ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2020 թվականի N 31-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ, 32-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ, 35-րդ հոդվածի 5-րդ մասերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի «Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 635-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածում`
ա. 11-րդ կետը «սահմանելու օրն է» բառերից հետո լրացնել «, երբվանից նշանակվում է հաշմանդամության նպաստը» բառերով,
բ. 16-րդ կետից հանել «այդ օրվանից հետո» բառերը և լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«Ընդ որում, սույն կետում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթվից:»,
գ. 29-րդ կետից հանել «2-րդ,» բառը, իսկ կետը «հաջորդող ամսվա 1-ից» բառերից հետո լրացնել «, 2-րդ կետով սահմանված կարգով վերականգնվելու դեպքում՝ 18 տարին լրացած անձի` կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` գրավոր դիմելու օրվանից» բառերով,
դ. 30-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«Սույն ենթակետում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթվից:»,
ե. 31.1-ին կետից հանել «Այս դեպքում էլեկտրոնային շտեմարանում կատարվում է նպաստառուի նպաստն ստանալու իրավունք ունեցող անձի տվյալների փոփոխություն:» նախադասությունը,
զ. 31.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 31.2-րդ և 31.3-րդ կետերով.
«31.2. Հաշմանդամ երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստն ստանալու իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում հաշմանդամության նպաստի վճարումը վերականգնվում և նպաստը վճարվում է մյուս ծնողին, եթե այդ ծնողն իր գրավոր դիմումը և մահացած ծնողի մահվան վկայականը ներկայացրել է տարածքային բաժին:
31.3. Սույն կարգի 31.1-ին և 31.2-րդ կետերում նշված դեպքերում էլեկտրոնային շտեմարանում կատարվում է նպաստառուի նպաստն ստանալու իրավունք ունեցող անձի տվյալների փոփոխություն:»,
է. 49-րդ կետում «դեպքի» բառը փոխարինել «, ինչպես նաև վերափորձաքննության ներկայանալու և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահանալու դեպքերի» բառերով.
2) որոշման N 2 հավելվածում`
ա. 14-րդ կետի 3-րդ ենթակետը «վկայականը» բառից հետո լրացնել «կամ մահվան փաստը հավաստող` օտարերկրյա պետության տված փաստաթուղթը` վավերացված ապոստիլով» բառերով,
բ. 15-րդ կետից հետո լրացնել կետով հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին կետով.
«15.1. Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում վերափորձաքննության ներկայացած և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը մահացած անձի դեպքում, բացի սույն ցանկի 14-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը մահացած անձի` վերափորձաքննության ներկայանալու և նրա վերաբերյալ որոշում չկայացնելու մասին:»,
գ. 16-րդ կետը «վկայականը» բառից հետո լրացնել «կամ մահվան փաստը հավաստող փաստաթուղթը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունվարի 17 Երևան |