ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/8980/05/18 2021 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/8980/05/18 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | ||
Հ. Բեդևյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի դեկտեմբերի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.07.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Տիգրան Գեղամյանի ընդդեմ Ծառայության` 21.06.2018 թվականի թիվ 1808177996 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Տիգրան Գեղամյանը պահանջել է անվավեր ճանաչել (վերացնել) Ծառայության 21.06.2018 թվականի թիվ 1808177996 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 06.11.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.07.2019 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.11.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ Լևոն Ադամյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 5-րդ, 6-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ և 27-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցվորի կողմից վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում առկա միակ թույլատրելի ապացույցի, այն է՝ Հայաստանի Հանրապետության Մ-4 միջպետական ճանապարհի 80.5 կիլոմետրին տեղադրված լուսանկարահանող արագաչափ սարքից ստացված լուսանկարի պարզ ուսումնասիրությունից ակնհայտ է, որ իրավախախտման պահին իրավախախտման վայրում թույլատրելի առավելագույն արագությունը եղել է 50կմ/ժ, իսկ հայցվորը լուսանկարում պատկերված իրեն պատկանող 34TD032 հաշվառման համարանիշի Նիսսան «NISSAN» մակնիշի կապտասև մետալիկ գույնի տրանսպորտային միջոցով 29.05.2018 թվականին ժամը 11:48-ին երթևեկել է 79կմ/ժ արագությամբ, այսինքն՝ գերազանցել է թույլատրելի առավելագույն արագությունը 29կմ/ժ-ով և տվյալ լուսանկարում առկա արարքի հատկանիշները իրավախախտման հատկանիշների հետ համադրվող որևէ պաշտոնատար անձի մոտ չէր կարող ողջամիտ կասկած առաջանալ թույլատրելի առավելագույն արագության ռեժիմի խախտման վերաբերյալ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ օբյեկտիվորեն հնարավոր չէ, որ վարույթի միակ ապացույց հանդիսացող լուսանկարը պարունակի թիվ 3.24 «Առավելության արագության սահմանափակում» ճանապարհային նշանը, քանի որ այդ ճանապարհային նշանը տեղադրվում է մինչ արագաչափ սարքը: Թույլատրելի առավելագույն արագության ռեժիմի խախտումներ հայտնաբերող լուսանկարահանող սարքերի տեղադրման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ լուսանկարահանող սարքը չի կարող տեղադրվել մինչ ճանապարհային նշանի ազդման գոտին և այս տրամաբանությամբ արագաչափ սարքից ստացված լուսանկարն ուսումնասիրող և վարչական ակտ կայացնելու իրավասություն ունեցող որևէ պաշտոնատար անձ չի կանխատեսում, որ լուսանկարում կարող է տեսնել թիվ 3.24 «Առավելության արագության սահմանափակում» ճանապարհային նշանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.07.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան դատարան` նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստը.
1) Ծառայության 21.06.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1808177996 որոշմամբ Տիգրան Գեղամյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 28.500 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող «NISSAN» մակնիշի «34 TD 032» հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 29.05.2018 թվականին, ժամը 11։48-ին Գեղարքունիքի մարզում` Մ-4 80.5 կմ հատվածում, երթևեկել է 79կմ/ժ արագությամբ և հանելով արագաչափ սարքի հնարավոր սխալանքի 10կմ/ժ չափը` 50կմ/ժ առավելագույն արագություն սահմանող «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանի ազդման գոտում գերազանցել է երթևեկության սահմանված արագությունը 19կմ/ժ-ով (գ.թ. 5):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ՎԴ/9436/05/18 և թիվ ՎԴ/2032/05/19 վարչական գործերով ՀՀ վարչական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածը և «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ:
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման որոշ առանձնահատկություններին։
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար` նվազագույն աշխատավարձի 150 տոկոսի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար:
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված, տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով (այսուհետ` տեխնիկական միջոցներ) հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները:
Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցը իրավախախտումն ամրագրած տեսանյութն է կամ լուսանկարը, որը պարունակում է նաև տեխնիկական միջոցով արձանագրված տվյալները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որպես իրավախախտումը հիմնավորող ապացույց վարչական կամ դատական կարգով բողոքարկման վարույթում կարող են օգտագործվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածով նախատեսված ապացույցները:
Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:
Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում, իսկ կասկածի դեպքում մեկնաբանվում է հօգուտ անձի:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները և ուղղությունները, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման իրավական հիմքերը, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքները և պարտականությունները։
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը (...) (գ) հաստատում է ճանապարհային երթևեկության կանոնները (...):
Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության կանոնները սահմանելու լիազորությունն օրենսդիրը վերապահել է ՀՀ կառավարությանը: Վերջինս, հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթով իրեն վերապահված լիազորությունը, 28.06.2007 թվականին ընդունել է «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշումը, որի թիվ 1 հավելվածով հաստատվել են Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները: Ընդ որում, երթևեկության արագության վերաբերյալ կանոնները նախատեսված են նշված որոշման թիվ 1 հավելվածի՝ «Երթևեկության արագությունը» վերտառությամբ VII բաժնի 65-72-րդ կետերով:
Այսպես, ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման թիվ 1 հավելվածի VII բաժնի 65-րդ կետի համաձայն՝ վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ (...):
ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման թիվ 1 հավելվածի VII բաժնի 69-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ բնակավայրերից դուրս երթևեկությունը թույլատրվում է 90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ (...) (110 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` ավտոմայրուղիներով):
Նույն որոշման թիվ 1 հավելվածի VII բաժնի 70-րդ կետի համաձայն՝ բնակավայրերում և բնակավայրերից դուրս ճանապարհների առանձին հատվածներում, 3.24` «Առավելագույն արագության սահմանափակում» նշանի կիրառմամբ, կարող է թույլատրվել երթևեկելու սահմանված առավելագույնից բարձր արագությամբ:
Նշված որոշման թիվ 1 հավելվածի թիվ 1 Ձևի 3-րդ գլխի համաձայն` արգելող նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի սահմանափակումներ. դրանցից է թիվ 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» նշանը, որը նշանակում է, որ արգելվում է նշանի վրա նշվածից բարձր արագությամբ (կմ/ժ) երթևեկելը:
Նույն գլխի համաձայն` թիվ 3.24 նշանի ազդեցությունը տարածվում է նշանի տեղադրման տեղից մինչև դրանից հետո գտնվող մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրերում, խաչմերուկի բացակայության դեպքում, մինչև բնակավայրի վերջը: Նշանների ազդեցությունը չի ընդհատվում հետադարձի և բաժանարար գոտու խզման, ինչպես նաև ճանապարհներին մերձակա տարածքներից ելքի և դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հատման (հարման) տեղերում, եթե դրանցից առաջ համապատասխան նշաններ տեղադրված չեն:
Բացի այդ, ՀՀ կառավարությունը 26.10.2006 թվականի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» թիվ 1699-Ն որոշման թիվ 3 հավելվածով հաստատել է ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները:
Այսպես, նշված որոշման թիվ 3 հավելվածի I բաժնի 3-րդ կետի համաձայն՝ ճանապարհային նշանը ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոց է, որն ունի վահանակի տեսք ու որոշակի ձև և որի վրա կատարված են այնպիսի նշումներ ու մակագրություններ, որոնք ճանապարհային երթևեկության մասնակիցներին տեղեկացնում են ճանապարհային պայմանների և երթևեկության ռեժիմների, բնակավայրերի ու այլ օբյեկտների գտնվելու վայրի մասին:
Նույն որոշման թիվ 3 հավելվածի՝ «Նշանների կիրառման և տեղակայման կանոնները» վերտառությամբ III բաժնի 50.24-րդ կետի համաձայն՝ 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» նշանը կիրառվում է ճանապարհի տեղամասում` նախորդ տեղամասում սահմանվածից տարբեր առավելագույն արագություն սահմանելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում` բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը նշանի վրա նշվածից ավելի արագությամբ (կմ/ժ) արգելելու համար: (...) Եթե տվյալ տեղամասում սահմանվում է այնպիսի առավելագույն արագություն, որը նախորդ տեղամասի առավելագույն արագությունից տարբերվում է 20 կմ/ժ և ավելի արագությամբ, ապա կիրառվում է ոչ ավելի քան 20 կմ/ժ քայլով արագության աստիճանական սահմանափակում` իրարից 100-150 մ հեռավորության վրա 3.24 նշաններ հաջորդաբար տեղակայելու ճանապարհով:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված արգելող ճանապարհային նշաններից մեկը թիվ 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» նշանն է, որը սահմանում է երթևեկության որոշակի սահմանափակում, այն է` արգելում է նշանի վրա նշվածից բարձր արագությամբ (կմ/ժ) երթևեկելը: Հետևաբար, տրանսպորտային միջոցների վարորդները կարող են պատասխանատվության ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նաև թիվ 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար, եթե այդ նշանի գործողության տարածքում գերազանցել են սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը:
Սույն վարչական գործը հարուցվել է Տիգրան Գեղամյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել (վերացնել) Ծառայության 21.06.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1808177996 որոշումը: Նշված վարչական ակտով Տիգրան Գեղամյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 28.500 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինս սեփականության իրավունքով իրեն պատկանող տրանսպորտային միջոցով 29.05.2018 թվականին, ժամը 11։48-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզում` Մ-4 80.5 կմ հատվածում, երթևեկել է 69կմ/ժ արագությամբ` գերազանցելով երթևեկության սահմանված արագությունը 19կմ/ժ-ով, չկատարելով թիվ 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանի պահանջը:
Դատարանը 06.11.2018 թվականի վճռով բավարարել է Տիգրան Գեղամյանի հայցը` պատճառաբանելով, որ սույն գործով վիճարկվող որոշմամբ արձանագրված խախտման փաստը չի հաստատվում նույն որոշման ընդունման համար հիմք հանդիսացած տեխնիկական սարքի լուսանկարով, քանի որ լուսանկարում ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման հավելված 1-ի ձև 1-ի թիվ 3.24. «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանը տեսանելի չէ: Միաժամանակ՝ Դատարանը մատնանշել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ Օրենքով սահմանված վարչական վարույթի իրականացման գլխավոր առանձնահատկությունն այն է, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի ընթացքում իրավախախտման փաստը համարվում է հաստատված, եթե տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ համընկնում, որը որևէ կասկած չի հարուցում:
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ մերժել է Ծառայության վերաքննիչ բողոքը և արձանագրել, որ երբ խոսքը վերաբերում է թիվ 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանով սահմանված առավելագույն արագության գերազանցման հիմքով անձին վարչական պատասխանատվության ենթարկելուն, ապա այդ վարչական վարույթի հիմքում ընկած միակ ապացույցով՝ լուսանկարով, պետք է հաստատվի իրավախախտման փաստը, որպիսի հանգամանքը ենթադրում է առնվազն թիվ 3.24 ճանապարհային նշանի առկայության փաստի վերաբերյալ կասկածների բացակայություն: Հակառակ պարագայում իրավախախտման հատկանիշների պարզման փուլում ողջամիտ կասկած է առաջանում իրավախախտման փաստի վերաբերյալ, որպիսի հանգամանքը, պետք է մեկնաբանվի հօգուտ ենթադրյալ իրավախախտում կատարած անձի: Հաշվի առնելով վերոգրյալը Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ուսումնասիրելով վիճարկվող որոշման հիմքում ընկած միակ ապացույցը՝ լուսանկարը, պարզ է դարձել, որ դրանով որևէ կերպ չի ապացուցվում ենթադրյալ իրավախախտման վայրում 50 կմ/ժ առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանի առկայության փաստը: Մասնավորապես լուսանկարը տեղեկատվություն է պարունակում բացառապես «NISSAN» մակնիշի «34TD032» պետհամարանիշի ավտոմեքենայի՝ այդ պահի արագության և արագաչափ սարքի տեխնիկական կարգավորման վերաբերյալ, սակայն ոչ լուսանկարում առկա տեղեկատվությամբ, ոչ դրա պատկերի արտացոլանքում, առկա չէ 50կմ/ժ առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանի առկայության փաստը հաստատող ապացուցողական որևէ հանգամանք:
Վերաքննիչ դատարանը, ի հիմնավորումն վերոգրյալ եզրահանգման, վկայակոչել է նաև թիվ ՎԴ/3314/05/14 վարչական գործով 02.12.2016 թվականին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստին և ստորադաս դատարանների եզրահանգումներին, Վճռաբեկ դատարանը դրանք գտնում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.
Ի տարբերություն տեսանկարահանման սարքերի միջոցով արձանագրված իրավախախտման դեպքերի, երբ իրավախախտման փաստը հաստատվում է տեսանկարահանված իրադարձության վերլուծության արդյունքում, արագաչափ սարքով ամրագրվում է տրանսպորտային միջոցի արագությունը և լուսանկարահանվում է ճանապարհի տվյալ հատվածի համար արագության առավելագույն սահմանաչափը գերազանցած տրանսպորտային միջոցը։
Այս առանձնահատկություններով պայմանավորված էլ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել Օրենքի կիրառման որոշ առանձնահատկությունների վերաբերյալ։ Մասնավորապես Վերաքննիչ դատարանի բողոքարկվող դատական ակտում հիշատակված ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի թիվ ՎԴ/3314/05/14 վարչական գործով արտահայտված իրավական դիրքորոշումը պայմանավորված է եղել այն անվիճելի փաստով, որ «բնակավայրի սկիզբ» ճանապարհային նշանը բացակայել է, մինչդեռ ճանապարհի այդ ուղեմասում դրված արագաչափ սարքի միջոցով արագության ամրագրվող սահմանաչափը որոշվել է 60կմ/ժ, որը համապատասխանում է բնակավայրերի համար սահմանված երթևեկության թույլատրելի առավելագույն արագության սահմանաչափին։ Այս դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է ոչ թե արագաչափ սարքի կողմից կատարված լուսանկարում արագության սահմանաչափը գերազանցած տրանսպորտային միջոցի և ճանապարհային նշանի սինխրոն (համաժամանակյա) լուսանկարի առկայությունը, այլ արագության ռեժիմ որոշող կամ սահմանված ճանապարհային նշանի բացակայությունն ընդհանրապես։ Այսինքն վարչական իրավախախտման հիմքում ընկած փաստական հանգամանքը ոչ թե արագության թույլատրված սահմանաչափի գերազանցելու հարցն է եղել, այլ այդպիսի սահմանաչափ սահմանող ճանապարհային նշանի առկայությունն ընդհանրապես և ոչ թե լուսանկարում այն արտացոլված չլինելը։
Այլ է խնդիրը, երբ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հանգամանքն ամրագրվում է տեսանկարահանման նյութի դիտման և վերլուծության արդյունքում։ Այս դեպքում պարզ է, որ ճիշտ եզրահանգման գալու համար էական է ճանապարհային նշանի, գծանշանի փաստի առկայության ամրագրումը, եթե ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը ճանապարհային նշանի կամ գծանշանի պահանջի չկատարման արդյունք է, կամ ճանապարհային իրավիճակի արտացոլումը, կամ եթե ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը պայմանավորված է տվյալ իրավիճակում տրանսպորտային միջոցի վարորդի գործողությամբ կամ անգործությամբ։
Այսինքն՝ տեխնիկական միջոցով տրանսպորտային միջոցի արագության գերազանցումը ֆիքսելու դեպքում, այդ հանգամանքը հաստատելու համար, լուսանկարում համապատասխան ճանապարհային նշանի առկայությունը կամ բացակայությունը չունի էական նշանակություն։ Սակայն դրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնել, որ արագաչափ սարքով տրանսպորտային միջոցի արագության վերաբերյալ տվյալը կարող է հիմք հանդիսանալ վարչական պատասխանատվության համար, եթե չեն խախտվել տվյալ սարքի տեխնիկական և շահագործման պայմանները, որոնք սահմանված են տվյալ սարքի արտադրողի կողմից և ստուգաչափված են չափագիտության լիազոր մարմնի կողմից։
Հաշվի առնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված թիվ 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու փաստը վիճելի կհամարվի այն պարագայում, եթե ապացուցվի, որ խախտվել են արագաչափ սարքի տեխնիկական շահագործման պայմանները, այլ ոչ թե լուսանկարում թիվ 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանի բացակայությունը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա չէ որևէ ապացույց, որով կհիմնավորվի, որ Հայաստանի Հանրապետության Մ-4 միջպետական ճանապարհի 80.5 կիլոմետրին տեղադրված լուսանկարահանող արագաչափ սարքի տեխնիկական շահագործման պայմանները խախտվել են: Ավելին, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված սարքից ստացված լուսանկարը պարունակում է հայցվորին վերագրվող իրավախախտման փաստը հաստատող բավարար տեղեկություններ: Մասնավորապես, քննարկվող վարչական վարույթում միակ թույլատրելի ապացույց հանդիսացող լուսանկարը պարունակող տեսաերիզի հետազոտմամբ ակնհայտ է դառնում, որ իրավախախտման պահին իրավախախտման վայրում թույլատրելի առավելագույն արագությունը եղել է 50կմ/ժ, իսկ հայցվորը լուսանկարում պատկերված իրեն պատկանող 34TD032 հաշվառման համարանիշի Նիսսան «NISSAN» մակնիշի կապտասև մետալիկ գույնի տրանսպորտային միջոցով 29.05.2018 թվականին ժամը 11:48-ին երթևեկել է 79կմ/ժ արագությամբ, այսինքն՝ գերազանցել է թույլատրելի առավելագույն արագությունը 29կմ/ժ-ով: Ընդ որում, տվյալ լուսանկարում առկա արարքի հատկանիշները իրավախախտման հատկանիշների հետ համադրելու արդյունքում թույլատրելի առավելագույն արագության ռեժիմի խախտման վերաբերյալ որևէ ողջամիտ կասկած չի կարող առաջանալ:
Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստական հանգամանքների հետ՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ տվյալ դեպքում առկա չի եղել Ծառայության 21.06.2018 թվականի թիվ 1808177996 որոշումն անվավեր ճանաչելու որևէ հիմք, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վճռաբեկ բողոքում վկայակոչված թիվ ՎԴ/9436/05/18 և թիվ ՎԴ/2032/05/19 վարչական գործերով ՀՀ վարչական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածը և «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը կիրառվել է Վերաքննիչ դատարանի որոշմամբ նույն նորմերի մեկնաբանությանը հակասող, սակայն սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանի մեկնաբանությանը համանման մեկնաբանությամբ: Մասնավորապես վկայակոչված գործերով ՀՀ վարչական դատարանը վերլուծության ենթարկելով նշված իրավանորմերը եզրահանգում է արել այն մասին, որ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված՝ արագության գերազանցման կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտով, անձը կարող է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի հիմքով ենթարկվել վարչական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ վարչական վարույթում ձեռք բերված միակ թույլատրելի ապացույցը` իրավախախտումն ամրագրած լուսանկարը, հնարավորություն է տալիս անկասկած հետևություն անելու տվյալ հատվածում սահմանված թույլատրելի առավելագույն արագության կոնկրետ չափի և այն գերազանցված լինելու փաստի մասին։ Սահմանված առավելագույն արագությունը գերազանցելու համար, անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտի վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում ևս իրավախախտման փաստը կարող է հաստատվել բացառապես իրավախախտումն ամրագրած լուսանկարով։
Կարևորելով ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրական առաքելությունը՝ ապահովելու օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ հարկ է համարում ընդգծել, որ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված՝ արագության գերազանցման կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի միակ թույլատրելի ապացույց հանդիսացող լուսանկարում թիվ 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանի առկայության կամ բացակայության հարցի պարզումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման փաստը հաստատված համարելու համար որևէ նշանակություն չունի:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ թիվ 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու փաստը կարող է հաստատված համարվել միայն այն պարագայում, եթե ապացուցվի, որ արագաչափ սարքի տեխնիկական շահագործման պայմանները խախտված չեն և վարչական վարույթում ձեռք բերված միակ թույլատրելի ապացույցը` իրավախախտումն ամրագրած լուսանկարը, հնարավորություն է տալիս անկասկած հետևություն անելու տվյալ հատվածում սահմանված թույլատրելի առավելագույն արագության կոնկրետ չափի և այն գերազանցված լինելու փաստի մասին։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշում, որ եթե վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործերով պատասխանող վարչական մարմնի վերաքննիչ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը վերաքննիչ վարչական դատարանի կողմից մերժվում է, ապա վերջինս չպետք է կրի պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի հատուցման պարտականություն (տե՛ս, Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը)։
Հաշվի առնելով, որ ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող օրենքի ուժով ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից՝ դատական բողոքարկման բոլոր փուլերում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև այն դեպքում, երբ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործերով պատասխանող վարչական մարմնի վճռաբեկ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը ստորադաս դատարանի դատական ակտի բեկանման և փոփոխման արդյունքում մերժվում է վճռաբեկ դատարանի կողմից։ Այլ կերպ ասած՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող օրենքի ուժով ազատված հայցվորի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն՝ անկախ այդ վճռաբեկ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվորի փոխվելու հանգամանքից:
Հաշվի առնելով, որ Տիգրան Գեղամյանը, հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված է սույն գործով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի վճարման պարտավորությունից, նրա կողմից ներկայացված հայցը ենթակա է մերժման, իսկ սույն գործով վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար Ծառայության կողմից վճարված օրենքով սահմանված չափով պետական տուրքի փոխհատուցման պարտականությունը չի կարող դրվել Տիգրան Գեղամյանի վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.07.2019 թվականի որոշումը և այն փոփոխել. Տիգրան Գեղամյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` 21.06.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1808177996 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել:
2. Հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար պետական տուրքի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Ս. Անտոնյան |
Ա. Բարսեղյան | |
Հ. Բեդևյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Ս. Միքայելյան | |
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | |
Տ. Պետրոսյան | |
Է. Սեդրակյան | |
Ն. Տավարացյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2022 թվական: