ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի որոշում |
ՎԲ-08/07 | ||
Գործ թիվ ՎԲ-08/07 ՔԳՀ 119/06 |
|||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/
նախագահությամբ` |
Տ. Սահակյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. ասատրյանի | |
Հ. Ղուկասյանի | ||
Մ. Սիմոնյանի | ||
քարտուղար` |
Ք. Մարտիրոսյանի | |
|
|
|
2007 թվականի փետրվարի 27-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Հենրիկ Ալբերտի Դանիելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի նոյեմբերի 3-ի որոշման դեմ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Հենրիկ Ալբերտի Դանիելյանը 2004 թվականի սեպտեմբերի 27-ին և 2004 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ գլխավոր դատախազին դիմում է ներկայացրել քրեական գործ հարուցելու մասին, որն էլ հանձնարարվել է Արաբկիրի ոստիկանությանը հետաքննություն իրականացնելու համար։ Դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով 2004 թվականի դեկտեմբերի 20-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել` հանցակազմի բացակայության պատճառով։
Հ.Դանիելյանը 2006 թվականի ապրիլի 3-ին դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան։ Առաջին ատյանի դատարանը 2006 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ բողոքը թողել է առանց քննության` բողոքը ժամկետանց լինելու հիմքով։
Առաջին ատյանի դատարանի որոշումը Հ.Դանիելյանը բողոքարկել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան։ Վերջինս 2006 թվականի մայիսի 4-ի որոշմամբ բողոքը թողել է առանց քննության։
ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի որոշումը Հ.Դանիելյանը բողոքարկել է Վճռաբեկ դատարան, որն իր 2006 թվականի հունիսի 16-ի որոշմամբ բողոքը թողել է առանց քննության։
Հ.Դանիելյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը Հ.Դանիելյանի բողոքը ընդունել է վարույթ և 2006 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ բողոքը թողել է առանց քննության։
ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի նոյեմբերի 3-ի որոշումը Հ.Դանիելյանը բողոքարկել է Վճռաբեկ դատարան։
Վճռաբեկ բողոքը 2006 թվականի հունվարի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։
2. Գործի փաստական հանգամանքները.
Հենրիկ Ալբերտի Դանիելյանը 1983 թվականին ամուսնացել է Ուստիան Սարգսյանի հետ։ 1996 թվականին նա վաճառել է իր երկուսենյականոց բնակարանը և գնել մեկսենյականոց բնակարան, որը ձևակերպել է իր կնոջ` Ու.Սարգսյանի անվամբ։ Վերջինս մահացել է 2003 թվականի օգոստոսի 24-ին։ Նրա մահից հետո Հ.Դանիելյանին հայտնի է դարձել, որ այդ մեկսենյականոց բնակարանը 2003 թվականի հունիսի 27-ին կտակվել է իր կնոջ քրոջը` Մ.Սարգսյանին, որն էլ ըստ կտակի ընդունել է ժառանգությունը։ Հ.Դանիելյանը գրավոր դիմում է ներկայացրել նոտարին` պահանջելով գործում եղած բոլոր փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև Հ.Դանիելյանը նոտարից բանավոր բացատրություն է ստացել այն մասին, որ իրեն Ու.Սարգսյանի մայր Մանուշակ Մինասյանը փաստաթուղթ է ներկայացրել այն մասին, որ Ու.Սարգսյանն ամուսին չունի։ Նոտարը, այդ փաստաթուղթը հիմք ընդունելով, տվյալ բնակարանի նկատմամբ Մ.Սարգսյանին ըստ կտակի տվել է ժառանգության վկայական։ Հետագայում` որոշ ժամանակ անց, Հ.Դանիելյանին նոտարի կողմից տրվել է երկրորդ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայական, որտեղ նշված բնակարանի կեսը հատկացվում է Հ.Դանիելյանին։
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Հ.Դանիելյանն իր բողոքը հիմնավորել է ՀՀ սահմանադրական դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման 5-րդ կետում շարադրված դիրքորոշմամբ, որում նշված է, որ «ըստ քննության առարկա գործի հանգամանքների` գործնականում չի ապահովվել ու պաշտպանվել քաղաքացու` Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով ամրագրված իրավունքները»։
Վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է բեկանել վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի մայիսի 4-ի և 2006 թվականի նոյեմբերի 3-ի որոշումները և գործն ուղարկել վերաքննիչ դատարան` այլ կազմով քննելու համար։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանություններով.
1/ Վերաքննիչ դատարանի 2006 թվականի նոյեմբերի 3-ի որոշումը.
Դիմող Հ.Դանիելյանն իր վճռաբեկ բողոքում նշել է, որ վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումը հիմնավորված չէ, քանի որ վերաքննիչ դատարանը հաշվի չի առել ՀՀ սահմանադրական դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 18-ի որոշումը, որը, դիմողի կարծիքով, իրեն վերապահում է քննվող գործով դատարան դիմելու իրավունք։
ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման հնարավորություն։ Այն ամրագրված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4081-րդ հոդվածով։ Համաձայն այդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` նոր հանգամանքների հետևանքով քրեական գործերը նորոգվում են այն դեպքում, երբ ՀՀ սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքը հակասահմանադրական է ճանաչել։ Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` վճռաբեկ բողոք բերելու համար հիմք են նոր հանգամանքները, իսկ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի` «Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռները ե որոշումները վճռաբեկ բողոքների հիման վրա վերանայում է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատը (այսուհետ՝ վճռաբեկ դատարան)»։
Այսպիսով, ՀՀ օրենսդրությունը սահմանում է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա բողոք բերելու հետևյալ պայմանները.
ա) սահմանադրական դատարանն իր որոշմամբ պետք է տվյալ գործով կիրառված օրենքը հակասահմանադրական ճանաչած լինի,
բ) բողոքը կարող է ներկայացվել միայն ՀՀ վճռաբեկ դատարան` վճռաբեկության կարգով այն վերանայելու համար։
Նշվածից զատ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա քրեադատավարական վարույթ իրականացնելու այլ հիմք և կարգ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ։
Տվյալ գործով կիրառված օրենքը սահմանադրական դատարանի որոշմամբ հակասահմանադրական չի ճանաչվել, իսկ դիմողի բողոքը նախապես ներկայացվել է ոչ թե ՀՀ վճռաբեկ դատարան, այլ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան, ուստի վերաքննիչ դատարանն իրավասու չէր նորից բողոքը քննության առնել և արդյունքում որոշել, որ տրված բողոքը ենթակա է քննության առաջին ատյանի դատարանում` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված կարգով։ Ուստի վերաքննիչ դատարանի 2006 թվականի նոյեմբերի 3-ի որոշումը ենթակա է բեկանման։
2 / Վերաքննիչ դատարանի 2006 թվականի մայիսի 4-ի որոշումը.
Դիմող Հ.Դանիելյանն իր վճռաբեկ բողոքում ըստ էության խնդրել է նաև բեկանել վերաքննիչ դատարանի 2006 թվականի մայիսի 4-ի որոշումը քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի որոշման դեմ բողոքն առանց քննության թողնելու մասին։
Հաշվի առնելով տվյալ գործով օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտությունը, որը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի 2007թ. փետրվարի 27-ի` Ա.Քրմոյանի վերաբերյալ համանման գործով ձևավորված մոտեցմամբ (ա/ վերաքննիչ դատարանը կարող է վերաքննիչ բողոքը թողնել առանց քննության միայն այն դեպքում, երբ այն ստորագրված չէ, կամ չի պարունակում նշում բողոքարկվող գործողության կամ որոշման մասին, կամ ժամկետանց է, բ/ վերաքննիչ դատարանում գործը չի կարող քննվել մեկ դատավորի կազմով) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանի 2006 թվականի մայիսի 4-ի որոշումը ևս ենթակա է բեկանման։
3/ Վերաքննիչ դատարանում գործի քննությունը մեկ դատավորի կազմով.
Գործի նյութերից երևում է, որ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը, գործը քննելով մեկ դատավորի կազմով, թույլ է տվել մի շարք դատավարական իրավունքի խախտումներ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի և 387-րդ հոդվածի հիման վրա` վերաքննիչ դատարանում գործը քննվում է երեք դատավորի կազմով։ Այս ընդհանուր իրավանորմից զատ գոյություն չունի ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի գործունեությունը կանոնակարգող որևէ հատուկ իրավադրույթ, որը սահմաներ քրեական գործ քննող վերաքննիչ դատարանի այլ կազմ, քան երեք դատավորից բաղկացած դատական կազմն է։
Հետևաբար, վերաքննիչ դատարանն իրավասու չէր Հ.Դանիելյանի բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնել մեկ դատավորի կազմով։
Այսպիսով, խախտվել է օրինականության սկզբունքը։ Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի` «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները»։
Գործը մեկ դատավորի կազմով քննելով և լուծելով` վերաքննիչ դատարանը խախտել է քրեական դատավարության ևս մեկ սկզբունք` արդարադատության իրականացումը միայն դատարանի կողմից։ Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի` «Ոչ ոքի չի կարելի զրկել իր գործն այն դատարանում և այն դատավորի կողմից քննելու իրավունքից, որոնց ընդդատությանն այն վերապահված է օրենքով»։ Օրենքով վերաքննիչ դատարանի մեկ դատավորին վերապահված չէ քրեական գործ քննելու լիազորություն։ Ուստի Հ.Դանիելյանը զրկվել է իր գործը այն դատարանում և այն դատավորի կողմից քննելու իրավունքից, որոնց ընդդատությանն այն վերապահված է օրենքով, այսինքն` իր գործը վերաքննիչ դատարանի երեք դատավորի կազմով քննվելու իրավունքից։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի համատեքստում վերաքննիչ դատարանի մեկ դատավորը տվյալ գործով չի կարող դիտվել որպես «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»։ Ուստի վերաքննիչ դատարանում Հ.Դանիելյանի գործի քննությունը մեկ դատավորի կազմով խախտում է դիմողի արդար դատաքննության իրավունքը։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց՝ օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»։
Վերաքննիչ դատարանի թույլ տված քրեադատավարական օրենքի խախտումներն էական են, քանի որ դրանք քրեական դատավարության օրենսգրքի սկզբունքների խախտումներ են, որոնք թույլ են տրվել դատական քննության ժամանակ, և Հ.Դանիելյանին արդար դատաքննության իրավունքից զրկելու ճանապարհով այդ խախտումներն անվերապահորեն ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա։
Վերոգրյալի հիման վրա` վերաքննիչ դատարանի 2006 թվականի մայիսի 4-ի որոշումը ենթակա է բեկանման։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր, որը պայմանավորված է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա ընդհանուր իրավասության դատարան դիմելու հնարավորության, վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու իրավաչափության, վերաքննիչ դատարանի կողմից քրեական գործը մեկ դատավորի կազմով քննելու իրավասության հարցերով։
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Հենրիկ Ալբերտի Դանիելյանի բողոքը բավարարել. ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի մայիսի 4-ի և 2006 թվականի նոյեմբերի 3-ի որոշումները բեկանել և նյութերն ուղարկել նույն դատարան քննության առնելու համար։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Տ. Սահակյան |
Դատավորներ` |
Հ. ասատրյան |
Հ. Ղուկասյան | |
Մ. Սիմոնյան |
