ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2020 թվականի N 331-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 350-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 29-ի «Դատարանների և հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային եղանակով օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 350-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման 1-ին կետում «եղանակով օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու» բառերը փոխարինել «փաստաթղթաշրջանառության» բառով.
3) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 3-րդ կետով սահմանված» բառերը փոխարինել «օրենքով նախատեսված պահանջներին չհամապատասխանելու կամ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշման բացակայության» բառերով.
4) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը էլեկտրոնային համակարգ մուտք գործելու համար տրամադրված մուտքանունները և գաղտնաբառերը շարունակում են գործել:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
2020 թ. մարտի 23 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 19-ի N 331-Ն որոշման |
«Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 350-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ
1. Դատարանների և հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` ծառայություն) միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է դատարանների և ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգում (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) կատարողական թերթի, կատարողական վարույթին առնչվող որոշումների, դատական ակտերի, դիմումների և օրենքով սահմանված այլ փաստաթղթերի (այսուհետ միասին` փաստաթղթեր) գեներացման (տվյալների մուտքագրման միջոցով ավտոմատ ստեղծման), վերբեռնման (մուտքագրման) և ներբեռնման (էլեկտրոնային համակարգում դիտելու և ստանալու) միջոցով:
2. Էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթեր ուղարկելու և ստանալու նպատակով օգտատերը (դատավորը՝ իր աշխատակազմի կամ դատարանը` դատարանի աշխատակազմի միջոցով և ծառայությունը` իրավասու ստորաբաժանման միջոցով) մուտք է գործում էլեկտրոնային համակարգ: Էլեկտրոնային համակարգ մուտք գործելով՝ օգտատերը ստանում է էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթեր դիտարկելու, ներբեռնելու, գեներացնելու, վերբեռնելու (մուտքագրելու) և սույն կարգով նախատեսված՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության իրականացմանն ուղղված այլ գործողություններ իրականացնելու իրավասություններ:
3. Գործերի վերաբաշխման դեպքերում իրավասու անձն էլեկտրոնային համակարգում կատարում է անհրաժեշտ նշում դատական գործերի և կատարողական վարույթների շրջանակում ուղարկվող և ստացվող փաստաթղթերը այլ դատավորի փոխանցելու, նրան հասանելի դարձնելու համար:
4. Էլեկտրոնային համակարգ մուտքը կատարվում է անհատական մուտքանվան և գաղտնաբառի մուտքագրման միջոցով: Յուրաքանչյուր օգտատեր իր անհատական մուտքանվան և գաղտնաբառի մուտքագրման միջոցով մուտք է գործում էլեկտրոնային համակարգի իր հասանելի տիրույթ, որտեղ արտացոլվում են իրեն մակագրված՝ համապատասխանաբար դատական գործերի և կատարողական վարույթների շրջանակում ուղարկվող և ստացվող փաստաթղթերը:
5. Փաստաթղթերն ուղարկվում են դրանք էլեկտրոնային համակարգում գեներացվելու կամ վերբեռնելու, իսկ ստացվում են էլեկտրոնային համակարգից դրանք ներբեռնելու միջոցով: Փաստաթղթի ուղարկման դեպքում ստացող օգտատերը էլեկտրոնային եղանակով ծանուցվում է փաստաթղթի ստացման մասին:
6. Էլեկտրոնային համակարգով ուղարկված փաստաթղթերի վրա էլեկտրոնային համակարգի կողմից փաստաթղթերի յուրաքանչյուր էջի ներքևի ձախ անկյունում կատարվում է նշում, որը պարունակում է էլեկտրոնային համակարգի անվանումը, ուղարկման ամսաթիվը և ժամը, իսկ ստացման դեպքում` աջ անկյունում արտացոլվում են ստացման ամսաթիվը և ժամը:
7. Դատարանի կողմից փաստաթղթի առաջին գեներացման կամ վերբեռնման ժամանակ փաստաթուղթն արտացոլում է դատական գործի համարը, որին առնչվում է այդ փաստաթուղթը: Ծառայության կողմից փաստաթղթի գեներացման կամ վերբեռնման ժամանակ փաստաթուղթն արտացոլում է այն կատարողական վարույթի համարը, որին առնչվում է այդ փաստաթուղթը: Համակարգում գեներացված կամ ներբեռնված յուրաքանչյուր փաստաթուղթ կրում է էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անհատական համար: Էլեկտրոնային համակարգում փաստաթղթերը միմյանց փոխկապակցվում և նույնականացվում են դրանց տրված անհատական համարներով:
8. Համակարգում գեներացվող կամ վերբեռնվող բոլոր փաստաթղթերը պետք է հաստատված լինեն էլեկտրոնային ստորագրությամբ՝ բացառությամբ կցվող, սկանավորված փաստաթղթերի:»:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |