118
20 97 00 45
26.08.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
7 օգոստոսի 1997 թ. N 268
ՀԱՇՎԵԳՐՄԱՆ ՄԵԹՈԴՈՎ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՀԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատում եմ
«Հաշվեգրման մեթոդով իրացումից հասույթի ճանաչման պահի մասին» հրահանգը:
Նախարար` |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՀԱՇՎԵԳՐՄԱՆ ՄԵԹՈԴՈՎ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՀԻ ՄԱՍԻՆ
Սույն հրահանգը սահմանվում է ի կատարումն ՀՀ կառավարության 1996 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ԵՎ հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 147 որոշման 2-րդ կետի:
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը հրապարակվում է ՀՀ կառավարության 1996 թվականի մայիսի 2-ի թիվ 147 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին» կանոնադրության 72-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների և կազմակերպությունների արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, ոչ նյութական ակտիվների, հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից հասույթի ճանաչման պահը գործառնության (գործարքի, փաստի) կատարման պահով որոշելու վերաբերյալ դրույթի կատարումն ապահովելու նպատակով:
1.2. Հաշվեգրման մեթոդով արտադրանքի, ապրանքների, ոչ նյութական ակտիվների, հիմնական միջոցների և այլ ակտիվների (հետագայում` ապրանքներ) աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթի ճանաչման պահը որոշվում է գործառնության (գործարքի, փաստի) կատարման պահով, անկախ դրանց դիմաց ստացված վճարումներից:
1.3. Սույն հրահանգը կիրարկվում է 1997 թվականի հուլիսի 1-ից հետո առաքված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների նկատմամբ:
2. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՀԸ
2.1. Ապրանքների իրացումից հասույթի ճանաչման պահը մատակարարից (վաճառողից) գնորդին դրանց սեփականության իրավունքի փոխանցման պահն է, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան չի նախատեսվում: Ներքոթվարկյալ յուրաքանչյուր պայմանի դեպքում իրացումից հասույթը համապատասխանաբար ճանաչվում է.
ա) եթե իրականացվում է կոնսիգնացիոն (ստացողը ստանձնում է վաճառել ապրանքները մատակարարի անունից), կոմիսիոն վաճառք (ստացողը ստանձնում է վաճառել ապրանքներ իր անունից), ապա մատակարարի կողմից իրացումից հասույթը ճանաչվում է երրորդ կողմին դրանց հանձնման պահին,
բ) եթե մատակարարը պարտավորվում է տեղակայել առաքված ապրանքները, ապա իրացումից հասույթը ճանաչվում է այդ աշխատանքների ավարտման պահին,
գ) եթե առաքված ապրանքները գնորդն ընդունելու է տեխնիկական փորձաքննության ենթարկելուց հետո, ապա իրացումից հասույթը ճանաչվում է այդ աշխատանքների ավարտման պահին,
դ) եթե իրականացվում է արտադրանքի հետաձգված տեղափոխումով գործարք (գնորդի խնդրանքով առաքումը հետաձգվում է` դրանք ի պահ թողնելով մատակարարի մոտ), ապա իրացումից հասույթը ճանաչվում է գնորդի կողմից ըստ հաշիվների պարտավորությունն ընդունելու պահին,
ե) եթե սույն կետի ա)-դ) ենթակետերում նշված պայմաններից ոչ մեկը առկա չէ, ապա իրացումից հասույթը ճանաչվում է ապրանքները որևէ վայրում գնորդին հանձնելու պահին:
3. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՀԸ
3.1. Աշխատանքների և ծառայությունների իրացումից հասույթը ճանաչելու նպատակով, սույն հրահանգի սահմաններում աշխատանքներն ու ծառայությունները դասակարգվում են.
● | ժամկետային` երբ աշխատանքների և ծառայությունների ավարտման ժամկետը սահմանափակված է. |
● | անժամկետ` երբ ծառայության ավարտման ժամկետը սահմանափակված չէ: |
3.2. Ժամկետային բնույթի աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում իրացումից հասույթը ճանաչվում է դրանց ավարտման և պատվիրատուի կողմից ընդունման պահին: Ընդ որում, երբ պայմանագրով նախատեսվում է աշխատանքների և ծառայությունների առանձին փուլերի ընդունում պատվիրատուի կողմից, տվյալ փուլի իրացումից հասույթը ճանաչվում է աշխատանքների և ծառայությունների այդ փուլի կատարման և պատվիրատուի կողմից ընդունման պահին:
3.3. Կազմակերպությունները, իրենց հայեցողությամբ, ժամկետային բնույթի աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում իրացումից հասույթը կարող են ճանաչել դրանց սկզբին հաջորդող ամսվանից սկսած` հավասարաչափ ըստ ամիսների:
3.4. Անընդհատ բնույթի ծառայությունների մատուցման (մատակարարման) դեպքում իրացումից հասույթը ճանաչվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կամ պայմանագրով նախատեսված վճարման ժամկետներին` անկախ դրանց դիմաց ստացված վճարումներից: