Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1512
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (03.03.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.03.11/20(1575) Հոդ.238
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
03.03.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
03.03.2020
Дата вступления в силу
03.03.2020

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

  

Քաղ. Երևան

3 մարտի 2020 թ.

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԴՐԱ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գ. Գևորգյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 23 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի դեկտեմբերի 3-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի և դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2020 թվականի հունվարի 13-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի և դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը ստորագրվել է 2018 թվականի դեկտեմբերի 3-ին Մոսկվայում` 2014 թվականի նոյեմբերի 12-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի և դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» համաձայնագրին (այսուհետ` Համաձայնագիր) միանալու նպատակով:

 

2. Ըստ Համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես հետևյալ պարտավորությունները՝

- ապահովել, որ Հանձնաժողովից «Գաղտնի» դրոշմագիր ունեցող նյութական կրիչներ ստանալու դեպքում այդպիսի կրիչները ճանաչվեն «Առևտրային գաղտնիք» (ՀՀ ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց համար), «Ծառայողական օգտագործման համար» (ԾՕՀ) (ՀՀ պետական մարմինների համար) դրոշմագիր ունեցող (հոդված 5, մաս 3),

- ապահովել, որ գաղտնի տեղեկատվություն պարունակող նյութական կրիչների, փաստաթղթերի՝ Հանձնաժողովին փոխանցումը իրականացվի փոստային կապի միջոցով (պատվիրված կամ արժեքավոր փոստային փոխանցումներով), ինչպես նաև սուրհանդակային կապի կամ սուրհանդակի միջոցով (հոդված 5, մաս 4),

- համագործակցել Հանձնաժողովի հետ՝ ի նպաստ գաղտնի տեղեկատվության հրապարակման հետ կապված գործերով Հայաստանի Հանրապետությունում արդարադատության իրականացման (հոդված 6, կետ 4, մաս 2),

- երաշխավորել, որ ՀՀ լիազորված մարմինները կապահովեն Հանձնաժողովից իրենց ստացած գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը և պատասխանատվություն կկրեն դրա հրապարակման համար՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան (հոդված 7, կետ 1, մաս 1),

- երաշխավորել, որ Հանձնաժողովից ստացված գաղտնի տեղեկատվության՝ ՀՀ լիազորված մարմինների կողմից փոխանցումը երրորդ անձանց հնարավոր կլինի միայն Հանձնաժողովի գրավոր համաձայնությամբ (հոդված 7, կետ 1, մաս 2),

- ապահովել, որ ՀՀ լիազորված մարմնի և մյուս Կողմերի լիազորված մարմինների միջև գաղտնի տեղեկատվության փոխանակումն իրականացվի Մրցակցության մասին համաձայնագրին համապատասխան (հոդված 7, կետ 2):

 

3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2018 թվականի դեկտեմբերի 3-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի և դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

3 մարտի 2020 թվականի

ՍԴՈ-1512

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան