ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2023 թվականի N 1429-Ն
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 884-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ2» կետով, 25-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման և օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը հաստատելու մասին» N 884-Ն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
24.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1429-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում սոցիալական նպատակով՝ սպորտային ձկնորսության կամ սիրողական ձկնորսության կամ սպորտային որսի կամ սիրողական որսի կամ հաղթանշանային որսի իրականացման՝ կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման և օգտագործման մասին պայմանագրերի կնքման հետ կապված հարաբերությունները:
1. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
2. Հայաստանի Հանրապետությունում սոցիալական նպատակով օգտագործման համար կենդանական աշխարհի օբյեկտներ են համարվում սիրողական որսի և ձկնորսության օբյեկտ հանդիսացող կենդանիների ցանկում ընդգրկված և Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում չընդգրկված վայրի կենդանիների տեսակները: Սիրողական որսի և ձկնորսության օբյեկտ հանդիսացող կենդանիների ցանկը ներկայացված է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2009 թվականի հունվարի 15-ի N 9-Ն հրամանում։
3. Սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործվում են սպորտային ձկնորսություն կամ սիրողական ձկնորսություն կամ սպորտային որս կամ սիրողական որս կամ հաղթանշանային որս իրականացնելու նպատակով՝ անձնական կարիքների համար, առանց շահույթ ստանալու։
4. Կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողները ֆիզիկական և իրավաբանական անձինք են։
5. Հայաստանի Հանրապետությունում սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը վճարովի է՝ բացառությամբ ՀՀ հարկային օրենսգրքի 208-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «ժ» ենթակետով սահմանված դեպքի։
6. Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը (այսուհետ` լիազորված մարմին) սահմանում է սիրողական որսի և ձկնորսության օբյեկտ հանդիսացող կենդանիների ցանկում ներառված կենդանիների որսի օգտագործման ենթակա չափաքանակները և որսի ժամկետները։
7. Սույն կարգի 6-րդ կետում նշված իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում զանգվածային լրատվական միջոցներով, լիազորված մարմնի պաշտոնական կայքով, սոցիալական ցանցով ծանուցվում է հասարակությանը։
8. Սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման (որսի կենդանիներ) ցանկի, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետների սահմանման համար հիմք են հանդիսանում այդ տարածքների կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված մարմինների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ստացված տվյալները:
9. Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներում սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը թույլատրվում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ե» ենթակետով սահմանված դեպքում, համաձայն որի՝ ազգային պարկի ռեկրեացիոն գոտում սահմանված ռեժիմներին համապատասխան, թույլատրվում է իրականացնել սիրողական և սպորտային ձկնորսություն՝ այդ նպատակով առանձնացված վայրերում։
10. Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման ընթացքում կենդանական աշխարհի օբյեկտն օգտագործողի մոտ անմիջականորեն պետք է առկա լինեն կենդանիների որսի թույլտվությունը, որսորդական վկայականը, հրազենով որս կատարելու դեպքում՝ քաղաքացիական զենք կրելու վկայականը։
11. Սույն կարգով նախատեսված օգտագործման իրավունքի իրացման արդյունքում ստացված կենդանական աշխարհի օբյեկտները, որսի արգասիքները կենդանական աշխարհի օբյեկտ օգտագործողի կողմից չպետք է ցուցադրվեն հանրային վայրերում, սոցիալական ցանցերում՝ բացառությամբ այն իրավաբանական և ֆիզիկական անձանց, որոնց գործունեության առարկան կամ նպատակը կենդանական աշխարհի օբյեկտների ցուցադրությունն է։
12. Սույն կարգով նախատեսված օգտագործման իրավունքի իրացման արդյունքում ստացված կենդանական աշխարհի օբյեկտների տեղափոխումն իրականացվում է՝
1) կենդանի կենդանիների դեպքում՝ վայրի կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքները բավարարող փոխադրամիջոցներով.
2) անկենդան կենդանիների դեպքում՝ ոչ թափանցիկ, փակ միջոցներով՝ բացառելով շրջակա միջավայրի աղտոտումը։
13. Սույն կարգով սահմանված դրույթները կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման կանոններ են։
2. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼԸ
14. Հայաստանի Հանրապետության տարածքում սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրերը (այսուհետ՝ պայմանագիր) յուրաքանչյուր որսաշրջանի համար լիազորված մարմինը կնքում է սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին հայտեր ներկայացրած իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ։
15. Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակով օգտագործման համար իրավաբանական և ֆիզիկական անձինք (այսուհետ՝ հայտատու) սույն կարգի 17-րդ կետով սահմանված ժամկետում լիազորված մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները`
1) պայմանագրի կնքման մասին հայտ՝ նշելով իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը) տվյալները, սոցիալական նպատակով օգտագործման ենթակա կենդանական աշխարհի օբյեկտի տեսակները, չափաքանակը, տարածքը (մարզը, որսահանդակը), որսի իրականացման համար նախատեսված ժամանակը/ժամանակահատվածը (օրը կամ օրերը) և որսամիջոցները.
2) ֆիզիկական անձինք հրազենով որս կատարելու դեպքում՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով զենք կրելու իրավունքը հավաստող փաստաթղթի և որսորդական վկայականի պատճենները:
16. Հայտերը ներկայացվում են առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով։
17. Հայտերը ներկայացվում են շրջակա միջավայրի նախարարի «Սոցիալական նպատակով որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» հրամանով սահմանված որսաշրջանի ընթացքում։
18. Լիազորված մարմինը հայտը և հայտին կից փաստաթղթերն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը։ Հայտում կամ կից փաստաթղթերում թերությունների առկայության դեպքում լիազորված մարմինը եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է հայտատուին` հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու լիազորված մարմնի նշած թերությունները: Լիազորված մարմնի կողմից հայտի քննարկումը կասեցվում է մինչև հայտատուի կողմից փաստաթղթերում թերությունների վերացումը:
19. Լիազորված մարմինը հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում հայտատուի հետ կնքում է պայմանագիր կամ մերժում է հայտը:
20. Հայտի մերժման հիմք են`
1) հայտում ներկայացված՝ օգտագործման ենթակա վայրի կենդանու տեսակի վիճակի որակական և քանակական տվյալների վերաբերյալ ոչ բարենպաստ ցուցանիշները.
2) հայտում ներկայացված՝ օգտագործման ենթակա վայրի կենդանու տեսակը Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված լինելը.
3) հայտատուի կողմից փաստաթղթերում առկա թերությունները վերացնելու դեպքում հայտը կրկին ներկայացնելիս թերությունների շտկված չլինելը.
4) հայտում կամ կից փաստաթղթերում լիազորված մարմնի կողմից ծանուցված թերությունները հինգ աշխատանքային օրվա ընթացքում շտկված չներկայացնել.
5) հայտում «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքով և բնապահպանության նախարարի 2009 թվականի հունվարի 15-ի N 9-Ն հրամանով հաստատված՝ արգելված միջոցներ կամ ձևեր կամ գործիքներ կամ մեթոդներ կամ որսի համար արգելված կենդանատեսակներ կամ կենդանատեսակներ, որոնց համար որսաշրջանի ընթացքում թույլատրելի չափաքանակներ սահմանված չեն կամ վայրի կենդանատեսակների օգտագործման թույլատրելի չափաքանակներից ավելի չափաքանակներ կամ որսի իրականացման համար թույլատրելի տարածքներից դուրս տարածքներ նշված լինելը:
21. Պայմանագրի կնքման մասին հայտի մերժումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված վարչական կամ դատական կարգով:
22. Պայմանագրի և հայտի ձևերը հաստատում է լիազորված մարմինը:
23. Պայմանագրի մեջ նշվում են իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման համարը և գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը) տվյալները, օգտագործման ենթակա տարածքը, մարզը, որսահանդակը, օգտագործման ենթակա վայրի կենդանու անվանումը (տեսակները), չափաքանակը, որսի իրականացման համար նախատեսված ժամանակը/ժամանակահատվածը (օրը կամ օրերը), որսամիջոցը (հրազենով որս իրականացնելու դեպքում` զենք կրելու վկայականի համարը, ում կողմից է տրվել, տրման ամսաթիվը), պայմանագրով կատարվող վճարները և հաշվարկները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու հիմքերը։
24. Պայմանագիր կնքած հայտատուները պատասխանատու են բնապահպանական նորմերի ու սահմանափակումների պահպանման և պայմանագրում նշված պայմանների կատարման համար:
25. Պայմանագիրը կնքվում է 2 օրինակից, որոնցից մեկը մնում է հայտատուի‚ իսկ մյուսը՝ լիազորված մարմնի մոտ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
24.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2023 թվական: