ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՎ ՆԱԶԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 2169/12 և 29887/14)
ՎՃԻՌ
Հոդված 2 (Նյութաիրավական) • Կյանքը • Դրական պարտավորությունները • Համապատասխան և արդյունավետ միջոցներ չձեռնարկելը՝ ենթադրյալ ինքնասպանություն գործած պայմանագրային զինծառայողի կյանքը ոտնձգությունների և վատ վերաբերմունքի ֆոնին պաշտպանելու համար • Զինվորական անձնակազմի կյանքը պաշտպանող կարգավորման շրջանակի բացակայությունը, մասնավորապես՝ կապված ինքնասպանությունների կանխարգելման հետ Հոդված 2 (դատավարական) • Ներպետական մարմինների կողմից մահվան հանգամանքների արդյունավետ քննություն չկատարելը և դիմումատուների ներգրավվածությունը բավարար չափով չապահովելը |
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
8 նոյեմբերի 2022 թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Հովհաննիսյանը և Նազարյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր [Gabriele Kucsko-Stadlmayer]՝ Նախագահ,
Թիմ Այքը [Tim Eicke],
Յոնկո Գրոզև [Yonko Grozev],
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Պերե Պաստոր Վիլանովա [Pere Pastor Vilanova],
Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking],
Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,
և Իլզե Ֆրայվըրթ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ տկն Հասմիկ Հովհաննիսյանի (առաջին դիմումատու) և տկն Ծովինար Նազարյանի (երկրորդ դիմումատու, միասին՝ դիմումատուներ) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2011 թվականի նոյեմբերի 23-ին և համապատասխանաբար 2014 թվականի ապրիլի 3-ին Դատարան ներկայացված գանգատները (թիվ 2169/12 և 29887/14),
Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) գանգատների մասին ծանուցելու վերաբերյալ որոշումը,
կողմերի դիտարկումները,
2022 թվականի հոկտեմբերի 11-ին անցկացնելով փակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Գործը վերաբերում է Ա. Նազարյանի՝ առաջին դիմումատուի որդու և երկրորդ դիմումատուի եղբոր՝ զինվորական ծառայության ընթացքում ենթադրաբար ինքնասպանության հետևանքով մահվանը և հետագա քննությանը։ Գործում բարձրացված են Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված հարցեր։
ՓԱՍՏԵՐԸ
2. Առաջին և երկրորդ դիմումատուները ծնվել են 1949 և 1976 թվականներին և բնակվում են համապատասխանաբար Երևանում և Բրյուսելում։ Նրանց Դատարանում ներկայացրել են Երևանում գործող իրավաբան պրն Վ. Գրիգորյանը և հետագայում պրն Մ. Շուշանյանը և Լոնդոնում գտնվող՝ Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի իրավաբաններ տկն Ջ. Էվանսը, տկն Ջ. Գավրոնը, պրն Պ. Լիչը, տկն Կ. Լեվինը և տկն Ջ. Սոյերը։
3. Կառավարությունը ներկայացրել է կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև՝ Հայաստանի Հանրապետության միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը։
4. Գործով փաստերը կարելի է ամփոփել հետևյալ կերպ:
I. Գործի նախապատմությունը
5. Դիմումատուներն են 31 տարեկանում մահացած Հայաստանի զինված ուժերի սպա պարոն Ա. Նազարյանի մայրն ու քույրը։
6. 2001 թվականից մինչև 2003 թվականը Ա. Նազարյանն իրականացրել է պարտադիր զինվորական ծառայություն։
7. 2009 թվականին նա զորակոչվել է Հայաստանի զինված ուժեր և Հայաստանում գտնվող թիվ 21127 զորամասում (զորամաս) նրան շնորհվել է լեյտենանտի կոչում։
II. դիմումատուների հարազատի մահը ԵՎ դրան հաջորդած քննությունը
8. 2010 թվականի հուլիսի 27-ին զորամասի թիվ 12 հենակետում Ա. Նազարյանին, որտեղ այդ օրը նա հերթապահել է եղել, հայտնաբերել են մահացած՝ բերանի շրջանում հրազենային վնասվածքով։
9. Ա. Նազարյանի մահից հետո թիվ 12 հենակետի պատասխանատու, կապիտան Հ. Մ.-ն Ա. Նազարյանի գրպանից հանել է նոթատետրը (տե՛ս ստորև՝ 34-րդ պարբերությունը) և այն հանձնել վաշտի ղեկավար, մայոր Մ. Ն.-ին։
10. Նույն օրը՝ ժամը 09։15-ին, Պաշտպանության նախարարությանը զորամասից հրատապ զեկուցել են, որ ըստ նախնական տեղեկությունների՝ լեյտենանտ Ա. Նազարյանն իրեն կցված ինքնաձիգից խրամատում կրակել է ինքն իրեն և մահացու վիրավորում ստացել։
11. Նույն օրը ՀՀ ՊՆ վեցերորդ կայազորային քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին կետով (ինքնասպանության հասցնելը): Այդ որոշման համապատասխան մասն ունի հետևյալ բովանդակությունը.
«2010 թվականի հուլիսի 27-ին ... [զորամասից] հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 07:50-ի սահմաններում, թիվ 12 մարտական հենակետում ... [Ա.] Նազարյանը, որն այնտեղ ծառայության էր նշանակվել, իրեն հատկացված ինքնաձիգից կրակել է իր բերանի մեջ և ակնթարթորեն մահացել»։
12. Նույն օրը քննիչը նշանակել է դիահերձում՝ պարզելու, inter alia (ի թիվս այլնի), Ա.Նազարյանի մահվան պատճառը, մարմնի վրա վնասվածքների առկայությունը և վնասվածքների առկայության դեպքում՝ դրանք պատճառելու ժամանակը։
13. Նույն օրը քննիչն առգրավել է Ա. Նազարյանին պատկանող երեք պահունակ, որոնցում եղել է իննսուն փամփուշտ։ Քննիչն անցկացրել է նաև թիվ 12 հենակետում բոլոր զինծառայողներին կցված հրազենի փորձաքննությունը, և կազմվել է հաշվետվություն այն մասին, որ վերջին անգամ մաքրելուց հետո որևէ հրազենից կրակոց չի արձակվել։
14. Առաջին դիմումատուն վարույթում ճանաչվել է որպես մահացածի իրավահաջորդ։ Այնուհետև նրան վարույթում հաջորդել է երկրորդ դիմումատուն։
15. Ըստ դեպքի վայրի զննության 2010 թվականի հուլիսի 28-ի արձանագրության՝ Ա.Նազարյանի դին հայտնաբերվել է նստած դիրքում՝ ժայռի մոտ՝ թիվ 12 ռազմաբազայի տարածքում՝ ինքնաձիգի փողը բերանում, իսկ կոթը՝ ոտքերի արանքում: Ինքնաձիգն առգրավվել է քննիչի կողմից, որը հանել է երեսուն փամփուշտ տարողունակությամբ պահունակն ու լիցքաթափել, ինչի արդյունքում փակաղակից դուրս է եկել կարմիր, արնանման նյութով պատված մեկ փամփուշտ։
Այնուհետև քննիչը փորձնական կրակոց է արձակել և փակել ձգանի պահպանիչը: Հանված պահունակում եղել է քսանինը փամփուշտ, որոնք նույնպես առգրավվել են։ Գետնին՝ դիակի մոտ, հայտնաբերվել է նաև մեկ կրակված պարկուճ։ Այս պարկուճը, որը կրում էր 78-09 համարը, նույնպես առգրավվել է։ Բացի այդ, Ա. Նազարյանի արտաքին հագուստի վրա (աջ ձեռքի վրա) և գետնին նույն ուղղությամբ (60 սմ երկարությամբ հետք) առկա են եղել կարմիր արնանման նյութի հետքեր։ Գետնի վրայի հետքերից նմուշներ են վերցվել։ Զննության ավարտին դին դուրս է բերվել դեպքի վայրից։
16. Կառավարությունը պնդել է, որ դեպքի վայրի զննությունը կատարվել է 2010 թվականի հուլիսի 27-ին, սակայն քննիչը սխալմամբ արձանագրության մեջ նշել է, որ այն կատարվել է 2010 թվականի հուլիսի 28-ին:
17. 2010 թվականի հուլիսի 28-ին քննիչը հանձնարարել է հրազենագիտական, հետքաբանական և մատնահետքերի համակցված փորձաքննություն՝ պարզելու, inter alia, թե արդյոք դեպքի վայրում հայտնաբերված 78-09 համարով պարկուճը կրակվել է Ա. Նազարյանի ինքնաձիգից, արդյոք ինքնաձիգից հեռացված պահունակը պարունակել է 31 փամփուշտ և արդյոք փորձագետներին ներկայացված՝ ինքնաձիգի և կրակված պարկուճների վրա առկա են եղել ճանաչելի մատնահետքեր։
18. Ըստ դեպքի վայրի հետագա զննության արձանագրության, որը տրվել է նաև 2010 թվականի հուլիսի 28-ին, զորամասի ճաշարանի պատին հայտնաբերվել են չորացած կարմիր արյան նման նյութի հետքեր (17 սմ երկարությամբ), որից նմուշներ են վերցվել։
19. 2010 թվականի հուլիսի 28-ի հրամանով Ս. Գ.-ն՝ զորամասի հրամանատարը, հրաման է արձակել թիվ 12 ռազմաբազայի բոլոր զինծառայողներին տեղակայել կարգապահական մեկուսարանում՝ զինվորական կանոնները խախտելու համար։ Մեկուսացման ենթակա անձինք արդեն կալանքի տակ էին 2010 թվականի հուլիսի 27-ից, և նրանց թվում էին կապիտան Հ. Մ.-ն, որը եղել է թիվ 12 հենակետի պատասխանատուն՝ սկսած 2010 թվականի հուլիսի 16-ից, և շարքային զինծառայողներ Հ. Կ.-ն, Մ. Մ.-ն, Ա. Հ.-ն և Ա. Մկ.-ն։
20. Պարզվում է, որ Ս.Գ.-ի նույն օրվա հրամանով մեկ այլ բազայի ավագ սպա, լեյտենանտ Վ. Հ.-ն մեկուսացվել է երեք օրով՝ անձնակազմի նկատմամբ վատ վերահսկողության համար պատժի տեսքով։
21. Մեկուսացման ընթացքում զինծառայողները հարցաքննվել են, նրանց միջև առերեսումներ են անցկացվել։
22. 2010 թվականի հուլիսի 27-ի ցուցմունքի մեջ կապիտան Հ. Մ.-ն, ի թիվս այլնի, նշել է, որ Ա. Նազարյանը պատշաճ կերպով չի կատարել իր պարտականությունները, և հաճախ ստիպված է եղել իր ուշադրությունը հրավիրել նրա անգործության վրա։ Քանի որ Ա. Նազարյանը թույլ սպա է եղել, ինքն ուշադիր է եղել նրա նկատմամբ, քանի որ կասկածել է, որ մյուս զինծառայողները կարող են ճնշում գործադրել Ա. Նազարյանի վրա։ Ըստ նրա՝ իր ներկայությամբ ոչ մի զինծառայող վատ չի վերաբերվել Ա. Նազարյանին։ Այնուհետև նա պատմել է 2010 թվականի հուլիսի 19-ից մի դրվագ, երբ վիճաբանել է Ա. Նազարյանի հետ, քանի որ վերջինս իր ջրի շիշն օգտագործել էր որպես դիզելային վառելիքի կոնտեյներ։ Ըստ նրա՝ Ա. Նազարյանն իրենց զրույցի ընթացքում վիրավորել է իրեն, ինչին ի պատասխան՝ նույն օրը մեկ անգամ և ավելի ուշ՝ մեկ այլ փաստարկի առնչությամբ, կրկին հարվածել է Ա. Նազարյանին՝ ավագ սերժանտ Ար. Հ.-ի, շարքային զինծառայողներ Ա. Մ.-ի և Վ. Հ.-ի ներկայությամբ, որին նա խնդրել էր գալ։ Կապիտան Հ. Մ.-ն հայտնել է նաև, որ բարկացած ժամանակ երկու անգամ բռունցքով հարվածել է Ա. Նազարյանին, որի ժամանակ վերջինս հետ է շրջվել և դեմքը հարվածել փայտե տախտակին, ինչի արդյունքում քթից արյունահոսություն է սկսվել։ Խրամատ վերադառնալու ճանապարհին, նկատելով, որ Ա.Նազարյանը վրդովված է կատարվածից, Վ. Հ.-ն զգուշորեն, զուսպ ասել է կապիտան Հ. Մ.-ին, որ նա ուշադրություն դարձնի Ա. Նազարյանին, որ իրեն չվնասի։ Կապիտան Հ. Մ.-ն չի բացառել, որ Ա. Նազարյանը կարող է վնասել ինքն իրեն, քանի որ նա շատ վրդովված էր թվում։ Վ. Հ.-ի հեռանալուց հետո կապիտան Հ. Մ.-ն Ա. Նազարյանի հետ խոսել է մինչև գիշերային հերթափոխը՝ փորձելով մխիթարել նրան և թույլ չտալ, որ նա իրեն վնասի։ Հետագա օրերին կապիտան Հ. Մ.-ն Ա. Նազարյանին մի քանի անգամ նկատողություն է արել իր հրամանատարության տակ գտնվող զինծառայողների հետ շատ մտերմիկ և ոչ ֆորմալ վերաբերմունք ցուցաբերելու համար։ Նա հերքել է, որ այդ ժամանակ վիրավորել է Ա. Նազարյանին։
Կապիտան Հ. Մ.-ն այնուհետև խոստովանել է, որ 2010 թվականի հուլիսի 26-ի կեսօրին բարկացել է Ա. Նազարյանի վրա, քանի որ ականատես է եղել, թե ինչպես է Ա. Նազարյանը շարունակում շատ մտերմիկ և ոչ ֆորմալ կերպով դիմել իր հրամանատարության տակ գտնվող զինծառայողներին՝ չնայած այդ մասով իր նախկին զգուշացումներին: Այնուհետև կապիտան Հ. Մ.-ն ապա Ա. Նազարյանին ասել է, որ հերթապահության ավարտից հետո զորամասի հրամանատարի տեղակալին խնդրելու է Ա. Նազարյանի նկատմամբ «պատվի դատարան» կազմակերպել՝ հավելելով, որ վերջինս արժանի չէ սպա լինելուն։ Դրանից հետո կապիտան Հ. Մ.-ն տեսել է, որ Ա. Նազարյանը վրդովված է և մտածել է, որ դա իրենց ավելի վաղ ունեցած խոսակցության պատճառով է։ Երբ կապիտան Հ. Մ.-ն 2010 թվականի հուլիսի 27-ին արթնացել է, տեսել է, որ Ա. Նազարյանն ինքնաձիգը ուսին դրած խրամատից դուրս է գալիս։ Այնուհետև նա լսել է լիցքավորվող հրացանի ձայնը, սակայն մտածել է, որ Ա. Նազարյանը հավանաբար մոռացել է լիցքաթափել հրացանը վերջին հերթափոխից հետո: Հետո նա սկսել է մյուս զինծառայողներին հարցնել, թե արդյոք տեսել են Ա. Նազարյանին։ Ժամը 7.50-ի սահմաններում կրակոց է լսվել։ Կապիտան Հ. Մ.-ն այնուհետև երկու շարքային զինծառայողների խնդրել է շտապ ստուգել, թե ինչ է կատարվել: Այնուհետև նա գնացել է զուգարան, իսկ խրամատ վերադառնալու ճանապարհին շարքային զինծառայողներից մեկը հեռվից զանգահարել է և պատգարակ խնդրել, քանի որ Ա. Նազարյանն ինքն իրեն կրակել էր։
23. Ըստ շարքային զինծառայողներ Ա. Մկ.-ի և Ա. Մ.-ի, ավագ սերժանտ Ար. Հ.-ի և կրտսեր սերժանտ Գ. Ս.-ի՝ 2010 թվականի հուլիսի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում տրված ցուցմունքների՝ Ա.Նազարյանը մի քանի անգամ դարձել է կապիտան Հ. Մ.-ի, ինչպես նաև ժամկետային զինծառայողներ Ա. Հ.-ի, Մ. Մ.-ի և Հ. Կ.-ի կողմից նվաստացման և վատ վերաբերմունքի արդյունքում տուժող։
24. 2010 թվականի հուլիսի 29-ին քննիչը նշանակել է դատակենսաբանական փորձաքննություն՝ պարզելու, inter alia, թե արդյոք Ա. Նազարյանի մարմնի մոտ և ճաշարանում հայտնաբերված արնանման նյութի հետքերը (տե՛ս վերևում՝15-րդ և 18-րդ պարբերությունները) պարունակել են արյուն, և եթե այո, ապա կարող էին արդյոք դրանք լինել Ա. Նազարյանինը։ Այս դատաբժշկական փորձաքննության արդյունքն անհայտ է։
25. Պարզվում է, որ հրամանատար Ս. Գ.-ի հրամանների հիման վրա կապիտան Հ. Մ.-ն և լեյտենանտ Վ. Հ.-ն 2010 թվականի հուլիսի 31-ից կրկին եռօրյա ժամկետով մեկուսացվել են զինվորական ծառայության կանոնները խախտելու համար։
Նույն օրն անցկացված հարցաքննությանը լեյտենանտ Վ. Հ.-ն հայտնել է, որ ականատես է եղել, թե ինչպես է կապիտան Հ. Մ.-ն Ա. Նազարյանի նկատմամբ բանավոր և ֆիզիկական բռնություն գործադրել, մինչդեռ նա ինքն էր փորձել հաշտեցնել նրանց։
26. 2010 թվականի հուլիս և օգոստոս ամիսներին զորամասի զինծառայողների կարգապահական մեկուսարանի հետ կապված փաստաթղթային ապացույցներ տրամադրելու վերաբերյալ դատարանի պահանջից հետո Կառավարությունը տրամադրել է Ս.Գ.-ի՝ 2010 թվականի հուլիսի 27-ի և 28-ի հրամանների պատճենները։
2010 թվականի հուլիսի 27-ի հրամանի համաձայն՝ թիվ 12 ռազմաբազայի ամբողջ անձնակազմը, այսինքն՝ տասնմեկ զինծառայող, պետք է հետ վերադառնային հենակետից «ռազմաբազայում [թիվ 12] տեղի ունեցած միջադեպի պատճառով՝ հիմնվելով [Ս. Գ.-ի] նախքան [քրեական գործով քննությունը] ներքին քննության արդյունքների, ինչպես նաև անձնակազմի հոգեբանական վիճակի վրա…»:
Համաձայն Ս. Գ.-ի 2010 թվականի հուլիսի 28-ի հրամանի՝ նշված տասնմեկ զինծառայողները կարգապահական մեկուսարան են տեղափոխվել «միջադեպի վերաբերյալ [քրեական գործով քննության] ներքին քննության արդյունքում հայտնաբերված ներքին ծառայության կանոնները խախտելու համար»: Նրանց թվում էին, ի թիվս այլոց, կապիտան Հ. Մ.-ն և ավագ սերժանտ Ար. Հ.-ն, որոնք մեկուսացվել էին համապատասխանաբար երեք և հինգ օրով, ինչպես նաև շարքային զինծառայողներ Հ. Կ.-ն, Մ. Մ.-ն, Ա. Մ.-ն, Ա. Հ.-ն և Ա. Մկ.-ն, որոնք մեկուսացվել էին տասը օրով։
Կառավարությունը չի տրամադրել որևէ փաստաթուղթ՝ կապված զինծառայողների կարգապահական մեկուսացման մյուս դրվագների հետ, որոնք նրանք չեն վիճարկել, որ տեղի է ունեցել (տե՛ս վերևում՝ 20-րդ և 25-րդ պարբերությունները և ստորև՝ 30-րդ պարբերությունը):
27. 2010 թվականի օգոստոսի 3-ին կապիտան Հ. Մ.-ն և շարքային զինծառայողներ Ա. Հ.-ն, Մ. Մ.-ն և Հ. Կ.-ն ձերբակալվել են։
28. 2010 թվականի օգոստոսի 5-ին կապիտան Հ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ծանրացնող հանգամանքներում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
29. Նույն օրը շարքային զինծառայողներ Ա. Հ.-ին, Մ. Մ.-ին և Հ. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով՝ վերադասի նկատմամբ ծանրացնող հանգամանքներում բռնություն գործադրելու համար։
30. Պարզվել է, որ Ս. Գ.-ի 2010 թվականի օգոստոսի 7-ի հրամանով շարքային զինծառայողներ Ա. Մկ-ն և Ա. Մ.-ն ևս տասը օրով մեկուսացվել են զինվորական կանոնները խախտելու համար։
31. 2010 թվականի օգոստոսի 9-ին Ա. Նազարյանի նոթատետրը ներկայացվել է քննչական մարմին։ Նոթատետրի ներսում հայտնաբերվել է պատառոտված թուղթ, որի վրա գրված է եղել հետևյալը.
«Ես պարտավոր եմ սա անել, հոգնել եմ ամեն ինչից, ծնողներիս դաստիարակությունից, կյանքում իմ տեղը չգտնելուց, երազել չկարողանալուց։ Սա ոչ մեկի մեղքը չէ, ոչ ոքի, միայն իմ և իմ ծնողների մեղքն է»:
32. Այնուհետև նոթատետրը ներկայացվել է դատափաստաթղթային փորձաքննության։ Համաձայն դրան հաջորդած 2010 թվականի օգոստոսի 13-ի փորձագիտական եզրակացության՝ դրանում առկա գրառումները և առանձին թղթի վրա գրված ցուցմունքը գրվել են Ա. Նազարյանի կողմից։
33. 2010 թվականի օգոստոսի 10-ին պաշտպանության նախարարը հրաման է արձակել, որով միջադեպի առնչությամբ զորամասի մի քանի ծառայողներ նկատողություն են ստացել։ Այդ հրամանի համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
«... Ներքին քննությամբ բացահայտվել է, որ կապիտանը [Հ. Մ.-ն] ... պատասխանատվություն է կրել մարտական հենակետերի [այդ թվում] ... թիվ 12 հենակետի համար, և ... [նա] ներկա է գտնվել հիմնականում թիվ 12 մարտական հենակետում ... [2010] թվականի հուլիսի 18-ին, թիվ 12 մարտական հենակետ են հասցվել հացը և վառելիքը։ Քանի որ կոնտեյներ չկար, [Ա.] Նազարյանը դիզելային վառելիքը լցրել է ջրի շշի մեջ... իմանալով, սակայն, որ [շիշը] պատկանում է [Հ. Մ.]-ին։ Վերջինս, իմանալով այս մասին, բացատրության տալու համար հրավիրել է [Ա.] Նազարյանին։ Նրանց խոսակցությունը վերաճել է փոխադարձ վիրավորանքների, որից հետո [Հ. Մ.]-ն [Ա.] Նազարյանին ժամանակ է տվել մինչև հաջորդ օրվա՝ [2010 թվականի հուլիսի 19]-ի ժամը 22։00-ը՝ շիշը վերադարձնելու համար, միևնույն ժամանակ սպառնալով ... ստորացնել նրան ... Հաջորդ օրը ... [Ա.] Նազարյանը գնացել է մոտակա գյուղ... նոր շիշ ձեռք բերելու։ ... Երբ [Հ. Մ.]-ն բարկացած ժամանակ խնդրել է բացատրել ռազմաբազայից իր բացակայությունը, [Ա.] Նազարյանն արտահայտել է իր դժգոհությունը ... Խոսակցությունը վերաճել է վիճաբանության, փոխադարձ վիրավորանքների, ծեծկռտուքի և կռվի… Այնուհետև վիճաբանության մեջ ներգրավված անձինք [Վ. Հ.]-ին հրավիրել են թիվ 12 ռազմաբազա` խոսակցությանը ներկա գտնվելու համար ... Խոսակցությունը հերթական անգամ վերածվել է վիրավորանքի և կռվի, ինչի հետևանքով [Ա.] Նազարյանի քթից արյունահոսություն է սկսվել։
Կապիտան [Հ. Մ.]-ն, լինելով ... թիվ 12 ռազմաբազայի ... պատասխանատուն և [Ա.] Նազարյանի անմիջական հրամանատարը, չարաշահել է իր պաշտոնեական դիրքը՝ անձնակազմի աչքի առաջ հարձակվելով [Ա.] Նազարյանի վրա՝ դրանով իսկ վիրավորելով նրա արժանապատվությունը և ռազմաբազայում ստեղծելով անառողջ բարոյական միջավայր, ինչի հետևանքով [Ա.] Նազարյանը վատ վերաբերմունքի է արժանացել ժամկետային զինծառայողներ [Հ. Կ.]-ի, [Մ. Մ.]-ի և [Ա. Հ.]-ի կողմից։ Այս իրավիճակը թաքցվել է հրամանատարությունից, ինչի արդյունքում ինքնամեկուսացվելով՝ [Ա.] Նազարյանի արտաքին կոնֆլիկտները վերածվել են ներքին կոնֆլիկտների՝ ստեղծելով անտանելի հոգեբանական վիճակ, որը հանգեցրել է մահացու ելքի …
Միջադեպը չի համարվի, որ տեղի է ունեցել, եթե՝
1) մարտական հերթապահության մեջ ընդգրկվող անձնակազմի ընտրության ժամանակ հաշվի են առնվել զինծառայողների անձնական հատկանիշները, նրանց սոցիալ-հոգեբանական համատեղելիությունը և միջանձնային հարաբերությունները,
2) անձնակազմի հետ աշխատանքը, ... հատկապես այն, որը նպատակաուղղված էր կանխարգելելու ոչ կանոնադրական հարաբերությունները ..., կատարվել էր պատշաճ կերպով,
3) ... անձնակազմն առաջնորդվել է [պաշտպանության նախարարի հատուկ ուղերձով] ներկայացված առաջարկներով և դրանցից եզրակացություններ արել,
4) անձնակազմի հետ աշխատելու համար պատասխանատու [զորամասի] հրամանատարի տեղակալը մանրամասն ուսումնասիրել է սպաների մասնագիտական և բարոյական հատկանիշները,
5) ... Ամսական արդյունքների ամփոփումներն ու մարտական հերթապահությունից հետո գնահատականները մակերեսորեն չեն կատարվել (զորամասի հրամանատարի խոսքերով, լեյտենանտ [Ա.] Նազարյանը բացասական է բնութագրվել, սակայն ամփոփ հաշվետվություններում երբեք չի նշվել, որ նա վատ է դրսևորել),
...
Պատասխանատու անձանց կատարվածի համար պատժելու և ապագայում նման միջադեպերի առաջացումը կանխելու համար կարգադրում եմ՝
1. Նշանակել [հետևյալ պատիժները]`
...
2) «խիստ նկատողություն» հետևյալ անձանց նկատմամբ՝
- [զորամասի] հրամանատարի տեղակալ ...
3) նախազգուշացում հետևյալ պաշտոնների պահանջների հետ մասնակի համապատասխանության մասին՝
- [զորամասի] հրամանատարի տեղակալ, որը պատասխանատու է զինվորական հերթապահության համար ...
բ) Կապիտան [Գ. ՈՒ.] ... անձնակազմը վերահսկելու կամ անձնակազմի համար կարգ ու կանոն և կայուն բարոյական միջավայր չհաստատելու համար…
2. պաշտոնից ազատել և ստորադաս պաշտոնի նշանակել՝
ա) [զորամասի] հրամանատարի տեղակալին, որը պատասխանատու է անձնակազմի հետ աշխատելու համար ... միջանձնային հարաբերություններում ... բացասական միջադեպերը չկանխելու համար,
...
... նախքան քրեական գործի քննության ավարտը, ... Կապիտան [Հ. Մ.]-ն և լեյտենանտ [Վ. Հ.]-ն պետք է լինեն [զինված ուժերի] ... անձնակազմի տրամադրության տակ։
...
6. [զորամասերի] հրամանատարներին՝
- միջադեպը քննարկելու ... և նման [միջադեպերի] կրկնությունը կանխելու համար միջոցներ ձեռնարկելու համար ...
...»։
34. 2010 թվականի օգոստոսի 11-ին լրացուցիչ հարցազրույցի ժամանակ կապիտան Հ. Մ.-ն հայտնել է, որ դեպքից հետո մոտեցել է դիակին և Ա. Նազարյանի գրպանից հանել նոթատետրը։ Այնուհետև նա նոթատետրը տվել է մայոր Մ. Ն.-ին՝ խնդրելով վերջինիս պահել այն և ոչ մեկին այդ մասին չասել։ Երբ հարցրել են, թե ինչու է նոթատետրը տվել Մ. Ն.-ին, նա պատասխանել է, որ վախեցել է, որ իր մատնահետքերը կմնան դրա վրա։ Նա խոստովանել է, որ ինքն ու Մ. Ն.-ն կարդացել են նոթատետրում եղած գրառումները, սակայն ասել է, որ չի հիշում, թե դրանք ինչի մասին էին։
35. 2010 թվականի օգոստոսի 17-ին տրվել են համակցված հրազենագիտական, հետքաբանական և մատնահետքերի փորձաքննության եզրակացությունները (տե՛ս վերևում՝ 17-րդ պարբերությունը): Փորձագետների զեկույցի համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
«...ներկայացված պարկուճը զննելու նպատակով տրվել է փորձագետին։ Պարկուճի զննության արդյունքում պարզվել է, որ ... պարկուճի ներքևում նշված են եղել 60-78 թվերը, որոնց [առաջին երկու թվանշանները] համապատասխանում են այն արտադրող գործարանի համարին և արտադրման տարեթվի վերջին երկու թվանշաններին։
... ներկայացրած պարկուճը ... կրակվել է ինքնաձիգից... որը ներկայացվել է քննությանը։
Ներկայացված պահունակը հնարավոր է լիցքավորվի համապատասխան տրամաչափի երեսունմեկ փամփուշտով:
...
Ներկայացված փամփուշտի և պարկուճի վրա պապիլյար ծալքերի հետքեր չեն հայտնաբերվել։ Ներկայացված ինքնաձիգի մակերևույթի որոշ հատվածներ պարունակում են քրտինքի և ճարպի հետքեր, որոնք պիտանի չեն հետագա համեմատական փորձաքննության համար»։
36. Նշանակվել են մի շարք հրազենագիտական փորձաքննություններ՝ պարզելու, թե արդյոք Ա. Նազարյանի ծառայակիցներից վերցված ձեռքի, բերանի և ականջի փայտիկի նմուշներում առկա են կրակոցի հետքեր։ Նրանց եզրակացությունների համաձայն՝ իր յոթ ծառայակիցներից՝ Գ. Ս.-ից, Ա. Մ.-ից, Հ. Ն.-ից, Ա. Մկ.-ից, Ա. Հ.-ից, Մ. Մ.-ից և Հ. Կ.-ից վերցված ականջի փայտիկների վրա եղել են պղնձի մասնիկներ, որոնք կրակոցից մնացած հետքերի մաս են կազմում:
37. 2010 թվականի սեպտեմբերի 22-ին ավարտվել է Ա. Նազարյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը, այդ թվում՝ դիահերձումը։ Դատաբժշկական փորձագետի եզրակացության համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
«... [Ա.] Նազարյանի մահվան պատճառ է դարձել գլխուղեղի ֆունկցիոնալ խանգարումը՝ գլխին հասցված ծակող հրազենային վնասվածքի հետևանքով… Կրակոցն արձակվել է բերանի մեջ... Բացի վերոնշյալ դիտարկումներից՝ [Ա.] Նազարյանի մարմնի զննությամբ հայտնաբերվել են նաև աջ այտի, ստորին ծնոտի քերծվածքներ և մաստոիդային գործընթաց և աջ ձեռքի վերին հատվածում կապտուկներ, որոնք հասցվել են ... մահից մոտ վեց ժամ առաջ և անմիջականորեն կապված չեն մահվան հետ… Հայտնաբերվել են նաև կրծքավանդակի ձախ կողմի, ձախ ձեռքի վերին հատվածի, ձախ ձեռքի արմունկի, ձախ ձեռքի նախաբազկի և ձախ ազդրի հատվածում քերծվածքներ, որոնք հասցվել են ... բութ առարկաներով ... մահից ոչ շատ առաջ, [ինչպես նաև] աջ ձեռքի դաստակի հինգերորդ մատի հատվածի քերծվածք, որը հասցվել է մահից երեքից հինգ օր առաջ, բայց անմիջականորեն կապված չէ մահվան հետ…
Դատաքիմիական փորձաքննությունը ... ցույց է տվել արյան նմուշում 1,8 պրոմիլ և մեզի նմուշում 0,7 պրոմիլ ալկոհոլ, ինչը համապատասխանում է միջին մակարդակի ալկոհոլային հարբածությանը … մահացած անձը [ալկոհոլը] ընդունել է իր մահից մոտ մեկից մեկուկես ժամ առաջ: [Ա.] Նազարյանի ստամոքսը դատարկ էր …
Տասնինը լուսանկար ... կցված է այս եզրակացությանը»։
38. 2010 թվականի հոկտեմբերի 13-ին զորամասի ավագ սերժանտ Ռ.Է.-ն հարցաքննվել է և, inter alia, նշել է, որ ճանաչում է Ա. Նազարյանին որպես խելացի և համեստ սպա, որը, սակայն, չի կարողացել վերահսկել իր անձնակազմը։ Նա նաև հայտնել է, որ կապիտան Հ. Մ.-ն մնացած զինծառայողների աչքի առաջ վիրավորել և ֆիզիկական բռնության է ենթարկել Ա. Նազարյանին, ինչի հետևանքով նրանցից ոմանք, մասնավորապես՝ Մ. Մ.-ն, Հ. Կ.-ն և Ա. Հ.-ն նույն կերպ են վարվել Ա. Նազարյանի հետ, այսինքն՝ ծաղրել և անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել նրա նկատմամբ։
39. 2010 թվականի հոկտեմբերի 27-ին տված հարցազրույցում ավագ սերժանտ Ար .Հ.-ին հարցրել են, թե արդյոք նա իր վերադասներին զեկուցել է այն իրավիճակի մասին, որում հայտնվել է Ա. Նազարյանը՝ անդրադառնալով մյուս զինծառայողների կողմից իր նվաստացման և վատ վերաբերմունքի դեպքերին։ Ար. Հ.-ն բացասական է պատասխանել՝ նշելով, որ տեղյակ չի եղել, որ պետք է այդ մասին զեկուցի։
40. 2010 թվականի հոկտեմբերի 28-ին առաջին դիմումատուն քննիչից պահանջել է Ա. Նազարյանի ձեռագրի նմուշները պարունակող փաստաթղթերի լուսապատճենները, այդ թվում՝ նոթատետրում եղած նմուշները՝ արտերկրում դրանք դատաձեռագրաբանական փորձագետներին ներկայացնելու նպատակով, քանի որ նպատակ է ունեցել վիճարկել, որ նոթատետրում գրառումներն արվել են իր որդու կողմից։
41. 2010 թվականի նոյեմբերի 4-ին քննիչը, վկայակոչելով, inter alia, Քրեական դատավարության օրենսգրքի («ՔԴՕ») 59-րդ և 201-րդ հոդվածները, մերժել է առաջին դիմումատուի պահանջը՝ պատճառաբանելով, որ քննության ընթացքում հավաքագրված տվյալները ենթակա չեն բացահայտման մինչև քննության ավարտը։ Առաջին դիմումատուն դատարանում անհաջող կերպով վիճարկել է այդ որոշումը՝ պնդելով, որ ՔԴՕ-ի համապատասխան դրույթները քրեական վարույթում տուժող կողմի իրավունքներն այնքան են սահմանափակել, որ տուժող կողմը զրկվել է իր դիրքորոշումն արդյունավետ կերպով ներկայացնելու հնարավորությունից։
42. 2010 թվականի նոյեմբերի 20-ին քննիչը նշանակել է համակցված դատաբժշկական, հրազենագիտական և հետքաբանական փորձաքննություն՝ պարզելու, inter alia, թե արդյոք Ա. Նազարյանը կարող էր ինքն իրեն հրազենային վնասվածք պատճառել, և եթե այո, ապա հաշվի առնելով դիակի դիրքն այն հայտնաբերելու պահին, հայտնաբերված վնասվածքները և հրազենային վնասվածքի ուղղությունը՝ պարզելու կրակոցն արձակելու պահին զենքի և դիակի դիրքերը։ Փորձագետներին նաև խնդրել են պարզել, թե արդյոք այլ անձինք կարող էին հրազենային վնասվածք հասցնել Ա. Նազարյանին և ինչպիսին կլիներ հասցված վերքի հետագիծը նման դեպքում, և արդյոք հնարավոր է, որ Ա. Նազարյանը մահացել է այլ վայրում, և որ նրա դին հետո տեղափոխվել է այն վայր, որտեղ որ այն ավելի ուշ հայտնաբերվել է, ինչպես նաև արդյոք նրա հագուստի վրա եղել են այդպիսի տեղափոխման նշաններ, թե՝ ոչ։
43. 2011 թվականի փետրվարի 2-ին ներկայացվել է դատաբժշկական, հրազենագիտական և հետքաբանական համակցված փորձաքննության եզրակացությունը։ Դրա համապատասխան մասերը շարադրվել են հետևյալ բովանդակությամբ.
«...Փորձագիտական հանձնաժողովը եզրակացնում է, որ [Ա.] Նազարյանի գլխի և նրա գլխարկի վրա [փամփուշտի ելքի անցքը] նկարագրված վնասվածքները ստացվել են հրաձգության հետևանքով … բերանի խոռոչում արձակած մեկ կրակոցի արդյունքում։ [Ա.] Նազարյանի գլխարկի վրա փամփուշտի ելքի անցքի գտնվելու վայրը և արձակման մեխանիզմը ... համապատասխանում են [Ա.] Նազարյանի գլխին փամփուշտի ելքից ստացված վնասվածքին…
Հաշվի առնելով դիակի դիրքը հայտնաբերման պահին, հայտնաբերված մարմնական վնասվածքները և հրազենային վնասվածքի ուղղությունը, պետք է եզրակացնել, որ [Ա.] Նազարյանը տվյալ վերքը կարող էր պատճառել ինքն իրեն, մինչդեռ կրակոցի պահին տուժողի և զենքի դիրքը կարող էր այնպիսին լինել, որ ապահովված լինեին հրազենային վնասվածք հասցնելու վերոնշյալ պայմանները։
... չի բացառվում, որ [Ա.] Նազարյանի մարմնական վնասվածքը կարող էր պատճառվել իր, ինչպես նաև մեկ այլ անձի կողմից …
[Ա.] Նազարյանի դիակի և հագուստի դատական փորձաքննությունները ցույց չեն տվել (քարշ տալով) տեղափոխելու արդյունքում մնացած հետքեր...
Հաշվի առնելով [Ա.] Նազարյանի դիակի դիրքը հայտնաբերման պահին, պետք է եզրակացնել, որ հնարավոր է եղել հրազենային նման վնասվածք հասցնել ինքն իրեն։ Նրա հրազենային վնասվածքները, հրաձգության հետևանքով գլխարկի վրա փամփուշտի ելքի անցքը [և] ինքնաձիգի փողի ուղղությունը ... բոլորը համապատասխանում են միմյանց:
[Ա.] Նազարյանի [հագուստի] վնասված մասերի տեղերը չեն համապատասխանում դիահերձման ժամանակ նրա մարմնի վրա հայտնաբերված վնասվածքներին (կապտուկներ և քերծվածքներ) ...»:
44. 2011 թվականի փետրվարի 14-ին կրտսեր սերժանտ Գ. Ս.-ն լրացուցիչ հարցաքննվել է: Նա մասնավորապես պնդել է, որ 2010 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 17։00-ի կամ 18։00-ի սահմաններում, նա այլ զինծառայողների, այդ թվում՝ Ա. Մկ.-ի հետ ճաշարանում սուրճ խմելիս է եղել։ Ա. Նազարյանը նույնպես նստած է եղել ճաշարանում և վրդովված տեսք ունեցել։ Երբ Ա. Նազարյանը հեռացել է, կապիտան Հ. Մ.-ն հրամայել է Ա. Նազարյանի ինքնաձիգից հեռացնել զարկանը, որպեսզի նա ինքն իրեն չվնասի։ Կապիտան Հ. Մ.-ի հրամանն ուղղված էր ոչ թե անձամբ Գ. Ս.-ին, այլ ընդհանրապես ներկա գտնվողներին, թեև Գ. Ս.-ն հստակ չէր հիշում, թե բացի Ա. Մկ.-ից էլ ով է եղել այնտեղ։
45. 2011 թվականի փետրվարի 22-ին լրացուցիչ հարցաքննության ժամանակ Ա. Մ.-ն, inter alia, հայտնել է, որ 2010 թվականի հուլիսի 19-ին նա տեսել է, թե ինչպես է լեյտենանտ Վ. Հ.-ն կապիտան Հ. Մ.-ի հետ միասին հարվածում Ա.Նազարյանին։ Մյուս վկաները, այդ թվում՝ կրտսեր սերժանտ Գ.Ս.-ն, նույնպես հաստատել են, որ տեսել են, թե ինչպես է Վ. Հ.-ն հարվածում Ա. Նազարյանին:
46. 2011 թվականի ապրիլի 1-ին լեյտենանտ Վ. Հ.-ին ծանրացնող հանգամանքներում լիազորությունները չարաշահելու հիմքով մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-375-րդ հոդվածի 2-րդ մասով (տե՛ս ստորև՝ 76-րդ և 83-րդ պարբերությունները)` հանցակից կապիտան Հ.Մ.-ի հետ Ա. Նազարյանի նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերելու և նրան նվաստացնելու համար։
47. 2011 թվականի ապրիլի 9-ին քննիչը նշանակել է հետմահու դատահոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն՝ պարզելու, inter alia, թե արդյոք Ա. Նազարյանը տառապել է հոգեկան խանգարումներից և ինչ հոգեբանական վիճակում է եղել մահվանը նախորդող ժամանակահատվածում։
48. 2011 թվականի հունիսի 1-ին հետմահու դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություն իրականացրած փորձագետների հանձնաժողովը ներկայացրել է իր զեկույցը, որում, inter alia, նշվում է, որ Ա. Նազարյանը երբեք չի տառապել հոգեկան խանգարումով և լիովին պատասխանատու է եղել իր արարքների համար։ Քննչական մարմնի տրամադրած նյութերի հիման վրա (Ա. Նազարյանի վերադասների և ծառայակիցների ցուցմունքները և դատաբժշկական փորձաքննություն նշանակելու որոշման մեջ նշված փաստերի շարադրանքը) հանձնաժողովը պարզել է, որ Ա. Նազարյանը, չնայած խիստ ինտելեկտուալ անձնավորություն լինելուն, որը, ավելին, ուներ լեյտենանտի կոչում, ծառայակիցների, այդ թվում՝ բարձրաստիճան սպաների և ժամկետային զինծառայողների կողմից շարունակական նվաստացման զոհ է դարձել։ Քրեական գործի նյութում արտացոլված էր նվաստացման և բռնության մի ամբողջ շղթա, որը սկիզբ էր առել զորամասի առաջին գումարտակի հրամանատար, կապիտան Հ. Մ.-ից։ Հանձնաժողովը եզրակացրել է, որ Ա. Նազարյանի ինքնասպանությունը կապված է ծառայողներ Հ. Մ.-ի և Վ. Հ.-ի, ինչպես նաև ժամկետային զինծառայողներ Ա. Հ.-ի և Մ. Մ.-ի կողմից նրա նվաստացման, ստորացման և վատ վերաբերմունքի հետ, և որ ժամկետային զինծառայող Հ. Կ.-ն հավանաբար նույնպես դեր է խաղացել։
49. 2011 թվականի հունիսի 14-ին Հ. Կ.-ին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են, և նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասով՝ իր վերադաս սպային՝ Ա. Նազարյանին, վիրավորելու և նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու համար։
50. 2011 թվականի հունիսի 15-ին կապիտան Հ. Մ.-ին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են, և նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով, 365-րդ հոդվածի 1-ին մասով և 375-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով 2010 թվականի հուլիսի 15-ից հուլիսի 26-ն ընկած ժամանակահատվածում տարբեր առիթներով իր ենթակա Ա. Նազարյանին նվաստացնելու և նրա նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերելու համար, ինչպիսի արարքները ի վերջո հանգեցրել են 2010 թվականի հուլիսի 27-ին Ա. Նազարյանի ինքնասպանությանը։
51. 2011 թվականի հունիսի 25-ին դիմումատուներին տրամադրվել են գործի նյութերը:
52. 2011 թվականի օգոստոսի 2-ին վերջնական տեսքի է բերվել մեղադրական եզրակացությունը։ Այդ մեղադրական եզրակացության համապատասխան մասերը շարադրվել են հետևյալ բովանդակությամբ.
«[Ա.] Նազարյանի գրեթե բոլոր ծառայակիցները նրան բնութագրել են որպես համեստ, ինտելեկտուալ, դրական անձնավորություն, որը, սակայն, պիտանի չէր զինծառայության համար … [նա] չի կարողացել վերահսկել իր ենթակայության տակ գտնվող դասակի անձնակազմի գործողությունները, ինչի արդյունքում ղեկավարության կողմից անընդհատ նկատողություններ է ստացել։
Վերոնշյալ հանգամանքների արդյունքում դասակի սպաների վերաբերմունքը [Ա.] Նազարյանի նկատմամբ հետզհետե փոխվել է բացասական առումով՝ նրան լուրջ չեն վերաբերվել, վիրավորել են և այլն։
2010 թվականի հուլիսի 16-ին զորամասի առաջին գումարտակը եղել է ակտիվ մարտական հերթապահության։
Լեյտենանտ [Ա.] Նազարյանը նշանակվել է թիվ 12 ռազմաբազայի ավագ [սպա] ... Կապիտան Հ. Մ.-ն եղել է ... [թիվ 12 ռազմաբազայի] պատասխանատուն ...
2010 թվականի հուլիսի 16-ին ... [Ա.] Նազարյանը զանգահարել է վաշտի հրամանատար կապիտան Գ. Ու.-ին՝ հայտնելով, որ ինքը չի կարող այդ օրը ներկա գտնվել, քանի որ հայրը հիվանդ է …
... այդ կապակցությամբ վիճաբանություն է ծագել Գ. ՈՒ.-ի և Հ. Մ.-ի միջև, որի ընթացքում վերջինս հայհոյել է [Ա.] Նազարյանին և Գ. ՈՒ.-ին ասել, որ ինքը կպատժի [Ա.] Նազարյանին։
...
Երբ ...... [Ա.] Նազարյանը վերադարձել է ռազմաբազա 2010 թվականի հուլիսի 17-ին, կապիտան Հ. Մ.-ն հայհոյել է նրան ...
... 2010 թվականի հուլիսի 19-ին Հ. Մ.-ն ծեծի է ենթարկել [Ա.] Նազարյանին ... [Ա.] Նազարյանը փորձել է նրան պատասխան հարված հասցնել, սակայն չի կարողացել։ ... դրանից հետո Հ. Մ.-ն ... ուղարկել է ավագ լեյտենանտ Վ. Հ.-ի հետևից, որը Հ. Մ.-ի ընկերն էր։
... Հ. Մ.-ն և Վ. Հ.-ն միասին սկսել են ծեծի ենթարկել [Ա.] Նազարյանին, մասնավորապես բռունցքներով և ոտքերով հարվածել են նրա գլխին, ստամոքսին, կրծքավանդակին և այլն։
Հարվածների արդյունքում [Ա.] Նազարյանի քթից արյուն է հոսել [և] դեմքն ուռել է ...
Ընդհանուր առմամբ, Հ. Մ.-մ շարունակաբար անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել [Ա.] Նազարյանի նկատմամբ։ Նա նույնիսկ չի թողել [Ա.] Նազարյանին իր հետ նույն սեղանի շուրջ ուտել՝ պատճառաբանելով, որ «[նրանից] զզվում է»։
... Հ.Մ.-ի կողմից նման վարքագիծն անհետևանք չի մնացել։
Օգտվելով ստեղծված իրավիճակից ... երեք ժամկետային զինծառայողներ՝ Ա. Հ.-ն, Մ. Մ.-ն և Հ. Կ.-ն, որոնք ակտիվ հերթապահության են եղել ռազմաբազայում, ծաղրուծանակի են ենթարկել [Ա.] Նազարյանին։
...
Լինելով [Ա.] Նազարյանի հրամանատարության ներքո գործող առաջին վաշտում՝ ժամկետային զինծառայողներ [Ա. Հ.-ն, Մ. Մ.-ն և Հ. Կ.-ն] ծաղրել են նրան, նսեմացրել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ օգտվելով նրա ծայրահեղ խոցելի հոգեբանական վիճակից... որն առաջացել է Հ. Մ.-ի և Վ. Հ.-ի գործողությունների արդյունքում։
...
Ռազմաբազայի անձնակազմին, այդ թվում՝ Հ. Մ.-ին ակնհայտ է դարձել, որ [Ա.] Նազարյանին սպառնում էր ինքն իրեն վնաս հասցնելու վտանգը, ինչի կապակցությամբ 2010 թվականի հուլիսի 26-ին Հ.Մ.-ն հրահանգել է սպաներին [Ա.] Նազարյանի ինքնաձիգից զգուշորեն հեռացնել զարկանը, ինչը, սակայն, չի արվել։
[2010 թվականի հուլիսի 27-ին]՝ ժամը 07։30-ի սահմաններում, [Ա.] Նազարյանը ... վերցրել է իրեն միայն մեկ պահունակով կցված ինքնաձիգը և ասել ... որ պատրաստվում է ստուգել դիտակայանները ...
Ժամը 07։50-ի սահմաններում [Ա.] Նազարյանը... իրեն կցված ինքնաձիգից մեկ կրակոց է արձակել իր բերանում…»:
III. Սահմանադրական դատարանում հարուցված վարույթը
53. Միևնույն ժամանակ առաջին դիմումատուն դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՔԴՕ-ի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 201-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը:
54. 2012 թվականի հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը ՔԴՕ-ի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը և 201-րդ հոդվածի 1-ին մասը համարել է Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող (տե՛ս ստորև՝ 88-րդ պարբերությունը):
IV. Դատաքննությունը
55. Քրեական գործի քննությունն ստանձնել է Տավուշի մարզի դատարանը (Մարզային դատարան):
56. Դատաքննության ընթացքում երկրորդ դիմումատուն դիմում է ներկայացրել Մարզային դատարան՝ խնդրելով ձեռք բերել Ա. Նազարյանի ծառայակիցների երեսուներկու մինչդատական ցուցմունքները, որոնք անընդունելի են համարվել այն հիմքով, որ դրանք վերցվել են այն ժամանակահատվածում, երբ նրանցից տասնչորսը, ներառյալ՝ պաշտպանյալները, 2010 թվականի հուլիս և օգոստոս ամիսներին ենթարկվել են անօրինական կալանքի Ա.Նազարյանի մահվան դեպքի առթիվ զորամասի հրամանատարի հրամանների հիման վրա։
57. Դատաքննության ընթացքում կապիտան Հ. Մ.-ն վկայել է, inter alia, որ մյուս զինծառայողների հետ կալանքի տակ գտնվելու ժամանակ քննիչը ստիպել է նրան ցուցմունք տալ, որ Ա. Նազարյանին ինքն է սպանել կամ նրան դրդել է ինքնասպանության։
58. Ավագ լեյտենանտ Վ. Հ.-ն մասնավորապես վկայել է, որ ինքը երբեք չի լսել, որ Ա. Նազարյանը որևէ խնդիր է ունեցել ծառայակիցների կամ իր հրամանատարության տակ գտնվող ժամկետային զինծառայողների հետ։ Ավելին, նա երբեք ականատես չի եղել, որ որևէ մեկը չի ենթարկվել Ա. Նազարյանի հրամաններին։
59. Ա. Հ.-ն հետ է վերցրել իր մինչդատական ցուցմունքները՝ նշելով, որ դրանք տվել է հարկադրանքի տակ։
60. Մ. Մ.-ն Մարզային դատարանում հրաժարվել է ցուցմունք տալուց և հաստատել իր մինչդատական ցուցմունքները, ըստ որոնց՝ ինքը երբևէ բռնություն չի գործադրել Ա. Նազարյանի նկատմամբ և որևէ կերպ չի նվաստացրել նրան։
61. Հ. Կ.-ն ցուցմունք է տվել, որ Ա. Նազարյանի հետ երբևէ խնդիրներ չի ունեցել, և որ իրենք լավ հարաբերություններ են ունեցել։ Ըստ նրա՝ Ա. Նազարյանը պատշաճ կերպով կազմակերպել է զինվորական ծառայությունը, սակայն փաստաթղթերի կազմման հետ կապված թեթև խնդիրներ է ունեցել, ինչի պատճառը հոգնածությունն է եղել։ Նա նաև վկայել է, որ դեպքից հետո իրեն և մեկ այլ ժամկետային զինծառայողի, որը հերթապահում էր հենակետում, տարել են Ռազմական ոստիկանության բաժին և մի քանի օր պահել այնտեղ՝ սկզբում տարբեր խցերում, ապա միասին։ Նա նաև պնդել է, որ իրեն ինը ժամ շարունակ առանց ընդհատման հարցաքննել են, և որ այդ ամբողջ ընթացքում ինքը ոտքի վրա է եղել: Ավելին, նրան ծեծի են ենթարկել և ստիպել խոստովանել, որ ինքն է սպանել Ա. Նազարյանին կամ դրդել նրան ինքնասպանության։
62. Դատաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվել են Ա. Նազարյանի մի շարք ծառայակիցներ։
63. Հակառակ իր մինչդատական ցուցմունքի (տե՛ս վերևում՝ 38-րդ պարբերությունը)՝ ավագ սերժանտ Ռ. Է.-ն վկայել է, որ երբեք չի նկատել, որ լեյտենանտ Ա. Նազարյանը կապիտան Հ. Մ.-ի կամ որևէ այլ սպայի հետ որևէ խնդիր ունի։ Նա նաև պնդել է, որ ինքը քննիչին ասել է, որ Ա. Նազարյանի նկատմամբ գործադրված բռնության կամ նվաստացման երբևէ ականատես չի եղել, և որ քննիչը փոխել է արձանագրության մեջ իր ցուցմունքները, որը ստորագրել է առանց կարդալու, քանի որ վստահել է քննիչին իր ցուցմունքները ճշգրիտ կերպով արձանագրելու հարցում։
64. Ա. Մկ.-ն պնդել է, որ ականատես է եղել, թե ինչպես են կապիտան Հ. Մ.-ն և ավագ լեյտենանտ Վ. Հ.-ն ծեծի ենթարկում Ա. Նազարյանին։ Նա նաև ականատես է եղել, թե ինչպես են այլ զինծառայողներ՝ Ա.Հ.-ն և Մ.Մ.-ն ծեծի ենթարկում Ա. Նազարյանին, մինչ Հ. Կ.-ն նույնպես ֆիզիկական բռնության էր ենթարկում նրան։ Դեպքի օրը բոլոր զինծառայողները, այդ թվում՝ ինքը, բերման են ենթարկվել Բերդի ռազմական ոստիկանության բաժին։ Նա այնտեղ մնացել է մոտ 25 օր։ Կալանքի տակ գտնվելուց մոտ տասը օր անց այնտեղ էին տարել նաև եղբորը, որը նույնպես զինծառայող էր։ Ըստ քննիչի՝ դա արվել է եղբորը պաշտպանելու նպատակով, որը կարող էր վնաս կրել քննության ընթացքում Ա. Մկ.-ի կողմից տրված ցուցմունքների հետևանքով։ Ա. Մկ.-ն նաև պնդել է, որ ինչ-որ պահի հետ է վերցրել իր մինչդատական ցուցմունքները, որպեսզի մեղադրյալի ծնողները դադարեն անհանգստացնել իրեն և իր ընտանիքին: Սակայն նրա թե՛ մինչդատական, թե՛ դատաքննության ընթացքում տրված ցուցմունքները ճշմարիտ էին:
65. Զորամասի հրամանատար Ս.Գ.-ն, inter alia, վկայություն է տվել, որ հաղորդումը, որով նշվում էր, որ Ա. Նազարյանի դին հայտնաբերվել է խրամատում, նախնական հաղորդում է, և որ պետք չէ չափից ավելի ուշադրություն դարձնել գործածված կոնկրետ բառերին. նա նկարագրել էր այն, ինչ տեսել էր անձամբ դեպքի վայրում, և Ա. Նազարյանի դին տեսել էր նույն դիրքում, ինչպես գործի նյութերում ներառված լուսանկարներում է։
66. Դիմումատուները Մարզային դատարանում հայտարարել են, որ Ա. Նազարյանի մահվան գործով քննությունն արդյունավետ չի եղել։ Նրանք վստահ էին, որ Ա. Նազարյանին իրականում սպանել են։ Առաջին դիմումատուն նաև նշել է, որ կարծում է, որ իր որդուն սպանել են մինչև 2010 թվականի հուլիսի 27-ը, քանի որ մյուս դուստրը նրա քթում որդեր է նկատել: Նա նաև նշել է այն, որ ի սկզբանե հայտարարվել էր, որ որդին մահացել է խրամատում, իսկ հետո պարզվել է, որ նա մահացել է քարի մոտ։ Երկրորդ դիմումատուն նաև նշել է քննության մի շարք թերություններ, որոնց պատճառով նրա եզրակացությունները չեն կարող արժանահավատ համարվել, ինչպես օրինակ այն փաստը, որ քննությամբ չի բացահայտվել Ա. Նազարյանի մարմնի վրա հայտնաբերված այլ վնասվածքների առաջացման պատճառը,այն փաստը, որ մեկ այլ պարկուճ, որի վրա նշված էր դեպքի վայրում հայտնաբերված պարկուճի սերիայի համարը, ուղարկվել է դատահրազենագիտական փորձաքննության, և այն փաստը, որ դատաբժշկական փորձագետի եզրակացությանը կցվել է ընդամենը տասնվեց լուսանկար՝ ի տարբերություն նշված 19-ի։ Քննության ընթացքում երկրորդ դիմումատուն նաև պահանջել էր, inter alia, կատարել Ա. Նազարյանի հագուստի դատական փորձաքննությունը՝ պարզելու, թե արդյոք այն այլ անձի արյան հետքեր է պարունակում, թե՝ ոչ, ինչը չի կատարվել։
67. Դատաքննության ընթացքում հարցաքննվել է նաև դատաբժշկական փորձագետը, որը կատարել է դիահերձումը։ Նա մասնավորապես պնդել է, որ «աջ դաստակի հինգերորդ մատի շրջանում քերծվածքի առկայության մասին» նշումը սխալ է եղել և առաջացել է մեխանիկական սխալի հետևանքով, և որ ինքը երբեք նման վնասվածք չի հայտնաբերել։ Նա նաև նշել է, որ իր եզրակացության մեջ նշված նկարագրված վնասվածքների պատճառման ժամկետները եղել են ոչ թե կոնկրետ, այլ մոտավոր։ Ինչ վերաբերում է եզրակացությանը կցված տասնվեց լուսանկարների առկայությանը՝ նշված 19-ի փոխարեն, նա բացատրեց, որ դա նույնպես սխալի հետևանք է:
68. 2013 թվականի մայիսի 7-ին Մարզային դատարանը դատապարտել է Հ. Մ.-ին, ավագ լեյտենանտ Վ. Հ.-ին, Ա. Հ.-ին, Մ. Մ.-ին և Հ. Կ.-ին համաձայն մեղադրանքի՝ դատապարտելով կապիտան Հ. Մ.-ին տասը տարվա ազատազրկման, ավագ լեյտենանտ Վ. Հ.-ին, Ա. Հ.-ին և Մ. Մ.-ին՝ չորս տարվա ազատազրկման, և Հ. Կ.-ին՝ երեք տարվա ազատազրկման։ Մարզային դատարանը հիմնավորված է համարել, որ Ա. Նազարյանն ինքնասպանություն է գործել իրենց գործողությունների արդյունքում։ Այն մերժել է դատաքննության ընթացքում երկրորդ դիմումատուի կողմից ներկայացված բոլոր գանգատները, այդ թվում այն գանգատները, որոնք ապացույցներից բացառել են զինվորական կալանքի տակ գտնվելու ժամանակ վկաներից վերցված մինչդատական ցուցմունքները և դեպքի վայրի զննության արձանագրությունն այն հիմքով, որ դրա օրը չի համապատասխանել գործի նյութերում ներառված տվյալներին։ Մարզային դատարանը մերժել է նաև պաշտպանյալների կողմից ներկայացված դիմումները, այդ թվում՝ լրացուցիչ հետմահու հոգեբանական փորձաքննություն նշանակելու պահանջը՝ պատճառաբանելով, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող անձի հոգեբանական վիճակը որոշելու ապացուցված գիտական մեթոդներ չկան։
V. Բողոքները
69. 2013 թվականի հունիսի 7-ին երկրորդ դիմումատուն բողոք է ներկայացրել Մարզային դատարանի վճռի դեմ, որը բողոքարկել է նաև կապիտան Հ. Մ.-ն և ավագ լեյտենանտ Վ. Հ.-ն։ Իր բողոքում երկրորդ դիմումատուն մանրամասնորեն բողոքել է, որ Ա. Նազարյանի մահվան հանգամանքները պատշաճ կերպով չեն քննվել, քանի որ միջոցների մասով բոլոր դիմումները, որոնք կարող էին լույս սփռել դրանց վրա, մերժվել են Մարզային դատարանի կողմից։
70. 2013 թվականի հունիսի 28-ին Վերաքննիչ քրեական դատարանը (Վերաքննիչ դատարան) որոշեց բողոքներն ընդունել քննության վճռաբեկ վարույթում գտնվող գործերի քննության կանոններին համապատասխան, այն է՝ առանց ստորադաս դատարանի կողմից ապացույցների համակցության ամբողջական քննության։
71. Վերաքննիչ դատարանում տեղի ունեցած լսումների ժամանակ կապիտան Հ. Մ.-ն, ավագ լեյտենանտ Վ. Հ.-ն և երկրորդ դիմումատուն պահանջել են քննել Մարզային դատարանի վարույթում ներկայացված բոլոր ապացույցները, որպեսզի նրանք կարողանան ներկայացնել նախկինում մերժված դիմումները, քանի որ նրանք համաձայն չէին այն եղանակի հետ, որով Մարզային դատարանը գնահատել է ապացույցները։
72. Վերաքննիչ դատարանն ի վերջո որոշեց շարունակել դատական վերանայումը վճռաբեկ վարույթում գտնվող գործերի քննության կանոններին համապատասխան։ Այն 2013 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ ամբողջությամբ անփոփոխ է թողել 2013 թվականի մայիսի 7-ի վճիռը, որի համապատասխան մասն ունի հետևյալ բովանդակությունը.
«Ինչ վերաբերում է բողոքներում բերված փաստարկներին, ապա Վերաքննիչ դատարանը նշում է, որ պաշտպանության կողմը և տուժողի իրավահաջորդը ... տվել են ապացույցների յուրօրինակ գնահատական, նրանց դիրքորոշումը չի համապատասխանում հաստատված փաստերին [և] [Մարզային դատարանի] եզրակացությունները դատավճռում պատշաճ կերպով հիմնավորվել են…»:
73. 2013 թվականի սեպտեմբերի 1-ին երկրորդ դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք։ Նա վերահաստատել է իր նախկին փաստարկն առ այն, որ Ա. Նազարյանի մահվան գործով քննությունն արդյունավետ չի եղել, և բողոքել, որ Վերաքննիչ դատարանը, չանցկացնելով Մարզային դատարանի վճռի լիարժեք դատական վերանայումը, իրականացրել է ներկայացված վերաքննիչ բողոքների մակերեսային քննություն, քանի որ 2013 թվականի օգոստոսի 1-ի որոշումը զուտ Մարզային դատարանի՝ 2013 թվականի մայիսի 7-ի վճռի վերաձևակերպումն էր, որն իր հերթին մեղադրական եզրակացության վերաձևակերպում էր։
74. Կապիտան Մ. Հ.-ն և ավագ լեյտենանտ Վ. Հ.-ն նույնպես ներկայացրել են վճռաբեկ բողոքներ։
75. 2013 թվականի սեպտեմբերի 27-ին Վճռաբեկ դատարանն ամփոփ կերպով անընդունելի է ճանաչել 2013 թվականի օգոստոսի 1-ի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքները։ Երկրորդ դիմումատուին այդ որոշումը հանձնվել է 2013 թվականի հոկտեմբերի 3-ին։
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ
I. Համապատասխան ներպետական օրենսդրությունը
Ա. Քրեական օրենսգիրքը
76. Քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածում թվարկված են հանցագործության կատարմանը մասնակցող հանցակիցների տեսակները։ 38-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կատարող է համարվում այն անձը, որն անմիջականորեն կատարել է հանցանքը կամ դրա կատարմանն անմիջականորեն մասնակցել է այլ անձանց (համակատարողների) հետ համատեղ:
77. 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը մինչև երեք տարի ժամկետով:
78. 358-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը պատժվում է կարգապահական մեկուսարանում պահելով՝ մինչև երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև հինգ տարի ժամկետով:
79. 358-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսվում է, որ առողջությանը միջին ծանրության կամ ծանր վնաս կամ այլ ծանր հետևանքներ պատճառելը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից տասներկու տարի ժամկետով:
80. 360-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելը, որը կատարվել է վերադասի կողմից իր ենթակայի նկատմամբ, պատժվում է կալանքով՝ մինչև երեք ամիս ժամկետով, կամ մեկուսարանում պահելով՝ մինչև մեկ տարի կամ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
81. 365-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կանոնների խախտումը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության վրա անսպասելի հարձակումը ժամանակին կանխելուն կամ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը, եթե այդ խախտումն անզգուշությամբ պատճառել է վնաս կամ սպառնալիք, ապա պատժվում է մեկուսարան տեղափոխելով՝ մինչև երկու տարի ժամկետով, կամ առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկմամբ։
82. 375-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում է, որ վերադասի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, պաշտոնեական լիազորությունները սահմանազանցելը, ինչպես նաև անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել, պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
83. 375-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հանցագործությունը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով։
Բ. Քրեական դատավարության օրենսգիրքը (տվյալ ժամանակահատվածում գործող)
84. Քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով տվյալ ժամանակահատվածում նախատեսվում է, որ տուժողն ունի գործի ամբողջ նյութերն ուսումնասիրելու և լուսապատճենելու և քննության ավարտին գործի նյութերից ցանկացած տեղեկություն ստանալու իրավունք։
85. 201-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ քննության տվյալները կարող են հրապարակվել միայն քննություն իրականացնող մարմնի թույլտվությամբ:
Գ. «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենք (ուժի մեջ է 1997 թվականի հունվարի 7-ից)
86. Սույն օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է, որ ծառայող անձնակազմը գտնվում է պետության պաշտպանության ներքո: Նրանց կյանքը, առողջությունը, պատիվն ու արժանապատվությունը պաշտպանված են օրենքով։ Ծառայող անձնակազմին վարկաբեկելը, սպառնալը, բռնություն գործադրելը կամ կյանքի, առողջության կամ գույքի նկատմամբ ոտնձգություն կատարելն ու նրանց պարտականությունների կատարմանը խոչընդոտելը, ինչպես նաև իրավունքները խախտող այլ գործողություններ առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:
Դ. Կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 1554-Ն որոշում (ուժի մեջ է 2009 թվականի հունվարի 15-ից մինչև 2019 թվականի հուլիսի 27-ը) (ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի թիվ 1554-Ն որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայության կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատելու, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտ և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայություն ստեղծելու մասին)
87. 2008 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 1554-Ն որոշմամբ Հայաստանի կառավարությունը, inter alia, հաստատել է Պաշտպանության նախարարության և Պաշտպանության նախարարության քննչական ծառայության կանոնադրությունները և կառույցները։
Սույն որոշման 7-րդ հավելվածով, որը սահմանում է Քննչական ծառայության կանոնադրությունը, ըստ անհրաժեշտության՝ նախատեսվում է հետևյալը.
Հիմնական հասկացությունները
«1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը (Նախարարություն, Քննչական ծառայություն) նախարարության ապարատից դուրս առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է քննություններ…
...
4. Քննչական ծառայությունը ձևավորում, վերակազմակերպում է, և դրա գործունեությունը դադարեցնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (հիմնադիր): Կանոնադրությունը, կառուցվածքը և անձնակազմի թիվը սահմանում է հիմնադիրը պաշտպանության նախարարի (Նախարար) կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա։
Քննչական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատավարձի չափերը և աշխատողների թիվը հաստատում է Նախարարը։
5. Քննչական ծառայության լիազորությունները սահմանվում են օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության [կողմից վավերացված] միջազգային պայմանագրերով։
6. Քննչական ծառայությունը Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ... իրավունքներ և կատարել պարտավորություններ՝ ... դատարանում հանդես գալով որպես հայցվոր կամ պատասխանող։
7. Քննչական ծառայությունը... ի թիվս անձը հաստատող այլ միջոցների... պետք է ունենա Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով սեփական կնիք։
8. Քննչական ծառայության պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը։
...
12. Քննչական ծառայության կառավարումն [ղեկավարումը] իրականացնում է նախարարը։ Քննչական ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է Քննչական ծառայության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության նախագահը։
...
15. Քննչական ծառայության պետը զեկուցում է Նախարարին։
...»։
Ե. Սահմանադրական դատարանի 2012 թվականի հունվարի 24-ի որոշումը՝ ՔԴՕ-ի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 201-րդ հոդվածի 1-ին մասի «քննության ավարտից հետո» դրույթի՝ Սահմանադրությանը համապատասխանության մասին, որն ընդունվել է առաջին դիմումատուի կողմից ներկայացված գանգատի հիման վրա
88. Սահմանադրական դատարանը գտել է, որ ՔԴՕ-ի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 201-րդ հոդվածի 1-ին մասի «քննության ավարտից հետո» դրույթը (տե՛ս 84-85-րդ պարբերությունները) համատեղելի են Սահմանադրության հետ: Այն, inter alia, պարզել է, որ տվյալ դրույթները չեն սահմանափակում քրեական դատավարության ընթացքում տուժող կողմի իրավունքները, քանի որ տուժող կողմն իրավունք ուներ քննության ընթացքում ստանալու մի շարք փաստաթղթերի պատճեններ, որոնք նրան հնարավորություն են տվել գանգատներ ներկայացնել դատարան, վիճարկել քննչական մարմնի գործողություններն ու որոշումները և կատարել այլ գործողություններ: Սահմանադրական դատարանը միևնույն ժամանակ մատնանշել է, որ 201-րդ հոդվածի 1-ին մասով քննչական մարմնի լիազորությունները բացարձակ չեն, և որ դրա իրականացումը պետք է բխի քննության շահերից։
II. Համապատասխան միջազգային նյութերը
89. ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի զեկույցից համապատասխան քաղվածքները 2011 թվականի հունվարի 18-ից 21-ը Հայաստան կատարած այցից հետո (CommDH(2011)12, 2011 թվականի մայիսի 9) ունեն հետևյալ բովանդակությունը (առանց ծանոթագրությունների).
«III. Մարդու իրավունքների իրավիճակը բանակում
...1. Բռնարարքները բանակում...
132. 2010 թվականի հուլիսի վերջին Հայաստանի բանակում ծառայող յոթ անձինք մահացել են ոչ մարտական պայմաններում բռնության գործադրման դեպքերի արդյունքում։ Նման մի դեպք կապված էր Տավուշի մարզում գտնվող զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող [Ա.] Նազարյանի մահվան հետ։ Հանձնակատարը հանդիպել է տուժողի մոր հետ։ Քննությամբ եզրակացվել է, որ նրան հասցրել են ինքնասպանության, մինչդեռ ընտանիքը հավատում է, որ դա միտումնավոր սպանություն է եղել՝ ելնելով մարմնի վրա հայտնաբերված բազմաթիվ վնասվածքներից և քննության ժամանակ ի հայտ եկած որոշ լուրջ հակասություններից։ Դատական փորձաքննությամբ ևս հաստատվել է, որ պրն Նազարյանին մահվանից առաջ հասցվել են բազմաթիվ վնասվածքներ։ Ըստ պրն Նազարյանի հարազատների՝ զոհվածը դժվար հարաբերություններ է ունեցել զորամասի հրամանատարի և հրամանատարի տեղակալի հետ։ Ձերբակալվել են մեկ սպա (հրամանատարի տեղակալ) և չորս զինծառայող՝ պրն Նազարյանի նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերելու և նրան ինքնասպանության հասցնելու համար։ Հանձնակատարի ունեցած տեղեկությունների համաձայն՝ հրամանատարը պատասխանատվության չի ենթարկվել»։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ
90. Հաշվի առնելով գանգատների համանման առարկան՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք միացնելու որոշում կայացնել (Դատարանի Կանոնակարգի 42-րդ կանոն 1-ին կետ) և դրանք քննել մեկ վճռում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
91. Դիմումատուները բողոք են ներկայացրել հայկական բանակի սպա Ա. Նազարյանի մահվան առթիվ և այն մասին, որ գործի քննությունն անարդյունավետ է եղել։ Նրանք հիմնվել են Կոնվենցիայի 2-րդ հոդվածի վրա, որի համապատասխան մասն ունի հետևյալ բովանդակությունը.
«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով»:
Ա. Ընդունելիությունը
1. Վեցամսյա ժամկետի պահպանումը
ա) Կողմերի փաստարկները
92. Կառավարությունը պնդում է, որ դիմումատուների՝ Ա. Նազարյանի կյանքը զինվորական ծառայության ընթացքում պետության կողմից ենթադրաբար չպաշտպանելու բողոքի առնչությամբ վեցամսյա ժամկետը պետք է հաշվարկվի 2010 թվականի օգոստոսի 10-ից՝ պաշտպանության նախարարի հրամանի ընդունման օրվանից, որով կարգապահական տույժեր են նշանակվել զորամասի հրամանատարական կազմի մի քանի ծառայողների նկատմամբ (տե՛ս վերևում՝ 33-րդ պարբերությունը): Նրանք պատճառաբանել են, որ կապիտան Հ. Մ.-ի, ավագ լեյտենանտ Վ. Հ.-ի, Ա. Հ.-ի, Մ. Մ.-ի և Հ. Կ.-ի նկատմամբ քրեական վարույթով վերջնական որոշումը չպետք է դիտարկվի որպես վերջնական ներպետական որոշում վեցամսյա ժամկետը հաշվելու նպատակներով, այնքանով, որքանով այն վերաբերում է Ա. Նազարյանի մահվան համար պետության պատասխանատվության խնդրին։ Կառավարության դիրքորոշումն էր այն, որ պաշտպանության նախարարի 2010 թվականի օգոստոսի 10-ի հրամանը միակ ներպետական որոշումն էր, որն այս առումով պետք է հաշվի առնել, քանի որ այն մատնանշում էր զորամասի գործունեության մեջ առկա թերությունները, որոնք հանգեցրել են նրան, որ պատասխանատու անձինք ենթարկվեն կարգապահական պատասխանատվության։ Քանի որ առաջին և երկրորդ դիմումատուներն իրենց գանգատները ներկայացրել են համապատասխանաբար 2011 թվականի նոյեմբերի 23-ին և 2014 թվականի ապրիլի 3-ին, նրանք չեն կատարել վեցամսյա ժամկետը պահպանելու կանոնը։
93. Դիմումատուները պնդել են, որ Կառավարության կողմից սահմանված ընթացակարգն ամբողջությամբ չի համապատասխանում Կոնվենցիայի 2-րդ հոդվածի արդյունավետության պահանջներին և չի հանդիսանում իրավական պաշտպանության արդյունավետ ներպետական միջոց՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով: Նրանք պնդել են, որ պաշտպանության նախարարի 2010 թվականի օգոստոսի 10-ի հրամանը (տե՛ս վերևում՝ 33-րդ պարբերությունը) գործադիր իշխանության ակտն է, որը հիմնված է ներքին հետաքննության եզրակացությունների վրա, որոնք նախաձեռնվել և իրականացվել են Պաշտպանության նախարարության պաշտոնյաների կողմից հարցը ռազմական ուժերում զինվորական կարգապահության և կարգուկանոնի ամրապնդման տեսանկյունից քննելու համար։ Այդ հետաքննությանը չէին կարող մասնակցել և չեն մասնակցել դիմումատուները, այն չի կրել հանրային բնույթ, հավաքագրված նյութերը հասանելի չեն եղել դիմումատուներին կամ դատարաններին, իրականացվել է Պաշտպանության նախարարության կողմից հենց զինված ուժերի գործունեության շրջանակներում և ուղղված է եղել ներքին կարգապահական խնդիրների լուծմանը, այլ ոչ թե դիմումատուներին պատճառված վնասի փոխհատուցմանը:
բ) Դատարանի գնահատականը
94. Վեցամսյա ժամկետը, որպես կանոն, սկսվում է իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու գործընթացում վերջնական որոշում կայացվելու օրվանից: Եթե ի սկզբանե պարզ է սակայն, որ դիմումատուի համար հասանելի չէ իրավական պաշտպանության որևէ արդյունավետ միջոց, ապա ժամկետը սկսվում է այն ակտերը կամ միջոցները բողոքարկելու ամսաթվից կամ այդ ակտի կամ դիմումատուի վրա դրա ազդեցության կամ կանխակալ վերաբերմունքի մասին հայտնի դառնալու ամսաթվից, իսկ եթե իրավիճակը շարունակական է, ապա այն ավարտվելու պահից (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Մոկանուն և այլք ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Mocanu and Others v. Romania [GC], թիվ 10865/09 և 2 այլ թվեր, § 259, ՄԻԵԴ 2014թ. (քաղվածքներ)):
95. Կառավարությունը պնդում էր, որ դիմումատուների՝ Ա. Նազարյանի կյանքը պետության կողմից ենթադրաբար չպաշտպանելու բողոքի առնչությամբ վեցամսյա ժամկետը պետք է հաշվարկվի 2010 թվականի օգոստոսի 10-ից՝ պաշտպանության նախարարի հրամանի ընդունման օրվանից, որով կարգապահական տույժեր են նշանակվել զորամասի հրամանատարական կազմի մի քանի ծառայողների նկատմամբ տվյալ իրադարձությունների ներքին քննության արդյունքում (տե՛ս վերևում` 92-րդ պարբերությունը):
96. Դատարանը նախ և առաջ դիտարկում է, որ Կառավարության կողմից իրեն չեն տրամադրվել Պաշտպանության նախարարության կողմից իրականացված ներքին քննությանն առնչվող տեղեկություններ կամ փաստաթղթեր: Այս մասով միակ հասանելի փաստաթուղթը պաշտպանության նախարարի 2010 թվականի օգոստոսի 10-ի հրամանն է (տե՛ս վերևում՝ 33-րդ պարբերությունը), որը Դատարանին տրամադրվել է դիմումատուների կողմից, որը մանրամասներ չի պարունակում տվյալ ներքին քննության, ինչպես օրինակ՝ դրա ժամկետների, տևողության վերաբերյալ, չի պարունակում այն պաշտոնյաների անունները և պաշտոնները, որոնք կարգադրել են այն կատարել, և որոնք այն իրականացրել են։
97. Ամեն դեպքում պարզ է, որ պաշտպանության նախարարի կողմից քննությունը պարզապես ներքին քննություն է եղել, և որ դիմումատուները դրա մասին ո՛չ տեղյակ են եղել, ո՛չ էլ նրանց տրամադրվել է դրա հետ կապված որևէ նյութ։ Նրանց ընդամենը տրամադրվել է պաշտպանության նախարարի 2010 թվականի օգոստոսի 10-ի հրամանի պատճենը՝ գործի նյութերի հետ միասին՝ քրեական գործով քննության ավարտից գրեթե մեկ տարի անց (տե՛ս վերևում՝ 51-րդ և 93-րդ պարբերությունները): 2010 թվականի օգոստոսի 10-ի հրամանի բովանդակությունից պարզ է դառնում (տե՛ս վերևում՝ 33-րդ պարբերությունը), որ այն ընդամենը կարգապահական բնույթ է կրել և վերաբերել է կոնկրետ պաշտոնյաների, որոնք նկատողություն են ստացել ներքին ծառայության կանոնագրքի որոշ խախտումների համար, և որևէ կերպ չի անդրադառնում մարմինների կամ Պաշտպանության նախարարության պատասխանատվության խնդրին, մասնավորապես զինվորական ծառայության ընթացքում Ա. Նազարյանի կյանքը չպաշտպանելու համար:
98. Այս համատեքստում Դատարանը գտնում է, որ պաշտպանության նախարարի 2010 թվականի օգոստոսի 10-ի հրամանը չի կարող համարվել «վերջնական որոշում» Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով։
99. Դատարանը նշում է, որ Կառավարությունը չի նշել դիմումատուներին հասանելի ներպետական օրենսդրությամբ նախատեսված որևէ ընթացակարգ, որն ավելի հարմար միջոց կլիներ, քան քրեական վարույթը նրանց այն բողոքի մասով, որ մարմինները չեն կարողացել պաշտպանել Ա. Նազարյանի կյանքը: Դատարանը, հետևաբար, հիմք չունի համարելու, որ Ա. Նազարյանի մահվան հանգամանքների առնչությամբ քրեական վարույթը, որը հանգեցրել է նրա անմիջական վերադասի և ենթակաների դատապարտմանը, անարդյունավետ միջոց է եղել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն դիմումատուների բողոքների առնչությամբ։ Այս կապացկությամբ այն նշում է, որ այս վարույթում վերջնական որոշումը դիմումատուներին է փոխանցվել 2013 թվականի հոկտեմբերի 3-ին (տե՛ս վերևում՝ 75-րդ պարբերությունը), և որ առաջին դիմումատուն իր դիմումը ներկայացրել է 2011 թվականի նոյեմբերի 23-ին, մինչդեռ երկրորդ դիմումատուն իր դիմումը ներկայացրել է 2014 թվականի ապրիլի 3-ին, այսինքն՝ երկու դիմումատուների մասով պահպանվել է վեցամսյա ժամկետի կանոնը։ Հետևաբար Դատարանը մերժում է նաև վեցամսյա ժամկետի կանոնին չհետևելու մասով Կառավարության առարկությունը։
2. Անընդունելիության այլ հիմքեր
100. Դատարանը նշում է, որ գանգատները ո՛չ ակնհայտորեն անհիմն են, ո՛չ էլ անընդունելի են Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
ա) Դիմումատուները
101. Դիմումատուները պնդել են, որ Ա. Նազարյանը սպանվել է զինված ուժերի անդամների կողմից՝ խախտելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական պահանջը:
102. Ավելին և որպես այլընտրանք իրենց այն պնդմանը, որ Ա. Նազարյանը սպանվել է, դիմումատուները պնդել են, որ պետությունը չի կատարել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված իր պարտավորությունը՝ կանխելու նրա նկատմամբ դաժան վերաբերմունքն ու ծաղրուծանակը վերադասների և ենթակաների կողմից, որը հանգեցրել է նրա ինքնասպանությանը, և/կամ պաշտպանելու նրա կյանքը՝ ձեռնարկելով ողջամիտ միջոցներ կյանքին սպառնացող կանխատեսելի վտանգը կանխելու համար։
103. Անկախ նրանից, թե Ա. Նազարյանին սպանել են, թե նա ինքնասպան է եղել, ինչը վերջնականապես չի հաստատվել ներպետական մակարդակով, այնուամենայնիվ, նրա մահը տեղի է ունեցել ռազմական մարմինների բացառիկ հսկողության ներքո, և հետևաբար պետությունից պահանջվել է հիմնավոր բացատրություն տալ նրա մահվան հետ կապված հանգամանքների համար, ինչը դիմումատուների կարծիքով չի կատարվել։
104. Դիմումատուները մատնանշել են քրեական գործով քննության բազմաթիվ սխալներն ու անճշտությունները, որոնք ճանաչվել են Կառավարության կողմից իրենց դիտարկումներում, այդ թվում՝
- Ա. Նազարյանի դիակի հայտնաբերման վայրի հետ կապված շփոթությունը,
- դեպքի վայրի զննության արձանագրության սխալ ամսաթիվը,
- համակցված հրազենագիտական, հետքաբանական և մատնահետքերի փորձաքննության համար ներկայացված պարկուճի համարի հետ կապված անճշտությունը,
- դատական փորձագետի կողմից դաստակի վնասվածքի մասին սխալմամբ նշելը, որը երբեք չի հայտնաբերել, և
- դատաբժշկական փորձագետի եզրակացությանը կցված լուսանկարների սխալ թիվը։
Նրանք նաև մատնանշել են Կառավարության կողմից Ա. Նազարյանի ինքնաձիգի պահունակում հայտնաբերված պարկուճների քանակի, հրացանի վրա մատնահետքերի վնասման և Ա. Նազարյանի կողմից մահից առաջ մեծ քանակությամբ ալկոհոլի օգտագործման վերաբերյալ որևէ արժանահավատ բացատրության բացակայությունը։
105. Դիմումատուները շարունակել են պնդել, որ Ա. Նազարյանի մահվան գործով քննությունն օբյեկտիվորեն անկախ չի եղել՝ նկատի ունենալով, որ Պաշտպանության նախարարության վեցերորդ կայազորային քննչական ծառայության քննիչները եղել են Պաշտպանության նախարարության աշխատակիցներ, և նրանց նշանակման, առաջխաղացման և վարձատրության հետ կապված հարցերը գտնվել են Պաշտպանության նախարարության իրավասության ներքո։
106. Մահացածի ընտանիքին թույլատրվել է միայն սահմանափակ մասնակցություն ունենալ քննությանը, քանի որ գործի նյութերին հասանելիություն է տրվել միայն քննության ավարտից հետո։ Քննիչը չի հիմնավորել առաջին դիմումատուի՝ Ա. Նազարյանի ձեռագրի նմուշները, այդ թվում՝ նոթատետրում գտնվող նմուշները պարունակող փաստաթղթերի լուսապատճենները տրամադրելու մասով պահանջը մերժելու իր որոշումը։ Դիմումատուները պնդել են, որ ՔԴՕ-ի 59-րդ և 201-րդ հոդվածների կիրառումը ֆորմալիստական ձևով այնպիսի ծանր հանցագործության վերաբերյալ, ինչպիսին այս գործով խնդրո առարկան է, զրկել է իրենց քննությանն արդյունավետ մասնակցելու որևէ կարևոր իրավունքից:
107. Ի վերջո, դիմումատուները ներկայացրել են Միացյալ Թագավորությունում գործող դատաբժշկի փորձագիտական եզրակացությունը, որում, inter alia, նշվում է, որ Ա. Նազարյանի կողմից ենթադրյալ քանակով ալկոհոլի օգտագործումը գրեթե անկասկած կառաջացներ տեսանելի թունավորում՝ հանգեցնելով խոսքի անկայունության և աղավաղումների:
բ) Կառավարությունը
108. Կառավարությունը հաստատել է, որ ներպետական քրեական օրենսդրության դրույթներն ապահովում են արդյունավետ իրավակիրառ մեխանիզմ՝ կանխելու, զսպելու և պատժելու Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ցանկացած հնարավոր խախտում: Այս կապակցությամբ նրանք վկայակոչել են Քրեական օրենսգիրքը (տե՛ս վերևում՝ 76-րդ, 77-83-րդ պարբերությունները), և «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքը (տե՛ս վերևում՝ 86-րդ պարբերությունը): Քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածում թվարկված են հանցագործության կատարմանը մասնակցող հանցակիցների տեսակները։ 38-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կատարող է համարվում այն անձը, որն անմիջականորեն կատարել է հանցանքը կամ դրա կատարմանն անմիջականորեն մասնակցել է այլ անձանց (համակատարողների) հետ համատեղ:
Կառավարությունն անդրադարձել է նաև «Ինքնասպանության կանխարգելման և առողջ բարոյական միջավայրի ապահովման նպատակով ծառայող անձնակազմի հետ աշխատելու մեթոդական ուղեցույցին», որը հաստատվել է Պաշտպանության նախարարության վարչության պետի կողմից 2004 թվականին։
109. Կառավարությունը կարևորել է այն հանգամանքը, որ ի տարբերություն պարտադիր զինվորական ծառայության ժամկետային զինծառայողների, Ա. Նազարյանը բանակ է զորակոչվել պայմանագրային հիմունքներով և իր ազատ կամքով, և ոչինչ չի խանգարել նրան ցանկացած պահի հրաժարական տալ։ Հետևաբար նրանք խնդրել են Դատարանին հաշվի առնել այդ տարրը սույն գործում իր գնահատման մեջ:
110. Կառավարությունը հաստատել է, որ սույն գործում չկա որևէ բան, որի հետևանքով ներպետական մարմինները կարող էին ենթադրել, որ Ա. Նազարյանը ինքնասպանություն է գործելու։ Նրանք պնդել են, որ նա երբեք նման մտադրություն չի ցուցաբերել։
111. Կառավարությունն ընդունել է, որ 2010 թվականի հուլիսի 26-ին կապիտան Հ. Մ.-ն ենթադրել է, որ Ա. Նազարյանը կարող է վնասել իրեն և հրամայել է սպաներին նրա ինքնաձիգից զգուշորեն հեռացնել զարկանը, սակայն նշել է, որ հրամանը, ցավոք, չի կատարվել Հ. Մ.-ի վերահսկողությունից դուրս հանգամանքների պատճառով։ Կառավարության կարծիքով, սակայն, Հ. Մ.-ի սուբյեկտիվ ընկալումը չպետք է որոշիչ համարվի Ա. Նազարյանի կյանքի համար իրական և անմիջական վտանգի առկայությունը որոշելու հարցում: Ավելին, եթե Ա. Նազարյանը սահմանին մարտական հերթապահության ժամանակ կատարեր Հ. Մ.-ի հրամանը, ապա նա կզրկվեր ռազմական հարձակման դեպքում պաշտպանվելու հնարավորությունից։
112. Կառավարությունը պնդել է, որ թեև մինչդատական քննության ընթացքում տրված փաստաթղթերում եղել են «որոշ տեխնիկական սխալներ», այնուամենայնիվ, այդ սխալները չեն խարխլել Ա. Նազարյանի մահվան հանգամանքների քննության արժանահավատությունն ու արդյունավետությունը։
Ինչ վերաբերում է, օրինակ, Ա. Նազարյանի դիակի հայտնաբերման վայրի նշման անհամապատասխանությանը (տե՛ս վերևում՝ 10-րդ և 15-րդ պարբերությունները), ապա Կառավարությունը, inter alia, նշել է, որ շփոթությունն առաջացել է Պաշտպանության նախարարություն ուղարկված զեկույցից, և նրանք վկայակոչել են դատաքննության ընթացքում զորամասի հրամանատար Ս.Գ.-ի վկայությունը (տե՛ս վերևում՝ 65-րդ պարբերությունը): Նրանք նաև վկայակոչել են կապիտան Հ. Մ.-ի, Ա. Մկ.-ի, Գ. Ս.-ի, Հ. Ն.-ի, Ա. Հ.-ի, Ա. Մ.-ի և Մ. Մ.-ի վկայի ցուցմունքները՝ պնդելով, որ այդ վկաները հայտնել են, որ դիակը տեսել են քարի կողքին։
Կառավարությունը հաստատել է, որ դեպքի վայրի զննության արձանագրության մեջ 2010 թվականի հուլիսի 27-ի փոխարեն 2010 թվականի հուլիսի 28-ը նշելը (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը), «մեխանիկական սխալ» էր (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը), և վկայակոչել է տարբեր այլ փաստաթղթեր, այդ թվում՝ 2010 թվականի հուլիսի 27-ի՝ դիակի զննության արձանագրությունը։
Այնուհետև նրանք վիճարկել են դիմումատուների այն պնդումը, որ քննիչը միտումնավոր կերպով վերացրել է Ա. Նազարյանի ինքնաձիգից առաջնային մատնահետքերը: Այդ կապակցությամբ Կառավարությունը վկայակոչել է 2010 թվականի օգոստոսի 17-ի զեկույցը, ըստ որի՝ ինքնաձիգի վրա հայտնաբերվել են «քրտինքի և ճարպի հետքեր» (տե՛ս վերևում՝ 35-րդ պարբերությունը), և նշել, որ եթե դիմումատուների պնդումները հիմնավոր լինեին, ապա հրազենագիտական փորձագետը ոչինչ չէր գտնի։
Կառավարությունը հայտնել է, որ քննիչը հանել է պահունակը ու դատարկել այն՝ անվտանգության նկատառումներից ելնելով, և փորձնական կրակոց է արձակել՝ համոզվելու, որ հրացանը լիցքավորված չէ։ Նրանք այնուհետև բացատրել են հրազենագիտական, հետքաբանական և մատնահետքերի համակցված փորձաքննության համար ներկայացված պարկուճի թվի (78-09՝ ի տարբերություն 60-78-ի) անճշտությունը (տես մասնավորապես վերևում՝ 17-րդ և 35-րդ պարբերությունները) որպես «մեխանիկական սխալ»։ Նրանք պնդել են, որ քննիչը պարզապես շրջել է պարկուճը, և վրան նշված «60» թիվը դարձել է «09»։ Ամեն դեպքում փորձագետը պարզել է, որ ներկայացված պարկուճը կրակվել է Ա. Նազարյանի ինքնաձիգից։
Ինչ վերաբերում է Ա. Նազարյանի մարմնին հայտնաբերված վնասվածքներին, ապա Կառավարությունը պնդել է, որ տեղի է ունեցել ևս մեկ թյուրիմացություն՝ կապված դատաբժշկական փորձագետի սխալի հետ, որը սխալմամբ նշել է «աջ դաստակի հինգերորդ մատի հատվածում քերծվածք», որն իրականում չի հայտնաբերել, ինչպես ավելի ուշ վկայել էր (տե՛ս վերևում՝ 67-րդ պարբերությունը): Այն փաստը, որ դատաբժշկական փորձագետի եզրակացությանը կցվել է տասնվեց լուսանկար՝ դրանում նշված 19-ի փոխարեն, ինչպես պարզաբանել է փորձագետը (նույն տեղում), նույնպես եղել է սխալի արդյունք։
113. Վկայակոչելով վկաների հարցաքննությունների և առերեսումների, քննչական միջոցառումների, այդ թվում՝ դեպքի օրն իրականացված անհետաձգելի միջոցառումների և դատական փորձաքննությունների զգալի թիվը՝ Կառավարությունը հայտարարել է, որ Ա. Նազարյանի մահվան գործով քննությունը եղել է օպերատիվ և համարժեք։
114. Կառավարությունն այնուհետև պնդել է, որ քննությունը եղել է անկախ և անաչառ: Նրանք այդ կապակցությամբ հայտարարել են, որ Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունն իր ապարատից անջատ մարմին է։ Հետևաբար Քննչական ծառայության և զինված ուժերի անդամների միջև աստիճանակարգային կամ ինստիտուցիոնալ փոխկապակցվածություն չի եղել։
Բացի այդ, ստեղծվել է Քննչական ծառայություն, և դրա գործունեությունը կարող էր դադարեցվել Կառավարության կողմից, իսկ Քննչական ծառայության ղեկավարին նշանակել և պաշտոնից ազատել է Հայաստանի Հանրապետության նախագահը (տե՛ս վերևում՝ 87-րդ պարբերությունը):
115. Ի վերջո, Կառավարությունը պնդել է, որ դիմումատուները սերտորեն ներգրավված են եղել քննությանը։ Նրանք վկայակոչել են Սահմանադրական դատարանի որոշումը (տե՛ս վերևում՝ 88-րդ պարբերությունը) և Դատարանի նախադեպային իրավունքը (մեջբերելով Հյու Ջորդանն ընդդեմ Միացյալ Թագավորության [Hugh Jordan v. the United Kingdom], թիվ 24746/94, § 121, 2001 թվականի մայիսի 4)՝ հիմնավորելու իրենց փաստարկը, որ առաջին դիմումատուի՝ իրեն ձեռագրի նմուշները տրամադրելու մասով խնդրանքը մերժելը եղել է օրինական և բխել է հետաքննության շահերից: Նրանք պնդել են, որ Ա. Նազարյանի ձեռագրի նմուշները պարունակող փաստաթղթերը վերաբերում էին վկաներին և մեղադրյալներին, որոնց առնչությամբ քննությունը դեռ ընթացքի մեջ էր։ Հետևաբար վարույթի այդ փուլում այդ նյութի բացահայտումն աննպատակահարմար կլիներ։ Ամեն դեպքում քննության ավարտին դիմումատուներին տրամադրվել են ամբողջ գործի նյութերը։
2. Դատարանի գնահատականը
ա) Ընդհանուր սկզբունքները
i) Նյութաիրավական պահանջը
116. Դատարանը վերահաստատում է, որ 2-րդ հոդվածը, որով պաշտպանվում է կյանքի իրավունքը, Կոնվենցիայի ամենահիմնարար դրույթներից մեկն է։ 3-րդ հոդվածի հետ միասին այն նաև սահմանում է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարական հասարակությունների հիմնարար արժեքներից մեկը: Որպես առանձին անհատների պաշտպանության գործիք Կոնվենցիայի առարկայով և նպատակով պահանջվում է, որ 2-րդ հոդվածը մեկնաբանվի և կիրառվի այնպես, որ ապահովվի վերջինիս երաշխիքների կիրառելիությունը և արդյունավետությունը (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Մքքաննը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [McCann and Others v. the United Kingdom], 1995 թվականի սեպտեմբերի 27, § 146-47, Շարք «Ա» թիվ 324):
117. 2-րդ հոդվածի 1-ին կետի առաջին նախադասությամբ պետությունը պարտավորվում է ոչ միայն ձեռնպահ մնալ անձին դիտավորությամբ և ապօրինաբար կյանքից զրկելուց, այլ նաև իր իրավազորության շրջանակներում համապատասխան միջոցառումներ ձեռնարկել անձանց կյանքը պաշտպանելու նպատակով (տե՛ս Լ.Ս.Բ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [L.C.B. v. the United Kingdom], 1998 թվականի հունիսի 9, § 36, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ, 1998 III): Սա ենթադրում է պետության կողմից առաջնային պարտականություն՝ ընդունել և իրականացնել օրենսդրական և վարչական շրջանակ, որը նախատեսված է կյանքի իրավունքի սպառնալիքների դեմ արդյունավետ զսպում ապահովելու համար (տե՛ս Բոյչենկոն ընդդեմ Ռուսաստանի [Boychenko v. Russia], թիվ 8663/08, § 77, 2021 թվականի հոկտեմբերի 12, և mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Օսմանն ընդդեմ Միացյալ Թագավորության [Osman v. the United Kingdom], 1998 թվականի հոկտեմբերի 28, § 115, Զեկույցներ 1998 VIII, Կուրտն ընդդեմ Ավստրիայի [ՄՊ] [Kurt v. Austria] [GC], թիվ 62903/15, § 157, 2021 թվականի հունիսի 15)։
118. Դատարանը մի քանի գործերում, որոնք վերաբերում են զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերին, պարզել է, որ պայմանագրային զինծառայողները գտնվում են պետության մարմինների բացառիկ հսկողության ներքո, և որ մարմինները պարտավոր են նրանց պաշտպանել (տե՛ս, օրինակ, Բեքերն ընդդեմ Թուրքիայի [Beker v. Turkey], թիվ 27866/03, §§ 5 և 43, 2009 թվականի մարտի 24, որը վերաբերում է Զինված ուժերում վճարովի հիմունքներով ծառայող փորձագետ եֆրեյտորի ենթադրյալ ինքնասպանությանը, Դուրդուն ընդդեմ Թուրքիայի [Durdu v. Turkey], թիվ 30677/10, §§ 6 և 62, 2013 թվականի սեպտեմբերի 3, և Յասեմին Դողանն ընդդեմ Թուրքիայի [Yasemin Doğan v. Turkey], թիվ 40860/04, §§ 8, 43 և 45, 2016 թվականի սեպտեմբերի 6, որը վերաբերում է անձնակազմի սերժանտների ինքնասպանություններին)։ Ավելին, Բոյչենկոյի [Boychenko] վերաբերյալ իր վերջին վճռում (վերևում հիշատակված), որը վերաբերում էր պայմանագրային զինծառայողի ինքնասպանությանը, որը լեյտենանտ էր, դատարանը հաստատել է սույն մոտեցումը՝ նշելով, որ պայմանագրային զինծառայողների կյանքի և ծառայության պայմանները համապատասխանում են ժամկետային զինծառայողների կյանքի և ծառայության պայմաններին, քանի որ նրանք նույնպես գտնվում էին մարմինների բացառիկ վերահսկողության տակ (տե՛ս վերևում հիշատակված` Բոյչենկոյի [Boychenko] գործը, §§ 5 և 80, տե՛ս նաև Տոմակն ընդդեմ Մոլդովայի Հանրապետության [Tomac v. the Republic of Moldova], թիվ 4936/12, § 52, 2021 թվականի մարտի 16)։
119. Կյանքեր պաշտպանելու պարտավորությունը համապատասխան հանգամանքներում տարածվում է նաև մարմինների՝ կանխարգելիչ գործառնական միջոցներ ձեռնարկելու դրական պարտավորության վրա՝ պաշտպանելու անհատին, որի կյանքը վտանգված է մեկ այլ անձի հանցավոր գործողություններից կամ որոշակի հանգամանքներում իր իսկ դեմ (տե՛ս վերևում հիշատակված՝ Օսմանի [Osman] գործը, § 115, Քինանն ընդդեմ Միացյալ Թագավորության [Keenan v. the United Kingdom], թիվ 27229/95, § 89, ՄԻԵԴ 2001 III, Կիլինչը և այլք ընդդեմ Թուրքիայի [Kılınç and Others v. Turkey], թիվ 40145/98, § 40, 2005 թվականի հունիսի 7, Դուրդուի [Durdu] գործը, § 62 և Յասեմին Դողանի [Yasemin Doğan] գործը, § 43):
120. Կյանքին սպառնացող հայտարարված ոչ բոլոր ռիսկերը կարող են հանգեցնել Կոնվենցիայի՝ մարմինների կողմից այդ ռիսկի նյութականացումը կանխելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու մասին պահանջին: Դատարանը պետք է քննի, թե արդյոք մարմինները գիտեին կամ պետք է իմանային բացահայտված անձի կյանքին սպառնացող իրական և անմիջական վտանգի առկայության պահին, և եթե այո, արդյո՞ք նրանք չեն ձեռնարկել միջոցներ իրենց լիազորությունների շրջանակում, որից, ողջամտորեն դատելով, ակնկալվում էր, որ կխուսափի այդ ռիսկից (տե՛ս վերևում հիշատակված՝ Քինանի [Keenan] գործը, §§ 89 և 93, Շահինկուսուն ընդդեմ Թուրքիայի [Şahinkuşu v. Turkey], թիվ 38287/06, § 58, 2016 թվականի հունիսի 21, և վերևում հիշատակված՝ Կուրտի [Kurt] գործը, § 158)։
121. Ինչ վերաբերում է հատկապես ինքնասպանության ռիսկերին, ապա Դատարանը նախկինում հաշվի է առել մի շարք գործոններ՝ պարզելու համար, թե արդյոք մարմինները գիտեին կամ պետք է իմանային, որ կոնկրետ անձի կյանքը ենթակա է իրական և անմիջական վտանգի՝ առաջացնելով համապատասխան կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու պարտականությունը։ Այս գործոնները սովորաբար ներառում են հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատմությունը, հոգեկան վիճակի ծանրությունը, ինքնասպանության կամ ինքնավնասման նախկին փորձերը, ինքնասպանության մտքերը կամ սպառնալիքները և ֆիզիկական կամ հոգեկան խանգարման նշանները (Ֆերնանդես դե Օլիվեյրան ընդդեմ Պորտուգալիայի [ՄՊ] [Fernandes de Oliveirav. Portugal] [GC], թիվ 78103/14, § 115, 2019 թվականի հունվարի 31, և դրանում հիշատակված հղումները): Վերոհիշյալ Ֆերնանդես դե Օլիվեյրայի [Fernandes de Oliveira] գործով հաստատված սկզբունքները, որոնք վերաբերում էին պետական հոգեբուժարանում ստացիոնար բուժում անցնող հոգեկան հիվանդություն ունեցող անձի ինքնասպանությանը, հավասարապես կիրառվում են կալանքի տակ գտնվող անձանց, ինչպես նաև նրանց, ժամկետային զինծառայողների և պայմանագրային զինծառայողների նկատմամբ (տե՛ս վերևում հիշատակված՝ Բոյչենկոյի [Boychenko] գործը, § 80, հաջորդող հղումների հետ միասին):
122. Ավելին, ակնկալվում է, որ պետությունները կսահմանեն բարձր մասնագիտական չափանիշներ զինվորական անձնակազմի շրջանում և կապահովեն, որ զինծառայողները համապատասխանեն անհրաժեշտ չափորոշիչներին: Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի՝ պետությունը պատասխանատվություն է կրում տուժողի համար, որին ինքնասպանության են հասցրել իր աստիճանակարգային զինվորական ղեկավարները՝ նրան ծաղրուծանակի ենթարկելով և նրա նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերելով (նույն տեղում):
123. Ի վերջո, ապացույցները գնահատելիս Դատարանն ընդունում է «ողջամիտ կասկածից վեր» ապացույցի ստանդարտը։ Այնուամենայնիվ, նման ապացույցները կարող են բխել համատեղ գոյություն ունեցող՝ բավականաչափ արժանահավատ, հստակ և համահունչ ենթադրությունների կամ փաստի գոյության վերաբերյալ համանման անհերքելի կանխավարկածների առկայությունից։ Այն դեպքում, երբ պետական մարմիններն ամբողջությամբ կամ առավելապես ծանոթ են խնդրո առարկա իրադարձություններին, ինչպես օրինակ՝ իրենց հսկողության ներքո կալանքի տակ գտնվող կամ բանակում ծառայող անձանց պարագայում է, կառաջանան այդ կալանավորման կամ ծառայության ընթացքում ստացված վնասվածքների և մահվան փաստի գոյության վերաբերյալ ծանրակշիռ կանխավարկածներ: Իսկապես, ապացուցման բեռի առումով կարելի է համարել, որ մարմինների պարտականությունն է տալ բավարար և համոզիչ բացատրություն (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Անգուելովան ընդդեմ Բուլղարիայի [Anguelova v. Bulgaria], թիվ 38361/97, §§ 109-11, ՄԻԵԴ 2002 IV)։
ii) Դատավարական պահանջը
124. Կոնվենցիայի 2-րդ հոդվածով կյանքի իրավունքը պաշտպանելու պարտավորությունը, որը պետք է դիտարկվի 1-ին հոդվածով նախատեսված պետության՝ «իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար Կոնվենցիայով սահմանված իրավունքներն ու ազատություններն ապահովելու» ընդհանուր պարտավորության հետ միասին, անուղղակիորեն պահանջում է արդյունավետ պաշտոնական քննության անցկացում այն դեպքում, երբ անձինք սպանվել են ուժի գործադրման հետևանքով՝ պետության պաշտոնատար անձանց կամ մասնավոր անձանց կողմից (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Մուսթաֆա Թունքը և Ֆեջիրե Թունքն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Mustafa Tunç and Fecire Tunç v. Turkey] [GC], թիվ 24014/05, §§ 169 և 171, 2015 թվականի ապրիլի 14): Այդպիսի քննության հիմնական նպատակը ներպետական այնպիսի օրենսդրության արդյունավետ իրականացման ապահովումն է, որով պաշտպանվում է կյանքի իրավունքը: Նույն չափանիշները նաև կիրառվում են զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով պատահարների քննության, այդ թվում՝ պայմանագրային զինծառայողների ինքնասպանության նկատմամբ (տե՛ս վերևում հիշատակված՝ Բոյչենկոյի [Boychenko] գործը, § 81, և դրանում մեջբերված գործերը):
125. Քննությունը պետք է արդյունավետ լինի այն իմաստով, որ այն կարող է հանգեցնել փաստերի հաստատմանը և անհրաժեշտության դեպքում՝ պատասխանատու անձանց հայտնաբերմանն ու պատժի նշանակմանը (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուսթաֆա Թունքը և Ֆեջիրե Թունքը [Mustafa Tunç and Fecire Tunç], § 172, և Նանա Մուրադյանն ընդդեմ Հայաստանի [Nana Muradyan v. Armenia], թիվ 69517/11, § 125, 2022 թվականի ապրիլի 5):
126. Արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորությունը ոչ թե արդյունքի, այլ միջոցի պարտավորություն է. մարմինները պետք է ձեռնարկեն հնարավոր բոլոր ողջամիտ միջոցները՝ ապահովելու համար տվյալ դեպքի վերաբերյալ ապացույցները, ներառյալ, inter alia, ականատեսների հարցաքննություն, փորձաքննություններ և անհրաժեշտության դեպքում՝ դիահերձում, որի միջոցով հնարավոր է ստանալ վնասվածքի ամբողջական և ճշգրիտ պատկերը և կլինիկական եզրակացությունների, այդ թվում՝ մահվան պատճառների օբյեկտիվ վերլուծությունը: Քննության արդյունավետությունը, սակայն, չի կարող գնահատվել միայն կազմված զեկույցների, հարցաքննված վկաների կամ ձեռնարկված այլ քննչական միջոցառումների թվով։ Քննության արդյունքները պետք է հիմնված լինեն համապատասխան բոլոր բաղադրիչների բազմակողմանի, օբյեկտիվ և անկողմնակալ վերլուծության վրա: Հետաքննության համար ակնհայտորեն անհրաժեշտ միջոցները պատշաճորեն չձեռնարկելը վճռորոշ կերպով խոչընդոտում է գործի փաստական հանգամանքները պարզելու ե, անհրաժեշտության դեպքում պատասխանատու անձանց ի հայտ բերելու՝ քննության հնարավորությունը և անխուսափելիորեն հանգեցնում է արդյունավետության պահանջվող չափանիշին չհամապատասխանելուն (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուրադյանն ընդդեմ Հայաստանի [Muradyan v. Armenia], թիվ 11275/07, § 135, 2016 թվականի նոյեմբերի 24, հաջորդող հղումների հետ միասին, և Նանա Մուրադյանի [Nana Muradyan] գործը, § 126)։
127. Ավելին, քննության համար պատասխանատու անձինք պետք է անկախ լինեն իրադարձություններին առնչվող կամ հավանական առնչություն ունեցող անձանցից։ Սա նշանակում է ոչ միայն աստիճանակարգային կամ ինստիտուցիոնալ կապի բացակայություն, այլև գործնական անկախություն (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուսթաֆա Թունքը և Ֆեջիրե Թունքն ընդդեմ Թուրքիայի [Mustafa Tunç and Fecire Tunç v. Turkey], § 177):
128. Բացի այդ, քննությունը պետք է այնքանով հասանելի լինի տուժողի ընտանիքին, որքանով դա անհրաժեշտ է նրանց օրինական շահերը պաշտպանելու համար։ Նաև պետք է լինի քննության հանրային վերահսկողության բավարար տարր, որի աստիճանը կարող է գործից գործ տարբեր լինել (տե՛ս վերևում հիշատակված՝ Հյու Ջորդանի [Hugh Jordan] գործը, §§ 109)։ Այնուամենայնիվ, հանրության կամ տուժողի հարազատների անհրաժեշտ հասանելիությունը կարող է նախատեսվել դատավարության այլ փուլերում (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Ջուլիանին և Գաջոն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Giuliani and Gaggio v. Italy] [GC] թիվ 3458/02, § 304, ՄԻԵԴ 2011թ. (քաղվածքներ), և ՄըքՔըրն ընդդեմ Միացյալ Թագավորության [McKerr v. the United Kingdom], թիվ 28883/95, § 129, ՄԻԵԴ 2001 III):
129. 2-րդ հոդվածով քննող մարմինների նկատմամբ չի նշանակվում քննության ընթացքում հարազատի կողմից կատարված կոնկրետ քննչական միջոցառման յուրաքանչյուր պահանջը բավարարելու պարտավորություն (տե՛ս՝ Ռամսահայը և այլք ընդդեմ Նիդեռլանդների [ՄՊ] [Ramsahai and Others v. the Netherlands ] [GC], թիվ 52391/99, § 348, ՄԻԵԴ 2007 II)։
130. Ի վերջո, քննության՝ բավականաչափ արդյունավետ լինելու հարցը պետք է քննվի համապատասխան բոլոր փաստերի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով քննչական աշխատանքի գործնական հանգամանքները: Քննության արդյունավետության նվազագույն շեմը բավարարող ուսումնասիրության բնույթը և աստիճանը կախված են կոնկրետ գործի հանգամանքներից (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, վերևում հիշատակված՝ Մուրադյանի [Muradyan] գործը, § 136, հաջորդող հղումների հետ միասին, և Նանա Մուրադյանի [Nana Muradyan] գործը, §127)։
բ) Այս սկզբունքների կիրառումը սույն գործում
i) Նյութաիրավական պահանջը
131. Ա. Նազարյանը մահանալու ժամանակ եղել է Հայաստանի զինված ուժերի սպա, որն ուներ լեյտենանտի կոչում։
132. Դիմումատուները կասկածի տակ են դրել քրեական գործով քննության պաշտոնական եզրակացությունն առ այն, որ Ա. Նազարյանն ինքնասպանություն է գործել, և պնդել, որ նրան սպանել են (տե՛ս վերևում՝ 101-րդ պարբերությունը): Այդ կապակցությամբ նրանք վկայակոչել են քննության մի շարք սխալներ և անճշտություններ, որոնք ամփոփվել են ավելի վաղ (տե՛ս մասնավորապես վերևում՝ 104-րդ պարբերությունը): Միևնույն ժամանակ իրենց դիտարկումներում դիմումատուները կարծես թե չեն բացառել, որ Ա. Նազարյանն ինքնասպանություն է գործել (տե՛ս վերևում՝102-րդ պարբերությունը)՝ պնդելով, սակայն, որ ոչ մի վարկած՝ սպանություն կամ ինքնասպանություն, վերջնականապես չի հաստատվել ներպետական մարմինների կողմից (տե՛ս վերևում՝ 103-րդ պարբերությունը):
133. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն ապացույցի կիրառելի չափանիշը «հիմնավոր կասկածներից վեր» է (տե՛ս վերևում նշված 123-րդ պարբերությունում բերված նախադեպային իրավունքը): Այն նշում է, որ քրեական գործով քննության ընթացքում մի շարք լուրջ անճշտություններ են եղել Ա. Նազարյանի մահվան հետ կապված մի քանի կարևոր հանգամանքների մասով, ինչպիսիք են, օրինակ, նրա դիակի հայտնաբերման վայրը (տե՛ս վերևևում՝ 10-րդ և 15-րդ պարբերությունները): Անճշտություններ են եղել նաև դատական ապացույցների առնչությամբ, այդ թվում՝ դիահերձման ժամանակ Ա. Նազարյանի մարմնի վնասվածքների նույնականացման, դիահերձման արձանագրությանը կցված լուսանկարների քանակի (տե՛ս վերևում՝ 37-րդ պարբերությունը) և պարկուճի համարի վերաբերյալ, որը հայտնաբերվել է դեպքի վայրում և ներկայացվել է հրազենագիտական, հետքաբանական և մատնահետքերի համակցված փորձաքննության (տե՛ս վերևում՝ 17-րդ և 35-րդ պարբերությունները), որոնք բոլորը բացատրվել են ներպետական վարույթի ընթացքում (տե՛ս վերևում՝ 66-րդ և 67-րդ պարբերությունները) և Կառավարության կողմից իրենց դիտարկումներում (տե՛ս վերևում՝ 112-րդ պարբերությունը) որպես «տեխնիկական» կամ «մեխանիկական» սխալների արդյունք:
134. Հաշվի առնելով այն անզգուշությունը, որով իրականացվել է քննությունը, և բավարար բացատրությունների բացակայությունը՝ կապված դրա եզրակացությունների վերաբերյալ մի շարք լուրջ անհամապատասխանությունների հետ (տե՛ս ստորև՝ 163-167-րդ պարբերությունները), դիմումատուներին կարելի է ներել պաշտոնական վարկածը լրջորեն կասկածի տակ դնելու և մտածելու համար, որ քննությունը կարող է թաքցնել ավելի չարաբաստիկ բացատրություն, օրինակ՝ սպանություն (տե՛ս վերևում հիշատակված՝ Բեկերի [Beker] գործը, § 52): Այնուամենայնիվ, Դատարանի ներկայացրած նյութը թույլ չի տալիս «ողջամիտ կասկածից վեր» հաստատել այն վարկածը, որ Ա. Նազարյանի կյանքը դիտավորյալ են խլել (տե՛ս, ի հակադրություն դրա, վերևում հիշատակված՝ Բեկերի [Beker] գործը, §§ 45-54 և Լապշինն ընդդեմ Ադրբեջանի [Lapshin v. Azerbaijan], թիվ 13527/18, §§ 110-20, 2021 թվականի մայիսի 20, տե՛ս նաև mutatis mutandis Միժիգարովան ընդդեմ Սլովակիայի [Mižigárová v. Slovakia], թիվ 74832/01, § 89, 2010 թվականի դեկտեմբերի 14)։ Այսպիսով, Ա. Նազարյանի սպանության վերաբերյալ ցանկացած պնդում կկրի զուտ ենթադրական բնույթ (տե՛ս mutatis mutandis, Աբդուլլահ Յիլմազն ընդդեմ Թուրքիայի [Abdullah Yılmaz v. Turkey], թիվ 21899/02, § 59, 2008 թվականի հունիսի 17, վերևում հիշատակվածԴուրդուի [Durdu] գործը, §§ 59-61, և վերևում հիշատակված` Նանա Մուրադյանի [Nana Muradyan] գործը, §§ 130-31):
135. Պաշտոնական վարկածի համաձայն՝ Ա.Նազարյանն ինքնասպանություն է գործել վերադասի և նրա հրամանատարության տակ գտնվող ժամկետային զինծառայողների կողմից վատ վերաբերմունքի և ոտնձգությունների հետևանքով (տե՛ս վերևում, մասնավորապես՝ 52-րդ և 68-րդ պարբերությունները): Ինչպես նշվել է վերևում, պետությունը պատասխանատվություն է կրում տուժողի մահվան համար, որին ինքնասպանության են հասցրել զինվորական ծառայության ընթացքում՝ նրան ենթարկելով ծաղրուծանակի և նրա նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերելով (տե՛ս վերևում՝ 122-րդ պարբերությունը):
136. Ըստ երևույթին, Կառավարությունն առաջարկել է (տե՛ս վերևում՝ 109-րդ պարբերությունը), որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված պետության դրական պարտավորությունների բնույթը սույն գործով տարբերվում է պարտադիր զինվորական ծառայության անցած անձանց վերաբերյալ գործերից բխող դրական պարտավորությունների բնույթից՝ հաշվի առնելով, որ Ա. Նազարյանը պայմանագրային զինծառայող էր։
137. Դատարանը, սակայն, նշում է, որ ինչպես նշվեց վերևում, այն արդեն գտել է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված պետության դրական պարտավորությունների վերաբերյալ կիրառելի սկզբունքները նույնն են պայմանագրային զինծառայողների համար, որոնք գտնվում են մարմինների բացառիկ վերահսկողության ներքո (տե՛ս վերևում, մասնավորապես՝ 118-րդ կետում բերված նախադեպային իրավունքը):
138. Այս համատեքստում Դատարանը չի տեսնում որևէ պատճառ՝ շեղվելու սույն գործում վերոհիշյալ նախադեպային իրավունքով ընդունված մոտեցումից, և հետևաբար իր գնահատականը հիմնավորելու է դրանում հաստատված սկզբունքներով (տե՛ս վերևում՝ 116-123-րդ պարբերությունները):
139. Կառավարությունը պնդել է, որ բացի քրեական օրենսդրության համապատասխան դրույթներից՝ ներպետական օրենսդրությունը պարունակում է Հայաստանի զինված ուժերում ինքնասպանությունների կանխարգելման վերաբերյալ համապատասխան իրավական դաշտ (տե՛ս վերևում՝ 108-րդ պարբերությունը):
140. Այնուամենայնիվ, Դատարան ներկայացված նյութում չկա որևէ բան, որը ենթադրում է, որ համապատասխան ժամանակաշրջանում զինված ուժերում գոյություն է ունեցել հոգեբանական վիճակի գնահատման և աջակցության որևէ համակարգ, այդ թվում՝ զինվորական ծառայության ընթացքում նախնական և հետագա հոգեբանական վիճակի զննման, ինքնասպանությունների կանխարգելման և հոգեբանական օգնության առկայության մասով (համեմատե՛ք և հակադրե՛ք վերևում հիշատակված՝ Բոյչենկոյի [Boychenko] գործը, §§ 40-56 և 86):
141. Դատարանն այս կապակցությամբ նշում է, որ Կառավարության կողմից ներկայացված միակ համապատասխան փաստաթուղթը եղել է «Ինքնասպանության կանխարգելման և առողջ բարոյական միջավայրի ապահովման նպատակով ծառայող անձնակազմի հետ աշխատելու մեթոդական ուղեցույցը» (ուղեցույցը տե՛ս վերևում՝ 108-րդ պարբերությունը): Դատարանը, այնուամենայնիվ, դիտարկում է, որ սույն փաստաթուղթը, որը հաստատվել է 2004 թվականին չպարզված օրը, Պաշտպանության նախարարության չպարզված ստորաբաժանման պետի կողմից, ըստ էության, Պաշտպանության նախարարության աշխատակազմում աշխատող պաշտոնյայի կողմից տրված ուղեցույցների լրակազմ է (համադրե՛ք, օրինակ, վերևում հիշատակված՝ Բոյչենկոյի [Boychenko] գործը, § 40): Ավելին, չկա որևէ ապացույց այն մասին, որ որևէ ջանք է գործադրվել այդ ուղեցույցները գործնականում կիրառելու համար:
142. Դատարանը նաև դիտարկում է, որ բովանդակության առումով ուղեցույցը նկարագրում է ինքնասպանության մասով արված հետազոտությունը, այդ թվում՝ դրա հնարավոր պատճառները և արտաքին նշաններն ու բնորոշ ախտանիշները, որոնք դրսևորվում են ինքնասպանություն գործելու վտանգի տակ գտնվող անձանց կողմից: Այն նաև սահմանում է այն չափորոշիչները, որոնք պետք է հաշվի առնվեն ինքնասպանության կանխարգելման նպատակով՝ ծառայող անձնակազմի ստացիոնար բուժման, այդ թվում՝ ինքնասպանության փորձ կատարած կամ այն կատարելու մտադրության մասին հայտարարած ծառայող անձնակազմի շտապ ստացիոնար բուժման անհրաժեշտության հարցի վերաբերյալ որոշում կայացնելիս։ Պարզ չէ սակայն, թե կոնկրետ ում է ուղղված ուղեցույցը՝ բուժանձնակազմին, զորամասերի հրամանատարական կազմին, թե այլ անձանց։
143. Ի վերջո, ինքնասպանությունների կանխարգելման նպատակով ուղեցույցը, inter alia, առաջարկում է ստեղծել մի ծառայություն, որը չի ընդգրկվում զորամասերի անձնակազմում, որը կուսումնասիրի ինքնասպանությունների դեպքերը և կղեկավարվի բժշկի կամ «հոգեբան-սպայի» կողմից։ Այնուամենայնիվ, ոչինչ չի վկայում այն մասին, որ այս հանձնարարականը կատարվել է 2004 թվականին ուղեցույցը ներկայացնելուց հետո:
144. Դատարանը վերահաստատում է, որ այն հարցը, թե արդյոք պետության կողմից չի կատարվել իր կարգավորող պարտականությունները, պահանջում է որևէ ենթադրյալ թերության կոնկրետ, այլ ոչ թե վերացական գնահատում: Դատարանի խնդիրն է սովորաբար ոչ թե վերանայել համապատասխան օրենքը և գործելակերպը վերացական ձևով (in abstracto), այլ որոշել, թե արդյոք այն ձևը, որով դրանք կիրառվել կամ ազդել են դիմումատուի կամ մահացածի վրա, առաջացրել է Կոնվենցիայի խախտում: Հետևաբար միայն այն փաստը, որ կարգավորող շրջանակը կարող է որոշ առումներով թերի լինել, ինքնին բավարար չէ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն հարց բարձրացնելու համար: Պետք է ցույց տալ, որ այն գործել է ի վնաս հիվանդի (տե՛ս՝Ֆերնանդես դե Օլիվեյրան ընդդեմ Պորտուգալիայի [ՄՊ] [Fernandes de Oliveira v. Portugal] [GC], թիվ 78103/14, § 107, 2019 թվականի հունվարի 31, և վերևում հիշատակված՝ Բոյչենկոյի [Boychenko] գործը, §§ 85-87):
Դատարանը դիտարկում է, որ ռազմական ուժերում հոգեբանական աջակցության որևէ համակարգի բացակայության պայմաններում Ա. Նազարյանին որևէ հոգեբանական աջակցություն չի տրվել՝ չնայած նրա հոգեբանական խոցելի վիճակին և ինքնասպանության ռիսկի ակնհայտ նշաններին (տե՛ս վերևում՝ 52-րդ պարբերությունը և ստորև՝ 148-րդ և 150-րդ պարբերությունները)։ Ավելին, չունենալով զինված ուժերում ինքնասպանությունների կանխարգելման հետ կապված կանոնակարգեր՝ պատասխանատու անձինք չեն ստացել որևէ հրահանգ կամ ուղեցույց, թե ինչպես վարվել իրավիճակի հետ (տե՛ս ստորև՝ 151-րդ պարբերությունը):
Համապատասխանաբար, առկա նյութերի հիման վրա Դատարանը գտնում է, որ պատասխանող պետությունը չի կատարել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված իր դրական պարտավորությունը՝ ձեռնարկելու համապատասխան միջոցներ, որոնք կարող էին օգտագործվել Ա. Նազարյանի կյանքը պաշտպանելու համար։
145. Դատարանը հաջորդիվ կքննի, թե արդյոք մարմիններն իմացել են կամ պետք է իմանային Ա. Նազարյանի՝ ինքնասպանություն գործելու իրական և անմիջական ռիսկի առկայության մասին, և եթե այո, արդյոք նրանք արել են այն ամենը, ինչ կարելի էր ողջամտության սահմաններում ակնկալել նրանցից՝ այդ ռիսկի նյութականանալուց խուսափելու համար (տե՛ս վերևում հիշատակված՝Կուրտի [Kurt] գործը, §§ 157-60)։
146. Դատարանն ի սկզբանե նշել է, որ սույն գործում չկա որևէ ապացույց, որը ցույց է տալիս, որ Ա. Նազարյանը երբևէ տառապել է հոգեկան խանգարումով (տե՛ս վերևում՝ 48-րդ պարբերությունը) կամ ունեցել է ինքնասպանության փորձի կամ ինքնավնասման պատմություն:
147. Այդուհանդերձ, Դատարանը նշում է, որ թե՛ քրեական, թե՛ ծառայողական քննության ընթացքում միանշանակ հաստատվել է, որ Ա. Նազարյանը դարձել է ծառայակիցների, այդ թվում՝ իր անմիջական վերադասի և նրա հրամանատարության տակ գտնվող ժամկետային զինծառայողների կողմից մշտական վատ վերաբերմունքի և նվաստացման զոհ (տե՛ս վերևում՝ 33-րդ և 52-րդ պարբերությունները): Մասնավորապես քննությամբ եզրակացվել է, որ Ա. Նազարյանի ինքնասպանությունն ուղղակիորեն կապված է իր ծառայակիցների կողմից ցուցաբերված վատ վերաբերմունքի և նվաստացման հետ (տե՛ս վերևում՝ 48-րդ, 52-րդ և 68-րդ պարբերությունները):
148. Ավելին, առկա նյութերից երևում է, որ բազմաթիվ ծառայակիցներ և ժամկետային զինծառայողներ տեղյակ են եղել Ա. Նազարյանի ծառայակիցների, այդ թվում՝ իր հրամանատարության տակ գտնվող ժամկետային զինծառայողների կողմից Ա. Նազարյանին նվաստացնելու և վատ վերաբերվելու հետևանքով ստեղծված նրա ցածր բարոյահոգեբանական վիճակի մասին, որն ինքնին սկիզբ է առել իր վերադասի՝ կապիտան Հ. Մ.-ի կողմից այլ անձանց ներկայությամբ իր նկատմամբ վատ վերաբերմունքից (տե՛ս վերևում՝ 38-րդ, 39-րդ, 48-րդ և 52-րդ պարբերությունները):
149. Մասնավորապես ներքին քննության արդյունքների համաձայն՝ կապիտան Հ. Մ.-ն, լինելով Ա. Նազարյանի անմիջական հրամանատարը, անձնակազմի ներկայությամբ հարձակվել է նրա վրա՝ «դրանով իսկ ոտնահարելով նրա արժանապատվությունը և ռազմաբազայում ստեղծելով անառողջ բարոյական մթնոլորտ», ինչի հետևանքով Ա. Նազարյանը ենթարկվել է վատ վերաբերմունքի իր հրամանատարության տակ գտնվող ժամկետային զինծառայողների կողմից։ Այդ իրավիճակը թաքցվել է հրամանատարությունից, ինչի հետևանքով Ա. Նազարյանն ինքնամեկուսացվել է, և նրա հոգեբանական վիճակի խաթարումը հասել է կրիտիկական աստիճանի (տե՛ս վերևում՝ 33-րդ պարբերությունը):
150. Այնուհետև քրեական գործով քննությամբ պարզվել է, որ 2010 թվականի հուլիսի 26-ի դրությամբ ռազմաբազայի զինծառայողներին «ակնհայտ է դարձել», որ Ա. Նազարյանը կարող է ինքն իրեն վնասել, ինչի պատճառով կապիտան Հ. Մ.-ն հրամայել էր, որ Ա. Նազարյանի ինքնաձիգից հանեն զարկանը (տե՛ս վերևում՝ 52-րդ պարբերությունը): Սակայն նույնիսկ մինչ այդ՝ 2010 թվականի հուլիսի 19-ին, այսինքն՝ միջադեպից ամենաուշը մեկ շաբաթ առաջ, կապիտան Հ. Մ.-ն և ավագ լեյտենանտ Վ. Հ.-ն նման կասկածներ են ունեցել այն միջադեպից հետո, որի ժամանակ Ա. Նազարյանի քիթն արնահոսել է նրանց կողմից հարձակման ենթարկվելուց հետո (տե՛ս վերևում, մասնավորապես՝ 22-րդ, 45-րդ և 52-րդ պարբերությունները): Հետևաբար Դատարանը գտնում է, որ ամենաուշը 2010 թվականի հուլիսի 26-ին Ա. Նազարյանի վերադասները գիտեին կամ պետք է իմանային, որ կա իրական և անմիջական վտանգ, որ նա կարող է ինքնասպանություն գործել։
151. Պարզվում է, որ զորամասի հրամանատարական կազմը տեղյակ չի եղել, թե ինչ իրավիճակում է հայտնվել Ա.Նազարյանը՝ հաշվի առնելով, որ ո՛չ կապիտան Հ. Մ.-ն, ո՛չ ավագ լեյտենանտ Վ. Հ.-ն ոչինչ չեն զեկուցել իրենց վերադասներին։ Իրավիճակին տեղյակ մյուս զինծառայողները (տե՛ս վերևում, օրինակ՝ 39-րդ պարբերությունը), այդ թվում՝ 2010 թվականի հուլիսի 26-ի կեսօրին ճաշարանում զրույցի ժամանակ ներկա գտնվող զինծառայողները (տե՛ս վերևում՝ 44-րդ պարբերությունը) որևէ պահի չեն զեկուցել զորամասի հրամանատարական կազմին, որ Ա. Նազարյանի մոտ նկատվել է հոգեկան լուրջ խանգարում, և որ հնարավոր է՝ նա ունեցել է ինքնասպանության մտքեր։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով համապատասխան պահին ռազմական ուժերում հոգեբանական վիճակի գնահատման և աջակցության որևէ համակարգի բացակայությունը, որի մասին վերևում նշվել է (տե՛ս վերևում՝140-144-րդ պարբերությունները), պարզ չէ, թե ինչ միջոցներ, եթե այդպիսիք կան, զորամասի հրամանատարական կազմը կարող էր ձեռնարկել, եթե նրանք տեղյակ լինեին իրավիճակի մասին (տե՛ս, ի հակադրություն դրա, վերևում հիշատակված՝ Բոյչենկոյի [Boychenko] գործը, §§ 92-95):
152. Ամեն դեպքում, եթե անգամ բարձրագույն հրամանատարությունը տեղյակ չէր այդ մասին, ապա կապիտան Հ. Մ.-ն՝ ռազմաբազայի համար պատասխանատու անձը և Ա.Նազարյանի անմիջական հրամանատարը, հստակ տեղյակ լինելով վերջինիս ծայրահեղ խոցելի հոգեբանական վիճակի և այն հավանականության մասին, որ նա կարող էր վնասել ինքն իրեն հիմնականում իր կողմից գործադրված բռնության հետևանքով, ոչ միայն չի զեկուցել այդ մասին, այլև միջոցներ չի ձեռնարկել Ա. Նազարյանի կյանքին սպառնացող վտանգից խուսափելու համար։ Ավելին, կապիտան Հ. Մ.-ն 2010 թվականի հուլիսի 26-ի կեսօրին կրկին նվաստացրել է Ա. Նազարյանին՝ սպառնալով էլ ավելի նվաստացնել նրան՝ «պատվի դատարան» կազմակերպելու միջոցով (տե՛ս վերևում՝ 22-րդ պարբերությունը): Համենայն դեպս առկա նյութերից ոչինչ չի վկայում այն մասին, որ որևէ այլ բան ևս տեղի է ունեցել 2010 թվականի հուլիսի 26-ի կեսօրին տեղի ունեցած ակնհայտ խոսակցության և հաջորդ առավոտվա միջև ընկած ժամանակահատվածում, երբ Ա. Նազարյանին մահացած են գտել:
153. Վերջապես, Կառավարության պնդումներից պարզ չէ, թե արդյոք Հ. Մ.-ի՝ Ա. Նազարյանի ինքնաձիգից զարկանը հանելու հրամանը, նրանց կարծիքով, համապատասխան արձագանք էր վերջինիս ծայրահեղ հոգեկան խանգարման և ինքնասպանության մտադրության նշաններին։ Կառավարությունը նույնիսկ ենթադրել է, որ նման հրամանը հակասում է ակտիվ մարտական հերթապահության կանոններին (տե՛ս վերևում՝ 111-րդ պարբերությունը): Ավելին, Հ. Մ.-ն ոչ մի քայլ չի ձեռնարկել՝ ապահովելու, որ իր հրամանն իրականում կատարվել է։
154. Վերոնշյալ պատճառներով Դատարանը գտնում է, որ պետությունը չի կատարել համապատասխան քայլեր ձեռնարկելու իր դրական պարտավորությունը՝ Ա. Նազարյանի կյանքը զինվորական ծառայության ընթացքում պաշտպանելու համար։
155. Հաշվի առնելով վերոնշյալ 144-րդ (վերջում) և 154-րդ պարբերություններում շարադրված եզրակացությունները՝ Դատարանը եզրակացնում է, որ պետությունը չի ձեռնարկել համապատասխան և արդյունավետ միջոցներ՝ կանխելու Ա. Նազարյանի կյանքին սպառնացող ակնհայտ վտանգի նյութականացումը։
156. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական պահանջի խախտում:
ii) Դատավարական պահանջը
157. Դատարանը վերահաստատում է, որ 2-րդ հոդվածով նախատեսված դատավարական պահանջին համապատասխանությունը գնահատվում է մի քանի էական պարամետրերի՝ քննչական միջոցառումների համարժեքության, քննության արագության, մահացածի ընտանիքի ներգրավվածության և քննության անկախության հիման վրա։
Այս տարրերը փոխկապակցված են, և դրանցից յուրաքանչյուրը, առանձին վերցրած, ինքնանպատակ չէ: Դրանք չափորոշիչներ են, որոնք համատեղ հնարավորություն են տալիս գնահատել քննության արդյունավետության աստիճանը (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուսթաֆա Թունքը և Ֆեջիրե Թունքն ընդդեմ Թուրքիայի [Mustafa Tunç and Fecire Tunç v. Turkey], § 225): Հաշվի առնելով սա՝ Դատարանը կշարունակի ուսումնասիրել այդ տարրերը սույն գործով իրականացված քրեական գործով քննության մասով` սկսած դրա արագությունից:
1) Քննության արագությունը
158. Դատարանը նշում է, որ Ա. Նազարյանի մահվան մասին Պաշտպանության նախարարությունը տեղեկացվել է անմիջապես դեպքի օրը՝ 2010 թվականի հուլիսի 27-ին, և որ Քննչական ծառայությունն իր նախաձեռնությամբ օպերատիվ կերպով քննություն է սկսել՝ նույն օրը ձեռնարկելով նախնական քննչական միջոցառումներ (տե՛ս վերևում՝ 8-11-րդ պարբերությունները)։
159. Ա. Նազարյանի ծառայակիցների նկատմամբ քրեական հետապնդման և դատապարտման պատճառ դարձած քննությունն ավարտվել է մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ մոտավորապես 2011 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին (տե՛ս վերևում՝ 51-րդ և 52-րդ պարբերությունները), և դատարանների կողմից գործի քննությունն ավարտվել է 2013 թվականի սեպտեմբերին (տե՛ս վերևում՝ 75-րդ պարբերությունը), այսինքն՝ հետագա երկու տարվա ընթացքում:
160. Այդ հանգամանքներում Դատարանը գտնում է, որ քննությունն իրականացվել է անհրաժեշտ բարեխղճությամբ, և քննությունն անհիմն չի ձգձգվել։
2) Քննության համապատասխանությունը
161. Ի սկզբանե պետք է դիտարկել, որ մարմինները մի շարք քննչական միջոցառումներ են ձեռնարկել տվյալ իրադարձություններին առնչվող ապացույցներ հավաքելու համար։ Իրոք, ինչպես նշել է Կառավարությունը (տե՛ս վերևում՝ 113-րդ պարբերությունը), մարմինները հարցաքննել են մեծ թվով վկաների, ձեռնարկել են տարբեր քննչական միջոցառումներ, այդ թվում՝ դեպքի օրը՝ ապացույցներ ապահովելու նպատակով, և նշանակել են մի շարք դատաբժշկական փորձաքննություններ։
162. Այնուամենայնիվ, ինչպես նշվեց վերևում, քննության արդյունավետությունը չի կարող գնահատվել միայն կազմված զեկույցների, հարցաքննված վկաների կամ ձեռնարկված այլ քննչական միջոցառումների թվով։ Քննության եզրակացությունները պետք է հիմնված լինեն բոլոր համապատասխան տարրերի մանրակրկիտ, օբյեկտիվ և անկողմնակալ վերլուծության վրա (տե՛ս վերևում՝ 126-րդ պարբերությունը), ինչը, Դատարանի կարծիքով, չի եղել Ա. Նազարյանի մահվան հանգամանքների քննության դեպքում հաջորդող պատճառներով։
163. Դատարանը նշում է, որ Պաշտպանության նախարարության կողմից 2010 թվականի հուլիսի 27-ի առավոտյան զորամասի հրամանատարական կազմից ստացված դեպքի մասին հաղորդման և դեպքի վայրի մասով դեպքի վայրի զննության արձանագրության միջև կա անհամապատասխանություն այն առումով, որ առաջինը հայտնում է, որ Ա. Նազարյանն ինքն իրեն կրակել է խրամատում, իսկ վերջինս նշում է, որ դին հայտնաբերվել է թիվ 12 ռազմաբազայի տարածքում գտնվող քարի կողքին (տե՛ս վերևում՝ 10-րդ և 15-րդ պարբերությունները): Կառավարությունն այդ կապակցությամբ հայտնել է, որ կապիտան Հ. Մ.-ն, Ա. Մկ.-ն, Գ. Ս.-ն, Հ. Ն.-ն, Ա. Հ.-ն, Ա. Մ.-ն և Մ. Մ.-ն վկայի իրենց ցուցմունքներում պնդել են, որ նրանք դին տեսել են քարի կողքին, ինչպես նշված է հանցագործության վայրի զննության արձանագրության մեջ, և որ Ս. Գ.-ն պարզաբանել է հարցը դատաքննության ընթացքում հարցաքննվելիս (տե՛ս վերևում՝ 112-րդ պարբերությունը): Դատարանը դիտարկում է, այնուամենայնիվ, որ կապիտան Հ. Մ.-ի, Ա. Մկ.-ի, Գ. Ս.-ի, Հ. Ն.-ի, Ա. Հ.-ի, Ա. Մ.-ի և Մ. Մ.-ի՝ Դատարան ներկայացրած ցուցմունքներում ոչինչ չկա, որից կարելի էր ենթադրել, որ նրանց հատուկ հարցրել են դիակի գտնվելու վայրի մասին: Պարզ չէ, թե զորամասի որ հրամանատարն է այդ հաղորդումն ուղարկել Պաշտպանության նախարարություն։ Ամեն դեպքում Կառավարության կողմից նշված բոլոր վկաներից միայն նույն զորամասի հրամանատար Ս. Գ.-ն էր, որին հարցրել են դատաքննության ընթացքում տվյալ անհամապատասխանության մասին (տե՛ս վերևում՝ 65-րդ պարբերությունը): Ոչինչ չի վկայում այն մասին, որ Կառավարության կողմից վկայակոչված մյուս վկաները դատաքննության ընթացքում հաստատել են դեպքի վայրի վերաբերյալ իրենց ենթադրյալ մինչդատական ցուցմունքները։
164. Դատարանն այնուհետև նշում է, որ դեպքի վայրի զննության արձանագրության համաձայն՝ քննիչն առգրավել է 78-09 համարները կրող պարկուճ, որը հայտնաբերվել է գետնին՝ դիակի մոտ (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը): Այնուհետև պարկուճը և Ա. Նազարյանի ինքնաձիգը ներկայացվել են համակցված հրազենագիտական, հետքաբանական և մատնահետքերի դատաբժշկական փորձաքննության (տե՛ս վերևում՝ 17-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, համակցված հրազենագիտական, հետքաբանական և մատնահետքերի փորձաքննության ավարտից հետո տրված զեկույցում նշվում էր փորձագետներին ներկայացված պարկուճի նույնականացման մեկ այլ համար, այն է՝ 60-78 (տե՛ս վերևում՝ 35-րդ պարբերությունը): Կառավարությունը երկու թվերի միջև եղած անհամապատասխանությունը բացատրել է որպես «մեխանիկական սխալ»՝ պնդելով, որ քննիչը շրջել է պարկուճը, և դրա վրա նշված 60 թիվը նման է եղել 09-ին (տե՛ս վերևում՝ 112-րդ պարբերությունը): Դատարանը, սակայն, դիտարկում է, որ այս բացատրությունը գործի նյութերում որևէ տեղ չկա։ Հետևաբար և որևէ հիմնավոր ապացույցի բացակայության դեպքում, քննության ընթացքում հավաքված դատահրազենագիտական ապացույցների հետ կապված նման կարևոր անճշտության վերաբերյալ Կառավարության առաջարկած բացատրությունը չի կարող բավարար համարվել:
165. Համաձայն դիահերձման եզրակացության՝ մարմնի վրա հայտնաբերվել են մի շարք ոչ հրազենային վնասվածքներ, այդ թվում՝ աջ այտի, ստորին ծնոտի քերծվածքներ և մաստոիդային գործընթաց, աջ ձեռքի վերին հատվածում կապտուկներ և կրծքավանդակի ձախ կողմի, ձախ ձեռքի վերին հատվածի, ձախ ձեռքի արմունկի, ձախ ձեռքի նախաբազկի, ձախ ազդրի և աջ ձեռքի դաստակի հինգերորդ մատի շրջանում քերծվածքներ (տե՛ս վերևում՝ 37-րդ պարբերությունը): Դատարանը դիտարկում է, որ այդ վնասվածքների մասով համապատասխան բացատրություն չի տրվել։ Այն նաև նշում է, որ դատաքննության ընթացքում դատաբժշկական փորձագետը վկայել է, որ դիահերձման ժամանակ աջ դաստակի հինգերորդ մատի հատվածում երբեք քերծվածք չի հայտնաբերվել, և որ դիահերձման արձանագրության մեջ այդ վնասվածքի մասին նշումը եղել է «մեխանիկական սխալ»-ի արդյունք (տե՛ս վերևում՝ 67-րդ պարբերությունը)։ Իր հերթին Կառավարությունը հիմնվել է դատաբժշկական փորձագետի վկայության վրա՝ նշելով, որ այդ առումով թյուրիմացություն է եղել, որը բխում է փորձագետի սխալից (տե՛ս վերևում՝ 112-րդ պարբերությունը): Թեև դիահերձման ընթացքում հայտնաբերված վնասվածքի անտեսումը կամ դրա մասին չհիշատակելը որոշ չափով կարող է դիտարկվել որպես հավանական սցենար, այնուամենայնիվ, Դատարանը դժվարանում է պատկերացնել, թե ինչպես կարող է դիահերձման արձանագրությունում հստակորեն նշված լինել մարմնի կոնկրետ մասի կոնկրետ վնասվածքի մասին, որն առաջացել է «մեխանիկական սխալի» արդյունքում, եթե իրականում փորձագետի կողմից նման վնասվածք չի հայտնաբերվել։
Բացի այդ, դիահերձման արձանագրության վերջում նշվել է, որ կցվել է տասնինը լուսանկար, մինչդեռ, ինչպես ցույց են տվել դիմումատուները դատաքննության ընթացքում (տե՛ս վերևում՝ 66-րդ պարբերությունը), արձանագրությանը կցվել է ընդամենը տասնվեց լուսանկար: Այս փաստը նույնպես բացատրվել է որպես սխալ (տե՛ս վերևում՝ 66-րդ և 112-րդ պարբերությունները):
166. Դատարանը նաև նշում է, որ դեպքի վայրի զննության ընթացքում քննիչը մի շարք գործողություններ է կատարել Ա. Նազարյանի ինքնաձիգով, այն է՝ հանցագործության մեջ կասկածվող գործիքով։ Մասնավորապես նա հանել է պահունակը և դատարկել այն, արձակել փորձնական կրակոց և փակել ձգանի պաշտպանիչը (տե՛ս վերևևում՝ 15-րդ պարբերությունը): Արդյունքում ինքնաձիգը չի ներկայացվել դատահրազենագիտական, հետքաբանական և մատնահետքի փորձաքննության այն նախնական վիճակում, որով այն հայտնաբերվել է դեպքի վայրում, այդ թվում՝ առկա մատնահետքերով: Իհարկե, ինչպես նշված է հրազենագիտական, հետքաբանական և մատնահետքերի համակցված փորձաքննության արձանագրությունում, ներկայացված ինքնաձիգի «մակերեսի որոշ մասերի» վրա հայտնաբերվել են միայն «քրտինքի և ճարպի հետքեր», որոնք համապատասխան չեն համեմատական փորձաքննությանը (տե՛ս վերևում՝ 35-րդ պարբերությունը)։ Այսինքն՝ քննիչի գործողությունները փորձագետների համար անհնարին են դարձրել իրենց հանձնված ինքնաձիգի վրա հայտնաբերել մատնահետքեր, այդ թվում՝ Ա.Նազարյանին պատկանող մատնահետքեր։ Կառավարությունը բացատրել է քննիչի գործողությունները դեպքի վայրի զննության ժամանակ, մասնավորապես՝ պահունակի հեռացումը և փորձնական կրակոցը որպես անվտանգության նկատառումներ (տե՛ս վերևում՝ 112-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, նման փաստարկը ողջամտորեն չի կարող ընդունվել հանցագործության վայրի քննության համատեքստում:
167. Բացի այդ, թեև ի վերջո եզրակացություն արվեց, որ Ա. Նազարյանն ինքնասպանություն է գործել՝ իր ինքնաձիգից կրակոց արձակելով բերանին (տե՛ս վերևևում՝ 52-րդ պարբերությունը), այնուամենայնիվ, քննությամբ չի բացատրվել այն փաստը, որ ոչ մի փամփուշտ չի բացակայել այն պահունակից, որով լիցքավորված է եղել նրա ինքնաձիգը։ Մասնավորապես դեպքի վայրի զննության արձանագրության համաձայն՝ քննիչը առգրավել է երեսուն փամփուշտ տարողունակությամբ պահունակ, որի մեջ հայտնաբերվել է նաև քսանինը փամփուշտ՝ բացի լիցքաթափման արդյունքում դուրս եկած փամփուշտներից (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը): 2010 թվականի հուլիսի 28-ի՝ հրազենագիտական, հետքաբանական և մատնահետքերի համակցված փորձաքննություն նշանակելու մասին իր որոշման մեջ քննիչը փորձագետներից պահանջել է, inter alia, պարզել, թե արդյոք երեսուն փամփուշտ տարողունակությամբ պահունակը կարող էր լիցքավորված լինել երեսունմեկ փամփուշտով, ինչին ի պատասխան՝ փորձագետներն իրենց արձանագրությունում դրական են պատասխանել (տե՛ս վերևում՝ 17-րդ և 35-րդ պարբերությունները)։ Այնուամենայնիվ, քննության ընթացքում վերջնականապես չի պարզվել, թե արդյոք տվյալ պահունակն իրականում լիցքավորված է եղել երեսունմեկ փամփուշտով այն ժամանակ, երբ Ա. Նազարյանի երեք պահեստային պահունակները, որոնք ավելի վաղ առգրավվել էին քննիչի կողմից, յուրաքանչյուրն ակնհայտորեն լիցքավորված է եղել երեսուն փամփուշտով (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը):
168. Դատարանը դիտարկում է, որ քննության սկզբնական օրերին և որոշ դեպքերում՝ հաջորդ օրերին, վկաների կողմից մինչդատական ցուցմունքների մեծ մասը ստացվել է վկաներից, այդ թվում՝ հետագայում մեղադրվող անձանցից, որոնք գտնվում էին զինվորական կալանքի տակ «ներքին ծառայության կանոնները» խախտելու համար (տե՛ս վերևում՝ 19-րդ, 20-րդ, 21-րդ, 25-րդ և 30-րդ պարբերությունները)։ Չնայած 2010 թվականի հուլիս և օգոստոս ամիսներին Ա. Նազարյանի ծառայակիցների կարգապահական մեկուսացման առնչությամբ փաստաթղթային ապացույցներ տրամադրելու Դատարանի կոնկրետ պահանջին՝ Կառավարությունն ընդամենը տրամադրել է Ս. Գ.-ի 2010 թվականի հուլիսի 27-ի և 28-ի հրամանների պատճենները, որոնցից միայն վերջինն էր վերաբերում թիվ 12 ռազմաբազայի անձնակազմի կարգապահական մեկուսացմանը տարբեր ժամկետներով, որոնք տատանվում են երեքից տասը օր (տե՛ս վերևում՝ 26-րդ պարբերությունը): Չնայած այդ փաստին ՝ Կառավարությունը չի վիճարկել, որ 2010 թվականի հուլիսի 28-ի հրամանի համաձայն զինծառայողների զինվորական կալանքից հետո զինծառայողների մեկուսացման առնվազն երկու դեպք է գրանցվել (տե՛ս վերևում, մասնավորապես՝ 25-րդ և 30-րդ պարբերությունները): Դատարանը նաև դիտարկում է, որ դատաքննության ընթացքում ներկայացվել են որոշակի ապացույցներ, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ զինծառայողների զինվորական կալանքը տևել է շատ ավելի երկար, քան 2010 թվականի հուլիսի 28-ի հրամանում նշված ժամկետը (տե՛ս վերևում, օրինակ՝ 64-րդ պարբերությունում դատաքննության ընթացքում Ա. Մկ.-ի կողմից տրված վկայությունը), և որ հավանաբար կալանքի տակ գտնվելու ընթացքում զինծառայողների նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերվել (տե՛ս վերևում՝ 57-րդ և 61-րդ պարբերությունները): Չնայած դրան՝ Մարզային դատարանը մերժել է երկրորդ դիմումատուի պահանջը, այն է՝ չընդունել Ա. Նազարյանի ծառայակիցների զինվորական կալանքի ժամանակ ձեռք բերված վկայի ցուցմունքները՝ առանց որևէ կոնկրետ պատճառաբանության (տե՛ս վերևում՝ 68-րդ պարբերությունը)։
169. Առկա են դիմումատուների կողմից բարձրացված և հետագայում Կառավարության կողմից քննարկված մի շարք այլ խնդիրներ (տե՛ս վերևում՝ 104-րդ և 112-րդ պարբերությունները), ինչպես, օրինակ՝ դեպքի վայրի զննության արձանագրության սխալ ամսաթիվը (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը) և Ա. Նազարյանի՝ դատաբժշկական փորձաքննության ընթացքում հետազոտված արյան նմուշում ալկոհոլի առկայության հիմնավոր բացատրության բացակայությունը (տե՛ս վերևում՝ 37-րդ պարբերությունը):
170. Դատարանի կարծիքով, այնուամենայնիվ, արդեն մանրամասնորեն քննված կոպիտ թերությունները (տե՛ս վերևում՝ 163-168-րդ պարբերությունները) բավարար են, որ այն լրջորեն կասկածի տակ դնի ներպետական մարմինների կողմից իրականացվող քննության համապատասխանությունը: Հետևաբար կարիք չկա լրացուցիչ ուսումնասիրել կողմերի կողմից իրենց ներկայացրած փաստաթղթերում քննարկված մյուս տարրերը:
3) Մահացածի հարազատների մասնակցությունը քննությանը
171. Դատարանը նշում է, որ քննության սկզբից առաջին դիմումատուին շնորհվել է տուժողի կարգավիճակ, և նրան հաջորդել է երկրորդ դիմումատուն (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը), և ոչինչ չի վկայում այն մասին, որ դիմումատուները չեն տեղեկացվել քննության ընթացքում ձեռնարկվող քայլերի մասին (տե՛ս, ի հակադրություն դրա, վերևում հիշատակված՝ Բոյչենկոյի [Boychenko] գործը, § 99): Բացի այդ, քննության ավարտից հետո դիմումատուներին տրամադրվել են գործի ամբողջ նյութերը (տե՛ս վերևում՝ 51-րդ պարբերությունը):
172. Դիմումատուները մասնավորապես բողոքել են, որ մարմինները մերժել են Ա. Նազարյանի ձեռագրի նմուշները պարունակող փաստաթղթերի պատճենները տրամադրելու վերաբերյալ առաջին դիմումատուի պահանջը, քանի դեռ քննությունն ընթացքի մեջ էր (տե՛ս վերևում՝ 106-րդ պարբերությունը):
173. Դատարանը վերահաստատում է, որ քանի որ խոսքը մահացածների ընտանիքների համար քննության մատչելիության և բավարար հանրային վերահսկողության առկայության մասին է, ուստի ընթացակարգային պարտավորությամբ դիմումատուներից չի պահանջվում շարունակական հետաքննության ընթացքում ունենալ ոստիկանության գործերին կամ բոլոր փաստաթղթերի պատճեններին հասանելիությունը, կամ, որ նրանց հետ խորհրդակցեն կամ տեղեկացնեն յուրաքանչյուր քայլի մասին (տե՛ս Գյուրտեկինը և այլք ընդդեմ Կիպրոսի [Gürtekin and Others v. Cyprus] (որոշում), թիվ 60441/13 և մյուս 2 թվերը, § 29, 2014 թվականի մարտի 11, հաջորդող հղումների հետ միասին):
174. Դատարանը դիտարկում է, որ 2010 թվականի հոկտեմբերի 28-ին առաջին դիմումատուն քննիչից պահանջել է տրամադրել փաստաթղթերի պատճեններ, որոնք պարունակում են Ա. Նազարյանի ձեռագրի նմուշները, այդ թվում՝ նրա նոթատետրում եղած նմուշները, որը կապիտան Հ. Մ.-ն վերցրել էր նրա գրպանից դեպքի օրը և ներկայացրել քննիչին մոտավորապես երկու շաբաթ անց (տե՛ս վերևում՝ 9-րդ և 31-րդ պարբերությունները): Առաջին դիմումատուն այդ պահանջի հետ կապված նշել է, որ մտադիր է այդ փաստաթղթերը ներկայացնել արտասահմանում գտնվող դատաձեռագրաբանական փորձագետներին՝ իր որդու նոթատետրում գրառումների իսկությունը վիճարկելու նպատակով (տե՛ս վերևում, մասնավորապես՝ 40-րդ պարբերությունը): Դատարանը նաև նշում է, որ քննիչը մերժել է առաջին դիմումատուի խնդրանքը՝ հղում կատարելով ՔԴՕ-ի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին և 201-րդ հոդվածի 1-ին մասին (տե՛ս վերևում՝ 84-րդ, 85-րդ և 41-րդ պարբերությունները):
175. Դատարանը նշում է, որ տվյալ պահին գործող ներպետական քրեական դատավարության օրենսդրության համաձայն՝ տուժողն իրավունք ուներ քննության ավարտից հետո ուսումնասիրելու գործի նյութերի ամբողջությունը (ՔԴՕ-ի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ, տե՛ս վերևում՝ 84-րդ պարբերությունը), և քննիչը որոշել է, թե արդյոք հրապարակի քննությանն առնչվող տեղեկությունները, թե՝ ոչ (ՔԴՕ-ի 201-րդ հոդվածի 1-ին մաս, տե՛ս վերևում՝ 85-րդ պարբերությունը): Այն նաև նշում է, որ երբ առաջին դիմումատուի կողմից գանգատը ներկայացվել է Սահմանադրական դատարան, պարզվել է, որ ՔԴՕ-ի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը և 201-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են Սահմանադրությանը: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ նշել է, որ 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քննիչի լիազորությունները բացարձակ չեն և պետք է իրականացվեն՝ ելնելով հետաքննության շահերից (տե՛ս վերևում՝ 88-րդ պարբերությունը):
176. Կառավարությունը պնդել է, որ քննիչը չի գտել, որ քննության շահերից է բխում Ա. Նազարյանի ձեռագրի նմուշները պարունակող փաստաթղթերի բացահայտումը, քանի որ դրանք վերաբերում էին վկաներին և մեղադրյալներին, որոնց առնչությամբ քննությունը դեռ ընթացքի մեջ էր (տե՛ս վերևում՝ 115-րդ պարբերությունը): Դատարանը, սակայն, նշում է, որ քննիչը 2010 թվականի նոյեմբերի 4-ի իր որոշման մեջ այն հիմք չի ընդունել։ Փաստորեն, քննիչը չի վկայակոչել քննության շահերին առնչվող որևէ կոնկրետ հիմք, այլ վկայակոչել է ՔԴՕ-ի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը և 201-րդ հոդվածի 1-ին կետը` ներկայացնելու, որ քննության ընթացքում հավաքված տեղեկությունները նախքան քննության ավարտը ենթակա չեն բացահայտման (տե՛ս վերևում՝ 41-րդ պարբերությունը)։
177. Դատարանը վերահաստատում է, որ հանրության կամ տուժողի հարազատների կողմից անհրաժեշտ հասանելիությունը կարող է ապահովվել ընթացակարգի այլ փուլերում (տե՛ս վերևում հիշատակված՝ Ջուլիանին և Գաջոն ընդդեմ Իտալիայի [Giuliani and Gaggio], § 304): Այնուամենայնիվ, սույն գործի հանգամանքներում դիմումատուների համար օբյեկտիվորեն անհնար կլիներ ձեռք բերել դատական փորձագիտական ապացույցներ, առավել ևս արտերկրից, գործի նյութերը նրանց տրամադրելու ժամանակ ընկած կարճ ժամանակահատվածում, այսինքն՝ 2011 թվականի հունիսի վերջին, և այն ժամանակ, երբ մեղադրական եզրակացությունը վերջնական տեսքի է բերվել 2011 թվականի օգոստոսի սկզբին (տե՛ս վերևում՝ 51-րդ և 52-րդ պարբերությունները), իսկ դրանից կարճ ժամանակ անց գործն ուղարկվել է գործը քննող դատարան։ Ուստի այն փաստը, որ նրանց ի վերջո տրամադրվել են պահանջվող փաստաթղթերը, այդ թվում՝ նոթատետրը, այլևս չէր կարող շտկել իրավիճակը։
178. Դատարանը գտնում է, որ այս հանգամանքներում Ա. Նազարյանի նոթատետրը, որը պարունակում էր իր կողմից գրված ինքնասպանության մասին գրություն, առգրավվել է նրա մահից անմիջապես հետո կապիտան Գ. Մ.-ի կողմից (տե՛ս վերևում՝ 9-րդ պարբերությունը), մեղադրյալներից մեկի և վատ վերաբերմունք ցուցաբերած հանցագործություն կատարած հիմնական անձի կողմից, ինչպես նաև վերադարձվել է միայն երկու շաբաթ անց (տե՛ս վերևում՝ 32-րդ պարբերությունը), դիմումատուների համար իրավաչափ է համարվել, որպեսզի վերջիններս վիճարկեն, թե արդյոք նոթատետրի հետ ներկայացված ինքնասպանության մասին գրառումը պարունակող պատառոտված թուղթն իրոք գրված է եղել Ա. Նազարյանի, այլ ոչ թե ուրիշի կողմից: Այնուամենայնիվ, ինչպես նշվեց վերևում, արտերկրում դատաձեռագրաբանական փորձագետի եզրակացությունն ստանալու համար անհրաժեշտ նյութեր տրամադրելու պահանջը մերժվել է առանց որևէ կոնկրետ պատճառաբանության, և հարցը չի կարող շտկվել այն բանից հետո, երբ դիմումատուները քննության ավարտին կարողացել են ծանոթանալ գործի նյութին:
179. Ավելին, Դատարանը նշում է, որ ո՛չ Մարզային դատարանը, ո՛չ Վերաքննիչ դատարանը (տե՛ս վերևում՝ 71-րդ և 72-րդ պարբերությունները) չեն բավարարել դիմումատուների կողմից դատաքննության ընթացքում ներկայացված որևէ խնդրանք կամ փաստարկ (տե՛ս վերևում՝ 56-րդ, 66-րդ և 68-րդ պարբերությունները)։
180. Այս հանգամանքներում Դատարանը գտնում է, որ դիմումատուների ներգրավվածությունը ընթացակարգին չի ապահովվել այն չափով, որքանով անհրաժեշտ էր նրանց օրինական շահերը պաշտպանելու համար (տե՛ս Ցինցաբաձեն ընդդեմ Վրաստանի [Tsintsabadze v. Georgia], թիվ 35403/06, § 76, 2011 թվականի փետրվարի 15, և Ալիևան և Ալիևն ընդդեմ Ադրբեջանի [Aliyeva and Aliyev v. Azerbaijan], թիվ 35587/08, § 70, 2014 թվականի հուլիսի 31)։
4) Քննության անկախությունը
181. Ի վերջո, դիմումատուները բողոքել են, որ Ա. Նազարյանի մահվան գործով քննությունն անկախ չի եղել, քանի որ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության քննիչներն աշխատում էին Պաշտպանության նախարարությունում (տե՛ս վերևում`105-րդ պարբերությունը):
182. Դատարանը վերահաստատում է, որ 2-րդ հոդվածով չի պահանջվում, որ քննության համար պատասխանատու անձինք և մարմինները պետք է օգտվեն բացարձակ անկախությունից, այլ այն, որ նրանք պետք է բավականաչափ անկախ լինեն այն անձանցից և կառույցներից, որոնց պատասխանատվությանը, ամենայն հավանականությամբ, անդրադարձ է կատարվելու (տե՛ս վերևում հիշատակված՝ Ռամսահայը և այլք [Ramsahai and Others], §§ 343-44):
183. Այս առնչությամբ Դատարանը դիտարկում է, որ թեև տվյալ պահին Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունն ընդգրկված էր Պաշտպանության նախարարության կառուցվածքում, այնուամենայնիվ, այն իր ապարատից դուրս առանձին մարմին էր (տե՛ս վերևում`87-րդ պարբերությունը): Հետևաբար Պաշտպանության նախարարության քննչական ծառայության քննիչներն աստիճանակարգային ենթակայության սկզբունքներով զինվորական կառույցի մաս չեն կազմել։ Միայն այն փաստը, որ պաշտպանության նախարարը իրականացրել է քննչական ծառայության ընդհանուր կառավարումը և հաստատել նրա աշխատավարձերի չափերն ու աշխատակիցների թիվը, բավարար չէ նրա քննիչների կանոնադրական կամ ինստիտուցիոնալ անկախությունը կասկածի տակ դնելու համար։
184. Բացի այդ, Դատարանը նշում է, որ ոչինչ չի ենթադրում, որ Ա. Նազարյանի մահվան հանգամանքների քննությունն իրականացնող քննիչը որևէ կապ կամ աշխատանքային հարաբերություններ է ունեցել զորամասի զինծառայողների, այդ թվում՝ տվյալ իրադարձություններին ներգրավված անձանց հետ (տե՛ս վերևում հիշատակված, mutatis mutandis, Մուսթաֆա Թունքը և Ֆեջիրե Թունքն ընդդեմ Թուրքիայի [Mustafa Tunç and Fecire Tunç v. Turkey], § 238)։ Ոչինչ չի վկայում այն մասին, որ քննիչի վարքագիծն անկողմնակալության բացակայության ակնհայտ ապացույց էր, ինչպես օրինակ՝ քննությունն ավարտելու համար անհրաժեշտ բոլոր քննչական քայլերը չկատարելը (նույն տեղում, § 227, հաջորդող հղումների հետ միասին):
185. Այս համատեքստում Դատարանը գտնում է, որ սույն գործով Պաշտպանության նախարարության վեցերորդ կայազորային քննչական ծառայության կողմից իրականացված քրեական գործով քննությունը բավականաչափ անկախ է եղել։
5) Եզրակացությունը
186. Հաշվի առնելով իր վերոնշյալ եզրակացությունները (տե՛ս վերևում՝ 170-րդ և 180-րդ պարբերությունները)՝ Դատարանը գտնում է, որ այս գործով իրականացված քննությունը բավականաչափ մանրակրկիտ չի եղել և չի կարողացել ապահովել դիմումատուների ներգրավվածությունը դրանում բավարար չափով՝ նրանց շահերը պաշտպանելու և նրանց իրավունքներն արդյունավետորեն իրացնելու հնարավորություն ընձեռելու համար։
187. Այստեղից հետևում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական պահանջի խախտում։
III. Կոնվենցիայի 13-րդ հոդվածի ենթադրյալ խախտումը
188. Դիմումատուները բողոքել են, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ենթադրյալ խախտման առնչությամբ իրենց տրամադրության տակ չեն ունեցել իրավական պաշտպանության արդյունավետ ներպետական միջոցներ։ Նրանք հիմնվել են Կոնվենցիայի 13–րդ հոդվածի վրա, որն ունի հետևյալ բովանդակությունը.
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
189. Կառավարությունը նշել է, որ դիմումատուներն իրենց գանգատներում չեն բողոքել, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ենթադրյալ խախտումների համար փոխհատուցում չի տրվել:
190. Դատարանը դիտարկում է, որ դիմումատուներն ի սկզբանե բողոքել են իրենց գանգատում, որ ներպետական մարմինները չեն կարողացել իրականացնել Ա. Նազարյանի մահվան հանգամանքների արդյունավետ քննությունը: 2018 թվականի ապրիլի 23-ին Կառավարությանն ի պատասխան ներկայացված իրենց դիտարկումներում նրանք բողոքել են՝ վկայակոչելով նույն դրույթը, որ Հայաստանի օրենսդրությամբ իրենց համար ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջելու իրավական հնարավորություն չի եղել։
191. Դատարանը նշում է, որ դիմումատուների բողոքն այնքանով, որքանով այն վերահաստատում է նրանց բողոքն առ այն, որ ներպետական մարմինները չեն իրականացրել Ա. Նազարյանի մահվան արդյունավետ քննություն, կապված է վերևում քննված բողոքների հետ և հետևաբար նույնպես պետք է ճանաչվի ընդունելի։
192. Հաշվի առնելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական պահանջի հետ կապված եզրակացությունները (տե՛ս վերևում՝ 170-րդ, 180-րդ և 186-րդ պարբերությունները)՝ Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ չէ քննել, թե արդյոք այս դեպքում նաև տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուրադյանի [Muradyan], § 161 և Անահիտ Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի [Anahit Mkrtchyan v. Armenia] գործը, թիվ 3673/11, § 105, 2020 թվականի մայիսի 7)։
193. Ինչ վերաբերում է Հայաստանի օրենսդրության իրավական հիմքերի բացակայության վերաբերյալ բողոքին, որի համաձայն պահանջվում էր ընտանիքի անդամի մահվան արդյունքում ոչ նյութական վնասի դիմաց փոխհատուցում, հաշվի առնելով դիմումատուների՝ իրենց գանգատում ներկայացրած նախնական պնդումները (տե՛ս վերևում՝ 190-րդ պարբերությունը)` Դատարանը գտնում է, որ այն հավասար է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն նոր և հեռավար բողոք բարձրացնելուն (տե՛ս՝ Ռոդամիլյան և այլք ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ], [Radomilja and Others v. Croatia], թիվ 37685/10 և 22768/12, § 135, 2018 թվականի մարտի 20): Չնայած ոչինչ չի խանգարում դիմումատուին Դատարանում վարույթի ընթացքում նոր բողոք ներկայացնել, այնուամենայնիվ, նման բողոքը, ինչպես ցանկացած այլ բողոք, պետք է համապատասխանի ընդունելիության պահանջներին (նույն տեղում):
194. Դատարանը նշում է, որ սույն գործով ներպետական վարույթն ավարտվել է 2013 թվականի սեպտեմբերի 27-ին, և Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշումը ստացվել է 2013 թվականի հոկտեմբերի 3-ին (տե՛ս վերևում՝ 75-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, ինչպես նշվել է վերևում, դիմումատուները սույն բողոքը ներկայացրել են արդեն 2018 թվականի ապրիլի 23-ի իրենց դիտարկումներում (տե՛ս վերևում՝ 190-րդ պարբերությունը), այսինքն՝ ներպետականվերջնական որոշման ընդունումից վեց ամիս անց:
195. Չնայած նրան, որ Կառավարությունն իր դիտարկումներում չի ներկայացրել վեցամսյա կանոնը պահպանելու վերաբերյալ անընդունելիության մասին որևէ միջնորդություն (տե՛ս վերևում՝ 189-րդ պարբերությունը), այնուամենայնիվ, Դատարանը վերահաստատում է, որ իրավասու չէ չեղարկել վեցամսյա կանոնի կիրառումը բացառապես այն պատճառով, որ Կառավարությունը նախնական առարկություն չի կատարել այդ կապակցությամբ (տե՛ս, օրինակ՝ Սաբրի Գյունեշն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Sabri Güneş v. Turkey] [GC], թիվ 27396/06, §§ 28-31, 2012 թվականի հունիսի 29):
196. Դրանից հետևում է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն դիմումատուների բողոքն այնքանով, որքանով այն վերաբերում է նրանց նոր փաստարկին առ այն, որ անհնար է պահանջել ոչ նյութական վնասի դիմաց փոխհատուցում, անընդունելի է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վեցամսյա կանոնին չհամապատասխանելու համար և հետևաբար պետք է մերժվի՝ համաձայն 35-րդ հոդվածի 4-րդ մասի:
IV. Կոնվենցիայի ենթադրյալ այլ խախտումներ
197. Ի վերջո, առաջին դիմումատուն իր բողոքի առնչությամբ նաև հիմնվել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է քննիչի կողմից նրան ձեռագրի նմուշներ տրամադրելուց հրաժարվելուն։ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն՝
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Սույն իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից: Սույն հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում:
2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևական պահանջներով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով։
198. Այնքանով, որքանով հասկանալի է, որ առաջին դիմումատուն բողոքում է, որ ինքն իրավունք ուներ տեղեկանալու այն հանգամանքների մասին, որոնք հանգեցրել են Կոնվենցիայով նախատեսված իր իրավունքների ենթադրյալ խախտումներին, Դատարանը գտնում է, որ այս հարցը համընկնում է առաջին դիմումատուի բողոքի էության հետ՝ համաձայն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի, որոնք արդեն քննվել են դատավարական պահանջի մասով (տե՛ս վերևում՝ 171-180-րդ պարբերությունները)։
199. Սույն գործը չի բարձրացնում որևէ կոնկրետ խնդիր, որը պետք է վերլուծվի միայն 10-րդ հոդվածի համաձայն (տե՛ս Էլ Մասրին ընդդեմ Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության [ՄՊ] [El-Masri v. the former Yugoslav Republic of Macedonia] [GC], թիվ 39630/09, §§ 264-65, ՄԻԵԴ 2012թ., և Ալ Նաշիրին ընդդեմ Լեհաստանի [Al Nashiri v. Poland], թիվ 28761/11, §§ 580-82, 2014 թվականի հուլիսի 24):
200. Այսպիսով, նշվածից հետևում է, որ սույն գանգատն ակնհայտորեն անհիմն է և պետք է մերժվի՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի և 4-րդ կետի։
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
201. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա. Վնասը
202. Դիմումատուները պահանջել են ոչ նյութական վնասի դիմաց հատուցում`փոխհատուցման չափի որոշումը թողնելով Դատարանի հայեցողությանը:
203. Կառավարությունը խնդրել է Դատարանին, inter alia, հաշվի առնել հայտնաբերված խախտման բնույթը և գործի կոնկրետ հանգամանքները ոչ նյութական վնասի դիմաց փոխհատուցման ենթակա գումարի չափը որոշելիս:
204. Հաշվի առնելով բացահայտված խախտումների բնույթը՝ Դատարանը դիմումատուներին համատեղ շնորհում է 20,000 եվրո (ЕUR)՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։
Բ. Ծախսերը և ծախքերը
205. Դիմումատուները նաև պահանջել են 7,946,20 ֆունտ ստեռլինգ՝ Դատարանում կրած իրավական և վարչական ծախսերի համար, և եւս 429,05 եվրո և 62,028 դրամ՝ թարգմանության ծախսերի համար: Հայցին կցվել են համապատասխան հաշիվ-ապրանքագրեր: Դիմումատուները պահանջել են, որ ծախսերի և ծախքերի վճարումը ֆունտ ստեռլինգով կատարվի Միացյալ Թագավորությունում իրենց ներկայացուցիչների բանկային հաշվին:
206. Կառավարությունը պնդել է, որ պահանջը չափազանցված է։ Նրանց կարծիքով, դիմումատուները ներգրավել էին չափազանց մեծ թվով փաստաբանների, և թարգմանության ծախսերն ավելորդ էին:
207. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվում է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և վերոնշյալ չափորոշիչները՝ Դատարանը ողջամիտ է համարում դիմումատուին 3 500 եվրո շնորհելը Դատարանի վարույթի համար՝ գումարած դիմումատուներին վճարվող գումարից գանձման ենթակա ցանկացած հարկ, որը վճարվելու է ֆունտ ստեռլինգով՝ Միացյալ Թագավորությունում իր ներկայացուցիչների բանկային հաշվին։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է միացնել գանգատները,
2. Հայտարարում է Ա. Նազարյանի մահվան և նրա մահվան արդյունավետ քննությունը չկատարելու վերաբերյալ Կոնվենցիայի 2-րդ և 13-րդ հոդվածներով նախատեսված գանգատներն ընդունելի, իսկ մնացած մասով՝ անընդունելի,
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական պահանջի խախտում,
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական պահանջի խախտում,
5. Վճռում է, որ չկա Ա. Նազարյանի մահվան գործով արդյունավետ քննությունը ենթադրաբար չկատարելու վերաբերյալ Կոնվենցիայի 13-րդ հոդվածով նախատեսված բողոքը քննելու անհրաժեշտություն,
6. Վճռում է՝
ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44–րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներին համատեղ վճարի հետևյալ գումարները.
i) 20,000 (քսան հազար) եվրո՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
ii) 3,500 (երեք հազար հինգ հարյուր) եվրո՝ գումարած նշված գումարի վրա դիմումատուներին վճարվող գումարից գանձման ենթակա բոլոր տեսակի հարկերը՝ որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում, որը պետք է փոխարկվի ֆունտ ստեռլինգի՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով և վճարվի Միացյալ Թագավորությունում դիմումատուների ներկայացուցիչների բանկային հաշվեհամարին,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ,
7. Մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2022 թվականի նոյեմբերի 8-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Իլզե Ֆրայվըրթ [Ilse Freiwirth]՝ Քարտուղարի տեղակալի
Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր Նախագահ
[Gabriele Kucsko-Stadlmayer]՝
