114.0117.29.07.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
29 հուլիսի 1998 թ. |
N 117-Հ |
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՈՒ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԲԼԱՆԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. մարտի 8-ի «Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» թիվ 278 որոշման 2-րդ կետի.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել «Մասնավորեցված ու մասնավորեցման գործընթացում գտնվող բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի հավաստագրերի բլանկների տրամադրման կարգը» (կցվում է):
Նախարար |
Պ. Ղալթախչյան |
Հաստատում եմ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Է. Սանդոյան ______ 01.07.1998 թ. |
Հաստատում եմ Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարար Պ. Ղալթախչյան ______ 01.07.1998 թ. |
Կ Ա Ր Գ
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՈՒ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԲԼԱՆԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգը հաստատվում է ի կատարումն «Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 1998 թվականի մայիսի 8-ի թիվ 278 որոշման 2-րդ կետի:
2. Սույնով կարգավորվում է մասնավորեցված և մասնավորեցման գործընթացում գտնվող բաժնետիրական ընկերությունների (այսուհետև` ընկերություն) բաժնետոմսերի սեփականատերերին կամ նրանց կողմից լիազորված անձանց բաժնետոմսերի հավաստագրերի բլանկների (այսուհետև` հավաստագրեր) տրամադրման կարգը:
3. Մասնավորեցված յուրաքանչյուր ընկերության համար ՀՀ Սեփականաշնորհման նախարարությունը կազմում է բոլոր բաժնետերերի ցուցակը այն հաշվով, որ յուրաքանչյուր բաժնետիրոջը հասնեն ամբողջական բաժնետոմսեր:
Եթե ընկերությունը անցել է մասնակի անհատույց և (կամ) ներդրումային մասնավորեցում, և (կամ) պետական գույքի մասնավորեցում փակ բաժանորդագրությամբ, ապա բաժնետերերին ամբողջական բաժնետոմսեր հաշվառելու նպատակով ընկերությունը կատարում է բաժնետոմսերի կլորացում հետևյալ սկզբունքով.
երբ բաժնեմասի մնացորդը կազմում է ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքի 50 տոկոսից ավելին, ապա տվյալ բաժնետիրոջը տրվում է մեկ հավելյալ բաժնետոմս, հակառակ դեպքում հավելյալ բաժնետոմս չի տրվում: Եթե արդյունքում բաժնետոմսերի գումարային քանակը փոքր կամ մեծ է ստացվում ընկերության բաժնետոմսերի ընդհանուր հանրագումարից, ապա որպես կլորացման նիշ ընդունվում է 50-ից մեծ կամ փոքր մեծությունը:
Այն դեպքերում, երբ կլորացման արդյունքում այնուհանդերձ ՀՀ օրենսդրությամբ հաշվարկված կանոնադիր հիմնադրամի սահմաններում հնարավոր չի լինում յուրաքանչյուր բաժնետիրոջ համար պահպանել ամբողջական բաժնետոմսեր, ՀՀ Սեփականաշնորհման նախարարությունը առաջարկում է կլորացման ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ եղանակներ, իրականացնում է մեթոդական օժանդակություն և ղեկավարություն:
Բաժնետոմսերի կլորացման մասին որոշումն ընդունում է ընկերությունը:
4. Բաժնետոմսերի սեփականատերերին հավաստագրեր տալու նպատակով ՀՀ Սեփականաշնորհման նախարարությունը լիազորում է ընկերությանը (ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` բրոկերային կամ արժեթղթերի թողարկման (անդերռայթինգ) գործունեություն իրականացնող անձին) ստանալ այդ հավաստագրերը:
ՀՀ սեփականաշնորհման նախարարությունը ընկերությանը (ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` բրոկերային կամ արժեթղթերի թողարկման (անդերռայթինգ) գործունեություն իրականացնող անձին) հավաստագրեր է տրամադրում նրա կողմից ներկայացվող հավաստագրերի պատվիրման մասին դիմումի հիման վրա: Դիմումում նշվում են ընկերության բաժնետերերի, բաժնետոմսերի և պատվիրվող հավաստագրերի քանակը: Դիմումը ստորագրում է ընկերության խորհրդի նախագահը կամ նրա կողմից լիազորված անձը (ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` բրոկերային գրասենյակի տնօրենը կամ արժեթղթերի թողարկման (անդերռայթինգ) գործունեություն իրականացնող կազմակերպության պատասխանատու անձը):
Դիմումը ստանալուց հետո ՀՀ սեփականաշնորհման նախարարությունը ընկերության ներկայացուցչին տալիս է վճարման հանձնարարագիր:
5. Ընկերության կողմից հավաստագրերի ձեռքբերման համար վճարումները կատարվում են ՀՀ Սեփականաշնորհման նախարարության` այդ նպատակով բացված հաշվին:
6. Հավաստագրերի ձեռք բերման վճարի չափը սահմանում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:
7. Ընկերությունը վճարումները կատարում է վճարման հանձնարարագիրը ստանալուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում և վճարման անդորրագիրը ներկայացնում ՀՀ Սեփականաշնորհման նախարարություն:
8. ՀՀ Սեփականաշնորհման նախարարությունը սույն կարգի 7-րդ կետով սահմանված վճարման անդորրագիրը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում բլանկների տրամադրման հայտով դիմում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից պատվիրված և ներկրված արժեթղթերի բլանկների պահպանումն իրականացնող կազմակերպությանը (այսուհետև` պահպանող կազմակերպություն) ներկայացնելով վճարման անդորրագրի պատճենը և նշելով այն լիազորված անձի անունը, ազգանունը, որը բլանկների պահպանումն իրականացնող կազմակերպությունից կարող է ստանալ արժեթղթերի բլանկներ:
Ձեռք բերվող բլանկների քանակը որոշելիս ՀՀ Սեփականաշնորհման նախարարությունը հաշվի է առնում նաև բլանկների տպագրման խոտանի նորմատիվային չափը:
9. Պահպանող կազմակերպությունը հայտը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ Սեփականաշնորհման նախարարության կողմից լիազորված անձին տրամադրում է համապատասխան քանակությամբ արժեթղթերի բլանկներ:
ՀՀ Սեփականաշնորհման նախարարությունը ամիսը մեկ անգամ ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը ներկայացնում է տեղեկություններ իրացված արժեթղթերի բլանկների մասին:
10. Արժեթղթերի բլանկները ստանալուց հետո, ՀՀ սեփականաշնորհման նախարարությունը տպագրող կազմակերպությանը տրամադրում է համապատասխան քանակությամբ բլանկներ:
11. Հավաստագրերը ՀՀ Սեփականաշնորհման նախարարության կողմից տրամադրվում են (հանձնվում են) ընկերության խորհրդի նախագահին կամ խորհրդի կողմից լիազորված անձին ընդունման-հանձնման ակտի հիման վրա:
Այն դեպքում, երբ պետական գույքի մասնավորեցումը իրականացվում է ֆոնդային բորսայում, ապա ՀՀ Սեփականաշնորհման նախարարությունը հավաստագրեր է տրամադրում մրցութային կարգով ընտրված բրոկերային կամ արժեթղթերի թողարկման (անդերռայթինգ) գործունեություն իրականացնող անձին:
12. Ընկերությունը հավաստագրերը տրամադրում է բաժնետերերին, կազմում բաշխված հավաստագրերի ցանկը` հավաստագրերը ստացած յուրաքանչյուր բաժնետիրոջ ստորագրությամբ, և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում հավաստագրեր տալու և ոչնչացնելու գրանցամատյանը:
13. Ֆոնդային բորսայում պետական գույքի մասնավորեցման դեպքում` համապատասխան անձը հավաստագրերը տրամադրում է բաժնետերերին, կազմում բաշխված հավաստագրերի ցանկը` հավաստագրերը ստացած յուրաքանչյուր բաժնետիրոջ ստորագրությամբ:
14. Սույն կարգն ուժի մեջ մտնելու պահից մեկ ամսվա ընթացքում ՀՀ Սեփականաշնորհման նախարարությունը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, մրցութային կարգով ընտրում է տպագրող կազմակերպություն հետևյալ չափանիշների հիման վրա.
ա) ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված լիցենզիա.
բ) հավաստագրերի տպագրման գինը, հավաստագրերի տպագրման ծավալները և ժամկետները (կազմակերպության հնարավորությունները).
գ) հավաստագրերի պաշտպանվածության աստիճանը:
15. ՀՀ Սեփականաշնորհման նախարարությունը և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, սույն կարգը ուժի մեջ մտնելուց հետո, 15-օրյա ժամկետում մշակում և հաստատում են տպագրող կազմակերպության ընտրության մրցույթի կարգը:
16. ՀՀ Սեփականաշնորհման նախարարությունը տպագրող կազմակերպության հետ կնքում է պայմանագիր, որով սահմանվում են բլանկների հանձնման, ընդունման տպագրության համար կատարվող վճարումների պայմանները, ինչպես նաև հավաստագրերի տպագրության հետ կապված այլ դրույթներ:
Պայմանագրով սահմանվում է նաև տպագրման խոտանի նորմատիվային չափը (խոտանի տոկոսը):
17. Հավաստագրերի համար վճարված գումարները, ՀՀ Սեփականաշնորհման նախարարության կողմից, արժեթղթերի բլանկների պահպանման և տպագրման ծախսերը հանելուց և հավաստագրերը ընկերությանը տրամադրելուց հետո փոխանցվում են պետական բյուջե:
18. Մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը մասնավորեցված բաժնետիրական ընկերությունները, իրենց կառավարման իրավասու մարմնի որոշմամբ կարող են ձեռք բերել հավաստագրեր` սույն կարգով սահմանված պայմաններով, ՀՀ Սեփականաշնորհման նախարարություն ներկայացնելով ընկերության արժեթղթերի գրանցման վկայականը: