ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2019 թվականի |
թիվ 224 |
քաղ. Մոսկվա |
ՋՐԱՅԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՑ ՁԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՁԿՆՈՐՍԱԿԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԻ ՆԱՎԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՓԱԹԵԹՎԱԾՔԸ (ԽՑԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ) ԵՎ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՊԱՇԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ԴԱՍԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 281-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել, որ որպես պաշար օգտագործվող ապրանքներին են դասվում փաթեթվածքը (խցանափակման միջոցները) և փաթեթավորման նյութերն այն դեպքում, երբ դրանք միաժամանակ համապատասխանում են հետևյալ չափորոշիչներին՝
ա) տեղափոխվում են (տեղափոխվելու են) Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային սահմանով ձկնորսական նավատորմի նավով, որի վերաբերյալ տեղեկությունները ներառված են տրանսպորտի բնագավառում Միության անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված՝ պետական նավային ռեեստրում.
բ) նախատեսված են սույն կետի «ա» ենթակետում նշված նավում օգտագործելու համար՝ այն թույլատրման փաստաթղթերում նշված ջրային կենսաբանական ռեսուրսներից ձկան և այլ արտադրանքի արտադրության (ստացման) ժամանակ, որոնք ձկնորսության (արդյունահանման, որսի) իրականացման իրավունք են տալիս և տրվել են ձկնորսության և (կամ) ջրային կենսաբանական ռեսուրսների պաշտպանության ոլորտում Միության անդամ պետության պետական իշխանության մարմնի կողմից.
գ) համապատասխանում են Միության տեխնիկական կանոնակարգերի, տարածաշրջանային (միջպետական) կամ ազգային (պետական) ստանդարտների պահանջներին, իսկ այդ պահանջների (կանոնակարգերի, ստանդարտների) բացակայության դեպքում` այն փաստաթղթերին, որոնց համապատասխան ջրային կենսաբանական ռեսուրսներից պատրաստվում է ձկան և այլ արտադրանք (կազմակերպության ստանդարտ, տեխնիկական պայմաններ կամ արտադրողի այլ փաստաթուղթ).
դ) Միության ապրանքներ են:
2. Սույն որոշումը չի կիրառվում Միության մաքսային տարածք ներմուծվող փաթեթվածքի (խցանափակման միջոցների) և փաթեթավորման նյութերի նկատմամբ, որոնք նախկինում ձևակերպվել են Միության մաքսային տարածքից նշված ապրանքների արտահանումը թույլատրող մաքսային ընթացակարգերով, արտահանվել են այդ տարածքից և չեն օգտագործվել ջրային կենսաբանական ռեսուրսներից ձկան և այլ արտադրանքի արտադրության ժամանակ՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: