ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ ականդատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/8180/05/23 2024 թ. | ||
Վարչական գործ թիվ ՎԴ/8180/05/23 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Հ. Բեդևյան | |
զեկուցող |
Լ. Հակոբյան Ա. Թովմասյան | |
Ռ. Հակոբյան
ք․ ՄԿՈՅԱՆ |
2024 թվականի նոյեմբերի 18-ին
գրավոր ընթացակարգով քննելով Գևորգ Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01․04․2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու մասին» որոշման դեմ վարչական գործով՝ ըստ հայցի Գևորգ Սարգսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ՝ «ՋԱՎ-Ա ՇԻՆ» ՍՊԸ՝ Երևան համայնքի կողմից 18.01.2023 թվականին տրված թիվ 01/18-Դ-117413-1 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Գևորգ Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևան համայնքի կողմից 18.01.2023 թվականին տրված թիվ 01/18-Դ-117413-1 շինարարության թույլտվությունը։ Միաժամանակ միջնորդել է վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնել։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա․ Չիլինգարյան) (այսուհետ` Դատարան) 02.02.2024 թվականի որոշմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01․04․2024 թվականի որոշմամբ Գևորգ Սարգսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 02.02.2024 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը վերացվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գևորգ Սարգսյանը (ներկայացուցիչ՝ Մհեր Շահնազարյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել երրորդ անձ «ՋԱՎ-Ա ՇԻՆ» ՍՊԸ-ն (ներկայացուցիչ՝ Մերի Վարդապետյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածերը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 27-րդ, 44-րդ և 83-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել դատական ակտի եզրափակիչ մասը` խախտելով հայցվորի դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նաև սույն գործով վարչական արդարադատության օբյեկտիվության և ամբողջականության ապահովման անհրաժեշտությունը:
Հայցվորին սեփականության իրավունքով պատկանող հողամասը նախատեսված է բազմաբնակարան շենքի կառուցման համար, վիճարկվող շինթույլտվությունն ստացած անձը նույնպես իրականացնում է բազմաբնակարան շենքի կառուցապատում՝ անմիջական հարևանությամբ, շինարարությունն իրականացվում է անվտանգության, սանիտարական նորմերի կոպիտ խախտումներով, և եթե վիճարկվող շինարարության թույլտվությունն ստացած անձը շարունակի շինարարական աշխատանքները, հայցվորը չի կարողանալու իրեն պատկանող հողամասում իրականացնել բազմաբնակարան շենքի կառուցապատում։ Բացի այդ, իրականացվող շինարարության արդյունքում հայցորին պատկանող հողամասը, ըստ էության, արժեզրկվում է․ Գևորգ Սարգսյանն արդեն իսկ կրել է վնասներ, և եթե կառուցապատումը շարունակվի, ապա Գևորգ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը ոչ միայն զգալի, այլև անդառնալի վնասներ է կրելու:
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 01․04․2024 թվականի որոշումը և կայացնել որոշում՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու մասին։
2.1. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ երրորդ անձ «ՋԱՎ-Ա ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.
Սույն գործով հայցվորի կողմից ներկայացված և Դատարանի կողմից որոշման հիմքում դրված փաստարկներն ակնհայտորեն վկայում են այն մասին, որ վիճարկվող վարչական ակտի կատարման դեպքում հայցվորին հասցվելիք ենթադրյալ վնասը կրում է ածանցյալ բնույթ և չի համապատասխանում օրենսդրի հետապնդած նպատակի իրագործմանը։ Նման պայմաններում հայցվորի կողմից վկայակոչված ենթադրյալ վնասի առաջացման դեպքում վիճարկվող վարչական ակտի կասեցումը հակասում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի տրամաբանությանը և օրենսդրի հետապնդած նպատակին։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի պահանջները, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատարանի վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից իրացվող լիազորություններին:
Դատական պաշտպանության իրավունքի արդյունավետության ապահովման կարևոր երաշխիք են նախնական պաշտպանության միջոցները։
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության վերաբերյալ» Rec(2004)20 հանձնարարականը (այսուհետ՝ Հանձնարարական) առանձնացնում է վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության հինգ հիմնական սկզբունք, այդ թվում՝ դատական վերահսկողության արդյունավետության սկզբունքը։ Հանձնարարականը որպես արդյունավետ վերահսկողության անհրաժեշտ տարր է դիտարկում նախնական պաշտպանության միջոցը։ Հանձնարարականի 5 (d) կետի համաձայն՝ դատարանին պետք է վերապահվի մինչև գործի քննության ավարտը նախնական պաշտպանության միջոցներ կիրառելու լիազորություն։
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Վարչական գործերով նախնական դատական պաշտպանության մասին» R (89) 8 հանձնարարականի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը, նախնական պաշտպանության միջոց տրամադրելու հարցը քննարկելիս, պետք է հաշվի առնի բոլոր վերաբերելի գործոններն ու շահերը։ Նախնական պաշտպանության միջոց, մասնավորապես, պետք է կիրառվի այն դեպքում, եթե վարչական ակտի կատարումը կարող է պատճառել լուրջ վնաս, որը կարող է վերականգնվել դժվարությամբ կամ վարչական ակտն առերևույթ (prima-facie) իրավաչափ չէ։
Նույն հանձնարարականի 3-րդ կետի համաձայն՝ իրավասու դատարանի կողմից կիրառվող նախնական պաշտպանության միջոցները կարող են դրսևորվել վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելով, վարչական ակտի ընդունման պահին գոյություն ունեցած վիճակը ամբողջովին կամ մասնակիորեն պահպանելով և վարչական մարմնի վրա որևէ պարտականություն դնելով։ Նախնական պաշտպանության միջոցները կարող են տրամադրվել այնքան ժամկետով, որքան դատարանը պատշաճ կհամարի։ Դրանք կարող են ենթարկվել որոշակի պայմանների։ Դրանք կարող են վերացվել։ Նախնական պաշտպանության միջոցները որևէ կերպ չեն կարող կանխորոշել վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վերաբերյալ դատարանի որոշումը։
Նույն հանձնարարականի 4-րդ կետի համաձայն՝ գործի քննությունը դատարանում պետք է լինի օպերատիվ: Բացառությամբ հրատապ գործերի՝ վարույթը պետք է լինի մրցակցային և շահագրգիռ անձանց մասնակցելու հնարավորություն տա: Եթե հրատապ գործերում շահագրգիռ անձինք չեն կարող լսվել մինչև դատարանի կողմից նախնական պաշտպանություն տրամադրելը, հարցը կարճ ժամանակում ենթակա է նոր քննության՝ համաձայն նախորդ ենթակետին համապատասխան ընթացակարգի:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) սահմանված՝ անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետությունն ապահովելուն ուղղված նախնական պաշտպանության միջոցներից է վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտը, ինչը կիրառելի է միայն վիճարկման հայցի առնչությամբ։ Նախնական պաշտպանության այս միջոցը հնարավորություն է տալիս պահպանել այն փաստական և/կամ իրավական վիճակը, որը գոյություն է ունեցել վիճարկվող վարչական ակտի բացակայության պայմաններում։
Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընդհանուր կանոնին համապատասխան՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցվում է վիճարկման հայցը վարույթ ընդունելու փաստի ուժով։ Միաժամանակ, նշված ընդհանուր կանոնից նույն հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերով սահմանված են բացառություններ։ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը՝ նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում։
Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է դատարանի որոշմամբ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վավերապայմանները, այն է՝ առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Այս վավերապայմաններից որևէ մեկի առկայությունը հաստատված համարելու դեպքում ՀՀ վարչական դատարանը կայացնում է վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում։ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է սեղմ ժամկետ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդության քննարկման և լուծման համար։ Միջնորդության վերաբերյալ որոշումը կայացվում է 3 օրվա ընթացքում։
Վերը նշված իրավակարգավորումներից բխում է, որ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտի կիրառմամբ դատական պաշտպանության իրավունքի արդյունավետությունն ապահովվում է այս ինստիտուտի հետևյալ անհրաժեշտ որակների միջոցով՝ կասեցման վերաբերյալ միջնորդությունների քննարկման և որոշման կայացման հրատապություն, օպերատիվություն և որոշակիություն: Հրատապության անհրաժեշտ որակը դատարաններից պահանջում է անհապաղ ձեռնարկել միջոցներ կանխելու համար հայցվորին պատճառվելիք զգալի վնասը և վերջինիս իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու հնարավորությունը: Հրատապությունն ապահովելու նպատակին է միտված, մասնավորապես, Օրենսգրքի 83-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդության վերաբերյալ եռօրյա ժամկետում որոշում կայացնելու պահանջը:
Արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրատարր է նաև դատական բողոքարկման հնարավորությունը։
ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով բողոքարկման ինստիտուտի անհրաժեշտ որակներին, մասնավորապես, արձանագրել է․
- դատական բողոքարկումը, որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները՝ պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները,
- դատական բողոքարկման ինստիտուտը, առանց բացառության, պետք է միջոց հանդիսանա հավասարության պայմաններում, օբյեկտիվ, բազմակողմանի, արդար և հրապարակային դատաքննության արդյունքում, ողջամիտ ժամկետներում բացահայտելու և շտկելու դատական բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում, հետևաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծմանը (…) (Տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 10․02․2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշումը):
Օրենսդիրը նախատեսել է նաև վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդության արդյունքում ընդունված որոշումների բողոքարկման իրավական հնարավորություն։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են վարչական դատարանի՝ Օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված դատական ակտերը։ Վերջիններս ներառում են վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշումը, կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը, վարչական ակտի կատարման կասեցումը փոխելու որոշումը, վարչական ակտի կատարման կասեցումը վերացնելու մասին որոշումը, վարչական ակտի կատարման կասեցումը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշման իրավաչափությունը կարող է ստուգվել վերաքննության կարգով համապատասխան որոշումը բողոքարկելու միջոցով, և այս մեխանիզմը միակն է, որի շրջանակներում կարելի է անդրադառնալ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշման հիմքում դրված փաստերի ու ապացույցների քննարկման արդյունքում ձևավորված եզրահանգման իրավաչափությանը։ Այլ կերպ՝ վերաքննության կարգով բողոքարկման արդյունքում վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշման իրավաչափությունն ստուգելու շրջանակներում է միայն, որ գնահատվում է ՀՀ վարչական դատարանի կողմից որոշումը կայացնելու պահի դրությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու օրենքով սահմանված հիմքերի առկայությունը (բացակայությունը) (տե՛ս, Սպարտակ Թադևոսյանի ընդդեմ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի թիվ ՎԴ/3638/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24․11․2023 թվականի որոշումը)։
Դատական ակտերի բողոքարկման իրավունքի արդյունավետությունը, ի թիվս այլնի, գործնականում ապահովվում է բողոքի քննության արդյունքում վերադաս դատական ատյանին վերապահված լիազորությունների ճիշտ իրացման միջոցով։
Միջանկյալ դատական ակտերի, այդ թվում՝ Օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված վերը նշված դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին վերապահված լիազորություններն ամրագրված են Օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասում։
Գործի քննության պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը, բավարարելով բողոքը, վերացնում է վարչական դատարանի միջանկյալ դատական ակտը կամ կայացնում է նոր դատական ակտ կամ մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ։
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե իրավական ակտում`
1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, կամ
2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով և «կամ» շաղկապով բաժանված պայմաններով:
Օրենսդրական տեխնիկայի նշված կանոնին համապատասխան մեկնաբանելով Օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված նորմը, որում վերջինիս կիրառման համար անհրաժեշտ պայմանները միմյանցից բաժանված են «կամ» շաղկապով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանն իրավասու է իրացնելու հետևյալ լիազորություններից որևէ մեկը․
- բողոքը բավարարելու դեպքում վերացնել ՀՀ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտը,
- բողոքը բավարարելու դեպքում՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտը և կայացնել նոր դատական ակտ,
- բողոքը մերժելու դեպքում՝ անփոփոխ թողնել բողոքարկված դատական ակտը։
Այսինքն՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնը թույլ է տալիս եզրահանգել, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարելիս իրավասու է․
- վերացնել բողոքարկվող միջանկյալ դատական ակտը՝ կայացնելով նոր դատական ակտ,
- սահմանափակվել միայն բողոքարկվող դատական ակտը վերացնելով՝ առանց նոր դատական ակտ կայացնելու։
Հաշվի առնելով վերաքննության կարգով բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի բազմազանությունը և դրանցով կարգավորվող հարցերի բնույթը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը բավարարելիս վերը նշված լիազորություններից որևէ մեկի ընտրությունը պայմանավորված է բողոքարկվող միջանկյալ դատական ակտի տեսակով։ Այլ կերպ՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ՀՀ վերաքննիչ դատարանն է, հաշվի առնելով բողոքարկվող միջանկյալ դատական ակտի տեսակը, որոշում, թե բողոքաբերի իրավունքի արդյունավետ վերականգնումը որ լիազորության իրացումն է պահանջում։ Եթե բողոքաբերի իրավունքի արդյունավետ վերականգնման համար բավարար է միայն բողոքարկվող միջանկյալ դատական ակտի վերացումը, ապա իրացման է ենթակա միայն բողոքարկվող միջանկյալ դատական ակտը վերացնելու լիազորությունը։ Եթե բողոքաբերի իրավունքի արդյունավետ վերականգնումը պահանջում է նոր դատական ակտի կայացում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից, ապա վերջինս չի կարող սահմանափակվել միայն բողոքարկվող միջանկյալ դատական ակտի վերացմամբ։
Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարելիս ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը պետք է սահմանափակվի միայն բողոքարկվող որոշումը վերացնելով, ապա վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարելիս հայցվորի նախնական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումն անխուսափելիորեն պահանջում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից նոր դատական ակտի՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշման կայացում, եթե ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը բողոքի քննության արդյունքում գտել է, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա էր բավարարման։ Հակառակ դեպքում, կվտանգվեն վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտին բնորոշ հրատապության, օպերատիվության և որոշակիության վերը նշված անհրաժեշտ որակները։ Եթե ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը վերաքննիչ բողոքի քննության արդյունքում փաստի, որ առկա է Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու հիմքերից որևէ մեկը, բայց վերացնելով բողոքարկվող միջանկյալ դատական ակտը միաժամանակ չկայացնի վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում, ապա արդյունքում կառաջանա անընդունելի մի իրավիճակ, երբ առկա է վարչական ակտի կատարումը կասեցնելու հիմքը, սակայն չկա վարչական ակտի կատարումն այդ հիմքով կասեցնելու վերաբերյալ որոշում, որպիսի պայմաններում հայցվորի և՛ բողոքարկման իրավունքը, և՛ նախնական պաշտպանության միջոցի իրավունքը դառնում են անարդյունավետ ու ինքնանպատակ։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը գտնում է, որ առկա է Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ վիճարկվող վարչական ակտի կասեցման վերաբերյալ միջնորդությունը բավարարելու հիմքերից որևէ մեկը, ապա դատական պաշտպանության իրավունքի, վերջինիս բաղադրիչը կազմող բողոքարկման իրավունքի, ինչպես նաև նախնական պաշտպանության միջոցի իրավունքի արդյունավետության ապահովումը պահանջում է կայացնել նոր դատական ակտ՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով դիմելով Դատարան՝ Գևորգ Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևան համայնքի կողմից 18.01.2023 թվականին տրված թիվ 01/18-Դ-117413-1 շինարարության թույլտվությունը։ Միաժամանակ ներկայացվել է վիճարկվող շինարարության թույլտվության կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն։ Դատարանը 02․02․2024 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշմամբ Գևորգ Սարգսյանի միջնորդությունը մերժել է՝ գտնելով, որ «միջնորդությամբ ներկայացված փաստարկները բավարար չեն, և չի ներկայացվել ապացույցների այնպիսի համակցություն, որոնք հնարավորություն կտան Դատարանի մոտ ձևավորել առնվազն հիմնավոր կասկած վիճարկվող որոշման կատարման արդյունքում հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու առնչությամբ, որի դեպքում հայցվորի շահը (եթե անգամ այն առկա լինի) կարող է գերակայել որոշման կատարումը չկասեցնելու այլ անձանց շահի նկատմամբ»:
Դատարանն արձանագրել է․ «Նախ՝ հայցվորը նշել է, որ իր հողամասը նախատեսված է բազմաբնակարան շենքի կառուցման համար, ինչի կապակցությամբ ստացվել է նախագծման թույլտվություն և շինարարության թույլտվություն։ Հայցադիմումին կցվել է 21.07.2021թ. թիվ 01/18-07/2-82538-675 նախագծման թույլտվությունը Գևորգ Սարգսյանի կողմից Նոր-Նորք վարչական շրջանի Գյուլիքևխյան փող. հ. 6 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցման վերաբերյալ, սակայն շինարարության թույլտվություն չի ներկայացվել, թեև հայցվորը նշել է, որ այն ստացվել է։
Անվիճելի է, որ հայցվորի հողամասում դեռևս շինարարություն չի իրականացվում։ Փորձագիտական եզրակացությամբ արձանագրված ենթադրյալ խախտումներն ըստ էության հանգում են Գյուլիքևխյան 9/11 և 9/12 հասցեներում կառուցվելիք բազմաբնակարան շինության կիսաստորգետնյա ավտոկայանատեղի և հայցվորին պատկանող հողամասի միջև հեռավորությանը և հրշեջ ավտոմեքենաների և այլ տեխնիկական միջոցների մոտենալու հնարավորությանը։ Դատարանի գնահատմամբ հայցվորի փաստարկներից պարզ չէ, թե վիճարկվող շինթույլտվության հիման վրա կատարվող շինարարական աշխատանքների արդյունքում հայցվորին ինչ վնաս կարող է պատճառվել և ինչում է դրսևորվում այդ վնասի «զգալի» բնույթը։ (…) Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ենթադրյալ վնասի զգալի լինելու հանգամանքը պետք է հիմնավորվի որոշակի փաստական տվյալներով, մինչդեռ հայցվորը սահմանափակվել է «էական վնասներ» կրելու վերացական պնդմամբ, ինչպես նաև նշել է, որ հողամասը կարժեզրկվի, սակայն այդ պնդումները հիմնավորող փաստական տվյալներ չեն ներկայացվել, որոնք հնարավորություն կտան գործի փաստական հանգամանքների համակցության մեջ եզրահանգելու, որ վիճարկվող վարչական ակտի կատարման դեպքում հայցվորը կարող է կրել զգալի վնաս։ (…)Ինչ վերաբերում է հայցվորի այն պնդմանը, որ շինարարություն չի կարող իրականացնել, ապա Դատարանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ շինարարության թույլտվությունը ներկայացված չլինելու պայմաններում հայցվորի կողմից շինարարություն իրականացնելու իրավունքի և այն իրացնելու անհնարինության վերաբերյալ փաստարկները հիմնավոր չեն։
Ինչ վերաբերում է հայցվորի վկայակոչած այն հանգամանքին, որ վարչական ակտի չկասեցումը կհանգեցնի սույն վարչական գործով հնարավոր դատական ակտի կատարման ակնհայտ ձևականությանը, ապա Դատարանն արձանագրում է, որ հայցի ենթադրյալ բավարարումը հանգեցնելու է շինարարության թույլտվության վերացմանը, ուստի հասկանալի չէ, թե ինչում է դրսևորվելու հայցվորի վկայակոչած ակնհայտ ձևականությունը։ Ընդ որում, վարչական ակտի կատարումը կասեցնելու հիմք է ոչ թե դատական ակտի կատարման, այլ հայցվորի իրավունքների պաշտպանության ենթադրյալ անհնարինությունը, ինչի վերաբերյալ հայցվորը փաստարկներ և ապացույցներ չի ներկայացրել»։
Վերաքննիչ դատարանը 01․04․2024 թվականի որոշմամբ, մասնակի բավարարելով Գևորգ Սարգսյանի վերաքննիչ բողոքը, վերացրել է Դատարանի 02․02․2024 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «ըստ Դատարանի՝ հայցվորի փաստարկներից պարզ չէ, թե վիճարկվող շինթույլտվության հիման վրա կատարվող շինարարական աշխատանքների արդյունքում հայցվորին ինչ վնաս կարող է պատճառվել և ինչում է դրսևորվում այդ վնասի «զգալի» բնույթը, մինչդեռ, Վերաքննիչ դատարանը նկատում է, որ հայցվորի՝ միջնորդությամբ արտացոլված փաստարկները հստակ են, վերաբերում են խնդրո առարկա հողամասի արժեզրկմանը, էական վնասներ կրելուն, որպիսիք, սակայն, հայցվորի կողմից ներկայացված թիվ 24-001 Պ փորձագիտական եզրակացության հետ համակցության մեջ՝ զգալի վնաս հասցնելու տեսանկյունից, պատշաճ գնահատականի չեն արժանացել Դատարանի կողմից: Նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքով ներկայացված պատճառաբանությունները սույն դեպքում հիմք են հանդիսանում Վերաքննիչ դատարանի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտը վերացնելու լիազորությունը կիրառելու համար»:
Նշված պատճառաբանությամբ Վերաքննիչ դատարանն ըստ էության հիմնավոր է համարել հայցվորի փաստարկները՝ Օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու հիմքերից մեկի (զգալի վնաս պատճառվելու վտանգը) վերաբերյալ՝ իրացնելով Դատարանի միջանկյալ դատական ակտը վերացնելու լիազորությունը:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումներին պետք է հետևեր համապատասխան եզրահանգումը ոչ միայն Դատարանի 02.02.2024 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը վերացնելու, այլև վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին նոր դատական ակտ կայացնելու վերաբերյալ։ Հակառակ պարագայում չի ապահովվի հայցվորի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, մասնավորապես, բողոքարկման իրավունքի և նախնական պաշտպանության միջոցի իրավունքի արդյունավետ իրացումը՝ մինչև վեճի լուծումը հայցվորին զգալի վնասի պատճառելը կանխելու եղանակով։
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խնդրո առարկա իրավիճակում սահմանափակվելով միայն բողոքարկվող դատական ակտը վերացնելով և չկայացնելով նոր դատական ակտ՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ, խախտվել է հայցվորի՝ Օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված նախնական պաշտպանության միջոցի իրավունքը։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01․04․2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ, այն է՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի 02.02.2024 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը և կասեցնել Երևան համայնքի կողմից 18.01.2023 թվականին տրված թիվ 01/18-Դ-117413-1 շինարարության թույլտվության կատարումը մինչև թիվ ՎԴ/8180/05/23 վարչական գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող Լ. Հակոբյան ա. Թովմասյան ռ. Հակոբյան Ք. ՄԿՈՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2024 թվական:
![loading...](/static/img/loader.gif)