ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մարտի 2016 թվականի |
թիվ 24 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ կետին, 43-րդ կետի 2-րդ ենթակետին և 44-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ «Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթը։
2. Ուժը կորցրած ճանաչել՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2012 թվականի մայիսի 31-ի «Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» թիվ 52 որոշման 2-րդ և 3-րդ կետերը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2012 թվականի օգոստոսի 23-ի «Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմը հաստատելու մասին» թիվ 137 որոշումը։
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մարտի 22-ի թիվ 24 որոշմամբ |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ստեղծվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր (այսուհետ համապատասխանաբար՝ Հանձնաժողով, Կոլեգիա)՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված):
Կոմիտեն Հանձնաժողովի խորհրդատվական մարմինն է, որն ապահովում է մաքսային կարգավորման հարցերի առնչությամբ առաջարկությունների մշակումը, որոնց հետ կապված որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի կողմից՝ իր լիազորությունների սահմաններում։
2. Իր գործունեությունն իրականացնելիս Կոմիտեն առաջնորդվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միության) իրավունքի մաս կազմող միջազգային այլ պայմանագրերով և ակտերով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով, ինչպես նաև սույն Հիմնադրույթով։
II. Կոմիտեի հիմնական խնդիրները և գործառույթները
3. Կոմիտեի հիմնական խնդիրներն են՝
ա) Հանձնաժողովի համար Միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերի և ակտերի կատարելագործման հարցերի վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.
բ) Միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթները գործնականում իրականացնելու հարցերի առնչությամբ առաջարկությունների նախապատրաստումը՝ մաքսային կարգավորման ոլորտում Միության անդամ պետությունների պետական իշխանության լիազորված մարմինների առաջարկությունների հիման վրա (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, պետական իշխանության մարմիններ).
գ) Հանձնաժողովի իրավասությանը վերապահված մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվությունների անցկացումը.
դ) անդամ պետությունների մաքսային մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կատարելագործման հետ կապված առաջարկությունների մշակումը.
ե) մաքսային կարգավորման ոլորտում այլ հարցերի քննարկումը։
4. Կոմիտեն իր վրա դրված խնդիրների կատարման համար իրականացնում է հետևյալ գործառույթները.
ա) անցկացնում է վերլուծություն՝
Միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերի և ակտերի, ինչպես նաև մաքսային կարգավորման ոլորտում անդամ պետությունների օրենսդրության.
մաքսային կարգավորման ոլորտում անդամ պետությունների իրավակիրառ պրակտիկայի.
մաքսային կարգավորման ոլորտում միջազգային կազմակերպությունների գործունեության.
բ) նախապատրաստում է առաջարկություններ՝ հետևյալ հարցերի վերաբերյալ`
մաքսային կարգավորման կատարելագործում, այդ թվում՝ մաքսային ընթացակարգերի կիրառման, մաքսային հսկողության անցկացման, մաքսային ենթակառուցվածքի զարգացման և օգտագործման գծով՝ բացառությամբ Միության մաքսային սահմանային անցակետերի սարքավորվածության և հագեցվածության հետ կապված հարցերի.
Միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերի և ակտերի իրագործման մասով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ապահովում.
գ) իրականացնում է այլ գործառույթներ իր իրավասության սահմաններում:
III. Կոմիտեի կազմը
5. Կոմիտեի կազմը ձևավորվում է պետական իշխանության մարմինների ներկայացուցիչներից, այդ թվում՝ այդ մարմինների (այսուհետ՝ լիազորված ներկայացուցիչներ) ղեկավարներից (ղեկավարների տեղակալներից)։
Կոմիտեի կազմի ձևավորման համար Կոլեգիան դիմում է անդամ պետություններին՝ լիազորված ներկայացուցիչների թեկնածությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու խնդրանքով:
Անդամ պետությունների առաջարկությամբ Կոմիտեի կազմում կարող են ընդգրկվել գործարար համայնքի, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ անկախ փորձագետներ:
Անդամ պետությունները Կոլեգիային ժամանակին տեղեկացնում են Կոմիտեում լիազորված ներկայացուցիչների փոխարինման անհրաժեշտության մասին, ինչպես նաև ներկայացնում առաջարկություններ՝ դրա կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Կոմիտեի կազմը հաստատվում է Կոլեգիայի կարգադրությամբ:
6. Կոմիտեի նիստերը նախագահում և Կոմիտեի աշխատանքի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է մաքսային համագործակցության հարցերով իրավասու Կոլեգիայի անդամը (այսուհետ՝ Կոմիտեի նախագահ):
7. Կոմիտեի նախագահը՝
ա) ղեկավարում է Կոմիտեի գործունեությունը և կազմակերպում Կոմիտեի վրա դրված խնդիրների կատարման աշխատանքները,
բ) հաստատում է Կոմիտեի նիստի օրակարգը, որոշում դրա անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.
գ) վարում է Կոմիտեի նիստերը.
դ) հաստատում է Կոմիտեի նիստերի արձանագրությունները.
ե) տեղեկացնում է Կոլեգիային և Հանձնաժողովի խորհրդին Կոմիտեի կողմից մշակված հանձնարարականների մասին.
զ) հաստատում է ենթակոմիտեների, աշխատանքային (փորձագիտական) խմբերի մասին դրույթները և դրանց կազմերը.
է) ներկայացնում է Կոմիտեն Կոլեգիայի և Հանձնաժողովի խորհրդի նիստերին և անդամ պետությունների մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում:
ը) նշանակում է Կոմիտեի նախագահի տեղակալներին և պատասխանատու քարտուղարին.
թ) իրականացնում է այլ գործառույթներ Կոմիտեի իրավասության սահմաններում:
(7-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 16.01.18 թիվ 8)
8. Կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվում Հանձնաժողովի դեպարտամենտի ղեկավարը, որի իրավասության մեջ են մտնում Կոմիտեի գործունեության ուղղությունների վերաբերյալ հարցերը։
9. Կոմիտեի նախագահի տեղակալը Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում կամ նրա հանձնարարությամբ կատարում է Կոմիտեի նախագահի այն գործառույթները, որոնք նախատեսված են սույն Հիմնադրույթի 7-րդ կետով։
10. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը նշանակվում է Հանձնաժողովի պաշտոնատար անձանց կամ աշխատակիցների կազմից, որոնց իրավասության մեջ են մտնում Կոմիտեի գործունեության ուղղությունների վերաբերյալ հարցերը:
11. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը՝
ա) Կոմիտեի նախագահի և Կոմիտեի անդամների առաջարկությունների հիման վրա նախապատրաստում է Կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը և ներկայացնում այն Կոմիտեի նախագահի հաստատմանը.
բ) իրականացնում է օրակարգի նախագծին և Կոմիտեի նիստին առնչվող նյութերի ներկայացման նկատմամբ հսկողություն.
գ) Կոմիտեի անդամներին ուղարկում է Կոմիտեի նիստի հաստատված օրակարգը և դրան կից նյութերը.
դ) տեղեկացնում է Կոմիտեի անդամներին Կոմիտեի նիստի անցկացման ամսաթվի, ժամի ու վայրի մասին.
ե) վարում է Կոմիտեի նիստի արձանագրությունը և ներկայացնում այն Կոմիտեի նախագահի հաստատմանը.
զ) անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա՝ կազմում է Կոմիտեի նիստերի պլանները և ուղարկում դրանք Կոմիտեի անդամներին.
է) կազմակերպում է Կոմիտեի նիստի արդյունքների հիման վրա նախապատրաստված ամփոփիչ փաստաթղթերի նախապատրաստումը և Կոմիտեի անդամներին ուղարկումը.
ը) իրականացնում է Կոմիտեի արձանագրային որոշումների կատարման հսկողություն։
12. Կոմիտեի նախագահի հրավերով Կոմիտեի նիստին կարող են մասնակցել Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցները, որոնց իրավասությանն են վերապահված Կոմիտեի նիստին քննարկվող հարցերը, ինչպես նաև անկախ փորձագետներ, որոնք ունեն անհրաժեշտ որակավորում:
13. Կոմիտեին առընթեր կարող են ստեղծվել ենթակոմիտեներ, աշխատանքային (փորձագիտական) խմբեր՝ Կոմիտեի գործունեության ուղղությունների վերաբերյալ հարցերը լուծելու համար։
Ենթակոմիտեների, աշխատանքային (փորձագիտական) խմբերի կազմերը ձևավորվում են Կոմիտեի անդամների և (կամ) պետական իշխանության մարմինների այլ ներկայացուցիչների կազմից, ինչպես նաև անդամ պետությունների գործարար համայնքի ներկայացուցիչների կազմից։
(13-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 16.01.18 թիվ 8)
IV. Կոմիտեի աշխատակարգը
14. Կոմիտեի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության:
15. Կոմիտեի նիստի անցկացման մասին որոշումն ընդունվում է Կոմիտեի նախագահի կողմից:
16. Կոմիտեի նիստի օրակարգի նախագծի ձևավորման վերաբերյալ առաջարկությունները և դրան կից նյութերը Կոմիտեի անդամների կողմից ուղարկվում են Կոմիտեի նախագահին ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 20 օրացուցային օր առաջ:
17. Կոմիտեի նախագահն իրավունք ունի պետական իշխանության մարմիններից և Կոմիտեի անդամներից պահանջելու Կոմիտեի իրավասությանը վերապահված հարցերին վերաբերող նյութեր և տեղեկատվություն:
18. Կոմիտեի նիստի օրակարգի վերաբերյալ նյութերը ներառում են՝
ա) քննարկվող հարցերին առնչվող տեղեկանքներ.
բ) քննարկմանն առաջարկվող փաստաթղթերի նախագծեր (առկայության դեպքում).
գ) արձանագրային որոշումների նախագծեր.
դ) անհրաժեշտ տեղեկատվական և վերլուծական նյութեր։
19. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը Կոմիտեի անդամներին է ուղարկում Կոմիտեի նիստի օրակարգը և դրան կից նյութերը, այդ թվում՝ էլեկտրոնային տեսքով, ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 10 աշխատանքային օր առաջ:
20. Կոմիտեի նիստերը, որպես կանոն, անցկացվում են Հանձնաժողովի շինություններում։
Կոմիտեի նիստը կարող է անցկացվել անդամ պետություններից յուրաքանչյուրում՝ ըստ պետական իշխանության մարմինների առաջարկությունների հիման վրա Կոմիտեի նախագահի կողմից ընդունվող որոշման։ Այդ դեպքում ընդունող անդամ պետությունն աջակցություն է ցուցաբերում Կոմիտեի նիստերի կազմակերպման և անցկացման հարցում:
Կոմիտեի նախագահի որոշմամբ Կոմիտեի նիստը կարող է անցկացվել տեսաժողովի ռեժիմով:
21. Կոմիտեի նիստը ճանաչվում է իրավազոր, եթե ապահովվում է Կոմիտեի՝ յուրաքանչյուր անդամ պետության առնվազն 1 անդամի ներկայությունը:
Կոմիտեի անդամները Կոմիտեի նիստերին մասնակցում են անձամբ՝ առանց փոխարինման իրավունքի։
Եթե Կոմիտեի անդամի ներկայությունը նիստին հնարավոր չէ, ապա նա իրավունք ունի Կոմիտեի նախագահին գրավոր ձևով նախօրոք ներկայացնելու իր կարծիքը՝ քննարկվող հարցերի վերաբերյալ։
22. Կոմիտեի անդամներն իրավունք ունեն առաջարկելու, որպեսզի Կոմիտեի քննարկումից հարցը հանվի, եթե նրանց կարծիքով տվյալ հարցը լրացուցիչ մշակում է պահանջում:
23. Կոմիտեի նիստում հարցերի քննարկման ժամանակ Կոմիտեի անդամներն ունեն հավասար իրավունքներ։
Կոմիտեի որոշումներն ընդունվում են Կոմիտեի՝ նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Անդամ պետությունից Կոմիտեի անդամները, միասին վերցված, օժտված են 1 ձայնով:
«Կողմ» և «դեմ» ձայների հավասար քանակի դեպքում հարցն ուղարկվում է լրամշակման։
Կոմիտեի նիստի արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որում նշվում են Կոմիտեի անդամների դիրքորոշումները։
Այն դեպքում, երբ Կոմիտեի կողմից քննարկվող հարցի վերաբերյալ Կոմիտեի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այն շարադրվում է գրավոր ձևով և կցվում է Կոմիտեի նիստի արձանագրությանը: Կոմիտեի նիստի արձանագրությանը նաև կարող են կցվել քննարկվող փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ առաջարկություններ, տեղեկատվական և վերլուծական նյութեր և համապատասխան հիմնավորումներ:
Կոմիտեի նիստերին Կոմիտեի անդամների կողմից ներկայացված առաջարկությունները չեն կարող դիտարկվել որպես անդամ պետությունների վերջնական դիրքորոշում:
Կոմիտեի նիստի արձանագրությունը հաստատվում է Կոմիտեի նախագահի կողմից ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 5 աշխատանքային օր հետո։
Կոմիտեի պատասխանատու քարտուղարը ուղարկում է Կոմիտեի նիստի արձանագրությունը Կոմիտեի բոլոր անդամներին Կոմիտեի նախագահի կողմից այն հաստատելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Կոմիտեի նախագահի որոշմամբ Կոմիտեի նիստի արձանագրությունը կամ դրա քաղվածքը ուղարկվում է Կոմիտեի նիստին մասնակցած հրավիրված անձանց:
Կոմիտեի նիստերի արձանագրությունները պահվում են Կոմիտեի պատասխանատու քարտուղարի մոտ:
24. Կոմիտեի նիստերին լիազորված ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը կրում են իրենց ուղարկող անդամ պետությունները:
Կոմիտեի նիստերին անդամ պետությունների գործարար համայնքի ներկայացուցիչների և անկախ փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը նշված անձինք կրում են ինքնուրույն:
25. Կոմիտեի գործունեության կազմակերպչական-տեխնիկական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից:
(հավելվածը լրաց. ԵՏՀԿ 16.01.18 թիվ 8)
Հրապարակվել է կայքում 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.01.2018, թիվ 8 | 18.02.2018, թիվ 24 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|