Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-254-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (02.08.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.07.24-2023.08.06 Պաշտոնական հրապարակման օրը 01.08.2023
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
12.07.2023
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
31.07.2023
Дата вступления в силу
02.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հուլիսի 12-ին

 

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» 2001 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-276 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.7-րդ հոդվածով.

 

«Հոդված 2.7. Հաստատել 2023 թվականին Սևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այսուհետ` Ժամանակավոր ծրագիր)` համաձայն 8-րդ հավելվածի:»։

 

Հոդված 2. Օրենքով հաստատված՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերի 6-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.9-րդ կետով.

«6.9. 2023 թվականին Սևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 240 մլն մ3: 2023 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն մ3-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության և «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում (էլեկտրաէներգետիկական շուկայում հաշվեկշռման ծառայություն մատուցողի) առաջացող լրացուցիչ գումարները (այսուհետ` Lրացուցիչ գումարներ) ենթակա են վճարման այդ գումարների հավաքման և դրանց հաշվին Ժամանակավոր ծրագրի 3-րդ մասով սահմանված ուղղություններով նպատակային ներդրումների իրականացման համար Կառավարության կողմից «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 1.2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան բացված արտաբյուջետային հաշվին (այսուհետ` Արտաբյուջետային հաշիվ): Լրացուցիչ գումարների հաշվարկման ու վճարման կարգը, ինչպես նաև դրանց հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշիվը (նախահաշիվները) սահմանում է Կառավարությունը: Արտաբյուջետային հաշվի միջոցների շրջանառությունը և պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլումն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով: Տարեկան արդյունքներով Արտաբյուջետային հաշվի միջոցների չծախսված մնացորդն ուղղվում է այդ հաշվից հաջորդ տարում կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշվով (նախահաշիվներով) նախատեսվող բյուջետային ելքերի ֆինանսավորմանը:»:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ հավելվածով՝ «2023 թվականին Սևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև Արտաբյուջետային հաշվի միջոցների սպառումը (եթե օրենքով այլ բան նախատեսված չէ):

 

Հավելված 8

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԾՐԱԳԻՐ

 

2023 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. 2023 թվականին Սևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) մշակված է համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետի երկրորդ պարբերության դրույթների:

2. Ծրագիրը նպատակաուղղված է 2023 թվականին Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի ենթակայությամբ գտնվող հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակ ապահովելուն:

 

2. Ներկա վիճակի վերլուծություն

3. «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով ամրագրված է լճից ջրի բացթողման առավելագույն չափաքանակ՝ 170 մլն մ3: Ջրբացթողումներն իրականացվում են Կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված չափաքանակի շրջանակներում՝ սահմանված կարգին համապատասխան:

4. Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերից 2023 թվականի հունիսի 1-ի դրությամբ, ջրօգտագործողների ներկայացրած ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածքների մակերեսը կազմել է շուրջ 31.3 հազ. հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում կկազմի շուրջ 445,3 մլն մ3:

5. Հարկ է նշել, որ 2023 թվականի հունիսի 1-ի դրությամբ հանրապետության համեմատաբար խոշոր ջրամբարների լցվածությունը կազմում է 382,8 մլն մ3, որը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, պակաս է 224,3 մլն մ3-ով (607,1 մլն մ3 - 382,8 մլն մ3 = 224,3 մլն մ3):

6. Տևական շոգ և չոր եղանակով պայմանավորված՝ Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը, և ջրապահանջը լրացնելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սևանա լճից կատարվել են պլանավորածից վաղ ջրբացթողումներ (նախորդ տարվա համեմատ՝ 20 օր շուտ):

7. Հարկ է նշել, որ Հրազդան գետում միջին ամսական հոսքը 2023 թվականի ապրիլ և մայիս ամիսներին դիտվել է համապատասխանաբար 6,86 մ3/վրկ և 9,52 մ3/վրկ այն դեպքում, երբ նույն ցուցանիշները 2022 թվականին կազմել են համապատասխանաբար 15,8 մ3/վրկ և 23,2 մ3/վրկ:

8. 2023 թվականի հավանական սակավաջրության պայմաններում ոռոգման բնականոն ջրամատակարարումն ապահովելու նպատակով, հիմք ընդունելով «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած կանխատեսումը, վերը նշված հողատարածքները սնող ջրաղբյուրների ջրառաջարկը հունիսի 1-ի դրությամբ կազմում է՝

Հրազդան գետ+Մարմարիկի ջրամբարից՝ շուրջ 112,3 մլն մ3,

Ազատի ջրամբարից՝ շուրջ 20 մլն մ3,

Ապարանի ջրամբարից՝ շուրջ 0 մլն մ3,

Սևանա լճից՝ շուրջ 146 մլն մ3,

Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանների առավելագույն հզորության գործարկմամբ՝ շուրջ 45,6 մլն մ3:

Ընդամենը՝ շուրջ 323,9 մլն մ3,

Դեֆիցիտը՝ շուրջ 121,4 մլն մ3:

9. Նշված դեֆիցիտը հնարավոր է մեղմել հրատապ միջոցառումների շնորհիվ լրացուցիչ մեխանիկական ջրարտադրությամբ՝ շուրջ 51,4 մլն մ3, և Սևանա լճից լրացուցիչ ջրբացթողումներով՝ մինչև 70 մլն մ3:

10. Միաժամանակ Սևանա լճից հունիսի 5-ի դրությամբ 2022 թվականին բաց է թողնվել 1.028 մլն մ3, 2023 թվականին՝ 28.334 մլն մ3 ջուր, իսկ Արփա-Սևան թունելով Սևանա լիճ է տեղափոխվել համապատասխանաբար 123,138 մլն մ3 և 63,880 մլն մ3 ջուր:

 

3. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

11. Ծրագրի հիմնական նպատակն է Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակի ապահովումը:

12. Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ առաջնային հիմնական խնդիրը նաև օրենքով սահմանված՝ ոռոգման նպատակով լճից տարեկան բացթողման 170 մլն մ3 չափաքանակի ավելացումն է՝ այն դարձնելով մինչև 240 մլն մ3:

13. Լճից մինչև լրացուցիչ 70 մլն մ3 ծավալով ջրբացթողման ավելացումը, ըստ նախնական գնահատականների, հնարավորություն կտա նաև Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի ՀԷԿ-երում լրացուցիչ արտադրելու ևս շուրջ 44 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա (համաձայն 2021 թվականին կատարված հաշվարկների): Սևան-Հրազդան կասկադի հիդրոէլեկտրակայաններում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների հասույթի և կատարած ծախսերի տարբերությունից առաջացող շահույթը կուղղվի Կառավարության սահմանած նպատակային ներդրումներ իրականացնելուն:

 

4. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ Ծրագրի ԿԱՏԱՐումԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔները

14. Ծրագրի կատարումից ակնկալվում են հետևյալ արդյունքները.

1) հողերին մատակարարվող ոռոգման ջրի դեֆիցիտի մեղմում,

2) ոռոգում կատարող կազմակերպություններում մեխանիկական ջրարտադրության փոխարինում ինքնահոսով և էլեկտրաէներգիայի մասով նոր պարտքերի չձևավորում:

 

5. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

15. «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված` Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ3) ավել բացթողումը պետք է կատարվի Կառավարության համապատասխան որոշումներով` ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմնի ներկայացրած կանխատեսումային առաջարկությունների հիման վրա:

16. Ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմինը յուրաքանչյուր տասնօրյակը մեկ Կառավարություն պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվություն` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված` Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ3) ավել բաց թողնված ջրաքանակի վերաբերյալ:

17. Էներգետիկայի բնագավառում լիազորված պետական մարմինը յուրաքանչյուր ամիս Կառավարություն պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվություն` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված` Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ3) ավել բաց թողնված ջրաքանակի օգտագործմամբ արտադրված էլեկտրաէներգիայի քանակի և դրա հետ կապված վճարումների վերաբերյալ:

18. Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը սույն ծրագրի գործողության ընթացքում իրականացնում է փորձագիտական հետազոտություններ, որոնց արդյունքները ներկայացնում է Կառավարություն և Ազգային ժողով:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. հուլիսի 31

Երևան

ՀՕ-254-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 օգոստոսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան