ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2021 թվականի N 1453-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 621 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 25-ի «Առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու գանձման՝ Հայաստանի Հանրապետություն խաղողի կտրոնների, կարտոֆիլի, սպելտայի (հաճար), փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, գարու, ոլոռի և լոբու սերմացուների ներմուծման կարգը հաստատելու մասին» N 621 որոշման՝
1) 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Լաբորատորիայի մասնագետը սերմացուների որակն ստուգելու նպատակով փորձանմուշները վերցնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 900 որոշմամբ հաստատված կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 15-ի N 2007-Ն որոշմամբ սահմանված՝ հայտն ստանալուց հետո 2 օրվա ընթացքում: Փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, գարու և լոբու սերմացուների որակի լաբորատոր փորձաքննությունն իրականացվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում, ոլոռի սերմացուներինը՝ 8 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սպելտայինը (հաճար)` 10 աշխատանքային օրվա ընթացքում, որի մասին կազմում է արձանագրություն՝ իր և վարիչի ստորագրությամբ, 3 օրինակից:».
2) ամբողջ տեքստում «գյուղատնտեսության նախարարություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «գյուղատնտեսության նախարարի» բառերը` «էկոնոմիկայի նախարարի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
08.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 սեպտեմբերի 2021 թվական: