ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
«15» նոյեմբեր 2024 թ. |
թիվ 36-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԲՌ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել
1) «Վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի մասին» Ձև ԲՌ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի,
2) «Վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի մասին» Ձև ԲՌ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի ««Իրավաբանական անձանց վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի մասին» Ձև 1-ԲՌ (տարեկան), «Անհատ ձեռնարկատերերի վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի մասին» Ձև 2-ԲՌ (տարեկան) վիճակագրական հաշվետվություններն ու դրանց լրացման հրահանգները հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2017 թվականի հուլիսի 14-ի թիվ 06-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 24-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 36-Ն որոշման |
Բաժին 1. Հաշվետու տարվա ընթացքում իրականացված տնտեսական գործունեության տեսակին (տեսակներին) համապատասխան հասույթը (հասույթները) և վարձու աշխատողների միջին տարեկան թվաքանակը (թվաքանակները)
Տնտեսական գործունեության տեսակը (տեսակները)* Հասույթը՝ առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի (դրամ) Վարձու աշխատողների միջին տարեկան թվաքանակը (մարդ) (տասնորդական ճշտությամբ) 1 2 3 Ընդամենը
*Լրացվում է համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5 նիշ խմբավորման (տես` հղումը): Մեկից ավելի տնտեսական գործունեություն իրականացնելու դեպքում լրացվում է յուրաքանչյուր գործունեության տեսակն ու դրան համապատասխան ցուցանիշները:
Ղեկավար /Անհատ ձեռնարկատեր/ |
_______________________ |
_______________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)՝ |
_______________________ |
_______________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
« _ »______ 20___թ. |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 36-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԲՌ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի մասին» Ձև ԲՌ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված կամ հաշվառված, տնտեսության ոչ ֆինանսական կազմակերպությունների հատվածի («Տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների դասակարգիչ», տես՝ հղումը) բիզնես (ձեռնարկատիրական) գործունեություն իրականացնող, հաշվետու տարում գործող բոլոր իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ՝ միայն արտաքին առևտրով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների:
3. Բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրը վիճակագրական տեղեկատվական ռեգիստր է (մշտական արդիականացման ենթակա տվյալների բազա), որը վարվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից վիճակագրական դիտարկումների անցկացման, դրանց ընտրանքի կառուցման աշխատանքների կազմակերպման, համակարգման և իրականացման նպատակով:
4. Հաշվետվությունում լրացված տվյալներն (տեղեկություններն) ենթակա են օգտագործման բացառապես վիճակագրական նպատակներով:
5. Հաշվետվությունը լրացվում է հաշվետու տարվա արդյունքների հիման վրա և ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
6. Հաշվետվությունը չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտմամբ ներկայացնելն առաջացնում է վարչական պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Հաշվետվության դիմային մասի 1-5-րդ կետերը լրացվում են ինքնաշխատ եղանակով, ընդ որում, 2-5-րդ կետերը՝ համաձայն գրանցման վկայականի:
8. Հաշվետվության Բաժին 1-ի տվյալները լրացվում են վիճակագրական տեղեկություններ տրամադրողների (ռեսպոնդենտների) կողմից, ինքնուրույնաբար: Հաշվետու տարվա ընթացքում մեկից ավելի տնտեսական գործունեություն իրականացնելու դեպքում լրացվում են յուրաքանչյուր գործունեության տեսակն ու դրան համապատասխան ցուցանիշները:
9. Հաշվետու տարվա ընթացքում իրականացված տնտեսական գործունեության տեսակի (տեսակների), դրան (դրանց) համապատասխան հասույթի (հասույթների) և վարձու աշխատողների միջին տարեկան թվաքանակի (թվաքանակների) վերաբերյալ տեղեկություններ դաշտերում ռեսպոնդենտի կողմից համապատասխանաբար՝
1) ընտրվում և «+» նշանի միջոցով ավելացվում է (ավելացվում են) հաշվետու տարում իրականացված տնտեսական գործունեության բոլոր (և' հիմնական, և' ոչ հիմնական) տեսակը (տեսակները)՝ իրենց ծածկագրերով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 2-րդ խմբագրության (ՏԳՏԴ խմբ. 2) (տես՝ հղումը)` 5-րդ՝ ազգային նիշի մակարդակի ենթադասերի՝ XX.XX.X ձևաչափով (օրինակ՝ 11.01.2` «Կոնյակի (բրենդիի) արտադրություն»),
2) լրացվում են հաշվետու տարում իրականացված յուրաքանչյուր տնտեսական գործունեության մասով թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների, առևտրաշրջանառության ծավալը (հասույթը)՝ առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի (Հայաստանի Հանրապետության դրամով)՝ նվազող հաջորդականությամբ: Հասույթում չեն ներառվում պետական և համայնքային բյուջեներից ստացված պետպատվերը, սուբսիդիաները, դրամաշնորհները, դոտացիաները և սուբվենցիաները, ինչպես նաև ռեսպոնդենտի կողմից օգտագործված հիմնական միջոցների վաճառքից ստացված գումարները, դրամահավաքի արդյունքում ձևավորված գումարները և բոլոր այն եկամուտները, որոնք չեն առաջանում ռեսպոնդենտի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում (օրինակ՝ ապահովագրական փոխhատուցումները): Շահումով խաղերի կազմակերպման (խաղատների, դրամական շահումով խաղային ավտոմատների, վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի, բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման և այլ) գործունեություն իրականացնելու դեպքում հասույթում ներառվում են մատուցած ծառայությունների և շահումով խաղերի մասնակիցների կողմից կատարված խաղադրույքները կամ վիճակախաղերի տոմսերի վաճառքից ստացված գումարները` առանց մասնակիցների շահած գումարների (շահումների գծով հատուցումների):
3) լրացվում են հաշվետու տարում իրականացված յուրաքանչյուր տնտեսական գործունեության համար վարձու աշխատողների միջին տարեկան թվաքանակը: Այն ներառում է անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողներին: Միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների վարձու աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ): Միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար՝ 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:
10. Ներկայացված Հաշվետվության տվյալներում ռեսպոնդենտի կամ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից սխալների հայտնաբերման դեպքում դրանք ենթակա են ճշգրտման և ուղղման ռեսպոնդենտի կողմից:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 նոյեմբերի 2024 թվական: