ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի ապրիլի 18-ին
ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ապահովման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է այդ բնագավառում Կառավարության, Ազգային ժողովի և դատարանների, անկախ պետական և ինքնավար մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) և ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի իրավունքներն ու պարտականությունները:
Հոդված 2. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) ազգային աջակցում՝ միջազգային արագ արձագանքման թիմերի, փորձագետների ներգրավում, մարդասիրական բեռների ընդունման և բաշխման ընթացակարգերի իրականացում ընդունող երկրի՝ Հայաստանի Հանրապետության կողմից հումանիտար առաքելության օպերատիվ իրականացման համար.
2) ազդարարում՝ արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրանց սպառնալիքի դեպքում Կառավարությանը, Ազգային ժողովին և դատարաններին, անկախ պետական և ինքնավար մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին (անկախ կազմակերպաիրավական ձևից) և բնակչությանն ազդարարման համակարգերով և այլ միջոցներով (եղանակներով) ազդարարման ազդանշանների, տագնապի կամ հավաքի, հնարավոր վտանգների, ինչպես նաև բնակչության վարվելակերպի կանոնների և պաշտպանական միջոցառումների անցկացման անհրաժեշտության մասին հրատապ տեղեկատվության տրամադրում.
3) աղետ՝ համայնքի կամ հասարակության բնականոն կենսագործունեության խաթարում, որի հետևանքների վերացումը և հետաղետային վերականգնումը գերազանցում են համայնքի կամ հասարակության՝ սեփական ուժերով հաղթահարելու կարողությունը.
4) աղետի գոտի՝ տուժած տարածք, որտեղ աղետի հետևանքների վերացման և հետաղետային վերականգնման համար պահանջվում են լրացուցիչ ուժեր, միջոցներ, նյութական պաշարներ, այդ թվում՝ միջազգային հանրության օգնություն.
5) աղետի ռիսկ՝ աղետ առաջացնող վտանգի, վտանգավոր երևույթի հավանականության և դրանց նկատմամբ խոցելիության համադրության արդյունք.
6) աղետների ռիսկի գնահատում՝ աղետների ռիսկի բնույթն ու հավանական չափը որոշելու որակական և քանակական մոտեցմամբ արտահայտված վերլուծական գործընթաց.
7) աղետների ռիսկի կառավարում՝ աղետների ռիսկի նվազեցմանը, պատրաստվածության բարձրացմանը, արտակարգ իրավիճակներին արձագանքմանն ու հետաղետային վերականգնմանն ուղղված գործընթացներ.
8) աղետների ռիսկի կառավարման պլան՝ պլանավորման միասնական փաստաթուղթ, որը կարգավորում է տեղական ինքնակառավարման մարմնի և բարձր ռիսկայնության օբյեկտի կողմից աղետների ռիսկի գնահատման, աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներին արձագանքման և հետաղետային վերականգնման գործողությունների իրականացման ապահովումը.
9) աղետների ռիսկի նվազեցում՝ վտանգի գնահատման, կանխման, կանխարգելման, բնակչության, բնակավայրերի, ենթակառուցվածքների ու շրջակա միջավայրի տարրերի խոցելիության նվազեցմանը և կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների համալիր.
10) աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության համակարգ (այսուհետ՝ ԱՌԿ և ԲՊ համակարգ)՝ ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտներում ստեղծվող, աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության խնդիրների արդյունավետ լուծման համար նախատեսված կառավարման մարմինների, արտակարգ իրավիճակների հանձնաժողովների, միջգերատեսչական հանձնաժողովների, աղետին արձագանքման պատասխանատու հանձնաժողովների, աշխատանքային խմբերի, ազգային աջակցման միջգերատեսչական աշխատանքային խմբի, գործողությունների ղեկավարման շտաբների, կապի և ազդարարման համակարգերի, կառավարման ավտոմատացված համակարգերի և միջոցների, տեղեկատվության հավաքման, մշակման և հաղորդման համակարգերի փոխկապակցված ամբողջականություն.
11) ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտներ՝ Կառավարություն, Ազգային ժողով և դատարաններ, անկախ պետական և ինքնավար մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, կազմակերպություններ (անկախ կազմակերպաիրավական ձևից) և ֆիզիկական անձինք, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերեր.
12) աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության վիճակի պլանավորված համալիր գնահատում (այսուհետ՝ համալիր գնահատում)՝ ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների կողմից աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտի խնդիրների իրականացման պատրաստվածության աստիճանի որոշում.
13) աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության վիճակի ոչ պլանավորված ուսումնասիրություն (այսուհետ՝ ոչ պլանավորված ուսումնասիրություն)՝ ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների շրջանում աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտի խնդիրների և թերությունների վերհանում և դրանց լուծման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում.
14) անհատական պաշտպանություն՝ մարդկանց ճառագայթային, քիմիական և կենսաբանական ներգործությունից անհատական պաշտպանական միջոցներով ապահովում.
15) անհատական պաշտպանության միջոցներ՝ տեխնիկական միջոցներ, որոնք կիրառվում են մարդու վրա վնասակար կամ վտանգավոր գործոնների ազդեցությունը կանխելու կամ նվազեցնելու, ինչպես նաև աղտոտումներից պաշտպանելու համար.
16) անհետաձգելի արձագանքման աշխատանքներ՝ շտապ բժշկական օգնության ցուցաբերում, սանիտարահամաճարակային միջոցառումների, ճառագայթային պաշտպանության անհետաձգելի միջոցառումների իրականացում, տարածքի վարակազերծում, ապաակտիվացում.
17) խոցելի խմբեր՝ երեխաներ, հղիներ, կերակրող մայրեր, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում գտնվող անձինք, փախստականներ.
18) արտակարգ դեպք (պատահար)՝ շրջակա միջավայրում, մարդու գործունեության ոլորտում տեղի ունեցած իրադարձություն, որի հետևանքով խախտվել է որևէ բնականոն իրավիճակ կամ գործընթաց, որից առաջացել են այնպիսի հետևանքներ, որոնց կանխման, գնահատման և վերացման համար ծագել է մասնագիտացված ծառայությունների ուժեր և միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն.
19) արտակարգ դեպքի վայր, պատահարի վայր՝ որոշակի տարածք, որտեղ ազդում (տարածվում) կամ ազդել (տարածվել) են արտակարգ դեպքի, պատահարի խոցման գործոնները.
20) արտակարգ իրավիճակ՝ իրադրություն, որն առաջացել է որոշակի տարածքում կամ օբյեկտում բնական, կլիմայական, տեխնոլոգիական, կենսաբանական (համաճարակ, անասնահամաճարակ, բույսերի վարակիչ հիվանդություններ) վտանգավոր երևույթների, զենքի տեսակների կիրառման հետևանքով և հանգեցրել կամ կարող է հանգեցնել համայնքի կամ հասարակության բնականոն կենսագործունեության պայմանների խաթարման, մարդկային զոհերի, մարդկանց առողջության վատթարացման, շրջակա միջավայրի վնասման և նյութական կորուստների, և որի հետևանքների վերացումը և հետաղետային վերականգնումը չեն գերազանցում համայնքի կամ հասարակության՝ սեփական ուժերով հաղթահարելու կարողությունը.
21) արտակարգ իրավիճակի գոտի՝ տարածք, որի սահմաններում տեղի է ունեցել արտակարգ իրավիճակը.
22) արտակարգ իրավիճակների հետևանքների վերացում՝ արտակարգ իրավիճակներում փրկարարական, վթարավերականգնողական և անհետաձգելի արձագանքման աշխատանքների կատարում, մարդկանց կյանքի, առողջության ու կենսագործունեության առաջնահերթ պայմանների ապահովում, բացասական գործոնների հնարավոր զարգացումների կանխում և կանխարգելում.
23) արձագանքման միջոցներ՝ փրկարարական, վթարավերականգնողական, անհետաձգելի արձագանքման աշխատանքների իրականացման համար նախատեսված տեխնիկական, գիտատեխնիկական կամ մտավոր արտադրանք, տեխնիկա, սարքեր, սարքավորումներ, հանդերձանք, գույք, այդ թվում՝ կառավարման և կապի հատուկ միջոցներ, մեթոդական նյութեր, համակարգչային ծրագրեր և տվյալների բազա.
24) արձագանքման ուժեր՝ փրկարարական, վթարավերականգնողական, անհետաձգելի արձագանքման աշխատանքների իրականացման նպատակով պետական կառավարման համակարգի մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին ենթակա ուժեր.
25) արտակարգ իրավիճակներում գործելու պլան՝ պլանավորման միասնական առաջնորդող փաստաթուղթ, որը կարգավորում է ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների, բացառությամբ բարձր ռիսկայնության օբյեկտի, տեղական ինքնակառավարման մարմնի և ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի, գործողությունների իրականացման ապահովումն արտակարգ իրավիճակներում.
26) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հանրապետական պլաններ (այսուհետ՝ հանրապետական պլաններ)՝ պլանավորման փաստաթղթեր, որոնք կարգավորում են ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների գործողությունների իրականացման ապահովումը տարաբնույթ (բնական, կլիմայական, տեխնոլոգիական, կենսաբանական) արտակարգ իրավիճակների դեպքում.
27) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության փոխհամագործակցության պլաններ (այսուհետ՝ փոխհամագործակցության պլաններ)՝ պլանավորման փաստաթղթեր, որոնք կարգավորում են արտակարգ իրավիճակների դեպքում ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների (բացառությամբ ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) միջև համաձայնեցված գործողությունների իրականացման ապահովումը.
28) աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում բարձր ռիսկայնության օբյեկտ (այսուհետ՝ բարձր ռիսկայնության օբյեկտ)՝ մարդկային կուտակումներով օբյեկտ, այդ թվում՝ առևտրի կենտրոններ, կինոթատրոններ, առողջապահական և ուսումնական հաստատություններ, ժամանցային վայրեր, ինչպես նաև օբյեկտ, որտեղ պահվում են մշակութային արժեքներ, փաստաթղթեր (ազգային արխիվ, թանգարաններ և գրադարաններ), որտեղ արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ դրանց առաջացման դեպքում մարդկանց կյանքի, առողջության և մշակութային արժեքների, փաստաթղթերի պաշտպանության համար իրականացվում են պլանավորված գործողություններ.
29) բնակչության պաշտպանություն՝ արտակարգ իրավիճակներից մարդկանց կյանքի և առողջության պաշտպանությանը, բնականոն կենսագործունեության ապահովմանն ուղղված իրավական, կազմակերպական, ինժեներատեխնիկական փոխկապակցված միջոցառումների համալիր.
30) գործողությունների ղեկավարման շտաբ (այսուհետ՝ շտաբ)՝ աղետների ռիսկի նվազեցման, ինչպես նաև արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների արագ և արդյունավետ իրականացման նպատակով ժամանակավորապես ստեղծված օպերատիվ աշխատանքային խումբ, որը համակարգում է արձագանքման ուժերի միջև նպատակաուղղված և կանոնակարգված փոխգործողությունները.
31) դիմակայունություն՝ պետության, համայնքի և հասարակության՝ վտանգների ազդեցությանը ժամանակին և արդյունավետ դիմագրավելու, ներգործություններից առաջացած պայմաններին հարմարվելու և արագ վերականգնվելու կարողություն.
32) իրազեկում՝ ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտներին ազդարարման համակարգերով, զանգվածային լրատվական և այլ միջոցներով (եղանակներով) աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, հետաղետային վերականգնման ընթացքում նախատեսվող կամ իրականացվող միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև խուճապի կանխման և քարոզչության նպատակով տեղեկատվության տրամադրում.
33) լիազոր մարմին՝ աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում Կառավարության կողմից լիազորված մարմին, որը մշակում և իրականացնում է Կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև կազմակերպում է ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների պատրաստվածությանն ուղղված միջոցառումներ.
34) խոցելիություն՝ վտանգի, վտանգավոր երևույթի ազդեցությանը ենթակա տարածքում առկա բնակչության տուժելու և բնակավայրերի, շենքերի, շինությունների, ենթակառուցվածքների ու շրջակա միջավայրի տարրերի վնասվելու հակվածության աստիճանը.
35) կազմակերպություն՝ բարձր ռիսկայնության օբյեկտ, կարևորագույն նշանակության օբյեկտ և վտանգավոր օբյեկտ շահագործող, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտին առնչվող այլ կազմակերպություններ, որոնք օրենքով սահմանված կարգով իրականացնում են աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներին արձագանքման և վաղ վերականգնման, հետաղետային վերականգնման միջոցառումներ.
36) կարողություն՝ պետության, համայնքի, կազմակերպության, անհատի մոտ առկա բոլոր հնարավորությունների, հատկանիշների և ռեսուրսների (նյութական, ֆիզիկական, մտավոր) միասնություն, որը կարող է օգտագործվել աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում սահմանված նպատակներին հասնելու համար.
37) աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում կարևորագույն նշանակության օբյեկտներ (այսուհետ՝ կարևորագույն նշանակության օբյեկտ)՝ բնակչության կենսագործունեությունն ապահովող պետական, համայնքային նշանակության և մասնավոր օբյեկտներ, այդ թվում՝ քաղաքացիական ավիացիայի (օդանավակայանների), առողջապահական (բժշկական կազմակերպությունների), ճանապարհաշինարարական, ջրամատակարարման, կոյուղու, հոսող ջրերի մաքրման, ջերմամատակարարման, հիդրոտեխնիկական, էներգետիկ և պետության ռազմավարական շահերի համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտներ ու ենթակառուցվածքներ.
38) կենսաապահովում՝ բնակչության կենսագործունեության համար նրա ֆիզիոլոգիական, առողջական, նյութական և սոցիալական պահանջմունքների բավարարման նպատակով անհրաժեշտ նվազագույն պայմանների ստեղծում և պահպանում՝ հաշվի առնելով ինքնուրույն տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև հղիների և կերակրող մայրերի, երեխաների և տարեցների կարիքները.
39) կլիմայի փոփոխություն՝ կլիմայի բնական տատանումներին զուգահեռ՝ համեմատելի ժամանակահատվածում մարդու ուղղակի կամ անուղղակի գործունեությամբ պայմանավորված կլիմայական փոփոխություններ, որոնք հանգեցնում են մթնոլորտի բաղադրության փոփոխության.
40) կորուստ՝ արտակարգ իրավիճակի հետևանքով առաջացած տնտեսական հոսքերի բացասական փոփոխություն, ներառյալ բաց թողնված օգուտը, որը կարող էր ստացվել տվյալ իրավիճակը չառաջանալու դեպքում.
41) կլիմայի փոփոխության հարմարվողականություն՝ կլիմայի փաստացի և կանխատեսվող փոփոխությանը հարմարվելու կարողություն՝ հնարավոր վնասները նվազեցնելու, անբարենպաստ հետևանքները մեղմելու և ընձեռած հնարավորություններից օգտվելու համար.
42) հետաղետային վերականգնում՝ աղետից տուժած բնակչության բնականոն կենսագործունեության պայմանների, տարածքների, օբյեկտների վերականգնմանը, վերակառուցմանն ու բարելավմանն ուղղված միջոցառումներ, ներառյալ աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված գործընթացներ.
43) նյութական պաշարներ՝ ԱՌԿ և ԲՊ համակարգի պատրաստվածության, վտանգի կանխման, կանխարգելման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին արձագանքելու, կենսաապահովման, հետաղետային վերականգնման համար անհրաժեշտ նյութեր, միջոցներ, դեղեր և բժշկական նշանակության ապրանքներ, սնունդ, ջուր, պարագաներ, հանդերձանք և աղետների ռիսկի կառավարման պլանով նախատեսված այլ միջոցներ.
44) պաշտպանական կառույց (բնակչության հավաքական պաշտպանության միջոցներ)՝ արտակարգ իրավիճակներում, որոշակի ժամանակահատվածում, բնակչությանը տարբեր խոցող կամ ախտահարող գործոններից պաշտպանող շենք կամ շինություն (ապաստարան, հակաճառագայթային և պարզագույն թաքստոցներ, բնակելի ֆոնդի տարածքներ, որոնք կարող են բնակչությանը պաշտպանել ախտահարող գործոններից): Պաշտպանական կառույց կարող է լինել հասարակական կամ արդյունաբերական երկակի նշանակության շինությունը կամ հատուկ հերմետիկ պաշտպանական կառույցը, որը նախագծվել է՝ խոցող գործոնները հաշվի առնելով.
45) պատասխանատու անձ՝ պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ կազմակերպության ղեկավար կամ նրա իրավական ակտով նշանակված անձ, որն ունի սույն օրենքով սահմանված միջոցառում կատարելու պարտականություն, ինչպես նաև սույն օրենքով սահմանված պարտականություն ունեցող ֆիզիկական անձ, այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր.
46) պատսպարում՝ արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ դրանց առաջացման դեպքում մարդկանց կյանքն ու առողջությունն ապահովելու նպատակով պաշտպանական կառույցներում բնակչության ժամանակավոր տեղավորում ու կենսաապահովում.
47) պատրաստվածություն՝ ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների նախապատրաստման շարունակական գործընթացի ապահովման և համալիր համակարգման շնորհիվ՝ արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ դրանց առաջացման դեպքում արագ և արդյունավետ արձագանքման հնարավորություն.
48) վաղ վերականգնում՝ աղետի հետևանքների վերացման ժամանակ վերականգնողական առաջնահերթ միջոցառումների համալիր, որն ուղղված է մարդասիրական աջակցության փուլում առկա ռեսուրսները տուժած տարածքի հիմնովին վերականգնման գործընթացներում օգտագործելուն՝ ստեղծելով առավել ամուր հիմքեր հետագա վերականգնման և կայուն զարգացման ուղղությամբ.
49) վթար՝ վտանգավոր տեխնածին պատահար, որը որոշակի տարածքում հանգեցնում կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, նրանց առողջության վատթարացման, ինչպես նաև նյութական զգալի կորուստների, ինչպես նաև առաջացնում կամ կարող է առաջացնել արտադրական կամ տրանսպորտային գործընթացների խանգարումներ և վնաս հասցնել շրջակա միջավայրին.
50) վթարավերականգնողական աշխատանքներ՝ անհետաձգելի աշխատանքներ` ուղղված մարդկանց կյանքին և առողջությանն սպառնացող այնպիսի գործոնների ազդեցության վերացմանը, որոնք խոչընդոտում են մարդկանց որոնելը և փրկելը, ինչպես նաև շենքերի, շինությունների ամրացումը կամ քանդումը, հեղուկ վառելիքի, գազի, էլեկտրաէներգիայի և ջրի աղբյուրների վթարային անջատումը, բնակչության ու փրկարարների կենսաապահովումն իրականացնող առաջնահերթ կազմակերպությունների վերականգնումը, վերանորոգումը և տարածքի սանիտարական մաքրումը.
51) վնաս՝ արտակարգ իրավիճակի հետևանքով գույքի, ակտիվների կամ ենթակառուցվածքների ամբողջական կամ մասնակի ոչնչացումը կամ վնասվելը կամ կորուստը, որն արտահայտվում է ֆիզիկական չափման միավորներով և վերականգնման արժեքով.
52) վտանգ՝ երևույթ, գործընթաց, գործունեություն, իրադարձություն, որոնք կարող են հանգեցնել մարդկային զոհերի, նրանց առողջության վատթարացման, կենսաապահովման միջոցների, գույքի և նյութական կորուստների, սոցիալական, տնտեսական գործունեության և ծառայությունների խաթարումների, շրջակա միջավայրի տարրերին պատճառվող վնասների.
53) աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում վտանգավոր օբյեկտ (այսուհետ՝ վտանգավոր օբյեկտ)՝ ռադիոակտիվ, հրդեհապայթյունավտանգ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող, արտադրող, վերամշակող, պահպանող կամ փոխադրող օբյեկտներ, ինչպես նաև հիդրոտեխնիկական կառույցներ, որոնց վթարը կարող է հանգեցնել զգալի վնասների և մարդկային կորուստների.
54) վտանգի կանխարգելում՝ վտանգ առաջացնող գործոնների նվազեցմանն ուղղված միջոցառումներ.
55) վտանգի կանխում՝ վտանգ առաջացնող գործոնների վերացմանն ուղղված միջոցառումներ.
56) տարահանում՝ հնարավոր վտանգավոր տարածքից բնակչության կազմակերպված ժամանակավոր դուրսբերում, ինչպես նաև կենդանիների, նյութական և մշակութային արժեքների ժամանակավոր տեղափոխում, եթե վտանգ է առաջանում մարդկանց կյանքի կամ առողջության, կենդանիների, նյութական և մշակութային արժեքների վնասման կամ ոչնչացման համար.
57) տուժած բնակչություն՝ արտակարգ իրավիճակում հայտնված բնակչության այն մասը, որն իր վրա է կրել արտակարգ իրավիճակի աղբյուրի վնասակար գործոնների ազդեցությունը, որը հանգեցրել է մահվան, վնասվածքների, առողջական խնդիրների, նյութական վնասների և կորուստների, ինչպես նաև տարահանման.
58) ապաակտիվացում՝ ռադիոակտիվ աղտոտվածության տարածման և դրա՝ որպես արտաքին և (կամ) ներքին ճառագայթման հնարավոր աղբյուր գործելու կանխարգելման նպատակով որևէ մակերեսից կամ միջավայրից ֆիզիկաքիմիական կամ մեխանիկական եղանակով ռադիոակտիվ իզոտոպների լրիվ կամ մասնակի հեռացում։
Գ Լ ՈՒ Խ 2
ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ
Հոդված 3. | Բնակչության պաշտպանության ձևերը |
1. Բնակչության պաշտպանության ձևերն են անհատական պաշտպանությունը, տարահանումը և պատսպարումը:
Հոդված 4. | Բնակչության անհատական պաշտպանությունը |
1. Բնակչության անհատական պաշտպանության միջոցների տեսակները, դրանց ցանկը և ապահովման կարգը հաստատում է Կառավարությունը:
2. Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների ժամանակ անհատական պաշտպանության միջոցների ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը, ինչպես նաև սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները սահմանվում են առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով։
3. Բնակչության անհատական պաշտպանությունը կազմակերպում և իրականացնում են պետական կառավարման համակարգի մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և կազմակերպությունները:
Հոդված 5. | Տարահանումը |
1. Վտանգավոր տարածքից բնակչության, կենդանիների, նյութական և մշակութային արժեքների տարահանման, ընդունման և տեղաբաշխման կարգը հաստատում է Կառավարությունը:
2. Բնակչությունը վտանգավոր տարածքից կարող է տարահանվել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով կամ հետիոտն՝ կազմակերպված շարասյուներով:
3. Բնակչության, կենդանիների, նյութական և մշակութային արժեքների տարահանումը, ընդունումն ու տեղաբաշխումը, ինչպես նաև կենսաապահովումն իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ պետական կառավարման համակարգի մարմինները և կազմակերպությունները, իրենց գործունեության առանձնահատկություններից ելնելով, մասնակցում են այդ գործընթացին:
Հոդված 6. | Բնակչության պատսպարումը |
1. Բնակչության պատսպարումն իրականացվում է պաշտպանական կառույցներում:
2. Բնակչության պատսպարումն իրականացվում է ազդարարման միջոցով։
3. Պաշտպանական կառույցների պահպանության, սպասարկման, շահագործման, հիմնանորոգման, վերանորոգման, կահավորման, նախապատրաստման, պատրաստվածության բերման ապահովման պարտականությունը կրում են այդ կառույցների սեփականատերերը կամ դրանց օրինական տիրապետողները։
4. Բնակչության պատսպարումն իրականացնում են ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտները:
5. Պետական մարմինները, կազմակերպությունները յուրաքանչյուր կիսամյակ՝ մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը, լիազոր մարմնին են տրամադրում իրենց ենթակայության տակ գտնվող պաշտպանական կառույցների առկայության և վիճակի, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները նույն ժամկետում՝ բնակչության պաշտպանության համար նախատեսված պաշտպանական կառույցների ցանկի և դրանց վիճակի վերաբերյալ տեղեկությունները։
6. Բնակչության պատսպարման կարգը հաստատում է Կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ 3
ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Հոդված 7. | Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ուղղությունները |
1. Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ուղղություններն են`
1) աղետների ռիսկի նվազեցումը.
2) արտակարգ իրավիճակներին արձագանքումը և վաղ վերականգնումը.
3) հետաղետային վերականգնումը:
Հոդված 8. | Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության միջոցառումները |
1. Աղետների ռիսկի նվազեցման միջոցառումներն են՝
1) աղետների ռիսկի բաղադրիչների (վտանգ, խոցելիություն և կարողություն) գնահատումը և մշտադիտարկումը.
2) աղետների ռիսկի և կլիմայի փոփոխության հարմարվողականության տեղեկատվական միասնական համակարգի ստեղծումը և կառավարումը.
3) պլանավորման փաստաթղթերում և զարգացման ծրագրերում աղետների ռիսկի կառավարման, կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների ներառումը, այդ ծրագրերից բխող նոր ռիսկերի բացառումը կամ նվազեցումը.
4) աղետների ռիսկի կառավարման, արտակարգ իրավիճակներում գործելու, հանրապետական և փոխհամագործակցության պլանների մշակումը և կիրարկման ապահովումը՝ հաշվի առնելով բնակչության խոցելի խմբերի առանձնահատկությունները.
5) ազդարարման միասնական համակարգի ստեղծումը և հասանելիության ապահովումը բոլոր մակարդակներում` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով բնակչության խոցելի խմբերի կարիքներին.
6) բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովման, տարահանման, պատսպարման նախապատրաստական աշխատանքների մշտադիտարկումը.
7) բնակչության պաշտպանության տեսանկյունից բնակավայրերի, տարածքների գլխավոր հատակագծերում և մանրամասն հատակագծման ու գոտևորման նախագծերում արտադրական վտանգավոր օբյեկտների նպատակահարմար տեղաբաշխումը.
8) շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, տրանսպորտային հաղորդակցության ուղիների և մայրուղիների շինարարության, անվտանգ և հուսալի շահագործման նորմատիվ փաստաթղթերի պահանջների ապահովումը.
9) վտանգավոր և բարձր ռիսկայնության օբյեկտների գործունեության անվտանգության ապահովումը.
10) բնական, տեխնոլոգիական, ճառագայթային, քիմիական և կենսաբանական վտանգների մշտադիտարկումը.
11) ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների աշխատողների, մասնագետների, կամավորների, «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև աղետների ռիսկերի կառավարմանը մասնակցող այլ սուբյեկտների ուսուցումը.
12) ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների գործունեության կայունության և աշխատանքների անխափան շարունակականության ապահովումը.
13) ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների համալիր գնահատումը և ոչ պլանավորված ուսումնասիրությունները.
14) աղետների ռիսկի նվազեցման, դիմակայունության և անվտանգության մշակույթի ձևավորման ուղղությամբ բնակչության բոլոր շերտերի համար ուսուցման, կրթական ծրագրերի, մասնագիտացված կրթական ծրագրերի և իրազեկման ապահովումը՝ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերի կարիքներին.
15) արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, փրկարարական, վթարավերականգնողական և անհետաձգելի արձագանքման աշխատանքների ու բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման, տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված պաշարների կուտակումը, պահպանումը, թարմացումը և տրամադրումը։
2. Արտակարգ իրավիճակներում արձագանքման և վաղ վերականգնման միջոցառումներն են՝
1) ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների ազդարարումը.
2) փրկարարական, վթարավերականգնողական և անհետաձգելի արձագանքման աշխատանքների կատարումը.
3) ճառագայթային, քիմիական ու կենսաբանական գործոններից բնակչության պաշտպանության հատուկ միջոցառումների իրականացումը.
4) բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը, տարահանման և պատսպարման միջոցառումների իրականացումը.
5) բնակչության իրազեկումը, տեղեկատվության հասանելիության և հետադարձ կապի միջոցների ապահովումը.
6) շրջակա միջավայրի վիճակի դիտարկումը, զննումը և վերահսկողությունը.
7) խմելու ջրի, սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջների նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերով աղտոտվածության մշտադիտարկումը, զննումը և վերահսկողությունը.
8) հասարակական կարգի, ինչպես նաև պաշտպանական նշանակության, բնակչության կենսագործունեությունն ապահովող կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության ուժեղացումը.
9) բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը.
10) բնակչության կենսաապահովման միջոցառումների իրականացումը.
11) տուժած բնակչությանը ֆինանսական աջակցության տրամադրումը՝ Կառավարության սահմանած կարգով.
12) քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժման, բեռների ներմուծման և արտահանման կանոնակարգումը.
13) տրանսպորտային միջոցների ներգրավման ապահովումը.
14) կարիքների արագ գնահատումը և աղետի գոտում վաղ վերականգնման միջոցառումների ապահովումը.
15) միջազգային մարդասիրական օգնության հայտի ներկայացումը, միջազգային արագ արձագանքման թիմերի, փորձագետների, մարդասիրական բեռների և ուղեկցող անձնակազմի ներգրավման կազմակերպումը.
16) կորած անձանց առաջնահերթ որոնումը, հայտնաբերումը և ընտանիքի հետ միավորումը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով բնակչության խոցելի խմբերին.
17) տուժած բնակչությանը ժամանակավոր կացարաններով ապահովումը.
18) պետական սեփականություն հանդիսացող գույքի, նյութական պաշարների և միջոցների նպատակային հավաքագրումը և օգտագործումը.
19) անհրաժեշտության դեպքում պետական սեփականություն չհամարվող գույքի ժամանակավոր տիրապետումը և օգտագործումը.
20) էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի և ենթակառուցվածքների օգտագործումն ու լրացուցիչ կապուղիների հատկացումը.
21) բնակչության պաշտպանության միջոցառումների ինժեներական ապահովումը.
22) վթարված ինժեներական կառույցների գնահատումը և վերականգնման կազմակերպումը.
23) էներգահամակարգի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը.
24) «Հանրային առողջապահության մասին» օրենքով սահմանված միջոցառումների իրականացումը.
25) սոցիալական պաշտպանության համակարգում աղետների ռիսկի կառավարման և արագ արձագանքման մեխանիզմների գործարկումը.
26) գյուղատնտեսական մշակաբույսերի և կենդանիների առողջության պաշտպանության իրականացումը.
27) միջազգային ֆինանսական օգնության ներգրավումը.
28) անհատների ներգրավումը իրենց համաձայնությամբ՝ ըստ մասնագիտական և անհատական ունակությունների:
3. Հետաղետային վերականգնման միջոցառումներն են՝
1) աղետի հետևանքով պատճառված վնասի և կորստի գնահատումն ու հաշվառումը.
2) հետաղետային վերականգնման կարիքների գնահատումը.
3) տնտեսական գործունեության և բնակչության բնականոն կենսագործունեության hետաղետային վերականգնմանն ուղղված քաղաքականության մշակումը, դրա իրականացմանն ուղղված միջոցառումների միասնական ծրագրի մշակումն ու իրականացումը` հաշվի առնելով խոցելի խմբերի կարիքները, պատմամշակութային հուշարձանների և մշակութային արժեքների հետաղետային վերականգնումը, այդ գործընթացում աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների ներառումը, ինչպես նախկին, այնպես էլ նոր ռիսկերի բացառումը կամ նվազեցումը.
4) հետաղետային վերականգնման միջոցառումների իրականացմանն ուղղված ռեսուրսների, ներառյալ ֆինանսական միջոցների ներգրավումն ու կառավարումը.
5) հետաղետային վերականգնման գործընթացներում շինարարական, արդյունաբերական, քիմիական, ռադիոակտիվ թափոնների պահեստարանների տեղաբաշխման համար առավել անվտանգ տեղամասերի հստակեցումը, թափոնների մեկուսացումը և վերացումը, ռադիոակտիվ թափոնների վերամշակումը կամ թաղումը՝ բնապահպանական և բնակչության անվտանգության ապահովման միջազգային չափանիշներին համապատասխան.
6) հանրապետական, մարզային կամ համայնքային մակարդակներում վերականգնողական աշխատանքների իրականացման կարողությունների հզորացումը։
Հոդված 9. | Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության միջոցառումների՝ ըստ ոլորտների կազմակերպման ու իրականացման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի լիազոր մարմինները |
1. Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության միջոցառումների՝ ըստ ոլորտների կազմակերպման ու իրականացման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի լիազոր մարմինները սահմանվում են սույն օրենքի հավելվածով:
Գ Լ ՈՒ Խ 4
ԱՌԿ ԵՎ ԲՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ԱՌԿ ԵՎ ԲՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 10. | ԱՌԿ և ԲՊ համակարգի կառավարումը |
1. Աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներին արձագանքման ու վաղ վերականգնման և հետաղետային վերականգնման միջոցառումների իրականացման համար ստեղծվում են արտակարգ իրավիճակների հանձնաժողովներ, միջգերատեսչական հանձնաժողովներ, աղետին արձագանքման պատասխանատու հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր, ազգային աջակցման միջգերատեսչական աշխատանքային խումբ, շտաբներ:
2. Սույն հոդվածի 1-ին մասով ձևավորվող հանձնաժողովների, աշխատանքային խմբերի, ազգային աջակցման միջգերատեսչական աշխատանքային խմբի, շտաբների աշխատանքներին գործատուն իրավունք ունի աշխատողին՝ աշխատատեղի (պաշտոնի) և միջին աշխատավարձի պահպանմամբ, ընդգրկելու աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներին արձագանքման և վաղ վերականգնման, հետաղետային վերականգնման միջոցառումների մշակման և իրականացման համար։
3. Արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ դրանց առաջացման դեպքում ԱՌԿ և ԲՊ համակարգը գործում է համապատասխան ռեժիմներով՝ արտակարգ իրավիճակներին արձագանքման կառավարման մարմինների և արձագանքման ուժերի միջոցով:
4. ԱՌԿ և ԲՊ համակարգը գործում է հետևյալ ռեժիմներով.
1) ամենօրյա գործունեության՝ արտակարգ իրավիճակների և դրանց սպառնալիքի բացակայության դեպքում, որի ժամանակ ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտները (բացառությամբ ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) իրականացնում են իրենց վերապահված՝ վտանգի կանխման և կանխարգելման միջոցառումները.
2) բարձր պատրաստվածության՝ արտակարգ իրավիճակների սպառնալիքի առկայության դեպքում, որի ժամանակ ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտները (բացառությամբ ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) ճշգրտում են աղետների ռիսկի կառավարման կամ արտակարգ իրավիճակներում գործելու պլանները՝ համաձայն ստեղծված իրավիճակի, պատրաստվում են դրանց կիրարկմանը, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման նպատակով ստեղծված հանձնաժողովների, շտաբների ու աշխատանքային խմբերի անդամների համար աշխատատեղերը դարձնում են հասանելի և պատրաստվածության են բերում ուժերը, միջոցներն ու նյութական պահուստի պաշարները.
3) արտակարգ՝ արտակարգ իրավիճակների առաջացման և հնարավոր զարգացման, ինչպես նաև արտակարգ իրավիճակի մակարդակի մասին որոշման դեպքում, որի ժամանակ ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտները (բացառությամբ ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) իրականացնում են իրենց գործառույթներից բխող կամ աղետների ռիսկի կառավարման կամ արտակարգ իրավիճակներում գործելու պլաններով նախատեսված՝ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները և օգտագործում են ուժերը, միջոցներն ու նյութական պահուստի պաշարները:
5. Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված ռեժիմներին անցման, փոխադրման և դրանց ներքո գտնվող ԱՌԿ և ԲՊ համակարգում ներգրավված սուբյեկտների շրջանակի մասին որոշումներն ընդունում է Կառավարությունը մարզային և հանրապետական մակարդակում, համայնքի ավագանին՝ համայնքային մակարդակում:
Հոդված 11. | Կառավարության լիազորություններն աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ |
1. Կառավարությունն իր իրավասության շրջանակներում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ՝
1) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտի ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը.
2) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ աղետների ռիսկի, ներառյալ կլիմայի փոփոխության գնահատման կարգը՝ ըստ ոլորտների պետական կառավարման լիազոր մարմինների աջակցության՝ ներառելով գիտական և ինժեներական հաստատությունները.
3) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ հանրապետական մակարդակում աղետների ռիսկի, ներառյալ կլիմայի փոփոխության գնահատման հաշվետվությունը.
4) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ աղետների ռիսկի և կլիմայի փոփոխության հարմարվողականության տեղեկատվական միասնական համակարգի ստեղծման, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը.
5) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ հանրապետական պլանները՝ ըստ տարաբնույթ արտակարգ իրավիճակների.
6) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, առարկաների, աշխատանքների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննության իրականացման կարգը.
7) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների աղետների ռիսկի կառավարման կամ արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակման, համաձայնեցման, կիրարկման և այդ գործընթացի նկատմամբ մշտադիտարկման կարգը.
8) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ աղետների վաղ ազդարարման միասնական համակարգի ձևավորման հայեցակարգը.
9) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ կարևորագույն նշանակության, բարձր ռիսկայնության և վտանգավոր օբյեկտների ցանկը, ինչպես նաև օբյեկտները կարևորագույն նշանակության, բարձր ռիսկայնության և վտանգավոր օբյեկտների շարքին դասելու չափորոշիչները.
10) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ պաշտպանական կառույցների պահպանության, սպասարկման, շահագործման, հիմնանորոգման, վերանորոգման, կահավորման, նախապատրաստման, պատրաստվածության բերման չափորոշիչները և ապահովման կարգը.
11) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների ազդարարման և իրազեկման կարգը.
12) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ արտակարգ իրավիճակներում փրկարարական, վթարավերականգնողական և անհետաձգելի արձագանքման աշխատանքների կատարման կարգը.
13) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի գնահատման ու փոխհատուցման կարգը.
14) հաստատում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի մշակած՝ շրջակա միջավայրի վիճակի դիտարկման և զննման կարգը.
15) հաստատում է սննդամթերքի անվտանգության ոլորտի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի մշակած՝ սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջները․
16) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ ճառագայթային, քիմիական ու կենսաբանական գործոններից բնակչության պաշտպանության հատուկ միջոցառումների կարգը.
17) հաստատում է հասարակական կարգի պահպանության ոլորտի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի մշակած՝ արտակարգ իրավիճակի կամ աղետի գոտում հասարակական կարգի, ինչպես նաև պաշտպանական նշանակության, բնակչության կենսագործունեությունն ապահովող կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության ուժեղացման կարգը.
18) հաստատում է առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի մշակած՝ արտակարգ իրավիճակներում բնակչության օգնության և սպասարկման իրականացման կարգը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի կողմից բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կառավարման կարգը.
19) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության գործունեությանը միջազգային և տեղական կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) ներգրավման կարգը.
20) հաստատում է էկոնոմիկայի ոլորտի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի մշակած՝ արտակարգ իրավիճակներում բնակչության կենսաապահովման միջոցառումների իրականացման կարգը.
21) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ աղետներից ապահովագրման համակարգի ներդրման հայեցակարգը.
22) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ արտակարգ իրավիճակի հետևանքով կյանքի (մահվան), ինչպես նաև անձի գույքին և առողջությանը պատճառված վնասներից պարտադիր ապահովագրության չափորոշիչները, պայմանները և կարգը.
23) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ աղետների ռիսկի կառավարման ոլորտում տիեզերահենք տեղեկատվության օգտագործման նպատակով գործիքակազմի ձևավորմանն ուղղված հայեցակարգը.
24) հաստատում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի մշակած՝ տուժած բնակչության, ներառյալ խոցելի խմբերի սոցիալական աջակցության (ժամանակավոր կացարանով ապահովման, դրամական աջակցության, անձի սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային, սոցիալ-իրավական կարիքների բավարարմանն ուղղված սոցիալական ծառայությունների) տրամադրման կարգը.
25) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ ԱՌԿ ոլորտային միջազգային օրակարգի հաշվետվողականության կարգը.
26) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ աղետների ռիսկի կառավարման ոլորտում պետություն-մասնավոր գործընկերության խթանման և զարգացման ծրագիրը.
27) հաստատում է տրանսպորտի ոլորտի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի մշակած՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների ներգրավման կարգը.
28) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ միջազգային արագ արձագանքման թիմերի, փորձագետների, մարդասիրական բեռների ստացման հայտի ներկայացման, ընդունման և բաշխման կարգը.
29) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև իրավաբանական անձանց գույքի և այլ միջոցների օգտագործման և տիրապետման դեպքերը և կարգը, ինչպես նաև դրանց դիմաց համարժեք փոխհատուցման դեպքերը և կարգը.
30) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ պետական սեփականություն չհամարվող գույքի ժամանակավոր տիրապետման ու օգտագործման կազմակերպման կարգը.
31) հաստատում է կապի ոլորտի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի մշակած՝ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը և ենթակառուցվածքներն օգտագործելու և լրացուցիչ կապուղիներ հատկացնելու կարգը.
32) հաստատում է շրջակա միջավայրի պահպանության, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի մշակած՝ հետաղետային վերականգնման գործընթացներում շինարարական, արդյունաբերական և քիմիական թափոնների հաշվառման, հեռացման և օգտահանման կարգը.
33) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ արտակարգ իրավիճակների հանձնաժողովների, միջգերատեսչական հանձնաժողովների, աղետին արձագանքման պատասխանատու հանձնաժողովների, աշխատանքային խմբերի, ազգային աջակցման միջգերատեսչական աշխատանքային խմբի, շտաբների կառուցվածքն ու գործունեության կարգը.
34) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների շրջանում աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ուղղություններով համալիր գնահատումը և ոչ պլանավորված ուսումնասիրությունների իրականացման կարգը.
35) հաստատում է պաշտպանության ոլորտի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի մշակած՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի համապատասխան ստորաբաժանումներին արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքներին ներգրավման կարգը.
36) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության վերաբերյալ տեղեկությունների հավաքման, հաղորդման և մշակման կարգը.
37) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ արդյունաբերական վթարների հետևանքով առաջացած բնապահպանական աղետների արագ գնահատման կարգը.
38) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանները էլեկտրոնային եղանակով լիազոր մարմին ներկայացնելու, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի վարման կարգը.
39) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ սողանքային ռիսկի կառավարման պլանը.
40) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման ուղեցույցը.
41) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ տեղական մակարդակում ռիսկերի կառավարման կիրառական ուղեցույցը։
2. Աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ նախատեսված գործողություններից բխող միջոցառումների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ֆինանսական միջոցները նախատեսվում են՝ ելնելով հարկաբյուջետային հնարավորություններից՝ յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում դրանք քննարկվելու և հաստատվելու դեպքում։
Հոդված 12. | Կառավարության լիազորություններն արտակարգ իրավիճակներում արձագանքման և վաղ վերականգնման ուղղությամբ |
1. Կառավարությունն իր իրավասության շրջանակներում արտակարգ իրավիճակներում արձագանքման և վաղ վերականգնման ուղղությամբ`
1) կիրարկում է հանրապետական պլանները.
2) աղետի դեպքում դիմում է միջազգային հանրությանը՝ մարդասիրական օգնության ներգրավման համար։
Հոդված 13. | Կառավարության լիազորությունները հետաղետային վերականգնման ուղղությամբ |
1. Կառավարությունն իր իրավասության շրջանակներում հետաղետային վերականգնման ուղղությամբ՝
1) կազմակերպում է սույն օրենքով նախատեսված հետաղետային վերականգնման միջոցառումները.
2) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ հետաղետային վերականգնման ծրագիրը, ապահովում դրա իրականացումը և մշտադիտարկումը.
3) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ հետաղետային կարիքների գնահատման և վերականգնման հայեցակարգը և կարգը.
4) հաստատում է մշակույթի ոլորտի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի մշակած՝ պատմամշակութային հուշարձանների և մշակութային արժեքների հետաղետային վերականգնման ծրագիրը.
5) հաստատում է ֆինանսների կառավարման ոլորտի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի մշակած՝ հետաղետային վերականգնման միջոցառումների իրականացմանն ուղղված ֆինանսական ռեսուրսների ներգրավման և կառավարման ծրագիրը.
6) հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ հետաղետային կարիքների գնահատման ուղեցույցը։
Հոդված 14. | Ազգային ժողովի, դատարանների, անկախ պետական և ինքնավար մարմինների լիազորություններն աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ուղղությամբ |
1. Ազգային ժողովի, դատարանների, անկախ պետական և ինքնավար մարմիններն իրենց իրավասության շրջանակներում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ՝
1) մշակում, լիազոր մարմնի հետ համաձայնեցնում, հաստատում և Կառավարության սահմանած կարգով լիազոր մարմին են ներկայացնում արտակարգ իրավիճակներում իրենց գործելու պլանը, ապահովում դրա կիրարկումը.
2) սահմանված կարգով ստեղծում են ազդարարման համակարգեր, ապահովում դրանց անխափան աշխատանքը և աշխատողների ազդարարումը.
3) իրականացնում են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ուղղությամբ իրենց աշխատողների ուսուցումը, իրազեկումը և ուսումնավարժությունների անցկացումը.
4) կազմակերպում են իրենց համակարգի աշխատողների պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում.
5) իրականացնում են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 15. | Լիազոր մարմնի լիազորություններն աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ |
1. Լիազոր մարմինն իր իրավասության շրջանակներում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ՝
1) ապահովում է ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների ներգրավումը և մասնակցությունն աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված աշխատանքներին.
2) մշակում և հաստատում է արտակարգ իրավիճակներում գործելու իր պլանը, ապահովում դրա կիրարկումը.
3) կազմակերպում է հանրապետական մակարդակում աղետների ռիսկի, ներառյալ կլիմայի փոփոխության գնահատման գործընթացը, մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող երրորդ ամսվա վերջին աշխատանքային օրը պատրաստում է ամենամյա հաշվետվությունը և տասնօրյա ժամկետում ներկայացնում Կառավարություն.
4) մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող երրորդ ամսվա վերջին աշխատանքային օրը մշակում է ԱՌԿ և ԲՊ համակարգի ընդհանուր վիճակի գնահատման ամենամյա հաշվետվությունը և տասնօրյա ժամկետում ներկայացնում Կառավարություն.
5) իրականացնում է ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների (բացառությամբ ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) աղետների ռիսկի կառավարման կամ արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակման, համաձայնեցման և հաստատման մշտադիտարկումը.
6) իրականացնում է պաշտպանական կառույցների վիճակի և պատրաստվածության մշտադիտարկումը.
7) իրականացնում է ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների համալիր գնահատումն ու ոչ պլանավորված ուսումնասիրությունները և ձեռնարկում միջոցներ՝ ուղղված պատրաստվածության բարձրացմանը.
8) կազմակերպում է ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների աշխատողների, ծառայողների և բնակչության ուսուցումն աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության հարցերով՝ Կառավարության սահմանած կարգով.
9) մշակում և իրավասու պետական մարմինների հետ համատեղ հաստատում է ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների աղետների ռիսկի կառավարման կամ արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակման մեթոդական ուղեցույցները և օրինակելի ձևերը, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման պլանների նվազագույն չափանիշները.
10) իր լիազորությունների շրջանակում աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ուղղություններով իրականացնում է ոչ պլանավորված ուսումնասիրություններ ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտներում, ներկայացնում է առաջարկություններ աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում առկա խնդիրների, թերությունների վերացման, աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացման և արձագանքման պատրաստվածության ուղղություններով․
11) իր լիազորությունների շրջանակում իրականացնում է բնական, տեխնոլոգիական, ճառագայթային, քիմիական և կենսաբանական վտանգների մշտադիտարկում.
12) ապահովում է ազդարարման միասնական համակարգի ստեղծման գործընթացը, ազդարարման միասնական համակարգի անխափան աշխատանքի մշտադիտարկումը և իրականացնում ազդարարում բոլոր մակարդակներում.
13) մշակում և հաստատում է արտակարգ իրավիճակներում առաջնորդվելու համար հանրային վայրերում, պետական և մասնավոր կազմակերպությունների շենքերում և շինություններում տեղադրվող կողմնորոշիչ ցուցանակների բովանդակությունը.
14) ստեղծում և վարում է կարևորագույն նշանակության, բարձր ռիսկայնության և վտանգավոր օբյեկտների տվյալների էլեկտրոնային շտեմարանը, որի վարման կարգը հաստատում է լիազոր մարմինը։
Հոդված 16. | Լիազոր մարմնի լիազորություններն արտակարգ իրավիճակներում արձագանքման և վաղ վերականգնման ուղղությամբ |
1. Լիազոր մարմինն իր իրավասության շրջանակներում արտակարգ իրավիճակներում արձագանքման և վաղ վերականգնման ուղղությամբ՝
1) ապահովում է ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների ներգրավումը և մասնակցությունն արտակարգ իրավիճակներում արձագանքմանը և վաղ վերականգնմանն ուղղված աշխատանքներին.
2) կազմակերպում է բնակչության իրազեկման, տեղեկատվության հասանելիության և հետադարձ կապի ապահովումն արտակարգ իրավիճակների բոլոր մակարդակներում.
3) իրականացնում է տուժած բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական պաշարների ու ֆոնդերի նպատակային օգտագործումը.
4) կազմակերպում է կարիքների գնահատման և արտակարգ իրավիճակի կամ աղետի գոտում վաղ վերականգնման միջոցառումները.
5) կազմակերպում է միջազգային արագ արձագանքման թիմերի, փորձագետների, մարդասիրական բեռների ստացման հայտի ներկայացման, ընդունման և բաշխման աշխատանքները.
6) մասնակցում է կորած անձանց, առաջին հերթին՝ բնակչության խոցելի խմբերում ներառված, որոնման, հայտնաբերման և ընտանիքի հետ միավորման աշխատանքների իրականացմանը.
7) կազմակերպում է պետական սեփականություն հանդիսացող գույքի, նյութական պաշարների և միջոցների նպատակային հավաքագրման ու օգտագործման աշխատանքները.
8) կազմակերպում է պետական սեփականություն չհամարվող գույքի ժամանակավոր տիրապետումն ու օգտագործումը.
9) ներկայացնում է հայտ կապի ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմին էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը և ենթակառուցվածքներն օգտագործելու և լրացուցիչ կապուղիներ հատկացնելու վերաբերյալ.
10) կազմակերպում է անասնահամաճարակային և մշակաբույսերի զանգվածային հիվանդությունների կանխարգելման, վերացման և կարանտինային միջոցառումների իրականացումը.
11) առաջարկություններ է ներկայացնում Կառավարություն հանրապետական պլանները մասամբ կամ ամբողջովին կիրառելու վերաբերյալ, կազմակերպում է այդ պլաններով սահմանված միջոցառումների իրականացումը.
12) կազմակերպում է աշխատունակ քաղաքացիների (նրանց համաձայնությամբ) ներգրավումն արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքներին` ըստ մասնագիտական և անհատական հատկանիշների։
Հոդված 17. | Լիազոր մարմնի լիազորությունները հետաղետային վերականգնման ուղղությամբ |
1. Լիազոր մարմինն իր իրավասության շրջանակներում հետաղետային վերականգնման ուղղությամբ՝
1) ապահովում է ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների ներգրավումը և մասնակցությունը հետաղետային վերականգնմանն ուղղված աշխատանքներին.
2) կազմակերպում է արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի և կորուստների գնահատման ու հաշվառման աշխատանքները.
3) մշակում է հետաղետային վերականգնման ծրագիր՝ ԱՌԿ և ԲՊ համակարգի մյուս սուբյեկտների հետ համատեղ.
4) իրականացնում է աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանությանն ուղղված՝ օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 18. | Պետական կառավարման համակարգի մարմինների լիազորություններն աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ |
1. Պետական կառավարման համակարգի մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ՝
1) իրականացնում են իրենց գործունեության ոլորտի աղետների ռիսկի, ներառյալ կլիմայի փոփոխության գնահատման գործընթացը, մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող առաջին ամսվա վերջին աշխատանքային օրը հաստատում են ամենամյա հաշվետվությունը և հնգօրյա ժամկետում ներկայացնում լիազոր մարմին.
2) մասնակցում են հանրապետական մակարդակում աղետների ռիսկի, ներառյալ կլիմայի փոփոխության գնահատման աշխատանքներին.
3) աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում համակարգում են իրենց ենթակա կազմակերպությունների աշխատանքները` անկախ կազմակերպաիրավական ձևից.
4) իրենց իրավասության ոլորտում իրականացնում են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումն ու տրամադրումը լիազոր մարմնին.
5) իրենց ոլորտային զարգացման ծրագրերում (լիազոր մարմնի հետ նախապես համաձայնեցված) ներառում են աղետների ռիսկի կառավարման, կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ, ապահովում դրանց իրականացումն ու մշտադիտարկումը.
6) մշակում, լիազոր մարմնի հետ համաձայնեցնում, հաստատում և Կառավարության սահմանած կարգով լիազոր մարմին են ներկայացնում արտակարգ իրավիճակներում գործելու իրենց պլանները՝ ներառելով հանրապետական արձագանքման պլաններով իրենց վերապահված գործողությունները, ապահովում դրանց կիրարկումը.
7) իրենց համակարգում ստեղծում են ազդարարման համակարգեր, ապահովում դրանց անխափան աշխատանքը.
8) իրենց իրավասության ոլորտում ապահովում են բարձր ռիսկայնության օբյեկտների և կարևորագույն նշանակության օբյեկտների գործունեության անվտանգության ապահովման նորմերի պահանջների կատարումը.
9) իրականացնում են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ուղղությամբ իրենց աշխատողների ուսուցումը, իրազեկումը և ուսումնավարժությունների անցկացումը.
10) իրենց պատկանող շենքերում և շինություններում տեղադրում են արտակարգ իրավիճակներում գործողություններ նախատեսող կողմնորոշիչ ցուցանակներ.
11) իրենց իրավասության ոլորտում կնքում են պայմանագրեր, համաձայնագրեր և հուշագրեր մարդասիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ։
Հոդված 19. | Պետական կառավարման համակարգի մարմինների լիազորություններն արտակարգ իրավիճակներում արձագանքման և վաղ վերականգնման ուղղությամբ |
1. Պետական կառավարման համակարգի մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում արտակարգ իրավիճակներում արձագանքման և վաղ վերականգնման ուղղությամբ՝
1) իրականացնում են իրենց համակարգի աշխատողների ազդարարումն ու իրազեկումը՝ համաձայն արտակարգ իրավիճակներում գործելու իրենց պլանների.
2) կազմակերպում են իրենց համակարգի աշխատողների պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում.
3) կազմակերպում են իրենց ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների գործունեությունն արտակարգ իրավիճակներում.
4) բնակչության պաշտպանության նպատակով տրամադրում են մասնագիտական աջակցություն.
5) մասնակցում են փրկարարական, վթարավերականգնողական և անհետաձգելի արձագանքման աշխատանքների իրականացմանը.
6) մասնակցում են կարիքների գնահատման և վաղ վերականգնման միջոցառումների պլանավորման և իրականացման աշխատանքներին.
7) մասնակցում են միջազգային արագ արձագանքման թիմերի, փորձագետների, մարդասիրական բեռների ստացման հայտի մշակման և ազգային աջակցման, ընդունման և բաշխման աշխատանքներին.
8) մասնակցում են արտակարգ իրավիճակների հանրապետական հանձնաժողովի, արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման կառավարման և ազգային աջակցման միջգերատեսչական աշխատանքային խմբերի աշխատանքներին.
9) մասնակցում են պետական սեփականություն հանդիսացող գույքի, նյութական պաշարների և միջոցների նպատակային հավաքագրման աշխատանքներին ու դրանց օգտագործման գործընթացին.
10) իրականացնում են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության բնագավառի վերաբերյալ օրենքով սահմանված այլ լիազորություններ:
2. Արտակարգ իրավիճակներով պայմանավորված` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կառավարման լիազորություններն անցնում են առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին` անկախ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների սեփականության և կազմակերպաիրավական ձևից, բացառությամբ պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի զինվորական հոսպիտալների:
Հոդված 20. | Պետական կառավարման համակարգի մարմինների լիազորությունները հետաղետային վերականգնման ուղղությամբ |
1. Պետական կառավարման համակարգի մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում հետաղետային վերականգնման ուղղությամբ՝
1) մասնակցում են հետաղետային վերականգնման ծրագրի մշակմանը և դրանով նախատեսված միջոցառումների իրականացմանը.
2) ապահովում են կորուստների և վնասի, հետաղետային վերականգնման և վերակառուցման կարիքների գնահատման գործընթացում համապատասխան մասնագետների մասնակցությունը և ներկայացնում ոլորտին վերաբերող մասնագիտական եզրակացություն.
3) իրականացնում են հետաղետային վերականգնման միջոցառումներին ուղղված ռեսուրսների ներգրավումն ու կառավարումը.
4) մասնակցում են հետաղետային վերականգնման և վերակառուցման գործընթացներում շինարարական, արդյունաբերական և քիմիական թափոնների տեղաբաշխման համար առավել անվտանգ տեղամասերի հատկացման, թափոնների մեկուսացման ու վերացման աշխատանքներին.
5) մասնակցում են պատմամշակութային հուշարձանների և մշակութային արժեքների հետաղետային վերականգնման ծրագրի մշակմանը և իրականացմանը.
6) իրականացնում են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ուղղությամբ օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 21. | Տարածքային կառավարման մարմինների լիազորություններն աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ |
1. Տարածքային կառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանակներում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ մարզի տարածքում՝
1) իրականացնում են աղետների ռիսկի, ներառյալ կլիմայի փոփոխության գնահատում և հաստատում են ամենամյա հաշվետվությունը.
2) իրականացնում են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումն ու տեղեկատվության տրամադրումը տարածքային կառավարման ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին և լիազոր մարմնին.
3) մարզային զարգացման ծրագրերում (լիազոր մարմնի հետ նախապես համաձայնեցված) ներառում են աղետների ռիսկի կառավարման, կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ, ապահովում դրանց իրականացումն ու մշտադիտարկումը.
4) մշակում, լիազոր մարմնի հետ համաձայնեցնում, հաստատում և Կառավարության սահմանած կարգով լիազոր մարմին են ներկայացնում արտակարգ իրավիճակներում գործելու մարզային պլանը՝ ներառելով հանրապետական պլաններով իրենց վերապահված գործողությունները, ապահովում դրանց կիրարկումը.
5) իրենց համակարգում ստեղծում են ազդարարման համակարգեր, ապահովում դրանց անխափան աշխատանքը.
6) մասնակցում են ազդարարման միասնական համակարգի ստեղծման աշխատանքներին և ապահովում համակարգի անխափան աշխատանքի մշտադիտարկումը մարզի տարածքում.
7) մասնակցում են բնակավայրերի, տարածքների գլխավոր հատակագծերում և մանրամասն հատակագծման ու գոտևորման նախագծերում արտադրական վտանգավոր օբյեկտների նպատակահարմար տեղաբաշխման սանիտարական նորմերի ներառման աշխատանքներին.
8) ապահովում են մարզային ենթակայության շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, տրանսպորտային հաղորդակցության ուղիների և մայրուղիների շինարարության, անվտանգ և հուսալի շահագործման նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարումը.
9) ապահովում են իրենց ենթակայության տակ գտնվող բարձր ռիսկայնության օբյեկտների և կարևորագույն նշանակության օբյեկտների գործունեության անվտանգությունը.
10) ապահովում են իրենց ենթակայության տակ գտնվող օբյեկտներում, շենքերում և շինություններում արտակարգ իրավիճակներում գործողություններ նախատեսող կողմնորոշիչ ցուցանակների տեղադրումը.
11) մասնակցում են բարձր ռիսկայնության օբյեկտների և կարևորագույն նշանակության օբյեկտների գործունեության անվտանգության նորմերի պահանջների կատարման ապահովմանը.
12) իրականացնում են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ուղղությամբ բնակչության ուսուցումը, իրազեկումը և ուսումնավարժությունների անցկացումը։
Հոդված 22. | Տարածքային կառավարման մարմինների լիազորություններն արտակարգ իրավիճակներում արձագանքման և վաղ վերականգնման ուղղությամբ |
1. Տարածքային կառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանակներում արտակարգ իրավիճակներում արձագանքման և վաղ վերականգնման ուղղությամբ մարզի տարածքում՝
1) կազմակերպում են մարզի բնակչության պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում.
2) իրականացնում են մարզի բնակչության ազդարարումը.
3) իրականացնում են մարզի բնակչությանն անհատական պաշտպանության միջոցների տրամադրումը, տարահանումը և պատսպարումը.
4) մասնակցում են փրկարարական, վթարավերականգնողական և անհետաձգելի արձագանքման աշխատանքների իրականացմանը.
5) իրականացնում են մարզի բնակչության իրազեկման, տեղեկատվության հասանելիության և հետադարձ կապի ապահովման աշխատանքներ.
6) մասնակցում են ճառագայթային, քիմիական ու կենսաբանական գործոններից բնակչության պաշտպանության հատուկ միջոցառումների իրականացմանը.
7) կազմակերպում են հասարակական կարգի, բնակչության կենսագործունեությունն ապահովող կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության ուժեղացման աշխատանքներ.
8) մասնակցում են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների ապահովման աշխատանքներին.
9) մասնակցում են միջազգային արագ արձագանքման թիմերի, փորձագետների, մարդասիրական բեռների ստացման հայտի մշակման և ազգային աջակցման աշխատանքներին.
10) մասնակցում են կորած անձանց որոնման, հայտնաբերման և ընտանիքի հետ միավորման աշխատանքներին.
11) մասնակցում են դիակների ճանաչման և հուղարկավորման աշխատանքներին.
12) մասնակցում են անասնահամաճարակային և մշակաբույսերի զանգվածային հիվանդությունների կանխարգելման, վերացման և կարանտինային միջոցառումների իրականացմանը.
13) մասնակցում են արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման կառավարման ու ազգային աջակցման միջգերատեսչական աշխատանքային խմբերի աշխատանքներին.
14) մասնակցում են կարիքների գնահատման և վաղ վերականգնման միջոցառումների պլանավորմանն ու իրականացմանը` Կառավարության սահմանած կարգով:
Հոդված 23. | Տարածքային կառավարման մարմինների լիազորությունները հետաղետային վերականգնման ուղղությամբ |
1. Տարածքային կառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանակներում հետաղետային վերականգնման ուղղությամբ մարզի տարածքում`
1) մասնակցում են հետաղետային վերականգնման ծրագրի մշակման և դրա իրականացման աշխատանքներին.
2) կազմակերպում են վնասի և կորուստների գնահատման գործընթացը.
3) կազմակերպում և մշտադիտարկում են հետաղետային վերականգնման միջոցառումներին ուղղված ռեսուրսների ներգրավման աշխատանքները.
4) կազմակերպում են հետաղետային վերականգնման և վերակառուցման գործընթացներում շինարարական, արդյունաբերական և քիմիական թափոնների տեղաբաշխման համար առավել անվտանգ տեղամասերի հատկացման, թափոնների մեկուսացման ու վերացման աշխատանքները.
5) իրենց իրավասության ոլորտում կազմակերպում են կրթության շարունակականության ապահովման գործընթացը.
6) մասնակցում են պատմամշակութային հուշարձանների և մշակութային արժեքների հետաղետային վերականգնման ծրագրի իրականացմանը.
7) իրականացնում են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 24. | Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ |
1. Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանակներում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ համայնքի տարածքում՝
1) իրականացնում են միջոցառումներ համայնքային ենթակայության օբյեկտների անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով.
2) ստեղծում են ազդարարման համակարգեր և ապահովում դրանց անխափան աշխատանքը.
3) իրականացնում են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումն ու տեղեկատվության տրամադրումը տարածքային կառավարման մարմնին.
4) մշակում, լիազոր մարմնի հետ համաձայնեցնում, հաստատում և Կառավարության սահմանած կարգով լիազոր մարմին են ներկայացնում աղետների ռիսկի կառավարման պլանը՝ ներառելով հանրապետական պլաններով իրենց վերապահված գործողությունները, ապահովում դրանց կիրարկումը.
5) մասնակցում են մարզային մակարդակում աղետների ռիսկի, ներառյալ կլիմայի փոփոխության գնահատման գործընթացին.
6) իրականացնում են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ուղղությամբ համայնքի բնակչության ուսուցումը, իրազեկումը և ուսումնավարժությունների անցկացումը.
7) տեղադրում են համայնքին պատկանող հանրային վայրերում, ինչպես նաև համայնքային սեփականության շենքերում և շինություններում արտակարգ իրավիճակներում գործողություններ նախատեսող կողմնորոշիչ ցուցանակներ.
8) իրականացնում են աղետների ռիսկի գնահատման գործընթացը աղետների ռիսկի կառավարման պլանի մշակման շրջանակներում.
9) ապահովում են բնակավայրերի, տարածքների գլխավոր հատակագծերում և մանրամասն հատակագծման և գոտևորման նախագծերում արտադրական վտանգավոր օբյեկտների նպատակահարմար տեղաբաշխման սանիտարական նորմերի պահանջների կատարումը.
10) ապահովում են համայնքային ենթակայության շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, տրանսպորտային հաղորդակցության ուղիների շինարարության, անվտանգ և հուսալի շահագործման նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարումը.
11) իրականացնում են իրենց ենթակայության տակ գտնվող բարձր ռիսկայնության օբյեկտների և կարևորագույն նշանակության օբյեկտների գործունեության անվտանգության ապահովման աշխատանքներ։
2. Տեղական ինքնակառավարման մարմինները համայնքի բյուջե փաստացի ստացված եկամուտների հաշվին իրականացնում են աղետների ռիսկի կառավարման միջոցառումներ։
3. Տեղական ինքնակառավարման մարմինները հնգամյա զարգացման ծրագրերում (լիազոր մարմնի հետ նախապես համաձայնեցված) որպես բաղկացուցիչ մաս ներառում են աղետների ռիսկի կառավարման, կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ, ապահովում դրանց իրականացումը:
Հոդված 25. | Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն արտակարգ իրավիճակներում արձագանքման և վաղ վերականգնման ուղղությամբ |
1. Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանակներում արտակարգ իրավիճակներում արձագանքման և վաղ վերականգնման ուղղությամբ համայնքի տարածքում՝
1) սահմանված կարգով իրականացնում են համայնքի բնակչության ազդարարումը և իրազեկումը.
2) կազմակերպում են համայնքի բնակչության պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում.
3) իրականացնում են համայնքի բնակչությանն անհատական պաշտպանության միջոցների տրամադրումը, տարահանումը, պատսպարումը.
4) կազմակերպում են փրկարարական, վթարավերականգնողական և անհետաձգելի արձագանքման աշխատանքները.
5) իրականացնում են համայնքի բնակչության իրազեկման, տեղեկատվության հասանելիության և հետադարձ կապի ապահովման աշխատանքներ.
6) համայնքի բնակիչներին ներգրավում են արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքներում՝ իրենց համաձայնությամբ.
7) մասնակցում են միջազգային արագ արձագանքման թիմերի, փորձագետների, մարդասիրական բեռների ստացման հայտի մշակման և ազգային աջակցման աշխատանքներին.
8) մասնակցում են տուժած բնակչությանը մարդասիրական օգնության բաշխման աշխատանքներին.
9) լիազոր մարմնին տեղեկացնում են արտակարգ իրավիճակի սպառնալիքի կամ առաջացման մասին.
10) մասնակցում են ճառագայթային, քիմիական ու կենսաբանական գործոններից բնակչության պաշտպանության հատուկ միջոցառումների իրականացմանը.
11) կազմակերպում են հասարակական կարգի, բնակչության կենսագործունեության ապահովման և կարևոր օբյեկտների պահպանության ուժեղացմանն ուղղված աշխատանքները.
12) մասնակցում են բնակչության բժշկական օգնության և սպասարկման գործընթացի կազմակերպման աշխատանքներին.
13) իրականացնում են բնակչության կենսաապահովումը.
14) ապահովում են բնակչության պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցներով.
15) կազմակերպում են կարիքների գնահատման և վաղ վերականգնման միջոցառումների պլանավորման և իրականացման աշխատանքները.
16) մասնակցում են կորած անձանց՝ առաջին հերթին խոցելի խմբերում ներառված, որոնման, հայտնաբերման և ընտանիքի հետ միավորման աշխատանքներին.
17) կազմակերպում են դիակների ճանաչման և հուղարկավորման աշխատանքները.
18) կազմակերպում են համայնքային սեփականություն համարվող գույքի տիրապետման և օգտագործման գործընթացն արտակարգ իրավիճակներում.
19) արտակարգ իրավիճակների ժամանակ, անհրաժեշտության դեպքում, ներգրավվում են էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի և ենթակառուցվածքների օգտագործման և լրացուցիչ կապուղիների հատկացման գործընթացի կազմակերպմանը.
20) մասնակցում են վարակիչ զանգվածային, անասնահամաճարակային և մշակաբույսերի զանգվածային հիվանդությունների կանխարգելման, վերացման և կարանտինային միջոցառումների իրականացմանը.
21) կազմակերպում են արձագանքման ուժերի մոբիլիզացումը և նրանց ներգրավվածությունն արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքներում.
22) կայացնում են արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում բնակչության տարահանման և տարահանված բնակչությանը ժամանակավոր կացարաններով ապահովելու վերաբերյալ որոշումներ.
23) արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման նպատակով դիմում են Կառավարության օգնությանը։
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված միջոցառումները համարվում են պետության կողմից պատվիրակված, և դրանց իրականացումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված միջոցառումների:
Հոդված 26. | Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները հետաղետային վերականգնման ուղղությամբ |
1. Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանակներում հետաղետային վերականգնման ուղղությամբ համայնքի տարածքում՝
1) մասնակցում են հետաղետային վերականգնման ծրագրի մշակման և դրա իրականացման աշխատանքներին.
2) կազմակերպում են կորուստների և վնասի գնահատման գործընթացը.
3) կազմակերպում և մշտադիտարկում են տնտեսական գործունեության և բնականոն կենսագործունեության վերականգնման աշխատանքները.
4) ներգրավում են հետաղետային վերականգնման միջոցառումներին ուղղված ռեսուրսները և կառավարում դրանք.
5) իրականացնում են հետաղետային վերականգնման և վերակառուցման գործընթացներում շինարարական, արդյունաբերական ու քիմիական թափոնների համար առավելագույն անվտանգ տեղամասերի հատկացման, թափոնների մեկուսացման ու վերացման աշխատանքներ.
6) մասնակցում են կրթության շարունակականության ապահովմանն ուղղված աշխատանքներին.
7) մասնակցում են պատմամշակութային հուշարձանների և մշակութային արժեքների հետաղետային վերականգնման ծրագրի իրականացմանը.
8) իրականացնում են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում օրենքով վերապահված այլ լիազորություններ:
Հոդված 27. | Կազմակերպությունների լիազորություններն աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ |
1. Կազմակերպություններն աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ կազմակերպության տարածքում`
1) իրենց գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ իրականացնում են աղետների ռիսկի, ներառյալ կլիմայի փոփոխության գնահատում.
2) մասնակցում են համայնքային և մարզային մակարդակում աղետների ռիսկի, ներառյալ կլիմայի փոփոխության գնահատման աշխատանքներին.
3) իրենց գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ իրականացնում են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում և նշված տեղեկությունները տարին առնվազն մեկ անգամ տրամադրում են տեղական ինքնակառավարման մարմնին և լիազոր մարմնին.
4) աղետների ռիսկի կառավարման, կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումները ներառում են զարգացման ծրագրերում (լիազոր մարմնի հետ նախապես համաձայնեցված) և ապահովում դրանց իրականացումը.
5) բացառությամբ բարձր ռիսկայնության օբյեկտների, մշակում, լիազոր մարմնի հետ համաձայնեցնում, հաստատում և Կառավարության սահմանած կարգով լիազոր մարմին են ներկայացնում արտակարգ իրավիճակներում գործելու իրենց պլանը՝ ներառելով հանրապետական պլաններով իրենց վերապահված գործողությունները, ապահովում դրա կիրարկումը.
6) բարձր ռիսկայնության օբյեկտները մշակում, լիազոր մարմնի հետ համաձայնեցնում, հաստատում և Կառավարության սահմանած կարգով լիազոր մարմին են ներկայացնում աղետների ռիսկի կառավարման իրենց պլանը՝ ներառելով հանրապետական պլաններով իրենց վերապահված գործողությունները, ապահովում դրա կիրարկումը.
7) իրականացնում են աղետների ռիսկի գնահատման գործընթացը արտակարգ իրավիճակներում գործելու կամ աղետների ռիսկի կառավարման պլանի մշակման շրջանակներում.
8) ստեղծում են ազդարարման համակարգեր և ապահովում դրանց անխափան աշխատանքը.
9) իրենց գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ ապահովում են մանրամասն հատակագծման և գոտևորման նախագծերում արտադրական վտանգավոր օբյեկտների նպատակահարմար տեղաբաշխման սանիտարական նորմերի պահանջների կատարումն իրենց տարածքում.
10) ապահովում են իրենց հաշվեկշռում գտնվող շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, տրանսպորտային հաղորդակցության ուղիների և մայրուղիների շինարարության, անվտանգ և հուսալի շահագործման նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարումը.
11) իրենց գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ ռիսկային գոտում գտնվող համայնքների ազդակիր բնակավայրերում ստեղծում են ազդարարման համակարգեր և ապահովում դրանց անխափան աշխատանքը.
12) իրենց գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ ապահովում են բնական, տեխնոլոգիական, ճառագայթային, քիմիական և կենսաբանական վտանգների մշտադիտարկումն ու հսկողության կազմակերպումը.
13) իրականացնում են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ուղղությամբ կազմակերպության աշխատողների ուսուցումը, իրազեկումը և ուսումնավարժությունների անցկացումը.
14) իրենց գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ կազմակերպության տարածքում իրականացնում են ճառագայթային, քիմիական ու կենսաբանական գործոններից աշխատողների պաշտպանության հատուկ միջոցառումների պլանավորումը.
15) իրենց պատկանող շենքերում և շինություններում տեղադրում են արտակարգ իրավիճակներում գործողություններ նախատեսող կողմնորոշիչ ցուցանակներ.
16) բարձր ռիսկայնության օբյեկտները և կարևորագույն նշանակության օբյեկտներն ապահովում են իրենց գործունեության անվտանգությունը.
17) իրենց գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ իրականացնում են բնակչության բժշկական օգնության և սպասարկման գործընթացի պլանավորումը.
18) իրենց գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ իրականացնում են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների ներգրավման պլանավորումը.
19) իրենց գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ ստեղծում են արձագանքման ուժեր ու միջոցներ և ապահովում դրանց մշտական պատրաստվածությունը.
20) լիազոր մարմնին և ոլորտը համակարգող համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին են տրամադրում տեղեկություն աղետի ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներում գործելու և աշխատողների պատրաստության բարձրացմանն ուղղված միջոցառումների պլանավորման և կատարման վերաբերյալ:
2. Կառավարության որոշումներով հաստատված կարգերով վտանգավոր օբյեկտներ շահագործող անձինք մշակում և հաստատում են անվտանգության անձնագիր (արտադրական վտանգավոր օբյեկտներ), անվտանգության վկայագիր (վտանգավոր արդյունաբերական օբյեկտ), անվտանգության հայտարարագիր (հիդրոտեխնիկական կառուցվածքներ) և ներկայացնում լիազոր մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանում:
3. Վտանգավոր օբյեկտի և տեղական ինքնակառավարման մարմնի կամ տարածքային կառավարման մարմնի կամ Կառավարության միջև կնքվում է պայմանագիր՝ ուղղված արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման ուղղությամբ համագործակցությանը և աջակցությանը՝ հաշվի առնելով վտանգավոր օբյեկտի գործունեության հետևանքով առաջացած հնարավոր արտակարգ իրավիճակի աղբյուրի վնասակար գործոնների ազդեցության մասշտաբները։
Հոդված 28. | Կազմակերպությունների լիազորություններն արտակարգ իրավիճակներում արձագանքման և վաղ վերականգնման ուղղությամբ |
1. Կազմակերպություններն արտակարգ իրավիճակներում արձագանքման և վաղ վերականգնման ուղղությամբ՝
1) իրականացնում են իրենց աշխատողների պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում.
2) մասնակցում են փրկարարական, վթարավերականգնողական և անհետաձգելի արձագանքման աշխատանքների իրականացմանը և տրամադրում անհրաժեշտ ուժեր համապատասխան աշխատանքներ կատարելու համար.
3) վտանգավոր օբյեկտներն իրականացնում են հնարավոր վտանգավոր ազդեցության գոտում բնակվող բնակչության անհապաղ ազդարարումը և պաշտպանությունը.
4) այն վտանգավոր օբյեկտները, որոնք տեղակայված են միմյանց այնքան մոտ, որ միասին կարող են մեծացնել խոշոր վթարների հավանականությունը կամ վատթարացնել դրանց հետևանքները, իրենց աղետների ռիսկի կառավարման կամ արտակարգ իրավիճակներում գործելու պլանների համաձայն, պետք է պլանավորեն համապատասխան տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև բնակչության իրազեկման գործընթացը, այդ թվում՝ հարևան կազմակերպությունների հետ, որոնք կարող են տուժել.
5) իրականացնում են իրենց աշխատողների ազդարարումն ու իրազեկումը.
6) տեղեկացնում են լիազորված մարմնին արտակարգ իրավիճակի հետ կապված հնարավոր սպառնալիքի մասին.
7) իրականացնում են իրենց աշխատողներին անհատական պաշտպանության միջոցների տրամադրումը, տարահանումը, պատսպարումը.
8) իրենց գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ ապահովում են շրջակա միջավայրի, խմելու ջրի, սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջները.
9) իրենց գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ մասնակցում են ճառագայթային, քիմիական ու կենսաբանական գործոններից բնակչության պաշտպանության հատուկ միջոցառումների իրականացմանը.
10) իրենց գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ իրականացնում են կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության ուժեղացում.
11) իրենց գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ իրականացնում են բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը.
12) իրենց գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ իրականացնում են բնակչության կենսաապահովում.
13) իրենց գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ իրականացնում են բնակչության պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների ապահովման աշխատանքներ.
14) իրականացնում են կազմակերպության կայուն գործունեության և աշխատանքների անընդհատության ու շարունակականության աշխատանքներ.
15) մասնակցում են միջազգային արագ արձագանքման թիմերի, փորձագետների, մարդասիրական բեռների ստացման հայտի մշակման և ազգային աջակցման աշխատանքներին.
16) մասնակցում են պետական և պետական սեփականություն չհանդիսացող գույքի, նյութական պաշարների և միջոցների նպատակային հավաքագրման ու օգտագործման գործընթացին.
17) իրենց գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ իրականացնում են էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի և ենթակառուցվածքների առաջնահերթ օգտագործման բաշխումը և լրացուցիչ կապուղիների հատկացումը.
18) իրենց գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ ներգրավվում են կարանտինային, անասնահամաճարակային և մշակաբույսերի զանգվածային հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումների իրականացմանը.
19) իրենց գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ ներգրավվում են կարիքների գնահատման և վաղ վերականգնման միջոցառումների պլանավորման ու իրականացման աշխատանքներին։
Հոդված 29. | Կազմակերպությունների լիազորությունները հետաղետային վերականգնման ուղղությամբ |
1. Կազմակերպությունները հետաղետային վերականգնման ուղղությամբ՝
1) մասնակցում են հետաղետային վերականգնման ծրագրի մշակման և դրա իրականացման աշխատանքներին.
2) կազմակերպում են կորուստների և վնասի գնահատման գործընթացը կազմակերպության մակարդակում.
3) մասնակցում են տնտեսական գործունեության, բնակարանային ֆոնդի և այլ վերականգնման աշխատանքներին արտակարգ իրավիճակի կամ աղետի գոտում.
4) մասնակցում են հետաղետային վերականգնման միջոցառումներին՝ ուղղված ռեսուրսների ապահովման աշխատանքներին.
5) մասնակցում են հետաղետային վերականգնման և վերակառուցման գործընթացներում շինարարական, արդյունաբերական և քիմիական թափոնների տեղաբաշխման համար առավել անվտանգ տեղամասերի հատկացման, թափոնների մեկուսացման ու վերացման աշխատանքներին.
6) իրենց գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ իրականացնում են կրթության շարունակականության ապահովման աշխատանքները.
7) իրենց գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ ներգրավվում են պատմամշակութային հուշարձանների և մշակութային արժեքների հետաղետային վերականգնման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանը.
8) իրականացնում են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 30. | Ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի իրավունքները և պարտականությունները |
1. Ֆիզիկական անձինք, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերը, իրավունք ունեն՝
1) պաշտպանելու սեփական կյանքը, առողջությունը և ունեցվածքը արտակարգ իրավիճակների ժամանակ.
2) արտակարգ իրավիճակներում օգտագործելու հավաքական և անհատական պաշտպանության միջոցները և նյութական պաշարները.
3) ճշգրիտ տեղեկություն ստանալու արտակարգ իրավիճակների, դրանց առաջացման վտանգի և իրենց պաշտպանվածության աստիճանի մասին.
4) օրենսդրությանը համապատասխան՝ հնարավորության սահմաններում մասնակցելու արտակարգ իրավիճակների կանխարգելմանը, ԱՌԿ և ԲՊ համակարգի պատրաստությանը, արձագանքման և հետաղետային վերականգնման աշխատանքներին.
5) ստանալու աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշպանության ուղղությամբ գիտելիքներ.
6) միանալու կամավոր արձագանքման ուժերին, իմանալու և կիրառելու արտակարգ իրավիճակներում գործելու անվտանգության կանոնները:
2. Ֆիզիկական անձինք, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերը, պարտավոր են՝
1) կատարել օրենսդրությամբ սահմանված պահանջներն աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության բնագավառում.
2) առօրյա կյանքում և աշխատանքում ձեռնարկել անվտանգության միջոցներ, ինչպես նաև կատարել արդյունաբերական և շրջակա միջավայրի անվտանգության պահանջները, որոնց չկատարումը կարող է հանգեցնել արտակարգ իրավիճակի.
3) հնարավորության սահմաններում օգնություն ցուցաբերել արձագանքման ուժերին արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքներ իրականացնելիս.
4) արտակարգ իրավիճակի սպառնալիքի կամ առաջացման մասին տեղեկությունների տիրապետելու դեպքում տեղեկացնել լիազոր մարմնին։
Հոդված 31. | Ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների երաշխիքներն արտակարգ իրավիճակներում |
1. Ֆիզիկական անձինք, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև իրավաբանական անձինք, որոնց գույքը կամ այլ միջոցներն օգտագործվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով, իրավունք ունեն ստանալու համարժեք փոխհատուցում` Կառավարության սահմանած դեպքերում և կարգով:
Գ Լ ՈՒ Խ 5
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 32. | Արտակարգ իրավիճակների դասակարգումը |
1. Հաշվի առնելով արտակարգ իրավիճակների տարածման սահմանները և հետևանքների ծավալը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակները դասակարգվում են հետևյալ մակարդակների.
1) հանրապետական՝ խոցման գործոնները տարածվել են մարզի կամ Երևան համայնքի երկու կամ ավելի վարչական շրջանների տարածքներից դուրս, կամ տուժել է երեք հարյուրից ավելի մարդ, կամ խախտվել են հինգ հարյուրից ավելի մարդկանց կենսագործունեության պայմանները, կամ նյութական վնասը կազմել է սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրհազարապատիկից ավելի.
2) մարզային՝ խոցման գործոնները չեն տարածվել մարզի տարածքից դուրս, կամ տուժել է հիսունից ավելի, սակայն ոչ ավելի, քան երեք հարյուր մարդ, կամ խախտվել են երեք հարյուրից ավելի, սակայն ոչ ավելի, քան հինգ հարյուր մարդկանց կենսագործունեության պայմանները, կամ նյութական վնասը կազմել է սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից ավելի, սակայն ոչ ավելի, քան հինգհարյուրհազարապատիկը.
3) համայնքային՝ խոցման գործոնները չեն տարածվել համայնքի տարածքից դուրս (Երևան համայնքում՝ վարչական շրջանի տարածքից դուրս), կամ տուժել է տասից ավելի, սակայն ոչ ավելի, քան հիսուն մարդ (Երևան համայնքում տուժել է տասից ավելի, սակայն ոչ ավելի, քան երեք հարյուր մարդ), կամ խախտվել են հարյուրից ավելի, սակայն ոչ ավելի, քան երեք հարյուր մարդկանց կենսագործունեության պայմանները (Երևան համայնքում խախտվել են հարյուրից ավելի, սակայն ոչ ավելի, քան հինգ հարյուր մարդկանց կենսագործունեության պայմանները), կամ նյութական վնասը կազմել է սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից ավելի, սակայն ոչ ավելի, քան հինգհազարապատիկը (Երևան համայնքում նյութական վնասը կազմել է սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից ավելի, սակայն ոչ ավելի, քան հինգհարյուրհազարապատիկը).
4) տեղային (օբյեկտային)՝ խոցման գործոնները չեն տարածվել օբյեկտի տարածքից դուրս, կամ տուժել է տասից ոչ ավելի մարդ, կամ խախտվել են հարյուրից ոչ ավելի մարդկանց կենսագործունեության պայմանները, կամ նյութական վնասը կազմել է ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը։
2. Հանրապետական կամ մարզային մակարդակի արտակարգ իրավիճակի մասին որոշում ընդունում է Կառավարությունը, իսկ համայնքային կամ տեղային (օբյեկտային) մակարդակի արտակարգ իրավիճակի մասին որոշում կայացնում է համայնքի ավագանին։
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված որոշման մեջ պետք է արտացոլվեն՝
1) արտակարգ իրավիճակի հետևանքների հակիրճ բնութագիրը.
2) արձագանքման ուժերն ու միջոցները.
3) միջազգային հումանիտար աջակցության անհրաժեշտությունը, ուղղություններն ու ծավալները (աղետի դեպքում).
4) ուժի մեջ մտնելու և գործողության ժամկետները:
Հոդված 33. | Արտակարգ իրավիճակներին արձագանքման կառավարման մակարդակները |
1. Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար ներգրավված արձագանքման ուժերից ու միջոցներից ելնելով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանվում են արտակարգ իրավիճակներին արձագանքման կառավարման հետևյալ մակարդակները.
1) հանրապետական՝ արտակարգ իրավիճակներին արձագանքումն ապահովում են պետական կառավարման համակարգի մարմինների՝ երկու կամ ավելի մարզերում տեղակայված ստորաբաժանումների արձագանքման ուժերն ու միջոցները.
2) մարզային՝ արտակարգ իրավիճակներին արձագանքումն ապահովում են պետական կառավարման համակարգի մարմինների՝ տվյալ մարզի տարածքում տեղակայված ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների տրամադրության տակ գտնվող արձագանքման ուժերն ու միջոցները.
3) համայնքային՝ արտակարգ իրավիճակներին արձագանքումն ապահովում են պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների, նշված տարածքում գործող կազմակերպությունների արձագանքման ուժերն ու միջոցները.
4) տեղային (օբյեկտային)՝ արտակարգ իրավիճակներին արձագանքումն ապահովում են համապատասխան կազմակերպության արձագանքման ուժերն ու միջոցները՝ օգտագործելով նշված կազմակերպության տրամադրության տակ գտնվող նյութական պաշարները:
Հոդված 34. | Արտակարգ իրավիճակներին արձագանքման կառավարման մարմինները |
1. Արտակարգ իրավիճակներին արձագանքման կառավարման մարմիններն են՝
1) հանրապետական մակարդակում՝
ա. վարչապետը, որն արտակարգ իրավիճակներին արձագանքումը կառավարելու վերաբերյալ կայացնում է որոշումներ՝ արտակարգ իրավիճակների հանրապետական հանձնաժողովի ներկայացրած առաջարկությունների հիման վրա,
բ. արտակարգ իրավիճակների հանրապետական հանձնաժողովը՝ վարչապետի որոշմամբ ստեղծված պետական կառավարման համակարգի մարմինների կողմից լիազորված անձանցից կազմված մարմին, որը գործառնական մակարդակում համակարգում ու կազմակերպում է արտակարգ իրավիճակներին արձագանքումը դրանց սպառնալիքի կամ առաջացման դեպքում, և որի կայացրած որոշումները պարտադիր են ԱՌԿ և ԲՊ համակարգի բոլոր սուբյեկտների համար,
գ. պետական կառավարման համակարգի մարմնի արտակարգ իրավիճակների հանձնաժողովը՝ պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի իրավական ակտով ստեղծված մարմին, որը, կախված կառավարման մակարդակից և ոլորտներից, իրավասու է կազմակերպելու իր գործունեությունն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում.
2) մարզային մակարդակում՝ արտակարգ իրավիճակների մարզային հանձնաժողովը՝ մարզպետի որոշմամբ ստեղծված մարմին, որում ընդգրկվում են պետական կառավարման համակարգի մարմինների՝ տվյալ մարզում տեղակայված տարածքային ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ղեկավարները, որը գործառնական մակարդակում կազմակերպում և համակարգում է արտակարգ իրավիճակներին արձագանքումը դրանց սպառնալիքի կամ առաջացման դեպքում, և որի կայացրած որոշումները պարտադիր են ԱՌԿ և ԲՊ համակարգի՝ տվյալ մարզի բոլոր սուբյեկտների համար.
3) համայնքային մակարդակում՝ արտակարգ իրավիճակների համայնքային հանձնաժողովը՝ համայնքի ղեկավարի որոշմամբ ստեղծված մարմին, որում ընդգրկվում են պետական կառավարման համակարգի մարմինների համապատասխան տարածքային ստորաբաժանումների, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական (Երևան քաղաքի վարչական շրջանի), կազմակերպությունների ղեկավարները, որը գործառնական մակարդակում կազմակերպում ու համակարգում է արտակարգ իրավիճակներին արձագանքումը դրանց սպառնալիքի կամ առաջացման դեպքում, և որի կայացրած որոշումները պարտադիր են ԱՌԿ և ԲՊ համակարգի՝ տվյալ համայնքի բոլոր սուբյեկտների համար.
4) տեղային (օբյեկտային) մակարդակում՝ արտակարգ իրավիճակների օբյեկտային հանձնաժողովը՝ կազմակերպության ղեկավարի իրավական ակտով ստեղծված մարմին, որում ընդգրկվում է կազմակերպության ղեկավար կազմը, և որը գործառնական մակարդակում կազմակերպում և համակարգում է արտակարգ իրավիճակներին արձագանքումը դրանց սպառնալիքի կամ առաջացման դեպքում:
Հոդված 35. | Արտակարգ իրավիճակներին արձագանքման կազմակերպումը և ղեկավարումը |
1. Արտակարգ իրավիճակներին արձագանքումն իրականացնում են արձագանքման ուժերը՝ օգտագործելով իրենց ունեցած նյութական պաշարները և միջոցները:
2. Արտակարգ իրավիճակների հանրապետական հանձնաժողովը ղեկավարում է լիազոր մարմնի ղեկավարը կամ վարչապետի նշանակած պաշտոնատար անձը:
3. Պետական կառավարման համակարգի մարմնի արտակարգ իրավիճակների հանձնաժողովը ղեկավարում է պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարը կամ նրա նշանակած պաշտոնատար անձը:
4. Արտակարգ իրավիճակների մարզային հանձնաժողովի գործունեությունը ղեկավարում է մարզպետը կամ նրա նշանակած պաշտոնատար անձը:
5. Արտակարգ իրավիճակների համայնքային հանձնաժողովի գործունեությունը ղեկավարում է համայնքի ղեկավարը կամ նրա նշանակած պաշտոնատար անձը:
6. Արտակարգ իրավիճակների օբյեկտային հանձնաժողովի գործունեությունը ղեկավարում է կազմակերպության ղեկավարը կամ նրա նշանակած անձը:
7. Արտակարգ իրավիճակին արձագանքումն անմիջականորեն ղեկավարում են՝
1) հանրապետական մակարդակում՝ լիազոր մարմնի ղեկավարի նշանակած պաշտոնատար անձը.
2) մարզային մակարդակում՝ մարզպետի նշանակած պաշտոնատար անձը.
3) համայնքային մակարդակում՝ համայնքի ղեկավարի նշանակած պաշտոնատար անձը.
4) օբյեկտային մակարդակում՝ կազմակերպության ղեկավարի նշանակած անձը:
8. Արտակարգ դեպքի, պատահարի վայրում արձագանքումն անմիջականորեն ղեկավարում է առաջինը ժամանած պետական կառավարման համակարգի մարմինների արձագանքման ուժերի լիազոր պաշտոնատար անձը, հաշվի առնելով արտակարգ դեպքի առաջացման պատճառի բնույթը, մինչև սույն հոդվածի 7-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված ղեկավարների ժամանումը:
9. Եթե դաշտային պայմաններում արտակարգ իրավիճակին արձագանքման ղեկավարն ստեղծել է շտաբ, ապա արձագանքման ուժերը, անկախ իրենց ենթակայությունից, արտակարգ դեպքի վայր կամ պատահարի վայր, արտակարգ իրավիճակի կամ աղետի գոտի ժամանելուն պես անցնում են շտաբի ենթակայության ներքո:
10. Արտակարգ իրավիճակի կամ աղետի գոտում արտակարգ իրավիճակին արձագանքման ղեկավարը պատասխանատու է պետական կառավարման համակարգի մարմինների արձագանքման ուժերի և արտակարգ իրավիճակների արձագանքման այլ մասնակիցների անվտանգության համար:
11. Կառավարությունը լիազոր մարմնի առաջարկությամբ կայացնում է որոշում՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի համապատասխան ստորաբաժանումներին ներգրավելու արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքներին։
12. Արտակարգ իրավիճակներին արձագանքման կազմակերպումը և ղեկավարումն իրականացվում են համաձայն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանն ուղղված գործողությունների պլանների, միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի, ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների (բացառությամբ ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) միջև փոխհամագործակցության պլանների և այլ պլանավորման փաստաթղթերի:
Գ Լ ՈՒ Խ 6
ԱՌԿ ԵՎ ԲՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ
Հոդված 36. | ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների պատրաստումը և աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտի հիմնահարցերով բնակչության ուսուցումը |
1. Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների պատրաստումը և բնակչության ուսուցումն իրականացվում են Կառավարության սահմանած կարգով և ծրագրով:
2. Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ուսուցումն իրականացնում են ուսումնական հաստատությունները՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված չափորոշիչներին և ուսումնական ծրագրերին համապատասխան: Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոչ ֆորմալ կրթության ուսումնական ծրագրերը համաձայնեցվում են լիազոր մարմնի ուսումնական հաստատության հետ։
3. Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների աշխատողների և ծառայողների վերապատրաստումը, ըստ յուրաքանչյուր տարվա համար պլանավորված և հաստատված ծավալների և ժամկետների, անցկացնում է լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը:
4. Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության գործունեության մեջ ներգրավվող՝ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կազմակերպությունների ներկայացուցիչների և կամավորների ուսուցումն իրականացնում է լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը։
Գ Լ ՈՒ Խ 7
ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 37. | Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության գործողությունների իրականացման նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորումը |
1. Օրենքից բխող՝ աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորումը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
Գ Լ ՈՒ Խ 8
ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 38. | Հսկողության և վերահսկողության խնդիրները |
1. Հսկողության և վերահսկողության հիմնական խնդիրներն են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների կանխարգելումը, հայտնաբերումը և վերացումը:
Հոդված 39. | Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը և վերահսկողությունը |
1. Լիազոր մարմինն աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ իր իրավասության սահմաններում իրականացնում է հսկողություն, իսկ համապատասխան տեսչական մարմինն իր իրավասության սահմաններում և գործիքակազմով՝ վերահսկողություն։
2. Լիազոր մարմինը համալիր գնահատման և ոչ պլանավորված ուսումնասիրությունների արդյունքով բացահայտված աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտը կարգավորող և տեսչական մարմնի իրավասությանը վերաբերող օրենսդրության պահանջների խախտման վերաբերյալ տեղեկատվություն բացահայտելու պարագայում այն ներկայացնում է համապատասխան տեսչական մարմին վերջինիս կողմից իր իրավասության սահմաններում վերահսկողություն իրականացնելու նպատակով։
3. ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտները պարտավոր են չխոչընդոտել սույն օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից իրականացվող համալիր գնահատման և ոչ պլանավորված ուսումնասիրության, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ համապատասխան ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության գործընթացը։
4. Սույն օրենքի պահանջների խախտումներն առաջացնում են պատասխանատվություն՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի։
Գ Լ ՈՒ Խ 9
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 40. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» 1998 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-265 օրենքը:
3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մայիսի 13 Երևան ՀՕ-89-Ն |
Հավելված «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի |
ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ՝ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
1. Աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների՝ ըստ ոլորտների կազմակերպման ու իրականացման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի լիազոր մարմիններն են՝
1) աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ տրամադրում է մասնագիտական եզրակացություն բնակավայրերի, տարածքների գլխավոր հատակագծերում և մանրամասն հատակագծման ու գոտևորման նախագծերում արտադրական վտանգավոր օբյեկտների տեղաբաշխման նորմերի պահանջների կատարման վերաբերյալ.
2) աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ տրամադրում է մասնագիտական եզրակացություն շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, տրանսպորտային հաղորդակցության ուղիների և մայրուղիների շինարարության, անվտանգ և հուսալի շահագործման պահանջների ապահովման վերաբերյալ.
3) աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ իրականացնում է բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովման, տարահանման, պատսպարման և գործողությունների մշտադիտարկում և արդյունքները ներկայացնում տարածքային կառավարման ոլորտի պետական կառավարման համակարգի լիազոր մարմին և Կառավարություն.
4) աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում է աղետների ռիսկի գնահատման և մշտադիտարկման գործընթացը՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով գիտական և ինժեներական հաստատությունների, ֆինանսների կառավարման ոլորտի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի, մասնագիտացված միջազգային և արտասահմանյան հաստատությունների հետ.
5) քաղաքաշինության ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ ապահովում է բնակչության պաշտպանության տեսանկյունից բնակավայրերի տարածքների գլխավոր հատակագծերում, մանրամասն հատակագծման և գոտևորման նախագծերում արտադրական վտանգավոր օբյեկտների նպատակահարմար տեղաբաշխմանն առնչվող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման աշխատանքները.
6) քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը՝ իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պաշտպանական կառույցների (բացառությամբ բնակելի ֆոնդի) պահպանության, սպասարկման, շահագործման, հիմնանորոգման, վերանորոգման, նախապատրաստման, պատրաստվածության բերման պահանջների ապահովման նկատմամբ.
7) նյութական պահուստի պաշարների պահպանման ու սպասարկման ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում և իրականացնում է արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, փրկարարական, վթարավերականգնողական և անհետաձգելի արձագանքման աշխատանքների ու բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման, տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված պաշարների պահպանումը, թարմացումը և տրամադրումը.
8) նյութական պահուստի պաշարների պահպանման ու սպասարկման ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում և իրականացնում է արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, փրկարարական, վթարավերականգնողական և անհետաձգելի արձագանքման աշխատանքների իրականացման, տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված պետական պահուստի նյութական արժեքների անվանացանկի և պահանջվող քանակների հստակեցում.
9) քաղաքաշինության ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ պլանավորում է քաղաքաշինության բնագավառում աղետների ռիսկի կառավարմանն ու բնակչության պաշտպանությանն առնչվող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման աշխատանքները և աջակցում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բնակչության պաշտպանության միջոցառումների ինժեներական ապահովման նախապատրաստական աշխատանքների կատարման ընթացքին.
10) ատոմային էներգիայի օգտագործման ոլորտը կարգավորող պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ գնահատում է վթարային իրավիճակների դեպքում ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում իրավիճակը և առաջարկություններ է ներկայացնում Կառավարություն դրա հնարավոր փոփոխությունների կանխատեսումների հիման վրա, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորած մարմին՝ անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։
2. Արտակարգ իրավիճակներում արձագանքման և վաղ վերականգնման միջոցառումների՝ ըստ ոլորտների կազմակերպման ու իրականացման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի լիազոր մարմիններն են՝
1) աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում է արտակարգ իրավիճակներում Կառավարության, Ազգային ժողովի և դատարանների, անկախ պետական և ինքնավար մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) և բնակչության ազդարարումը.
2) աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում է փրկարարական, վթարավերականգնողական և անհետաձգելի արձագանքման աշխատանքները.
3) աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում է ճառագայթային, քիմիական ու կենսաբանական գործոններից բնակչության պաշտպանության հատուկ միջոցառումներով ապահովումը բոլոր մակարդակներում.
4) տարածքային կառավարման ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կազմակերպվող և իրականացվող՝ բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովման, տարահանման և պատսպարման միջոցառումները.
5) բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը՝ վերահսկողություն է իրականացնում շրջակա միջավայրի վիճակի օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ, բացառությամբ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի.
6) շրջակա միջավայրի պահպանության, մթնոլորտի, ջրերի, հողերի, ընդերքի, կենդանական ու բուսական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, կլիմայի փոփոխության ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ իրականացնում է շրջակա միջավայրի վիճակի դիտարկումն ու զննումը.
7) առողջապահական և աշխատանքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը՝ վերահսկողություն է իրականացնում խմելու ջրի (բացառությամբ շշալցված խմելու ջրի) որակին ներկայացվող պահանջների, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պահանջների պահպանման նկատմամբ.
8) հասարակական կարգի ու անվտանգության ապահովման ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում և իրականացնում է արտակարգ իրավիճակի կամ աղետի գոտում հասարակական կարգի, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների և բարձր ռիսկայնության օբյեկտների պահպանության ուժեղացումը.
9) առողջապահության ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում է արտակարգ իրավիճակներում բնակչության բժշկական օգնությունը, սպասարկումը և բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման միջոցառումները՝ հատուկ ուշադրություն դարձնելով վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրներին.
10) էկոնոմիկայի ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում է բնակչության կենսաապահովման միջոցառումները.
11) սոցիալական պաշտպանության ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում և իրականացնում է արտակարգ իրավիճակից տուժած բնակչության սոցիալական աջակցության (ժամանակավոր կացարանով ապահովման, դրամական աջակցության և այլ սոցիալական ծառայությունների) տրամադրումը.
12) տրանսպորտի ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների ներգրավման ապահովումը.
13) տարածքային կառավարման ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում է պետական սեփականություն հանդիսացող գույքի, նյութական պաշարների և միջոցների նպատակային հավաքագրումը և օգտագործումը, ոչ պետական սեփականություն համարվող գույքի ժամանակավոր տիրապետումը և օգտագործումը.
14) կապի ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ սահմանված կարգով կազմակերպում է էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի և ենթակառուցվածքների օգտագործումը և լրացուցիչ կապուղիների տրամադրումը.
15) քաղաքաշինության ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բնակչության պաշտպանության միջոցառումների ինժեներական ապահովման աշխատանքների կատարման ընթացքը, վթարված ինժեներական կառույցների գնահատումը, դրանց վերականգնման աշխատանքների կատարումն արդյունավետ և օրենսդրության պահանջներին համապատասխան ապահովելու նպատակով ներկայացնում է առաջարկություններ.
16) էներգետիկայի ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում է էներգահամակարգի վթարավերականգնողական աշխատանքները.
17) գյուղատնտեսության ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում է գյուղատնտեսական մշակաբույսերի և կենդանիների առողջության պաշտպանությունը.
18) տարածքային կառավարման ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում է դիակների ճանաչման և հուղարկավորման աշխատանքները.
19) ֆինանսների կառավարման ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում և իրականացնում է արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանն ուղղված միջազգային ֆինանսական օգնության ներգրավումն ու կառավարումը:
3. Հետաղետային վերականգնման միջոցառումների՝ ըստ ոլորտների կազմակերպման ու իրականացման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի լիազոր մարմիններն են՝
1) տարածքային կառավարման ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում և իրականացնում է հետաղետային վերականգնման և վերակառուցման կարիքների գնահատումը.
2) ֆինանսների կառավարման ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում և իրականացնում է հետաղետային վերականգնման միջոցառումների իրականացմանն ուղղված ֆինանսական միջոցների ներգրավումն ու կառավարումը.
3) շրջակա միջավայրի պահպանության, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում է հետաղետային վերականգնման և վերակառուցման գործընթացներում շինարարական, արդյունաբերական և քիմիական թափոնների հաշվառման, հեռացման կամ օգտահանման գործընթացները՝ բնապահպանական և բնակչության անվտանգության ապահովման միջազգային չափանիշներին համապատասխան.
4) մշակույթի ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում է պատմամշակութային հուշարձանների և մշակութային արժեքների հետաղետային վերականգնման ծրագրով նախատեսված միջոցառումները։
4. Սույն հավելվածում նշված պետական կառավարման համակարգի լիազոր մարմիններն իրենց ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններում (անկախ կազմակերպաիրավական ձևից) Կառավարության սահմանած կարգով կարող են իրականացնել մշտադիտարկման և արդյունքների արձանագրման գործընթաց՝ աղետների ռիսկի նվազեցման և հետաղետային վերականգնման միջոցառումների կատարման ուղղությամբ, իսկ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ընթացքում իրենց իրավասության սահմաններում կազմակերպություններին կարող են տալ պարտադիր կատարման ենթակա ցուցումներ։
5. Սույն հավելվածում նշված պետական կառավարման համակարգի լիազոր մարմիններն իրենց իրականացրած մշտադիտարկման արդյունքով բացահայտված աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում են լիազոր մարմին՝ վերջինիս կողմից իր իրավասության սահմաններում հսկողություն իրականացնելու նպատակով, կամ համապատասխան տեսչական մարմին՝ վերջինիս կողմից իր իրավասության սահմաններում վերահսկողություն իրականացնելու նպատակով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2025 թվական:
