ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
02 դեկտեմբերի 2022 թ. |
հ. 4253-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 1704-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
1. Երևանի քաղաքապետի 2015 թվականի հունիսի 4-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և առանձնացված ստորաբաժան-ման կանոնադրությունները հաստատելու, Երևանի քաղաքապետի 2013 թվականի դեկտեմբերի 3-ի N 6133-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և Երևանի քաղաքապետի 2011 թվականի հունիսի 29-ի N 2808-Ա, 2012 թվականի մայիսի 24-ի N 4141-Ա, 2013 թվականի օգոստոսի 5-ի N 3949-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1704-Ա որոշման h.1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
3.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
|
Հր. ՍարգսՅԱՆ |
Հավելված Երևանի քաղաքապետի 2022թ. դեկտեմբերի 2-ի հ. 4253-Ա որոշում |
«Հավելված հ.1 Երևանի քաղաքապետի 2015թ. հունիսի 4-ի հ.1704 -Ա որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության
1. Ընդհանուր դրույթներ
1.Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ քաղաքապետարան) աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունը (այսուհետ՝ վարչություն) քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին:
2.Վարչության աշխատանքների համակարգումը Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել քաղաքապետի տեղակալներից մեկին կամ քաղաքապետարանի այլ ղեկավար պաշտոնատար անձի:
3.Վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով (այսուհետ՝ իրավական ակտեր)։
4.Վարչությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան՝ ապահովում է վարչական վարույթի իրականացումը։
5.Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևան համայնքի բյուջեից, քաղաքապետարանի աշխատակազմի համար հատկացված միջոցների հաշվին:
6.Վարչությունը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր:
2. Վարչության նպատակը, խնդիրները և գործառույթները
7. Վարչության նպատակը Երևանի սեփականություն համարվող անշարժ գույքի կառավարման մասով՝ Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է:
8. Վարչության խնդիրները և գործառնությունները բխում են անշարժ գույքի կառավարման բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
9. Վարչությունը՝
1) մշակում է համայնքային սեփականություն համարվող գույքի կառավարմանն առնչվող Երևան քաղաքի ավագանու որոշումների նախագծեր, Երևանի քաղաքապետի որոշումների նախագծեր, այդ թվում՝ գույքն օգտագործման (կառուցապատման, անհատույց օգտագործման, վարձակալության իրավունքով) հանձնելու /տրամադրելու/, օտարելու (առուվաճառք, նվեր, նվիրաբերություն), գույքի գործառական նշանակության փոփոխության մասին, ինչպես նաև Երևանի քաղաքապետի կարգադրությունների նախագծեր,
2) իրականացնում է գույքի կառավարմանն ուղղված, Երևանի ավագանու որոշումների, Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների կատարումը կամ կատարման հսկողությունը.
3) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման փաստերի մասին տեղյակ է պահում քաղաքապետին, ներկայացնելով առաջարկություններ.
4) մշակում և ներկայացնում է առաջարկություններ գույքի կառավարման բնագավառին առնչվող ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տալիս քաղաքացիների և կազմակերպությունների դիմումներին, բողոքներին և առաջարկություններին.
6) կատարում է քաղաքապետի, ինչպես նաև տվյալ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքները համակարգող պաշտոնատար անձի հանձնարարությունները և ցուցումները.
7) Երևանի քաղաքապետի որոշումների հիման վրա կնքում է համապատասխան պայմանագրեր, դրանցում փոփոխություններ և /կամ/ լրացումներ.
8) իրականացնում է Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող շենքերի և շինությունների համարակալման և հասցեավորման աշխատանքները.
9) իրականացնում է Երևանի քաղաքապետի որոշումներով և կարգադրություններով սահմանված այլ աշխատանքներ.
10) կարող է ուսումնասիրություններ իրականացնել քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների կողմից օգտագործվող գույքի արդյունավետության բարձրացման վերաբերյալ.
11) իրականացնում է հսկողություն Երևան համայնքի գույքի շահագործման, արդյունավետ օգտագործման նկատմամբ.
12) ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» հ.947-Ն և 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված /մահացած/ զինծառայողների ընտանիքների բնակարանների ապահովման կարգը և չափերը սահմանելու մասին» հ.1419-Ն որումներով հաստատված կարգերով զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) կարիքավոր ընտանիքներին բնակարանային հաշվառման և բնակարանային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ վարչական շրջաններից ստացված եզրակացության հիման վրա կազմում է հաշվառման ցուցակները և ներկայացնում Երևանի քաղաքապետի հաստատմանը.
13) իրականացնում է Երևանի վարչական շրջանի տարածքում գտնվող քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքերում բնակվող ընտանիքների հաշվառումը, արդյունքների մասին առաջարկություններ է ներկայացնում Երևանի քաղաքապետին.
14) նախապատրաստում է վարչության գործառույթներին վերաբերվող Երևանի ավագանու որոշումների նախագծեր։
15) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը։
16) նախապատրաստում է հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխումների վերաբերյալ Երևան քաղաքի ավագանու և Երևանի քաղաքապետի որոշումների նախագծեր.
17) ապահովում է համայնքային սեփականություն համարվող անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը։
3. Վարչության աշխատանքների կազմակերպումը
10. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի ավագանին:
11. Վարչության կազմում գործում են 4 բաժիններ.
1) շենքերի, շինությունների, ոչ բնակելի տարածքների հաշվառման և կառավարման,
2) հողի ընթացիկ հաշվառման և հողօգտագործման,
3) հողօգտագործման պայմանագրերի կնքման, հաշվառման և վերահսկողության,
4) անշարժ գույքի համարակալման, հաշվառման և վերլուծության:
12. Վարչության աշխատակիցներին աշխատանքի նշանակումն ու ազատումն իրականացվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։
13. Վարչության գործունեությունը ղեկավարում է վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն:
14. Վարչության պետի, վարչության պետի տեղակալի, վարչության բաժնի պետերի, վարչության բաժնի մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով։
15. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձնման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
16. Վարչության պետը.
1) կազմակերպում և ղեկավարում է վարչության ընդհանուր գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն.
2) ապահովում է վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և /կամ/ վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը.
3) վարչության աշխատողների միջև կատարում է պարտականություների բաշխում, աշխատողներին տալիս է պարտադիր կատարման ցուցումներ և հանձնարարություններ, նրանց ներկայացնում է խրախուսման և կարգապահական տույժի.
4) ստորագրում է վարչության կողմից տրվող փաստաթղթերը, հաստատում /նշագրում/ է Երևանի ավագանու, Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.
5) իրականացնում է վարչության աշխատանքների ղեկավարման հետ կապված այլ լիազորություններ:
4. Վարչության գործունեության դադարեցումը
17. Վարչության գործունեությունը դադարեցվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:
Երևանի քաղաքապետ |
Հր. ՍարգսՅԱՆ |