ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ՇԴ/0074/01/19 |
Գործ թիվ ՇԴ/0074/01/19 |
Նախագահող դատավոր՝ | Մ. Հարությունյան |
Դատավորներ` |
Ա. Նիկողոսյան |
Ա. Դանիելյան |
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Ավետիսյանի | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
2021 թվականի սեպտեմբերի 3-ին |
ք. Երևանում |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի մարտի 9-ի որոշման դեմ ամբաստանյալ Մխիթար Ցոլակի Գևորգյանի պաշտպան Մ.Ավագյանի և ամբաստանյալ Արտեմ Մխիթարի Գևորգյանի պաշտպան Ա.Հայրապետյանի վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2019 թվականի ապրիլի 15-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնում (այսուհետ` նաև Նախաքննության մարմին) ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածների հատկանիշներով հարուցվել է թիվ 23200319 քրեական գործը։
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի մայիսի 3-ի որոշմամբ Արտեմ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 2019 թվականի մայիսի 10-ի որոշմամբ` Ա.Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածներով:
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի մայիսի 10-ի որոշմամբ Մխիթար Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 2019 թվականի մայիսի 17-ի որոշմամբ` Մ.Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:
1.1. Նախաքննության մարմնի` 2019 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ Ա.Գևորգյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` երկու դրվագով:
Նախաքննության մարմնի` նույն օրվա մեկ այլ որոշմամբ Մ.Գևորգյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` երեք դրվագով:
2019 թվականի սեպտեմբերի 26-ին Արտեմ Գևորգյանի և Մխիթար Գևորգյանի վերաբերյալ թիվ 23200319 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի հունիսի 22-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` երկու դրվագով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` Ա.Գևորգյանի նկատմամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակվել տուգանք` 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
Նույն դատավճռով Մ.Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` երեք դրվագով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` Մ.Գևորգյանի նկատմամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակվել տուգանք` 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:
3. Ամբաստանյալ Մ.Գևորգյանի և վերջինիս պաշտպան Կ.Գրեյանի ու ամբաստանյալ Ա.Գևորգյանի և վերջինիս պաշտպան Ժ.Պետրոսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)` 2021 թվականի մարտի 9-ի որոշմամբ բողոքները մերժել է` Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 22-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Մ.Գևորգյանի պաշտպան Մ.Ավագյանը և ամբաստանյալ Ա.Գևորգյանի պաշտպան Ա.Հայրապետյանը բերել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հունիսի 15-ի որոշմամբ ընդունվել են վարույթ։ Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքների պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Նախաքննության մարմնի կողմից Մխիթար Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (երեք դրվագ) այն բանի համար, որ. «(…) [Ն]ա որդու՝ Արտեմ Գևորգյանի կնոջ՝ Ազատուհի Մովսիսյանի հետ համատեղ բնակվելով Մարալիկ քաղաքի 2-րդ թաղամասի 6-րդ շենքի 22-րդ բնակարանում, ընտանիքում վերջինիս նկատմամբ գործադրել է ֆիզիկական բռնություն՝ ենթարկել է ծեծի:
Այսպես. 2019 թվականի ապրիլի 4-ին ժամը՝ 13:00-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի 2-րդ թաղամասի 6-րդ շենքի 22-րդ բնակարանում կենցաղային հարցի շուրջ՝ որդու կնոջ՝ Ազատուհի Լյովիկի Մովսիսյանի կողմից քթի շրջանում մարմնական վնասվածք ստանալու հանգամանքը թաքուն պահելու և դրա վերաբերյալ սուտ տվյալներ ներկայացնելու համար վիճաբանել է նրա հետ, ով իր անօգնական վիճակի՝ սեռի և ֆիզիկապես թույլ լինելու փաստերի ուժով, ինչպես նաև ֆինանսական կախվածության մեջ է գտնվում նրանից ու չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը՝ նրա նկատմամբ գործադրել է ֆիզիկական բռնություն, այն է՝ ծեծի է ենթարկել Ազատուհի Մովսիսյանին՝ ձեռքերով և ոտքով երկուսից չորս անգամ դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառել ֆիզիկական ցավ:
(…)
Վերոգրյալից բացի, 2019 թվականի ապրիլի 5-ին ժամը՝ 12:00-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի 2-րդ թաղամասի 6-րդ շենքի 22-րդ բնակարանում կենցաղային հարցի շուրջ՝ որդու կնոջ Ազատուհի Լյովիկի Մովսիսյանի տանից հեռանալու պահանջի ու նրա կողմից պահանջը չկատարելու համար վիճաբանել է նրա հետ և օգտվելով այն հանգամանքից, որ վերջինն իր անօգնական վիճակի՝ սեռի և ֆիզիկապես թույլ լինելու փաստերի ուժով, ինչպես նաև ֆինանսական կախվածության մեջ է գտնվում նրանից ու չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը՝ նրա նկատմամբ գործադրել է ֆիզիկական բռնություն, այն է՝ ծեծի է ենթարկել Ազատուհի Մովսիսյանին՝ բռունցքներով երկուսից երեք անգամ դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառել ֆիզիկական ցավ:
(…)
Վերոգրյալից բացի, 2019 թվականի հունիսի 27-ին ժամը՝ 11:30-ի սահմաններում Մարալիկ քաղաքի 2-րդ թաղամասի 6-րդ շենքի 22-րդ բնակարանում կենցաղային հարցի շուրջ՝ որդու կնոջ Ազատուհի Լյովիկի Մովսիսյանի կողմից նպաստի գումարը պահանջելու և այն երեխայի առողջական հարցերով ծախսելու համար վիճաբանել է նրա հետ և օգտվելով այն հանգամանքից, որ վերջինն իր անօգնական վիճակի՝ սեռի և ֆիզիկապես թույլ լինելու փաստերի ուժով, ինչպես նաև ֆինանսական կախվածության մեջ է գտնվում նրանից ու չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը՝ նրա նկատմամբ գործադրել է ֆիզիկական բռնություն, այն է՝ երկու ձեռքերով բռնել է Ազատուհի Մովսիսյանի պարանոցից, սեղմել է, այնուհետև քաշքշել է նրա մարմնի տարբեր մասերից վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ և աջ այտային շրջանի կետային քերծվածքների, աջ բազկի շրջանի ճանկռվածքների ձևերով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ (...)»1։
5.1. Նախաքննության մարմնի կողմից Արտեմ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (երկու դրվագ) այն բանի համար, որ. «(…) [Ն]ա կնոջ՝ Ազատուհի Մովսիսյանի հետ համատեղ բնակվելով Մարալիկ քաղաքի 2-րդ թաղամասի 6-րդ շենքի 22 բնակարանում, ընտանիքում վերջինի նկատմամբ գործադրել է ֆիզիկական բռնություն՝ դիտավորությամբ առողջությանը պատճառել է թեթև վնաս ու ծեծել:
Այսպես. 2019 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի 2-րդ թաղամասի 6-րդ շենքի 22 բնակարանում կենցաղային հարցի շուրջ՝ երեխայի առողջության հարցերին անտարբեր վերաբերվելու կապակցությամբ կնոջ՝ Ազատուհի Լյովիկի Մովսիսյանի կողմից իրեն դիտողություն անելու համար Արտեմ Գևորգյանը վիճաբանել է նրա հետ և օգտվելով այն հանգամանքից, որ վերջինն իր անօգնական վիճակի՝ սեռի և ֆիզիկապես թույլ լինելու փաստերի ուժով կախվածության մեջ է գտնվում նրանից ու չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը՝ նրա նկատմամբ գործադրել է ֆիզիկական բռնություն, այն է՝ Ազատուհի Մովսիսյանին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ բռունցքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին՝ պատճառելով քթի շրջանի սալջարդ վերքի և քթոսկրի կոտրվածքի ձևերով առողջության թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով:
(…)
Վերոգրյալից բացի, 2019 թվականի ապրիլի 5-ին ժամը՝ 12:00-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի 2-րդ թաղամասի 6-րդ շենքի 22-րդ բնակարանում կենցաղային հարցի շուրջ՝ կնոջը՝ Ազատուհի Լյովիկի Մովսիսյանի տանից հեռանալու պահանջի ու նրա կողմից պահանջը չկատարելու համար վիճաբանել է նրա հետ և օգտվելով այն հանգամանքից, որ վերջինն իր անօգնական վիճակի՝ սեռի և ֆիզիկապես թույլ լինելու փաստերի ուժով կախվածության մեջ է գտնվում նրանից ու չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը՝ ծեծի է ենթարկել Ազատուհի Մովսիսյանին՝ բռունցքներով երկուսից երեք անգամ դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
(…)
Վերոգրյալից բացի 2019 թվականի հունիսի 5-ին ժամը՝ 14:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետ փողոցի 22 ա շենքի 12-րդ բնակարանում կենցաղային հարցի շուրջ՝ կնոջ Ազատուհի Լյովիկի Մովսիսյանի կողմից նրա հայրական տանից իրենց օգտագործման համար նախատեսված հագուստներն ամբողջությամբ չվերցնելու համար վիճաբանել է նրա հետ և օգտվելով այն հանգամանքից, որ վերջինն իր անօգնական վիճակի՝ սեռի և ֆիզիկապես թույլ լինելու փաստերի ուժով կախվածության մեջ է գտնվում նրանից ու չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը՝ ծեծի է ենթարկել Ազատուհի Մովսիսյանին՝ բռունցքներով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա դեմքի և մարմնի տարբեր մասերին, այնուհետև բռնի գործողություններ կատարելով՝ ձեռքերով բռնել է պարանոցից, սեղմել է՝ պատճառելով ֆիզիկական ցավ (...)»2։
6. Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի հունիսի 22-ի դատավճռով արձանագրել է, որ. «(...) [Ն]ախաքննական մարմնի կողմից ամբաստանյալ Արտեմ Գևորգյանին և Մխիթար Գևորգյանին առաջադրված մեղադրանքները հիմնավորված են (…):
(…) Դատարանի կարծիքով ամբաստանյալ [Մխիթար Գևորգյանի] նկատմամբ պետք է նշանակել պատիժ տուգանքի ձևով, որպիսին Դատարանի գնահատմամբ, սույն դեպքում համաչափ է կատարած կոնկրետ հանցագործությունների բնույթին, վտանգավորության աստիճանին, դրանք կատարելու հանգամանքներին, հանցավորի անձին, սույն քրեական գործով հաստատված ծանրացնող հանգամանքին, բավարար է ինչպես պատժի նպատակների նվաճման, այնպես էլ՝ մարդասիրական տեսանկյունից:
(…) Քրեական գործում ամբաստանյալ Մխիթար Գևորգյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ չկան:
Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, որպես ամբաստանյալ Մ.Գևորգյանի պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է դիտում հանցանքը հանցավորից կախյալ վիճակում գտնվող անձի նկատմամբ կատարելը՝ տուժողը չի աշխատել, զրկված է եղել աշխատելու և ինքնուրույն վաստակելու հնարավորությունից, որի պատճառով ֆինանսական կախվածության մեջ է եղել իրենից և իր որդուց:
Վերոգրյալ հանգամանքների հաշվառմամբ՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ տուգանքի ձևով պատիժ նշանակելը բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված՝ արդարության և պատասխանատվության անհատականացման, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից (…)»3:
7. Վերաքննիչ դատարանը 2021 թվականի մարտի 9-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ վերաքննիչ բողոքներում նշված փաստարկները տվյալ դեպքում անհիմն են: Այսինքն, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Արտեմ Մխիթարի Գևորգյանի և Մխիթար Ցոլակի Գևորգյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատժաչափի վերաբերյալ հետևություններն արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավոր են, և Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չի տրվել այնպիսի դատական սխալ, որը ազդեցություն է ունեցել կամ կարող էր ազդեցություն ունենալ գործի ելքի վրա (…)»4:
8. Պաշտպան Ա.Հայրապետյանը վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է ամբաստանյալ Ա.Գևորգյանի 2021 թվականի ապրիլի 23-ի դիմումը, որով վերջինս հայտնել է, որ չի առարկում, որպեսզի իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով5:
Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոշարադրյալ հիմնավորումներով.
I. Ամբաստանյալ Մխիթար Գևորգյանի պաշտպան Մ.Ավագյանի բողոքի փաստարկները.
9. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը ամբաստանյալ Մ.Գևորգյանի նկատմամբ նշանակված պատժի համաչափության վերաբերյալ կայացրել է ապօրինի և անհիմն դատական ակտ` թույլ տալով նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածը կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 62-րդ հոդվածներով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ, 10-րդ, 19-րդ 23-րդ հոդվածներով սահմանված պահանջների խախտմամբ:
Բացի այդ, բողոք բերած անձը նշել է, որ պատժի անհատականացման սկզբունքի բովանդակության հիմնական մասն է կազմում նաև հանցավորի անձը բնութագրող տվյալների գնահատումը, որոնք իրենց ամբողջության մեջ հնարավորություն են տալիս անձին դիտել ոչ միայն որպես հանցանք կատարող, որը պետք է պատասխանատվություն կրի, այլ նաև որպես կոնկրետ անձ՝ իր անհատական հատկանիշներով։ Բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը պատիժ նշանակելու սկզբունքների պահպանմամբ ամբաստանյալի նկատմամբ նշանակված համապատասխան պատժատեսակի և պատժաչափի վերաբերյալ հանգել է սխալ հետևության:
9.1. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի մարտի 9-ի որոշումը և ամբաստանյալ Հ.Գևորգյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ նշանակել նվազագույն չափով տուգանք:
II. Ամբաստանյալ Արտեմ Գևորգյանի պաշտպան Ա.Հայրապետյանի բողոքի փաստարկները.
10. Ըստ բողոքաբերի` սույն քրեական գործով առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք՝ ամբաստանյալ Ա.Գևորգյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է, և Վերաքննիչ դատարանի որոշման ի կատար ածումը կհանգեցնի ամբաստանյալի արդար դատաքննության իրավունքի խախտման:
Մասնավորապես, բողոքի հեղինակը նշել է, որ ամբաստանյալ Ա.Գևորգյանին վերագրվող արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին, որի համար պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը երկու տարի է: Հանցանքները, որոնց կատարման մեջ վերջինս մեղադրվում է, տեղի են ունեցել 2019 թվականի ապրիլի 4-ին, 2019 թվականի ապրիլի 5-ին և 2019 թվականի հունիսի 5-ին: Հետևաբար, սույն քրեական գործով անցել է ամբաստանյալին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, և Ա.Գևորգյանը չի առարկում, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի և քրեական գործով վարույթը կարճվի` վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
10.1. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի հունիսի 22-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի մարտի 9-ի որոշումը, Ա.Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված` չհեռանալու մասին ստորագրությունը` վերացնել:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Նախքան պաշտպան Մ.Ավագյանի կողմից բարձրացված` ամբաստանյալ Մ.Գևորգյանի նկատմամբ նշանակված պատժի համաչափության հարցին անդրադառնալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով առերևույթ առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք։ Մխիթար Էլոյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանները չունեն բացարձակ բնույթ և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլնի, քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում6: Նշվածի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը նախևառաջ անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. արդյո՞ք ամբաստանյալ Մխիթար Գևորգյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (երեք դրվագ) և ամբաստանյալ Արտեմ Գևորգյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և 118-րդ հոդվածով (երկու դրվագ) քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` (...)
6) անցել են վաղեմության ժամկետները, (…)
5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը (...)»:
13. ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը»։
ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (...)
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (...)»:
14. ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի համաձայն՝ «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»:
ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն՝ «Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»:
15. Ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածներում նկարագրված արարքները դիտավորյալ հանցագործություններ են, իսկ դրանց համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում երկու տարին, ուստի դրանք դասվում են ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածներով սահմանված հանցավոր արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:
⚖16. Քրեական հետապնդումը բացառող՝ քննարկվող հիմքի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:
Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում7:
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Մխիթար Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (երեք դրվագ) մեղսագրված արարքներն ավարտվել են համապատասխանաբար` 2019 թվականի ապրիլի 4-ին (առաջին դրվագ), 2019 թվականի ապրիլի 5-ին (երկրորդ դրվագ) և 2019 թվականի հունիսի 27-ին (երրորդ դրվագ)8: ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով որակված՝ Մ.Գևորգյանին մեղսագրված արարքները կատարելու մեջ վերջինիս մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2020 թվականի հունիսի 22-ին9, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքների քննության արդյունքում որոշում է կայացրել 2021 թվականի մարտի 9-ին10։ Նշված որոշման դեմ ամբաստանյալ Մ.Գևորգյանի պաշտպան Մ.Ավագյանը 2021 թվականի մայիսի 31-ին բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հունիսի 15-ի որոշմամբ վարույթ է ընդունվել11։
18. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-16-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և դիրքորոշումների վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մխիթար Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (երեք դրվագ) մեղսագրված արարքների՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանքների համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրացել են 2021 թվականի ապրիլի 4-ին (առաջին դրվագ), 2021 թվականի ապրիլի 5-ին (երկրորդ դրվագ) և 2021 թվականի հունիսի 27-ին (երրորդ դրվագ): Մինչդեռ, այդ օրերի դրությամբ Մ.Գևորգյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել:
18.1. Նման պայմաններում, Մխիթար Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (երեք դրվագ) քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն արդեն իսկ անցել են, ուստի վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
19. Վճռաբեկ դատարանը, միաժամանակ արձանագրում է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Մ.Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պայմաններում, վերջինիս նկատմամբ նշանակված պատժի համաչափության հարցի վերաբերյալ պաշտպան Մ.Ավագյանի վճռաբեկ բողոքի փաստարկին12 անդրադառնալը համարում է առարկայազուրկ:
20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ ամբաստանյալ Արտեմ Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և 118-րդ հոդվածով (երկու դրվագ) մեղսագրված արարքներն ավարտվել են համապատասխանաբար` 2019 թվականի ապրիլի 4-ին (ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով), 2019 թվականի ապրիլի 5-ին (ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` 1-ին դրվագ) և 2019 թվականի հունիսի 5-ին (ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` 2-րդ դրվագ)13: ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածներով որակված՝ Ա.Գևորգյանին մեղսագրված արարքները կատարելու մեջ վերջինիս մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2020 թվականի հունիսի 22-ին14, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքների քննության արդյունքում որոշում է կայացրել 2021 թվականի մարտի 9-ին15։ Նշված որոշման դեմ ամբաստանյալ Ա.Գևորգյանի պաշտպան Ա.Հայրապետյանը 2021 թվականի մայիսի 27-ին բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հունիսի 15-ի որոշմամբ վարույթ է ընդունվել16։
21. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-16-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և դիրքորոշումների վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և 118-րդ հոդվածով (երկու դրվագ) մեղսագրված արարքների՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանքների համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրացել են համապատասխանաբար` 2021 թվականի ապրիլի 4-ին, 2021 թվականի ապրիլի 5-ին և 2021 թվականի հունիսի 5-ին: Մինչդեռ, այդ օրերի դրությամբ Ա.Գևորգյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել:
21.1. Նման պայմաններում, Արտեմ Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և 118-րդ հոդվածով (երկու դրվագ) քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն արդեն իսկ անցել են, ուստի վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
22. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Մ.Գևորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` երեք դրվագով, և ամբաստանյալ Ա.Գևորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և 118-րդ հոդվածով` երկու դրվագով, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 22-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի մարտի 9-ի որոշումը պետք է բեկանել, Մ.Գևորգյանի և Ա.Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու պատճառաբանությամբ։
23. Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ ամբաստանյալներ Մխիթար Գևորգյանի և Արտեմ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունները պետք է վերացնել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415․1-րդ, 418․1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Ամբաստանյալ Մխիթար Ցոլակի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` երեք դրվագով և ամբաստանյալ Արտեմ Մխիթարի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և 118-րդ հոդվածով` երկու դրվագով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունիսի 22-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի մարտի 9-ի որոշումը բեկանել:
2. Մխիթար Ցոլակի Գևորգյանի և Արտեմ Մխիթարի Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու պատճառաբանությամբ, և նրանց վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճել:
3. Ամբաստանյալներ Մխիթար Ցոլակի Գևորգյանի և Արտեմ Մխիթարի Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունները` վերացնել:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
___________________________
1 Տե'ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 325-326:
2 Տե'ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 324-325:
3 Տե'ս քրեական գործ, հատոր 2, թերթ 82, 85-86:
4 Տե'ս քրեական գործ, հատոր 3, թերթ 127:
5 Տե'ս քրեական գործ, հատոր 4, թերթ 59:
6 Տե'ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Մխիթար Էլոյանի և այլոց գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշումը։
7 Տե'ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Անահիտ Սաղաթելյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11, Հրանտ Մազմանյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14 որոշումներում։
8 Տե'ս սույն որոշման 5-րդ կետը:
9 Տե'ս սույն որոշման 2-րդ կետը:
10 Տե'ս սույն որոշման 3-րդ կետը:
11 Տե'ս սույն որոշման 4-րդ կետը:
12 Տե'ս սույն որոշման 9-9.1-րդ կետը:
13 Տե'ս սույն որոշման 5.1-րդ կետը:
14 Տե'ս սույն որոշման 2-րդ կետը:
15 Տե'ս սույն որոշման 3-րդ կետը:
16 Տե'ս սույն որոշման 4-րդ կետը:
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. Ավետիսյան Ե. Դանիելյան Լ. Թադևոսյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2021 թվական: