ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2018 թվականի |
թիվ 100 |
քաղ. Սանկտ Պետերբուրգ |
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԸ (ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ)) ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԱՅՆ ՁևԱՎՈՐԵԼՈՒ ՈՒ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության 5-րդ կետի իրագործման նպատակով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 41-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմինները (այդ թվում՝ հավաստագրման մարմինները, փորձարկման լաբորատորիաները (կենտրոնները)) Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառելու, ինչպես նաև այն ձևավորելու ու վարելու կարգը (այսուհետ՝ Կարգ)։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝
ա) սույն որոշումն ուժի մտնելու օրվանից եռամսյա ժամկետում ««Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների (այդ թվում՝ հավաստագրման մարմինների, փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների)) միասնական ռեեստրի ձևավորում և վարում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մայիսի 10-ի թիվ 38 որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ՝ այն Կարգին համապատասխանեցնելու նպատակով։
բ) սույն որոշումն ուժի մտնելու օրվանից վեցամսյա ժամկետում ուսումնասիրել համապատասխանության գնահատման մարմինների փոխադարձ համեմատական գնահատումների իրականացմանը և դրանց արդյունքների օգտագործմանը, ինչպես նաև համապատասխանության գնահատման մարմինների փոխադարձ համեմատական գնահատումներին մասնակցությունից հրաժարվելու և խուսափելու դեպքերին առնչվող հարցերը՝ համապատասխանության գնահատման մարմինները Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրից (այսուհետ՝ միասնական ռեեստր) հանելու և համապատասխան որոշում ընդունելու համար հիմքեր սահմանելու նպատակով։
3. Սահմանել, որ՝
ա) մինչև Կարգն ուժի մեջ մտնելը՝ միասնական ռեեստրում ներառված համապատասխանության գնահատման մարմինների վերաբերյալ տեղեկությունների պահպանումը և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) շահագրգիռ լիազորված մարմիններին դրանց տրամադրումն ապահովում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը.
բ) միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներին, միասնական անասնաբուժասանիտարական պահանջներին և (կամ) միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի փորձարկումներ իրականացնող փորձարկման հավատարմագրված լաբորատորիաները (կենտրոնները) միասնական ռեեստրում ներառվում են ըստ հավատարմագրման ազգային համակարգի շրջանակներում անդամ պետությունների հավատարմագրման մարմինների կողմից դրանց հավատարմագրման արդյունքների։
4. Անդամ պետությունների՝ հավատարմագրման ոլորտում լիազորված մարմիններին՝ մինչև Կարգն ուժի մեջ մտնելն ապահովել միասնական ռեեստրի ազգային մասերից համապատասխանության գնահատման մարմինների վերաբերյալ արդիականացված տեղեկությունների ներկայացումը Եվրասիական տնտեսական հանձնաժողով։
5. Դիմել անդամ պետություններին՝ մինչև Կարգն ուժի մեջ մտնելը համապատասխանության գնահատման մարմինները միասնական ռեեստրի ազգային մասերում ներառելու և միասնական ռեեստրի ազգային մասերում պարունակվող՝ համապատասխանության գնահատման մարմինների վերաբերյալ տեղեկություններն արդիականացնելու կանոնների սահմանումն ապահովելու խնդրանքով:
6. Ուժը կորցրած ճանաչել «Մաքսային միությունում տեխնիկական կանոնակարգման մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 319 որոշման 1-ին կետի երկրորդ պարբերությունը։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ Կարգի և սույն որոշման 6-րդ կետի։
Կարգը և սույն որոշման 6-րդ կետն ուժի մեջ են մտնում «Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների (այդ թվում՝ հավաստագրման մարմինների, փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների)) միասնական ռեեստրի ձևավորում և վարում» ընդհանուր գործընթացը գործողության մեջ դնելը նախատեսող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրացուցային օրը լրանալուց հետո, բայց 2019 թվականի հունիսի 1-ից ոչ ուշ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 100 որոշմամբ |
1. Սույն Կարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 5-րդ կետին համապատասխան, և դրանով սահմանվում են համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմինները (այդ թվում՝ հավաստագրման մարմինները, փորձարկման լաբորատորիաները (կենտրոնները)) Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում (այսուհետ համապատասխանաբար՝ միասնական ռեեստր, Միություն) ներառելու, դրանք ռեեստրից հանելու չափորոշիչները, միասնական ռեեստրը ձևավորելու ու վարելու, ինչպես նաև դրանում փոփոխություններ կատարելու կանոնները։
2. Կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) և «Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման աշխատանքների արդյունքները ճանաչելու մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 11 հավելված) սահմանված իմաստներով։
3. Միասնական ռեեստրն ընդհանուր տեղեկատվական ռեսուրս է, որում տեղեկություններ են պարունակվում համապատասխանության գնահատման մարմինների վերաբերյալ, և որի ձևավորումն ու վարումը Միության ինտեգրված համակարգի միջոցների օգտագործմամբ (այսուհետ՝ ինտեգրված համակարգ) էլեկտրոնային եղանակով իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ անդամ պետությունների հավատարմագրման մարմինների (այսուհետ՝ լիազորված մարմիններ) կողմից միասնական ռեեստրի ազգային մասերից Հանձնաժողով ներկայացվող տեղեկությունների հիման վրա՝ Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) և Հանձնաժողովի փոխգործակցության շրջանակներում։
4. Լիազորված մարմինները պարտավոր են ներկայացնել հավաստի տեղեկություններ՝ միասնական ռեեստրում ներառելու համար։
5. Միասնական ռեեստրի ձևավորումն ու վարումը ներառում են՝
ա) լիազորված մարմինների կողմից Հանձնաժողով տեղեկություններ ներկայացնելը համապատասխանության գնահատման հետևյալ մարմինների մասին՝
հավաստագրման մարմիններ, որոնք աշխատանքներ են իրականացնում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի կամ միասնական ձևով համապատասխանության հավաստագրերի և համապատասխանության հայտարարագրերի տրամադրմամբ համապատասխանության պարտադիր հաստատման ենթակա արտադրանքի միասնական ցանկում ներառված արտադրանքի համապատասխանության գնահատման մասով (այսուհետ համապատասխանաբար՝ հավաստագրման մարմիններ, միասնական ցանկ).
փորձարկման լաբորատորիաներ (կենտրոններ), որոնք իրականացնում են փորձարկումներ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի կամ միասնական ցանկում ներառված արտադրանքի մասով (այսուհետ՝ փորձարկման լաբորատորիաներ (կենտրոններ)).
տեսչական մարմիններ, որոնք աշխատանքներ են իրականացնում արտադրանքը շրջանառության մեջ դնելուց հետո Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին դրա համապատասխանության գնահատման մասով՝ տեխնիկական վիճակի գնահատման (տեխնիկական զննման) կամ հետազոտման ձևով (այսուհետ՝ տեսչական մարմիններ).
բ) համապատասխանության գնահատման մարմինները միասնական ռեեստրում ներառելը՝ դրանց համար նշելով «գործում է» կարգավիճակը։ Համապատասխանության գնահատման մարմինները միասնական ռեեստրում ներառելու ամսաթիվ է համարվում այդ մարմինների մասին տեղեկությունները Միության տեղեկատվական պորտալում հրապարակելու ամսաթիվը.
գ) միասնական ռեեստրում համապատասխանության գնահատման մարմինների մասին տեղեկություններն արդիականացնելը, ինչպես նաև պահպանելը.
դ) միասնական ռեեստրից տեղեկությունները Միության տեղեկատվական պորտալում հրապարակելը.
ե) ինտեգրված համակարգի միջոցների օգտագործմամբ շահագրգիռ լիազորված մարմիններին միասնական ռեեստրում պարունակվող տեղեկությունների հասանելիություն ապահովելը.
զ) համապատասխանության գնահատման մարմինները միասնական ռեեստրից հանելը՝ դրանց համար նշելով «հանվել է» կարգավիճակը։ Համապատասխանության գնահատման մարմինները միասնական ռեեստրից հանելու ամսաթիվ է համարվում լիազորված մարմնի կողմից համապատասխան որոշումն ընդունելու ամսաթիվը։
6. Միասնական ռեեստրի վարումն իրականացվում է ռուսերենով։
7. Միասնական ռեեստրը տեղեկություններ է պարունակում համապատասխանության գնահատման հետևյալ մարմինների մասին՝
ա) հավաստագրման մարմիններ.
բ) փորձարկման լաբորատորիաներ (կենտրոններ).
գ) տեսչական մարմիններ։
8. Հավաստագրման մարմինները միասնական ռեեստրում ներառվում են հետևյալ չափորոշիչներին համապատասխանելու դեպքում`
ա) անդամ պետության տարածքում դրա օրենսդրությանը համապատասխան որպես իրավաբանական անձ հավաստագրման մարմնի կամ այնպիսի կազմակերպության գրանցման առկայություն, որի կազմի մեջ է մտնում հավաստագրման մարմինը, և այդ պետության տարածքում գործունեության իրականացում.
բ) այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված գործող հավատարմագրման առկայություն, որի տարածքում գրանցված է հավաստագրման մարմինը.
գ) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի (Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման աշխատանքներ իրականացնող հավաստագրման մարմինների համար) կամ միասնական ցանկում ներառված արտադրանքի (միասնական ցանկում ներառված արտադրանքի համապատասխանության գնահատման աշխատանքներ իրականացնող հավաստագրման մարմինների համար) առկայություն հավատարմագրման բնագավառում.
դ) հավաստագրման մարմնի հաստիքացուցակում հավատարմագրման բնագավառին համապատասխան գործունեության բոլոր ուղղություններով համապատասխանության գնահատման ոլորտի այնպիսի փորձագետների (փորձագետ-աուդիտորների) առկայություն, որոնք աշխատանքային պայմանագրի հիման վրա համապատասխանության գնահատման գործունեություն են իրականացնում մեկ հավաստագրման մարմնում.
ե) լիազորված մարմնի կողմից տրված (տրամադրված) հավատարմագրման (հավատարմագրման վկայականի) գործողության ժամկետում՝ տարվա ընթացքում հայտնաբերված այնպիսի խախտումների բացակայություն, որոնք հանգեցնում են անդամ պետության օրենսդրության կամ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը (միասնական ռեեստրում ներառված արտադրանքի համար) կամ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը շրջանառության մեջ դնելուն, ինչպես նաև համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի մասսայական կամ կանոնավոր անհիմն տրամադրման դեպքերի։
զ) հավաստագրման մարմնի հաստիքացուցակում սույն կետի «ե» ենթակետում նշված խախտումներ թույլ տված անձանց բացակայություն։
9. Փորձարկման լաբորատորիաները (կենտրոնները) միասնական ռեեստրում ներառվում են հետևյալ չափորոշիչներին համապատասխանելու դեպքում`
ա) անդամ պետության տարածքում դրա օրենսդրությանը համապատասխան որպես իրավաբանական անձ փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) կամ այնպիսի կազմակերպության գրանցման առկայություն, որի կազմի մեջ է մտնում փորձարկման լաբորատորիան (կենտրոնը), և այդ պետության տարածքում գործունեության իրականացում․
բ) այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված գործող հավատարմագրման առկայություն, որի տարածքում գրանցված է փորձարկման լաբորատորիան (կենտրոնը).
գ) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի (Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի փորձարկումներ իրականացնող փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) համար) կամ միասնական ցանկում ներառված արտադրանքի (միասնական ցանկում ներառված արտադրանքի համապատասխանության մասով փորձարկումներ իրականացնող փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) համար) առկայություն հավատարմագրման բնագավառում.
դ) լիազորված մարմնի կողմից տրված (տրամադրված) հավատարմագրման (հավատարմագրման վկայականի) գործողության ժամկետում՝ տարվա ընթացքում հայտնաբերված այնպիսի խախտումների բացակայություն, որոնք հանգեցնում են անդամ պետության օրենսդրության կամ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը (միասնական ռեեստրում ներառված արտադրանքի համար) կամ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը շրջանառության մեջ դնելուն, ինչպես նաև փորձարկումների արձանագրությունների և այլ փաստաթղթերի մասսայական կամ կանոնավոր անհիմն տրամադրման դեպքերի, այդ թվում՝ այն արտադրանքի առնչությամբ, որի վրա փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) հավատարմագրման շրջանակը չի տարածվում։
ե) հավատարմագրման շրջանակում ներառված արտադրանքի (արտադրանքի խմբերի), ինչպես նաև միասնական ցանկում ներառված արտադրանքի բնութագրերի (ցուցանիշների)՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության մասով հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացում ապահովող շինությունների և սարքավորումների՝ օրինական հիմքով փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) տնօրինության տակ գտնվելը։
10. Տեսչական մարմինները միասնական ռեեստրում ներառվում են հետևյալ չափորոշիչներին համապատասխանելու դեպքում`
ա) անդամ պետության տարածքում դրա օրենսդրությանը համապատասխան որպես իրավաբանական անձ տեսչական մարմնի կամ այնպիսի կազմակերպության գրանցման առկայություն, որի կազմի մեջ է մտնում տեսչական ստուգման մարմինը, և այդ պետության տարածքում գործունեության իրականացում.
բ) այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված գործող հավատարմագրման առկայություն, որի տարածքում գրանցված է տեսչական մարմինը.
գ) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ենթակա ստուգման կամ արտադրանքի առկայություն հավատարմագրման բնագավառում.
դ) տեսչական մարմնի հաստիքացուցակում հավատարմագրման բնագավառին համապատասխան գործունեության բոլոր ուղղություններով այնպիսի մասնագետների առկայություն, որոնք աշխատանքային պայմանագրի հիման վրա համապատասխանության գնահատման գործունեություն են իրականացնում մեկ տեսչական մարմնում։
11. Սույն Կարգի 8-10-րդ կետերով նախատեսված չափորոշիչների հաշվառմամբ՝ միասնական ռեեստրի ազգային մասում համապատասխանության գնահատման մարմինները ներառելու (դրանից հանելու) մասին լիազորված մարմնի կողմից որոշում կայացնելու կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ։
12. Միասնական ռեեստրում ներառվում են հետևյալ տեղեկությունները՝
ա) հավաստագրման մարմինների համար՝
միասնական ռեեստրի ազգային մասում նշված նույնականացման եզակի համարը.
անվանումը (նաև իրավաբանական անձի անվանումը), գտնվելու վայրը (նաև իրավաբանական անձի հասցեն), ինչպես նաև գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (նաև իրավաբանական անձի), բաժանորդային արկղի համարը (առկայության դեպքում), ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարը, որը տրվում է իրավաբանական անձի՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան պետական գրանցման ժամանակ.
միասնական ռեեստրում կարգավիճակը («գործում է», «հանվել է»). միասնական ռեեստրում ներառելու (ռեեստրից հանելու) ամսաթիվը.
հավատարմագրման կարգավիճակը («գործում է», «մասնակիորեն կասեցվել է», «կասեցվել է», «դադարեցվել է»).
հավատարմագրման վկայականի գրանցման համարը, գրանցման ամսաթիվն ու գործողության ժամկետը.
հավաստագրման մարմնի հետ միասին իրավաբանական անձի կազմի մեջ մտնող փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) անվանումն ու հավատարմագրման վկայականի գրանցման համարը (առկայության դեպքում).
տեղեկություններ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այն փաստաթղթերի վերաբերյալ (անվանումը և տրման ամսաթիվը), որոնցով հաստատվում է, որ հավաստագրման մարմինը ձեռնարկում է համապատասխան միջոցներ (օրինակ՝ ապահովագրում կամ պահուստների ստեղծում)՝ իր գործունեության հետ կապված պատասխանատվությունն իրագործելու համար (առկայության դեպքում).
տեղեկություններ հավատարմագրման բնագավառի վերաբերյալ, այդ թվում՝
Միության տեխնիկական կանոնակարգերի անվանումները (Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման աշխատանքներ իրականացնող հավաստագրման մարմինների համար)՝ նշելով դրանց նշագրերը («ԵԱՏՄ ՏԿ» կամ «ՄՄ ՏԿ» հապավումները, հերթական համարը և ընդունման տարին).
հավատարմագրման շրջանակում ներառված արտադրանքի (արտադրանքի խմբերի) անվանումը (Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման աշխատանքներ իրականացնող հավաստագրման մարմինների համար՝ Միության յուրաքանչյուր տեխնիկական կանոնակարգի համար առանձին).
հավատարմագրման շրջանակում ներառված արտադրանքի (արտադրանքի խմբերի) ծածկագիրը (ծածկագրերը)՝ ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման աշխատանքներ իրականացնող հավաստագրման մարմինների համար՝ Միության յուրաքանչյուր տեխնիկական կանոնակարգի համար՝ առանձին).
բ) փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) համար՝
միասնական ռեեստրի ազգային մասում նշված նույնականացման եզակի համարը.
անվանումը (նաև իրավաբանական անձի անվանումը), գտնվելու վայրը (նաև իրավաբանական անձի հասցեն), ինչպես նաև գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (նաև իրավաբանական անձի), բաժանորդային արկղի համարը (առկայության դեպքում), ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարը, որը տրվում է իրավաբանական անձի՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան պետական գրանցման ժամանակ.
միասնական ռեեստրում կարգավիճակը («գործում է», «հանվել է»). միասնական ռեեստրում ներառելու (ռեեստրից հանելու) ամսաթիվը.
հավատարմագրման կարգավիճակը («գործում է», «մասնակիորեն կասեցվել է», «կասեցվել է», «դադարեցվել է»).
հավատարմագրման վկայականի գրանցման համարը, գրանցման ամսաթիվն ու գործողության ժամկետը.
տեղեկություններ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այն փաստաթղթերի վերաբերյալ (անվանումը և տրման ամսաթիվը), որոնցով հաստատվում է, որ փորձարկման լաբորատորիան (կենտրոնը) ձեռնարկում է համապատասխան միջոցներ (օրինակ՝ ապահովագրում կամ պահուստների ստեղծում) իր գործունեության հետ կապված պատասխանատվությունն իրագործելու համար (առկայության դեպքում).
տեղեկություններ հավատարմագրման բնագավառի վերաբերյալ, այդ թվում՝
Միության տեխնիկական կանոնակարգերի անվանումները (Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի փորձարկումներ իրականացնող փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) համար)՝ նշելով դրանց նշագրերը (այն փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) համար, որոնց դեպքում Միության տեխնիկական կանոնակարգերի անվանումները չեն նշվում՝ անդամ պետությունների՝ հավատարմագրման բնագավառում օրենսդրությանը համապատասխան՝ որպես տեղեկատվություն).
հավատարմագրման շրջանակում ներառված և Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի (արտադրանքի խմբերի) անվանումը (Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի փորձարկումներ իրականացնող փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) համար՝ Միության յուրաքանչյուր տեխնիկական կանոնակարգի համար առանձին) կամ միասնական ցանկում ներառված արտադրանքի (արտադրանքի խմբերի) (միասնական ցանկում ներառված արտադրանքի համապատասխանության մասով փորձարկումներ իրականացնող փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) համար).
Արտադրանքի՝ որոշվող բնութագրերը (ցուցանիշները), այդ բնութագրերը (ցուցանիշները) որոշելու համար հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների մեթոդներ պարունակող նորմատիվ փաստաթղթերի նշագրերը և, անհրաժեշտության դեպքում, հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների մեթոդների անվանումները.
գ) տեսչական մարմինների համար՝
միասնական ռեեստրի ազգային մասում նշված նույնականացման եզակի համարը.
անվանումը (նաև իրավաբանական անձի անվանումը), գտնվելու վայրը (նաև իրավաբանական անձի հասցեն), ինչպես նաև գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (նաև իրավաբանական անձի), բաժանորդային արկղի համարը (առկայության դեպքում), ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարը, որը տրվում է իրավաբանական անձի՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան պետական գրանցման ժամանակ.
միասնական ռեեստրում կարգավիճակը («գործում է», «հանվել է»). միասնական ռեեստրում ներառելու (ռեեստրից հանելու) ամսաթիվը.
հավատարմագրման կարգավիճակը («գործում է», «մասնակիորեն կասեցվել է», «կասեցվել է», «դադարեցվել է»).
հավատարմագրման վկայականի գրանցման համարը, գրանցման ամսաթիվն ու գործողության ժամկետը.
տեղեկություններ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այն փաստաթղթերի վերաբերյալ (անվանումը և տրման ամսաթիվը), որոնցով հաստատվում է, որ տեսչական մարմինը ձեռնարկում է համապատասխան միջոցներ (օրինակ՝ ապահովագրում կամ պահուստների ստեղծում) իր գործունեության հետ կապված պատասխանատվությունն իրագործելու համար (առկայության դեպքում).
տեղեկություններ հավատարմագրման բնագավառի վերաբերյալ, այդ թվում՝
Միության տեխնիկական կանոնակարգերի անվանումները՝ նշելով դրանց նշագրերը.
հավատարմագրման շրջանակում ներառված արտադրանքի անվանումը (Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատում իրականացնող տեսչական մարմինների համար՝ Միության յուրաքանչյուր տեխնիկական կանոնակարգի համար առանձին)։
13. Լիազորված մարմինները ոչ ուշ, քան համապատասխանության գնահատման մարմինների մասին տեղեկությունները միասնական ռեեստրի ազգային մասում ներառելու վերաբերյալ որոշումն ընդունելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում ինտեգրված համակարգի միջոցների օգտագործմամբ Հանձնաժողով են ներկայացնում սույն Կարգի 12-րդ կետում նշված տեղեկությունները՝ միասնական ռեեստրում ներառելու համար։
14. Միասնական ռեեստրում պարունակվող տեղեկությունների արդիականացման նպատակով՝ լիազորված մարմինն ինտեգրված համակարգի միջոցների օգտագործմամբ սույն Կարգի 12-րդ կետում նշված՝ համապատասխանության գնահատման մարմնի վերաբերյալ արդիականացված տեղեկությունները Հանձնաժողով է ներկայացնում ոչ ուշ, քան միասնական ռեեստրում այդ տեղեկությունները փոփոխելու վերաբերյալ որոշում ընդունելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։
15. Համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման գործողության ժամկետը լրանալու կամ գործողությունը չեղարկելու դեպքում լիազորված մարմինը սույն Կարգի 14-րդ կետին համապատասխան արդիականացված տեղեկությունները ներկայացնելիս նշում է այդ մարմնի կարգավիճակը՝ «հանվել է», ինչպես նաև այդ որոշումն ընդունելու ամսաթիվը։ Ընդ որում, նշվում են հավատարմագրման կարգավիճակը՝ «դադարեցվել է», ինչպես նաև հավատարմագրման գործողության ժամկետը լրանալու ամսաթիվը կամ հավատարմագրման գործողությունը չեղարկելու ամսաթիվն ու պատճառը։
16. Համապատասխանության գնահատման մարմնի՝ հավատարմագրման ամբողջ շրջանակի մասով հավատարմագրման գործողությունը կասեցնելու դեպքում լիազորված մարմինը սույն Կարգի 14-րդ կետին համապատասխան արդիականացված տեղեկությունները ներկայացնելիս նշում է այդ մարմնի հավատարմագրման կարգավիճակը՝ «կասեցվել է», ինչպես նաև այդ որոշումն ընդունելու ամսաթիվն ու պատճառը։ Ընդ որում, միասնական ռեեստրում համապատասխանության գնահատման մարմնի կարգավիճակը չի փոփոխվում։
Համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման գործողությունը վերականգնելու դեպքում լիազորված մարմինը սույն Կարգի 14-րդ կետին համապատասխան արդիականացված տեղեկությունները ներկայացնելիս նշում է այդ մարմնի հավատարմագրման կարգավիճակը՝ «գործում է», ինչպես նաև հավատարմագրման գործողությունը վերականգնելու ամսաթիվն ու պատճառը և հավատարմագրման գործող շրջանակը, եթե այն չի փոփոխվել։
17. Համապատասխանության գնահատման մարմնի՝ հավատարմագրման շրջանակի մի մասով հավատարմագրման գործողությունը կասեցնելու դեպքում լիազորված մարմինը սույն Կարգի 14-րդ կետին համապատասխան արդիականացված տեղեկությունները ներկայացնելիս նշում է հավատարմագրման շրջանակի կասեցված մասը, ինչպես նաև այդ որոշումն ընդունելու ամսաթիվն ու պատճառը։
Համապատասխանության գնահատման մարմնի՝ հավատարմագրման շրջանակի կասեցված մասով հավատարմագրման գործողությունը վերականգնելու դեպքում լիազորված մարմինը սույն Կարգի 14-րդ կետին համապատասխան արդիականացված տեղեկությունները ներկայացնելիս նշում է հավատարմագրման շրջանակի գործող մասը, ինչպես նաև այդ որոշումն ընդունելու ամսաթիվն ու պատճառը։
18. Համապատասխանության գնահատման մարմինը միասնական ռեեստրից հանում է Հանձնաժողովը՝ լիազորված մարմնի կողմից ներկայացված՝ համապատասխանության գնահատման մարմինը միասնական ռեեստրի ազգային մասից հանելու վերաբերյալ տեղեկությունների հիման վրա։
Համապատասխանության գնահատման մարմինները միասնական ռեեստրից հանվում են սույն Կարգի համապատասխանաբար 8-րդ, 9-րդ կամ 10-րդ կետերով նախատեսված չափորոշիչներից անգամ մեկին չհամապատասխանելու դեպքում։
19. Համապատասխանության գնահատման մարմինը միասնական ռեեստրի ազգային մասից հանելու դեպքում լիազորված մարմինը սույն Կարգի 14-րդ կետին համապատասխան արդիականացված տեղեկությունները ներկայացնելիս նշում է համապատասխանության գնահատման մարմնի կարգավիճակը՝ «հանվել է», ինչպես նաև այդ որոշումն ընդունելու ամսաթիվն ու պատճառը։
20. Միասնական ռեեստրում պարունակվող տեղեկությունները բաց են և հանրամատչելի։
21. Շահագրգիռ անձանց պահանջով միասնական ռեեստրում ներառված համապատասխանության գնահատման մարմինների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումն իրականացվում է լիազորված մարմինների կողմից՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
22. Համապատասխանության գնահատման մարմինը միասնական ռեեստրում ներառելու (դրանից հանելու) հետ կապված հարցերի շուրջ բողոքներն ու հարցումներն ուսումնասիրվում են լիազորված մարմինների կողմից՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: