ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հունվարի 16-ին
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝
1) առաջին պարբերությունը «Սույն» բառից առաջ լրացնել «1․» թվով, իսկ հասկացությունները համապատասխանաբար համարակալել 1-30 թվերով.
2) «առևտրի օբյեկտ» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) առևտրային ցանց՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 3-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանող տնտեսավարող սուբյեկտ.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Սույն օրենքում օգտագործվող մյուս հասկացությունները և տերմինները կիրառվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքներով, ինչպես նաև այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված իմաստով:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.4-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 4.4
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՐԴԱՐ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 15.8. | Առևտրային ցանցի և մատակարարների հարաբերություններին ներկայացվող ընդհանուր պահանջները |
1. Արգելվում են առևտրային ցանցի կողմից խտրական պայմանների սահմանումը և կիրառումը մատակարարների հետ հարաբերությունների հաստատման, ընթացիկ ու դադարեցման գործընթացում, բացառությամբ եթե Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ առկա է ողջամիտ և օբյեկտիվ տարբերության հիմք՝ պայմանավորված նաև տնտեսական պայմաններով (գործոններով) կամ առանձին խմբի կարգավիճակով:
Հոդված 15.9. | Առևտրային ցանցի պաշտոնական կայքը |
1. Առևտրային ցանցն ունի պաշտոնական կայք:
2. Առևտրային ցանցը պաշտոնական կայքում հրապարակում է՝
1) հավանական մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն պահանջները և սկզբունքները.
2) առևտրային ցանցի կողմից իրացման ենթակա ապրանքատեսակների ցանկը.
3) առևտրային ցանցում ապրանքի ցուցադրման պայմանները.
4) մատակարարման հարաբերությունների դադարեցման հիմքերը:
Հոդված 15.10. | Մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն պահանջները և սկզբունքները, նոր մատակարարների մուտքն առևտրային ցանց |
1. Առևտրային ցանցերը սահմանում են հավանական մատակարարների ապրանքի ընտրության նվազագույն պահանջներ և սկզբունքներ: Նվազագույն պահանջները և սկզբունքները կարող են սահմանվել ըստ ապրանքատեսակների՝ պայմանով, որ մատակարարի համար ընկալելի լինի տվյալ պահանջի կամ սկզբունքի վերաբերելիությունը կոնկրետ ապրանքատեսակին:
2. Մատակարարի ապրանքի ընտրությունն իրականացվում է առևտրային ցանցի նախաձեռնությամբ կամ հավանական մատակարարի գրավոր առևտրային առաջարկի ուսումնասիրության արդյունքում՝ հաշվի առնելով առևտրային ցանցի հրապարակած՝ մատակարարի ապրանքին ներկայացվող նվազագույն պահանջները և սկզբունքները:
3. Առևտրային ցանցը գրավոր առևտրային առաջարկը քննարկում է այն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ մատակարարի ապրանքի ընտրության համար անհրաժեշտ են լրացուցիչ գործողություններ (փորձաքննության իրականացում և այլն), ապա ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 15 աշխատանքային օրով, եթե նշված գործողության իրականացման համար անհրաժեշտ չէ այլ ժամկետ, որի մասին առևտրային ցանցը գրավոր տեղեկացնում է առևտրային առաջարկ ներկայացրած հավանական մատակարարին:
4. Առևտրային ցանցը հավանական մատակարարի ապրանքի ընտրության վերաբերյալ բացասական որոշման մասին գրավոր տեղեկացնում է առաջարկ ներկայացնողին՝ հիմնավորելով առևտրային ցանցի հրապարակած նվազագույն պահանջներին և սկզբունքներին չհամապատասխանելը:
5. Առևտրային ցանցի կողմից հավանական մատակարարին լրացուցիչ՝ մատակարարման պայմանագրի հետ չկապված ծառայությունների պարտադրումը կամ դրանցից հրաժարվելու հիմքով մատակարարման պայմանագիր կնքելուց հրաժարվելն արգելվում է:
Հոդված 15.11. |
Առևտրային ցանցի հետ կնքվող պայմանագրի էական պայմանները |
1. Մատակարարման պայմանագիրը կնքվում է գրավոր:
2. Պայմանագիրն առնվազն պարունակում է՝
1) պայմանագրի գինը, որը, ի թիվս այլնի, ներառում է առևտրային ցանցի կողմից կատարվող բոլոր վճարները կամ գնի սահմանման կարգը.
2) վճարման կարգը, ժամկետները կամ դրանց որոշման կարգը.
3) պայմանագրում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև պայմանագրի դադարեցման և միակողմանի լուծման կարգը և հիմքերը.
4) պիտանիության ժամկետում չիրացված ապրանքների վերադարձման հնարավորություն նախատեսված լինելու դեպքում՝ դրանց վերադարձման կարգը:
3. Առևտրային ցանցը պաշտոնական կայքում կարող է հրապարակել մատակարարների հետ կնքվող պայմանագրի բովանդակությունը:
Հոդված 15.12. | Առևտրային ցանցին մատակարարված ապրանքների համար վճարման պայմանները և կարգը |
1. Առևտրային ցանցը մատակարարին վճարումը կատարում է ոչ ուշ, քան՝
1) սննդամթերքի համար՝ 30 օրվա ընթացքում.
2) ոչ պարենային ապրանքների համար՝ 60 օրվա ընթացքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետների հաշվարկն սկսվում է օրենքով և պայմանագրով սահմանված կարգով մատակարարված ապրանքի ընդունման և մատակարարի կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման պահից:
3. Կողմերի գրավոր համաձայնությամբ կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսվածից վճարման ավելի սեղմ ժամկետներ:
Հոդված 15.13. |
Ապրանքի ցուցադրման պայմաններն առևտրային ցանցում |
1. Առևտրային ցանցը սահմանում է ապրանքի ցուցադրման պայմանները, այդ թվում՝ ապրանքի գովազդման, ակցիաների իրականացման, արտոնությունների սահմանման կամ ապրանքի առաջխաղացմանն ուղղված այլ միջոցառումների իրականացման պայմանները, այդ թվում՝ ցուցադրման տարբերակները և դրանց համար սահմանված վճարները:
2. Ապրանքի ցուցադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գրավոր պայմանագրով, որը կարող է լինել նաև մատակարարման պայմանագրի մաս:
3. Ապրանքի ցուցադրման հետ կապված հարաբերությունները կարգավորող պայմանագիրն առնվազն պարունակում է՝
1) ապրանքի ցուցադրման նկարագիրը, առանձնահատկությունները և ապրանքի առաջխաղացմանն ուղղված միջոցառումների իրականացման պայմանները.
2) պայմանագրի գինը, որը, ի թիվս այլնի, ներառում է առևտրային ցանցի կողմից կատարվող՝ ցուցադրման պայմաններին առնչվող բոլոր վճարները կամ գնի սահմանման կարգը.
3) վճարման կարգը, ժամկետները կամ դրանց որոշման կարգը:»:
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը «4.3-րդ գլխի» բառերից հետո լրացնել «, 4.4-րդ գլխի,» բառերով:
Հոդված 4. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 15.12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած պարտավորությունների դեպքում հաշվարկվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. փետրվարի 2 Երևան ՀՕ-30-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 փետրվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|