ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 2021 թվականի N 1834-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1514-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետում «2021 թվականի դեկտեմբերի 20-ը» բառերը փոխարինել «2022 թվականի հունիսի 20-ը» բառերով.
2) որոշման հավելվածի 2-րդ կետում «սերտիֆիկատ չունեցող անձանց» բառերը փոխարինել «սերտիֆիկատ չունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստականի կարգավիճակ ունեցող անձանց» բառերով.
3) որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք բացի սույն հավելվածի 2-րդ և 2.1-ին կետերով սահմանված սերտիֆիկատի և պատվաստման սերտիֆիկատի առկայության և զննության արդյունքներով հոսպիտալացման ենթարկվելու դեպքերից, մյուս բոլոր դեպքերում ենթակա են ՊՇՌ հետազոտության համար նմուշառման՝ օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը:».
4) որոշման հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստականի կարգավիճակ ունեցող անձանց) սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված սերտիֆիկատ կամ 2․1-ին կետով սահմանված պատվաստման սերտիֆիկատ չունենալու (չներկայացնելու) դեպքում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելն արգելվում է։».
5) որոշման հավելվածի 4-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.2-րդ կետով.
«15.2. Քրեակատարողական հիմնարկներում արգելվում են տեսակցությունները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի): Սույն կետով սահմանված սահմանափակումը չի տարածվում օրենսդրությամբ սահմանված՝ իրենց լիազորությունների և գործառույթների իրականացման կապակցությամբ իրավասու անձանց և մարմինների՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով, Մարդու իրավունքների պաշտպանի և նրա իրավասու ներկայացուցչի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից համապատասխան վայրեր կատարվող այցելությունների նկատմամբ:».
6) որոշման հավելվածի 4-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին կետով.
«17.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են`
1) տեսակցությունները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի)․
2) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումները և արձակուրդները (բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ ընտանիքի անդամի ծանր հիվանդության կամ մահվան, կամ 9-րդ մասով սահմանված, ինչպես նաև 11-րդ մասի համաձայն՝ 15 օրացուցային օրից ավելի տրվող վերականգնողական արձակուրդների):»:
2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետն ուժի մեջ է մտնում 2021 թվականի դեկտեմբերի 20-ից, 2-րդ, 3-րդ, 4-րդ ենթակետերը՝ 2021 թվականի դեկտեմբերի 1-ից, 5-րդ, 6-րդ ենթակետերը՝ սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
11.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|