ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
23 հոկտեմբերի 1995 թ.Ն-041-I
ՀՀ նախագահի առարկություններով
և առաջարկություններով ընդունված
է Ազգային Ժողովի կողմից
6 նոյեմբերի 1995 թ. Ն-061-I
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման կարգը սահմանվում է սույն օրենքով: Անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարեցման հետևանքով:
Յուրաքանչյուր անձ, օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք ունի: Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերում պարզեցված կարգով:
(3-րդ մասն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-75-Ն)
Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից կամ այն փոխելու իրավունքից, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից:
Քաղաքացիությունը փոխելը կարգավորում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն:
(1-ին հոդվածը փոփ., խմբ. 26.02.07 ՀՕ-75-Ն)
Հոդված 2. | Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենսդրությունը |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերից:
Եթե վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
Հոդված 3. | Հայաստանի Հանրապետության քաղաքացին |
Հայաստանի Հանրապետության քաղաքացի են սույն օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձինք:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հավասար են օրենքի առաջ` անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու հիմքերից, ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ունեն Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր իրավունքները, ազատությունները և պարտականությունները:
Հոդված 4. | Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերը |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերն են` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը, իսկ մինչև 16 տարին լրանալը նաև` ծննդյան վկայականը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող վկայականը:
(4-րդ հոդվածը լրաց. 26.02.07 ՀՕ-75-Ն)
Հոդված 5. | Հայաստանի Հանրապետության քաղաքացուն այլ պետությանը հանձնելու անթույլատրելիությունը |
Հայաստանի Հանրապետության քաղաքացուն այլ պետությանը հանձնելն արգելվում է:
Հոդված 6. | Հայաստանի Հանրապետության քաղաքացիության պահպանումը |
Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվելը ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցմանը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացու ամուսնությունն օտարերկրյա քաղաքացու հետ ինքնին քաղաքացիության փոփոխման չի հանգեցնում:
Ամուսիններից մեկի քաղաքացիության փոխելը ինքնին չի հանգեցնում մյուս ամուսնու քաղաքացիության փոփոխմանը:
Հոդված 7. | Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանությունը |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հանրապետությունից դուրս օգտվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունից և հովանավորությունից:
Հայաստանի Հանրապետությունը նրա դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները և դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են պաշտպանել այլ պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները, ինչպես նաև` միջոցներ ձեռնարկել նրանց խախտված իրավունքները վերականգնելու համար` այդ պետությունների օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան:
Հոդված 8. | Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք |
Օտարերկրյա քաղաքացի է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը, որն ունի այլ պետության քաղաքացիություն:
Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձը, որն այլ պետության քաղաքացիություն ունենալու ապացույց չունի, համարվում է քաղաքացիություն չունեցող անձ:
Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելը և չի խոչնդոտում նրանց կողմից այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելուն:
Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակը Հայաստանի Հանրապետությունում կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ
Հոդված 9.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման հիմքերը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք է բերվում`
1) քաղաքացիության ճանաչմամբ.
2) ծննդով.
3) քաղաքացիություն ստանալու միջոցով.
4) քաղաքացիությունը վերականգնելու միջոցով.
5) քաղաքացիության խմբային ձեռքբերման միջոցով.
6) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով.
7) սույն օրենքով նախատեսված այլ հիմքերով:
Հոդված 10. | Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ճանաչումը |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են ճանաչվում`
1) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին ՀԽՍՀ քաղաքացիները, ովքեր մինչև Սահմանադրության ուժի մեջ մտնելը ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն կամ հրաժարվել են դրանից` սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում.
2) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք կամ օտարերկրյա քաղաքացի չհանդիսացող նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիները, ովքեր մինչև 2009 թվականի դեկտեմբերի 31-ը դիմում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար.
3) Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող ծագումով հայ նախկին ՀԽՍՀ այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն:
(10-րդ հոդվածը փոփ. 18.11.97 ՀՕ-157, խմբ. 12.10.99 ՀՕ-5, 20.03.01 ՀՕ-157, փոփ. 20.03.02 ՀՕ-313, 18.11.03 ՀՕ-33-Ն, 26.02.07 ՀՕ-75-Ն)
Հոդված 11. | Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխայի քաղաքացիությունը |
Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Երեխան, ում ծնողներից մեկը նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսն անհայտ է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ:
Համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե նա ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, կամ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ, կամ եթե ծնողները մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում:
Հոդված 12. | Քաղաքացիություն չունեցող անձանց երեխայի քաղաքացիությունը |
Հայաստանի Հանրապետությունում ծնված երեխան, ում ծնողները քաղաքացիություն չունեցող անձինք են, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Հոդված 13. | Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած և գործունակ յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եթե`
1) օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում.
2) կարող է բացատրվել հայերեն լեզվով և
3) ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Առանց սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը`
1) որն ամուսնացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա.
2) որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, և որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար.
3) որը ծագումով հայ է, այսինքն` ունի հայ նախնիներ.
4) որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից:
Առանց սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև երկրորդ մասով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձը քաղաքացիություն ստանալու դիմումն անձամբ պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանում են քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը տալիս է հետևյալ երդումը. «Ես` (անուն-ազգանուն), դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Պարտավորվում եմ հարգել Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, ազգային մշակույթը և սովորույթները:»:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը ստորագրում է երդման տեքստը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձին տրվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի մշակած Հայաստանի Հանրապետության օրենսդրության առանձնահատկությունների մասին տեղեկատվական ձեռնարկը:
(13-րդ հոդվածը խմբ. 26.02.07 ՀՕ-75-Ն)
Հոդված 131. | Երկքաղաքացիություն |
Երկքաղաքացի է համարվում այն անձը, որն ունի մեկից ավելի պետությունների քաղաքացիություն:
Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի, ունի նաև այլ պետության (երկրների) քաղաքացիություն:
Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Սույն նորմը տարածվում է նաև 1995 թվականի հունվարի մեկից հետո, առանց սահմանված կարգի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից միակողմանի հրաժարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:
Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում պարտավոր է այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մեկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին:
Սույն հոդվածի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
(131 հոդվածը լրաց. 26.02.07 ՀՕ-75-Ն)
Հոդված 14. | Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելը |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած անձի քաղաքացիությունն, իր դիմումի համաձայն, կարող է վերականգնվել, եթե բացակայում են սույն օրենքի 13 հոդվածի չորրորդ մասով սահմանված հիմքերը, և եթե նա չի զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից:
Հոդված 15. | Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերումը |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերումն իրականացվում է ներգաղթի և օրենքով սահմանված այլ դեպքերում` Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Գ Լ ՈՒ Խ 3
ԵՐԵԽԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՈՂՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՄ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 16. | Երեխայի քաղաքացիությունը ծնողների կողմից |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած ծնողների մինչև 14 տարեկան երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերում ծնողներից մեկը, իսկ մյուսն օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա նրանց մինչև 14 տարեկան երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե առկա է ծնողների համաձայնությունը, կամ եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, և առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը:
Հոդված 17. |
Երեխայի քաղաքացիությունը ծնողների կողմից |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած ծնողների մինչև 14 տարեկան երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե նա ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն:
Եթե ծնողներից մեկը կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, իսկ մյուսը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, նրանց մինչև 14 տարեկան երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե առկա է ծնողների համաձայնությունը, կամ եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, և առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը:
Հոդված 18. | Երեխայի քաղաքացիությունը որդեգրման ժամանակ |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Եթե երեխա որդեգրած ամուսիններից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսը` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ապա երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Եթե երեխա որդեգրած ամուսիններից մեկը օտարերկրյա քաղաքացի է, իսկ մյուսը` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ապա երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե`
1) առկա է երեխային որդեգրած ամուսինների համաձայնությունը.
2) երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, և առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրած ամուսնու համաձայնությունը.
3) երեխան քաղաքացիություն չունեցող անձ է կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ:
Հոդված 19. | Հայաստանի Հանրապետության քաղաքացիության պահպանումը որդեգրման դեպքում |
Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխան, որին որդեգրել են օտարերկրյա քաղաքացիները կամ այնպիսի ամուսիններ, որոնցից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, պահպանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Նման դեպքում երեխան կարող է փոխել քաղաքացիությունը միայն որդեգրողների դիմումով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխան, որին որդեգրել են քաղաքացիություն չունեցող անձինք, կամ որդեգրած ամուսիններից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսը` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պահպանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:
Հոդված 20. | Երեխայի քաղաքացիությունը, որի ծնողները հայտնի չեն |
Հայաստանի Հանրապետությունում գտնվող երեխան, որի ծնողներն անհայտ են, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Ծնողներից մեկի կամ խնամակալի գտնվելու դեպքում երեխայի քաղաքացիությունը կարող է փոխվել սույն օրենքին համապատասխան:
Հոդված 21. | Երեխայի քաղաքացիության պահպանումը, որի նկատմամբ հաստատված է խնամակալություն կամ հոգաբարձություն |
Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխան, որի նկատմամբ հաստատված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնամակալություն կամ հոգաբարձություն, պահպանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը` անկախ նրա ծնողների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու հանգամանքից: Նման դեպքում երեխան կարող է դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից ծնողների դիմումով, եթե նրանք զրկված չեն ծնողական իրավունքից:
Հոդված 22. | Երեխաների համաձայնության անհրաժեշտությունը նրանց քաղաքացիությունը փոխելիս |
Ծնողների քաղաքացիությունը փոխվելու դեպքում 14-18 տարեկան երեխաների քաղաքացիությունը փոխվում է սույն օրենքով սահմանված կարգով` երեխաների համաձայնության առկայության դեպքում:
Գ Լ ՈՒ Խ 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 23. | Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման հիմքերը |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու դեպքում.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից զրկվելու դեպքում.
3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով.
4) սույն օրենքով նախատեսված այլ հիմքերով:
Հոդված 24. | Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելը |
Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փոխել քաղաքացիությունը` դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և ձեռք բերել այլ պետության քաղաքացիություն:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե`
1) նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.
2) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատավճիռ կամ վճիռ.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից նրա դուրս գալը հակասում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին.
4) նա ունի պետության, ձեռնարկությունների, կազմակերպությունների կամ քաղաքացիների շահերի հետ կապված չկատարած պարտավորություններ:
Հոդված 25. | Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից զրկվելը |
Անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից կարող է զրկվել, եթե նա`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք է բերել սույն օրենքի 13 հոդվածին համապատասխան և, մշտապես բնակվելով արտասահմանում, յոթ տարվա ընթացքում առանց հարգելի պատճառների հյուպատոսական հաշվառման չի կանգնել.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք է բերել կեղծ տվյալների կամ կեղծ փաստաթղթերի հիման վրա.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենսդրությունը խախտելով` ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն:
Գ Լ ՈՒ Խ 5
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հոդված 26. | Հանրապետության նախագահը |
Հանրապետության Նախագահն իր հրամանագրով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման հարցերը, սահմանում է քաղաքացիության վերաբերյալ դիմումների քննարկման կարգը:
Հոդված 27. | Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովը |
Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովը կազմավորում է Հանրապետության Նախագահը:
Քաղաքացիության հարցերի հանձնաժողովի կանոնադրությունը հաստատում է Հանրապետության Նախագահը:
Հոդված 28. | Կառավարությունը |
Կառավարությունը`
1) ապահովում է կառավարության, նախարարությունների, կառավարման այլ մարմինների ակտերի համապատասխանեցումը սույն օրենքին.
2) սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի ձևակերպման և դրանք քաղաքացիներին հանձնելու կարգը.
3) սահմանում է քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և նմուշները.
4) ընդունում է սույն օրենքի կիրարկումն ապահովող որոշումներ: Կառավարությունն իրավասու մարմինների միջոցով`
1) ընդունում է քաղաքացիության վերաբերյալ դիմումներ և այլ փաստաթղթեր, ստուգում դրանց իսկությունը և հիմնավորվածությունը.
2) քաղաքացիության վերաբերյալ դիմումները, միջնորդությունները և այլ փաստաթղթերը համապատասխան եզրակացություններով ուղարկում է Հանրապետության Նախագահին.
3) Հանրապետության Նախագահին առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին.
4) կատարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվառումը.
5) սույն օրենքին համապատասխան պարզում է անձանց պատկանելությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությանը:
Գ Լ ՈՒ Խ 6
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 29. | Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հարցերով դիմումների, միջնորդությունների ներկայացման և դրանց քննարկման կարգը |
Քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումները և միջնորդությունները ներկայացվում են գրավոր:
Քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումները քննարկվում են մեկամյա ժամկետում: Դիմումի մերժման դեպքում կրկին կարելի է դիմել մերժման օրից մեկ տարի հետո` սույն օրենքով սահմանված կարգով:
Հոդված 30. | Քաղաքացիության հարցերով պաշտոնատար անձանց անօրինական գործողությունների գանգատարկումը |
Պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիության հարցերով դիմումները չընդունելը, քննարկման ժամկետները խախտելը, ինչպես նաև նրանց այլ անօրինական գործողությունները կարող են գանգատարկվել դատական կարգով:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|