ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1438/02/08
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1438/02/08
Նախագահող դատավոր՝ Ն. Կարապետյան
Դատավորներ՝ |
Ա. Մխիթարյան |
Ա. Մկրտչյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Տ. պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի հունիսի 04-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ՇԱՆԹ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.09.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Վարշամ Ղարիբյանի` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջի մասին, և ըստ Վարշամ Ղարիբյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Վարշամ Ղարիբյանի ապօրինի տիրապետումից հետ պահանջել մեկ հատ կոմպրեսորային ագրեգատ Պ-220, մեկ հատ խողովակավոր կոնդեսատոր ՅՏԳ-70, մեկ հատ կոմպրեսոր Պ-220, մեկ հատ սառնարանային մեքենա ՄԿՏ-350-2-1-6, երկու հատ կոմպրեսորային ագրեգատ АП-110, մեկ հատ հեղուկ անջատիչ, մեկ հատ կոմպրեսոր 21 A 280 7-3, մեկ հատ կոմպրեսոր ТМ-3-2500, մեկ հատ օդի կոմպրեսոր 2 ВМ-25, մեկ հատ կոմպրեսոր 5 ՎԽ-350-2-1, մեկ հատ կոմպրեսոր Պ-220, մեկ 1 հատ կոմպրեսոր Պ-110, մեկ կոմպլեկտ «Տեխնո-Այս» ֆիրմայի պաղպաղակի արտադրման սարքավորում` մեկ հատ պաղպաղակի արտադրման «Pick up FroTeknoline 600» սարքավորում, մեկ հատ վերահսկման էլեկտրական վահանակ «Teknoline 600»-ի համար, մեկ հատ փաթեթավորման մեքենա ելքային փոխադրիչով, մեկ հատ «Ripple pump» տեսակի սարքավորում, մեկ հատ «Vienetta» և «Twister» տեսակի պաղպաղակի սարքավորում, հոսքագծի պարագաներ, մեկ հատ էսկիմո գեներատոր կառուսել АЛ 5 ОЭК, մեկ հատ պաղպաղակի փաթեթավորման գիծ М6-ОЛБ, մեկ հատ Ֆրիզր Ա6 ՕՖՇ, «Տետրա Պակ Հոյեր» պաղպաղակի էքսկլյուզիոն հոսքագիծ` ներառյալ սառցարաններ «Frigus 600» տեսակի, երկու հատ «Frigus 600» տեսակի սարքավորում, մեկ հատ «FF 2000» տեսակի սարքավորում, մեկ հատ «600 C» հոսքագիծ, «R-22»-ով գոլորշիացուցիչ առանց կոմպրեսորի, «Dino-C» ավտոմատ փոխադրման համակարգով, մեկ հատ «Magnum» տեսակի պաղպաղակի սարքավորում, մեկ հատ «Funny face», մեկ հատ կոնաձև պաղպաղակի սարքավորում, մեկ հատ շերտավոր պաղպաղակի սարքավորում (առանց շոկոլադապատման), մեկ հատ «Charta 200» փաթեթավորման սարքավորում` առանց ելքի կոնվեյերի և առանց տվյալների տպման մեկ կոմպլեկտ, մեկ հատ կաթը սառեցնող սարքավորում IC 1000, մեկ հատ Վաննա ВДП 1000, երկու հատ մերանի հասունացման բակ, մեկ հատ կաթի պահպանման տարողություն 6,3 տոննա, ինչպես նաև Վարշամ Ղարիբյանից բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ` որպես անհիմն հարստացում:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Հարթենյան) 11.03.2014 թվականի վճռով հայցը` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջի մասով, մերժվել է, իսկ քաղաքացիական գործի վարույթն ըստ Ընկերության հայցի ընդդեմ Վարշամ Ղարիբյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասով, կարճվել է, ինչպես նաև վճռվել է ընկերությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես չվճարված պետական տուրքի գումար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ի. Վարդանյան, Ն. Բասեղյան և Տ. Նազարյան) 03.07.2014 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.03.2014 թվականի վճիռը` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու մասին պահանջը մերժելու մասով, բեկանվել է, և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության. մնացած մասով վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.10.2014 թվականի որոշմամբ Վարշամ Ղարիբյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքի ընդունումը մերժվել է:
Գործի նոր քննության ընթացքում դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Վարշամ Ղարիբյանի ապօրինի տիրապետումից հետ պահանջել մեկ հատ կոմպրեսորային ագրեգատ Պ 220, մեկ հատ կոնդեսատոր խողովակավոր ՅՏԳ-70, մեկ հատ կոմպրեսոր Պ-220, մեկ հատ սառնարանային մեքենա ՄԿՏ-350-2-1-6, երկու հատ կոմպրեսորային ագրեգատ АП-110, մեկ հատ հեղուկ անջատիչ, մեկ հատ կոմպրեսոր 21 A 280 7-3, մեկ հատ կոմպրեսոր TM-3-2500, մեկ հատ օդի կոմպրեսոր 2 BM-25, մեկ հատ կոմպրեսոր 5 ՎԽ-350-2-1, մեկ հատ կոմպրեսոր Պ-220, մեկ հատ կոմպրեսոր Պ-110, մեկ կոմպլեկտ «Տեխնո-Այս» ֆիրմայի պաղպաղակի արտադրման սարքավորում (մեկ հատ պաղպաղակի արտադրման «Pick up FroTeknoline 600» սարքավորում, մեկ հատ վերահսկման էլեկտրական վահանակ «Teknoline 600»-ի համար, մեկ հատ փաթեթավորման մեքենա ելքային փոխադրիչով, մեկ հատ «Ripple pump» տեսակի սարքավորում, մեկ հատ «Vienetta» և «Twister» տեսակի պաղպաղակի սարքավորում, հոսքագծի պարագաներ), մեկ հատ էսկիմո գեներատոր կառուսել АЛ 5 ОЭК, մեկ հատ պաղպաղակի փաթեթավորման գիծ М6-ОЛБ, ֆրիզր Ա 6 ՕՖՇ, մեկ կոմպլեկտ «Տետրա պակ հոյեր» պաղպաղակի հոսքագիծ (երկու հատ պաղպաղակի արտադրման սարքավորում «Frigus» 600 տեսակի, մեկ հատ «FF 2000» տեսակի սարքավորում, «600 C» հոսքագիծ, «R22»-ով գոլորշիացուցիչ, առանց կոմպրեսորի, «Dino-C» ավտոմատ փոխադրման համակարգով, մեկ հատ «Magnum» տեսակի պաղպաղակի սարքավորում, մեկ հատ «Funny Face», մեկ հատ կոնաձև պաղպաղակի սարքավորում, մեկ հատ շերտավոր պաղպաղակի սարքավորում, առանց շոկոլադապատման մեկ հատ, «Charta 200» փաթեթավորման սարքավորում` առանց ելքի կոնվեյերի և առանց տվյալների տպման՝ 1 կոմպլեկտ), մեկ հատ կաթը սառեցնող սարքավորում IC 1000, մեկ հատ վաննա ВДП 1000, երկու հատ մերանի հասունացման բակ, մեկ հատ կաթի պահպանման տարողություն 6,3 տոննա, պաղպաղակի հոսքագիծ «Rotary 3000»:
Գործի նոր քննության ընթացքում հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Վարշամ Ղարիբյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը մեկ հատ կոմպրեսորային ագրեգատ Պ 220-ի, մեկ հատ կոնդեսատոր խողովակավոր ՅՏԳ-70-ի, մեկ հատ կոմպրեսոր Պ-220-ի, մեկ հատ սառնարանային մեքենա ՄԿՏ-350-2-1-6-ի, երկու հատ կոմպրեսորային ագրեգատ АП-110-ի, մեկ հատ հեղուկ անջատիչի, մեկ հատ կոմպրեսոր 21 A 280 7-3-ի, մեկ հատ կոմպրեսոր TM-3-2500-ի, մեկ հատ օդի կոմպրեսոր 2 BM-25-ի, մեկ հատ կոմպրեսոր 5 ՎԽ-350-2-1-ի, մեկ հատ կոմպրեսոր Պ-220-ի, մեկ հատ կոմպրեսոր Պ-110-ի, մեկ կոմպլեկտ «Տեխնո-Այս» ֆիրմայի պաղպաղակի արտադրման սարքավորման (մեկ հատ պաղպաղակի արտադրման «Pick up FroTeknoline 600» սարքավորում, մեկ հատ վերահսկման էլեկտրական վահանակ «Teknoline 600»-ի համար, մեկ հատ փաթեթավորման մեքենա ելքային փոխադրիչով, մեկ հատ «Ripple pump» տեսակի սարքավորում, մեկ հատ «Vienetta» և «Twister» տեսակի պաղպաղակի սարքավորում, հոսքագծի պարագաներ), մեկ հատ էսկիմո գեներատոր կառուսել АЛ 5 ОЭК-ի, մեկ հատ պաղպաղակի փաթեթավորման գիծ М6-ОЛБ-ի, ֆրիզր Ա 6 ՕՖՇ-ի, մեկ կոմպլեկտ «Տետրա պակ հոյեր» պաղպաղակի հոսքագծի (երկու հատ պաղպաղակի արտադրման սարքավորում «Frigus» 600 տեսակի, մեկ հատ «FF 2000» տեսակի սարքավորում, «600 C» հոսքագիծ, «Dino-C» ավտոմատ փոխադրման համակարգով, մեկ հատ «Magnum» տեսակի պաղպաղակի սարքավորում, մեկ հատ «Funny Face», մեկ հատ կոնաձև պաղպաղակի սարքավորում, մեկ հատ շերտավոր պաղպաղակի սարքավորում, առանց շոկոլադապատման մեկ հատ, «Charta 200» փաթեթավորման սարքավորում` առանց ելքի կոնվեյերի և առանց տվյալների տպման՝ 1 կոմպլեկտ), մեկ հատ կաթը սառեցնող սարքավորում IC 1000-ի, մեկ հատ վաննա ВДП 1000-ի, երկու հատ մերանի հասունացման բակի, մեկ հատ կաթի պահպանման տարողության 6,3 տոննա, պաղպաղակի հոսքագիծ «Rotary 3000»-ի նկատմամբ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Փիլոսյան) (այսուհետ` Դատարան) 30.04.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.09.2020 թվականի որոշմամբ Վարշամ Ղարիբյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 30.04.2019 թվականի վճիռը հայցի մասով բեկանվել է և փոփոխվել՝ հայցը բավարարվել է մասնակիորեն` որոշվել է.
«(…) 1.2. Պարտավորեցնել Վարշամ Ղարիբյանին «Շանթ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վերադարձնել հետևյալ գույքը՝ Կոմպրեսորային ագրեգատ Պ 220՝ 1 հատ, Հեղուկ անջատիչ՝ 1 հատ, Կոմպրեսոր Պ-220՝ 1 հատ, Կոմպրեսոր 5 ՎԽ-350-2-1՝ 1 հատ, Կոնդեսատոր Խողովակավոր ՅՏԳ-70՝ 1հատ, Կոմպրեսոր Պ-220՝ 1 հատ, Սառնարանային մեքենա ՄԿՏ-350-2-1-6՝ 1 հատ, Կոմպրեսորային ագրեգատ АП-110՝ 2 հատ, Կոմպրեսոր 21 A 280 7-3` 1 հատ, Կոմպրեսոր TM-3-2500՝ 1 հատ, Օդի կոմպրեսոր 2 BM-25՝ 1 հատ, Կոմպրեսոր Պ-110՝ 1 հատ, Պաղպաղակի արտադրման սարքավորում /Տեխնո_Այս/ ֆիրմայի, մեկ կոմպլեկտ, /պաղպաղակի արտադրման PICK up FroTeknoline 600 սարքավորում 1 հատ, վերահսկման էլեկտրական վահանակ Teknoline 600-ի համար 1 հատ, փաթեթավորման մեքենա ելքային փոխադրիչով 1 հատ, «Vienetta» և «Twister» տեսակի պաղպաղակի սարքավորում 1 հատ, հոսքագծի պարագաներ/., Էսկիմո գեներատոր կառուսել АЛ 5 ОЭК 1 հատ, Պաղպաղակի փաթեթավորման գիծ М6-ОЛБ 1 հատ, Ֆրիզր Ա 6 ՕՖՇ, «Տետրա պակ հոյեր» պաղպաղակի հոսքագիծ /պաղպաղակի արտադրման սարքավորում «Frigus» 600 տեսակի՝ 2 հատ., Կաթը սառեցնող սարքավորում IC 1000` 1 հատ., Վաննա ВДП 1000՝ 1 հատ., Մերանի հասունացման բակ՝ 2 հատ, Կաթի պահպանման տարողություն 6.3 տոննա՝ 1 հատ., Պաղպաղակի հոսքագիծ «Rotary» 3000: Մնացած մասով հայցը մերժել: (…)»:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ և 274-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Շանթ» ԼՏԸ-ն 16.04.1999 թվականին արտադրող «Tetra Pak Hoyer Spa» ընկերությունից ձեռք է բերել պաղպաղակի արտադրման «Frigus 600» սարքավորում, FF 2000 տեսակի սարքավորում 1 հատ, 600 C հոսքագիծ R22-ով գոլորշիացուցիչ, առանց կոմպրեսորի, Dino-C ավտոմատ փոխադրման համակարգով, 1 հատ «Magnum» տեսակի պաղպաղակի սարքավորում 1 հատ, Funny Face 1 հատ կոնաձև պաղպաղակի սարքավորում, մեկ հատ շերտավոր պաղպաղակի սարքավորում, առանց շոկոլադապատման 1 հատ, Charta 200 փաթեթավորման սարքավորում, առանց ելքի կոնվեյերի և առանց տվյալների տպման: Սարքավորումների ձեռք բերման փաստը հաստատվում է 16.04.1999 թվականի թիվ 9900466 հաշիվ ապրանքագրով, արտադրողի կողմից տրված որակի վկայականով: «Ripple pump» տեսակի սարքավորումն Ընկերությունը ձեռք է բերել 06.07.2006 թվականին, որը հաստատվում է թիվ 327/06 հաշիվ ապրանքագրով: «Շանթ» ԼՏԸ-ի իրավահաջորդն է Ընկերությունը։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հարկադիր կատարողի կողմից 31.07.2009 թվականին կազմվել է ապացույցների ապահովման մասին ակտ, որի համաձայն՝ Երևանի Ա. Վշտունի 73 հասցեում գտնվում է, ի թիվս այլ գույքի, նաև «Tetro Pak Hoyer» պաղպաղակի հոսքագիծը: Անշարժ գույքի կադաստրի կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ Երևանի Ա. Վշտունի 73 հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Վարշամ Ղարիբյանին:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Վարշամ Ղարիբյանը 19.07.2017 թվականին հակընդդեմ հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Ընկերության՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, և հակընդդեմ հայցում նշել է, որ Երևանի Ա. Վշտունի 73 հասցեում իրականացրել է պաղպաղակի ու հրուշակեղենի արտադրություն, ձեռք է բերել բազմաթիվ սարքավորումներ, այդ թվում՝ նաև Ընկերության կողմից պահանջվող սարքավորումները, փաստացի հոգ է տարել սարքավորումների պահպանման համար, սարքավորումները տիրապետում է որպես սեփականատեր, նրա տիրապետումը բացահայտ, անընդմեջ և բարեխիղճ է, ինչը հայտնի է անձանց լայն շրջանակին: Նշված փաստերի հիման վրա Վարշամ Ղարիբյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքն Ընկերության կողմից հետ պահանջվող գույքի, այդ թվում՝ FF 2000 տեսակի 1 հատ սարքավորման, 600 C հոսքագծի, R22-ով գոլորշիացուցիչի, առանց կոմպրեսորի, 1 հատ Dino-C ավտոմատ փոխադրման համակարգի, 1 հատ Magnum տեսակի պաղպաղակի սարքավորման, Funny Face սարքավորման, 1 հատ կոնաձև պաղպաղակի սարքավորման, մեկ հատ շերտավոր պաղպաղակի սարքավորման, առանց շոկոլադապատման 1 հատ, Charta 200 փաթեթավորման սարքավորման, առանց ելքի կոնվեյերի և առանց տվյալների տպման՝ 1 կոմպլեկտ Ripple pump տեսակի սարքավորման նկատմամբ:
Այսինքն՝ Դատարան ներկայացված հակընդդեմ հայցով հիմնավորվում է, որ նշված սարքավորումները գտնվում են Վարշամ Ղարիբյանի տիրապետության տակ, ավելին՝ նա հենց Ընկերության կողմից պահանջվող գույքը որպես սեփականատեր տիրապետելու, այդ տիրապետման բացահայտ, անընդմեջ և բարեխիղճ լինելու հիմքերով է Դատարանից պահանջել ճանաչել իր սեփականության իրավունքը վեճի առարկա սարքավորումների նկատմամբ:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը որպես ապացույց չի հետազոտել և գնահատել Վարշամ Ղարիբյանի հակընդդեմ հայցադիմումը, փաստերի վերաբերյալ հայտնած տեղեկությունները, դրանք չի համադրել և վերլուծել գործում առկա այլ ապացույցների հետ, որի արդյունքում վերը նշված սարքավորումները Վարշամ Ղարիբյանի տիրապետման տակ գտնվելու փաստի վերաբերյալ հանգել է սխալ հետևությունների:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` հայցը մերժելու մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 01.09.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 30.04.2019 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Վարշամ Ղարիբյանի՝ խնդրելով Վարշամ Ղարիբյանի ապօրինի տիրապետումից հետ պահանջել հայցադիմումում նշված գույքը, ինչպես նաև Վարշամ Ղարիբյանից բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ` որպես անհիմն հարստացում (հատոր 1-ին, գ.թ. 2-12).
2) Ընկերությունը հայցադիմումին կցել է հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին միջնորդություն՝ խնդրելով հայցադիմումում նշված գույքի վրա դնել արգելանք։ Դատարանը 14.11.2008 թվականին որոշում է կայացրել Ընկերության միջնորդությունը բավարարելու մասին, որի հիման վրա տրվել է կատարողական թերթ (հատոր 1-ին, գ.թ. 14 -18, հատոր 2-րդ, գ.թ. 5-12).
3) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) Երևանի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի ավագ հարկադիր կատարող Է. Գասպարյանը, պատճառաբանելով, որ կատարողական թերթի պահանջը փաստացի կատարվել է, 19.02.2009 թվականին որոշում է կայացրել թիվ 01/06-182/09 կատարողական վարույթն ավարտելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 118-120).
4) Ընկերությունը հայցադիմումին կցել է նաև ապացույցների ապահովման մասին միջնորդություն՝ խնդրելով որոշում կայացնել Երևանի Վշտունու փողոցի թիվ 73-րդ հասցեում Ծառայության միջոցով զննելու հայցադիմումում նշված գույքը և այդ մասին գրավոր նյութերն ուղարկել Դատարան։ Դատարանը 14.11.2008 թվականին որոշում է կայացրել Ընկերության միջնորդությունը բավարարելու մասին, որի հիման վրա տրվել է կատարողական թերթ (հատոր 1-ին, գ.թ. 19-24, հատոր 2-րդ, գ.թ. 13-20).
5) Ընկերությունը կրկին հարուցել է ապացույցների ապահովման մասին միջնորդություն՝ խնդրելով որոշում կայացնել Երևանի Վշտունու փողոցի թիվ 73-րդ հասցեում Ծառայության միջոցով զննելու հայցադիմումում նշված գույքը և այդ մասին գրավոր նյութերն ուղարկել Դատարան՝ միջնորդության հիմքում դնելով այն, որ տրված կատարողական թերթերում չի նշվել այն վայրը, որտեղ ենթադրաբար գտնվում է ապահովման (արգելադրման) ենթակա գույքը, որի պատճառով հարկադիր կատարողները այցելել են սխալ հասցե։ Դատարանը 10.02.2009 թվականին որոշում է կայացրել Ընկերության միջնորդությունը բավարարելու մասին, որի հիման վրա տրվել է կատարողական թերթ (հատոր 2-րդ, գ.թ. 57-62-րդ, 72-79-րդ).
6) Դատարանի 13.05.2009 թվականի որոշմամբ կրկին ձեռնարկվել է հայցի ապահովման միջոց` արգելվել է Երևանի Վշտունու փողոցի թիվ 73 հասցեում գտնվող՝ վեճի առարկա հանդիսացող արտադրական վտանգավոր օբյեկտներ համարվող MBT-20, MBT-10-01, MKT-20, MKT-110, MKT-110-2-0 սառնարանային մեքենաների, M6-OLB պաղպաղակի արտադրության հոսքագծի, 2BK օդի կոմպրեսորների, AK-110, 5BX-350, A2L50(x) A2L40(x) կոմպրեսորային ագրեգատների, DK50 կոմպրեսորների, 21BX280, Պ-220, 21AK280 կոմպրեսորների, H2E0360, H350SB POE32, H2E0360 սառնարանային կոմպրեսորների, AL-5 ОЭК էսկիմո գեներատորի, КХН-2 սառնարանային խցիկի, պաղպաղակի արտադրության ֆրիզերների, 06-06 AAB M6 OLD պաղպաղակի հոսքային գծի, ինչպես նաև ամբողջ պաղպաղակի արտադրամասի շահագործումը, վերանորոգումը և տեղափոխումը։ Նշված որոշման հիման վրա 13.05.2009 թվականին տրվել է կատարողական թերթ (հատոր 2-րդ, գ.թ. 121-123).
7) Ընկերությունը հայցադիմումին կցել է նաև ապացույցների ապահովման մասին միջնորդություն՝ խնդրելով որոշում կայացնել Երևանի Վշտունու փողոցի թիվ 73-րդ հասցեում ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով զննելու հայցադիմումում նշված գույքը և այդ մասին գրավոր նյութերն ուղարկել Դատարան։ Դատարանը 14.11.2008 թվականին որոշում է կայացրել Ընկերության միջնորդությունը բավարարելու մասին, որի հիման վրա տրվել է կատարողական թերթ (հատոր 1-ին, գ.թ. 19-24, հատոր 2-րդ, գ.թ. 13-20).
8) Ընկերությունը կրկին հարուցել է ապացույցների ապահովման մասին միջնորդություն՝ խնդրելով որոշում կայացնել Երևանի Վշտունու փողոցի թիվ 73-րդ հասցեում Ծառայության միջոցով զննելու հայցադիմումում նշված գույքը և այդ մասին գրավոր նյութերն ուղարկել Դատարան՝ միջնորդության հիմքում դնելով այն, որ տրված կատարողական թերթերում չի նշվել այն վայրը, որտեղ ենթադրաբար գտնվում է ապահովման (արգելադրման) ենթակա գույքը, որի պատճառով հարկադիր կատարողները այցելել են սխալ հասցե։ Դատարանը 10.02.2009 թվականին որոշում է կայացրել Ընկերության միջնորդությունը բավարարելու մասին, որի հիման վրա տրվել է կատարողական թերթ (հատոր 2-րդ, գ.թ. 57-62, 72-79).
9) Ընկերությունը կրկին հարուցել է հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին միջնորդություն՝ խնդրելով հայցադիմումում նշված գույքի վրա դնել արգելանք՝ միջնորդության հիմքում դնելով այն, որ Ծառայության կողմից Դատարանի 14.11.2008 թվականի որոշումը չի կատարվել այն պատճառաբանությամբ, որ կատարողական թերթում չի նշվել այն վայրը, որտեղ ենթադրաբար գտնվում է արգելադրման ենթակա գույքը։ Դատարանը 10.02.2009 թվականին որոշում է կայացրել Ընկերության միջնորդությունը բավարարելու մասին, որի հիման վրա տրվել է կատարողական թերթ (հատոր 2-րդ, գ.թ. 64-71).
10) Ծառայության Երևանի ստորաբաժանման հարկադիր կատարող Էդուարդ Գասպարյանի 31.07.2009 թվականի «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու և ապացույցներ ապահովելու մասին» ակտով կատարողական թերթերի պահանջների կատարումն ապահովելու համար արգելանք է դրվել հետևյալ գույքի վրա և որպես ապացույց ապահովվել է հետևյալ գույքը՝
1. Կոմպրեսորային ագրեգատ Պ 220՝ 2 հատ
2. Կոնդեսատոր Խողովակավոր ՅՏԳ-70՝ 1հատ
3. Կոմպրեսոր Պ-220՝ 1 հատ
4. Սառնարանային մեքենա ՄԿՏ-350-2-1-6՝ 1 հատ
5. Կոմպրեսորային ագրեգատ АП-110՝ 2 հատ
6. Հեղուկ անջատիչ՝ 2 հատ
7. Կոմպրեսոր 21 A 280 7-3` 1 հատ
8. Կոմպրեսոր TM-3-2500՝ 1 հատ
9. Օդի կոմպրեսոր 2 BM-25՝ 1 հատ
10. Կոմպրեսոր 5 ՎԽ-350-2-1՝ 2 հատ
11. Կոմպրեսոր Պ-220՝ 2 հատ
12. Կոմպրեսոր Պ-110՝ 1 հատ
13. 1 հատ պաղպաղակի բարձրացման և գլազուրապատման համակարգ 600, 1 հատ էլ․ կառավարման վահանակ, 1 հատ փաթեթավորման մեքենա բացթողման կոնվեյերով, 1 հատ պուլացիոն պոմպ, 1 հատ սարքավորումներ «Վենետա» և «Թվիստեր» տեսակի պաղպաղակի համար, լրացուցիչ պարագաներ, աքսեսուարներ հոսքագծի համար, Techo ice ֆիրմայի պաղպաղակի հոսքագիծ 1 կոմպլեկտ։
14. Էսկիմո գեներատոր կառուսել АЛ 5 ОЭК 1 հատ
15. Պաղպաղակի հոսքագիծ «Rotary 3000» 1 հատ
16. Պաղապաղակի հոսքագիծ М6-ОЛБ 1 հատ
17. Պաղապաղակի հոսքագիծ М6-ОЛБ 1 հատ
18. Ֆրիզր Ա 6- ՕՖՇ 1 հատ
19. Պաղպաղակի հոսքագիծ М6-ОЛБ 1 հատ
20. Էսկիմո գեներատոր АЛ 5 ОЭК 1 հատ 1989
21. «Տետրա պակ հոյեր» պաղպաղակի հոսքագիծ, պաղպաղակի արտադրման սարքավորում «Frigus» 600 տեսակի՝ 5 հատ,
22. Կաթը սառեցնող սարքավորում IC 1000` 1 հատ
23. Երկարատև պաստերիզացիայի վաննա ВДП 1000՝ 1 հատ
24. Մերանի հասունացման բակ՝ 2 հատ
25. Արտադրական ֆրիզեր պաղպաղակի ՕՖՇ 1 հատ
26. Կաթի պահպանման տարողություն 6.3 տոննա՝ 1 հատ․
հայցադիմումում նշված հետևյալ գույքը՝ մեկ հատ «Ripple pump» տեսակի սարքավորումը, մեկ հատ «FF 2000» տեսակի սարքավորումը, «600 C» հոսքագիծ, «R22»-ով գոլորշիացուցիչը, առանց կոմպրեսորի, «Dino-C» ավտոմատ փոխադրման համակարգով, մեկ հատ «Magnum» տեսակի պաղպաղակի սարքավորումը, մեկ հատ «Funny Face»-ը, մեկ հատ կոնաձև պաղպաղակի սարքավորումը, մեկ հատ շերտավոր պաղպաղակի սարքավորումը, առանց շոկոլադապատման մեկ հատ, «Charta 200» փաթեթավորման սարքավորումը` առանց ելքի կոնվեյերի և առանց տվյալների տպման՝ 1 կոմպլեկտ (այսուհետ նաև՝ Վիճելի գույք), վերը նշված ակտում ներառված չէ (հատոր 10-րդ, գ.թ. 62, 63).
11) Ընկերությունը 21.02.2011 թվականին հայցի ապահովման միջոց ձեռնարկելու միջնորդություն է ներկայացրել Դատարան` միջնորդելով անհապաղ կամ հինգ օրը չգերազանցող ժամկետում արգելանք դնել Երևանի Վշտունի 73-րդ հասցեում, ինչպես նաև Վարշամ Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող այլ շինություններում և տարածքներում գտնվող իրեն պատկանող թվով 141 շարժական գույքի վրա (հատոր 3-րդ, գ.թ. 105-109).
12) Դատարանի 21.02.2011 թվականի որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց` արգելանք է դրվել պատասխանող Վարշամ Ղարիբյանի մոտ` Երևանի Վշտունու փողոցի թիվ 73 հացեում գտնվող, ինչպես նաև Վարշամ Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող այլ շինություններում և տարածքներում գտնվող հայցվորին պատկանող թվով 141 շարժական գույքի վրա։ Նշված որոշման հիման վրա 21.02.2011 թվականին տրվել է կատարողական թերթ (հատոր 3-րդ, գ.թ. 110-112, 113-115)․
13) Ընկերությունը 21.02.2011 թվականին ապացույցների ապահովման վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Դատարան` միջնորդելով ապահովել ապացույցներ, այն է` որոշում կայացնել Երևանի Վշտունի 73-րդ հասցեում, ինչպես նաև Վարշամ Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող այլ շինություններում և տարածքներում գտնվող թվով 141 ապացույցները Ծառայության միջոցով զննելու, զննության արդյունքները արձանագրելու, լուսանկարելու և այդ մասին գրավոր նյութերը դատարան ուղարկելու մասին (հատոր 3-րդ, գ.թ. 116-120).
14) Դատարանի 21.02.2011 թվականի որոշմամբ Ընկերության ապացույցների ապահովման վերաբերյալ միջնորդությունը բավարարվել և ապահովվել է Երևանի Վշտունու փողոցի թիվ 73 հացեում գտնվող, ինչպես նաև Վարշամ Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող այլ շինություններում և տարածքներում գտնվող հայցվորին պատկանող թվով 141 շարժական գույքը։ Նշված որոշման հիման վրա 21.02.2011 թվականին տրվել է կատարողական թերթ (հատոր 3-րդ, գ.թ. 121-126).
15) Ծառայության Երևանի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետի տեղակալը, պարզելով, որ կատարողական գործողությունների ընթացքում արգելանք է կիրառվել 2 անվանում գույքերի վրա, միաժամանակ չհայտնաբերված գույքերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, 26.04.2014 թվականին որոշում է կայացրել 19.05.2009 թվականին հարուցված թիվ 01/06-605/09 կատարողական վարույթը ավարտելու մասին (հատոր 9-րդ, գ.թ. 35).
16) նույն հարկադիր կատարողը, պարզելով, որ կատարողական գործողությունների ընթացքում արգելանք է կիրառվել 26 անվանում գույքերի վրա, միաժամանակ չհայտնաբերված գույքերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, 26.04.2014 թվականին որոշում է կայացրել 01.03.2011 թվականին հարուցված թիվ 01/06-1313/11 կատարողական վարույթը ավարտելու մասին (հատոր 9-րդ, գ.թ. 37-39).
17) նույն հարկադիր կատարողը, պարզելով, որ կատարողական գործողությունների ընթացքում արգելանք է կիրառվել 26 անվանում գույքերի վրա, միաժամանակ չհայտնաբերված գույքերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, 26.04.2014 թվականին որոշում է կայացրել 01.03.2011 թվականին հարուցված թիվ 01/06-1312/11 կատարողական վարույթը ավարտելու մասին (հատոր 9-րդ, գ.թ. 41-43).
18) Վարշամ Ղարիբյանը 19.09.2017 թվականին հակընդդեմ հայց է ներկայացրել Դատարան՝ Ընկերության կողմից ներկայացված հայցադիմում նշված ամբողջ գույքի, այդ թվում նաև Վիճելի գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու մասին՝ հակընդդեմ հայցի հիմքում դնելով նաև այն, որ հայցվորի կողմից պահանջվող սարքավորումները ձեռք են բերվել իր կողմից, դրանց սեփականատերն ինքն է հանդիսանում՝ տիրապետելով անընդմեջ, բացահայտ և բարեխիղճ, դրանց նկատմամբ իրականացրել է ակտիվ գործողություններ (հատոր 10-րդ, գ.թ. 78-81):
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ և 274-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները, հարկ է համարում կրկին անդրադառնալ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու (վինդիկացիոն) հայցի էական առանձնահատկություններին, ինչպես նաև փաստի հաստատված լինելու հարցը պարզելիս դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործում եղած բոլոր ապացույցները գնահատելուն:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: Տիրապետման իրավունքը գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգտագործման իրավունքը գույքից դրա օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգուտը կարող է լինել եկամտի, պտուղների, աճի, ծնաճի և այլ ձևերով: Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է անձի սեփականությանը` որպես սահմանադրորեն երաշխավորված իրավունքի: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ սեփականատիրոջ իրավազորությունների (տիրապետում, օգտագործում, տնօրինում) ամբողջությունը կազմում է սեփականության իրավունքի բովանդակությունը, և դրանց ամբողջությունն օրենքով պատկանում է սեփականատիրոջը` որպես սեփականության սուբյեկտիվ իրավունքի կրողի, և սահմանում սեփականության իրավունքի իրականացման սահմանները, ինչն ապահովում է գույքի նկատմամբ սեփականատիրոջ լիակատար գերիշխանությունը` սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը (տե՛ս Գագիկ Սիսակունին ընդդեմ Սարգիս Գարուկյանի և մյուսների թիվ ԵԱՆԴ/1628/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով անդրադարձել է սեփականատիրոջ` իր գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու իրավունքին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել միայն ապօրինի տիրապետողից: Տիրապետումն ապօրինի է, եթե այն իրականացվում է առանց որևէ օրինական հիմքի (տե՛ս Արմենուհի Թադևոսյանն ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ՇԴ/0613/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապօրինի տիրապետման փաստն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ ի սկզբանե բացակայում է տիտղոսային տիրապետումը, այլև երբ տիրապետումը հիմնված է օրինական հիմքի (տիտղոս) վրա, որը հետագայում վերանում է: Ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու գործով ապացուցման առարկան պատասխանողի կողմից վեճի առարկա գույքը ապօրինի տիրապետելու և հայցվորի կողմից տվյալ գույքի սեփականատեր հանդիսանալու փաստերն են: Հետևաբար ապօրինի տիրապետումից գույքը հետ վերադարձնելու պահանջ ներկայացնող կողմը կրում է նշված երկու փաստերի ապացուցման բեռը (տե՛ս, Միսակ-Նուբար Թեբելեկյանի ընդդեմ Ռուբեն Քոչարի և մյուսների թիվ ԵԿԴ/0805/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում կայացրած որոշումներում արտահայտած դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու հայցերով պատշաճ հայցվոր հանդիսանում է գույքի սեփականատերը, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 278-րդ հոդվածից հետևում է, որ նույն օրենսգրքի 274-րդ հոդվածով նախատեսված իրավունքը պատկանում է նաև այն անձին, ով թեև սեփականատեր չէ, սակայն գույքը տիրապետում է օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքով: Միևնույն ժամանակ վինդիկացիոն հայցը կարող է հարուցվել միայն ապօրինի տիրապետողի դեմ, հետևաբար այդպիսի հայցով պատշաճ պատասխանող կարող է լինել այն անձը, ում ապօրինի տիրապետման ներքո գտնվում է սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի գույքը (տե՛ս Վարդան Ղազարյանն ընդդեմ Լևոն Գրիգորյանի թիվ ԼԴ1/0030/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2014 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու հայցատեսակի բնույթին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վինդիկացիոն հայցը ունի «դաստիարակող-զգուշացնող» գործառույթ, որի միջոցով գույքի սեփականատերը հնարավորություն է ձեռք բերում իր գույքը պաշտպանելու ապօրինի տիրապետումից, հետևաբար այն սեփականության իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցներից մեկն է: Սեփականատերը վինդիկացիոն հայցից կարող է օգտվել այն դեպքում, երբ գույքը ապօրինի տիրապետողի մոտ գտնվելու պատճառով զրկված է այն տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու հնարավորությունից: Ընդ որում, հայցի այս տեսակը կարող է հարուցվել միայն այն դեպքում, երբ գույքը առկա է` պահպանվում է, և սեփականատերը պահանջում է վերացնել սեփականության իրավունքի խախտումը` գույքը բնեղենով իրեն վերադարձնելու միջոցով: Վինդիկացիոն հայց կարող է հարուցվել բոլոր սեփականատերերի կողմից (ֆիզիկական, իրավաբանական անձինք, պետություն, համայնք և այլն), ինչպես նաև ցանկացած անձանց կողմից, որոնք գույքը տիրապետում են օրենքի կամ պայմանագրի ուժով: Վինդիկացիոն հայց կարող է հարուցվել ցանկացած անձի (ֆիզիկական, իրավաբանական անձ) դեմ, որը գույքը տիրապետում է առանց որևէ իրավական հիմքի: Վինդիկացիայի միջոցով սեփականատերը, ինչպես նաև գույքի օրինական տիրապետողները ցանկանում են այլ անձի անօրինական տիրապետությունից բնեղենով հետ ստանալ այն գույքը, որի նկատմամբ զրկված են սուբյեկտիվ իրավունքներ իրականացնելու հնարավորությունից: Սեփականատիրոջ իրավունքի պաշտպանության հիմնական նպատակը` իր գույքի վերադարձման միջոցով վերականգնել իր իրավունքը, որպեսզի հնարավորություն ունենա շարունակելու անօրինականությամբ ընդհատված իրավազորությունների իրականացումը: Վինդիկացիոն հայցի սուբյեկտը գույքի անօրինական տիրապետողն է, իսկ օբյեկտը` անհատապես կամ տեսականիշներով որոշվող գույքն է, որը գտնվում է ուրիշի ապօրինի տիրապետության ներքո, իսկ որպես պատասխանող սույն հայցատեսակով կարող է լինել միայն գույքի փաստացի տիրապետողը, որի տիրապետման անօրինականությունը պետք է ապացուցվի վինդիկացիայի ընթացքում (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի և մյուսների թիվ ԵՄԴ/0462/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.07.2019 թվականի որոշումը):
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վինդիկացիոն հայցի առարկան նյութաիրավական պահանջն է, որը տվյալ դեպքում կարելի է բաժանել 2 մասի`
1. ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը վերադարձնելու և
2. գույքը տիրապետելու իրավունքի հետ ստացումը և վերադարձը դրա օրինական սեփականատիրոջը կամ տիրապետողին:
Վինդիկացիոն հայցի առարկայի նման բաժանման հիմնական նպատակը գույքի փաստացի տիրապետման վերականգնումն է, որն իրականացվում է երկկազմ գործողության միջոցով, այն է` գույքի վերադարձ և գույքի փոխանցում օրինական սեփականատիրոջը:
Վինդիկացիոն հայց հարուցելիս հայցվորն իրականում զրկված չէ իր սեփականության իրավունքից, այլ ուղղակի զրկվել է գույքը լիարժեքորեն տիրապետելու հնարավորությունից:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` գործի նոր քննության ընթացքում դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Վարշամ Ղարիբյանի ապօրինի տիրապետումից հետ պահանջել նաև Վիճելի գույքը։
Դատարանը, պատճառաբանելով, որ «Վարշամ Ղարիբյանը, պնդելով, որ հայցի և հակընդդեմ հայցի առարկան կազմող շարժական գույքերի մի մասը ձեռք է բերել հացի գործարանի հետ միասին, չի ներկայացրել ապացույցներ այն մասին, որ իր կողմից գնվել է հացի գործարանը և գործարքով օտարվել են նաև շարժական գույքեր: Հակընդդեմ հայցվորի կողմից հետագայում շարժական գույքեր ձեռք բերելու վերաբերյալ նույնպես որևէ ապացույցներ չեն ներկայացվել», «Երևանի հացի թիվ 3 գործարանի անձնագրի առկայությունն ինքնին չի վկայում այն մասին, որ դրանում առկա բոլոր շարժական գույքերը դարձել են Վարշամ Ղարիբյանի հետ հավանական կնքված օտարման գործարքի առարկա: Բացի այդ, հիշյալ անձնագրում առկա տեխնոլոգիական սարքավորումներում բացակայում են հայցի և հակընդդեմ հայցի առարկան կազմող շարժական գույքերը», «հակընդդեմ հայցի քննությամբ վիճելի՝ չապացուցված է մնացել փաստն այն մասին, որ Վարշամ Ղարիբյանի կողմից ձեռք են բերվել վեճի առարկա շարժական գույքերը, ինչի բացասական հետևանքները պետք է կրի Վարշամ Ղարիբյանը։ Ավելին՝ գործում առկա և սկզբնական հայցով հայցվորի կողմից ներկայացված ապացույցներից հետևում է, որ շարժական գույքերը ձեռք են բերվել Ընկերության կողմից», գտել է, որ ներկայացված հակընդդեմ հայցն անհիմն է և ենթակա է մերժման:
Միևնույն ժամանակ Դատարանը, հիմք ընդունելով նաև 06.07.2006 թվականի թիվ 327/060 և 16.04.1999 թվականի թիվ 990466 հաշիվ-ապրանքագրերը, հաստատված է համարել նաև, որ «Ընկերությունը 06.07.2006 թվականին ձեռք է բերել «TEKNO ICE»-ից մեկ կոմպլեկտ պաղպաղակի արտադրման սարքավորումը, այդ թվում` մեկ հատ «Ripple pump» տեսակի սարքավորումը, իսկ 16.04.1999 թվականին` «Տետրա պակ հոյեր» մեկ կոմպլեկտ պաղպաղակի հոսքագիծը, այդ թվում` մեկ հատ «FF 2000» տեսակի սարքավորումը, «600 C» հոսքագիծը, «R22»-ով գոլորշիացուցիչը` առանց կոմպրեսորի, «Dino-C» փոխադրման համակարգով՝ մեկ հատ «Magnum» տեսակի պաղպաղակի սարքավորումը, «Funny Face» կոնաձև պաղպաղակի սարքավորումը, շերտավոր պաղպաղակի սարքավորումը (առանց շոկոլադապատման), «Charta 200» փաթեթավորման սարքավորումը»:
Այնուհետև Դատարանը, հիմք ընդունելով Ծառայության Երևանի ստորաբաժանման հարկադիր կատարող Էդուարդ Գասպարյանի՝ «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու և ապացույցներ ապահովելու մասին» 31.07.2009 թվականի ակտը, այն համադրելով հակընդդեմ հայցվոր Վարշամ Ղարիբյանի այն պնդման հետ, որ սկզբնական հայցի առարկան կազմող շարժական գույքերն անընդմեջ, բացահայտ և բարեխիղճ տիրապետվում են իր կողմից, հաստատված համարելով, որ Ընկերության կողմից ներկայացված հայցադիմումի առարկան կազմող 22 անվանում շարժական գույքը գտնվում է Վարշամ Ղարիբյանի տիրապետության ներքո, վերջինս չի ապացուցել նշված գույքը ձեռք բերելու հանգամանքը, որի պայմաններում Վարշամ Ղարիբյանի կողմից այդ գույքի տիրապետումը հիմնված չէ օրենքի կամ պայմանագրի վրա, եզրահանգել է, որ առկա է գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու համար անհրաժեշտ և հաստատված փաստական կազմը:
Վերաքննիչ դատարանի 01.09.2020 թվականի որոշմամբ Վարշամ Ղարիբյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 30.04.2019 թվականի վճիռը` հայցի մասով, բեկանվել է և փոփոխվել, ու հայցը՝ մեկ հատ «Ripple pump» տեսակի սարքավորման, մեկ հատ «FF 2000» տեսակի սարքավորման, «600 C» հոսքագիծ, «R22»-ով գոլորշիացուցիչի, առանց կոմպրեսորի, «Dino-C» ավտոմատ փոխադրման համակարգով, մեկ հատ «Magnum» տեսակի պաղպաղակի սարքավորման, մեկ հատ «Funny Face»-ի, մեկ հատ կոնաձև պաղպաղակի սարքավորման, մեկ հատ շերտավոր պաղպաղակի սարքավորման, առանց շոկոլադապատման մեկ հատ, «Charta 200» փաթեթավորման սարքավորման` առանց ելքի կոնվեյերի և առանց տվյալների տպման՝ 1 կոմպլեկտ մասով մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «31.07.2009 թվականի պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին ԴԱՀԿ ծառայության Երևանի ստորաբաժանման հարկադիր կատարողի կողմից կազմված ակտում բացակայում է վերը նշված գույքի վերաբերյալ նշումը։ Նման պայմաններում գործում բացակայում է այլ ապացույց, որ վերոնշյալ շարժական գույքը գտնվում է պատասխանողի տիրապետության ներքո։ Այսինքն՝ բացակայում է վինդիկացիոն հայցի բավարարման համար անհրաժեշտ երկրորդ պայմանը, ինչի պայմաններում վինդիկացիոն հայցը այս մասով ենթակա չէ բավարարման»։
Վերոնշյալ դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են հետևյալ հիմնավորմամբ․
Տվյալ դեպքում սույն գործով հայցը՝ նաև Վիճելի գույքի մասով բավարարելու համար անհրաժեշտ պայման է, որպեսզի դատարանը գործի քննությամբ հաստատված համարի այն փաստերը, որ տվյալ գույքի սեփականատերն Ընկերությունն է, տվյալ գույքն առկա է և գտնվում է պատասխանող Վարշամ Ղարիբյանի տիրապետման ներքո ու վերջինս տվյալ գույքը տիրապետում է ապօրինի, այսինքն՝ առանց որևէ օրինական հիմքի։
Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը Վիճելի գույքի մասով հայցը մերժել է բացառապես այն պատճառաբանությամբ, որ «31.07.2009 թվականի պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին ԴԱՀԿ ծառայության Երևանի ստորաբաժանման հարկադիր կատարողի կողմից կազմված ակտում բացակայում է վերը նշված գույքի վերաբերյալ նշումը։ Նման պայմաններում գործում բացակայում է այլ ապացույց, որ վերոնշյալ շարժական գույքը գտնվում է պատասխանողի տիրապետության ներքո։ Այսինքն՝ բացակայում է վինդիկացիոն հայցի բավարարման համար անհրաժեշտ երկրորդ պայմանը, ինչի պայմաններում վինդիկացիոն հայցը այս մասով ենթակա չէ բավարարման», ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նման հայցապահանջը բավարարելու համար անհրաժեշտ վերը նշված պայմաններից միայն նրան, որը վերաբերում է վերը նշված գույքը պատասխանող (հակընդդեմ հայցվոր) Վարշամ Ղարիբյանի մոտ (նրա տիրապետման ներքո) գտնվելուն։
Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) գործողության ժամանակ ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե'ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետում և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրը սահմանել է համանման ու հավասարազոր իրավական կարգավորումներ, որի պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերը նշված իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի նկատմամբ:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել ապացույցները, քանի որ վերջինիս եզրակացությունն այն մասին, որ գործում բացակայում է այլ ապացույց, որը կհաստատեր Վիճելի գույքը պատասխանողի տիրապետման ներքո գտնվելու փաստը, չի հանդիսանում գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը։ Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է գործում առկա ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակմամբ՝ դրանց համակցությամբ և փոխադարձ կապով։
Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն ազատվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերն ապացուցելու պարտականությունից, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են առաջին ատյանի դատարան ներկայացված դատավարական փաստաթղթով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում (անվիճելի փաստեր), բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը գտնում է, որ առկա են ողջամիտ կասկածներ, որ փաստն ընդունվում է խաբեության, բռնության, սպառնալիքի, մոլորության ազդեցության տակ, մեկ կողմի ներկայացուցչի հետ մյուս կողմի չարամիտ համաձայնության հետևանքով, ճշմարտությունը թաքցնելու կամ ոչ իրավաչափ գործողություններ քողարկելու նպատակով, այդ փաստը կարող է հաստատվել միայն օրենքով կամ այլ իրավական ակտով սահմանված որոշակի ապացույցով, այդ փաստի հաստատումն անխուսափելիորեն ազդում է գործին չմասնակցող անձի՝ գործին մասնակցող անձանցից որևէ մեկի նկատմամբ ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Տվյալ դեպքում սույն գործով առկա է այնպիսի փաստական տվյալ, ըստ որի՝ Ընկերության դիրքորոշման և վերջինիս կողմից ներկայացված գրավոր ապացույցների հետ համակցությամբ հետազոտման ու գնահատման հիման վրա հնարավոր է պարզել Ընկերության պահանջի հիմքում դրված և գործի լուծման համար նշանակություն ունեցող նաև այն փաստի առկայությունը, որ հայցադիմումի օբյեկտ հանդիսացող Վիճելի գույքը ևս գտնվում է պատասխանող (հակընդդեմ հայցվոր) Վարշամ Ղարիբյանի տիրապետման ներքո։
Այդպիսի փաստական տվյալ է հանդիսանում պատասխանող (հակընդդեմ հայցվոր) Վարշամ Ղարիբյանի կողմից ներկայացված դատավարական փաստաթուղթը՝ հակընդդեմ հայցադիմումը, որում վերջինս, վկայակոչելով փաստեր այն մասին, որ «հայցվորի կողմից պահանջվող սարքավորումները ձեռք են բերվել իր կողմից, դրանց սեփականատերն ինքն է հանդիսանում՝ տիրապետելով անընդմեջ, բացահայտ և բարեխիղճ, դրանց նկատմամբ իրականացրել է ակտիվ գործողություններ», ըստ էության, ընդունել է Ընկերության վկայակոչած այն փաստը, որ Վիճելի գույքը ևս գտնվում է իր տիրապետության ներքո, որի պայմաններում Ընկերությունն օրենքի ուժով ազատվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող տվյալ փաստն ապացուցելու պարտականությունից։ Ընդ որում, այս դեպքում բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասում նշված այն բացառիկ դեպքերը, որոնցից թեկուզև մեկի առկայության պայմաններում Ընկերությունը չէր կարող ազատվել տվյալ փաստն ապացուցելու պարտականությունից։
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել, թե ինչու է մերժում Վարշամ Ղարիբյանի ներկայացրած դատավարական փաստաթղթով հաստատվող փաստական տվյալը՝ ապացույցը, և եզրահանգում անում այն մասին, որ գործում բացակայում է այլ ապացույց, որը կհաստատեր վերը նշված գույքը պատասխանողի տիրապետության ներքո գտնվելու փաստը։ Նման պայմաններում խոսք չի կարող լինել գործի բազմակողմանի հետազոտության մասին։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը լրիվ և բազմակողմանի քննություն չի իրականացրել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը պարզելու ուղղությամբ։
Վերոնշյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում վճռաբեկ բողոքի հիմքը` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը խախտելու վերաբերյալ:
Հետևաբար, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն՝ Վարշամ Ղարիբյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու և Դատարանի 30.04.2019 թվականի վճիռը մասնակիորեն՝ Ընկերությանը Վիճելի գույքը Վարշամ Ղարիբյանին վերադարձնել պարտավորեցնելու պահանջի մասով, բեկանելու և փոփոխելու՝ հայցն այդ մասով մերժելու մասով, բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը վերանայում է միայն բավարարված հայցապահանջի մասով Դատարանի վճռի դեմ Վարշամ Ղարիբյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու և Դատարանի վճիռը` հայցը բավարարելու մասով, բեկանելու ու փոփոխելու` Ընկերության հայցը մասնակիորեն մերժելու մասով` նկատի ունենալով, որ Վարշամ Ղարիբյանը հակընդդեմ հայցը մերժելու մասով Դատարանի վճիռը չի բողոքարկել:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը վերը նշված մասով ենթակա է բեկանման, և միաժամանակ օրինական ուժ է տրվում Դատարանի վճռին, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ Վարշամ Ղարիբյանից հօգուտ Ընկերության ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.09.2020 թվականի որոշման՝ Վարշամ Ղարիբյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու և Դատարանի 30.04.2019 թվականի վճիռը մասնակիորեն՝ «ՇԱՆԹ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ին մեկ հատ «Ripple pump» տեսակի սարքավորումը, մեկ հատ «FF 2000» տեսակի սարքավորումը, «600 C» հոսքագիծ, «R22»-ով գոլորշիացուցիչը, առանց կոմպրեսորի, «Dino-C» ավտոմատ փոխադրման համակարգով, մեկ հատ «Magnum» տեսակի պաղպաղակի սարքավորումը, մեկ հատ «Funny Face»-ը, մեկ հատ կոնաձև պաղպաղակի սարքավորումը, մեկ հատ շերտավոր պաղպաղակի սարքավորումը, առանց շոկոլադապատման մեկ հատ, «Charta 200» փաթեթավորման սարքավորումը` առանց ելքի կոնվեյերի և առանց տվյալների տպման՝ 1 կոմպլեկտ Վարշամ Ղարիբյանին վերադարձնել պարտավորեցնելու պահանջի մասով, բեկանելու և փոփոխելու՝ հայցն այդ մասով մերժելու մասը, և այդ մասով օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 30.04.2019 թվականի վճռին:
2. Վարշամ Ղարիբյանից հօգուտ «ՇԱՆԹ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Գ. Հակոբյան Ս. Անտոնյան Ա. բարսեղյան Մ. Դրմեյան Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Է. Սեդրակյան Ն. Տավարացյան
Տ. պետրոսյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2021 թվական: