ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 2022 թվականի ք. Երևան |
թիվ 137-Ա |
ՀԱՆՐԱՅԻՆ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՒՄ ՍԼՈԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՍՓՌՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ վարչական դատարանի 2021 թվականի օգոստոսի 25-ի վճռով (ՀՀ վճռաբեկ դատարանի 2022 թվականի հունիսի 7-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը մերժվել է, իսկ վճիռը թողնվել է անփոփոխ) անվավեր է ճանաչվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2021 թվականի հունիսի 4-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 93-Ա որոշումը, որի համաձայն նշված մրցույթում հաղթող էր ճանաչվել և լիցենզիա էր տրամադրվել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությանը։
Հիմք ընդունելով վերոնշյալը, Հանձնաժողովը 2022 թվականի հուլիսի 25-ին հայտարարել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ)՝ մեկ սլոթի քանակով։
Մրցույթին մասնակցելու հայտերի և կից փաստաթղթերի ներկայացման համար սահմանված ժամանակահատվածում (25.08.2022թ-ից մինչև 13.09.2022թ-ը ներառյալ) ներկայացվել է երկու հայտ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին հայտեր են ներկայացրել «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունները (միասին այսուհետ՝ Ընկերություններ)։
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 46-րդ հոդվածի 3-րդ մասի և Հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 16-րդ կետի համաձայն Ընկերությունները հայտերին կից ներկայացրել են.
1. փաստաթուղթ՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցողի նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ,
2. ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր,
3. տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ,
4. տեղեկություններ աշխատակազմի քանակի, նրանց կրթության և մասնագիտության վերաբերյալ,
5. էթիկայի կանոնագիր,
6. էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները,
7. լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը:
2022 թվականի սեպտեմբերի 22-ին Հանձնաժողովի դռնբաց նիստում հրապարակվել են ներկայացված հայտերը և կից փաստաթղթերը՝ Ընկերությունները մինչև 30 րոպե տևողությամբ ներկայացրել են դրանց բովանդակությունը։
Հայտերը և կից փաստաթղթերը ներկայացվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
Ընկերությունների կողմից նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ փաստաթղթերում ներկայացվել են իրենց ծրագրերի հիմնական տեսլականներն՝ անդրադառնալով գնահատման չափանիշներին։
«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության («Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագիր) հիմնական նպատակն է՝ պաշտպանել ու ամրապնդել խոսքի և մամուլի ազատությունը, ծառայել տեղեկատվություն ստանալու քաղաքացու իրավունքին, նպաստել ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքների ու արժեքների ամրապնդմանը, լրատվական, հասարակական-քաղաքական, գիտակրթական, սոցիալական, երիտասարդական, մշակութային, սպորտային և երաժշտական հաղորդումների, գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի միջոցով ապահովել բազմակարծությունը, խոսքի ազատությունը, տեղեկատվություն տարածելու և ստանալու հնարավորությունը, ինչպես նաև նպաստելու լսարանի գեղագիտական ճաշակի ձևավորմանը, համամարդկային արժեքներին հաղորդակից դարձնելուն։ Բազմակարծության ապահովման և բազմազանության խթանման նպատակով եթերային հարթակ է տրամադրելու նաև այլ լրատվամիջոցներին, անհատ քաղաքագետներին ու վերլուծաբաններին։
Որպես ընկերության ռազմավարություն նշված է՝ բազմակարծության խթանում, ազգային ու համամարդկային քաղաքակրթական արժեքների քարոզման ու պաշտպանության, մատաղ սերնդի դաստիարակության, հասարակության զարգացման համար անհրաժեշտ արժեհամակարգերի ձևավորման ու կայացման, պետական շինարարության և հասարակության լիարժեք տեղեկացվածության իրավունքի ապահովում։ Եթերում բացառվելու է փաստերի խեղաթյուրված ներկայացումն ու աղավաղված մեկնաբանությունները, մատուցվելու են ճշմարիտ ու արժեքավոր տեղեկություններ, մաքուր, ճիշտ և օրինակելի խոսք։
Սեփական արտադրության հաղորդումների վերաբերյալ ընկերությունը նշել է, որ դրանց ծավալը կազմելու է եթերի մոտ 85%-ը և ներկայացվել են սեփական արտադրության հաղորդումների նկարագրությունները։
Հայերեն հաղորդումները գերակայելու են եթերում և դրանց ծավալը հասցվել է 100%-ի։
Տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ ներկայացվել է գործող տեխնիկական միջոցների ցանկը՝ անվանական, քանակական տվյալներով և տեխնիկական բնութագրերով և նշվել, որ տեխնիկական բոլոր միջոցները համապատասխանում են միջազգային գործող ստանդարտներին։
Հայտի համաձայն Ընկերությունը ֆինանսական հոսքերն ապահովելու է գովազդից, վճարովի եթերաժամանակի տրամադրումից, գործընկերությունից, հովանավորչությունից, վիճակախաղերի խաղարկությունների հեռարձակումից, ինչպես նաև ընկերության հիմնադրի կողմից պարբերաբար կատարվող ներդրումներից։ Ներկայացվել է տեղեկատվություն հիմնադրի և իր ընտանիքի կողմից նախկինում կատարված ներդրումների մասին և նշվել, որ այն շարունակական է լինելու, ներկայացվել է նաև գովազդից, վճարովի եթերաժամից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցների վերաբերյալ գրություն, հաշվապահական հաշվեկշիռ, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, գովազդային ծառայությունների մատուցման պայմանագրեր:
Ընկերության աշխատակազմի վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը ներառում է 102 աշխատակիցների ցանկն ըստ կառուցվածքային ստորաբաժանումների և զբաղեցրած պաշտոնի, աշխատողների ինքնակենսագրականները, դիպլոմների պատճենները, պատվոգրեր, շնորհակալագրեր, վկայագրեր: Ներկայացված տեղեկատվության համաձայն աշխատողների մեծ մասն ունի բարձրագույն կրթություն և բազմամյա աշխատանքային մասնագիտական փորձ, նշվել է, որ նրանք կրթություն են ստանում, վերապատրաստվում և պրակտիկա են անցնում մասնագիտական տարբեր հաստատություններում։
Ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների ապահովման վերաբերյալ նշվել է, որ արտադրվել և արտադրվելու են այնպիսի հաղորդումներ, որոնք հաշվի են առնելու հասարակության տարբեր շերտերի ազգային, կրոնական և քաղաքական առանձնահատկություններն ու նախասիրությունները, հեռուստադիտողին հաղորդակից են դարձնելու համաշխարհային մշակութային և համամարդկային արժեքներին, ազգային ավանդույթներին, հայոց պատմությանը, հասարակական կյանքին։ Որպես այս չափանիշի ապահովում ընկերությունը նշել է մի քանի հաղորդումներ («Կարճ՝ կարևորի մասին», «Հոգևոր անվտանգություն», «Պարատուն») և ներկայացրել նրանց բնութագրերը։
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության (Հանրային հեռարձակող) «Առաջինի լրատվական ալիք» ծրագրի հիմնական ուղղվածությունը լինելու է լրատվական, հեռարձակումը՝ ամենօրյա 24-ժամյա ռեժիմով։ «Առաջինի լրատվական ալիք» ծրագիրը հասարակական-քաղաքական հաղորդումների, հանրային քննարկումների, խորհրդարանական լսումների, հանրային կարծիքի ներկայացման, ՏԻՄ և տարածքային կառավարման մարմինների բարեփոխումները լուսաբանող պաշտոնական լրատվության և տեղեկատվական այլ ձևաչափերի հանրային խոշոր և կենտրոնացված հարթակ է։ Ծրագրի թեմատիկ ուղղություններն են՝ քաղաքական-հասարակական՝ 55%, սոցիալ-տնտեսական՝ 25%, մարզամշակութային-կրթագիտական-մանկական՝ 20%, հաղորդումների ձևաչափերն են՝ լրատվական թողարկումներ՝ 45%, հարցազրույցներ և քննարկումներ՝ 25%, ուղիղ միացումներ՝ 20%, ինֆոգրաֆիկա՝ 10%:
«Առաջինի լրատվական ալիք» ծրագիրը հիմնված է «Հանրային հեռուստաընկերության առաջին ալիք» ծրագրի լրատվական ծառայության մասնագիտական և տեխնիկական կարողությունների վրա։ Հանրային հեռարձակողի «Հանրային հեռուստաընկերության առաջին ալիք» ծրագիրը լրատվության հիմնական թողարկումները ստանում է «Առաջինի լրատվական ալիք» ծրագրից։
Ընկերությունը ներկայացրել է ծրագրում ներառված հաղորդումների բնութագրերը, որոնք ամբողջովին հայերեն են և սեփական արտադրության։
Ներկայացվել են նաև տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև հանրային քննարկումների, հարցազրույցների, բանավեճերի ձևաչափերով հեռարձակվող մի շարք հաղորդումներ, որոնք միտված են բազմակարծության ապահովմանը։
Տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ ներկայացվել են տեխնիկական սարքավորումների ցանկերը՝ անվանական, քանակական տվյալներով, տեխնիկական բնութագրերով, իսկ տեխնիկական հագեցվածությունը ներկայացվել է ըստ առանձին նկարահանման տաղավարների ու շահագործման տեղամասերի։
Ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ նշվել է, որ ծրագրի գործարկման, բնականոն աշխատանքի և զարգացման համար 2021 թվականին իրականացվել և 2022 թվականին շարունակվում են իրականացվել ներդրումներ։ 2022 թվականին լրատվական ծրագրի գործունեության ապահովման ընթացիկ կանխատեսվող ծախսերը կազմում են 1 127 543 300 ՀՀ դրամ, որը հատկացվելու է Հանրային հեռարձակողի բյուջեից և որպես ֆինանսական հնարավորությունները հիմնավորող փաստաթուղթ ներկայացվել է Հանրային հեռարձակողի խորհրդի և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության միջև կնքված պայմանագիրը։
Ընկերության աշխատակազմը ներառում է 144 հաստիքային աշխատակիցներ, 17 արտասահմանյան և մարզային թղթակից-օպերատորներ և մոտ 40 ծառայություն մատուցող՝ թարգմանիչ, խմբագիր, սերվերի համակարգող, մեկնաբան և այլն։ Ներկայացվել է տեղեկատվություն աշխատակիցներին ներկայացվող մասնագիտական պահանջների և նրանց աշխատանքային պարտականությունների մասին, ինչպես նաև ղեկավար անձնակազմի ինքնակենսագրականները։ Ներկայացված տեղեկատվության համաձայն աշխատակազմում ընդգրկված են մասնագիտական կրթություն ստացած և վերապատրաստում անցած բարձրորակ մասնագետներ։
Ինչ վերաբերում է ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումներին, նշվել է, որ մարզամշակութային-կրթագիտական-մանկական ուղղվածության հաղորդումները կազմելու են 20%, բացի այդ՝ հաղորդումների շարքում ներկայացված են մի շարք մշակութային, կրթագիտական ուղղվածության հաղորդումներ։
Հանձնաժողովի հիմնավորումները (պատճառաբանությունը) և եզրահանգումը.
Այսպիսով, Հանձնաժողովը, ղեկավարվելով օրինականության, ժողովրդավարության, հավասարության, անաչառության, ինքնուրույնության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքներով, Ընկերությունների հայտերի և կից փաստաթղթերի ուսումնասիրության, համադրման և գնահատման արդյունքում ամրագրում է հետևյալը․
«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության հայտի համաձայն «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագրում գերակայելու են սեփական արտադրության և հայերեն լեզվով հաղորդումները, բազմակարծությունն ապահովվելու է լրատվական, հասարակական-քաղաքական, գիտակրթական, սոցիալական, երիտասարդական, մշակութային, սպորտային և երաժշտական հաղորդումների, գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի միջոցով։ Ծրագրում ներառվելու են բավարար չափով ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումներ։ Այս առումով կարևոր ենք համարում, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված չափանիշների գնահատման առումով ոչ միայն կարևոր են զուտ խոստումներն, այլ նաև այն, թե որքանով են իրագործվել դրանք:
Հարկ է նշել, որ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագիրը վերահաղորդվում է գրեթե բոլոր ցանցային օպերատորների կողմից և 2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում (մեկամսյա ժամանակահատվածում) իրականացված ծրագրի դիտարկման արդյունքում պարզվել է, որ թեև ընկերությունը հայտում նշել է, որ իր ռազմավարությունն է՝ խթանել բազմակարծությունը, ապահովել հասարակության լիարժեք տեղեկացվածության իրավունքը, բացառել եթերում գռեհկաբանություններ, ցածրաճաշակ ու անպարկեշտ տեսարաններ և մատուցել մաքուր, ճիշտ և օրինակելի խոսք, սակայն «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագրում նշվածը չի պահպանվել։ Հասարակական-քաղաքական, վերլուծական հաղորդումները կրել են միակողմանի բնույթ (օրինակ՝ Էդգար Ղազարյանի վերլուծական շարքերը), որով չի ապահովվել բազմակարծությունը՝ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագրի «Պրոֆֆակտ», «Խոսքի իրավունք», «Հինգշաբթին Էդիկ Անդրեասյանի հետ» և «Հրապարակային շաբաթ» հաղորդումների հյուրերը, դիտարկված ժամանակահատվածում, թեպետ եղել են տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող անձինք, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ անձինք, սակայն հասարակական-քաղաքական անցուդարձն ընդհանուր առմամբ քննարկել և վերլուծել են միակողմանի՝ շեշտադրելով իշխանության քայլերի թերությունները ու պախարակելով գործելաոճը։
Լրատվական թողարկումներում օրվա նորություններին անդրադարձ ընդհանուր առմամբ կատարվել են, սակայն առանձին ռեպորտաժներ հաղորդավարների կողմից հաճախ մեկնաբանվել են հեգնական, անհարգալից և բացասական երանգով (օրինակ՝ 07․10․2022թ․ լրատվական թողարկման ժամանակ)։ Լրատվական թողարկումների ժամանակ, պարբերաբար անդրադառնալով ընդդիմության ներկայացուցիչների գրառումներին, ինչպես նաև նրանց հետ ուղիղ միացումների ընթացքում, օրինակ՝ 01.10.2022թ. և 06․10․2022թ․ լրատվական թողարկումների ժամանակ հաճախ հնչել է վիրավորանք, անհանդուրժողականություն և ատելություն սերմանող խոսք։ Հետևաբար, ոչ բոլոր հաղորդումներն են աչքի ընկել դաստիարակչական բաղադրիչներով, չի մատուցվել մաքուր, ճիշտ և օրինակելի խոսք։ Թեև ընկերությունը հայտում նշել է, որ եթեր հեռարձակվող հաղորդումները պատրաստվում կամ ընտրվում են՝ հաշվի առնելով էթիկայի և էսթետիկայի բոլոր նորմերը, սակայն որոշ հաղորդումների ժամանակ նշված նորմերը չեն պահպանվում։
Ծրագրի ուսումնասիրությունից կարելի է փաստել նաև, որ թեմատիկ ուղղվածության հաղորդումները հիմնականում ժամանցային, լրատվական, հասարակական-քաղաքական, վերլուծական, մշակութային են, և այս համատեքստում «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագրի թեմատիկ ուղղվածությունը միայն որոշ չափով է համապատասխանում մրցութային հայտով ներկայացված տեսլականին։ Ծրագրում հաճախ են տեղ գտնում նաև արխիվային և նախկինում հեռարձակված հաղորդումների կրկնությունները:
Ինչ վերաբերում է ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների ապահովմանը, նշենք, որ հեռարձակվում են «Հոգևոր անվտանգություն» հաղորդաշարի միայն արխիվային նյութերը, իսկ «Կարճ՝ կարևորի մասին» և «Պարատուն» հաղորդումները վերջին մի քանի ամիսների ընթացքում չեն հեռարձակվել։
2022 թվականի սեպտեմբեր ամսվա դիտարկման ժամանակահատվածում հաղորդումների բաշխվածությունը մոտավոր կազմել է՝ ժամանցային՝ 41%, հասարակական-քաղաքական, վերլուծական՝ 29%, լրատվական՝ 10%, մշակութային (հոգևոր, վավերագրական ֆիլմեր, դասական և ժողովրդական երաժշտություն)՝ 11%, հեռուստասերիալ` 2%, իսկ 7%-ը կազմում են ՀՀ օրհներգ, անոնս, գովազդ։ Հայերեն հաղորդումները կազմել են ընդհանուր եթերի 100%-ը, սեփական արտադրության հաղորդումները՝ 58%, ոչ սեփական արտադրության հաղորդումները՝ 42%: Ընկերությունը հիմնականում ապահովում է օրական 18-ժամյա հեռարձակում։
Հավելենք, որ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունը հեղինակազորված տեսալսողական մեդիածառայություն մատուցող է, ուստի սպառողին է ներկայացնում տեսալսողական տեղեկատվություն և խմբագրական պատասխանատվություն է կրում տեսալսողական արտադրանքի բովանդակության համար։ Այս համատեքստում նշենք, որ Հանձնաժողովը «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագրի էթիկական նորմերի խախտումների հետ կապված 2021-2022 թվականների ընթացքում բազմիցս դիմել է Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ մարմին՝ միայն 2022 թվականին Հանձնաժողովը 5 անգամ դիմել է Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ մարմին։
Միաժամանակ, Հանձնաժողովի կողմից 2021 և 2022 թվականների ընթացքում տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող օրենսդրության խախտումներ արձանագրելու հիմքով ընկերության նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ, մասնավորապես, 2020 թվականի հասույթի գոյացման բացվածքը և չափի վերաբերյալ տեղեկությունը չներկայացնելու, «Մագավտո» հաղորդման ընթացքում արգելված ժամանակահատվածում «Գովազդի մասին» օրենքով ամրագրված թունդ ալկոհոլային խմիչքի` կոնյակի գովազդի հեռարձակման և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ 2022 թվականի ապրիլի 24–ին գովազդի հեռարձակման հիմքերով կիրառվել են վարչական տույժեր՝ տուգանքներ։
Այսպիսով, վերոնշյալի համատեքստում ակնհայտ է, որ հեղինակազորման գործունեության ընթացքում «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունը հիմնականում չի պահպանել իր խմբագրական քաղաքականության սկզբունքները։ Միաժամանակ, մրցութային հայտով հիմնականում անդրադարձել է անցած 20 տարիների ընթացքում հեռուստաընկերության գործունեությանը և պատրաստած հաղորդումներին, իսկ նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ փաստաթղթում ծրագրային զարգացման հեռանկարներին անդրադարձ չի կատարվել։
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունը պետության կողմից երաշխավորված հատուկ կարգավիճակ ունեցող Հանրային հեռարձակող է, որի գործունեության սկզբունքները և առանձնահատկությունները սահմանված են Օրենքով։ Օրենքով Հանրային հեռարձակողի ծրագրային քաղաքականության մշակման և իրականացման համար սահմանված են մի շարք պարտավորություններ, մասնավորապես, Հանրային հեռարձակողը պարտավոր է ապահովել հեռարձակվող տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանությունը։ Հաշվի առնելով Հանրային հեռարձակողի կողմից հեռարձակման ենթակա տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման անհրաժեշտությունը, 2020 թվականին Հանրային հեռարձակողի խորհուրդը սահմանել է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության 2021 թվականի տեսալսողական ծրագրերի թիվը, որի համաձայն տեսալսողական ծրագրերի թվում սահմանվել է հավելյալ լրատվական ծրագիր։
Հանրային հեռարձակողի «Առաջինի լրատվական ալիք» ծրագրում ներառված հաղորդումների բնութագրերից ակնհայտ է, որ ծրագրում գերակայելու են սեփական արտադրության և հայերեն լեզվով հաղորդումները, որի պահանջը Հանրային հեռարձակողի համար սահմանված է նաև Օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով՝ Հանրային հեռարձակողները պարտավոր են օրվա եթերաժամը հատկացնել հայերեն տեսալսողական հաղորդումներին, բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի։
Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հանրային հեռարձակողները ղեկավարվում են օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով և ապահովում են կարծիքն արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի և դավանանքի, ինչպես նաև ստեղծագործական ազատությունը։ Այսպիսով, Հանրային հեռարձակողի կողմից իր գործունեության ընթացքում, ի թիվս այլ սկզբունքների, նաև բազմակարծության և բազմազանության սկզբունքների ապահովման պարտավորությունն է ամրագրված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով։ Ավելին, Օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված է․ «Հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենադիտելի եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), կարծիքների բազմազանությունը»:
Այս համատեքստում Հանձնաժողովը կարևոր է համարում «Առաջինի լրատվական ալիք» ծրագրում քաղաքական-հասարակական, վերլուծական հաղորդումների, հանրային քննարկումների, հարցազրույցների, բանավեճերի, վերլուծությունների, մասնագիտական կարծիքների և քննարկումների ձևաչափով հեռարձակվող հաղորդումների միջոցով բազմակարծությունը խթանելու կարողությունը և հաղորդումների բազմազանության ապահովումը։
Հանրային հեռարձակողների կողմից հաղորդումներում ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների ապահովման պարտավորությունը ևս ամրագրված է Օրենքով, մասնավորապես 22-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Հանրային հեռարձակողները պարտավոր են ապահովել հեռարձակվող տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանությունը։ Այս համատեքստում հարկ է նշել, որ ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների ապահովմանն են ուղղված «Առաջինի լրատվական ալիք» ծրագրում ներառված կրթագիտական, մշակութային թեմատիկ ուղղվածության հաղորդումները, որոնք նպատակ ունեն հեռուստադիտողին ծանոթացնելու տարբեր արվեստագետների, նրանց ստեղծագործությունների, մշակութային իրադարձությունների հետ։
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունը 2021 թվականին տրամադրված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման մայրաքաղաքային սփռման լիցենզիայի համաձայն հեռարձակում է «Առաջինի լրատվական ալիք» ծրագիրը, իսկ Օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի 7-րդ կետի համաձայն Հանձնաժողովը մրցույթում հաղթող մասնակցի ընտրության ժամանակ հաշվի է առնում նաև՝ գործող լիցենզավորված Հեռարձակողի դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում սլոթի օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը:
2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում (մեկամսյա ժամանակահատվածում) «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության «Առաջինի լրատվական ալիք» ծրագրի դիտարկման արդյունքում պարզվել է, որ «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ», «Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ», «Տարբեր կարծիքներ Աստղիկ Սարգսյանի հետ» և այլ հասարակական-քաղաքական, վերլուծական հաղորդումներում «Առաջինի լրատվական ալիք» ծրագիրը հիմնականում ապահովում է քաղաքական բազմակարծություն՝ հրավիրելով տարբեր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների և այլ անձանց, որոնք միևնույն թեմայի շուրջ արտահայտել են տարբեր կարծիքներ։
2022 թվականի սեպտեմբեր ամսվա դիտարկման ժամանակահատվածում թեմատիկ ուղղվածության հաղորդումների բաշխվածությունը մոտավոր կազմել է՝ հասարակական-քաղաքական՝ 13%, տեղեկատվական-վերլուծական՝ 1%, տնտեսական-վերլուծական՝ 0,2%, տեղեկատվական՝ 33%, լրատվական՝ 30%, մշակութային՝ 11%, կրթական (ուսումնական)՝ 8%, մարզական՝ 1% և կարճամետրաժ ֆիլմ՝ 0,5%։ Հայերեն հաղորդումները կազմել են 100%, սեփական արտադրության հաղորդումները կազմել են ընդհանուր եթերի 98%, ոչ սեփական արտադրության հաղորդումները՝ 2% (ՀՀ օրհներգ և սոցիալական հոլովակներ): Ընկերությունն ապահովում է օրական 24-ժամյա հեռարձակում։
Ներկայացված հայտի համաձայն լրատվական ծրագիրը ստեղծվել է «Հանրային հեռուստաընկերության առաջին ալիք» ծրագրի լրատվական ծառայության տեխնիկական բազայի հիման վրա, սակայն տեխնիկական վերազինումներ, ֆինանսական ներդրումներ, ինչպես նաև աշխատակազմի համալրում կատարելու պարտավորությունները կատարվել են, ինչն ընկերությունը ստանձնել էր 2021 թվականի լիցենզավորման հայտով։
Միաժամանակ, 2022 թվականի ընթացքում տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող օրենսդրության խախտման, մասնավորապես 25․09․2022թ-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների քվեարկությանը նախորդող օրը՝ 24․09․2022թ-ին «Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ» հաղորդման ընթացքում քարոզչական նյութ հեռարձակելու և նույն օրը «Հանրային քննարկում» հաղորդման ընթացքում օտար լեզվով տեղեկատվությունը հայերեն ընկալման որևէ միջոցով չուղեկցվելու փաստերով, Հանձնաժողովն Օրենքով սահմանված կարգով դիմել է Հանրային հեռարձակողի խորհուրդ՝ տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող օրենսդրության խախտումները բացառելու նպատակով։ Նշված խախտումների համար հաղորդումների պատասխանատու աշխատակիցները ստացել են նկատողություն և խիստ նախազգուշացում։
Այսպիսով, վերոնշյալի համատեքստում ակնհայտ է, որ լիցենզավորման գործունեության ընթացքում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունը հիմնականում պահպանել է իր խմբագրական քաղաքականության սկզբունքները և 2021 թվականի լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորությունները։
Ընկերությունների կողմից ներկայացված տեխնիկական միջոցների և հնարավորությունների վերաբերյալ իրականացված վերլուծության արդյունքում կարող ենք արձանագրել հետևյալը․
«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունը նախատեսում է պահպանել ավանդական հեռուստատեսության տեխնիկական բոլոր չափանիշները՝ լրատվական ծառայության տեխնիկական համալիր, շարժական կայանի շահագործում, տաղավարային և արտատաղավարային նկարահանումներ, հեռուստատեսային արբանյակային կայանի շահագործում, եթերային սերվերային համակարգերի շահագործում: Ընկերությունը 2018-2019 թվականներին իրականացրել է եթերային սերվերային տնտեսության մասնակի թարմացում՝ ձեռք բերելով սերվերային համակարգեր, տեսաազդանշանի ընդունիչ և հաղորդիչ սարքեր, տարբեր ձևաչափի փոխակերպիչներ, ուղիղ կապ ապահովող և արբանյակային ազդանշան ընդունող սարքեր, իսկ 2022 թվականին ընկերությունը ևս ձեռք է բերել որոշակի քանակությամբ տեխնիկական հեռուստատեսային միջոցներ։
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության տաղավարներում, սարքասրահներում, եթերային տեխնիկական համալիրում, հավաքակցման սենյակներում, շարժական հեռուստակայաններում, արբանյակային հեռարձակման կայանում, շարժական թղթակցական կետերում շահագործվում են վերջին սերնդի հեռուստատեսային, համակարգչային տեխնիկական միջոցներ, որը հնարավորություն է տալիս հեռարձակել ժամանակակից ամենաբարձր հեռուստաազդանշան: Ընկերությունն, օգտագործելով արբանյակային կայանի ժամանակակից հնարավորությունները, անհրաժեշտության դեպքում, անգամ բջջային կապի բացակայության պարագայում հնարավորություն են տալիս ուղիղ եթեր ապահովել ոչ միայն Հայաստանի Հանրապետության ցանկացած տարածքից, այլ նաև արտերկրից՝ օգտագործելով համապատասխան արբանյակային կապուղիները: Ընկերությունը միաժամանակ շահագործելով շարժական հեռուստատեսային կայանը և արբանյակային կայանը, հնարավորություն ունի իր հեռուստատեսային ազդանշանը հեռարձակել երեք կապուղիով՝ ռադիոռելեային կապուղիով, արբանյակային կապուղիով՝ օգտագործելով պատվիրած համապատասխան արբանյակային կապուղիներ, և IP համակարգչային ցանցային կապուղիով՝ ապահովելով իր ազդանշանը նաև տարբեր սոցիալական հարթակներում։
Ընկերության լրատվական ծրագրի տեխնիկական համալիրում տեղադրված է համաշխարհային բրենդ համարվող թվանշանային համակարգ, որն իր ֆունկցիոնալ հնարավորություններով համարվում է առաջատարը հեռուստատեսային լրատվության ոլորտում:
Համացանցի հարթակներում Ընկերությունների ծրագրերի ներկայացվածության վերլուծության արդյունքում պարզվել է, որ Ընկերությունների ծրագրերն ունեն ներկայացվածություն իրենց պաշտոնական կայքերում, ինչպես նաև սոցիալական այլ հարթակներում (www.youtube.com, www.facebook.com, www.instagram.com, Telegram): Վերլուծության տվյալների համաձայն նշված հարթակներում ընդհանուր առմամբ արտացոլված է «Առաջինի լրատվական ալիք» ծրագրի եթերային բովանդակությունը և իրականացվում են հաղորդումների ամենօրյա թարմացումներ, իսկ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագրի եթերային բովանդակությունը նշված հարթակներում որոշ չափով է արտացոլված և հաղորդումների թարմացումները կատարվում են մասնակի կամ չեն իրականացվում։
Ընկերությունների կողմից ներկայացվել են նաև ֆինանսական հնարավորությունները հիմնավորող փաստաթղթեր և պայմանագրեր, սակայն նշենք, որ ֆինանսական հնարավորությունները գնահատելիս Հանձնաժողովը հաշվի է առել ստանձնած ֆինանսական պարտավորությունների ծավալը և այդ պարտավորությունները հիմնավորող ֆինանսական փաստաթղթերի առկայությունը։
«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության կողմից ներկայացվել են ֆինանսական հնարավորությունները հիմնավորող մի քանի պայմանագրեր և հիմնադրի կողմից ներդրում կատարելու պատրաստակամության մասին փաստաթուղթ, որում նշվում է, որ հիմնադիրը շարունակելու է իրականացնել անհրաժեշտ ներդրումներ, սակայն չի նշվում ներդրումների ծավալը։
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության «Առաջինի լրատվական ալիք» ծրագրի բնականոն աշխատանքի և զարգացման համար 2022 թվականի ֆինանսավորումն իրականացվում է Հանրային հեռարձակողի բյուջեից՝ 1 127 543 300 ՀՀ դրամ գումարի չափով և ներկայացվել է ֆինանսական հնարավորությունները հիմնավորող պայմանագիր։ Հավելենք նաև, որ 2023 թվականին լրատվական ծրագրի գործունեության ապահովման նպատակով Հանրային հեռարձակողին հատկացվող տարեկան ֆինանսական հատկացումների շրջանակներում ևս նախատեսված են ֆինանսական միջոցներ։
Ընկերությունների կողմից աշխատակազմի մասնագիտական պատրաստվածության մասին ներկայացված տեղեկատվության ուսումնասիրության և համադրման արդյունքում պարզվել է հետևյալը․
«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունները ներկայացրել են բավարար չափով տեղեկություններ իրենց աշխատակազմի, նրանց մասնագիտական կարողությունների վերաբերյալ, որոնք փաստում են մասնագետների փորձառության մասին։
Անհրաժեշտ է ընդգծել, որ Հանձնաժողովի դիտարկմամբ սահմանափակ ռեսուրսի՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման միջոցով հեռարձակվող տեսալսողական ծրագրերի բովանդակությունը պետք է արտացոլի հանրային պահանջմունքների և հետաքրքրությունների բազմազանությունը։
Տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, միջազգայնորեն ընդունված հայեցակարգերն ու չափորոշիչները նախատեսում են, որ լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայություններ մատուցողները պետք է ունենան կառավարման և ֆինանսավորման թափանցիկ համակարգ, լինեն անկախ ու վստահելի, ապահովեն հաղորդումների բարձր որակ, ինչպես նաև առանցքային դերակատարում ունենան ազգային մշակույթի պահպանման և պաշտպանության, ազգային ինքնության ձևավորման գործում։
Օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի և Կարգի 29-րդ կետի համաձայն՝ Հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթում հաղթողի ընտրությունն իրականացվում է Հանձնաժողովի անդամների վարկանիշային փակ քվեարկության միջոցով:
Վարկանիշային փակ քվեարկություն ապահովելու նպատակով անցկացվել է վիճակահանություն, որի ժամանակ Հանձնաժողովի անդամները պատահականության սկզբունքով վերցրել են Հանձնաժողովի անդամների թվին համապատասխան վիճակահանության՝ թվագրում պարունակող թերթիկները և փոխանցել Հանձնաժողովի քարտուղարին, ով վիճակահանության թերթիկներում նշված թվագրումով գնահատման թերթիկները տրամադրել է Հանձնաժողովի անդամներին:
Վարկանիշային քվեարկությունից առաջ Հանձնաժողովի անդամները հանդես չեն եկել հայտարարությամբ և միջնորդությամբ:
Օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի և Կարգի 37-րդ կետի համաձայն Հանձնաժողովը մրցույթում հաղթող մասնակցի ընտրության ժամանակ հաշվի է առնում՝
1. սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը,
2. հայերեն հաղորդումների գերակայությունը,
3. բազմակարծությունը խթանելու կարողությունը,
4. հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները,
5. աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը,
6. ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը,
7. գործող լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություն մատուցողի դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում սլոթի օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը:
Օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վարկանիշային քվեարկության իրականացման ընթացակարգը սահմանվում է սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգով, որը 32-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն սահմանում է Հանձնաժողովը:
Կարգի 32-րդ կետի համաձայն սահմանվել է, որ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, սույն կարգի 37-րդ կետի չափանիշները հաշվի առնելով, մրցույթի յուրաքանչյուր մասնակցի գնահատում է գնահատման թերթիկում՝ ամբողջ թվով՝ 20 միավորային սանդղակով: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատման թերթիկին կից ներկայացնում է իր գնահատման հիմնավորումը։
Գնահատման թերթիկի ձևը հաստատվել է Կարգի Ձև N 2-ով:
Հաշվի առնելով վերոգրյալը, ուսումնասիրելով ներկայացված հայտերը և կից փաստաթղթերը, Հանձնաժողովի անդամներն իրենց հիմնավորումներով, փակ վարկանիշային քվեարկությամբ Ընկերությունների հայտերը գնահատել են հետևյալ միավորներով.
հ/հ |
Մասնակցի |
Գնահատման միավորը |
Վարկանի- | ||||
Գնահատման թերթիկի համարը | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 | |||
1 |
«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ |
10 |
10 |
14 |
10 |
11 |
55 |
2 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ |
17 |
15 |
14 |
15 |
17 |
78 |
Անցողիկ շեմը |
33,(3) |
Հանձնաժողովի անդամները գնահատման թերթիկին կից ներկայացրել են իրենց գնահատման հիմնավորումները, որոնք կցվում են սույն որոշմանը։
Կարգի 32-րդ կետի համաձայն՝ մրցույթում անցողիկ շեմ է համարվում հնարավոր առավելագույն վարկանիշային միավորի մեկ երրորդը, իսկ վարկանիշային միավորը Կարգի 33-րդ կետի համաձայն որոշվում է գնահատման միավորների հանրագումարով։
Տվյալ մրցույթում անցողիկ շեմը 33,(3) միավորն է։
«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունները վարկանիշային քվեարկության արդյունքում հաղթահարել են անցողիկ շեմը։
Կարգի 34-րդ կետի համաձայն՝ վարկանիշային քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվում անցողիկ շեմը հաղթահարած և առավելագույն վարկանիշային միավոր ստացած մասնակիցը։
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 46-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ, 10-րդ մասերի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով վարկանիշային քվեարկության արդյունքները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությանը ճանաչել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող և տրամադրել Երևան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:
2. Սույն որոշման անբաժանելի մաս համարել Հանձնաժողովի անդամների գնահատման հիմնավորումները՝ համաձայն Հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ընկերություններին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
2022 թ. հոկտեմբերի 28 ք. Երևան |
Հավելված Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 137-Ա որոշման |
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի գնահատման
Նախաբան
Աշխարհի գրեթե բոլոր երկրներում թվային հանրային մուլտիպլեքսը դիտարկվում է որպես տվյալ պետության սուվերեն մեդիա հարթակ, որի միջոցով պետությունը ապահովում է բնակչության իրավունքն ու պահանջմունքը՝ ստանալ օբյեկտիվ և բազմազան տեղեկատվություն:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ևս թվային հանրային մուլտիպլեքսը դիտարկում է որպես համակարգ, որում մրցույթով հեռարձակման իրավունք են ստանում տեսալսողական մեդիածառայություններ մատուցող այն ընկերությունները, որոնք տիրապետում են ֆինանսական և տեխնիկական բավարար ռեսուրսների, ունակ են ապահովելու հաղորդումների բազմազանությունն ու բազմակարծությունը, պահպանում են մասնագիտական էթիկայի կանոնները, ձգտում են իրենց եթերով չտարածել ատելության խոսք, ապատեղեկատվություն, քաղաքացիների արժանապատվության ոտնահարում, և որոնց խմբագրական քաղաքականությունը սպասարկում է պետության և հանրության շահերը, նպաստում է հանրային համերաշխությանը:
Ուստի, հաշվի առնելով ժողովրդավարական երկրներում ընդունված հանրային մուլտիպլեքսի գործունեության հայեցակարգը, մանրամասն ուսումնասիրելով և համադրելով մրցույթին մասնակցող երկու ընկերությունների հայտերը, կից փաստաթղթերը, աշխատակազմի կողմից պատրաստված վերլուծությունները, ներկայացնում եմ իմ գնահատականների հիմնավորումը։
1. «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերություն
(«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագիր)
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի ընդունումից հետո «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերությունը («Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագիր) 2020թ. նոյեմբերից սկսած արդեն 4-րդ անգամն է մասնակցում սլոթ հատկացնելու մրցույթին: 2020թ․ նոյեմբերին ընկերությունը հրաժարվել է մասնակցել մայրաքաղաքային սլոթի մրցույթին՝ ինքն իրեն զրկելով մուլտիպլեքսում հեռարձակվելու հնարավորությունից: Սակայն, հետագայում 2 անգամ մասնակցել է մայրաքաղաքային մրցույթների և պարտվել: Նախկինում մրցույթներին ներկայացված ծրագրերի համեմատ ներկա ծրագիրը փոփոխության գրեթե չի ենթարկվել:
Տեխնիկական միջոցների և սարքավորումների ցանկ: Ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերի և մասնագիտական եզրակացության համաձայն սարքավորումների քանակն ու որակը բավարար են տարբեր հաղորդումներ պատրաստելու և անխափան եթեր ապահովելու համար, նույնիսկ հաշվի առնելով, որ տեխնիկայի և սարքավորումների զգալի մասը ձեռք են բերվել 10-15 տարի առաջ, բարոյապես և ֆիզիկապես մաշված են: Հայտում ոչ մի հավաստիացում չկա լիցենզիա ստանալու դեպքում տեխնիկական միջոցների արդիականացման վերաբերյալ։ Այսպիսի տեխնիկական հագեցվածությամբ հնարավոր է ապահովել տեսալսողական արտադրանքի ստեղծումն ու տարածումը, սակայն չի երաշխավորվում թե՛ հաղորդումների, թե՛ եթերի որակը, թե՛ աշխատանքների արդյունավետությունը, նորարարությունը և այլն։
Ծրագրի ֆինանսական բաժինը. Ընկերությունը, ինչպես և նախորդ մրցութային հայտում, թվարկում է հիմնադրի կողմից անցյալում ներդրված գումարները և չի ներկայացնում, թե ի՞նչ ծավալի ներդրումներ է պատրաստվում կատարել հիմնադիրը լիցենզիա ստանալու դեպքում։ Ներկայացված է եթերում գովազդ տեղադրելու 3 պայմանագիր, որոնցից տարեկան եկամուտը կազմում է մոտ 40 մլն դրամ: Ի դեպ, այդ երեք պայմանագրերը ներկայացվել էին նաև նախորդ բոլոր մրցույթներին: Պոտենցիալ գովազդատուների հետ որևէ համաձայնագիր կնքելու անգամ մտադրություն ներկայացված չէ, որը թույլ կտար անձամբ ինձ համոզված լինել, որ ընկերությունը կունենա համապատասխան ֆինանսական միջոցներ որակյալ հաղորդումներ պատրաստելու, անխափան եթեր ապահովելու և այլնի համար: Հատկանշական է, որ ընկերությունը ներկայացրել է հարյուրից ավելի աշխատակիցների ցուցակ, իսկ նման քանակը պահանջում է մեծ ֆինանսական հոսքեր։
Բազմակարծությանը խթանելու ընկերության կարողությունը, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը. Ըստ ներկայացված փաստաթղթերի «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագրի հիմնական տեսլականը ներառում է բազմաթիվ խոստումներ և պարտավորություններ, այդ թվում՝ «բազմակարծության ապահովում, լսարանի գեղագիտական ճաշակի ձևավորում, մատաղ սերնդի դաստիարակություն, հասարակության զարգացման համար անհրաժեշտ արժեհամակարգի ձևավորում, փաստերի խեղաթյուրված ներկայացման բացառում, ծրագրերի և ֆիլմերի կրկնօրինակում» և այլն։ Հայտում նաև նշված է, որ «եթերում բացառվելու է փաստերի խեղաթյուրված ներկայացումն ու աղավաղված մեկնաբանությունները, մատուցվելու են ճշմարիտ ու արժեքավոր տեղեկություններ»։
Սակայն, թե′ մուլտիպլեքսում (2011-2021թթ.), թե′ հետագայում կաբելային ցանցերում հեռարձակվելու ընթացքում, եթերային բովանդակության մշտադիտարկման արդյունքները փաստում են, որ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագրի քաղաքական ուղղվածության հաղորդումները կրում են միակողմանի բնույթ (վերջին ամիսներին նույնիսկ ծայրահեղ միակողմանի), չեն ապահովում բազմակարծություն, տեսակետների բազմազանություն: ՀՌՀ ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության կողմից կատարված ծավալուն (52 էջ) մշտադիտարկման արդյունքները (2022թ. սեպտեմբեր-հոկտեմբեր) վկայում են, որ քաղաքական ուղղվածության բոլոր հաղորդումների՝ «Հայելի ակումբ», «Պրոֆֆակտ», «Խոսքի իրավունք», «Հինգշաբթին Էդիկ Անդրեասյանի հետ», հեղինակ-վարողների և հյուրերի խոսքը հաճախ է պարունակում «թշնամանքի լեզու», գռեհկաբանություն, սերմանում է ատելություն այլ կարծիք ունեցող սոցիալական և քաղաքական խմբերի և ուժերի նկատմամբ, լի է ապատեղեկատվությամբ, մեծամասամբ կատարում է ոչ թե հանրությանը տեղեկատվություն հաղորդելու, այլ քարոզչական ֆունկցիաներ:
Հիշեցնեմ, որ Հանձնաժողովը «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագրի էթիկական նորմերի խախտումների հետ կապված 2021-2022թթ. ընթացքում բազմիցս դիմել է Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ մարմին՝ «Հայելի ակումբ», «Հինգշաբթին Էդիկ Անդրեասյանի հետ» և «Պրոֆֆակտ» հաղորդումների ընթացքում էթիկայի նորմերի խախտման հիմքով, և անկախ դիտորդ մարմինը արձանագրել է խախտումներ:
Ինձ համար ուշագրավ էր Հանձնաժողովի Վերլուծության բաժնի պատրաստած զեկույցը (2022թ. հոկտեմբեր), որում վերլուծվում է «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագրի ներկայացվածությունը համացանցում և սոցիալական հարթակներում: Վերլուծությունը ևս վկայում է, որ այս հեռուստատեսության համար առաջնահերթություն է քարոզչական նյութերի առաջխաղացումը համացանցում:
«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագիրը աչքի չի ընկնում հաղորդումների բազմազանությամբ և քանակով: Եթերի գրեթե 50 տոկոսը կազմում են հաղորդումների կրկնությունները կամ արխիվային նյութերը:
Հայտում ավելի շատ խոսվում է հեռուստաընկերության անցած ուղու մասին, նոր հաղորդումներ պատրաստելու տեսլականը բացակայում է, ինչպես և զարգացման հեռանկարները:
Պետք է կրկնեմ իմ նախորդ հիմնավորման մեջ արտահայտած կարծիքը. ընկերության և′ ներկայացրած ծրագիրը, և′ այժմ իրականացվող խմբագրական քաղաքականությունը, եթերի միապաղաղությունը, արձանագրված օրենսդրական և էթիկայի նորմերի բազմաթիվ խախտումները, գործունեության բավականին թույլ ֆինանսական երաշխիքները և բազմաթիվ այլ գործոններ չեն երաշխավորում, որ ընկերությունը ստանալով սլոթի օգտագործման լիցենզիա, ունակ կլինի ապահովելու հաղորդումների բազմազանությունն ու բազմակարծությունը, պահպանելու մասնագիտական էթիկայի կանոնները, եթերում ատելության խոսք և ապատեղեկատվություն չի տարածելու։
Ուստի, 0-ից 20 միավոր գնահատման սանդղակով գնահատականս 10 միավոր է:
2. «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերություն
( «Առաջինի լրատվական ալիք» ծրագիր)
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի ընդունումից հետո «Առաջինի լրատվական ալիք» հեռուստածրագիրը 2020 թ. նոյեմբերից սկսած արդեն 3-րդ անգամն է մասնակցում սլոթ հատկացնելու մրցույթին: Առաջին անգամ հեռուստածրագիրը դուրս մնաց մրցույթից, քանի որ Հանձնաժողովը օրենսդրական խախտումներ էր արձանագրել ներկայացված հայտում: Երկրորդ անգամ հաղթեց մրցույթում, սակայն մրցույթի արդյունքները չեղյալ համարվեցին դատարանի վճռով: Այս անգամ ներկայացված ծրագիրը համալրված է, ունի ավելի ամուր ֆինանսական և տեխնիկական բաղադրիչներ, իսկ հեռուստածրագիրը՝ Հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու փորձ և պատմություն:
Տեխնիկական միջոցների և սարքավորումների ցանկ: Ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերի և մասնագիտական եզրակացության համաձայն՝ ընկերության տաղավարներում, եթերային տեխնիկական համալիրում, հավաքակցման սենյակներում, շարժական հեռուստակայաններում, շարժական թղթակցական կետերում շահագործվում են վերջին սերնդի հեռուստատեսային, համակարգչային տեխնիկական միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս հեռարձակելու ժամանակակից ամենաբարձր հեռուստաազդանշան:
Մասնավորապես, շարժական թղթակցական կետերում շահագործվում են 8 հատ վերջին սերնդի TVU ONE TV1000 համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս ընկերությանը Հայաստանի ցանկացած կետից ուղիղ եթեր հեռարձակել և միաժամանակ 8 աղբյուրից: Կարևոր է նաև, որ ծրագրի տեխնիկական համալիրում տեղադրված է AVID համաշխարհային բրենդ համարվող թվանշանային համակարգը, որն իր ֆունկցիոնալ հնարավորություններով համարվում է առաջատարը հեռուստատեսային լրատվության ոլորտում:
Այսպիսով, ընկերությունը ունակ է պատրաստելու և օպերատիվ հեռարձակելու որակյալ հեռուստաարտադրանք, արագ արձագանքելու ՀՀ-ում կատարվող իրադարձություններին և բավարարելու հանրության տեղեկատվական պահանջները։
Ծրագրի ֆինանսական բաժինը. Հանրային հեռարձակողը ֆինանսավորվում է պետական բյուջեից, եկամուտներ ունի նաև գովազդային գործունեությունից: Տարեկան ընդհանուր ֆինանսական մուտքերը կազմում են գրեթե 1.5 մլրդ ՀՀ դրամ՝ ապահովելով Հեռարձակողի անխափան գործունեությունն ու որակյալ բովանդակությունը:
Բազմակարծությանը խթանելու ընկերության կարողությունը, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը. «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով Հանրային հեռարձակողի ծրագրային քաղաքականության մշակման և իրականացման համար սահմանված են մի շարք պարտավորություններ, մասնավորապես, տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովումը։ Օրենքի համաձայն, Հանրային հեռարձակողը ղեկավարվում է օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով և ապահովում է կարծիքն արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի և դավանանքի, ինչպես նաև ստեղծագործական ազատությունը։
ՀՌՀ ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության կողմից կատարված ծավալուն (29 էջ) մշտադիտարկման արդյունքները (2022թ. սեպտեմբեր-հոկտեմբեր) թույլ է տալիս եզրակացնելու, որ «Առաջինի լրատվական ալիք» ծրագիրը հիմնականում ապահովում է քաղաքական բազմակարծություն՝ հրավիրելով տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող անձանց, փորձագետների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և այլ անձանց, որոնք միևնույն ժամանակ արտահայտում են նաև տարբեր կարծիքներ հաղորդման թեմայի շուրջ։ Լիցենզավորման գործունեության ընթացքում ընկերությունը հիմնականում պահպանել է իր խմբագրական քաղաքականության սկզբունքները և 2021 թվականի լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորությունները։
Եվ′ հայտում նախանշված նպատակների իրագործման հիմնական ուղղությունների, և′ միջոցառումների ընդհանրական նկարագիրը, և′ ներկա խմբագրական քաղաքականությունը հավատ են ներշնչում, որ «Առաջինի լրատվական ալիք»-ը ունակ է պատրաստելու և հեռարձակելու բազմաժանր և թեմատիկ տարբեր ուղղվածության ծրագրեր, որոնք կբավարարեն հեռուստալսարանի բազմազան հետաքրքրություններն ու պահանջները: Կարևոր է նաև նշել, որ հեռուստածրագիրը օգտագործում է եթերը որպես ճանաչողական և կրթական գործիք: Առանձնահատուկ պետք է նշվի նաև այն, որ հեռուստածրագիրը օրական մեկ անգամ պատրաստում և հեռարձակում է արևմտահայերենով լուրերի թողարկում։
Հեռուստածրագրի եթերում մասնագիտական էթիկայի խախտումներ Հանձնաժողովը չի արձանագրել:
Հանձնաժողովի Վերլուծության բաժինը պատրաստել է զեկույց՝ (2022թ. հոկտեմբեր), վերլուծելով «Առաջինի լրատվական ալիք» հեռուստածրագրի ներկայացվածությունը համացանցում և սոցիալական հարթակներում: Շատ կարևոր է, որ պաշտոնական կայքում լուրերը ներկայացված են ոչ միայն հայերեն, այլև անգլերեն, ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներով։ Հեռուստատեսության առաջնահերթություններից է համացանցում լայնորեն ներկայացված լինելը, իսկ կայքում ապահովված է հեռուստածրագրի ուղիղ հեռարձակումը:
Ընկերության և′ ներկայացրած ծրագիրը, և′ այժմ իրականացվող խմբագրական քաղաքականությունը վկայում են, որ հեռուստածրագիրը կարող է ապահովել հաղորդումների բազմազանությունը, բազմակարծությունը, տեխնիկական բարձր որակը, մասնագիտական էթիկայի նորմերի պահպանումը, ինչպես նաև կարող է հարթակ լինել տարբեր սոցիալական և քաղաքական խմբերի ներկայացվածության համար։
Կարծում եմ, Ընկերության ծրագրի թերություններից է բովանդակային մասի հաղորդումների, հաղորդաշարերի ոչ հստակ նկարագրությունը:
Ուստի, 0-ից 20 միավոր գնահատման սանդղակով գնահատականս 16 միավոր է:
ՀՌՀ նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
26.10.2022 թ. |
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի գնահատման
Հաշվի առնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի 37-րդ կետով սահմանված գնահատման չափանիշները, մրցույթի երկու մասնակիցների՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ և «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում արձանագրել եմ հետևյալը.
Երկու մասնակիցներն էլ ծրագրել են եթերում ապահովել սեփական արտադրության հաղորդումների, ինչպես նաև հայերեն հաղորդումների գերակայություն: «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունը սեփական արտադրության հաղորդումների վերաբերյալ նշել է, որ դրանց ծավալը կազմելու է եթերի մոտ 85%-ը և ներկայացրել է սեփական արտադրության հաղորդումների նկարագրությունները, իսկ հայերեն հաղորդումները գերակայելու են եթերում և դրանց ծավալը հասցվել է 100%-ի։ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունը ներկայացրել է ծրագրում ներառված հաղորդումների բնութագրերը, որոնք ամբողջովին հայերեն են և սեփական արտադրության։
Բազմակարծությունը խթանելու կարողության գնահատման համար կարևորում եմ ոչ այնքան մրցութային հայտով ստանձնած խոստումները, այլ փաստացի եթերը: «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունների կողմից բազմակարծությունը խթանելու կարողության գնահատման համար Հանձնաժողովի աշխատակազմի կողմից 2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում դիտարկվել է ծրագրերում առկա քաղաքական, սոցիալական ուղղվածություն ունեցող հիմնական հաղորդումները՝ հաղորդումների թեմաների, հրավիրված հյուրերի, ինչպես նաև նրանց քաղաքական հայացքների տեսանկյունից: Կարևոր է, որ թեպետ երկու ընկերություններն էլ հրավիրել են տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող անձանց, փորձագետների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և այլ անձանց, մեկ դեպքում՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության պարագայում արտահայտել են նաև տարբեր կարծիքներ, իսկ մյուս՝ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության դեպքում հասարակական-քաղաքական անցուդարձը ընդհանուր առմամբ քննարկել և վերլուծել են միակողմանի: Վերոնշյալի վերլուծությունից եզրահանգել եմ, որ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության բազմակարծությունը խթանելու կարողությունը բավարար չէ, իսկ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունը ունի բավարար կարողություն բազմակարծության խթանման համար:
Հայտում ներկայացված առկա տեխնիկական միջոցները հիմք են տալիս «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության տեխնիկական հնարավորությունները բավարար համարել նախանշված նպատակների իրագործման համար: «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ շարժական թղթակցական կետերում շահագործվում են 8 հատ վերջին սերնդի TVU ONE TV1000 համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս ընկերությանն անհրաժեշտության դեպքում ուղիղ եթեր հեռարձակել Հայաստանի Հանրապետության տարածքի ցանկացած կետից միաժամանակ 8 աղբյուրից, ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերի համաձայն օգտագործելով DSNG արբանյակային կայանի ժամանակակից հնարավորությունները անհրաժեշտության դեպքում, անգամ բջջային կապի բացակայության պարագայում ուղիղ եթեր ապահովել ոչ միայն Հայաստանի Հանրապետության ցանկացած տարածքից, այլ նաև արտերկրից՝ օգտագործելով համապատասխան արբանյակային կապուղիները:
Ընկերությունների կողմից ներկայացվել են նաև ֆինանսական հնարավորությունները հիմնավորող փաստաթղթեր: «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության կողմից ներկայացվել են ֆինանսական հնարավորությունները հիմնավորող մի քանի պայմանագրեր և հիմնադրի կողմից ներդրում կատարելու պատրաստակամության մասին փաստաթուղթ, որում նշվում է, որ հիմնադիրը շարունակելու է իրականացնել անհրաժեշտ ներդրումներ, սակայն չի նշվում ներդրումների ծավալը։ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության «Առաջինի լրատվական ալիք» ծրագրի բնականոն աշխատանքի և զարգացման համար ֆինանսավորումն իրականացվում է Հանրային հեռարձակողի բյուջեից:
«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունները ներկայացրել են բավարար չափով տեղեկություններ իրենց աշխատակազմի, նրանց մասնագիտական կարողությունների վերաբերյալ, որոնք փաստում են մասնագետների փորձառության մասին։
Ընկերությունները նաև ստանձնել են պարտավորություններ ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողության ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների հեռարձակման, «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունը սակայն հիմնականում անդրադարձել է անցած 20 տարիների ընթացքում հեռուստաընկերության գործունեությանը և պատրաստած հաղորդումներին, իսկ նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ փաստաթղթում ծրագրային զարգացման հեռանկարներին անդրադարձ չի կատարել։
Կարևոր եմ համարում նաև սահմանափակ ռեսուրսի՝ սլոթի օգտագործման պարագայում եթերաժամանակի տևողությունը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության կողմից՝ «Առաջինի լրատվական ալիք» ծրագիրը հեռարձակվում է 24-ժամյա տևողությամբ, իսկ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության կողմից՝ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագիրը հեռարձակվում է 18-ժամյա ռեժիմով և որևէ նշում, եթերի տևողությունը ավելացնելու մտադրության վերաբերյալ, փաստաթղթերում չկա: Նշեմ նաև, որ թեպետ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունը իր հայտում գրել է, որ եթեր հեռարձակվող հաղորդումները պատրաստվում կամ ընտրվում են՝ հաշվի առնելով էթիկայի և էսթետիկայի բոլոր նորմերը, սակայն միայն 2022 թվականին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 5 անգամ վերջինիս հաղորդումների վերաբերյալ դիմել է Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ մարմին։
Հաշվի առնելով վերոշարադրյալը, համադրելով ներկայացված հայտերը, գտնում եմ, որ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության ներկայացրած ծրագիրն առավել հիմնավոր է՝ նախանշված նպատակների և դրանց հասնելու մեթոդների ընտրության տեսանկյունից։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ |
Վ. ՕհանՅԱՆ |
27.10.2022 թ. |
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
2022 թվականի հուլիսի 25-ին հայտարարված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ և «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունների հայտերի գնահատման
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Հանրային հեռարձակողը առանց հեղինակազորման և սլոթի օգտագործման լիցենզիայի հանրային մուլտիպլեքսի միջոցով կարող է սփռել միայն մեկ ծրագիր, իսկ հավելյալ ծրագիր սփռելու ցանկության դեպքում հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման համար մասնակցում է մրցույթի։
ՀՀ Սահմանադրության համաձայն պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը, հետևաբար գտնում եմ, որ Հանրային հեռարձակողի և մասնավոր հեռարձակողի մրցակցությունը չի կարող հավասար պայմաններ ապահովել։
Ելնելով վերը նշվածից՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ և «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունների հայտերը հավասար եմ գնահատում։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ |
Ռ. ՇառոՅԱՆ |
25.10.2022 թ. |
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի գնահատման
2022 թվականի հուլիսի 25-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից հայտարարած հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցել են երկու ընկերություն՝ Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերությունը («Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագիր) և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը («Առաջին լրատվական ալիք» ծրագիր): Ուսումնասիրելով երկու ընկերությունների կողմից ներկայացված հայտերը և հանձնաժողովի աշխատակազմի կողմից պատրաստված վերլուծությունները, ֆինանսական, տեխնիկական, անձնակազմի մասնագիտական պատրաստվածության, հեռարձակվող ծրագրերի և հաղորդումների բովանդակության մասին տեղեկանքները, ներկայացնում եմ իմ գնահատականի հիմնավորումը:
«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերություն
(«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագիր)
Ընկերության կողմից ներկայացված տեխնիկական միջոցների և սարքավորումների ցանկը և քանակը, որոնք ընկերության կողմից ձեռք է բերվել տարիներ առաջ, բավարար են հաղորդումներ պատրաստելու և անխափան եթեր ապահովելու համար: Տեղեկանքների մեջ չենք տեսնում սարքավորումները արդիականացնելու մասին բավարար փաստաթղթեր: Մեր զրույցի ընթացքում, ընկերության ներկայացուցիչը պնդեց, որ «սարքավորումների հին լինելը վատը լինելու փաստարկ չէ», որը ինձ համար տարօրինակ պնդում է՝ տեխնիկապես արագ զարգացող և արագ փոփոխվող մեր ժամանակներում:
Ընկերությունը իր հաղորդումներում և հեռարձակվող հաղորդումներում չի ապահովում բազմակարծություն: Հաղորդումների քաղաքական վերլուծությունները միակողմանի են: Հեռարձակվող հաղորդումներում կա ատելության խոսք, հայհոյանք, բռնության կոչեր, որոնք բազմաթիվ անգամ մատնանշվել են թե՛ հանրության կողմից, թե՛ ԶԼՄ-ների դիտորդ կողմից և թե հանձնաժողովի կողմից: Մեր զրույցի ընթացքում ընկերության ներկայացուցիչը պնդեց, որ ընկերությունը անընդունելի է համարում որոշ հաղորդումների մեջ հնչող տեսակետները, քաղաքական խոսքը և կարծիքը, բայց ընդունում և հեռարձակում է: Սա նույնպես տարօրինակ է:
Ընկերության հիմնական ֆինանսական հոսքերը ձևավորվում են հիմնադրի կողմից: Ներկայացված ֆինանսական տեղեկանքներում տեսանելի չէ ընկերության տեխնիկական վերազինման միջոցները, հետագա զարգացման հեռանկարները:
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության
(«Առաջինի լրատվական ալիք» ծրագիր)
Ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ ընկերության տաղավարներում, սարքասրահներում, եթերային տեխնիկական համալիրում, հավաքակցման սենյակներում, շարժական հեռուստակայաններում, արբանյակային հեռարձակման կայանում, շարժական թղթակցական կետերում շահագործվում են վերջին սերնդի հեռուստատեսային, համակարգչային տեխնիկական միջոցներ: Ընկերությունը օգտագործում է նաև DSNG արբանյակային կայանի հնարավորությունները, որը ապահովում է ուղիղ եթեր ոչ միայն Հայաստանի Հանրապետության ցանկացած կետից, այլ նաև արտերկրից: «Առաջինի լրատվական ալիք» ծրագիրը իր մասնագիտական և տեխնիկական կարողությունների միջոցով Երևան քաղաքի տարածքում հեռարձակում է քսանչորս ժամ և շաբաթը յոթ օր ռեժիմով:
Ընկերությունը ֆինանսավորվում է պետական բյուջեից, եկամուտներ ունի նաև գովազդային գործունեությունից: Ընկերության ֆինանսական միջոցները հնարավորություն են տալիս անխափան գործունեությանն ու որակյալ բովանդակությանը:
«Առաջինի լրատվական ալիք» ծրագիրը հիմնականում ապահովում է քաղաքական բազմակարծություն, հրավիրելով տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող անձանց, փորձագետների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և այլ անձանց, որոնք միևնույն ժամանակ արտահայտում են նաև տարբեր կարծիքներ հաղորդման թեմայի շուրջ։ Ուրախալի է, որ «Առաջինի լրատվական ալիք»-ը պատրաստում և հեռարձակում է իր լրատվական ծրագիրը նաև արևմտահայերեն: Ընկերությունը ակտիվ է նաև համացանցում, սոցիալական ցանցերում: Ընկերության պաշտոնական կայքում լուրերը ներկայացված են հայերեն, անգլերեն, ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներով:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ |
Ա. ՄանուկՅԱՆ |
26.10.2022 թ. |
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի գնահատման
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2022 թվականի հուլիսի 25-ին հայտարարել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ)՝ մեկ սլոթի քանակով։
Առաջնորդվելով Հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշման (այսուհետ՝ Կարգ) 37-րդ կետով սահմանված գնահատման չափորոշիչներով, ուսումնասիրելով մրցույթի 2 մասնակիցների՝ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ընկերության («Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագիր) և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության («Առաջինի լրատվական ալիք» ծրագիր) կողմից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև հաշվի առնելով Հանձնաժողովի մասնագետների կողմից կազմված տեղեկանքները՝ 1. տեսալսողական մեդիածառայություն մատուցողի նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի, 2․ ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթերի, 3․ օգտագործվելիք տեխնիկական միջոցների, 4․ աշխատակազմի քանակի, նրանց կրթության և մասնագիտության, 5․ էթիկայի կանոնագրի և 6․ էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցների վերաբերյալ, ձևավորվել է իմ կարծիքը և ստորև ներկայացնում եմ իմ գնահատումները մրցութային հայտերի վերաբերյալ։
1․ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերություն
(«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագիր)
«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերությունը («Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագիր) նախկինում հանդիսացել է լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություն մատուցող ընկերություն, իսկ այժմ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագիրը եթեր է հեռարձակվում կաբելային ցանցերով։
Ըստ ներկայացված մրցութային հայտի՝ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագիրը նախատեսում է ապահովել բազմակարծություն, զարգացնել լսարանի գեղագիտական ճաշակը, նպաստել մատաղ սերնդի դաստիարակությանը, ինչպես նաև հասարակության համար անհրաժեշտ արժեհամակարգերի ձևավորմանը, բացառել փաստերի խեղաթյուրված ներկայացումը և այլն։ Հայտարարված նպատակի իրագործումը տեսնելու համար մշտադիտարկվել է եթերային բովանդակությունը, որը ցույց է տալիս, որ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագրի քաղաքական ուղղվածության հաղորդումները կրում են միակողմանի բնույթ, չեն ապահովվում առնվազն բազմակարծությունը:
Հասարակական-քաղաքական հաղորդումները կազմել են եթերի 1/4-ից ավելին, որի կազմում նաև «Հայելի ակումբ» հաղորդումը, որի վերաբերյալ հայտնի են Հանձնաժողովի անդամների, ինչպես նաև Դիտորդ մարմնի դիտարկումները դեռևս նախորդ մրցույթից և գնահատումներից։ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ այն «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագրի արտադրանքը չէ և պաշտպանում են «Հայելի ակումբը» ցուցադրելու իրենց որոշումը՝ որպես բազմակարծություն ապահովելու միջոց։ Ես խորապես համոզված եմ, որ «Հայելի ակումբի» ցուցադրումը չի ձևավորում բազմակարծություն հեռուստադիտողների շրջանում, քանի որ այնտեղ հնչեցվում են միանման տեսակետներ, տարածում են ատելության խոսք, որը նաև չի նպաստում հասարակության համար անհրաժեշտ արժեհամակարգերի ձևավորմանը, ինչպես որ վկայակոչում են մեր գործընկերները։
Ընկերությունը ֆինանսական հոսքերն ապահովելու է գովազդից, վճարովի եթերաժամանակի տրամադրումից, գործընկերությունից, ինչպես նաև ընկերության հիմնադրի կողմից պարբերաբար կատարվող ներդրումներից։ Ընթացիկ տարվա սկզբից մինչ այս պահը կատարված ֆինանսական ներդրումները անհրաժեշտ, սակայն բավարար վստահություն չեն տալիս շարունակական զարգացման համար լավատեսական դիրքորոշում ձևավորելու ուղղությամբ։
Նույնը կարող եմ նշել տեխնիկական միջոցների, սարքավորումների համակարգչային տեխնիկայի վերաբերյալ։ Հայտով ներկայացված միջոցները հնարավորություն են տալիս այս պահին եթեր ապահովելու, սակայն ներկայացված տեխնիկական միջոցների արդիականացման հստակ ծրագիրը բացակայում է։
Ընկերությունը ներկայացրել է 102 աշխատակիցների ցուցակ։ Հանրային մուլտիպլեքսում (2011-2021թթ), իսկ այժմ կաբելային ցանցերում հեռարձակվելու ընթացքում իրականացված գործունեությունը թույլ է տալիս բարձր գնահատել աշխատակազմի մասնագիտական կարողություններն ու ձեռք բերված փորձառությունը։
2. «Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն» ՓԲ ընկերություն
(«Առաջինի լրատվական ալիք» ծրագիր)
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով Հանրային հեռարձակողի ծրագրային քաղաքականության մշակման և իրականացման համար սահմանված են մի շարք պարտավորություններ, մասնավորապես, Հանրային հեռարձակողը պարտավոր է ապահովել հեռարձակվող տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանությունը։ Հաշվի առնելով Հանրային հեռարձակողի կողմից հեռարձակման ենթակա տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման անհրաժեշտությունը, 2020 թվականին Հանրային հեռարձակողի խորհուրդը սահմանել է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության 2021 թվականի տեսալսողական ծրագրերի թիվը, որի համաձայն տեսալսողական ծրագրերի թվում սահմանվել է հավելյալ լրատվական ծրագիր։
Ընկերության նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ ներկայացված փաստաթղթի համաձայն՝
● Ընկերության ծրագրի հիմնական ուղղվածությունը լինելու է լրատվական,
● Հեռարձակումը՝ 24/7 ռեժիմով,
● ծրագրի տրամաբանությունն ու ձևաչափը հնարավորություն են տալիս լրատվական թողարկումները հեռարձակել ըստ անհրաժեշտության՝ օգտագործելով «մասնագիտացված ալիքի» եթերացանցային ճկունությունը,
● ներկայացնել լսարանին ծավալուն թողարկումներ, անդրադառնալ թեմաների ավելի լայն շրջանակի՝ ապահովելով եթերի բովանդակային բազմազանությունն ու հագեցվածությունը։
«Առաջինի լրատվական ալիք» ծրագիրը՝ հասարակական-քաղաքական հաղորդումների, հանրային քննարկումների, խորհրդարանական լսումների, հանրային կարծիքի ներկայացման, ՏԻՄ և տարածքային կառավարման մարմինների բարեփոխումները լուսաբանող պաշտոնական լրատվության և տեղեկատվական այլ ձևաչափերի հանրային խոշոր և կենտրոնացված հարթակ է։ Ինչպես նշված է հայտում՝ «Առաջինի լրատվական ալիք» ծրագիրը բազմակողմանի տեղեկատվությամբ ապահովելու է հանրությանը հրատապ լրատվության, ուղիղ միացումների, մասնակցային քննարկումների, վերլուծությունների միջոցով։
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության «Առաջինի լրատվական ալիք» ծրագրի բնականոն աշխատանքի և զարգացման համար 2022 թվականի ֆինանսավորումն իրականացվում է Հանրային հեռարձակողի բյուջեից՝ 1 127 543 300 ՀՀ դրամ գումարի չափով։ Հավելենք նաև, որ 2023 թվականին լրատվական ծրագրի գործունեության ապահովման նպատակով Հանրային հեռարձակողին հատկացվող տարեկան ֆինանսական հատկացումների շրջանակներում ևս նախատեսված են ֆինանսական միջոցներ։
Ներկայացվել է լրատվական ծրագրի տեխնիկական հագեցվածությունը՝ ըստ առանձին նկարահանման տաղավարների ու շահագործման տեղամասերի, ինչպես նաև կցված են տեխնիկական սարքավորումների ցանկերը (անվանումը, տեխնիկական բնութագիրը, չափման միավորը, քանակը)։ 2021 թվականին հիմնված լրատվական ծրագիրը ստեղծվել է «Հանրային հեռուստաընկերության առաջին ալիք» ծրագրի լրատվական ծառայության տեխնիկական բազայի հիման վրա՝ հաշվի առնելով նաև իրականացված տեխնիկական վերազինման ու թարմացման աշխատանքները։
Ընկերության աշխատակազմը ներառում է 144 հաստիքային աշխատակիցներ, 17 արտասահմանյան և մարզային թղթակից-օպերատորներ և մոտ 40 ծառայություն մատուցող՝ թարգմանիչ, խմբագիր, սերվերի համակարգող, մեկնաբան և այլն։
Որպես եզրակացություն ցանկանում եմ նշել հետևյալը․
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման սույն մրցույթի մասնակիցների հայտերի գնահատման և հիմնավորման ժամանակ Հանձնաժողովի անդամները հայտնվել են այնպիսի իրավիճակում, երբ ստիպված են գնահատել և ընտրություն կատարել տարբեր հարթություններում գտնվող ընկերությունների միջև՝ ակնհայտորեն տեսնելով մեկի ոչ մրցակցային առավելությունը մյուսի նկատմամբ։ Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության՝ որպես Հանրային հեռարձակողի գործունեության սկզբունքները և առանձնահատկությունները սահմանված են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով՝ պետության կողմից երաշխավորված հատուկ կարգավիճակով, ֆինանսավորմամբ և այլն։ Այլ հավասար պայմաններում այս հանգամանքը թերևս էական նշանակություն չունենար, սակայն տվյալ պարագայում իմ կարծիքով դա խիստ ակնհայտ է։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ |
Գ. ՄամիկոնՅԱՆ |
26.10.2022 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 նոյեմբերի 2022 թվական: