարքի նվազ կարևոր լինելու հարցը լուծելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նվազ կարևոր կարող է լինել, որպես կանոն, դիտավորյալ արարքը, ընդ որում, ուղղակի դիտավորությամբ կատարված: Արարքը կատարողի գիտակցությունը և կամքը պետք է ուղղված լինեն հասնելու հենց այն արդյունքին, որը հանդիսանում է կատարողի գործողության կամ անգործության հետևանք8։
12. 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է սահմանում հետևյալ արարքի համար` «Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ»:
12․1․ Վերոշարադրյալ քրեաիրավական նորմին անդրադառնալով՝ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել, որ այն պատասխանատվություն է սահմանում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված առավել բարձր վտանգավորություն ներկայացնող հանցանքներից մեկի` պետի կողմից ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կամ դրա սպառնալիքի համար, որպիսի արարքը ոչ միայն ոտնձգում է անձի կյանքի և առողջության դեմ, այլև խախտում զինվորական կանոնագրքերով սահմանված ենթակայության կարգը, վկայում զինվորական ծառայության նկատմամբ հանցանք կատարած անձի ունեցած անբարեխիղճ վերաբերմունքի մասին, ինչն էլ իր հերթին բացասական ազդեցություն է գործում զինվորական կարգապահության, ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստվածության վրա9:
Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ զինվորական ծառայության կարգի պահպանումը, որի միջոցով ապահովվում է ՀՀ զինված ուժերի մշտական մարտական պատրաստականությունը, բոլոր զինծառայողների, հատկապես պետերի (հրամանատարների) պարտականությունն է: Զինվորական ամուր կարգապահությունը և անձնակազմի բարոյահոգեբանական բարձր մակարդակն ապահովելիս՝ զինվորական պետերը (հրամանատարները) պարտավոր են ենթակաների նկատմամբ հարգանք դրսևորել, պահպանել նրանց անձնական արժանապատվությունը և զինվորական քաղաքավարության կանոնները` ղեկավարվելով միմիայն օրենքներով և զինվորական կանոնագրքերի պահանջներով: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ անթույլատրելի է վերոնշյալ նպատակներին հասնելը զինվորական կանոնագրքերով չնախատեսված եղանակներով, հատկապես` բռնություն կամ բռնության սպառնալիք գործադրելու միջոցով, ինչը լուրջ ոտնձգություն է զինվորական կանոնագրքերով սահմանված զինվորական ենթակայության կարգի նկատմամբ10։
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Ա.Գալստյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով, այն բանի համար, որ նա զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Գ․Ոսկանյանի հետ ծագած վիճաբանության ընթացքում, Գ․Ոսկանյանի կողմից իրեն ապտակելուց հետո բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ, մեկ անգամ բռունցքով հարվածել է նրա ձախ աչքի շրջանին և պատճառել աջ հոնքի շրջանի սալջարդ՝ վերքի աջ ակնակապիճային շրջանի արյունազեղման ձևով, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ11։
- Առաջին ատյանի դատարանը, Ա.Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում մեղավոր է ճանաչել և արձանագրել, որ գործով ապացուցված մի շարք հանգամանքներ էականորեն բարձրացնում են կատարված հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը, ուստի տվյալ դեպքում ամբաստանյալ Ա.Գալստյանի կողմից կատարված արարքը չի կարող դիտվել որպես նվազ կարևորություն ունեցող12:
- Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, արձանագրել է, որ Ա․Գալստյանին մեղսագրված արարքը չի համարվում հանցագործություն, քանի որ այն թեև ձևականորեն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 358․1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները, սակայն իր նվազ կարևոր լինելու ուժով չի ներկայացնում հասարակական վտանգավորություն, այսինքն` ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ա.Գալստյանի կողմից Գ․Ոսկանյանի նկատմամբ կիրառված բռնությունը կատարվել է վերջինիս հակաօրինական գործողությունների պատճառով և Ա․Գալստյանի գործողություններն առավելապես պայմանավորված են սեփական առողջությունը, պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու մղումներով13:
14․ Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից բխում է, որ ստորադաս դատարաններն ըստ էության հաստատված են համարել այն փաստը, որ Ա․Գալստյանը զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ բռնություն է գործադրել Գ․Ոսկանյանի նկատմամբ, այսինքն` նրա արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները փաստացի առկա են: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վերոնշյալ արարքը նվազ կարևորություն ունի և հանցագործություն չի համարվում, քանի որ Ա․Գալստյանի կողմից Գ․Ոսկանյանի նկատմամբ կիրառված բռնությունը կատարվել է վերջինիս հակաօրինական գործողություններից, մասնավորապես՝ Գ․Ոսկանյանի ապտակից հետո։
15․ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ արտահայտված և սույն որոշման 11․1-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները, դրանք համադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի վերաբերյալ արտահայտված և սույն որոշման 12․1-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների հետ, արձանագրում է, որ ամբաստանյալ Ա․Գալստյանին մեղսագրվող արարքի նվազ կարևորության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատողությունները հիմնավորված և պատճառաբանված չեն: Մասնավորապես, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կատարված արարքը հանցագործություն չի համարվում, երբ հանցագործության պարտադիր հատկանիշներից մեկը` հանրային վտանգավորությունը, բացակայում է, թեպետ փաստացի կատարված արարքում հանցակազմի բոլոր հատկանիշները ձևականորեն առկա են: Այլ կերպ` կատարված արարքն այնքան նվազ կարևոր է (ոչ վտանգավոր), որ ունակ չէ էական վնաս պատճառելու օրենքով պաշտպանվող բարիքներին, իսկ այդպիսին լինելը որոշվում է արարքի հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի վրա ազդող գործոնների համակողմանի վերլուծության արդյունքում (խախտվող հասարակական հարաբերությունների բնույթ, մեղքի ձև, նպատակ և շարժառիթ, պատճառված վնասի չափ, հանցագործության եղանակ և այլն):
16. Վճռաբեկ դատարանը նախևառաջ հարկ է համարում նշել, որ այն հանգամանքը, որ Ա․Գալստյանը ստորադասի նկատմամբ կիրառել է բռնություն վերջինիս կողմից ապտակ ստանալուց հետո, ինքնին չի կարող դրվել Ա․Գալստյանի արարքը նվազ կարևոր դիտարկելու հիմքում։ Ընդհակառակը, նման պարագայում Ա․Գալստյանը, հանդես գալով որպես պետ և պարտավոր լինելով զինծառայող Գ․Ոսկանյանի պատշաճ վարքագիծն ապահովելու համար ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, գերադասել է վերջինիս պատասխանել նույն կերպ՝ բռնություն գործադրելով ստորադասի նկատմամբ։ Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ պետը, պատասխանատու լինելով զինվորական կարգապահության, զինվորական քաղաքավարության կանոնները պահպանելու, ինչպես նաև ենթակաների շրջանում պատշաճ բարոյահոգեբանական մթնոլորտ ձևավորելու համար, պարտավոր է իր այդ պարտականությունները կատարելիս առաջնորդվել միայն օրենքներով և զինվորական կանոնագրքերի պահանջներով: Անթույլատրելի է վերոնշյալ նպատակներին հասնելը զինվորական կանոնագրքերով չնախատեսված եղանակներով, հատկապես` բռնություն կամ բռնության սպառնալիք գործադրելու միջոցով, ինչը լուրջ ոտնձգություն է զինվորական կանոնագրքերով սահմանված զինվորական ենթակայության կարգի նկատմամբ։
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը պատշաճ վերլուծության չի ենթարկել ամբաստանյալին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են խախտված հասարակական հարաբերությունների բնույթն ու կարևորությունը, հանցանքի կատարման հանգամանքները: Զինվորական ծառայության ընթացքում բռնությամբ զուգորդված արարքներն ինքնին հանրային բարձր վտանգավորություն են ներկայացնում, քանի որ խարխլում են զինվորական ենթակայության սահմանված կարգը, ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտը, երբեմն էլ կարող են նաև ավելի ծանր հետևանքների հանգեցնել: Միևնույն ժամանակ, ուշադրության արժանի է նաև այն հանգամանքը, որ Ա․Գալստյանին մեղսագրվող արարքը կատարվել է զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ, ինչն օրենսդրորեն գնահատված է որպես առավել բարձր վտանգավորություն ներկայացնող։
17․ Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ Ա.Գալստյանը որևէ նպատակ չի հետապնդել այլ զինծառայողների աչքի առաջ ստորադասին հարվածելու, ապա ամբաստանյալներ Ա․Գալստյանի, Գ․Ոսկանյանի, ինչպես նաև վկաներ Գ․Հարությունյանի և Ռ․Բաբայանի ցուցմունքների ուսումնասիրությունից պարզ է դառնում14, որ Ա․Գալստյանի կողմից Գ․Ոսկանյանի դեմքին բռունցքով հարվածելը, անկախ Ա․Գալստյանի նպատակից, եղել է այլ զինծառայողների աչքի առաջ, ինչը նույնպես բարձրացնում է արարքի հանրային վտանգավորության աստիճանը։
18․ Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ա․Գալստյանի կողմից գործադրված բռնության արդյունքում Գ․Ոսկանյանին պատճառվել է մարմնական վնասվածք15, ուստի Վերաքննիչ դատարանի այն դատողությունը, որ Ա․Գալստյանի կողմից կատարված արարքը ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել, հիմնավոր չէ։
Անդրադառնալով նաև այն հանգամանքին, որ Գ․Ոսկանյանի նկատմամբ կիրառված բռնությունը կատարվել է վերջինիս հակաօրինական գործողությունների պատճառով, մասնավորապես՝ Գ․Ոսկանյանի կողմից Ա․Գալստյանին ապտակելուց հետո, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն կարող էր գնահատվել որպես Ա․Գալստյանի քրեական պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամամք։
19. Այսպիսով, հիմք ընդունելով սույն որոշման 15-18-րդ կետերում կատարված վերլուծությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ Ա․Գալստյանի գործողությունները հանցագործություն չեն համարվում, քանի որ նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չեն ներկայացնում, հիմնավոր չէ:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը բեկանելով և փոփոխելով, թույլ է տվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ և 358.1-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում։ Այսինքն՝ թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, որը հիմք է Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի մայիսի 18-ի որոշումը բեկանելու համար։
20. Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քննարկել նաև 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի հետադարձության կարգով կիրառելիության հարցը։ Մասնավորապես, նշված օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ (…)»:
Վերոգրյալ հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ պատիժը մեղմացնող օրենսդրությանը հետադարձ ուժ տալու համար վճռորոշ նշանակություն ունի այն հանգամանքը, թե մինչ այդ օրենսդրությունն ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձանց վերաբերյալ առկա է արդյոք օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ, թե ոչ: Եթե նման ակտ առկա չէ, ապա պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, այսինքն տարածվում է մինչ այդ օրենսդրությունն ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձանց վրա:
21. Սույն գործով ամբաստանյալ Ա․Գալստյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 358․1-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված հանրորեն վտանգավոր արարքը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին, որի համար նոր օրենքը սահմանում է առավել մեղմ պատիժ: Մասնավորապես, եթե հանցանքը կատարելու պահին գործող օրենքով որպես ազատազրկման առավելագույն ժամկետ նախատեսված էր հինգ տարին, ապա ըստ նոր կարգավորումների՝ ազատազրկում կարող է նշանակվել առավելագույնը երեք տարի ժամկետով:
Այսպիսով, վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Աշոտ Գալստյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 358․1-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող հանցավոր արարքը պետք է որակել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 2-րդ մասով և այդ հոդվածով նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (ամիս) ժամկետով։
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ16՝ Ա․Գալստյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով և փորձաշրջանի ընթացքում նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415․1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Աշոտ Մարզպետունու Գալստյանի վերաբերյալ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի մայիսի 18-ի որոշումը բեկանել և փոփոխել:
2․ Աշոտ Մարզպետունու Գալստյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 2-րդ մասով պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) ամիս ժամկետով:
2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա` Աշոտ Մարզպետունու Գալստյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով: Փորձաշրջանի ընթացքում նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա:
3․ Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասերով թողնել անփոփոխ։
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
_________________________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով։
2 Տե'ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 108-109:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 114-119։
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 89-93։
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 74-79։
6 Տե'ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 80-82:
7 Տե'ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 49-50:
8 Տե'ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշումը, Նարեկ Արմենակյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/02311/01/14 որոշումը։
9 Տե'ս Վճռաբեկ դատարանի՝ Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14 որոշումը:
10 Տե'ս mutatis mutandis Վճռաբեկ դատարանի՝ Հրանտ Պարանյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԷԴ/0132/01/13 որոշումը, Նիկոլայ Չաքմազյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՆԴ/0060/01/13 որոշումը, Արմեն Օհանյանի և Արմեն Ազարյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ՏԴ1/0078/01/17 որոշումը։
11 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:
12 Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:
13 Տե'ս սույն որոշման 9-րդ կետը:
14 Տե՛ս սույն որոշման 7․1-7․3-րդ կետերը։
15 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
16 Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ ամբաստանյալ Ա.Գալստյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը:
Նախագահող` |
Հ. Ասատրյան | |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ | |
Լ. Թադևոսյան | ||
Ա. Պողոսյան | ||
|
|
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|