Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.09.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 17.10.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
03.09.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
03.09.2021
Дата вступления в силу
03.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՍԴ3/0053/06/20

Գործ թիվ ՍԴ3/0053/06/20

 

Նախագահող դատավոր՝  Ա. Նիկողոսյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

 

Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

2021 թվականի սեպտեմբերի 3-ին

ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Դավիթ Սամվելի Իսոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի հունվարի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90857920 քրեական գործը:

2020 թվականի դեկտեմբերի 16-ին Դավիթ Սամվելի Իսոյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ Դ.Իսոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 3-րդ մասով:

2. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է և մեղադրյալ Դ.Իսոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով:

3. Մեղադրյալ Դ.Իսոյանի, պաշտպաններ Տ.Սարգսյանի և Ա.Ապրեսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2021 թվականի հունվարի 22-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումը բեկանել է, նախաքննության մարմնի միջնորդությունը մերժել է, մեղադրյալ Դ.Իսոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացրել է և նրան անհապաղ ազատել է արգելանքից:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2021 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Դավիթ Իսոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) նա, հանդիսանալով ՊԲ 49971 զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 1-ին վաշտի կրակային աջակցման դասակի խոշոր տրամաչափի գնդացրային ջոկի գնդացրորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, ՀՀ կառավարության 27.09.2020թ-ի թիվ 1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության ժամանակ, ՊԲ 49971 զորամասի հրամանատարի թիվ 0600 հրամանով 2020թ. դեկտեմբերի 4-ից մինչև 18-ը ընդգրկված լինելով մարտական հերթապահության նույն զորամասի պահպանության տեղամասի թիվ 106 մարտական դիրքում որպես դիտորդ, 2020 թվականի դեկտեմբերի 15-ին ժամը 08:00-ի սահմաններում, որպես կացարան հանդիսացող վրանի դիմաց, նույն դիրքում որպես դիտորդ մարտական հերթապահության նշանակված 1-ին վաշտի 2-րդ դասակի 2-րդ ջոկի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, շարքային Վահե Հովհաննեսի Բաբայանի կողմից 2020թ-ի դեկտեմբերի 15-ին ժամը 02:00-ից 04:00-ն արթուն դիտորդի պարտականությունները կատարելու ժամանակ վառարանը փայտ չգցելու, դրանով պայմանավորված վառարանը հանգչելու հարցում իր մեղավորությունը հերքելու և այդպիսով խաբելու համար, խախտելով «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 6-րդ, 13-րդ, 65-րդ և 158-րդ հոդվածների պահանջները՝ կապված ներքին ծառայության պահանջները բարեխղճորեն կատարելու, զինվորական ընկերասիրությունը բարձր պահելու, համածառայողներից յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը հարգելու, նրանց նկատմամբ կոպտություն և ծաղրուծանակ թույլ չտալու, այլոց արժանապատվությունը հարգելու հետ, դիրքի անձնակազմի ներկայությամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերել շարքային Վ.Բաբայանի նկատմամբ, պարբերաբար նվաստացրել նրա պատիվն ու արժանապատվությունը, այն է՝ հայհոյանքներ է հնչեցրել իրեն խաբողի հասցեին, այնուհետև Վ.Բաբայանի կողմից խաբելու փաստը հերքելուց հետո, թիվ 106 մարտական դիրքի ավագ, լեյտենանտ Գրիգոր Էդուարդի Աբրահամյանից տեղեկանալով, որ շարքային Վ.Բաբայանն իրեն խաբել է, այդ մասին հայտնել է վերջինիս, հիշեցրել մինչ այդ իր հնչեցրած հայհոյանքի մասին, ակնարկել, որ նրա հետ այլևս խոսելու բան չունի, միաժամանակ նրան կոպիտ ձևով անվանել անհասկացող, որից հետո, որպես պատիժ հանձնարարել է փայտ հավաքել և ջարդել, ինչը վերջինս կատարել է, դրանով իսկ նրան անզգուշությամբ հասցրել է ինքնասպանության՝ 2020թ. դեկտեմբերի 15-ին ժամը 13:50-ի սահմաններում շարքային Վ.Բաբայանը դիրքի առաջնագծի խրամաբջջում դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, իրեն ամրակցված ԱԿ-103 տեսակի 171259431 համարի ինքնաձիգից ինքն իրեն ծնոտի շրջանում հասցրել է հրազենային գնդակային վիրավորում և տեղում մահացել (...)»1:

6. Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ «(...) [Վ]արույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված (…) նյութերում առկա են կասկածը հիմնավորող տեղեկություններ, փաստեր և ապացույցներ, որոնք ուղղակիորեն մատնանշում են Դավիթ Սամվելի Իսոյանի առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, ինչպես նաև դեպքը, որի կատարման մեջ անձը կասկածվում է, առերևույթ համընկնում է ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներին (…):

Այս համատեքստում՝ հիմնավոր կասկածի առկայության մասին են վկայում միջնորդությանը կից ներկայացված և դատարանում հետազոտված հետևյալ փաստական տվյալները. վկաներ Վլադիկ Ավետիքի Սիմոնյանի լրացուցիչ ցուցմունքը, Արման Վարդանի Հարթենյանի, Լևոն Անդրանիկի Նաջարյանի ցուցմունքները, Դավիթ Սամվելի Իսոյանի կասկածյալի դատավարական կարգավիճակում տված ցուցմունքը, մարտական դիրքի՝ դեպքի վայրի զննության մասին արձանագրությունը, դիակի զննության վերաբերյալ արձանագրությունը:

Հանցանքի կատարմանը մեղադրյալի առնչության հիմնավորվածության շեմը դատավարության այս փուլում, նամանավանդ նախնական կալանքի քննարկման ժամանակ, բավարար է վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցը լուծելու համար:

Այս համատեքստում անդրադառնալով պաշտպանի այն փաստարկին, որ ներկայացված նյութերում առկա չեն իր պաշտպանյալի՝ մեղադրյալ Դավիթ Իսոյանի կողմից տուժողի անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու դեպքեր, մեղադրանքում նկարագրվածը պետք է դիտարկել մեկ արարքի տեսքով, այլ ոչ թե պարբերաբար դրսևորված մի քանի արարքների, իսկ եթե մեղադրյալի հակաիրավական արարքը պարբերաբար չի եղել, ապա նշված հոդվածով մեղադրանք չի կարող առաջադրվել: Դատարանն արձանագրում է, որ (…) մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն իրավունք չունի անդրադառնալու մեղադրանքի էությանը, հիմնավորվածությանը, քանի որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը չի հետապնդում կատարված հանցագործության բոլոր հանգամանքները հետազոտելու և դրանց քրեաիրավական գնահատական տալու կամ տրված գնահատականը ստուգելու ու համապատասխան որոշում կայացնելու նպատակ, այդ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ միայն գործն ըստ էության քննելու և լուծելու ընթացքում, այսինքն՝ հանդիսանում են արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր: Տվյալ դեպքում քննության տվյալ փուլի համար Դատարանը բավարար է համարում գործով ստացված այն տեղեկությունների, փաստական տվյալների համակցությունը, որը վկայում է մեղադրյալի կողմից ենթադրաբար մեղսագրվող հանցանքը կատարելու մասին, այլ կերպ՝ մեղադրյալի ենթադրյալ գործողությունների, կատարած արարքների մասին գործում առկա ապացույցներն օբյեկտիվ դիտորդի մեջ ի զորու են առաջացնելու, իսկ Դատարանի գնահատմամբ՝ առաջացնում են այն ողջամիտ ենթադրությունը, որ մեղադրյալ Դ.Իսոյանի ու իրեն մեղսագրված արարքի միջև առկա է օբյեկտիվ կապ:

(…)

Վարույթն իրականացնող մարմնի կողմից Դատարանին ներկայացված միջնորդությանը կից նյութերը քննարկելով վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո, ինչպես նաև անդրադառնալով Դավիթ Սամվելի Իսոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերին՝ Դատարանն արձանագրում է, որ ներկայացված նյութերը վկայում են այն մասին, որ մեղադրյալ Դավիթ Սամվելի Իսոյանը մնալով ազատության մեջ կարող է գործի համար նշանակություն ունեցող տեղեկությունները թաքցնելու և դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով խոչընդոտել գործի քննությանը, ինչպես նաև թաքնվել վարույթն իրականացնող մարմնից:

Այսպես. վարույթն իրականացնող մարմնի կողմից Դատարանին ներկայացված միջնորդությանը կից նյութերը քննարկելով վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Դատարանը գործով որպես վկաներ անցնող՝ մեղադրյալ Դավիթ Սամվելի Իսոյանի համածառայողների, ինչպես նաև այլ պարտադիր ժամկետային զինծառայողների վրա անօրինական ազդեցություն գործադրելու հնարավորությունը հիմնավորող փաստարկ է դիտարկում նախաքննությամբ ձեռք բերված և Դատարանում հետազոտված տվյալներն այն մասին, որ շարքային Դավիթ Սամվելի Իսոյանն ունի ազդեցիկ դիրք համածառայողների շրջանում և դեպքից հետո թիվ 106 մարտական դիրքի անձնակազմին հորդորել է իր կողմից Վ.Բաբայանի հասցեին հայհոյանք հնչեցնելու մասին որևէ տեղեկություն չհայտնեն իրավապահ մարմիններին: Նշված փաստական տվյալների հիման վրա, որոնք հաստատվում են ականատես վկաների ցուցմունքներով, Դատարանը բարձր է գնահատում հավանականությունը և ողջամիտ ենթադրությունը, որ Դավիթ Սամվելի Իսոյանը ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է իր ունեցած դիրքով անօրինական ազդեցություն գործադրել գործով վկաների նկատմամբ՝ դրանով իսկ խոչընդոտելով գործի քննությանը:

Բացի այդ, Դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ դեպքից հետո մեղադրյալ Դավիթ Սամվելի Իսոյանի դրսևորած վարքագիծը, այն, որ նա իր համածառայակիցներին հորդորել է, որ հայհոյանքների մասին իրավապահ մարմիններին չհայտնեն, վկայում է այն մասին, որ վերջինս ուղղակիորեն փորձ է կատարել խոչընդոտել տվյալ փաստի առթիվ իրականացվելիք դատավարական գործընթացների ընթացքին: (…) Դատարանը հիմնավոր է համարում վարույթն իրականացնող մարմնի մտավախությունները, որ Դավիթ Սամվելի Իսոյանը գտնվելով ազատության մեջ կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում (որպիսի վարքագիծ արդեն ենթադրաբար դրսևորել է) գործի քննությանը, ինչպես նաև թաքնվել վարույթն իրականացնող մարմնից:

(…)

Ամփոփելով նշվածը՝ Դատարանը հանգում է այն հետևության, որ մեղադրյալ Դ.Իսոյանի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար առկա են գործի համար նշանակություն ունեցող տեղեկությունները թաքցնելու, դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու և քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հիմքերը:

Ելնելով վերոգրյալից՝ Դատարանը գտնում է, որ մեղադրյալ Դավիթ Սամվելի Իսոյանի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պայմաններում (...)»2։

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի հետևություններին հիմնավոր կասկածի առկայության մասով՝ Վերաքննիչ դատարանը, զերծ մնալով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործառույթի հետ անհամատեղելի ու մինչդատական վարույթն իրականացնող մարմնի համար կաշկանդող կամ ուղղորդող նշանակություն ունեցող մեկնաբանություններ անելուց, արձանագրում է, որ դրանք հիմնավոր չեն, քանի որ ըստ բողոքարկվող դատական ակտի բովանդակության՝ Առաջին ատյանի դատարանը միջնորդության քննության ժամանակ բավարար տվյալներ չի ունեցել մեղադրյալ Դավիթ Սամվելի Իսոյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 3-րդ մասով նախատեսված ենթադրյալ հանցանքը (մեղադրյալի արարքում կարող են ենթադրաբար առկա լինել այլ հանցակազմերի առերևույթ հատկանիշներ, սակայն դրանք չեն կարող գնահատման ենթարկվել սույն գործի շրջանակներում) կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին հետևության գալու համար:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այդ նյութերը, Վերաքննիչ դատարանի համոզմամբ, ինքնին բավարար չեն կարող համարվել մեղադրյալի՝ մեղսագրվող արարքին առնչությունը հաստատված համարելու համար:

Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանի հիշյալ դիրքորոշումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ մեղադրանքի ձևակերպման մեջ առկա՝ տուժողի անձնական պատիվն ու արժանապատվությունը ենթադրաբար նվաստացնելու հատկանիշ հանդիսացող պարբերականությունը սույն նյութերով չի հաստատվել, քանզի նկարագրված արարքները (խաբողի նկատմամբ հայհոյանք հնչեցնելը, ընդ որում ըստ էության անհասցե, խաբելու փաստը հաստատելուց հետո ուղղակիորեն մեղադրյալին հայհոյանքի մասին հիշեցնելը, դրանից անմիջապես հետո, նրան կոպիտ ձևով անհասկացող անվանելը, որպես պատիժ փայտ կտրելու ուղարկելը) ըստ էության մեկ ամբողջական դեպքի՝ վառարանը փայտ չգցելու համար պարզաբանում ստանալու, «մեղավորին» պարսավանքի ենթադրելու բաղադրատարրեն են, ինչն առերևույթ չի ենթադրել պարբերականություն՝ հաշվի առնելով նաև, այդ գործողությունների միջև ընկած ժամանակահատվածը (ընդհանուր տևողությունը չի գերազանցել 4 ժամը՝ մեկ օրվա ընթացքում):

Հարկ է նշել, որ մեղադրյալի կողմից անհասցե հայհոյանք հնչեցնելուց հետո տուժողը սուրճ է խմել համածառայակիցների հետ, ինչը կարող է վկայել այն մասին, որ նրանց միջև առկա չի եղել համակեցության ընդգծված բացառում:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բավարար փաստական տվյալներ չեն ներկայացվել այն մասին, որ տվյալ իրավիճակում մեղադրյալի կողմից ենթադրաբար կատարված գործողությունները կրել են պարբերական բնույթ՝ ուղղված տուժողի անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն:

Միևնույն ժամանակ տեղին է հիշատակել, որ ներկայացված նյութերում բացակայում են փաստական տվյալներ, այդ թվում՝ համապատասխան փորձաքննության եզրակացություն առ այն, որ տուժողի մահը վրա է հասել մեղադրյալի կողմից ենթադրաբար կատարված գործողությունների հետևանքով, այսինքն՝ արարքի և հետևանքի միջև առկա պատճառահետևանքային կապն առերևույթ հավաստող տվյալներ:

Հետևաբար՝ վերոնշյալ հանգամանքների պարագայում պարզ է դառնում, որ մեղադրյալի արարքի առնչությունը մեղսագրված արարքի հանցակազմի հատկանիշների հետ բացակայում է: Այլ կերպ՝ այդ հանգամանքների համակցությունը Վերաքննիչ դատարանի համոզմամբ բացառում է հիմնավոր կասկածն առ այն, որ մեղադրյալ Դավիթ Սամվելի Իսոյանն ունի առնչություն իրեն վերագրվող հանցանքի կատարմանը:

Վերաքննիչ դատարանը անհրաժեշտ է համարում նշել, որ եթե առկա չէ անձի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված՝ կալանավորման հիմքերի առկայության հարցի քննարկումն այլևս անիմաստ է, ուստի առարկայազուրկ է վերաքննիչ բողոքում դրանց վերաբերյալ վկայակոչված փաստարկներին անդրադառնալը (...)»3:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը գտել է, որ Դ.Իսոյանի մեղսագրված արարքի փաստական հանգամանքների նկարագրության և դրան տրված իրավաբանական որակման միջև ոչ միայն ակնհայտ, այլև ընդհանրապես անհամապատասխանություն չկա։

Ըստ բողոքաբերի՝ Դ.Իսոյանին առաջադրված մեղադրանքում նկարագրվել են վերջինիս կողմից կատարված հանրորեն վտանգավոր գործողություններն ու դրանց հետևանքները, ինչպես նաև տրվել է մեղսագրվող արարքի փաստական հանգամանքներին ուղղակիորեն համապատասխանող արարքի իրավաբանական որակում։ Մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդության մեջ նշվել և դրան կից ներկայացվել են օրենքով սահմանված կարգով ձեռք բերված այն փաստական տվյալները, որոնք վկայում են Դ.Իսոյանի առնչությունն իրեն մեղսագրվող հանցագործությանը։ Այսինքն՝ ներկայացվել են անձի կատարած գործողությունների վերաբերյալ ապացույցներ, որոնք ուղղակիորեն մատնանշում են նրա առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, ինչպես նաև հիմնավորում, որ դեպքը, որի կատարման մեջ անձը կասկածվում է, համընկնում է մեղադրյալին վերագրվող հանցանքի դեպքին: Նշված հարցերին պատշաճ կերպով անդրադարձել է Առաջին ատյանի դատարանը և արձանագրել, որ մեղսագրված հանցագործության հիմնավոր կասկածն առկա է։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, անտեսելով Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, անդրադարձել է այնպիսի հարցերի, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանում դատավարության տվյալ փուլի նպատակին։

8.1. Բողոք բերած անձը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշ հանդիսացող՝ գործողությունների պարբերականությունը տվյալ դեպքում բացակայելու վերաբերյալ հետևության Վերաքննիչ դատարանը հանգել է ներկայացված նյութերի՝ դատավարության տվյալ փուլի նպատակին չհամապատասխանող վերլուծության արդյունքում, բացի այդ, իր հետևությունները հիմնավորելու համար բերել է պատճառաբանություններ, որոնց ճշմարտացիության հետ դժվար է համաձայնել։ Օրինակ՝ Վերաքննիչ դատարանն, ըստ էության, արձանագրել է, որ մեղադրյալի գործողությունները չեն կարող դիտվել որպես արժանապատվության պարբերաբար նվաստացում, քանի որ դրանք տեղի են ունեցել շուրջ 4 ժամվա ընթացքում։ Դատարանն անդրադարձել է նաև արարքի փաստական կողմը բնութագրող այլ հանգամանքների, ինչպես նաև դրանց գնահատման արդյունքում՝ արարքի իրավաբանական որակման հարցերին։

8.2. Բացի այդ, ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանն ուղղակիորեն անհրաժեշտ է համարել, որպեսզի առկա լինի մեղադրյալի գործողությունների ու ինքնասպանություն գործելուն նախորդող պահին տուժողի հոգեվիճակի, ինչպես նաև մասնագիտական մի շարք այլ հարցերի պարզման նպատակով նշանակված համապատասխան փորձաքննության եզրակացությունը, որի բացակայությունը դիտվել է «արարքի ու հետևանքի միջև առկա պատճառահետևանքային կապն առերևույթ հավաստող տվյալների» բացակայություն։

Թեև Վերաքննիչ դատարանը նշել է նաև հիշյալ հանգամանքը հավաստող այլ տվյալների (ապացույցների) բացակայության մասին, սակայն ակնհայտ է, որ հիմնվել է բացառապես փորձաքննության եզրակացության առկայության անհրաժեշտության վրա, քանի որ այլ բնույթի բազմաթիվ տեղեկություններ (ապացույցներ) ներկայացվել են ստորադաս դատարաններին: Վերաքննիչ դատարանը նշել է պատճառական կապն «առերևույթ հավաստող» տվյալների բացակայության մասին, սակայն իրականում անտեսելով այդպիսի տվյալները, անհրաժեշտ է համարել փորձագետի եզրակացության առկայություն, որը քննության տվյալ փուլում՝ դեպքից 3 օր անց ձեռք բերել ու դատարանին ներկայացնելը գործնականում անհնար է։

Ըստ բողոքաբերի՝ ստացվում է, որ Վերաքննիչ դատարանի սահմանած սանդղակին բավարարող միակ ապացույցը կարող էր հանդիսանալ դատահոգեբանական և հոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացությունը՝ համապատասխան հետևություններով, իսկ դրա բացակայության պայմաններում, անկախ այն հանգամանքից, թե ինքնասպանության դեպքին նախորդող իրադարձությունները բացահայտող ինչ ծավալի և բովանդակության ապացույցներ են ձեռք բերվել, միևնույն է, հիմնավոր կասկածը չի կարող առկա համարվել։

Այսպիսով, ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածի մասին վկայող բավարար տվյալների փոխարեն պահանջվում է ապացուցման առարկան կազմող յուրաքանչյուր հանգամանքը խորությամբ բացահայտող ապացույցների համակցության առկայություն և այդպիսի մոտեցմամբ անտեսել է Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումները:

9. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի որոշմանը։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն Դավիթ Իսոյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 3-րդ մասով (ռազմական դրության ժամանակ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) նախատեսված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար։

11. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

(…) 4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (…)»։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և oրենքով uահմանված կարգով.

(…) գ) անձի oրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու oրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար (…)»։

11.1. Վերահաստատելով և զարգացնելով կալանավորման պայմաններից «հիմնավոր կասկածի» գնահատման սահմանների վերաբերյալ Վահրամ Գևորգյանի4, Հարություն Խաչատրյանի5 գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Էդգար Եղիազարյանի գործով ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ։ Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված և, միևնույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ6։

Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է հետևյալ հանգամանքները՝

- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում) է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,

- մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից7, ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Միևնույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին` այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը։ Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (օրինակ՝ արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է անձը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել8, կամ որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի չհասած անձը, կամ անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ և այլն)9։

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Նախաքննության մարմնի կողմից Դավիթ Իսոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 3-րդ մասով10,

- Առաջին ատյանի դատարանը, Դ.Իսոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին 2020 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերում առկա են կասկածը հիմնավորող տեղեկություններ, փաստեր և ապացույցներ, որոնք ուղղակիորեն մատնանշում են Դ.Իսոյանի առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, ինչպես նաև դեպքը, որի կատարման մեջ անձը կասկածվում է, առերևույթ համընկնում է ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներին: Ըստ Առաջին ատյանի դատարանի՝ հիմնավոր կասկածի առկայության մասին են վկայում վկաներ Վ.Սիմոնյանի լրացուցիչ ցուցմունքը, Ա.Հարթենյանի, Լ.Նաջարյանի ցուցմունքները, Դ.Իսոյանի՝ որպես կասկածյալ տված ցուցմունքը, մարտական դիրքի՝ դեպքի վայրի զննության, դիակի զննության վերաբերյալ արձանագրությունները։ Անդրադառնալով պաշտպանի այն փաստարկին, որ ներկայացված նյութերում առկա չեն մեղադրյալ Դ.Իսոյանի կողմից տուժողի անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու դեպքեր, մեղադրանքում նկարագրվածը պետք է դիտարկել մեկ արարքի տեսքով, այլ ոչ թե պարբերաբար դրսևորված մի քանի արարքների, Առաջին ատյանի դատարանը բավարար է համարել գործով ստացված այն տեղեկությունների, փաստական տվյալների համակցությունը, որը վկայում է մեղադրյալի կողմից ենթադրաբար մեղսագրվող հանցանքը կատարելու մասին11,

- Վերաքննիչ դատարանը, Դ.Իսոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնելու մասին 2021 թվականի հունվարի 22-ի որոշմամբ, արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը միջնորդության քննության ժամանակ բավարար տվյալներ չի ունեցել մեղադրյալ Դ.Իսոյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ենթադրյալ հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին հետևության գալու համար: Ըստ Վերաքննիչ դատարանի՝ մեղադրանքի ձևակերպման մեջ առկա՝ տուժողի անձնական պատիվն ու արժանապատվությունը ենթադրաբար նվաստացնելու հատկանիշ հանդիսացող պարբերականությունը նյութերով չի հաստատվել, քանզի նկարագրված արարքները (խաբողի նկատմամբ հայհոյանք հնչեցնելը, ընդ որում ըստ էության անհասցե, խաբելու փաստը հաստատելուց հետո ուղղակիորեն մեղադրյալին հայհոյանքի մասին հիշեցնելը, դրանից անմիջապես հետո, նրան կոպիտ ձևով անհասկացող անվանելը, որպես պատիժ փայտ կտրելու ուղարկելը) ըստ էության մեկ ամբողջական դեպքի՝ վառարանը փայտ չգցելու համար պարզաբանում ստանալու, «մեղավորին» պարսավանքի ենթարկելու բաղադրատարրեր են, ինչն առերևույթ չի ենթադրել պարբերականություն՝ հաշվի առնելով նաև, այդ գործողությունների միջև ընկած ժամանակահատվածը (ընդհանուր տևողությունը չի գերազանցել 4 ժամը՝ մեկ օրվա ընթացքում)12:

13. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-11.1-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ստուգման ենթարկելով Դ.Իսոյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումների իրավաչափությունը, պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել մի շարք առանցքային հանգամանքներ։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է հիմնավոր հետևության առ այն, որ նյութերում առկա փաստական տվյալները բավարար են դատավարության տվյալ փուլում ողջամիտ ենթադրություն անելու, որ առկա է մեղադրյալ Դ.Իսոյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը՝ հիմք ընդունելով նյութերում առկա փաստական տվյալները, այդ թվում նաև՝

- վկա Վ.Սիմոնյանի լրացուցիչ հարցաքննության արձանագրությունը, համաձայն որի՝ 2020 թվականի դեկտեմբերի 15-ին` առավոտյան զրույցի ընթացքում, համածառայակիցների ներկայությամբ Դ.Իսոյանը հայհոհանք է հնչեցրել իրեն խաբողի հասցեին, այնուհետև Վ.Բաբայանի կողմից խաբելու փաստը հերքելուց հետո, Գ.Աբրահամյանից տեղեկացել է, որ Վ.Բաբայանն իրեն խաբել է, այդ մասին հայտնել է վերջինիս, նրան կոպիտ ձևով անվանել անհասկացող, և դրանից հետո որպես պատիժ հանձնարարել է փայտ հավաքել և ջարդել, ինչը վերջինս կատարել է13,

- վկա Ա.Հարթենյանի հարցաքննության արձանագրությունը, համաձայն որի՝ 2020 թվականի դեկտեմբերի 15-ին՝ առավոտյան զրույցի ընթացքում, համածառայակիցների ներկայությամբ Դ.Իսոյանը հայհոյանք է հնչեցրել իրեն խաբողի հասցեին, այնուհետև Գ.Աբրահամյանից տեղեկացել է, որ Վ.Բաբայանն իրեն խաբել է, և վերջինիս անվանել է անհասկացող14,

- վկա Լ.Նաջարյանի հարցաքննության արձանագրությունը, համաձայն որի՝ 2020 թվականի դեկտեմբերի 15-ին` առավոտյան զրույցի ընթացքում, համածառայակիցների ներկայությամբ Դ.Իսոյանը հայհոյանքներ է հնչեցրել իրեն խաբողի հասցեին, Վ.Բաբայանին ասել, որ վերջինս վրանի լուսամուտի ներքևի հատվածին հավասար փայտ պետք է բերի, այնուհետև Գ.Աբրահամյանից տեղեկանալով, որ Վ.Բաբայանն իրեն խաբել է, հիշեցրել է մինչ այդ իր ասածի մասին, հայտնել, որ վերջինիս հետ այլևս խոսելու բան չունի15,

- կասկածյալ Դ.Իսոյանի հարցաքննության արձանագրությունը, համաձայն որի՝ զրույցը վերջացնելուց հետո, երբ անձնակազմը պետք է գնար փայտ բերելու, Վ.Բաբայանին անվանել է անհասկացող16:

Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործում առկա նյութերը դատավարության տվյալ փուլում բավարար են Դ.Իսոյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի շեմը հաղթահարելու համար՝ հաշվի առնելով նաև, որ Վերաքննիչ դատարանը ստուգման է ենթարկել մեղադրյալ Դ.Իսոյանի նկատմամբ առաջին անգամ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը։

14. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ տուժողի անձնական պատիվն ու արժանապատվությունը ենթադրաբար նվաստացնելու հատկանիշ հանդիսացող պարբերականությունը չի հաստատվել, քանզի մեղադրանքում նկարագրված արարքները, ըստ էության, մեկ ամբողջական դեպքի բաղադրատարրեր են, Վճռաբեկ դատարանը, սույն որոշման նախորդ կետում վերլուծված փաստական տվյալների առկայության պայմաններում, արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողության շրջանակներում, դատարան ներկայացված նյութերում առկա փաստական տվյալները վերլուծելու և միմյանց հետ համադրելու արդյունքում տուժողի անձնական պատիվն ու արժանապատվությունը ենթադրաբար նվաստացնելու հատկանիշ հանդիսացող պարբերականության առումով կատարել է գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ խորը վերլուծություն, ինչը բնորոշ է արդարադատության իրականացման բուն գործընթացին:

14.1. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ «հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածը» չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի որոշակի փաստական տվյալների վրա, (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում) է):

Հարկ է նշել, որ հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Միևնույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին` այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը։ Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա:

15. Բացի այդ, Վերաքննիչ դատարանի մատնանշած այն հանգամանքը, որ մեղադրյալի կողմից անհասցե հայհոյանք հնչեցնելուց հետո տուժողը սուրճ է խմել համածառայակիցների հետ, ինչը կարող է վկայել այն մասին, որ նրանց միջև առկա չի եղել համակեցության ընդգծված բացառում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, ներկայացված նյութերում առկա փաստական տվյալների պայմաններում, հիմք չէ մեղադրյալ Դ.Իսոյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը բացառելու համար:

16. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պնդմանը, որ ներկայացված նյութերում բացակայում են փաստական տվյալներ, այդ թվում՝ համապատասխան փորձաքննության եզրակացություն առ այն, որ տուժողի մահը վրա է հասել մեղադրյալի կողմից ենթադրաբար կատարված գործողությունների հետևանքով, այսինքն՝ արարքի և հետևանքի միջև առկա պատճառահետևանքային կապն առերևույթ հավաստող տվյալներ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացված նյութերում առկա փաստական տվյալները, այդ թվում նաև՝ վկաներ Վ.Սիմոնյանի լրացուցիչ ցուցմունքը, Ա.Հարթենյանի, Լ.Նաջարյանի ցուցմունքները, ըստ էության, այն մասին, որ տվյալ միջադեպից հետո Վ.Բաբայանը եղել է անտրամադիր, մեկուսացած և նեղված վիճակում17, գործի քննության տվյալ փուլում, մեղադրյալ Դ.Իսոյանի նկատմամբ կալանավորում կիրառելու հարցի քննության շրջանակներում, բավարար էին «հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի» չափանիշին համապատասխան հանգելու հետևության, որ հնարավոր է, որ առկա լինի մեղադրյալ Դ.Իսոյանին մեղսագրվող արարքի և հանրորեն վտանգավոր հետևանքի միջև պատճառահետևանքային կապը, ինչը կարող է հաստատվել կամ հերքվել գործի հետագա քննության ընթացքում: Սույն դեպքում, Վճռաբեկ դատարանն ընդունելի է համարում նաև բողոքաբերի մոտեցումն առ այն, որ փորձագետի եզրակացությունը քննության տվյալ փուլում՝ դեպքից 3 օր անց, ձեռք բերելը ու դատարանին ներկայացնելը գործնականում անհնար է18։

17. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն Դավիթ Իսոյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 3-րդ մասով (ռազմական դրության ժամանակ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) նախատեսված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար, հիմնավոր չէ։

18. Վերոնշյալ եզրահանգման պայմաններում, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ մեղադրյալ Դ.Իսոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի առկայությանը՝ հաշվի առնելով նաև, որ դրանք բարձրացված են եղել վերաքննիչ բողոքում։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևությունների` արձանագրելով, որ ներկայացված նյութերը վկայում են այն մասին, որ մեղադրյալ Դ.Իսոյանը մնալով ազատության մեջ կարող է գործի համար նշանակություն ունեցող տեղեկությունները թաքցնելու և դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով խոչընդոտել գործի քննությանը, թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, ինչպես նաև, որ մեղադրյալ Դ.Իսոյանի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պայմաններում:

19. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ և 135-րդ հոդվածների խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել դատական սխալ, ինչպես նաև այն, որ տվյալ դեպքում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերն ամբողջ ծավալով քննարկման առարկա են դարձվել Առաջին ատյանի դատարանում, Վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում, որպիսի պայմաններում ապահովված են անձի՝ դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքները19, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմանը՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված` կալանավորման 2 (երկու) ամիս ժամկետին պետք է հաշվակցել 2020 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև ազատ արձակվելը Դ.Իսոյանի` անազատության մեջ գտնվելու ժամկետը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Դավիթ Սամվելի Իսոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի հունվարի 22-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմանը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սահմանված` կալանավորման 2 (երկու) ամիս ժամկետին հաշվակցել 2020 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև ազատ արձակվելը Դավիթ Սամվելի Իսոյանի` անազատության մեջ գտնվելու ժամկետը:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

__________________________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 127-128:

2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 17-23:

3 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 31-44:

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վահրամ Գևորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշումը, կետեր 20-23։

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Խաչատրյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 որոշումը, կետեր 13 և 15:

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 14:

7 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումը։

8 Այդ առումով մանրամասն տե՛ս, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով 2012 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 23978/06։

9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 15:

10 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

11 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

12 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

13 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 67-69:

14 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 80-89:

15 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 114-126:

16 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 98-113:

17 Առավել մանրամասն տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 67-69, 80-89, 114-126:

18 Տե՛ս սույն որոշման 8.2-րդ կետը:

19 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

Նախագահող`

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան