Գլխավոր տեղեկություն
Номер
N 128
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (28.04.2001-25.12.2004)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2001.04.23/9(72) Հոդ.46
Принят
Առողջապահության նախարարություն
Дата принятия
07.03.2001
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
07.03.2001
Дата вступления в силу
28.04.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.06.2009

100.0128.07.03.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

7 մարտի 2001 թ.
ք. Երևան

N 128

  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԴԵՂԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐԻՆ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԴԵՂԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. հունիսի 8-ի «Անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 396 (Հայաստանի Հանրապետության կառավարության 27.12.2000 թ. N 880 որոշման խմբագրմամբ) որոշման.

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`

 

Ամբուլատոր-պոլիկլինիկական, մասնագիտացված հիվանդանոցային և դիսպանսերային բժշկական հաստատությունների միջոցով անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերին և առանձին հիվանդություններով տառապող անձանց դեղերով ապահովելու կարգը (կցվում է):

 

Նախարար`

Ա. Մկրտչյան

 

 

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարության
2001 թվականի մարտի 7-ի
թիվ 128 հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԴԵՂԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐԻՆ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԴԵՂԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 8-ի «Անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 396 (Հայաստանի Հանրապետության 2000 թ. դեկտեմբերի 27-ի N 880 որոշման խմբագրմամբ) որոշման համաձայն ամբուլատոր պոլիկլինիկական, մասնագիտացված հիվանդանոցային և դիսպանսերային բժշկական հաստատությունների կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգը:

 

2. Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացումը կատարվում է քաղաքացուն` համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական, մասնագիտացված հիվանդանոցային և դիսպանսերային բուժօգնություն իրականացնող տարածքային բժշկական հաստատությունների կողմից:

 

3. Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող անձանց դեղորայքով ապահովումն ամբուլատոր-պոլիկլինիկական, մասնագիտացված հիվանդանոցային և դիսպանսերային բժշկական հաստատությունների կողմից իրականացվում է.

- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տարվա կտրվածքով մեկ բնակչի համար նախատեսվող ֆինանսավորման ծավալում դեղերի համար սահմանված բաղադրամասերի հաշվին.

- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով ձեռք բերվող և ամբուլատոր-պոլիկլինիկական, մասնագիտացված հիվանդանոցային ու դիսպանսերային բժշկական հաստատություններին տրամադրվող դեղերի հաշվին.

- մարդասիրական օգնության ճանապարհով ստացված դեղերի հաշվին:

 

4. Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող սոցիալական խմբերում ընդգրկված անձինք դեղեր ստանալու համար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատություններ են ներկայացնում անձը հաստատող հավաստի փաստաթուղթ (երեխաների համար` ծննդյան վկայական) և «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա որոշումներից բխող «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների շրջանակներում բնակչության առողջության առաջնային պահպանման կազմակերպման վերաբերյալ» կարգով սահմանված տվյալ սոցիալական խմբին պատկանելությունը հաստատող փաստաթուղթ:

 

5. Ամբուլատոր-պոլիկլինիկական, մասնագիտացված հիվանդանոցային և դիսպանսերային բժշկական հաստատություններն անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող անձանց դեղերով ապահովելիս, որպես կանոն, առաջնորդվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 2000թ. փետրվարի 24-ի N 70 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկով»:

 

6. Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող անձանց դեղերի հատկացումն ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված հիվանդանոցային և դիսպանսերային բժշկական հաստատությունների կողմից իրականացվում է բժշկական հիմնավորված ցուցումների դեպքում, ըստ դեղատոմսի, որը դուրս գրելու իրավունք ունեն տեղամասային թերապևտը, տեղամասային մանկաբույժը և ընտանեկան բժիշկը, ինչպես նաև տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական, բժշկական հաստատության նեղ մասնագետները` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. հունիսի 8-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N 396 որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկի:

- Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեղատոմսերը դուրս են գրվում հատուկ դեղատոմսային ձևաթղթերի վրա:

- Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղատոմս տվող բժիշկը համապատասխան գրանցում է կատարում հիվանդի ամբուլատոր քարտում` պարտադիր նշելով դեղերի անվանումը, դեղաչափը, դեղատոմսի սերիան և համարը, փաստելով նաև դեղերի անվճար կամ զեղչ գներով ձեռք բերումը:

- Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների ղեկավարի հրամանով հաստատվում են նաև տարբեր մասնագիտությունների բժիշկների իրավասությունները` անվճար կամ արտոնյալ պայմաններով դուրս գրվող դեղերի տեսականու հարցում:

- Դեղատոմսերը տրվում են բժշկի անձնական կնիքով ու ստորագրությամբ, ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատության դրոշմով և կնիքով:

- Մեկ դեղատոմսի ձևաթերթիկով թույլատրվում է դուրս գրել անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող միայն մեկ դեղ:

 

7. Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերը, որպես կանոն, հատկացվում են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում, հատուկ այդ նպատակով ստեղծված ներպոլիկլինիկական դեղատան (դեղատնային կրպակի), իսկ դրանց բացակայության դեպքում գլխավոր (ավագ) բուժքրոջ կամ տվյալ բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով նշանակված մեկ այլ պատասխանատու բուժաշխատողի միջոցով, բացառությամբ սույն կարգի 8-րդ կետում նշված հիվանդությունների որոշակի խմբերի համար նախատեսված դեպքերի:

- Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում հազվադեպ նշանակվող դեղամիջոցները, ինչպես նաև ներդեղատնային պատրաստուկները կարող են հատկացվել տարածքային դեղատնից, որի հետ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունը կնքում է համապատասխան պայմանագիր:

 

8. Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող հիվանդներին ապահովումը իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում պետության կողմից կենտրոնացված գնումների միջոցով և մարդասիրական խողովակներով ստացվող դեղերով:

8.1. Շաքարային և ոչ շաքարային դիաբեթով հիվանդներին անվճար տրվող հակադիաբեթիկ դեղերով ապահովումն իրականացվում է.

- Երևան քաղաքում` ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների էնդոկրինոլոգիական կաբինետների կողմից, գրանցված դիսպանսեր հիվանդների թվին համապատասխան.

- Մարզերում` մարզկենտրոնների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների էնդոկրինոլոգիական կաբինետների միջոցով, անհրաժեշտության դեպքում օգտագործելով նաև մարզի այլ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների էնդոկրինոլոգիական կաբինետների ուժերը, գրանցված դիսպանսեր հիվանդների թվին համապատասխան.

- Մինչև 15 տարեկան երեխաներին, անկախ բնակավայրից, հակադիաբեթիկ դեղերը հատկացվում են դիսպանսեր գործառույթներ իրականացնող մանկական էնդոկրինոլոգիական կենտրոնի կողմից, որը գործում է Երևանի քաղաքապետարանի «Հայք» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կազմում:

 

8.2. Տուբերկուլյոզով հիվանդներին ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում անվճար տրվող հակատուբերկուլյոզային դեղերով ապահովումն իրականացվում է.

- Երևան քաղաքում «Երևանի հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի միջոցով.

- Մարզերում` «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի, «Գյումրիի հակատուբերկուլյոզային դիսպանսեր», «Վանաձորի հակատուբերկուլյոզային դիսպանսեր», «Գորիսի հակատուբերկուլյոզային դիսպանսեր», «Ղափանի հակատուբերկուլյոզային դիսպանսեր», «Վաղարշապատի հակատուբերկուլյոզային դիսպանսեր», «Արմավիրի հակատուբերկուլյոզային դիսպանսեր», «Արարատի հակատուբերկուլյոզային դիսպանսեր», «Արտաշատի հակատուբերկուլյոզային դիսպանսեր», «Ալավերդու հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ների կամ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների կազմում գործող հակատուբերկուլյոզային կաբինետների կողմից` համաձայն նախօրոք կատարված կցումների:

 

8.3. Հոգեկան հիվանդությունների դեպքում հոգեմետ դեղերի անվճար բաշխումն իրականացվում է`

- Երևան քաղաքի մեծահասակ բնակչության համար` «Երևանի քաղաքային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ի միջոցով, մինչև 15 տարեկան երեխաների համար դիսպանսեր գործառույթներ իրականացնող մանկական նյարդահոգեբուժական կենտրոնի կողմից (գործում է Երևանի քաղաքապետարանի «N 6 մանկական նյարդաբանական հիվանդանոց» ՓԲԸ-ի կազմում),

- Մարզերում նյարդահոգեբուժական դիսպանսերների կամ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների կազմում գործող նյարդահոգեբուժական կաբինետների կողմից, համաձայն նախօրոք կատարված կցումների: Վերոհիշյալ բժշկական հաստատությունները իրենց հերթին հոգեմետ դեղերը ստանում են «Նորք» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ից` ըստ դիսպանսեր հիվանդների թվի:

 

8.4. Էպիլեպսիայով հիվանդներին հակացնցումային դեղերով անվճար ապահովումն իրականացվում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների նյարդաբանական կաբինետների միջոցով:

 

8.5. Չարորակ նորագոյացություններով հիվանդների անվճար հակաուռուցքային դեղերով ապահովումն իրականացվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Կ. Բազիկյանի անվան հակաուռուցքային դիսպանսեր» ՓԲԸ-ի, «Ֆ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության գիտական կենտրոնի» ՓԲԸ-ի, «Ռ. Յոլյանի անվան արյունաբանության կենտրոն» ՓԲԸ-ի, «Գյումրիի հակաուռուցքային դիսպանսեր» ՓԲԸ-ի միջոցով:

 

8.6. Չարորակ նորագոյացություններով հիվանդներին (այդ թվում երեխաներ) անվճար թմրադեղերով ապահովումն իրականացվում է մեծահասակների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների ուռուցքաբանների կողմից տրված և տվյալ հաստատության կնիքով հաստատված թմրադեղերի դեղատոմսերով` թմրադեղերի մանրածախ առևտրի լիցենզիա ունեցող դեղատներից (համաձայն «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 3-ի): Մարզերում` վերը նշված լիցենզիա ունեցող դեղատների բացակայության դեպքում թմրադեղերի բաշխումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան ծառայության կողմից տրված թրմադեղերի պահպանման թույլտվություն ունեցող պոլիկլինիկաներից:

 

8.7. Մալարիայով հիվանդներին հակամալարիային դեղերով ապահովումն իրականացվում է տարածքային հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության կենտրոնների միջոցով` հիվանդանոցային (բուժման նպատակով) և ամբուլատոր-պոլիկլինիկական (կանխարգելիչ նպատակով) բժշկական հաստատությունների հատկացմամբ:

8.8. Պարբերական հիվանդությամբ տառապող հիվանդներին անվճար դեղերով (կոլխիցին կամ փոխարինողներ) ապահովումն իրականացվում է.

- 18 տարեկան և ավելի բարձր տարիքի քաղաքացիների համար` «N 1 համալսարանական կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ին կից դեղատան միջոցով.

- մինչև 18 տարեկան երեխաների համար` «Հանրապետական մանկական հիվանդանոց» ՓԲԸ-ի կազմում գործող «Պարբերական հիվանդության ուսումնասիրման կենտրոնի» դիսպանսեր հսկողության կաբինետի միջոցով:

 

8.9. Երիկամի փոխպատվաստումով հիվանդներին իմունադեպրեսանտներով անվճար ապահովումը իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի դեղատան և «Արաբկիր» բժշկական կենտրոն ՍՊԸ-ի միջոցով:

 

9. Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղատոմսերը ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատություններում և դեղատանը պահվում են 5 տարի (չհաշված ընթացիկ տարին), համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. դեկտեմբերի 25-ի «Փաստաթղթերի` ըստ տեսակների պահպանության ժամկետների նշումով ցանկը հաստատելու մասին» N 833 որոշմամբ հաստատված ցանկի N 382 կետի:

 

10. Տարածքային դեղատան կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով տրված դեղերի արժեքի փոխհատուցումն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատություններին իրականացնում են դեղատնից ստացված ամփոփային ռեեստրների հիման վրա` համաձայն սույն կարգին կից հավելվածի: Ռեեստրը վարվում է երկու օրինակից, որից առաջինն անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղատոմսերի վճարման հաշվի հետ միասին հանձնվում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատության ղեկավարին: Ռեեստրի և վճարման հաշվի երկրորդ օրինակը դեղատոմսերի հետ միասին պահվում է դեղատանը:

 

11. Տարածքային դեղատան կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով տրված դեղերի արժեքի փոխհատուցումն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունն իրականացնում է դեղատան հետ կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան:

 

Նախարարի տեղակալ`

Ա. Զեյնալյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ առողջապահության նախարարության 07 մարտի 2001 թ.

N 128 հրամանով հաստատված «Ամբուլատոր-պոլիկլինիկական, մասնագիտացված հիվանդանոցային և դիսպանսերային բժշկական հաստատությունների միջոցով անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերին և առանձին հիվանդություններով տառապող անձանց դեղերով ապահովելու կարգի»

 

ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՏՐՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ԱՄՓՈՓԱՅԻՆ ՌԵԵՍՏՐ N ____

 

2001 թ. ________________ համար

 

Դեղատան անվանումը

____________________

____________________

____________________

 

____________________________

(ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություն)

 

1. Դեղատոմսերի քանակը ________________________

2. Վճարման ենթակա

գումարը (մանրածախ գներով) _________________________

(թվերով)

_______________________________________________

(բառերով)

 

Տնօրեն` ____________________________

Հաշվապահ` __________________________

Ռեեստրի 1 օրինակը վճարման հաշվի հետ միասին ստացավ __________________

_______________________________________________________

(պաշտոնը, ազգանունը)

__________________________________________________

(ստորագրություն, ամսաթիվ)

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

Հայաստանի Հանրապետության

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
26 մարտի 2001 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10001065

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.05.2009, N 10-Ն 25.06.2009, N 128
20.07.2004, N 759-Ն 25.12.2004, N 128
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան