ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/0253/01/19 |
Գործ թիվ ԵԴ/0253/01/19 |
Նախագահող դատավոր՝ | Ա. Նիկողոսյան |
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Լ. Թադևոսյանի | |
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
2021 թվականի հուլիսի 30-ին |
ք. Երևանում |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հունիսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի, տուժողներ Ա.Հարությունյանի, Ս.Հովհաննիսյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի, տուժող Ա.Ավագյանի ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տ.Եգորյանի և Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանի վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2008 թվականի մարտի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը։
Նախաքննության մարմնի` 2009 թվականի մարտի 24-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և միացվել թիվ 62202608 քրեական գործին:
Նախաքննության մարմնի` 2009 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 62203909 քրեական գործը և միացվել թիվ 62202608 քրեական գործին:
1.1. Նախաքննության մարմնի` 2018 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և միացվել թիվ 62202608 քրեական գործին:
Նախաքննության մարմնի` 2018 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ Ռ.Քոչարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել ու լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
1․2․ 2019 թվականի փետրվարի 14-ին որոշում է կայացվել քրեական գործից մեղադրյալներ Ռ․Քոչարյանի, Յու․Խաչատուրովի, Ա․Գևորգյանի և Ս․Օհանյանի վերաբերյալ թիվ 62202919 քրեական գործն անջատելու մասին։
1․3․ 2019 թվականի ապրիլի 29-ին թիվ 62202919 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
2. Գործի դատական քննության ընթացքում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2020 թվականի մայիսի 13-ի որոշմամբ պաշտպաններ Հ.Ալումյանի և Ա.Վարդևանյանի միջնորդությունները՝ Ռ.Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու, որպես խափանման միջոց անձնական երաշխավորություն ընտրելու, խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ, մերժվել է:
3. Պաշտպաններ Ռ.Սահակյանի և Հ.Խուդոյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2020 թվականի հունիսի 18-ի որոշմամբ պաշտպան Հ.Խուդոյանի բողոքները բավարարել է, իսկ պաշտպան Ռ.Սահակյանի բողոքը բավարարել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի մայիսի 13-ի որոշումը մասնակիորեն բեկանել և փոփոխել է, բավարարել է պաշտպան Ա.Վարդևանյանի միջնորդությունը, վերացրել է ամբաստանյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել գրավը` 2.000.000.000 (երկու միլիարդ) ՀՀ դրամի չափով:
4. Վերը նշված որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը, տուժողներ Ա.Հարությունյանի, Ս.Հովհաննիսյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանը, տուժող Ա.Ավագյանի ներկայացուցիչ Ս.Սաֆարյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տ.Եգորյանը և Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանը: Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:
4.1. ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացվել ամբաստանյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Հ.Ալումյանի և Ա.Վարդևանյանի կողմից: Պաշտպանները խնդրել են վճռաբեկ բողոքը մերժել: Պաշտպան Հ.Ալումյանը պատասխան է ներկայացրել նաև տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Ա.Ղարագյոզյանի, Ս.Սաֆարյանի և Տ.Եգորյանի վճռաբեկ բողոքների կապակցությամբ` խնդրելով դրանք թողնել առանց քննության՝ նկատի ունենալով, որ վերջիններս իրավասու չեն վճռաբեկության կարգով բողոքարկելու ամբաստանյալի խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացվել նաև տուժողի ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի կողմից: Վերջինս խնդրել է պաշտպան Հ.Ալումյանի վճռաբեկ բողոքը մերժել:
ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքի կապակցությամբ պաշտպան Հ․Ալումյանը 2021 թվականի հուլիսի 28-ին կրկին ներկայացրել է գրավոր պատասխան՝ նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազը Վերաքննիչ դատարանի դատական ակտը բողոքարկել է մասնակի՝ գրավը որպես խափանման միջոց կիրառելու մասով, հետևաբար վերջինիս բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը չի կարող քննության առարկա դարձնել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18-ի որոշումը՝ Ռ․Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնելու մասով։
Մեղադրանքի կողմի վճռաբեկ բողոքների կապակցությամբ պաշտպան Հ․Ալումյանը լրացուցիչ պատասխան է ներկայացրել նաև 2021 թվականի հուլիսի 29-ին։
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Նախաքննության մարմնի կողմից Ռոբերտ Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքների համար. «(…) [Ռոբերտ Քոչարյանը], 1998 թվականի ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927.000.000 ՀՀ դրամին համարժեք 3.000.000 ԱՄՆ դոլար կաշառք, որոնք արտահայտվել են հետևյալում.
2008 թվականի փետրվարի 19-ին անցկացվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունը, որի նախապատրաստումը և անցկացումը մեծ դժգոհություններ են առաջացրել բազմաթիվ քաղաքացիների մոտ: Տարբեր հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպան կառույցներ, որոնց թվում՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների հանձնակատարը և բազմահազար քաղաքացիներ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները վերագրել են Հայաստանի Հանրապետության այդ ժամանակ գործող Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նույն ժամանակ գործող վարչապետ, Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցներին: Ըստ նրանց՝ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ապօրինությունները խախտել են Հայաստանի Հանրապետության այդ ժամանակ գործող Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված՝ ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, որի արդյունքում ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից, ինչով պայմանավորված, 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած, Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել և անցկացվել են քաղաքացիների՝ այդ ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով երաշխավորված խաղաղ, առանց զենքի հավաքներ:
Հավաքների դուրս եկած բազմահազար քաղաքացիները պահանջել են անվավեր ճանաչել, իրենց կարծիքով՝ կեղծված ընտրությունները, չեղարկել ընտրական տեղամասերից ստացված արդյունքները: Միաժամանակ, ՀՀ գործող իշխանություններից ակնկալել են, որ կպահպանվի սահմանադրական կարգը, այն է՝ կապահովվի մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների իրացման հնարավորությունը և պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք կգործեն ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան:
Հասարակության լայն շրջանակներում աճող դժգոհությունը և խաղաղ հավաքներին մարդկանց նոր զանգվածների ներգրավումը լուրջ անհանգստություն է պատճառել գործող իշխանություններին: Այն բանից հետո, երբ հավաքների թվացյալ ոչ իրավաչափ լինելու մասին ոստիկանության հայտարարություններով և կոչերով հնարավոր չի եղել խոչընդոտել շուրջօրյա խաղաղ հավաքների անցկացումը, ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկալի իշխանական համակարգը պահելու համար՝ իշխանությունն իր մտերիմ Սերժ Սարգսյանին ցանկացած եղանակով հանձնելու, ընթացող իրավական, քաղաքական գործընթացների վրա բազմամարդ հավաքների ազդեցության՝ իր համար անցանկալի հետևանքները ցանկացած եղանակով կանխելու, ընտրության արդյունքների վիճարկման իրավական գործընթացներն ապօրինի վերահսկելու նպատակով, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և այլ անձանց հետ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի օժանդակությամբ իրականացրել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ՝ զինված ուժերի, ապօրինի զինված քաղաքացիական անձանց հետընտրական քաղաքական հարցերում հանցավոր ներգրավմամբ, ինչպես նաև ակնհայտորեն իրենց լիազորությունների շրջանակից դուրս դիտավորյալ այլ գործողություններով, քաղաքացիների հիմնական իրավունքների անհիմն և ապօրինի խախտմամբ և սահմանափակմամբ երկրում փաստացի վերացրել են սահմանադրական կարգի համապատասխան հիմնադրույթները՝ յուրացնելով իշխանությունը:
Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունները հանգեցրել են 2008 թվականին գործող Սահմանադրության 1-ին հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական և իրավական պետություն է, 2-րդ հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, 3-րդ հոդվածով նախատեսված՝ պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, 5-րդ հոդվածով նախատեսված՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով և 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն, նորմերը փաստացի վերացնելով, այդ ժամանակահատվածում իրավական համակարգում դրանց գործողության դադարեցմամբ, որն արտահայտվել է ՀՀ Նախագահի ընտրություններին հաջորդող՝ 2008թ. փետրվարի 23-ից մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում ժողովրդավարական և իրավական պետությունում ժողովրդին պատկանող իշխանության իրացման միջոցներ հանդիսացող՝ ՀՀ-ում քաղաքացու՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան երաշխավորված՝ իր կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատության, խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու, իրավական և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները՝ վերը նշված պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների սահմանազանցմամբ խախտելով:
Այսպես.
ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և այլ անձանց հետ հանցակցությամբ, խախտելով 2008 թվականին գործող ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածն այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը, զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո», ինչպես նաև Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետն այն մասին, որ Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում կարող է ՀՀ Նախագահը հայտարարել ռազմական դրություն և որոշում ընդունել զինված ուժերի օգտագործման մասին, զինված ուժերն օգտագործել է քաղաքական հարցերում՝ խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ:
Մասնավորապես.
ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մտադրություն ունենալով ցանկացած եղանակով իշխանությունը փոխանցել Սերժ Սարգսյանին, օգտվելով այն հանգամանքից, որ ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է և համակարգում է պաշտպանության բնագավառում պետական մարմինների գործունեությունը, 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ խորհրդակցություն է անցկացրել և, ակնհայտ անցնելով իր լիազորությունները, բանավոր հրահանգել է՝ զորքերը բերել մարտական պատրաստվածության՝ հաջորդ օրը՝ ժամը 00:00-ից, հայտարարելով արտակարգ դրություն սահմանելու մասին: Առաջադրված խնդիրների և տրված ակնհայտ ապօրինի հանձնարարության կատարումն ապահովելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը նույն օրը ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը: Չնայած այդ պահին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ընտրության վերջնական արդյունքները դեռևս ամփոփված և հրապարակված չեն եղել, սակայն Միքայել Հարությունյանի արձակած հրամանում խաղաղ ցուցարարները բնորոշվել են որպես «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակն ապակայունացնող քաղաքական ուժեր»: Նույն հրամանով հանձնարարվել է «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին՝ ժամը 18:00-ից, տեղափոխել զորանոցային վիճակի, ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքերով, իսկ Երևանի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի հետագա գործունեության ապահովման նպատակով ստեղծվել է կայազորի պետի վարչակազմ:
Նշված հրամանով ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների պետերին, առանձին զորամասերի հրամանատարներին հանձնարարվել է ստեղծել բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, այդ ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն ծառայողներով, նրանց զինել հրաձգային զենքերով: 2008 թվականի փետրվարի 23-ի դրությամբ ակնհայտ խաղաղ բնույթ կրող հավաքներ անցկացվելու պայմաններում հիշյալ հրամանով հանձնարարվել է նշանակված ստորաբաժանումներին հատկացնել զինամթերք, իսկ անձնակազմը հանդերձավորել սաղավարտներով և զրահաբաճկոններով: Նշված ուժերի և միջոցների՝ Երևանի կայազորի պետի ենթակայության տակ անցնելու ժամկետ է սահմանվել 2008 թվականի փետրվարի 24-ի՝ ժամը 11:00-ն: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետին էլ հանձնարարվել է՝ Երևանի կայազորի տարածքում տեղակայվող յուրաքանչյուր ստորաբաժանմանը հատկացնել անհրաժեշտ ուժեր և միջոցներ, ապահովել ժամանող ուժերի և միջոցների ուղեկցումը մինչև նշանակության վայրեր:
Դրանից հետո ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2008 թվականի փետրվարի 24-ին ամփոփել է ընտրության արդյունքները և ընդունել իր թիվ 24-Ա որոշումը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը:
Երևան քաղաքում խաղաղ հանրահավաքները շարունակվել են, որոնց մասնակիցները պահանջել են քվեարկության արդյունքների վերահաշվարկ կատարել:
ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ և ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի՝ 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ 0038 հրամանի համաձայն՝ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման շրջանակներում, այդ հրամանով ձևավորված զինվորական կառավարման ապօրինի նոր կառույցի կազմակերպմամբ, փետրվարի 24-ի գիշերն իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ` զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ, զինված և զրահատեխնիկայով համալրված, դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից, այդ թվում՝ սահմանային մարտական հերթափոխ իրականացնող զորամասերից, և տեղափոխվել Երևան քաղաքում կամ մայրաքաղաքի մերձակայքում տեղակայված զորամասեր: Մասնավորապես, ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի համապատասխան զորամասից 111 պայմանագրային զինծառայողներ, Մուրադ Աբրահամյանի հրամանատարությամբ, դեռևս 2008 թվականի փետրվարի 24-ի գիշերը և փետրվարի 25-ին դուրս են բերվել իրենց մշտական տեղակայման վայրից, տեղափոխվել են Երևանի մերձակայքում տեղակայված հրետանու բրիգադ, որտեղ իրականացրել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ: Այնուհետև, 2008 թվականի փետրվարի 27-ից 28-ը նշված անձնակազմը տեղափոխվել է Երևան և տեղակայվել Հանրապետության հրապարակում՝ Մելիք-Ադամյան փողոցի երկայնքով: Նույն կերպ իրենց տեղակայման վայրերից դուրս են բերվել և Երևան քաղաք տեղափոխվել ՀՀ ԶՈՒ բանակային մյուս կորպուսների զորամասերից պայմանագրային և սպայական անձնակազմից կազմված հավաքական ստորաբաժանումներ, որոնք տեղակայվել են. 3-րդ բանակային կորպուսի 4 զորամասերից, ընդհանուր՝ շուրջ 100 (յուրաքանչյուր զորամասից 20-25), այդ թվում՝ մարտական հերթապահություն իրականացնող, հանգստացող հերթափոխի մեջ գտնվող սպաները և պայմանագրային զինծառայողները՝ 2008 թվականի փետրվարի 24-ից՝ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին գտնվող ՀՀ ՊՆ թիկունքի զորամասում, որտեղ իրականացրել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ, այնուհետև՝ մարտի 1-ին՝ ժամը 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, տեղափոխվել են Հանրապետության հրապարակ: 1-ին բանակային կորպուսի ստորաբաժանումները՝ ընդհանուր 114 հոգի, և 4-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները՝ ընդհանուր 87 հոգի, 2008 թվականի փետրվարի 24-ի գիշերը տեղափոխվել են ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի մշտական տեղակայման վայր՝ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջան, որտեղ վերջիններս նույնպես իրականացրել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ, իսկ մարտի 1-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, տեղափոխվել են Երևանի Հանրապետության հրապարակ: 4-րդ բանակային կորպուսի Արարատի գնդի ստորաբաժանումը՝ շուրջ 70 զինծառայողներով և 6 «ԲՌԴՄ» տեսակի զրահափոխադրիչներով, տեղակայվել են Երևան-Մասիս ավտոճանապարհին, իսկ 5-րդ բանակային կորպուսը՝ Երևան քաղաքի իրենց մշտական տեղակայման վայրերում:
Նույն ժամանակահատվածում Երևան քաղաք է տեղափոխվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շուրջ 1000 պայմանագրային զինծառայողներից և սպաներից կազմված համահավաք գումարտակ: Նշված ծառայողների մի մասը տեղակայվել է ՀՀ Կառավարության վարչական շենքի նկուղային տարածքում, իսկ մյուս մասը՝ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում: Երևան քաղաքում տեղակայվելուց հետո, Արցախի Հանրապետության ՊԲ զինծառայողներին տրամադրվել է ՀՀ ՊՆ համազգեստ, իսկ տրանսպորտային միջոցների «ՊԲ» համարանիշերը փոխարինվել են «ՊՆ» համարանիշերով՝ քողարկելով այդ ուժերի ապօրինի ներգրավման հանգամանքը:
Բացի այդ, Երևան քաղաք են տեղափոխվել և «Հրազդան» հյուրանոցում տեղակայվել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ջոկատի շուրջ 20 ծառայողներ:
Երևանի կայազորի ենթակայության տակ ժամանած վերը նշված համահավաք ստորաբաժանումները զինվել են մարտական գործողությունների ժամանակ յուրաքանչյուր զինծառայողին հասանելիք, տարբեր տեսակի հրազեններով և համապատասխան սպառազինությամբ՝ մեկ մարտական հաշվարկով:
2008 թվականի փետրվարին, հիշյալ ստորաբաժանումների՝ Երևան քաղաքում և մերձակա բնակավայրերում գտնվող զորամասերում տեղակայվելուց հետո, Սեյրան Օհանյանն այցելել է այդ զինծառայողներին, տեղում ստուգել է հանրահավաքները ցրելու պարապմունքների ընթացքը, միաժամանակ, արդարացնելով վերջիններիս ներգրավվածությունը ներքաղաքական գործընթացներին՝ անձնակազմերի հետ ունեցել է ոգևորիչ և խրախուսող կոչեր պարունակող ելույթներ: Մասնավորապես, Սեյրան Օհանյանը նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջն են համախմբել թմրամոլներ, խառնակիչներ ու հանցավոր տարրեր, ովքեր ցանկանում են երկրում հեղաշրջում կատարել: Գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի հրամանն է՝ պահպանել Հայաստանի պետականությունը, բանակի խնդիրն է՝ մնալ գերագույն գլխավոր հրամանատարի կողքին, թույլ չտալ երկրում իրավիճակի ապակայունացումն և հեղաշրջումը, ապահովել կայունությունը:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը և թիվ 0038 հրամանով ստեղծված վարչակազմը տեղակայվել են ՀՀ կառավարության շենքում: Նա վարչակազմում ընդգրկված՝ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կարևորագույն վարչությունների և առանձին բաժինների միջոցով կազմակերպել է կայազորի աշխատանքները, ապահովել զինվորական կարգապահությունը, անհրաժեշտ պայմաններ ստեղծել զորքերի ամենօրյա կենսագործունեության և պատրաստության համար, անցկացրել զորքերի մասնակցությամբ կայազորային միջոցառումներ, ինչպես նաև հսկողություն սահմանել Երևան քաղաք տեղափոխված ռազմական տեխնիկայի, նյութական այլ միջոցների պահպանության նկատմամբ: Այդ նպատակով Յուրի Խաչատուրովը մշակել է ծրագրեր, արձակել կարգադրություններ և հրամաններ, որոնցով իր տրամադրության տակ անցած ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների զինծառայողներից կազմել է առանձին դասակներ, յուրաքանչյուրը՝ 30 հոգի կազմով, նշանակել հրամանատարներ, որոնք տեղաբաշխվել են Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում, ինչպես նաև Երևան քաղաք մտնող ճանապարհներին՝ կոնկրետ խնդիրներ իրականացնելու համար:
Մասնավորապես, Յուրի Խաչատուրովի հրահանգով ՀՀ ՊՆ 2-րդ և 4-րդ բանակային կորպուսների ստորաբաժանումները, որպես ոստիկանության զորքերին օգնական ուժեր, մարտի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում տեղափոխվել են Պարոնյան և Լեո փողոցներ, իսկ 1-ին, 3-րդ և 5-րդ բանակային կորպուսների, ինչպես նաև ՊՆ կենտրոնական ապարատի տարբեր վարչություններից կազմավորված ստորաբաժանումները՝ Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում և Երևան քաղաք մտնող ավտոճանապարհներին տեղակայված «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պահակակետերում իրականացրել են պարեկապահակակետային ծառայություն: Իր գործունեության ընթացքում Յուրի Խաչատուրովը համագործակցել է ինչպես ՀՀ ոստիկանության, այնպես էլ այլ պետական մարմինների հետ:
Այդ ընթացքում տեղի ունեցող քաղաքացիների խաղաղ, առանց զենքի հավաքներին զուգահեռ Հանրապետության Նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը, համապատասխանաբար՝ 2008 թվականի փետրվարի 27-ին և 29-ին, ՀՀ Նախագահի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումներ են ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի՝ «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» թիվ 24-Ա որոշումը:
2008 թվականի փետրվարի 29-ին՝ Ռոբերտ Քոչարյանը Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ընթացքում, ընտրության արդյունքներից դժգոհ քաղաքացիների կողմից Երևանի Ազատության հրապարակում անցկացվող խաղաղ ցույցերը որակել է «թատերական բեմադրություն» և որպես այդ ցույցերը դադարեցնելու տարբերակ է նշել ոստիկանական գործողություններ կիրառելով՝ այդ հրապարակը մաքրելը:
Նույն օրը՝ երեկոյան, Ազատության հրապարակում խաղաղ հավաք անցկացնող քաղաքական ուժերի առաջնորդների ելույթներում անդրադարձ է կատարվել նաև գործող Նախագահի կողմից խաղաղ հավաքը, դրանով իսկ քաղաքացու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքի իրացումը որպես թատերական բեմականացում որակելու հանգամանքին, ապա հայտարարվել, որ 2008 թվականի մարտի 1-ին նախատեսվում է ավելի բազմամարդ հավաքի անցկացում՝ նկատի ունենալով նաև, որ այն ոչ աշխատանքային օր է:
Ընտրությունների արդյունքներից բողոքող անձանց թվի շարունակական աճից վտանգ կանխազգալով՝ հավանական բազմամարդ հավաքի անցկացումը խոչընդոտելու, քաղաքական ոչ բռնի իրադարձությունները, ընտրությունների արդյունքները չեղարկելու քաղաքացիների պահանջը վերջնական ճնշելու և ցանկալի իշխանական համակարգը պահելու նպատակով, ՀՀ քաղաքացու՝ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների (խաղաղ հավաք անցկացնելու, ազատ տեղաշարժման և այլն) իրացումն արգելելու, դրանով իսկ ՀՀ Սահմանադրության՝ այդ իրավունքները նախատեսող նորմերը փաստացի վերացնելու դիտավորությամբ, Ռոբերտ Քոչարյանի գիտությամբ, 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ոստիկանության շուրջ 1200 ծառայողներ, Ազատության հրապարակում նստացույց իրականացնող հարյուրավոր խաղաղ ցուցարարներին բռնությամբ ցրելու նպատակով, ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ ապօրինի գործադրելով, հարկադրաբար հիշյալ հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին: Նստացույց անող անձանց Ազատության հրապարակից բռնությամբ տարհանելուց հետո, ոստիկանական ուժերը շարունակել են բռնության գործադրմամբ հետապնդել նրանց քաղաքի կենտրոնական հատվածներում քաղաքացիների կուտակումները՝ հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու համար: Դրա արդյունքում ցուցարարներն ստիպված հանգրվանել են Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում՝ որպես դեսպանատներով շրջապատված անվտանգ տարածք:
Հետագայում, ոստիկանության կողմից կատարված հիշյալ գործողությունների օրինական լինելու պատրանք ստեղծելու, այդ գործողությունները, իբրև իրավաչափ ներկայացնելու նպատակով, ոստիկանության մի խումբ ծառայողներ հետին ամսաթվով՝ 2008 թվականի փետրվարի 29-ի թվագրմամբ, կազմել, ստորագրել և շրջանառության մեջ են դրել ակնհայտ կեղծ, իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ պաշտոնական փաստաթղթեր առ այն, իբրև ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ստացվել են տեղեկություններ Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին: Նույն ժամանակահատվածում կազմվել է «տեղանքի հետազոտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին ակնհայտ կեղծ փաստաթուղթ՝ մինչ այդ իրականացված՝ խաղաղ ցույցը ցրելու ապօրինի գործընթացը՝ որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում ներկայացնելու նպատակով:
Նշված գործողություններից հետո խաղաղ ցուցարարների թիվը սկսել է աճել և, արդեն ցերեկը, ՀՀ Նախագահ և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի գիտությամբ և ի կատարումն 2008 թվականի փետրվարի 23-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարությունների, ՀՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումները, իրենց տեխնիկայով, ինքնաձիգներով զինված, տեղակայվել են Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծ, Մելիք-Ադամյան և մայրաքաղաքի կենտրոնական այլ փողոցներում:
Մայրաքաղաքում տեղի ունեցող ներքաղաքական խաղաղ գործընթացները ճնշելու նպատակով զինված ուժերի ապօրինի ներգրավման շարունակվող գործողություններին օրինական տեսք տալու նպատակով 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, համաձայն ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածի, պարտավոր լինելով հրապարակել ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին չհակասող հրամանագրեր, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի խախտմամբ՝ սահմանադրական կարգին անմիջական վտանգի սպառնալիքի բացակայության պայմաններում, ընդունել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՆՀ-35-Ն հրամանագիրը: Նշված հրամանագրով Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից 20 օրով հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից բացի, վերապահվել է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
Միաժամանակ, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորություններից, խախտելով ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով սահմանված դրույթն առ այն, որ մարդու և քաղաքացու առանձին հիմնական իրավունքներն ու ազատությունները կարող են ժամանակավորապես սահմանափակվել միայն օրենքով սահմանված կարգով, ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում, արտակարգ դրության իրավական ռեժիմը կարգավորող օրենք Հայաստանի Հանրապետությունում ընդունված չլինելու պայմաններում, Ռոբերտ Քոչարյանն իր՝ վերը նշված հրամանագրով ապօրինի սահմանել է արտակարգ դրության ռեժիմ՝ դրանում ներառելով այնպիսի միջոցառումներ և ժամանակավոր սահմանափակումներ նախատեսող գործողություններ, որպիսիք նախատեսված են եղել 2006 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, հրամանագրի 4-րդ կետով սահմանվել են արտակարգ դրություն հայտարարված տարածքում հետևյալ ժամանակավոր սահմանափակումները. 1) ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի և այլ զանգվածային միջոցառումների իրականացման արգելում. 2) գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում. 3) իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում և զննության իրականացում. 4) զանգվածային լրատվամիջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում. 5) առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության թռուցիկներ և այլ ձևով քաղաքական քարոզչության իրականացման արգելում. 6) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների և այլ հասարակական կազմակերպությունների գործունեության կասեցում. 7) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում: Նշված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները նախատեսված են եղել վերը նշված օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ը», «թ» և «ժբ» կետերով, այսինքն՝ Երևան քաղաքում ստեղծվել է ռազմական դրությանը բնորոշ ռեժիմ:
Իշխանությունը պահելու, ընթացող քաղաքական գործընթացները ճնշելու գործին ներգրավվել են նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի որոշ անձինք, ովքեր 2008 թվականի փետրվարի 29-ից մինչև մարտի 1-ը՝ երեկոյան, իրենց թիկնազորի անդամներից կամ վստահելի, այդ թվում՝ հանցավոր հեղինակություն ունեցող անձանցից ստեղծել են խմբեր, որոնց ապօրինի զինել են տարբեր տեսակի հրազեններով, նրանց ինքնությունը և իրադարձություններին իրական մասնակցության շարժառիթները քողարկելու նպատակով ՀՀ կառավարության շենքի մոտ տրամադրել են ՀՀ ԶՈՒ թիկունքի բազայի իրային պահեստից ստացված զինվորական համազգեստներ՝ հիշյալ անձանցից բաղկացած խմբերին ներգրավելով 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքի տարբեր փողոցներում իրականացվող քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատություններն ակնհայտ խախտող հանցավոր գործողությունների իրականացմանը: Մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին՝ երեկոյան և մարտի 2-ի գիշերը զինված ուժերի և ոստիկանության ստորաբաժանումները, ինչպես նաև վերը նշված խմբերը, Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրմամբ իրականացրել են գործողություններ՝ խաղաղ հավաքը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու, այդօրինակ միջոցառումները ժամանակավոր արգելելու ուղղությամբ:
Բացի այդ, զինված ուժերի և ոստիկանության ստորաբաժանումները, ինչպես նաև վերը նշված խմբերը, այդ օրերին Երևանի Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում, ապա Պարոնյանի և Լեոյի փողոցներում բախվելով ցուցարարների առանձին խմբերի հետ, կիրառել են հրազեն, մասնավորապես՝ 2-րդ բանակային կորպուսի համապատասխան զորամասի զինծառայողներն իրենց ամրակցված ինքնաձիգերից և ատրճանակներից համազարկ ու անկանոն կրակահերթեր են արձակել ցուցարարների, ինչպես նաև հարակից բնակելի և հասարակական նշանակության շենքերի, շինությունների ուղղությամբ: Կրակահերթերի արդյունքում կրակված առանձին գնդակներ ներթափանցել են քաղաքացիների բնակարաններ, բնակելի շենքերի առաջին հարկերում տեղակայված հասարակական նշանակության օբյեկտներ: Նույն օրը ոստիկանության զորքերի հետ ցուցարարների տեղաշարժը կանխելուն ուղղված գործողություններ են իրականացրել Երևանի Լեոյի, ապա Պարոնյան փողոցներում՝ ՀՀ ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի, իսկ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում՝ 3-րդ բանակային կորպուսի զինծառայողները: ՀՀ զինված ուժերի մյուս բանակային կորպուսների ստորաբաժանումների ծառայողներն արգելափակել են Երևան քաղաքի կենտրոնական փողոցների և քաղաքի մուտքի ավտոճանապարհները:
Հետագայում՝ Երևան քաղաքում մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, այդ իրադարձություններին զինված ուժերի, ինչպես նաև զինված խմբերի մասնակցության ու վերջիններիս կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու նպատակով դեպքի վայրի՝ Պարոնյանի, Լեոյի փողոցների տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տրամաչափի այլ հրազեններից կրակված պարկուճներով, իսկ Մաշտոցի պողոտայում հայտնաբերված «Մակարով» տեսակի ատրճանակի առնվազն 32 կրակված պարկուճները՝ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի ատրճանակներից կրակված պարկուճներով:
Բացի այդ, մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության անօրինական գործողությունները քողարկելու, այդ իրադարձություններին զինված ուժերի մասնակցության հանգամանքները թաքցնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ Նախագահի օգնականի պաշտոնին նշանակված Գևորգ Կոստանյանի և ՀՀ Նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին նշանակված, ներկայումս՝ հանգուցյալ Գևորգ Մհերյանի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, վերջինիս տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Հայկ Միլիտոնյանը, վերջինիս տեղակալ Հովհաննես Թամամյանը և ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ, 2008 թվականի մայիսի 29-ին ՀՀ ոստիկանության պետ նշանակված Ալիկ Սարգսյանը հետին ամսաթվով ստորագրել են կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնք տրամադրել են մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին և Փորձագետների փաստահավաք խմբին, վերջիններիս հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, իսկ հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին տվել են ներկայացված փաստաթղթերի բովանդակությանը համահունչ սուտ ցուցմունքներ:
Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ստացել են ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, պետությանը, Երևան համայնքին և քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Տեղի ունեցած գործողությունների և իրադարձությունների ընթացքում զոհվել է 8 քաղաքացիական անձ և ոստիկանության զորքերի 2 ծառայող: Արդյունքում իրագործվել է խաղաղ հավաքն ամեն կերպ և ցանկացած եղանակով, այդ թվում՝ քաղաքացիների կյանքի իրավունքի խախտմամբ, ցրելու հանցավոր նպատակը, ինչը, ի թիվս վերը նշված հանրորեն վտանգավոր հետևանքների, հանգեցրել է նաև Հայաստանի Հանրապետության՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, էական հեղինակազրկման:
Իրականացված ակնհայտ հանցավոր գործողություններին ներգրավված ՀՀ զինված ուժերի զինծառայողներին ու սպաներին «վարձահատույց» լինելու նպատակով, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ և ՀՀ ԶՈՒ Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի կողմից հաստատված ցուցակների համաձայն՝ օրենքի խախտմամբ, 120 մլն ՀՀ դրամ մասնավոր միջոցներից, նրանցից յուրաքանչյուրը ապօրինի վարձատրվել է 50.000 և ավելի ՀՀ դրամի չափով:
Շարունակելով սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունները, ապօրինի կերպով ՀՀ զինված ուժերն օգտագործելով Երևան քաղաքում տեղի ունեցող քաղաքական գործընթացներում՝ ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, վկայակոչելով Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին ապօրինի հրամանագիրը, 2008 թվականի մարտի 2-ին հանրային հեռուստատեսության ուղիղ հեռարձակմամբ դիմել է ՀՀ քաղաքացիներին, ըստ էության, բռնություն կիրառելու սպառնալիք պարունակող կոչով նախազգուշացրել, որ արտակարգ դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպմանը կամ մասնակցությանը ներգրավվելու ցանկացած փորձ ՀՀ զինված ուժերի կողմից արժանանալու է համարժեք և խիստ հակազդեցության՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, հորդորել է զերծ մնալ Երևան քաղաքում, թեկուզև փոքր խմբերով հավաքվելու փորձերից: Սեյրան Օհանյանը, հանդես գալով ՀՀ զինված ուժերի անունից, ստանձնել է, իր բնորոշմամբ՝ «օրինազանցների» նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով չնախատեսված պարտականություն:
Հանրապետության Նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումը վիճարկելու, այն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումի քննությունը ՀՀ Սահմանադրական դատարանում նշանակվել է 2008 թվականի մարտի 8-ին: Մինչ այդ, ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, շարունակելով ՀՀ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունները, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի ներգրավմամբ, դատարանի անդամների նկատմամբ ճնշում գործադրելով՝ ներազդել է նրանց վրա, որպեսզի վերջիններս քվեարկեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիշյալ որոշման վավերական և օրինական ճանաչվելու օգտին, իսկ Արմեն Գևորգյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով միջամտել է դատարանի գործունեությանը՝ դրանով իսկ օժանդակելով սահմանադրական կարգի տապալմանը:
Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանն այլ անձանց հետ հանցակցությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը՝ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք:
Սիլվա Համբարձումյանը, հանդիսանալով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակիցն ու տնօրենը, 2007 թվականին այդ ընկերության միջոցով սահմանված կարգով ձեռք է բերել ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2007 թվականի հոկտեմբերի 18-ին տրված՝ ոսկի-բազմամետաղի ուսումնասիրության՝ թիվ 54, կապարի, ցինկի, պղնձի ուսումնասիրության թիվ 56 և պղնձի, պղինձ-մոլիբդենիումի ուսումնասիրության թիվ 55 հատուկ լիցենզիաները: Լիցենզիաների ձեռք բերման աճուրդներին առանց խոչընդոտների մասնակցելու և հաղթելու համար, Սիլվա Համբարձումյանն իր մտերիմ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի միջոցով դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին, իսկ վերջինս հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին՝ աջակցել նրան:
«Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության կողմից նշված լիցենզիաները ձեռք բերելուց հետո, 2008 թվականի փետրվարի 3-ին կնքված նախնական, իսկ 2008 թվականի մարտի 25-ին կնքված հիմնական առուվաճառքի պայմանագրերով, Սիլվա Համբարձումյանն իրեն պատկանող այդ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը 12 մլդ 360 մլն ՀՀ դրամին համարժեք 40 մլն ԱՄՆ դոլարով վաճառել է Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «ՌԱԿ ՄԻՆԵՐԱԼԶ ԸՆԴ ՄԵԹԱԼԶ ԷՖ ԶԵԹ» ՍՊ ընկերությանը:
Հիշյալ գործարքը կնքելու համաձայնություն ստանալու համար Սիլվա Համբարձումյանը 2008 թվականի հունվարի վերջին օրերին Վարդան Օսկանյանի միջոցով նախապես դիմել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին: Նրանց համաձայնությունը ստանալու հետ միաժամանակ, Սիլվա Համբարձումյանը մտադրվել է վերջիններիս կաշառք տալ, որպեսզի նրանք իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով չխոչընդոտեն իր բաժնեմասերի օտարման գործարքի կնքմանը և լիազոր մարմնի միջոցով ընկերությանը չզրկեն հատուկ լիցենզիաներից: Կաշառք տալու առաջարկը, Սիլվա Համբարձումյանը Վարդան Օսկանյանի միջոցով հայտնել է հիշյալ պաշտոնատար անձանց: Մի քանի օր անց Սիլվա Համբարձումյանը, Վարդան Օսկանյանից տեղեկացել է, որ ընկերության բաժնեմասերի առուվաճառքի գործարքը կնքելու համար հիշյալ պաշտոնատար անձինք ընդունել են նրա՝ կաշառք տալու մասին առաջարկը: Վարդան Օսկանյանը Սիլվա Համբարձումյանին հայտնել է նաև, որ կաշառքի գումարը ստանալու համար հիշյալ պաշտոնատար անձանց անունից ներկայանալու է Արմեն Գևորգյանի մտերիմ, գործարար Սամվել Մայրապետյանը:
Կաշառք ստանալու առաջարկն ընդունած ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձինք 2008թ. փետրվարից մայիսն ընկած ժամանակաընթացքում Սիլվա Համբարձումյանից մաս-մաս ստացել են կաշառքի իրենց մասնաբաժինները:
Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը կաշառքի իր մասնաբաժինը՝ առանձնապես խոշոր չափերի՝ 927.000.000 ՀՀ դրամին համարժեք 3.000.000 ԱՄՆ դոլար գումարը ստացել է 2008 թվականի փետրվարին և մայիսին՝ Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ, ով հանդես գալով Ռոբերտ Քոչարյանի անունից, վերջինիս մասնաբաժինը կազմող 3.000.000 ԱՄՆ դոլար կաշառքից 310.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլարը Սիլվա Համբարձումյանից վերցրել է կանխիկ՝ 2008 թվականի փետրվարի 14-ին, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի նրա բնակարանում, իսկ 310.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլարը՝ փետրվարի 15-ին՝ իր՝ Բայրոնի 3 հասցեում տեղակայված գրասենյակում, իսկ 307.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլարը Սիլվա Համբարձումյանի «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության հաշվեհամարից 2008 թվականի մայիսի 6-ին և 26-ին 500.000-ական ԱՄՆ դոլար մասնաբաժիններով իր՝ ԱՄՆ-ում գրանցված «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունում սպասարկվող 217001057777151 հաշվեհամարին՝ որպես Սիլվա Համբարձումյանի կողմից իրենից վերցված «փոխառության մարում», այն դեպքում, երբ վերջիններիս միջև երբևէ փոխառության պայմանագիր չի կնքվել և Սիլվա Համբարձումյանը փոխառություն չի ստացել: Այնուհետև Սամվել Մայրապետյանն իր կնոջ որդու՝ նշված ընկերության հիմնադիր և տնօրեն Լևոն Սուլթանյանի միջոցով ընկերության հիշյալ բանկային հաշվից 2008 թվականի մայիսի 13-ին, 26-ին և 29-ին կանխիկ ստացել է հիշյալ 1.000.000 ԱՄՆ դոլարը տվել է Ռոբերտ Քոչարյանին:
Նշված գումարները նույն, ինչպես նաև դրան հաջորդող ժամանակահատվածում Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, տարբեր մասնաբաժիններով կանխիկ մուտքագրել է ՀՀ առևտրային բանկերում սպասարկվող իր անձնական հաշվեհամարներին:
Այսինքն, Ռոբերտ Քոչարյանը ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք (...)»1:
6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում նշել է. «(...) [Ա]նդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատությունը սահմանափակելու հիմքերին, [Առաջին ատյանի] դատարանը փաստում է, որ [2019 թվականի սեպտեմբերի 20-ի` «Խափանման միջոցը փոփոխելու միջնորդությունները քննության առնելու մասին» և 2019 թվականի նոյեմբերի 7-ի` «Խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը քննության առնելու մասին»] որոշումներում արձանագրված գործի քննությանը խոչընդոտելու վտանգը չի վերացել և դատավարության տվյալ փուլում շարունակում է առկա լինել, նկատի ունենալով, որ գործում առկա որևէ ապացույց դեռևս չի հետազոտվել: Նշված պայմաններում դատարանը գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը չի վերացել, և խափանման միջոց կիրառված չլինելու պայմաններում հնարավոր չի լինի ապահովել վերջինիս պատշաճ վարքագիծը:
Քննարկելով այն հարցը, թե հնարավոր է արդյոք չեզոքացնել գործի քննությանը խոչընդոտելու վտանգը կալանավորումից նվազ խիստ խափանման միջոցի, մասնավորապես՝ անձնական երաշխավորության կամ գրավի կիրառման պայմաններում, [Առաջին ատյանի] դատարանն արձանագրում է, որ թեև դատավարության ներկա փուլում նշված ռիսկը նվազել է՝ նախնական քննության փուլի համեմատ, երբ իրականացվում էր ապացույցներ հավաքելու գործընթաց, սակայն վերոգրյալը չի նշանակում, որ այն նվազել է այնքան, որպեսզի վերացած համարվի Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը: Մասնավորապես, հիմք ընդունելով, որ գործի քննությունը դեռևս չի անցել դատաքննության փուլ, և ներկա դրությամբ հետազոտված չէ գործով ձեռք բերված որևէ ապացույց, դատարանը հիմնավոր չի համարում պաշտպանության կողմի փաստարկները՝ գործի քննությանը խոչընդոտելու վտանգի բացակայության մասին և գտնում է, որ ներկայումս դրա շեմը շարունակում է մնալ բավարար բարձր՝ Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատության իրավունքի սահմանափակման անհրաժեշտ լինելու տեսանկյունից: Նշված հետևության հանգելիս դատարանը հաշվի է առնում նաև Ռոբերտ Քոչարյանի կողմից երկար տարիների ընթացքում բարձր պաշտոններ զբաղեցնելու հանգամանքը և դրանով պայմանավորված կապերն ու ազդեցությունը, ինչպես նաև նրան առաջադրված մեղադրանքի ծանրությունը, ինչը բարձրացնում է դատավարությանը մասնակցող անձանց վրա հնարավոր ներգործության, գործի քննությանը միջամտության ռիսկը:
Վերոգրյալի լույսի ներքո [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ կալանավորումից նվազ խիստ խափանման միջոցները, մասնավորապես՝ գրավը (անգամ ամբաստանյալի կողմից գործի քննությանը խոչընդոտելու դեպքում գրավի գումարը պետության եկամուտ դարձնելու հնարավորությունը նախատեսող իրավակարգավորման պայմաններում), ինչպես նաև անձնական երաշխավորությունը դատավարության տվյալ փուլում ի զորու չեն լինի արդյունավետ չեզոքացնել վերը նշված վտանգը:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված իրադրության և Ռոբերտ Քոչարյանի՝ խոցելի խմբում ընդգրկված լինելու վերաբերյալ պաշտպանության կողմի փաստարկներին, [Առաջին ատյանի] դատարանն արձանագրում է, որ Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, խցում պահվում է միայնակ, ինչը դատական նիստում հաստատվել է վերջինիս կողմից: Դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ԵԽ ԽԿԿ-ն պարտադիր է համարել համապատասխան մարմինների կողմից ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ կիրառելու ուղղությամբ ջանքեր գործադրելու մոտեցումը՝ հատկապես մեկուսացման վայրերի գերբնակեցման պայմաններում, որպիսի հանգամանքը տվյալ դեպքում առկա չէ՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանին քրեակատարողական հիմնարկում պահելու պայմանները: Նշված պարագայում առկա չեն հիմքեր արձանագրելու կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու բարձր ռիսկը, մասնավորապես՝ ավելի բարձր, քան ազատության մեջ գտնվելու պայմաններում, նկատի ունենալով, որ նաև այդ դեպքում՝ անգամ խիստ մեկուսացման պայմաններում հնարավոր չէ իսպառ բացառել բոլոր շփումները:
Անդրադառնալով միջնորդությունների փաստարկներին՝ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ, [Առաջին ատյանի] դատարանն արձանագրում է, որ պաշտպանության կողմը չի հիմնավորել, որ Ռոբերտ Քոչարյանին անհրաժեշտ բուժօգնությունը չի կարող պատշաճ կազմակերպվել անազատության մեջ գտնվելու պայմաններում՝ նկատի ունենալով, որ սույն գործի դատական քննության ընթացքում վերջինս անհրաժեշտությունն առաջանալու պես բուժում է ստացել «Իզմիրլյան» և «Էրեբունի» բժշկական կենտրոններում:
Այսպիսով, հիմք ընդունելով վերը շարադրվածը, [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու հիմքերը ներկա դրությամբ բացակայում են, հետևաբար պաշտպանության կողմի միջնորդությունները ենթակա են մերժման (…)»2:
7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(…) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմնավորվածության վերաբերյալ հետևությունների հանգելիս, անձի կողմից հանցագործություն կատարած լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության շեմն առավել ցածր է, քան անձի մեղավորությունն իրեն մեղսագրվող հանցագործության մեջ հաստատելու պարագայում, ուստի դատարանի կողմից դատական քննության փուլում կալանավորման կիրառության վերաբերյալ հիմնավոր կասկածին անդրադառնալը օբյեկտիվորեն չի հանգեցնում տվյալ անձին մեղսագրվող արարքում վերջինիս մեղավորությունը որևէ կերպ հաստատելուն կամ դրա վերաբերյալ որոշակի կանխակալ վերաբերմունքի ձևավորմանը:
(…)
Ինչ վերաբերում է գործառութային անձեռնմխելիությունը, ապա այն տվյալ փուլում Վերաքննիչ դատարանի կողմից գնահատման ենթարկվել չի կարող, քանի որ այդ հանգամանքն ինքնին ածանցված է առաջադրված մեղադրանքին բավականաչափ խոր վերլուծությունների արդյունքում տրվելիք գնահատականներից, ինչը գտնվում է մայր քրեական գործի ըստ էության լուծման խնդիրների շրջանակներում և այս փուլում դրանց գնահատումը կարող է ոչ միայն հետագայում կանխորոշիչ դեր ունենալ գործն ըստ էության քննության առնող դատարանի եզրահանգումների համար, այլև հանգեցնել դատարանների գործառութային և ինստիտուցիոնալ տարանջատման սկզբունքների խախտման, ինչպես նաև վերադաս դատական ատյանների կողմից որպես ստորադաս դատարան հանդես գալու ոչ ցանկալի վիճակին։
Անդրադառնալով վերաքննիչ բողոքներում վկայակոչված հիմքերին և հիմնավորումներին՝ այն մասին, որ սխալ են Առաջին ատյանի դատարանի հետևությունները՝ խափանման միջոցի հիմքի առկայության մասով, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնավոր չեն և իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի հետևություններին այն մասով, որ ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանն ազատության մեջ մնալու պայմաններում կարող է խոչընդոտել դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, որպիսի դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքներով, որ ամբաստանյալը նախկինում հանդիսացել է բարձրաստիճան պաշտոնատար անձ, ՀՀ 2-րդ Նախագահ (շուրջ 10 տարի), պետության գլուխ՝ անձ, ով, հետևել է ՀՀ Սահմանադրության պահպանմանը, ապահովել է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը և եղել Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորը (այդ կապակցությամբ, տե՛ս նաև 2005թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածը): Ինքնին այդ հանգամանքը կտրուկ մեծացնում է անձի ազդեցությունը հասարակության յուրաքանչյուր շերտերում և ոլորտներում, ենթադրում է այդ ազդեցության ահռելի մեծ ծավալներ, զգոնության և զսպվածության ազդակ, այսինքն՝ անգամ նվազագույն, աննշան միջամտությունը որևէ անձի իրավունքներին կարող է բավարար լինել ենթադրյալ ցանկալի նպատակին հասնելու գործում, ուստի այդ հանգամանքի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևություններն ըստ էության հիմնավոր են:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղսագրվող ենթադրյալ հանցագործությունների բնույթը դրանց վտանգավորության աստիճանը, մասնավորապես այն, որ ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին մեղսագրվում են առանձնապես ծանր հանցագործություններ, որոնց համար որպես պատիժ նախատեսված են 10-15 և 7-12 տարի ժամկետով ազատազրկում, էական նշանակություն ունեն ամբաստանյալի հետագա վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում։
(…)
Այլ կերպ ասած՝ ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նախկինում զբաղեցրած պաշտոնը ոչ միայն ահռելի ազդեցություն ունենալու իրական լծակ է, այլև զսպված, ինքնաքննադատ և հասարակության, սեփական անձի, ընտանիքի և վարույթն իրականացնող մարմնի առաջ պատասխանատու և հաշվետու վարքագիծ դրսևորելու գրավական: Նման հետևության հանգելու հարցում Վերաքննիչ դատարանի համար առանցքային նշանակություն են ունեցել ոչ միայն վերը նշված հանգամանքները, այլև հենց ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի անձը բնութագրող սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական հատկանիշները, ենթադրյալ հանցագործությունից առաջ դատվածություն չունենալը և դրանից (մեղսագրվող արարքներից) հետո դրսևորած հետհանցավոր դրական վարքագիծը, առկա վարույթի ընթացքում դրսևորվող վարքագծի վերաբերյալ անհատական ընկալումը՝ նաև հասարակական մեծ հնչեղություն ունեցող քրեական գործի նկատմամբ հասարակական պատկերացումների համատեքստում: Հենց այդ հանգամանքից ելնելով է նաև Վերաքննիչ դատարանը նշանակալի կարևորություն տալիս իրավիճակի վերաբերյալ ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի իրավական և բարոյական ընկալմանը և գիտակցմանը:
(…)
Այդ կապակցությամբ Վերաքննիչ դատարանը նաև ընդգծում է, որ ներկայացված՝ ՀՀ ԱԱԾ Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի պետի ժամանակավոր պաշտոնակատարի գրության համաձայն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ չեն ստացվել քննվող քրեական գործերով տուժողների և վկաների հետ հանդիպումներ կազմակերպելու, ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի օգտին սուտ ցուցմունքներ տալու դիմաց կաշառք տալու և այդ նպատակով ցանկացած եղանակով նրան շահագրգռելու այլ դեպքերի վերաբերյալ, այլ տվյալներ են ստացվել միայն, որ կազմակերպվել են հանդիպումներ ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի համախոհների հետ և նրանց ուղղորդվել է մասնակցել դատավարությանը, ստորագրահավաքներին:
Ավելին՝ Վերաքննիչ դատարանը 2020 թվականի մարտի 11-ի թիվ ԵԴ/1296/06/19 գործով որոշմամբ չի հաստատել Արմեն Սերգեյի Թավադյանի կողմից ենթադրաբար ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ կազմակերպված խմբի կազմում սուտ ցուցմունք տալու նպատակով անձին կաշառելու հիմնավոր կասկածը։ Մասնավորապես հիմնավոր կասկածի մակարդակով չէր հաստատվել արարքը խմբի կազմում կատարվելու հատկանիշը, որն, ըստ էության, անհամաչափորեն նվազեցնում է ամբաստանյալի ներգրավվածության, մասնակցության հնարավորությունը քրեական օրենքով արգելված արարքի կատարմանը։
Հարկ է նշել, որ այս հանգամանքները թեև չեն կարող դիտարկվել որպես ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի հնարավոր վարքագծի համար առաջնային կարևորության հանգամանքներ, սակայն դրանք ևս էական են վերջինիս հնարավոր առնչությունը նմանաբնույթ գործընթացներին կանխատեսելու տեսանկյունից, իսկ նրա կապը այդ ենթադրյալ գործողությունների հետ, ինչպես նշվեց, չի հիմնավորվել: Ընդ որում չի կարող նաև իսպառ բացառվել ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի կողմից նշված անձանց արարքներին միջամտելու և դրանք կանխելու հավանականությունը:
(…)
Վերոշարադրյալ հանգամանքների համակցությունն ինքնին ողջամիտ հավասարակշռության մեջ է գտնվում հանրային և մասնավոր շահերի մրցակցության տիրույթում, քանի որ՝ ըստ էության մի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու հավանականությունը, մյուս կողմից՝ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը հավասարակշվում են, ուստի այդ պայմաններում առաջնայնությունը պետք է տալ անձի անձնական ազատության իրավունքի երաշխավորմանը և անձի ազատության կանխավարկածին:
Վերոգրյալի համատեքստում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քրեական գործով առկա փաստական հանգամանքները գալիս են փաստելու, որ ժամանակի ընթացքում ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի կողմից հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու ռիսկերը թեև շարունակում են իրական և առկա լինել, սակայն այդ ռիսկերը՝ նվազման առումով, ենթարկվել են որակական փոփոխությունների, ինչի արդյունքում այդ ռիսկերն արդեն իսկ չեն հաղթահարում փաստական հանգամանքների վրա հիմնված ենթադրությունների այն անհրաժեշտ նշաձողը, որը թույլ կտար կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելը հիմնավոր դիտարկել: Բացի այդ, «այն հիմքերը, որոնք ընկած են եղել կալանավորման նախորդ որոշման հիմքում կամ ժամկետի երկարացման հիմքում» բանաձևն անընդունելի է, քանի որ այդ մոտեցումը սկզբունքորեն սխալ է, և հիմնված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասի սխալ մեկնաբանության վրա, մինչդեռ դատարանը կալանքի ժամկետի յուրաքանչյուր երկարաձգման ժամանակ պետք է իրականացնի փաստական հանգամանքների գնահատում՝ պատասխանելով այն հարցին, թե այդ պահին ինչ հանգամանքներ են հերքում «ազատության կանխավարկածը»:
Դատարանը պետք է ելնի «ազատության կանխավարկածից» և առաջին հերթին քննի ոչ թե այն հիմքերը, որոնց հիման վրա անձը չի կարող ազատվել, այլ անձի ազատման հնարավոր հիմքերը: Որքան երկար ժամանակ մեղադրյալը մնում է կալանքի տակ, այնքան ավելի շատ հիմնավոր պատճառներ են անհրաժեշտ դատարանին, որպեսզի վերջինս երկարացնի այս խափանման միջոցի ժամկետը կամ պահպանի այն:
(…)
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ խափանման միջոցի փոփոխման հարցը բարձրացնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել ոչ թե զուտ դատական քննության ժամանակային տևողությունը, այլ դրա առանձին փուլեր անցնելը, սակայն դա հարցի քննարկման միակ և բացարձակ հիմքը չէ, իսկ խափանման միջոցի հիմքերն ու պայմանները ոչ թե ստատիկ, այլ դինամիկ կատեգորիաներ են և ենթակա են ժամանակի ընթացքում փոփոխման, ուստի սույն դեպքում պետք է հաշվի առնել այն առանցքային հանգամանքը, որ ամբաստանյալի կողմից երկու առանձին ժամանակահատվածներում ազատության մեջ գտնվելու ընթացքում ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որպիսի հանգամանքը Վերաքննիչ դատարանի համոզմամբ անհրաժեշտ կլիներ կալանավորման հիմքերի շարունակական առկայությունը և դրանց դրսևորման ռիսկը նվազած չլինելու հանգամանքը հիմնավորելու համար:
(…)
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ առկա են քրեական դատավարության օրենքով նախատեսված որևէ խափանման միջոցի կիրառման համար բավարար փաստական հանգամանքներ առ այն, որ ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը կարող է խոչընդոտել դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, սակայն ոչ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար բավարար աստիճանի, ուստի հիմնավորված չեն ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն անփոփոխ թողնելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի մայիսի 13-ի թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով որոշմամբ արտահայտված հետևությունները:
(…)
Միաժամանակ վերլուծելով ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի սոցիալ-անձնային հատկանիշները, պետք է նշել, որ դատարանը չունի լիարժեք համոզվածություն առ այն, որ որպես երաշխավոր ներկայացած անձինք կարող են իրական ազդեցություն ունենալ ամբաստանյալի հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծը սահմանափակելու համար։ Նման կասկածները հիմնված են ամբաստանյալի անցած ճանապարհի, նրա անձնային հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ առկա տեղեկատվության վրա։ (…) Ուստի և դատական քննության ներկա փուլում, գործի քննության ընթացքում պատշաճ վարքագծի ապահովման նպատակի իրացման տեսանկյունից, առավել կիրառելի կարող է համարվել մեկ այլ խափանման միջոց, ինչպիսին գրավն է։
(…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ արձանագրվածը ողջամտորեն հիմք է տալիս հանգելու այն հետևության, որ, թեև որոշակիորեն առկա է ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի կողմից գործի քննությանը քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով դատարանում խոչընդոտելու հավանականությունը, սակայն գրավի կիրառման միջոցով հնարավոր է նվազեցնել ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման հնարավոր ռիսկերը։
(…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ գրավի ողջամիտ չափ կարող է համարվել 2.000.000.000 (երկու միլիարդ) ՀՀ դրամը, որը վճարված լինելու պայմաններում զգալիորեն նվազում է դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով խոչընդոտելու հավանականությունը։ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ արձանագրվածը ողջամտորեն հիմք է տալիս հանգելու այն հետևության, որ գրավի կիրառման միջոցով կարող են նվազեցվել ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման հնարավոր ռիսկերը։
(…)
Միաժամանակ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն 2020 թվականի մարտի 20-ի խորհրդատվական հանձնարարականով սահմանել է անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ վարվեցողության սկզբունքները՝ կորոնվիրուսային վարակի (COVID-19) պանդեմիայի համատեքստում, որով նշել է, որ քանի որ սերտ մարդկային կոնտակտը նպաստում է վարակի տարածմանը, ուստի իշխանությունների կողմից պետք է այլընտրանքային միջոցներ ձեռնարկեն, այդ թվում՝ կապված կալանքի, ազատազրկման, պայմանական վաղաժամկետ ազատման և պրոբացիայի ինստիտուտի հետ:
(…) Վերաքննիչ դատարանը վերահաստատում է իր այն եզրահանգումը, որ ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը, լինելով տարեց՝ 65 տարեկան, ունենալով առողջական խնդիրներ, լինելով քրեակատարողական ծառայության աշխատակիցների հետ անմիջական շփման մեջ (ընդ որում պարբերաբար փոխվող անձնակազմի) (…), գտնվում է հիվանդության ազդեցության ռիսկային խմբում, իսկ տվյալ դեպքում պետության պոզիտիվ պարտականությունների երաշխավորման տեսանկյունից առաջնային է ոչ թե ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի հնարավոր պատշաճ բուժումը, այլ հիվանդացումից զերծ պահելը (…)»3։
Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
I. ՀՀ գլխավոր դատախազի բողոքի փաստարկները.
8. Բողոքաբերը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի` Արամ Ճուղուրյանի, Հարություն Պետրոսյանի, Տիգրան Պետրոսյանի, Վահագն Պողոսյանի, Սամվել Մարգարյանի և Արթուր Եգանյանի վերաբերյալ որոշումները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Մխիթարյանն ընդդեմ Ռուսաստանի, Սոպինն ընդդեմ Ռուսաստանի, Հարությունյանն ընդդեմ Ռուսաստանի վճիռները` փաստել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը, առանձին-առանձին և իրենց համակցության մեջ սխալ գնահատելով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի կողմից քննությանը խոչընդոտելու ռիսկի գնահատման համար որոշիչ նշանակություն ունեցող՝ նրան մեղսագրվող հանցագործությունների բնույթն ու վտանգավորության աստիճանը, դրանց կատարման՝ քննությունը դժվարացնելուն ու հանցագործությունը բացահայտելն անհնարին դարձնելուն ուղղված եղանակն ու դրան ուղեկցող այդօրինակ գործողությունները, Ռ․Քոչարյանի անձը բնութագրող՝ գործին մասնակցող և հատկապես՝ նախկինում իրենից կախվածության մեջ գտնվող անձանց վրա նրա ազդեցությունը հիմնավորող հանգամանքները, անազատության մեջ գտնվելու ընթացքում հօգուտ Ռ.Քոչարյանի կատարված՝ նրա վերաբերյալ գործի քննությանը խոչընդոտելուն ուղղված կազմակերպված գործողությունները, ազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում նրա վարքագծի հիմքում ընկած իրական գործոնները, դրանց չտալով համապատասխան նշանակություն ու հանգելով սխալ հետևության` հակասում է Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերոնշյալ դատական ակտերով արտահայտված իրավական դիրքորոշումներին:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, իր որոշման հիմքում դնելով Եվրոպայի խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի՝ նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի կապակցությամբ 2020 թվականի մարտի 20-ին հրապարակված հայտարարության դրույթները, հաշվի չի առել, որ դրանք չեն կրում բացարձակ բնույթ և ենթակա են գնահատման՝ կալանավորման հիմքերի, մասնավորապես քննությունից թաքնվելու, քննությանը խոչընդոտելու ռիսկերի մասին վկայող և դրանց աստիճանը բնութագրող հանգամանքների համատեքստում։ Վերաքննիչ դատարանը չէր կարող կալանավորման այլընտրանքների հնարավորությունը քննարկելիս որոշիչ հիմք ընդունել համավարակի վերաբերյալ տվյալներն ու դրանք գնահատել քննությանը խոչընդոտելու խիստ բարձր ռիսկերի մասին փաստական տվյալներից անջատ։
8.1. Բողոքի հեղինակն ընդգծել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր չէ նաև դրանում վկայակոչված համաչափության սկզբունքի համատեքստում՝ նկատի ունենալով, որ դատարանը Ռ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվող գրավի չափ սահմանելով երկու միլիարդ ՀՀ դրամը՝ հաշվի չի առել գույքի բռնագրավման և բռնագանձման համատեքստում հնարավոր այն նյութական անբարենպաստ հետևանքները, որոնք կարող են նրա համար առաջանալ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքի պայմաններում։
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ ազատության մեջ մնալու դեպքում քննությանը խոչընդոտելու ռիսկը ցածր է այնքան, որ այն չի կարող արդարացնել ամբաստանյալ Ռ․Քոչարյանին շարունակական կալանքի տակ պահելը, սխալ է գնահատել այդ ռիսկի մասին վկայող՝ նրան մեղսագրվող հանցագործությունների բնույթն ու վտանգավորության աստիճանը, դրանց կատարման՝ քննությունը դժվարացնելուն ու հանցագործությունը բացահայտելն անհնարին դարձնելուն ուղղված եղանակն ու դրան ուղեկցող այլ գործողությունները, Ռ.Քոչարյանի անձը բնութագրող՝ գործին մասնակցող և հատկապես՝ նախկինում իրենից կախվածության մեջ գտնվող անձանց վրա նրա ազդեցության հնարավորությունը հիմնավորող հանգամանքները, անազատության մեջ գտնվելու ընթացքում հօգուտ Ռ.Քոչարյանի կատարված՝ նրա վերաբերյալ գործի քննությանը խոչընդոտելուն ուղղված կազմակերպված գործողությունները, ազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում նրա վարքագծի հիմքում ընկած իրական գործոններն ու հանգել սխալ հետևության։
8.2. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հունիսի 18-ի որոշումը մասնակի` ամբաստանյալ Ռ․Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառելու մասով բեկանել, կայացնել նոր դատական ակտ` օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի որոշմանը կամ Ռ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։
II. Ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի բողոքի փաստարկները.
9. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 143-րդ, 288-րդ և 358-րդ հոդվածների պահանջների խախտում: Բողոքի հեղինակը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներ, փաստել է, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի գնահատել և սխալ եզրահանգում է կատարել Ռ.Քոչարյանին գրավով ազատելու վերաբերյալ որոշում կայացնելիս և որ որևէ գումար ի զորու չէ կանխելու Ռ.Քոչարյանի ոչ պատշաճ վարքագիծը:
Բողոքի հեղինակը, վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Մխիթարյանն ընդդեմ Ռուսաստանի վճիռը, նշել է, որ Եվրոպական դատարանը վերոնշյալ գործով իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ մեղադրյալի զգալի ֆինանսական վիճակը նրան թույլ է տալիս ազդեցություն գործել վկաների և դատավարության մյուս մասնակիցների վրա, եթե նա ազատվում է արգելանքից: Եվրոպական դատարանն արձանագրել է նաև, որ այդ հանգամանքներում պատրաստ է ընդունել այն փաստարկը, որ վարույթի մինչդատական փուլերում դատարանները կարող են օրինական կերպով գնահատել այն ռիսկերը, որ ազատ արձակվելու դեպքում մեղադրյալը կարող էր խուսափել արդարադատությունից, խոչընդոտել մինչդատական վարույթում և դատարանում գործի քննությանը: Բացի այդ, բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Սոպինն ընդդեմ Ռուսաստանի և Հարությունյանն ընդդեմ Ռուսաստանի վճիռներով արտահայտված իրավական դիրքորոշումներին:
Բողոքաբերը փաստել է նաև, որ վերոհիշյալ նախադեպը լիովին կիրառելի է նաև սույն գործի շրջանակներում, քանի որ Ռ.Քոչարյանն ունի սեփականություն և մեծ եկամուտներ և այդ հանգամանքով պայմանավորված մեծանում է հավանականությունը, որ իր գործողություններով կարող է ազդեցություն ունենալ դատավարության մասնակիցների վրա:
9.1. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Ռ.Քոչարյանի գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասով Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հունիսի 18-ի որոշումը և ամբողջությամբ օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի մայիսի 13-ի որոշմանը կամ վերջինիս կալանավորելու վերաբերյալ որոշում կայացնել:
III. Ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի բողոքի փաստարկները.
10. Բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ, 385-րդ հոդվածների և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 5-րդ հոդվածի դրույթները, ինչը հանգեցրել է նաև Եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների խախտման։
Ի հիմնավորումն վերոնշյալի` բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների, Սահմանադրական դատարանի որոշումների և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-137-րդ հոդվածների պահանջները:
Բողոքի հեղինակը նաև փաստել է, որ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում տրամաբանորեն հակառակ գնահատականի է արժանացրել այն հանգամանքը, որ Ռ․Քոչարյանի բարձրաստիճան պաշտոնյա հանդիսանալու փաստը մեծացնում է նրա պատասխանատվությունը։ Սխալ է գնահատել նաև Ռ.Քոչարյանի կողմից քննությանը ներկայանալու, երկու անգամ համապատասխան տևողությամբ ազատության մեջ գտնվելու հանգամանքները, մասնավորապես` արձանագրել է, թե սույն քրեական գործով այլ անձի (ՀՀ ՊՆ նախարար Միքայել Հարությունյանի) նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու մասին տեղեկացված լինելու պայմաններում Ռ.Քոչարյանի կողմից արտերկրից վերադառնալը և վարույթն իրականացնող մարմին ներկայանալը պետք է գնահատվի նրա կողմից քննությանը ներկայանալու, փախուստի և խոչընդոտելու ռիսկը նվազեցնելու տիրույթում։
Տուժողի ներկայացուցիչը գտել է, որ Ռ․Քոչարյանի անձը և վարքագիծը թույլ են տալիս անելու հետևություն, որ նրա մոտ պահպանվել է արդարադատությանը խոչընդոտելու մեծագույն ռիսկը:
10.1. Միաժամանակ բողոքաբերն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածով նախատեսված նորմի խախտում, ինչը զրկել է Վերաքննիչ դատարանին որպես վերաքննություն իրականացնող դատարանի հանդես գալու հնարավորությունից: Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված սահմանազանցումները դրսևորվել են նաև դատական ակտում տեղ գտած մի շարք փաստաթղթեր Առաջին ատյանի դատարանում քննության ժամանակ չներկայացնելու փաստով, և այն հանգամանքով, որ վերադաս դատարանը չի հիմնավորել Առաջին ատյանի դատարանում դրանք ներկայացնելու անհնարինությունը մատնանշող հանգամանքները, ինչը ծանրակշիռ փաստարկ է դատավորի կողմից Ռ.Քոչարյանի նկատմամբ դրսևորած կողմնակալության մասին։
10.2. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ամբաստանյալ Ռ․Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց գրավ կիրառելու մասով Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հունիսի 18-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի մայիսի 13-ի որոշմանը կամ վերացնել գրավը և կայացնել կալանավորման վերաբերյալ որոշում։
IV. Ներկայացուցիչ Տ.Եգորյանի բողոքի փաստարկները.
11. Բողոքաբեր՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տ.Եգորյանը փաստել է, որ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Ռ.Քոչարյանի հանրային գործունեությունն առավելապես հրապարակային է, իսկ նա լինելով ՀՀ նախկին Նախագահ, առավել պատասխանատու վարքագիծ կարող է դրսևորել հենց նույն հասարակության, վարույթն իրականացնող մարմնի՝ իր իսկ կողմից նախկինում ղեկավարած պետության դատական իշխանության կողմից ընդունվող որոշումների, իր ընտանիքի անդամների առաջ, որոնք ևս հանդիսանում են հասարակության մի մասը, և այս կամ այն կերպ շահագրգռված են նաև ամբաստանյալ Ռ.Քոչարյանի պատվի ու բարի համբավի պահպանմամբ: Նշվածի կապակցությամբ բողոքաբերը փաստել է, որ որևէ հիմք չկա Ռ․Քոչարյանի ողջ գործունեությունը հրապարակային գնահատելու համար, սակայն նույնիսկ այդ պարագայում հանրության և զանգվածային լրատվության միջոցների՝ նրա նկատմամբ ունեցած հետաքրքրվածությունը չի կարող գնահատվել որպես քննությանը խոչընդոտելուն ուղղված գործողություններ կատարելու, կամ այդպիսիք պլանավորելու, կազմակերպելու հնարավորությունը բացառող կամ նվազեցնող հանգամանք:
Բողոքի հեղինակը նաև արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանի մնացած դատողությունները վերացական են, մտացածին և կտրված են քննարկվող հարցի հիմքում ընկած ողջ հանգամանքների համակցությունից և կոնտեքստից։
Բացի այդ, բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ մի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու հավանականությունը, մյուս կողմից՝ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը հավասարակշռվում են, ուստի այդ պայմաններում առաջնայնությունը պետք է տալ անձի անձնական ազատության իրավունքի երաշխավորմանը և անձի ազատության կանխավարկածին: Վերաքննիչ դատարանի այս դատողությունը զուրկ է ոչ միայն որևէ հիմքից, այլ նաև հակասում է հենց դատարանի առաջարկած տրամաբանությանն ու սկզբունքներին․ մի կողմից դատարանը գնահատում է Ռ.Քոչարյանի կողմից քննությանը խոչընդոտելու ռիսկը մեծ և նրա ազդեցությամբ պայմանավորված՝ արդյունավետ, մյուս կողմից նշում է, որ չի կարող իսպառ բացառվել ամբաստանյալի կողմից գործի քննությանը խոչընդոտելուն ուղղված արարքներին միջամտելու և դրանք կանխելու հավանականությունը։ Բողոքի հեղինակը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը, հակադրելով իր իսկ կողմից տարբեր մակարդակի հավանականություններ և ենթադրական դատողություններ, որոշել է, որ դրանք հավասարակշռվում են, ինչը ոչ մի առնչություն չունի պատճառաբանված դատական ակտին ներկայացվող ստանդարտին համապատասխանության հետ:
11.1. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է մասնակիորեն (բողոքով վիճարկված մասով) բեկանել Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հունիսի 18-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ բեկանել ամբաստանյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց գրավով փոխարինելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18-ի որոշումը` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի մայիսի 13-ի որոշումը:
V. Պաշտպան Հ.Ալումյանի բողոքի փաստարկները.
12. Բողոքի հեղինակը, մատնանշելով Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը՝ կապված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում առկա հետևյալ ձևակերպման հետ. «1. Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է` [թվարկված են ոչ պատշաճ վարքագծի դրսևորումները]»` նշել է, որ ըստ Վերաքննիչ դատարանի, այս նորմում «կարող է [դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ]» արտահայտությունը նշանակում է այդպիսի վարքագիծ (տվյալ դեպքում խոսքը գործի քննությանը խոչընդոտելու մասին է) դրսևորելու կարողություն: Մինչդեռ, այս դեպքում օրենքը «կարող է» ասելով նկատի է ունեցել այդ բառի մյուս իմաստը՝ «հավանաբար կանի», «ամենայն հավանականությամբ կանի»: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առներ ոչ միայն գործի քննությանը խոչընդոտելու՝ Ռ.Քոչարյանի ունակությունը, այլ նաև՝ հակված լինելը, որի դեպքում կգտներ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ խափանման միջոց կիրառելու հիմքերն ի սպառ բացակայում են:
12.1. Բացի այդ, մեջբերելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը՝ կապված անձնական երաշխավորության ժամանակ կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը և այլ դատավարական պարտականություններ կատարելը ապահովելու՝ երաշխավորողների պարտականության հետ, պաշտպանը նշել է, որ նման պարտականություն երաշխավորողները չեն կրում:
12.2. Բողոքաբերը գտել է նաև, որ գրավի չափի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները չեն կարող բավարարել «հիմնավորված դատական ակտի» չափանիշին: Վերաքննիչ դատարանը, գրավի չափին անդրադառնալիս, պետք է հաշվի առներ, սակայն հաշվի չի առել, որ Ռ.Քոչարյանի գույքը և դրամական միջոցները, որոնք թվարկված են որոշման մեջ, գտնվում են կալանքի տակ և, հետևաբար, նման մեծ չափի գրավի գումար վճարելը անհամաչափ դժվարությունների առջև է կանգնեցրել Ռ.Քոչարյանին:
12.3. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հունիսի 18-ի որոշումը մասնակիորեն, այն է՝ Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի մայիսի 13-ի որոշումն ուժի մեջ թողնելու մասով բեկանել, վերացնել Ռ․Քոչարյանի նկատմամբ բոլոր տեսակի խափանման միջոցները, հակառակ դեպքում՝ փոխել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ որպես խափանման միջոց ընտրելով Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, ինչպես նաև՝ Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի անձնական երաշխավորությունը: Վերաքննիչ դատարանի կիրառած խափանման միջոցը՝ գրավը պահպանելու դեպքում, պաշտպանը խնդրել է նվազեցնել գրավի գումարի չափը՝ հաշվի առնելով վճռաբեկ բողոքում ներկայացված հանգամանքները:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ տվյալ գործի փաստական հանգամանքների պայմաններում գրավը կարող է լինել արդյունավետ միջոց՝ զսպելու համար ազատության մեջ գտնվելու դեպքում ամբաստանյալ Ռ․Քոչարյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը:
14. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝
(…)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (…)»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով uահմանված կարգով.
(…)
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար. (…)»:
15. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նաև Եվրոպական դատարան) իր նախադեպային պրակտիկայում ձևավորել է մոտեցում առ այն, որ փախուստի վտանգը չի կարող հիմնվել բացառապես հնարավոր պատժի ծանրության վրա։ Այն պետք է գնահատվի մի շարք այլ վերաբերելի ապացույցների վրա հիմնվելով, որոնք կամ կհաստատեն այդ վտանգի առկայությունը, կամ կհաստատեն, որ վտանգն այնքան փոքր է, որ արդյունքում դրանով անհնար է հիմնավորել նախնական կալանքը4։
Միաժամանակ, Եվրոպական դատարանը նշել է, որ փախուստի վտանգը պետք է գնահատել՝ հաշվի առնելով մի շարք գործոններ, որոնք կվերաբերեն տվյալ անձի կերպարին, բարոյականությանը, մշտական բնակության վայրին, մասնագիտությանը, ունեցվածքին, ընտանեկան և տարատեսակ այլ կապերին այն երկրի հետ, որում նա ենթարկվում է քրեական հետապնդման5:
Վերոգրյալի հետ մեկտեղ, անդրադառնալով վարույթը խոչընդոտելու հիմքին` Եվրոպական դատարանը նշել է, որ կազմակերպված հանցավոր գործունեությանը կամ հանցախմբերին առնչվող գործերով կալանավորված անձին ազատ արձակելու դեպքում նրա կողմից գործով վկաների կամ գործով անցնող այլ կասկածյալների վրա ճնշում գործադրելու կամ վարույթն այլ կերպ խոչընդոտելու ռիսկը հաճախ հատկապես բարձր է6։
16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` «1.Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և անձնական ազատության իրավունք:
2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով: (…)»:
Նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատարանը (…) խափանման միջոց կարող [է] կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է՝
1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.
3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում`
1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.
2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը. (…)»:
16.1. Մեջբերված նորմերի վերլուծության շրջանակներում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանավորման օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված` կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի և կալանավորման պայմանների (հիմնավոր կասկած, հարուցված քրեական գործի, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման առկայություն և այլն) վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով7:
16.2. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի շրջանակներում անդրադառնալով անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս նրան վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը հաշվի առնելու կարևորությանը, իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ թեև մեղադրյալին վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը չեն կարող գնահատվել որպես կալանավորման հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն հիմք, այնուամենայնիվ, դրանք էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելիս: Մեղսագրվող հանցանքի ծանրությունը և հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր և գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին8:
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով գործի քննությանը խոչընդոտելու վտանգը կալանավորումից նվազ խիստ խափանման միջոցի, մասնավորապես՝ անձնական երաշխավորության կամ գրավի կիրառման պայմաններում չեզոքացնելու հնարավորության հարցին, արձանագրել է, որ թեև դատավարության ներկա փուլում նշված ռիսկը նվազել է՝ նախնական քննության փուլի համեմատ, երբ իրականացվում էր ապացույցներ հավաքելու գործընթաց, սակայն չի նվազել այնքան, որպեսզի վերացված համարվի Ռ․Քոչարյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:
Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանն ընդգծել է, որ գործի քննությունը դեռևս չի անցել դատաքննության փուլ, և տվյալ պահին գործով ձեռք բերված որևէ ապացույց հետազոտված չէ, հետևաբար գործի քննությանը խոչընդոտելու վտանգի բացակայության մասին պաշտպանության կողմի փաստարկները հիմնավոր չեն: Նշված հետևության հանգելիս Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել նաև Ռ.Քոչարյանի կողմից երկար տարիների ընթացքում բարձր պաշտոններ զբաղեցնելու հանգամանքը և դրանով պայմանավորված վերջինիս կապերն ու ազդեցությունը, ինչպես նաև նրան առաջադրված մեղադրանքի ծանրությունը, ինչը բարձրացնում է դատավարությանը մասնակցող անձանց վրա հնարավոր ներգործության, գործի քննությանը միջամտության ռիսկը9:
17.1. Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, ամբաստանյալ Ռ․Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացրել և վերջինիս նկատմամբ կիրառել է գրավ՝ 2.000.000.000 (երկու միլիարդ) ՀՀ դրամի չափով։ Վերաքննիչ դատարանը Ռ․Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառելիս հաշվի է առել հետևյալ հանգամանքները.
- Առաջին ատյանի դատարանի այն հետևությունը, որ ամբաստանյալ Ռ․Քոչարյանն ազատության մեջ մնալու պայմաններում կարող է խոչընդոտել դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, հիմնավոր է։ Նման դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ամբաստանյալը նախկինում հանդիսացել է բարձրաստիճան պաշտոնատար անձ, Հայաստանի Հանրապետության 2-րդ Նախագահ (շուրջ 10 տարի), պետության գլուխ՝ անձ, ով հետևել է ՀՀ Սահմանադրության պահպանմանը, ապահովել է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը և եղել Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորը: Այդ հանգամանքն ինքնին կտրուկ մեծացնում է անձի ազդեցությունը հասարակության յուրաքանչյուր շերտերում և ոլորտներում, ենթադրում է այդ ազդեցության ահռելի մեծ ծավալներ, այսինքն՝ անգամ նվազագույն, աննշան միջամտությունը որևէ անձի իրավունքներին կարող է բավարար լինել ենթադրյալ ցանկալի նպատակին հասնելու գործում:
- Մեղսագրվող ենթադրյալ հանցագործությունների բնույթն ու վտանգավորության աստիճանը, մասնավորապես այն, որ ամբաստանյալ Ռ.Քոչարյանին մեղսագրվում են առանձնապես ծանր հանցագործություններ, որոնց համար որպես պատիժ նախատեսված է 10-15 և 7-12 տարի ժամկետով ազատազրկում, որպիսի հանգամանքն էական նշանակություն ունի ամբաստանյալի հետագա վարքագիծը կանխորոշելու հարցում։
- Միևնույն ժամանակ, Ռ.Քոչարյանը, լինելով Հայաստանի Հանրապետության 2-րդ Նախագահը, բացի ունեցած ահռելի ազդեցությունից և կապերից, նաև հանրային բարձր ճանաչելիություն ունեցող անձ է, արդեն 12 տարի է՝ չի զբաղեցնում որևէ պետական պաշտոն և գտնվում է թե՛ իրավապահ մարմինների, թե՛ հասարակության անդամների ու զանգվածային լրատվության միջոցների ուշադրության կենտրոնում: Այսինքն՝ ամբաստանյալ Ռ.Քոչարյանի հանրային գործունեությունն առավելապես հրապարակային է, իսկ նա, լինելով ՀՀ նախկին Նախագահ, առավել պատասխանատու վարքագիծ կարող է դրսևորել հենց նույն հասարակության, վարույթն իրականացնող մարմնի՝ իր իսկ կողմից նախկինում ղեկավարված պետության դատական իշխանության կողմից ընդունվող որոշումների, իր ընտանիքի անդամների առաջ:
Այլ կերպ՝ ամբաստանյալի նախկինում զբաղեցրած պաշտոնը ոչ միայն ահռելի ազդեցություն ունենալու իրական լծակ է, այլև զսպված, ինքնաքննադատ և հասարակության, սեփական անձի, ընտանիքի և վարույթն իրականացնող մարմնի առաջ պատասխանատու և հաշվետու վարքագիծ դրսևորելու գրավական:
- Եթե անգամ ամբաստանյալի ընտանիքի անդամները, հարազատները, բարեկամները, ընկերները, համախոհները և/կամ այլք, առանց ամբաստանյալի տեղեկացվածության և գիտության (որպիսի հանգամանքների ապացուցման բեռը չի կարող կրել պաշտպանության կողմը), որևէ կերպ փորձել են միջամտել քրեական գործի քննության բնականոն ընթացքին, ներազդել դատավարության մասնակիցների վրա, ապա այդ հանգամանքները չեն կարող գնահատվել որպես ամբաստանյալի կողմից դրսևորվող վարքագծի վերաբերյալ եզրահանգումներ կատարելու համար բավարար հիմք, քանի դեռ չի հիմնավորվել ամբաստանյալի ենթադրյալ կապն այդ ենթադրյալ գործողությունների հետ:
- Ժամանակի ընթացքում ամբաստանյալ Ռ.Քոչարյանի կողմից հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու ռիսկերը թեև շարունակում են իրական և առկա լինել, սակայն այդ ռիսկերը՝ նվազման առումով, ենթարկվել են որակական փոփոխությունների, ինչի արդյունքում չեն հաղթահարում փաստական հանգամանքների վրա հիմնված ենթադրությունների այն անհրաժեշտ նշաձողը, որը թույլ կտար կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելը հիմնավոր դիտարկել:
- Ամբաստանյալը երկու տարբեր ժամանակաշրջաններում ու դատավարության տարբեր փուլերում՝ նախնական քննության փուլում՝ 2018 թվականի օգոստոսի 13-ից դեկտեմբերի 7-ը, և դատական քննության փուլում՝ 2019 թվականի մայիսի 18-ից հունիսի 25-ը, 3 ամիս 24 օր և 1 ամիս 7 օր ժամկետներով գտնվել է ազատության մեջ և այդ ընթացքում ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման վերաբերյալ փաստական հանգամանքներ առկա չեն եղել (որպիսի հանգամանքը դատարանում հաստատեցին նաև դատախազները), ինչը ողջամտորեն նվազեցնում է ամբաստանյալի հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը՝ հաշվի առնելով ամբաստանյալի կրթությունը և նախկինում զբաղեցրած պաշտոնը, որով ավելի իրական է դառնում նրա կողմից ենթադրյալ ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման հնարավոր քրեադատավարական հետևանքների գիտակցումը:
- ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի կողմից տրվելիք երաշխավորությունը չի կարող անհրաժեշտ և բավարար սոցիալ-հոգեբանական և զսպիչ գործոն հանդիսանալ` Ռ.Քոչարյանի հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի սահմանափակման տեսանկյունից, ինչի մասին է վկայում երաշխավորողների հետ ունեցած հարաբերությունների բնույթը։ Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ չունի լիարժեք համոզվածություն առ այն, որ որպես երաշխավոր ներկայացած անձինք կարող են իրական ազդեցություն ունենալ ամբաստանյալի հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծը սահմանափակելու համար։ Նման կասկածները հիմնված են ամբաստանյալի անցած ճանապարհի, նրա անձնային հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ առկա տեղեկատվության վրա։ Մասնավորապես` սույն գործով ամբաստանյալը շուրջ երկու տասնամյակ հանդիսացել է երկու հայկական պետականությունների ղեկավարը՝ զբաղեցնելով կառավարման դեպի լիարժեք նախագահական թեքում ունեցող հանրապետությունների Նախագահի բարձրագույն պաշտոնը, իրեն որպես անհատականություն պատկերացնում է լիդերի, հասարակական հեղինակություն ունեցող, խիստ պատասխանատու և իր խոսքը բարձրագույն արժեք համարող մարդու կարգավիճակում։ Նման հատկանիշների առկայության, դրանց կրողը լինելու պատկերացումների պայմաններում քիչ հավանական է թվում ամբաստանյալի վարքագծի համապատասխանեցումը երաշխավորողների կարծիքին՝ դատավարության ընթացքում պատշաճ վարքագծի դրսևորման վերաբերյալ։
- Դատական քննության ներկա փուլում գործի քննության ընթացքում պատշաճ վարքագծի ապահովման նպատակի իրացման տեսանկյունից առավել կիրառելի կարող է համարվել այնպիսի խափանման միջոց, ինչպիսին գրավն է։ Թեև որոշակիորեն առկա է ամբաստանյալ Ռ․Քոչարյանի կողմից գործի քննությանը քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով դատարանում խոչընդոտելու հավանականությունը, սակայն գրավի կիրառման միջոցով հնարավոր է նվազեցնել նրա ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման հնարավոր ռիսկերը։ Ամբաստանյալի նկատմամբ գրավի ողջամիտ չափ կարող է համարվել 2.000.000.000 (երկու միլիարդ) ՀՀ դրամը, որը վճարված լինելու պայմաններում զգալիորեն նվազում է դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, խոչընդոտելու հավանականությունը10:
18. Նախորդ կետերում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-16.2-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռ.Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց անփոփոխ թողնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը ստուգելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել սույն գործում առկա մի շարք հանգամանքներ:
Այսպես՝ թեև Վճռաբեկ դատարանը բազմիցս նշել է, որ անձին վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը չեն կարող գնահատվել որպես կալանավորման հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն հիմք, այնուամենայնիվ մեղսագրվող հանցանքի ծանրությունը և հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր։ Մասնավորապես, սույն գործով Վերաքննիչ դատարանը թեպետ նշել է, որ Ռ․Քոչարյանին մեղսագրվում է առանձնապես ծանր երկու հանցագործություն, այնուամենայնիվ պատշաճ վերլուծության և գնահատականի չի արժանացրել դրանց բնույթը և կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, ինչպես նաև հանցակցությամբ կատարված ենթադրյալ հանցագործությունների մեխանիզմում ամբաստանյալի ունեցած դերակատարությունը, հանցագործությանը նրա մասնակցության բնույթն ու աստիճանը։ Մինչդեռ, սույն գործում առկա մի շարք փաստական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ քննության տվյալ փուլում, երբ որևէ ապացույց դեռևս չէր հետազոտվել և գործը չէր անցել դատաքննության փուլ, գործի քննությանը խոչընդոտելու և դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու հավանականության ռիսկը շարունակում էր բավականին բարձր լինել։ Մասնավորապես, վերոնշյալի մասին էին վկայում հետևյալ հանգամանքները.
- ամբաստանյալին գործի քննության տվյալ պահին մեղսագրվում էր առանձնապես ծանր երկու ենթադրյալ հանցագործություն՝ սահմանադրական կարգը տապալելը և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը, որոնք ոտնձգում են այնպիսի կարևոր արժեքների դեմ, ինչպիսիք են սահմանադրական կարգի հիմունքներն ու պետության անվտանգությունը, պետական ծառայության սահմանված կարգը։
- Ռ․Քոչարյանն իրեն մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքը ենթադրաբար կատարել էր մի շարք հանցակիցների ներգրավմամբ, հանցավոր վարքագծի մեխանիզմում ունեցել էր առանցքային դերակատարություն։ Այսպես՝ մեղադրանքի բովանդակությունից ակնհայտ է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարվել էր կազմակերպված, հստակ դերաբաշխմամբ խմբի կողմից, պետական մի շարք կառույցներում առանցքային պաշտոններ զբաղեցնող անձանց ներգրավմամբ, իսկ հավանական հանցակիցները ծառայողական կախվածության մեջ էին գտնվել ամբաստանյալից։
- Սույն քրեական գործի առանձնակի բարդությունն ու ծավալները, ինչպես նաև ենթադրյալ հանցավոր արարքներից հետո անցած բավականին տևական ժամանակահատվածը։ Այսպես՝ դեպքից հետո անցել էր շուրջ 10 տարուց ավել ժամանակ, ինչն ինքնին օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով դժվարացնում է գործի քննության գործընթացը, սույն գործով անցնում էին 4 ամբաստանյալներ, 10 տուժողի իրավահաջորդներ, 106 տուժողներ և 872 վկաներ։
18.1. Այսպիսով, ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում իրականացված փաստերի վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ռ.Քոչարյանին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, ակնկալվող պատժի խստությունը, ենթադրյալ հանցավոր արարքները հանցակիցների ներգրավմամբ կատարելը, ովքեր զբաղեցնում էին պետական բարձր պաշտոններ և ամբաստանյալից գտնվում էին ծառայողական կախվածության մեջ, գործի բարդությունն ու ծավալները, դատավարության մասնակիցների աննախադեպ մեծ քանակը, ինչպես նաև ի սկզբանե ենթադրյալ հանցավոր արարքները դրանք թաքցնելուն ուղղված գործողություններով զուգակցելը և գործի բուն քննության ընթացքում նույնպես դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու մասին վկայող տվյալների առկայությունն առանցքային նշանակություն ունեն ամբաստանյալի կողմից գործի քննությանը միջամտելու ռիսկի չափերի և աստիճանի գնահատման տեսանկյունից, մասնավորապես, հանդիսանում են այնպիսի օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ, որոնք էականորեն բարձրացնում են գործի քննությանը խոչընդոտելու հավանականության ռիսկը՝ հատկապես դատավարության տվյալ պահին, երբ գործը դատաքննության փուլ դեռևս չէր անցել և որևէ ապացույց դեռևս չէր հետազոտվել, ինչի մասին իրավաչափորեն նշել էր նաև Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում։
Վերոնշյալի պայմաններում, Վճռաբեկ դատարանի համար անընդունելի է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ ժամանակի ընթացքում ամբաստանյալ Ռ.Քոչարյանի կողմից հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու ռիսկերը թեև շարունակում են իրական և առկա լինել, սակայն այդ ռիսկերը՝ նվազման առումով, ենթարկվել են որակական փոփոխությունների, ինչի արդյունքում չեն հաղթահարում փաստական հանգամանքների վրա հիմնված ենթադրությունների այն անհրաժեշտ նշաձողը, որը թույլ կտար կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելը հիմնավոր դիտարկել:
Հարկ է նկատել, որ Եվրոպական դատարանը Մխիթարյանն ընդդեմ Ռուսաստանի գործով վճռով, որով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում չի արձանագրել և անձին շարունակական կալանքի տակ պահելը համարել է հիմնավոր, իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ մեղադրյալի զգալի ֆինանսական վիճակը նրան թույլ է տալիս արգելանքից ազատվելու դեպքում ազդեցություն գործել վկաների և դատավարության մյուս մասնակիցների վրա: Բացի այդ, որոշման շրջանակներում Եվրոպական դատարանն ընդգծել է, որ պետք է հաշվի առնել նաև գործի բարդությունը, ինչպես նաև հանցակցությամբ կատարված հանցագործությունների բացահայտման գործում հատուկ միջոցառումների իրականացումն ու ապացույցների հավաքագրման երկարատև գործընթացում վարույթն իրականացնող մարմնի ցուցաբերած ջանասիրությունը և այն փաստը, որ տեղի ունեցած ենթադրյալ հանցագործության կատարման և դրա առթիվ հարուցված քրեական գործով կատարված քննության միջև առկա երկարատև ժամանակահատվածը մեծ դժվարություններ է առաջացրել քննիչների համար11: Եվրոպական դատարանը նույնաբովանդակ դիրքորոշում է արտահայտել նաև Սոպինն ընդդեմ Ռուսաստանի գործով վճռով12:
19. Սույն որոշման 18-18.1-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքների համատեքստում էական նշանակություն ունի նաև Ռ.Քոչարյանի անձը բնութագրող տվյալների վերլուծությունը։ Այսպես՝ ամբաստանյալը մշտապես զբաղեցրել է բարձրագույն պետական պաշտոններ, 1994 թվականին ընտրվել է ԼՂՀ Նախագահ, ապա 1997 թվականին նշանակվել է ՀՀ Վարչապետ, իսկ 1998-2008 թվականներին եղել է ՀՀ Նախագահը: Վերոնշյալը ենթադրում է հսկայական ազդեցություն և լծակներ ինչպես պետական համակարգի տարբեր օղակներում պաշտոններ զբաղեցնող անձանց, այնպես էլ հասարակության տարբեր շերտերի ու շրջանակների նկատմամբ։ Ընդ որում, Ռ.Քոչարյանին մեղսագրվում են իր ծառայողական գործունեության ոլորտում ենթադրաբար կատարված հանցավոր արարքներ և պատահական չէ, որ սույն գործի հետ առնչություն ունեցող անձինք ամբաստանյալից գտնվել են ծառայողական կախվածության և ենթակայության հարաբերությունների մեջ, նրանց մի մասն էլ անցնում էին գործով՝ որպես ամբաստանյալի հանցակիցներ։ Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռ.Քոչարյանի՝ երկար տարիներ զբաղեցրած պաշտոնը, ունեցած դիրքն ու հեղինակությունը, հսկայական ազդեցությունը, կապերն ու լծակները, ինչպես նաև նրան մեղսագրվող հանցագործությունների բնույթը վկայում էին դատավարության տվյալ փուլում գործի քննությանը միջամտելու, դատավարության մասնակիցների նկատմամբ հնարավոր անօրինական ազդեցություն դրսևորելու ռիսկի շարունակական առկայության մասին։
Վերոշարադրյալի համատեքստում հարկ է մեջբերել Եվրոպական դատարանի՝ Վահան Խանզադյանի վերաբերյալ որոշմամբ արձանագրված հետևյալ դիրքորոշումը. «[Եվրոպական] դատարանը կրկնում է, որ դիմողին կալանքի տակ պահելու հիմնական պատճառաբանություններից մեկը, որ ներկայացրել էին ազգային դատարանները, եղել է նրա կողմից արդարադատությանը միջամտելու հավանականությունը։ Առկա է եղել վտանգ, որ ազատության մեջ լինելու պարագայում նա կմիջամտի քննությանը՝ հաշվի առնելով իր նախկին աշխատանքը ոստիկանությունում և այն, որ նա մեղադրվել է իր նախկին ծառայողական գործունեության հետ սերտ կապված հանցագործություն կատարելու մեջ։ Այսինքն ազգային դատարանները կարող էին հիմնավոր կերպով անհրաժեշտ համարել նրան կալանքի տակ պահելը»13:
20. Այսպիսով, ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետերում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելով և ամբաստանյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառելով, պատշաճ վերլուծության և գնահատականի չի արժանացրել ամբաստանյալին մեղսագրվող հանցավոր արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, սույն գործի հանգամանքները, ինչպես նաև ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ տվյալ գործի փաստական հանգամանքների պայմաններում գրավը կարող է լինել արդյունավետ միջոց՝ զսպելու համար ազատության մեջ գտնվելու դեպքում ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը, հիմնավոր չէ։
Այս առումով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել նախկինում արտահայտված իր դիրքորոշումն առ այն, որ որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելիս Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը պետք է հիմնված լիներ ծանրակշիռ փաստական հանգամանքների վրա և ունենար պատճառաբանվածության առավել բարձր աստիճան։ Հակառակ մոտեցումը, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, կարող է իր բացասական ազդեցությունը թողնել առաջին ատյանի դատարանում քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա` դրանով իսկ սահմանափակելով առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը14։
20.1. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ Ռ․Քոչարյանի զբաղեցրած պաշտոնը կարող էր լինել զսպված, ինքնաքննադատ, հասարակության, սեփական անձի, ընտանիքի ու վարույթն իրականացնող մարմնի առաջ պատասխանատու և հաշվետու վարքագիծ դրսևորելու գրավական, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ամբաստանյալի անձին, նրա զբաղեցրած պաշտոնին և դիրքին տրված վերոնշյալ մեկնաբանությունը չէր կարող բավարար լինել չեզոքացնելու գործի քննությանը խոչընդոտելու այն բարձր ռիսկը, որը առկա էր դատավարության տվյալ փուլում և որը հիմնավորվում էր գործում առկա, սույն որոշման նախորդ կետերում մեջբերված փաստական տվյալների համակցությամբ։ Միևնույն ժամանակ, հարկ է նկատել, որ վերոնշյալ հանգամանքների վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատողություններն էական հակասություն են պարունակում, ըստ էության բացառում են միմյանց, ուստի, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, չեն կարող դիտարկվել որպես բավարար չափով համոզիչ և հիմնավորված փաստարկներ՝ Առաջին ատյանի դատարանի՝ կալանավորումն անփոփոխ թողնելու վերաբերյալ դատական ակտը բեկանելու համար։
Այսպես՝ Վերաքննիչ դատարանը նախ ընդգծել է, որ ամբաստանյալն ունի ահռելի մեծ ազդեցություն հասարակության յուրաքանչյուր շերտերում ու ոլորտներում և անգամ նվազագույն, աննշան միջամտությունը որևէ անձի իրավունքներին կարող է բավարար լինել ենթադրյալ ցանկալի նպատակին հասնելու գործում: Միևնույն ժամանակ, սակայն, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալի նախկինում զբաղեցրած պաշտոնը ոչ միայն ահռելի ազդեցություն ունենալու իրական լծակ է, այլև զսպված, ինքնաքննադատ և հասարակության, սեփական անձի, ընտանիքի և վարույթն իրականացնող մարմնի առաջ պատասխանատու և հաշվետու վարքագիծ դրսևորելու գրավական: Այնուհետև, անդրադառնալով Ռ.Քոչարյանի նկատմամբ անձնական երաշխավորություն խափանման միջոցի կիրառման հարցին՝ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալի անձը բնութագրող միևնույն տվյալներին, այն է՝ զբաղեցրած պաշտոնին ու դիրքին, ունեցած հեղինակությանն ու ազդեցությանը, դարձյալ տվել է հակասական մեկնաբանություն՝ ընդգծելով, որ այդպիսի հատկանիշների առկայության, դրանց կրողը լինելու պայմաններում, քիչ հավանական է ամբաստանյալի վարքագծի համապատասխանեցումը երաշխավորողների կարծիքին՝ դատավարության ընթացքում պատշաճ վարքագիծ դրսևորելու վերաբերյալ։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ Ռ.Քոչարյանը հանրային բարձր ճանաչելիություն ունեցող անձ է, արդեն 12 տարի է՝ չի զբաղեցնում որևէ պետական պաշտոն և գտնվում է թե՛ իրավապահ մարմինների, թե՛ հասարակության անդամների ու զանգվածային լրատվության միջոցների ուշադրության կենտրոնում և նրա հանրային գործունեությունն առավելապես հրապարակային է, ապա Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն որոշմամբ արձանագրված փաստական տվյալների պայմաններում, վերոնշյալ փաստարկները ողջամտորեն չեն կարող դիտարկվել որպես բավարար հակակշռող գործոններ` Ռ.Քոչարյանի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու ռիսկերը չեզոքացնելու համար։ Այսպես՝ այն հանգամանքը, որ ամբաստանյալն արդեն 12 տարի է՝ որևէ պետական պաշտոն չի զբաղեցնում, որևէ կերպ չի նվազեցնում վերջինիս կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականության ռիսկը, ավելին՝ Վերաքննիչ դատարանն իր իսկ որոշման մեջ ընդգծել է, որ Ռ.Քոչարյանի կողմից անգամ նվազագույն, աննշան միջամտությունը որևէ անձի իրավունքներին կարող է բավարար լինել ենթադրյալ ցանկալի նպատակին հասնելու գործում: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ ամբաստանյալը գտնվում է թե՛ իրավապահ մարմինների, թե՛ հասարակության անդամների ու զանգվածային լրատվության միջոցների ուշադրության կենտրոնում և նրա գործունեությունն առավելապես հրապարակային է, ապա Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում գլխավոր դատախազի կողմից վճռաբեկ բողոքում բերված այն փաստարկին, որ որևէ անձի հանրային գործունեության թեկուզ ամբողջական հրապարակայնությունը որևէ կերպ չի բացառում և չի կարող բացառել տվյալ անձի ոչ հրապարակային հարաբերությունների, շփումների, հանդիպումների ու պայմանավորվածությունների հավանականությունը կամ նվազեցնել այն։
21. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը 2021 թվականի մարտի 26-ի որոշմամբ Ռ.Քոչարյանին մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր15։ ՀՀ Սահմանադրական դատարանի նշված որոշման հիման վրա Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ Ռ.Քոչարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցրել է՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործի քննության տվյալ պահին՝ Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18-ի դատական ակտի օրինականության և հիմնավորվածության դատական ստուգման ընթացքում, Ռ.Քոչարյանին մեղսագրվող հանցավոր արարքներից մեկով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով, քրեական հետապնդումը փաստացի դադարեցվել է և ամբաստանյալին մեղսագրվում է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքը։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի այն հարցը՝ արդյո՞ք առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դրվագով Ռ.Քոչարյանին մեղսագրվող հանցավոր արարքի դեպքում գրավը կարող է լինել արդյունավետ խափանման միջոց` վերջինիս պատշաճ վարքագիծն ապահովելու տեսանկյունից։
Այս առումով Վճռաբեկ դատարանը կարևորում է այն հանգամանքը, որ Ռ.Քոչարյանին մեղսագրվող առավել ծանր հանցագործության դրվագով քրեական հետապնդումը դադարեցվել է հանցադեպի բացակայության հիմքով, ընդ որում, Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ հենց այդ դրվագով էր արձանագրել ենթադրյալ հանցագործության, ինչպես նաև դրան ուղեկցող հանգամանքների առավել բարձր հանրային վտանգավորության մասին, որոնք հիմք էին տվել Վճռաբեկ դատարանին եզրահանգելու, որ գործի քննության տվյալ պահին առկա էր ամբաստանյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու բարձր հավանականության շարունակական ռիսկը։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ վերոնշյալ ենթադրյալ հանցավոր արարքը կատարվել էր պետական տարբեր օղակներում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց ներգրավմամբ, նրանց մի մասը սույն գործով անցնում էր որպես ամբաստանյալի հավանական հանցակից, վերջիններս Ռ.Քոչարյանից գտնվել են ծառայողական ենթակայության հարաբերությունների մեջ, բացի այդ, տվյալ դրվագով անցնող դատավարության մասնակիցների թիվն աննախադեպ մեծ էր, որպիսի հանգամանքները դատաքննության փուլում խոչընդոտելու գործընթացը կարող էին անվերահսկելի դարձնել։
Մինչդեռ, ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով Ռ.Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվելու պայմաններում, թեև շարունակում են վերջինիս կողմից հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու ռիսկերն առկա լինել, այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, Վերաքննիչ դատարանի կողմից 2020 թվականի հունիսի 18-ի որոշմամբ կիրառված խափանման միջոց գրավն ի զորու է լինել արդյունավետ միջոց՝ զսպելու ամբաստանյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը։
22. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված գլխավոր դատախազի, տուժողներ Ա.Հարությունյանի, Ս.Հովհաննիսյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի, տուժող Ա.Ավագյանի ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տ.Եգորյանի բողոքներն անհրաժեշտ է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18-ի դատական ակտը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
22.1. Անդրադառնալով Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանի վճռաբեկ բողոքում ներկայացված՝ ամբաստանյալի նկատմամբ բոլոր տեսակի խափանման միջոցները վերացնելու կամ վերջինիս նկատմամբ խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու կամ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված խափանման միջոց գրավի գումարի չափը նվազեցնելու վերաբերյալ փաստարկներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. հաշվի առնելով ամբաստանյալ Ռ.Քոչարյանին մեղսագրվող հանցանքի բնույթն ու վտանգավորությունը, մասնավորապես այն, որ վերջինիս մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առանձնապես ծանր հանցագործություն, տվյալ հանցանքն ամբաստանյալը ենթադրաբար կատարել է հանցակցությամբ, ինչպես նաև այն հանգամանքը, որ գործը գտնվում է քննության սկզբնական փուլում և որևէ ապացույց դեռևս չի հետազոտվել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում, պաշտպան Հ․Ալումյանի վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, ամբաստանյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի ընտրության հարցում Վերաքննիչ դատարանի եզրահանգումն իրավաչափ է, հետևաբար պաշտպանի կողմից ներկայացված՝ Ռ.Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու կամ այլ խափանման միջոց կիրառելու կամ գրավի չափը նվազեցնելու վերաբերյալ փաստարկները չեն կարող հիմնավոր համարվել։
22.2․ Անդրադառնալով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների վճռաբեկ բողոքների կապակցությամբ պաշտպան Հ․Ալումյանի կողմից ներկայացված պատասխանին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանում վկայակոչված փաստարկներն առնչվում են մինչդատական վարույթի ընթացքում մեղադրյալի կալանքի վերաբերյալ դատական որոշումների բողոքարկման ընթացակարգին ու սուբյեկտների շրջանակին, որոնք պայմանավորված են մինչդատական վարույթի փուլի առանձնահատկություններով և կիրառելի չեն գործի դատական քննության փուլի նկատմամբ։
Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքի կապակցությամբ պաշտպան Հ․Ալումյանի՝ 2021 թվականի հուլիսի 28-ին ներկայացված պատասխանին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիշյալ պատասխանի փաստարկները չեն բխում ինչպես ներկայացված վճռաբեկ բողոքի բովանդակությունից, այնպես էլ հիմքերից, հիմնավորումներից և պահանջից։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքները մերժել։ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հունիսի 18-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_________________________
1 Տե'ս հավելված, հատոր 1-ին, թերթեր 37-60։
2 Տե'ս հավելված, հատոր 1-ին, թերթեր 79-81:
3 Տե'ս հավելված, հատոր 8-րդ, թերթեր 25-42:
4 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Panchenko v. Russia գործով 2005 թվականի փետրվարի 8-ի վճիռը, գանգատ թիվ 45100/98, կետ 106:
5 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Becciev v. Moldova գործով 2005 թվականի հոկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 9190/09, կետ 58:
6 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Stvrtecky v. Slovakia գործով 2018 թվականի հունիսի 5-ի վճիռը, գանգատ թիվ 55844/12, կետ 61:
7 Տե'ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 և այլ գործերով կայացված որոշումները:
8 Տե'ս Վճռաբեկ դատարանի` Վահագն Պողոսյանի վերաբերյալ գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԿԴ1/0062/06/12 որոշումը:
9 Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:
10 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:
11 Տե'ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mkhitaryan v. Russia գործով 2013 թվականի փետրվարի 5-ի վճիռը, գանգատ թիվ 46108/11:
12 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Sopin v. Russia գործով 2012 թվականի դեկտեմբերի 18-ի վճիռը, գանգատ թիվ 57319/10:
13 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Khanzadyan v. Armenia գործով 2014 թվականի մարտի 11-ի որոշումը, գանգատ թիվ 68571/11:
14 Տե'ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Արման և Արքա Մադաթյանների վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԱՐԴ/0152/01/19 որոշումը:
15 Տե'ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2021 թվականի մարտի 26-ին կայացված թիվ ՍԴՈ-1586 որոշումը:
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Լ. Թադևոսյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2021 թվական: