ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) լիազոր մարմին` սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող` Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը.»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ գլխի վերնագիրը «ՊԵՏԱԿԱՆ» բառից հետո լրացնել «ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 2-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 5.2-րդ հոդվածներով.
«Հոդված 5.1.
Սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում քաղաքականությունը մշակող լիազոր մարմինը
1. Սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում Կառավարության քաղաքականությունը մշակում և իրականացնում է համապատասխան նախարարությունը:
Հոդված 5.2. | Սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում վերահսկողություն իրականացնող և (կամ) ծառայություններ մատուցող լիազոր մարմինը |
1. Սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում վերահսկողություն իրականացնող և (կամ) ծառայություններ մատուցող լիազոր մարմինը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն է (այսուհետ՝ նաև լիազոր մարմին):
2. Լիազոր մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետը:
3. Լիազոր մարմինը՝
1) իրականացնում է սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության ու բուսասանիտարիայի բնագավառներում վերահսկողություն.
2) սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում համագործակցում է Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների պետական մարմինների և ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ, նրանց հետ իր իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ կնքում է հուշագրեր, համագործակցության մասին այլ համաձայնագրեր.
3) մշակում և իրականացնում է ծրագրեր սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում.
4) օտարերկրյա պետությունների լիազոր մարմինների հետ համաձայնեցնում և փոխճանաչում է սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներին առնչվող սերտիֆիկատները և հավաստագրերը.
5) օրենքով սահմանված դեպքերում տրամադրում է վկայականներ, տեղեկանքներ, սերտիֆիկատներ, հավաստագրեր, ինչպես նաև պարզաբանումներ և խորհրդատվություններ.
6) տրամադրում է վերահսկվող ապրանքների ներմուծման (արտահանման) և տարանցիկ փոխադրման թույլտվություն.
7) իրականացնում է սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի բնագավառների ռիսկերի կառավարում և ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում.
8) սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանցից օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իրականացնում է համապատասխան տեղեկատվության, հաշվետվությունների ստացում, վերլուծում և էլեկտրոնային տեղեկատվական բազաների վարում.
9) սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության ու բուսասանիտարիայի բնագավառներում իրականացվող ուսումնասիրությունների միջոցով կատարում է իրավիճակի վերլուծություն.
10) կատարում է սննդամթերքի և կերի անվտանգության անասնաբուժության, բուսասանիտարիայի բնագավառներում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշվառում, արդյունքների հիման վրա տեղեկատվական բազայի վարում.
11) կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների, սննդային թունավորումների հայտնաբերման դեպքում պետական սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն իրականացնող մարմնի հետ համատեղ կազմակերպում և իրականացնում է միջոցառումներ.
12) կազմակերպում և իրականացնում է օտարերկրյա պետություններից կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր ու պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցումը կանխարգելող միջոցառումներ, այդ ուղղությամբ համագործակցում է պետական և շահագրգիռ մյուս մարմինների հետ.
13) խորհրդատվություն է տրամադրում կենդանիների պահվածքի, անասնապահական շինությունների շահագործման վերաբերյալ.
14) անասնաբուժական կարանտին սահմանելու դեպքում ներկայացնում է առաջարկություններ կարանտին միջոցառումների վերաբերյալ.
15) ներկայացնում է առաջարկություններ կենդանիների հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների կասկածի կամ հայտնաբերման դեպքում հիվանդությունների վերացմանն ու կանխմանն ուղղված համապատասխան միջոցառումների իրականացման վերաբերյալ.
16) ուսումնական, գիտահետազոտական, արդյունաբերական կազմակերպություններին տրամադրում է փորձարկումների նպատակով կենդանիների օգտագործման թույլտվություն.
17) իրականացնում է հաշվառված գյուղատնտեսական կենդանիների վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մշակում և տեղեկատվական բազայի վարում.
18) ստեղծում և վարում է սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում ուղեկցող փաստաթղթերի, այդ թվում՝ անվտանգության սերտիֆիկատների, հավաստագրերի և համապատասխանության տեղեկանքի տրամադրման էլեկտրոնային կառավարման միասնական համակարգը, այդ համակարգում գրանցվելու նպատակով տրամադրում է մուտքի ծածկագիր.
19) տրամադրում է սանիտարական անձնագիր՝ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար.
20) համապատասխանության գնահատման փաստաթղթերի անհամապատասխանության կամ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերման դեպքում գնահատող մարմիններին ներկայացնում է առաջարկություններ համապատասխանության հայտարարագրի գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու վերաբերյալ.
21) Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու և դրանց հետագա տարածումը կանխարգելելու նպատակով պարբերաբար իրականացվող մոնիթորինգի (մշտադիտարկման) միջոցով իրականացնում է բուսասանիտարական վտանգի վերլուծություն, կարանտին վնասակար օրգանիզմներից ազատ (զերծ) գոտիների սահմանում.
22) արտահանող երկրի սննդամթերքի անվտանգության կամ անասնաբուժության կամ բուսասանիտարիայի բնագավառի պետական մարմնին, ինչպես նաև միջազգային համապատասխան կազմակերպություններին ծանուցում է ներմուծվող բեռներում հայտնաբերված կենդանիների վարակիչ հիվանդությունների հարուցիչների կամ կարանտին վնասակար օրգանիզմների մասին.
23) բուսասանիտարական մոնիթորինգի իրականացման և բուսասանիտարական իրավիճակի գնահատման միջոցով սահմանում է վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ.
24) տրամադրում է բուսասանիտարական անձնագիր.
25) իրականացնում է Կառավարության որոշմամբ սահմանված ապրանքների պետական գրանցումը և ռեեստրի վարումը.
26) վարում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութեր արտադրողների և մատակարարների ռեեստրը.
27) վարում է Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող անասնաբուժական վերահսկման (հսկողության) ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրները.
28) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի սննդի շղթայում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների գրանցումը.
29) տրամադրում է կենդանական ծագման սննդամթերք արտադրող տնտեսավարող սուբյեկտների գործունեության համապատասխանության եզրակացություն.
30) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող կերի շղթայի օպերատորների գրանցում.
31) տրամադրում է կերային հավելումների, պրեմիքսների, համակցված կերերի արտադրության և շրջանառության փուլերում ընդգրկված կերի շղթայի օպերատորների գործունեության համապատասխանության եզրակացություն.
32) իրականացնում է անասնաբուժական դեղամիջոցների բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի, պեստիցիդների, ագրոքիմիկատների պետական գրանցումը.
33) տրամադրում է բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման եզրակացություն:»:
Հոդված 4. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Կառավարություն» բառով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-284-Ն |