Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-363-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (24.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 23.10.2024
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
02.10.2024
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
22.10.2024
Дата вступления в силу
24.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 2-ին

 

«ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գնահատման գործունեության մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-189-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «փաստաթուղթ» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ լիազոր մարմնում սահմանված կարգով որևէ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություն հաշվառված չէ» բառերով․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.

«8.1. Գնահատողը հաշվառումից չի հանվում և շարունակում է զբաղվել գնահատման գործունեությամբ, եթե լիազոր մարմնում սահմանված կարգով որևէ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություն հաշվառված չէ։»:

 

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որակավորման հանձնաժողովի կամ 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված մասնագիտական հանձնաժողովի անդամ հանդիսանալու դեպքում ապահովել ներկայություն հանձնաժողովի նիստերին։»։

 

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Որակավորման քննություններն ընդունում է լիազոր մարմնի ստեղծած որակավորման հանձնաժողովը: Որակավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի երկու ներկայացուցիչ և գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից յուրաքանչյուրի առաջարկությամբ առնվազն երկու տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող մեկական գնահատող` ռոտացիոն կարգով, առավելագույնը մեկ տարի ժամկետով։ Որակավորման հանձնաժողովում գնահատող անդամների քանակը չպետք է պակաս լինի երեքից։ Որակավորման հանձնաժողովում որպես հանձնաժողովի անդամ ընդգրկելու նպատակով գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից գնահատողներ չառաջարկվելու կամ առաջարկված գնահատողների քանակը երեքից պակաս լինելու դեպքում լիազոր մարմինն իր նախաձեռնությամբ հանձնաժողովում ընդգրկում է առնվազն երկու տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող այլ գնահատողների։»․

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Որակավորման քննություններին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող ֆիզիկական անձինք։»։

 

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որակավորման հանձնաժողովի կամ 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված մասնագիտական հանձնաժողովի նիստերին երկու անգամ անհարգելի պատճառով ներկայություն չապահովելու դեպքում։ Որակավորման և մասնագիտական հանձնաժողովների նիստերին ներկայություն չապահովելը համարվում է հարգելի, եթե գնահատողը հիմնավորում է, որ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, զինվորական ծառայության մեջ, ստացիոնար բուժման մեջ, ինչպես նաև համապատասխան հանձնաժողովի նիստերին ներկայությունը չի կարողացել ապահովել իրենից անկախ այլ անհաղթահարելի պատճառներով։»։

 

Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ստեղծում է մասնագիտական հանձնաժողով և հաստատում դրա անհատական կազմը: Մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի երկու ներկայացուցիչ և գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից յուրաքանչյուրի առաջարկությամբ առնվազն երկու տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող հինգ գնահատող` ռոտացիոն կարգով, առավելագույնը մեկ տարի ժամկետով։ Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից յուրաքանչյուրը մասնագիտական հանձնաժողովում ընդգրկելու նպատակով պարտավոր է առաջարկել մեկական գնահատողի թեկնածություն, որոնք սույն մասի պահանջները բավարարելու դեպքում ընդգրկվում են մասնագիտական հանձնաժողովում։ Մասնագիտական հանձնաժողովում որպես հանձնաժողովի անդամ ընդգրկելու նպատակով գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից գնահատողներ չառաջարկվելու կամ առաջարկված գնահատողների քանակը հինգից պակաս լինելու կամ գնահատողներին սույն մասով ներկայացված պահանջները չբավարարելու դեպքում լիազոր մարմինն իր նախաձեռնությամբ հանձնաժողովում ընդգրկում է առնվազն երկու տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող այլ գնահատողների։ Մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը և գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը.»։

 

Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության կարգավիճակը ծագում է սույն օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնում հաշվառվելու պահից։ Լիազոր մարմնում կարող է հաշվառվել առավելագույնը հինգ ինքնակարգավորվող կազմակերպություն:»․

3) 5-րդ մասի «30» թիվը փոխարինել «10» թվով։

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-ին հոդվածով.

 

«Հոդված 24.1. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության հաշվառման կարգը

 

1. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը լիազոր մարմնում հաշվառվելու նպատակով լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով ներկայացնում է դիմում՝ կից ներկայացնելով սահմանված փաստաթղթերի պատճենները, իր անդամների ցանկը, գործունեության հնգամյա ծրագիրը, ծրագրի նպատակները, կատարվելիք միջոցառումները, ակնկալվող արդյունքները և այդ ծրագրի իրականացման ժամանակացույցը: Սույն մասով նախատեսված փաստաթղթերով սահմանված տվյալների, բացառությամբ գործունեության հնգամյա ծրագրի և դրա իրականացման ժամանակացույցի, փոփոխության դեպքում գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունն այդ մասին անհապաղ, սակայն ոչ ուշ, քան տվյալների փոփոխությունից հետո` եռօրյա ժամկետում, լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով հայտնում է լիազոր մարմնին:

2. Լիազոր մարմինն ուսումնասիրում է ներկայացված հնգամյա ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը, որոնց հավանություն տալու պարագայում 20-օրյա ժամկետում հաստատում է դրանք և կայացնում որոշում գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվառելու վերաբերյալ: Այն դեպքում, երբ միաժամանակ հավանության են արժանանում հինգից ավելի գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների ներկայացրած հնգամյա ծրագրերը և դրանց իրականացման ժամանակացույցերը, ապա լիազոր մարմնում հաշվառվում են առավել վաղ դիմում ներկայացրած կազմակերպությունները։ Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության հնգամյա ծրագիրը պետք է հիմնված լինի Կառավարության հաստատած գործունեության միջոցառումների ծրագրի, լիազոր և այլ պետական մարմինների սահմանած՝ գնահատման գործունեության ոլորտին առնչվող ռազմավարությունների, ինչպես նաև ոլորտում առկա ժամանակակից ուղղությունների վրա: Հնգամյա ծրագիրը և (կամ) դրա իրականացման ժամանակացույցը գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության դիմումի հիման վրա կարող են փոփոխվել՝ նախապես 1 տարի առաջ լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնելով փոփոխությունների ծրագիրը և դրանց հիմնավորումը: Լիազոր մարմինը ներկայացված հնգամյա ծրագրի և (կամ) դրա իրականացման ժամանակացույցի փոփոխությանը հավանություն տալու պարագայում 20-օրյա ժամկետում հաստատում է այն: Հաստատված հնգամյա ծրագրի ավարտից վեց ամիս առաջ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը սույն հոդվածով սահմանված կարգով լիազոր մարմին է ներկայացնում հերթական հնգամյա ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը: Հերթական հնգամյա ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը չհաստատվելու դեպքում լիազոր մարմինը վերադարձնում է ներկայացված փաստաթղթերը՝ սահմանելով առկա թերությունները վերացնելու և փաստաթղթերը կրկին ներկայացնելու մինչև 15-օրյա ժամկետ: Լիազոր մարմնի մատնանշած թերությունները չվերացնելուց հետո հերթական հնգամյա ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը կրկին ներկայացնելը հաշվառման մերժման, ինչպես նաև հաշվառված ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվառումից հանելու հիմք է: Լիազոր մարմնում գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանվում է լիազոր մարմնի ղեկավարի իրավական ակտով:

3․ Հաշվառում ստանալու համար ներկայացված դիմումը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:»։

 

Հոդված 8. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ և 15-րդ կետերով.

«14) կատարել հաշվառման համար ներկայացրած իր ծրագրի առնվազն 80 տոկոսը․

15) լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով ներկայացնել ամենամյա հաշվետվություններ:»:

 

Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետի «30» թիվը փոխարինել «10» թվով․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-6-րդ կետերով.

«3) չի կատարում հաշվառման ներկայացրած իր ծրագրի առնվազն 80 տոկոսը կամ կատարում է ժամանակացույցով սահմանված ժամկետների երկու և ավելի անգամ խախտումներով.

4) լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով չի ներկայացնում ամենամյա հաշվետվությունները կամ երկու և ավելի անգամ մեկ ամսից ավելի ժամկետով ուշացնում է հաշվետվության ներկայացումը.

5) հերթական հնգամյա ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը չհաստատվելու դեպքում.

6) սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որակավորման հանձնաժողովում կամ 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված մասնագիտական հանձնաժողովում ընդգրկելու նպատակով գնահատողի թեկնածություն չառաջարկելու դեպքում:»։

 

Հոդված 10.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, լիազոր մարմինն ընդունում է սույն օրենքի 7-րդ հոդվածից բխող իրավական ակտը։

3․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, լիազոր մարմինն ընդունում է սույն օրենքի 8-րդ հոդվածից բխող՝ գնահատման ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից ամենամյա հաշվետվությունների ներկայացման կարգը։

4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը լիազոր մարմնում հաշվառված գնահատման ինքնակարգավորվող կազմակերպությունները սույն օրենքի 7-րդ հոդվածից բխող իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, վերահաշվառվելու նպատակով լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով համապատասխան դիմումը և կից փաստաթղթերը ներկայացնում են լիազոր մարմին։

5. Սույն օրենքի 7-րդ հոդվածից բխող իրավական ակտն ընդունվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների առաջին հաշվառումն իրականացվում է առանց անդամների ցանկ ներկայացնելու։ Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունները սույն օրենքի 7-րդ հոդվածից բխող իրավական ակտով սահմանված կարգով հաշվառվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, պարտավոր են լիազոր մարմին ներկայացնել իրենց անդամների ցանկը։ Հաշվառված գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունները, որոնք սահմանված եռամսյա ժամկետում լիազոր մարմին չեն ներկայացնում Օրենքով նախատեսված՝ լիազոր մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող գնահատողների առնվազն 10 տոկոսի անդամակցության վերաբերյալ տեղեկատվություն, հանվում են հաշվառումից։

6. Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող գնահատողները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ինն ամսվա ընթացքում, շարունակում են հաշվառված լինել կամ կարող են հաշվառվել լիազոր մարմնում՝ առանց որևէ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության անդամակցելու։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. հոկտեմբերի 22

Երևան

ՀՕ-363-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան