ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2024 թվականի N 1576-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՆՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՇՃԱՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Անասնաբուժության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետությունում մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի․
2) Հայաստանի Հանրապետությունում մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության ծրագրի միջոցառումների կատարման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
04.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականիհոկտեմբերի 3-ի N 1576-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՆՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՇՃԱՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Մանր եղջերավոր կենդանիների ժանտախտը (այսուհետ՝ ՄԵԿԺ) սուր հպավարակային հիվանդություն է, որի հարուցիչն է պարամիքսովիրիդե (Paramyxoviridae) ընտանիքի մորբիլիվիրուսը (Morbillivirus)։ Հիվանդության նկատմամբ ընկալունակ են մանր եղջերավոր կենդանիները՝ ոչխարներն ու այծերը, խոշոր եղջերավոր կենդանիները նույնպես կարող են վարակվել, սակայն վերջիններիս դերը հարուցչի շրջանառության մեջ պաշտոնապես երբևէ հաստատված չի եղել։
2. Հայաստանի Հանրապետության համար մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացումը կարևորվում է հիվանդության նկատմամբ անասնահամաճարակային կայուն իրավիճակի ապահովման և շրջանառության ու ներթափանցման ռիսկերի գնահատման տեսանկյունից։
3. Հայաստանի Հանրապետությունում ՄԵԿԺ հիվանդության դեպքեր չեն արձանագրվել, սակայն հիվանդության բռնկման դեպքեր գրանցվել են տարածաշրջանի երկրներում (Թուրքիա, Իրան, Վրաստան):
4. Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես ՄԵԿԺ հիվանդության նկատմամբ համարվում է էնդեմիկ երկիր։
2․ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
5. Ծրագրի իրականացման խնդիրներն են՝
1) 2016 և 2024 թվականներին տարածաշրջանում արձանագրված ՄԵԿԺ հիվանդությունը պաշտոնապես հրապարակվել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԿԱՀԿ) պաշտոնական կայքում.
2) Հայաստանի Հանրապետությունում 2016-2017 թվականներին իրականացվել է մանր եղջերավոր կենդանիների (այսուհետ՝ կենդանի) նկատմամբ կանխարգելիչ պատվաստում՝ ելնելով տարածաշրջանում անասնահամաճարակային իրավիճակից, իսկ 2018 թվականից հանրապետությունում ՄԵԿԺ հիվանդության նկատմամբ պատվաստումներ չեն իրականացվել, և դա արդեն չի դիտարկվում որպես ՄԵԿԺ հիվանդության կանխարգելման միջոց․
3) հաշվի առնելով տարածաշրջանում ՄԵԿԺ-ի համաճարակային իրավիճակը՝ հիվանդության ներթափանցման տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բարձր ռիսկային գոտում։
6. Ծրագրի իրականացման նպատակներն են՝
1) հիմնվելով շճաբանական հետազոտությունների վրա՝ գնահատել հիվանդության հնարավոր ներթափանցման ռիսկերը․
2) հայտնաբերել կամ բացառել ՄԵԿԺ-ի նկատմամբ բարձր և ցածր ռիսկային թիրախային համայնքներում ՄԵԿԺ հիվանդության վիրուսի շրջանառությունը․
3) ապահովել համաճարակաբանական տվյալների վերլուծության շարունակական իրականացումը, որը կնպաստի համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործմանը․
4) ապահովել ՄԵԿԺ-ի նկատմամբ անասնահամաճարակային կայուն իրավիճակ․
5) ԿԱՀԿ պահանջներին համապատասխան նպաստել Հայաստանի Հանրապետությունը ՄԵԿԺ հիվանդությունից զերծ երկիր ճանաչելու գործընթացին։
3. ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
7. Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերը խմբավորվում են երկու գոտիների՝ բարձր ռիսկային, որոնք արևմտյան, հյուսիսային և հարավային սահմանամերձ բնակավայրերն են, ինչպես նաև այն բնակավայրերը, որտեղ առկա են սեզոնային արոտավայրեր, և ցածր ռիսկային գոտիների, որում ներառված են մնացած բնակավայրերը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանամերձ բնակավայրերը։
8. Հետազոտության մեջ ընդգրկված բնակավայրերը պետք է ունենան 50 գլխից ոչ պակաս մանր եղջերավոր կենդանի (այսուհետ` ՄԵԿ), քանի որ 50 գլխից պակաս գլխաքանակի դեպքում բնակավայրը կայուն չէ ընտրանքի հավաստիությունն ապահովելու համար։
9. Ծրագրի արդյունավետ իրականացման կարևոր գործոն է նմուշառումը, տվյալների գրանցումը և վերլուծությունը։
4․ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
10. Ելնելով համաճարակաբանական նմուշառման մեթոդաբանությունից՝ նմուշառման ընտրանքի օբյեկտը բաղկացած է տարածաշրջանի, համայնքի և կենդանու ընտրությունից՝
1) համայնքից՝ որպես առաջնային նմուշառման միավոր, նմուշառումն իրականացվում է`
ա. բարձր ռիսկային գոտում հիվանդության հնարավոր տարածվածությունը հաշվարկվել է 1%, բացարձակ սխալը 5 %, հավաստիությունը 95%։ Ըստ կատարված հաշվարկի՝ 7 մարզերի 15 համայնքների 208 բնակավայր ընդգրկվում է բարձր ռիսկային գոտում,
բ. ցածր ռիսկային գոտում հիվանդության հնարավոր տարածվածությունը հաշվարկվել է 2%, բացարձակ սխալը 5%, հավաստիությունը 95%։ Ըստ կատարված հաշվարկի՝ 8 մարզերի 24 համայնքների 121 բնակավայր ընդգրկվում է ցածր ռիսկային գոտում.
2) կենդանուց՝ որպես երկրորդային նմուշառման միավոր, ըստ ռիսկայնության, նմուշառումն իրականացվում է՝
ա. բարձր ռիսկային գոտու յուրաքանչյուր բնակավայրից՝ 13 գլուխ և ոչ ռիսկային գոտու յուրաքանչյուր բնակավայրից՝ նույնպես 13 գլուխ,
բ․ նմուշառումն ապահովվում է կենդանիների փաստացի առկայության և պատահականության սկզբունքով։
11․ Փաստացի ընտրանքի չափը՝ բարձր ռիսկային գոտիների համար 2704 նմուշ և ցածր ռիսկային գոտիների համար՝ 1573 նմուշ: Ընդամենը մեկ տարվա կտրվածքով 4277 նմուշ` համաձայն N 1 աղյուսակի․
Փաստացի ընտրանքի չափն ըստ ռիսկային գոտիների
Աղյուսակ N 1
NN ը/կ |
Բաժանումներն ըստ ռիսկայնության |
Ընտրված բնակավայրերի քանակները |
ՄԵԿ | ||
ակնկալվող տարածվածությունը |
նմուշների քանակը յուրաքանչյուր բնակավայրից |
ամբողջ նմուշներից | |||
1. |
Բարձր ռիսկային գոտիներ |
208 |
1 |
13 |
2704 |
2. |
Ցածր ռիսկային գոտիներ |
121 |
2 |
13 |
1573 |
3. |
Ընդամենը՝ նմուշները |
329 |
- |
26 |
4277 |
12. Նմուշների կրկնակի փորձաքննության (կորուստ, ոչ բավարար շիճուկներ, անորակ շիճուկներ, հեմոլիզված շիճուկներ, թեստի զգայունության հետ կապված սխալներ) համար հաշվարկվում է փաստացի թեստավորված նմուշների 10,5%-ով գերազանցող քանակը, որը կազմում է շուրջ 4730 նմուշ։
5․ ՆՄՈՒՇԱՌՈՒՄ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
13. Նմուշառման համար պահանջվող չափանիշներին (ընտրանքի չափ, դրանց համաչափ բաշխվածությունը բնակավայրի տարածքում) ընտրված բնակավայրի անհամապատասխանության դեպքում ընտրվում է այլ՝ աշխարհագրորեն մոտ և նմանատիպ ռիսկային բնակավայր:
14. Կենդանիներն ընտրվում են պատահականության սկզբունքով, եթե դա տեսականորեն հնարավոր չէ, ապա ընտրանքը կատարվում է ըստ փաստացի առկա գլխաքանակի:
15. Յուրաքանչյուր տնտեսության կենդանիների խմբից ընտրվում է ոչ ավելի, քան 3 կենդանի (եթե հնարավոր է): Բնակավայրը բաժանվում է ըստ հոտերի կամ կենդանիների աշխարհագրական բաշխվածության, և նմուշառումն իրականացվում է տարբեր խմբերից:
16. «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ լաբորատորիա) անասնաբուժական վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում «Գյուղատնտեսական ծառայությունների կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) կամ համայնքային անասնաբույժի հետ՝ շիճուկ անջատիչ վակուումային փորձանոթներով նմուշառում իրականացնելու նպատակով։
17. Անասնաբույժի կողմից տվյալները լրացվում են ընթեռնելի՝ N 1 ձևի հանձնման– ընդունման թերթիկում, նմուշառումից հետո փորձանոթները պիտակավորվում են։
18. Անասնաբույժը նմուշները և Ձև N 1 թերթիկը հանձնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) մարզային կենտրոնի տեսուչին՝ նմուշառման օրը։
19. Անասնաբույժի կողմից վարվում է գրանցամատյան, որում գրանցվում են նմուշների վերաբերյալ հետևյալ տվյալները՝
1) նմուշի նույնականացման համարը․
2) նմուշառման ամսաթիվը․
3) կենդանու գտնվելու վայրը` մարզ, տարածաշրջան, համայնք / բնակավայր․
4) անասնատիրոջ անունը և ազգանունը․
5) կենդանու տվյալները (սեռը, տարիքը, նույնականացման անհատական համարը)։
Ձև N 1
___ _______20 թվականի
ԹԵՐԹԻԿ
հանձնման-ընդունման
Մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության ծրագրի շրջանակներում արյան նմուշների
NN ը/կ |
Նմուշի նույնականաց- ման համարը |
Մարզը/ տարածա- շրջանը |
Համայնքը/ բնակավայրը |
Անասնատիրոջ տվյալները, անունը, ազգանունը |
Կենդանու | ||
նույնականացման համարը |
տարիքը |
սեռը | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Անասնաբույժը հանձնեց |
___________________ (ստորագրությունը) |
______________________ (անունը, ազգանունը) |
Տեսուչն ստացավ |
___________________ (ստորագրությունը) |
______________________ (անունը, ազգանունը) |
20. Տեսչական մարմնի մարզային կենտրոնի տեսուչն արյան նմուշները Ձև N 2 հանձնման-ընդունման ուղեգրով հավաքագրում և 48 ժամվա ընթացքում թերմոպայուսակներով տեղափոխում է լաբորատորիա՝ նմուշների փորձաքննության նպատակով:
Ձև N 2
___ _______20 թվականի
ԹԵՐԹԻԿ
հանձնման-ընդունման
Մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության ծրագրի շրջանակներում արյան նմուշների
NN ը/կ |
Նմուշի նույնականաց- ման համարը |
Մարզը/ տարածա-շրջանը |
Համայնքը/ բնակավայրը |
Անասնա- տիրոջ տվյալները, անունը, ազգանունը |
Հիվանդության անվանումը |
Կենդանու | ||
նույնակա- նացման համարը |
տարիքը |
սեռը | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
Տեսուչը հանձնեց |
___________________ (ստորագրությունը) |
______________________ (անունը, ազգանունը) |
Լաբորատորիան ստացավ |
___________________ (ստորագրությունը) |
______________________ (անունը, ազգանունը) |
21. Նմուշների փորձաքննությունն իրականացվում է լաբորատորիայի կողմից՝ հետևյալ մոտեցումներով՝
1) մանր եղջերավոր կենդանիների արյան շիճուկում հետազոտել ՄԵԿԺ հակամարմինների առկայությունն իմունաֆերմենտային անալիզի (այսուհետ՝ ԻՖԱ) մեթոդի կիրառությամբ․
2) «դրական» կամ «կեղծ դրական» արդյունքների դեպքում կրկնել փորձաքննությունը նույն մեթոդով․
3) «դրական» կամ «կեղծ դրական» արդյունքների ճշգրտման համար ունենալ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ՝ ՊՇՌ) իրականացման հնարավորություն․
4) ապահովել այլ անհրաժեշտ պայմաններ նմուշների պահպանման, կառավարման և փորձաքննության համար:
22. ՄԵԿԺ հիվանդության նկատմամբ ԻՖԱ-ով հետազոտության ժամանակ դրական արդյունք ստանալու դեպքում անհրաժեշտ է իրականացնել կրկնակի նմուշառում տվյալ համաճարակաբանական միավորից՝ փոքր թվաքանակի դեպքում պետք է նմուշառվի կամ ամբողջ համաճարակաբանական միավորը (նախիր, ամառային/ձմեռային արոտավայրերում առկա հոտ) կամ այնպիսի հաշվարկով, որը համապատասխան է 2% տարածվածությանը:
23. Դաշտային և լաբորատոր բոլոր տվյալները մուտքագրվում են էլեկտրոնային տարբերակով տվյալների վերլուծության համար: Բոլոր թեստային արդյունքները դաշտային տվյալների հետ միասին գրանցվում են աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) տվյալների բազայում: Տվյալների էլեկտրոնային և թղթային տարբերակները պահպանվում են լաբորատորիայում:
24․ Փորձաքննության տվյալների վերլուծությունն իրականացվում է «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ գիտական կենտրոն) կողմից՝ լաբորատորիայի հետ պայմանագրային հիմունքներով սահմանված վճարի շրջանակներում։
6. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ
25․ Ծրագրի իրականացման ռիսկերն են`
1) ախտորոշիչ հավաքածուների անկանխատեսելի գնային բարձրացումը.
2) ֆինանսավորման դադարեցումը կամ նվազեցումը․
3) արյան նմուշառման կամ պահպանման ոչ պատշաճ իրականացումը։
26. Ծրագրի ռիսկերի հաղթահարման հնարավոր ուղիներն են՝
1) յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության «Պետական բյուջեի մասին» օրենքով ծրագրի իրականացման համար սահմանվող անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրումը․
2) ախտորոշիչ հավաքածուների ձեռքբերման ապահովումը՝ առաջնահերթությունից ելնելով Հայաստանի Հանրապետության գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթի կազմակերպման կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների միջոցով։
7. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
27. Ծրագիրն իրականացվում է յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության «Պետական բյուջեի մասին» օրենքով ծրագրի գծով սահմանվող միջոցների հաշվին, որը քննարկվում է յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներով։
28. Ծրագրի միջոցառումների արդյունավետ իրականացումը կապված է ֆինանսական հետևյալ երկու բաղադրիչներից՝
1) ախտորոշիչ հավաքածուների և անասնաբուժական պարագաների ձեռքբերում.
2) նմուշառում, լաբորատոր փորձաքննությունների իրականացում և վերլուծություն:
8. ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
29. Արդյունքային քանակական ցուցանիշներ, որոնք կստացվեն ՄԵԿԺ հակամարմինների ուսումնասիրության նպատակով իրականացվելիք 4730 նմուշների շճահետազոտությունից։
30. Ծրագրի կատարման արդյունքում ակնկալվում է`
1) հանրապետությունում ՄԵԿԺ հիվանդության վիրուսի շրջանառության բացահայտում․
2) ՄԵԿԺ հիվանդության տարածվածության և ներթափանցման ռիսկերի գնահատում և վերլուծություն․
3) հանրապետությունում ՄԵԿԺ հիվանդության նկատմամբ անասնահամաճարակային իրավիճակի կանխատեսում և գնահատում, հիվանդության դեմ պայքարի միջոցների վերանայում և հետագա ռազմավարական ծրագրի մշակում.
4) Հայաստանի Հանրապետության տարածքում կայուն անասնահամաճարակային իրավիճակի ապահովում ՄԵԿԺ հիվանդության նկատմամբ, որն էլ կնպաստի կենդանական ծագման մթերքների և արտադրանքի արտահանման ծավալների ավելացմանը՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության բնակչությանն ապահովելով կենդանական ծագման անվտանգ սննդամթերքով:
9. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
31․ Մոնիթորինգի իրականացման նպատակն է՝
1) արյունառման և նմուշների հավաքագրման գործընթացի ուսումնասիրությունը․
2) գրանցամատյանում լրացված տվյալների անհամապատասխանությունների հայտնաբերումը կամ բացառումը․
3) լաբորատորիայում լաբորատոր փորձաքննության արդյունքների, տվյալների գրառումների, շիճաբանկի կառավարման աշխատանքների, շիճուկի պահման պայմանների պարբերաբար ստուգումը․
4) ծրագրի իրականացմանը խոչընդոտող խնդիրների բացահայտումը:
32. Մոնիթորինգն իրականացվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ձևավորված աշխատանքային խմբի կողմից՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, տեսչական մարմնի, լաբորատորիայի և գիտական կենտրոնի մասնագետների ներգրավմամբ:
33. Ծրագիրը պետք է լինի կայուն և ունենա առնվազն երեք տարվա տևողություն՝ ամենամյա հնարավոր վերանայման հնարավորությամբ: Լրացուցիչ փոփոխություններ պետք է կատարվեն նախնական եռամյա ժամանակահատվածից հետո արդյունքների վերլուծության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
04.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականիհոկտեմբերի 3-ի N 1576-Լ որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՆՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՇՃԱՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
NN ը/կ |
Միջոցառումը |
Պատասխանատու կատարողները |
Ժամկետները |
Ֆինանսավորման աղբյուրը |
1․ |
Բյուջետային հայտի կազմում և ներկայացում |
Տեսչական մարմին |
յուրաքանչյուր տարվա 1-ին և 2-րդ եռամսյակներ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2․ |
Ախտորոշիչ հավաքածուների ձեռքբերում |
Տեսչական մարմին, Լաբորատորիա |
յուրաքանչյուր տարվա 1-ին եռամսյակ |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
3․ |
Մարզի, համայնքի /բնակավայրի և տնտեսության ընտրություն |
Տեսչական մարմին, Գիտական կենտրոն |
յուրաքանչյուր տարվա 2–րդ կիսամյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
4․ |
ՄԵԿ-ի արյան նմուշառում |
Կազմակերպության կամ համայնքային անասնաբույժ |
յուրաքանչյուր տարվա 1–ին կիսամյակ |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
5․ |
Նմուշների հավաքագրում, գրանցում և տեղափոխում |
Տեսչական մարմին |
յուրաքանչյուր տարվա 2–րդ կիսամյակ |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
6․ |
Արյան նմուշների լաբորատոր շճաբանական հետազոտություն |
Լաբորատորիա |
յուրաքանչյուր 3-րդ եռամսյակ |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
7․ |
Արդյունքների վերլուծություն |
Գիտական կենտրոն |
յուրաքանչյուր տարվա 4-րդ եռամսյակ |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
8․ |
Մոնիթորինգի իրականացում |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Տեսչական մարմին, Լաբորատորիա և Գիտական կենտրոն |
յուրաքանչյուր տարվա 2-րդ և 4–րդ եռամսյակներ |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
9․ |
Անասնաբույժների վերապատրաստման դասընթացների անցկացման ծառայության ձեռքբերում |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
յուրաքանչյուր տարի (անհրաժեշտու- թյան դեպքում) |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
10․ |
Հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացում |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Տեսչական մարմին, Կազմակերպություն (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
յուրաքանչյուր տարի առաջին և երկրորդ եռամսյակ |
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
04.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |