ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4924-Ա |
«17» դեկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի և «ԾԻԾԵՌՆԱԿ-23» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) միջև 15.01.2024 թվականին կնքված ԵՔ-ԳՀԱՇՁԲ-24/17 ծածկագրով կապալային աշխատանքների կատարման գնման պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 1.1 կետի համաձայն՝ «Կապալառուն պարտավորվում է սույն պայմանագրով սահմանված կարգով, նախատեսված ծավալով, ձևով և ժամկետներում կատարել սույն պայմանագրի N 1 հավելվածով սահմանված ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված՝ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքները (այսուհետ՝ աշխատանք), իսկ Պատվիրատուն պարտավորվում է ընդունել կատարված աշխատանքը և վարձատրել դրա համար»:
Պայմանագրի 3.1.4 կետի «բ» ենթակետի համաձայն՝ Պատվիրատուն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը և պահանջել հատուցելու իրեն պատճառված վնասները, եթե.
բ) Կապալառուն խախտել է պայմանագրի 1.3 կետում նախատեսված ժամկետը /ներառյալ օրացույցային գրաֆիկը/:
Պայմանագրի 1.3 կետի համաձայն՝ Պայմանագրով նախատեսված աշխատանքները սկսվում են պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո և կատարման ժամկետը սահմանվում է՝ համաձայն հավելված 2-ի:
Պայմանագրի հ.2 հավելվածի համաձայն՝ աշխատանքների կատարման ժամկետ է համարվում շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագիրը (ֆինանսական միջոցների տրամադրման համաձայնագրերը) ուժի մեջ մտնելու օրվանից սկսած մինչև 365-րդ օրացույցային օրը ներառյալ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերությունը խախտել է Պայմանագրի 1.3 կետում նախատեսված ժամկետը` Երևանի քաղաքապետարանը, ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև Պայմանագրի 3.1.4 կետի «բ» ենթակետով, միակողմանի մասնակի լուծել է կնքված Պայմանագիրը` համարելով այն լուծված՝ 5.725.835 /հինգ միլիոն յոթ հարյուր քսանհինգ հազար ութ հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամ գումարի չափով:
Պայմանագրի մասնակի լուծման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է տեղեկագրում սույն թվականի դեկտեմբերի 6-ին և պայմանագիրը սույն թվականի դեկտեմբերի 9-ի դրությամբ համարվում է մասնակի լուծված։
Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
1. «ԾԻԾԵՌՆԱԿ-23» ՍՊ ընկերությունը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
Տ. Ավինյան |