ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԳԱՅԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐԵՆՍԳՐՔԻ (ՈՒԺԸ ԿՈՐՑՐԵԼ Է 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-ԻՆ) 33 ԵՎ 40-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐԵՆՍԳՐՔԻ 33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Գայանե Մանուկյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի (ուժը կորցրել է 2005 թվականի ապրիլի 19-ին) 33 և 40-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 33-րդ հոդվածի մասով, կարճելու մասին առաջարկությունը, պարզեց.
1. 2021 թվականի հունիսի 25-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Գայանե Մանուկյանի (այսուհետ՝ նաև Դիմող) դիմումը, որով վերջինս խնդրել է.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31, 35, 60, 61, 63, 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ Ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 33-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայի կողմից տրված իմաստը՝ հաղորդած բովանդակությամբ հանդերձ, համաձայն որի՝ ամուսինների, որպես ամուսիններ, իրավունքները և պարտականությունները չեն դադարում ամուսնությունը լուծելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից, և/կամ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31, 35, 60, 61, 63, 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ Ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 40-րդ հոդվածը, այնքանով, որքանով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված ամուսնությունը և ամուսինների, որպես ամուսիններ, իրավունքները և պարտականությունները դադարած է համարում միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցվելու պահից»:
Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգիրքը (այսուհետ` նաև Օրենսգիրք) ուժի մեջ է մտել 1970 թվականի հունվարի 1-ին և ուժը կորցրել է 2005 թվականի ապրիլի 19-ին:
Օրենսգրքի «Ամուսնալուծությունը դատական կարգով» վերտառությամբ 33-րդ հոդվածը սահմանում է.
«Ամուսնալուծության վերաբերյալ գործերի քննությունը կատարվում է դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հայցային վարույթի կարգով:
Դատարանը միջոցներ է ձեռնարկում ամուսիններին հաշտեցնելու համար: Դատարանը իրավասու է, հետաձգելով գործի քննությունը, ժամկետ նշանակել ամուսինների հաշտվելու համար: Այդ ժամկետը չպետք է անցնի վեց ամսից:
Ամուսնությունը լուծվում է, եթե դատարանը կպարզի, որ ամուսինների հետագա համատեղ կյանքը և ընտանիքի պահպանումը անհնարին են դարձել:
Ամուսնալուծության մասին վճիռ կայացնելիս դատարանը անհրաժեշտ դեպքերում միջոցներ է ձեռնարկում պաշտպանելու անչափահաս երեխաների և անաշխատունակ ամուսնու շահերը»:
2. Դիմողը հայտնել է, որ Երևան քաղաքի Լենինյան շրջանի ժողովրդական դատարանի 1987 թվականի մայիսի 6-ի վճռով Արտյոմ Սարգսյանին թույլատրվել է ամուսնալուծվել Գայանե Նազարյանից. վճիռն օրինական ուժի մեջ է մտել 1987 թվականի մայիսի 21-ից, սակայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում այն գրանցվել է 2006 թվականի դեկտեմբերի 15-ին: Իր հերթին, Դիմողը և Արտյոմ Սարգսյանը 2000-2008 թվականներին գտնվել են փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ:
Դիմողը նշել է, որ իր հետ համատեղ կյանքի ընթացքում` 2002 թվականին, Արտյոմ Սարգսյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան, որով հայտնել է, որ ինքը, կինը` Դիմողը, և մայրը` Հասմիկ Աբրահամյանը, միասին բնակվում են Երևան քաղաքի Հր. Քոչար փողոցի հ. 16/1 շենքի, հ. 17 երկուսենյականոց բնակարանում, առկա է վերջիններիս գրավոր համաձայնությունը բնակարանի սեփականաշնորհման վերաբերյալ, և խնդրել է բնակարանը սեփականաշնորհել իրենց անվամբ: Դիմողը հաջորդիվ նշել է նաև, որ Երևանի քաղաքապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1818-Ա որոշմամբ դիմումը բավարարվել է. որոշման ընդունման հիմք է հանդիսացել նաև 2002 թվականի օգոստոսի 21-ին տրված թիվ 001214 օրդերը, համաձայն որի` նշված հասցեում գտնվող բնակարանը զբաղեցնելու իրավունք ունեն երեք անձինք` Արտյոմ Սարգսյանը, Հասմիկ Աբրահամյանը և ինքը՝ Դիմողը:
Ըստ Դիմողի` Վճռաբեկ դատարանը գործով որոշում կայացնելիս Արտյոմ Սարգսյանի և Գայանե Նազարյանի ամուսնալուծության պահն է համարել ոչ թե ամուսնալուծության մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելը, այլ այդ վճռի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում համապատասխան գրանցման կատարումը:
Դիմողի պնդմամբ Օրենսգրքի 33 և 40-րդ հոդվածների հակասականությունն իրավական որոշակիության խնդիրներ է առաջացրել իրավակիրառ պրակտիկայում. մի կողմից առկա է լինում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, որի համաձայն՝ ամուսնությունը լուծված է, և հետևաբար՝ պետք է ողջամտորեն ակնկալել, որ այդ պահից դադարել է իրավահարաբերությունը, իսկ մյուս կողմից ամուսնությունը դադարած է համարվում գրանցվելու պահից:
Դիմողը նշում է, որ ամուսինների իրավունքները և պարտականությունները քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում համապատասխան գրանցումը կատարելուց հետո միայն դադարած համարելու դեպքում կստացվի, որ դատարանի օրինական ուժի մետ մտած վճիռը ստորադասվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից կատարված պետական գրանցմանը: Ամուսնությունը լուծելու դեպքում անձինք դադարում են լինել ամուսիններ, և դադարում են նրանց՝ որպես ամուսիններ, բոլոր իրավունքներն ու պարտականությունները, իսկ Օրենսգրքի 40-րդ հոդվածով սահմանված ամուսնության դադարումը՝ պետական մարմնի կողմից ամուսնալուծությունը հաշվառելուն ուղղված գործընթաց է, որի նպատակն ամուսնալուծությունը պետական գրանցման ակտով ամրագրելն է: Հակառակ դեպքում, ըստ Դիմողի, Օրենսգրքի 40-րդ հոդվածը հակասում է Սահմանադրությանը, քանի որ իմաստազրկում է դատական պաշտպանությունը: Ամուսնությունը՝ որպես երևույթ, և դրա պետական գրանցումը չի կարելի նույնականացնել: Առաջինն ինքնավար հասկացություն է, իսկ դրա առկայությունը որոշվում է բովանդակային իմաստով, մինչդեռ ամուսնության գրանցումն ընթացակարգ է, որի նպատակն է ամուսնության իրավունքը, ինչպես նաև այլոց իրավունքները և հասարակական կարգը պաշտպանելը:
Վիճարկվող դրույթները, ըստ Դիմողի, բավարար չափով որոշակի չեն, հնարավորություն չեն տալիս իրավունքի սուբյեկտներին ընկալել օրենսդրի պահանջը, կանխատեսել դրա հետևանքները և իրենց վարքագիծը համապատասխանեցնել վիճարկվող դրույթով ամրագրված պահանջին, քանի որ հստակ չէ, թե որ պահից են դադարում ամուսինների միջև իրավահարաբերությունները:
Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 33 և 40-րդ հոդվածները չեն բավարարում իրավական որոշակիության, հստակության և կանխատեսելիության չափանիշները, իսկ իրավակիրառ պրակտիկայում դրանց հաղորդած բովանդակությունը հանգեցրել է Դիմողի սեփականության իրավունքի խախտման, քանի որ նորմերի մեկնաբանման արդյունքում Դիմողը զրկվել է իր սեփականությունից:
3. Ազգային ժողովը (այսուհետ` նաև Պատասխանող) նշում է, որ Օրենսգրքի 33 և 40-րդ հոդվածներից առաջինը սահմանում է ամուսնության լուծման կարգը, այսինքն` այն դեպքը, երբ դատարանն ամուսինների համատեղ կյանքը ճանաչում է անհնար և թույլատրում է ամուսնալուծվել, իսկ երկրորդը նախատեսում է ամուսնության դադարման պահը։ Ըստ Պատասխանողի` օրենսդիրն օգտագործում է «ամուսնության լուծում» և «ամուսնության դադարում» եզրույթները` նպատակ ունենալով ավելի մատչելի դարձնել ինչպես դատական կարգով ամուսնալուծության հետ կապված իրավակարգավորումները, այնպես էլ հստակեցնել, թե ամուսնալուծությունից հետո ո՞ր պահին է ամուսնությունը համարվում դադարած։
Պատասխանողը նշում է, որ դատարանի կողմից ամուսնության լուծմամբ դեռևս ամուսինների իրավունքները և պարտականությունները չեն կարող համարվել դադարած. դատարանի վճիռը պետք է գրանցում ստանա քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում` դադարեցնելով ամուսնությունը։
Պատասխանողը գտնում է, որ ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության դեպքում հնարավոր չէ ողջամտորեն ակնկալել, որ այդ պահից իրավահարաբերությունը դադարել է, քանի որ Օրենսգրքում առկա է հստակ դրույթ, որով սահմանվում է ամուսնության դադարման պահը, և միայն այդ ընթացակարգի ամբողջական պահպանումն է հանգեցնում ամուսնության դադարմանը։ Պատասխանողը նշում է նաև, որ ամուսնալուծությունը միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում հաշվառելու պահից այն դադարած համարելը որևէ կերպ չի կարող հանդիսանալ դատարանի վճռի ստորադասման պատճառ, քանի որ դատարանի կողմից կայացված վճիռն այն իրավական հիմքն է, որով ամուսինները քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում կարող են դադարեցնել ամուսնությունը։
Ամփոփելով իր դիրքորոշումները` Պատասխանողը եզրահանգում է, որ Օրենսգրքի 33 և 40-րդ հոդվածները կարգավորում են ամուսինների ամուսնալուծության գործընթացը, և յուրաքանչյուրն ունի իր իրավակարգավորող դերն ու նշանակությունը։
Միաժամանակ, ըստ Պատասխանողի` Դիմողն օրենքի համապատասխան նորմերի սահմանադրականությունը վիճարկում է ոչ թե նորմի և Սահմանադրության միջև ենթադրյալ հակասության համատեքստում, այլ նրա ներկայացրած պնդումներն ուղղված են վիճարկվող նորմի` դատարանների տված մեկնաբանությանը։ Նշվում է, որ Դիմողը, ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց, իրականում առաջ է քաշում իրավանորմի կիրառման իրավաչափության հարց:
4. Դիմողի գործով վերջնական դատական ակտը հանդիսացող՝ թիվ ՎԴ/12439/05/17 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 25-ի որոշման մեջ նշված է.
«Երևանի քաղաքապետարանի ՔԿԱԳ Շենգավիթ տարածքային բաժնի պետի 26.10.2017 թվականի «Ամուսնության ակտի գրանցման մասին» տեղեկանքի համաձայն` Արտյոմ Սարգսյանի և Գայանե Նազարյանի ամուսնության ակտային գրանցումը կատարվել է ՔԿԱԳ Շենգավիթ տարածքային բաժնում 15.07.1978 թվականին (ակտ թիվ 919): Ամուսնությունը լուծվել է 15.12.2006 թվականին ՔԿԱԳ Աջափնյակի և Դավթաշենի տարածքային բաժնում (ակտ թիվ 127) (հատոր 1-ին, գ.թ. 23):
(…)
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հիմքում պետք է ընկած լինեն այդ գույքի նկատմամբ համապատասխան իրավունքները, սահմանափակումները, ծագումը, փոխանցումը, փոփոխումը կամ դադարումը հաստատող անհրաժեշտ և բավարար փաստաթղթեր, որոնց առկայության դեպքում միայն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կարող է լինել իրավաչափ։
(…)
Փաստորեն, Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման հիմքում ընկած` մասնավորեցման գործընթացում Գայանե Մանուկյանն է ներկայացվել որպես Արտյոմ Սարգսյանի կին։ Հատկանշական է, որ Գայանե Մանուկյանի` Արտյոմ Սարգսյանի կինը լինելու վերաբերյալ նշում պարունակում է նաև թիվ 001214 օրդերը, որի մասին նշում է կատարված Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման մեջ։ Ավելին, հենց Գայանե Մանուկյանն է տվել իր համաձայնությունը բնակարանը Արտյոմ Սարգսյանի անվամբ սեփականացվելու վերաբերյալ։
Մյուս կողմից` Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման ընդունման ժամանակ, ըստ գործում առկա` Երևանի քաղաքապետարանի ՔԿԱԳ Շենգավիթ տարածքային բաժնի պետի 26.10.2017 թվականի «Ամուսնության ակտի գրանցման մասին» տեղեկանքի, գրանցված է եղել Արտյոմ Սարգսյանի և Գայանե Նազարյանի ամուսնությունը:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման մեջ առկա` «կինը» նշումը հնարավորություն չի տալիս միանշանակ կերպով նույնականացնել դրա հասցեատիրոջը, քանի որ մի կողմից այդ որոշման մեջ առկա չեն այլ նույնականացնող տվյալներ, մյուս կողմից` գործում առկա են հակասական տվյալներ, քանի որ Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման հիմքում ընկած` մասնավորեցման գործընթացում և թիվ 001214 օրդերում որպես Արտյոմ Սարգսյանի կին ներկայացվել է Գայանե Մանուկյանը, ով էլ տվել է իր համաձայնությունը բնակարանն Արտյոմ Սարգսյանի անվամբ սեփականացվելու վերաբերյալ, մինչդեռ այդ որոշման ընդունման ժամանակ Արտյոմ Սարգսյանի հետ օրինական ամուսնության մեջ է գտնվել ոչ թե Գայանե Մանուկյանը, այլ` Գայանե Նազարյանը։ Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ինչպես Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման, այնպես էլ սույն գործում առկա մյուս նյութերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր չէ միանշանակ կերպով պնդել, որ այդ որոշման մեջ առկա «կինը» նշումը վերաբերում է հենց Գայանե Մանուկյանին, այն է` պարզ չէ, թե Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշումն այդ մասով ում է ուղղված:
(…)
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման մեջ առկա ձևակերպումից տվյալ դեպքում պարզ չէ, թե դրա հասցեատերն իսկապես Գայանե Մանուկյանն է, թե` ոչ, հետևաբար նշված փաստաթղթի հիման վրա Գայանե Մանուկյանի անվամբ կատարված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի գրանցումն իրավաչափ չէ: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման` Գայանե Մանուկյանին ուղղված լինելու հանգամանքը միանշանակ չլինելն ինքնին ոչ իրավաչափ է դարձնում սույն գործով վիճարկվող պետական գրանցումը` հանգեցնելով հայցի բավարարմանը (...): Նման պայմաններում թեև Դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, սակայն այն սխալ է պատճառաբանել, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից»:
5. Ուսումնասիրելով դիմումը, դրան կից ներկայացված փաստաթղթերը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, Դիմողի նկատմամբ կայացված դատական ակտերը և թիվ ՎԴ/12439/05/17 վարչական գործի նյութերը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը՝ Օրենսգրքի 33-րդ հոդվածի մասով, ենթակա է կարճման` հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական հիշյալ դրույթն իր արտացոլումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում:
Նշված դրույթներից հետևում է, որ անձը՝ կոնկրետ գործով, կարող է դիմել Սահմանադրական դատարան, երբ՝
1. առկա է դատարանի վերջնական ակտը,
2. սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
3. դիմողը վիճարկում է վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորություն է ընձեռել դիմելու Սահմանադրական դատարան միայն կոնկրետ գործով կայացված վերջնական դատական ակտով իրենց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը որոշելու հարցով, եթե դրա հակասահմանադրականությունն ուղղակի պատճառահետևանքային կապ ունի Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված իր որևէ հիմնական իրավունքի կամ ազատության ենթադրյալ խախտման հետ։
Սահմանադրական դատարանի 2008 թվականի ապրիլի 15-ի ՍԴՈ-751 որոշման համաձայն՝ իրավական նորմերի կոնկրետ վերահսկողությանը «բնորոշ է իրավական ակտի սահմանադրականության մասին որոշման տարածումը տվյալ գործին առնչվող իրավահարաբերությունների վրա: Կոնկրետ վերահսկողության դեպքում առաջին պլան է մղվում նաև անհատական շահերի պաշտպանության խնդիրը»։
Սահմանադրական դատարանը փաստում է, որ բոլոր այն դեպքերում, երբ Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումով վիճարկվում է նորմատիվ իրավական ակտի դրույթը, որը դիմողի նկատմամբ կոնկրետ գործով չի կիրառվել, ապա ֆիզիկական կամ իրավաբանական անձն իրավունք չունի դիմելու Սահմանադրա-կան դատարան այդ դրույթի սահմանադրականության հարցով։
Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի, 17-րդ բնակարանի նկատմամբ Դիմողի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ ՎԴ/12439/05/17 վարչական գործով վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի՝ համապատասխան գործով 2020 թվականի դեկտեմբերի 25-ին կայացված որոշումն է, որով Վճռաբեկ դատարանը գտել է, որ թեև բնակելի տարածության օրդերում, ինչպես նաև բնակարանի մասնավորեցման գործընթացում (դրան վերաբերող փաստաթղթերում) որպես Արտյոմ Սարգսյանի կին հիշատակվում է Դիմողը, սակայն հաշվի առնելով, որ բնակարանն անհատույց մասնավորեցնելու մասին թիվ 1818-Ա որոշումը կայացնելիս գրանցված է եղել Արտյոմ Սարգսյանի և Գայանե Նազարյանի ամուսնությունը՝ հնարավոր չէ միանշանակ պնդել, որ հիշյալ որոշման մեջ որպես հասցեատեր նշված «կինը» նույնանում է հենց Դիմողի հետ։
Վճռաբեկ դատարանի որոշման ուսումնասիրումից հետևում է, որ թեև համապատասխան իրավական դրույթին ձևական առումով վկայակոչում չի կատարվել, սակայն բնակարանն անհատույց մասնավորեցնելու մասին թիվ 1818-Ա որոշման «կինը» հասցեատիրոջը որոշակիացնելու հարցում Վճռաբեկ դատարանը վերաբերելի է համարել մասնավորեցման պահին գործող այն կանոնը, որի համաձայն` ամուսնությունը դադարում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում ամուսնալուծությունը գրանցվելու պահից, այսինքն՝ Օրենսգրքի 40-րդ հոդվածի հիմքով:
Իր հերթին Օրենսգրքի 33-րդ հոդվածը կարգավորում է ամուսնությունը դատական կարգով լուծելու հարաբերությունները՝ առանց անդրադարձ կատարելու դատարանի վճռի հիման վրա ամուսնությունը դադարած համարելու պահի որոշման հարցին:
Ամուսնության դադարման պահի որոշակիացման կանոնը սահմանված է Օրենսգրքի 40-րդ հոդվածով, որի համաձայն՝ ամուսնությունը դադարած է համարվում ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցվելու պահից: Օրենսգրքի 203-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնալուծության գրանցումը դատարանի վճռի հիման վրա կատարում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինն ինչպես ամուսիններից երկուսի, այնպես էլ մեկի դիմումի համաձայն:
Վճռաբեկ դատարանը Դիմողի գործով կայացված որոշմամբ չի անդրադարձել այն հարցին, թե Արտյոմ Սարգսյանի և Գայանե Նազարյանի ամուսնության լուծումն ինչ կարգով է կատարվել՝ դրա փոխարեն հիշատակելով գործում առկա «Ամուսնության գրանցման ակտի մասին» տեղեկանքը, որը տեղեկություններ է պարունակում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում հիշյալ անձանց, մասնավորապես, ամուսնության լուծման ժամկետների մասին, ինչն Օրենսգրքի 40-րդ հոդվածով կարգավորվող իրավահարաբերություն է։
Այս պարագայում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թիվ ՎԴ/12439/05/17 վարչական գործով վերջնական դատական ակտ հանդիսացող՝ Վճռաբեկ դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ Օրենսգրքի 33-րդ հոդվածը Դիմողի նկատմամբ չի կիրառվել։
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը, եթե գործի քննության ցանկացած փուլում բացահայտվել է նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմք։
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իրավակարգավորումները՝ Սահմանադրական դատարանը որոշեց.
«Գայանե Մանուկյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի (ուժը կորցրել է 2005 թվականի ապրիլի 19-ին) 33 և 40-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 33-րդ հոդվածի մասով, կարճել։
Սահմանադրական դատարանի |
Ա. Դիլանյան |
26 դեկտեմբերի 2022 թվականի ՍԴԱՈ-211 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|