ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2019 թվականի N 735-Ա
«ԼԻԱՐԺԵՔ ԿՅԱՆՔ» ՆԵՐԱՌԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպության կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Նորաշեն թաղամաս 36, շենք, բն. 121, ՀՎՀՀ՝ 06405487ուղղ. իրականացվող` 14,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Սոցիալական կենտրոնի վերանորոգում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հոկտեմբերի 18 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. հոկտեմբերի 18-ի N 735-Ա որոշման |
«Սոցիալական կենտրոնի վերանորոգում» ծրագիր
1. |
Ծրագրի նպատակը |
ՀՀ կառավարության 21 հունվարի 2010 թվականի N 29-Ա որոշմամբ և նշված որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 23 մայիսի 2019 թվականի N 639-Ա որոշմամբ «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպությանը 20 /քսան/ տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ՀՀ Լոռու մարզի, Ստեփանավան քաղաքի Սայաթ-Նովա 3 հասցեում գտնվող շենքի վիճակի բարելավում՝ հիմնանորոգում, որը կնպաստի հաշմանդամություն և սոցիալական այլ խնդիրներ ունեցող երեխաներին տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանը, համալիր ծառայությունների տրամադրմանը և թույլ կտա շահառուներին ունենալ ժամանակակից պայմաններին համապատասխան սոցիալական-վերականգնողական կենտրոն: Տարածքը կհանդիսանա «Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների սոցիալ-հոգեբանական աջակցություն վերականգնողական կենտրոն», ինչի շնորհիվ «Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանի համայնքային ցերեկային կենտրոն»-ը/ներկայումս գտնվում է նկուղային հարկում, խոնավ ու անբարվոք վիճակում/ կտեղափոխվի վերանորոգված կենտրոն և հնարավորություն կստանա սպասարկելու Ստեփանավան և Տաշիր քաղաքների և հարակից գյուղերի շուրջ 250 շահառուի: Վերանորոգումը թույլ կտա իրականացնել շահառուների սոցիալական վերականգնում՝ հմտությունների զարգացում, նրանց կարողություններին համարժեք գիտելիքների ձեռքբերում, անկախ և ինքնուրույն կյանք վարելու կարողությունների զարգացում, կրթական, ժամանցային, ճանաչողական միջոցառումների իրականացում: Շնորհիվ այս կենտրոնի՝ Տարեկան յուրաքանչյուր երեխայի անհատական ծրագրում կարձանագրվի գնահատականի դրական աճ (տառաճանաչության, ինքնասպասարկման, հաղորդակցման հմտությունների և այլն): Կհայտնաբերվեն ուսումից դուրս մնացած երեխաները և առաջարկություններ կներկայացվեն պետական և տեղական ինքնակառավարման լիազոր մարմիններին այս ուղղությամբ արդյունավետ աշխատանք կատարելու համար: Կկազմակերպվեն տարեկան առնվազն 4 միջոցառում (երեխայի պաշտպանության օր, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության օր, ժամանցային միջոցառումներ և այլն), որոնք ուղղված կլինեն հանրային իրազեկմանը և երեխաների սոցիալական ներառմանը: Կենտրոնի կողմից մատուցված ծառայությունները համահունչ են ՀՀ կառավարության որդեգրած սոցիալական ներառման և կարողությունների զարգացման քաղաքականությանը, մասնավորապես՝ Հասցեական և նպատակային սոցիալական ծառայությունների տրամադրում կարիքների հիման վրա, Ուսումից դուրս մնացած երեխաների հայտնաբերում Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանի բնակչության շրջանում Շուրջօրյա խնամքի հաստատություններ խոցելի խմբերի մուտքի կանխարգելում Բոլոր իրականացվող ծրագրերում ներառականության ապահովում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Նոտարիս ժան ժակ Լեկլին՝ Ջինիշյան հիշատակի հիմնադրամի միջոցով (ՀՀ, քաղ. Երևան, Աբովյան 34, բն. 5) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Լիարժեք Կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպություն (իրավաբանական հասցեն՝ քաղ. Երևան, Նորաշեն թաղամաս 36, բն. 121, ՀՎՀՀ՝ 06405487) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ, Լոռու մարզ, քաղ. Ստեփանավան, Սայաթ-Նովա 3՝ սոցիալական բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
14 մլն դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող ավելի քան 60 երեխաներ: |
8. |
Ծրագրի |
Նախատեսվում է իրականացնել 2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Համաձայն մասնագիտացված կազմակերպության եզրակացության՝ շենքը գտնվում է անբավարար վիճակում և վնասվածության մակարդակը դասվում է 3-րդ աստիճանի: Ուստի շենքը շահագործելու համար անհրաժեշտ է ամրացում և հիմնանորոգում: Ընդհանուր առմամբ ներդրումները կկազմեն շուրջ 14 մլն դրամ, որը կուղղվի շենքի ամրացման, կտուրի և ներքին հիմնանորոգման, ինչպես նաև շենքի պահպանման աշխատանքներին փուլերով՝
Գումարը՝ 14 մլն դրամ ժամանակահատվածը՝ 2019 թվականի հոկտեմբերի 1-ից 2023 թվականի սեպտեմբերի 30-ը
Աշխատանքների ծավալը/նկարագիրը
Տվյալ ժամանակահատվածում կվերանորոգվի տանիքը, կիրականացվեն շենքի ամրացման աշխատանքները: Ամրացման աշխատանքներից և տանիքի նորոգումից հետո կիրականացվի առաջին հարկի մուտքի, պատուհանների և դռների տեղադրումը, 110 քմ մակերեսի ներքին հարդարումը, ներառյալ՝ սանհանգույցը, էլ. սնուցումը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը: Այս աշխատանքների իրականացումը թույլ կտա «Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների սոցիալ-հոգեբանական աջակցություն Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանի համայնքային ցերեկային կենտրոն»-ի աշխատանքները 2023 թ-ից իրականացնել այս տարածքում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Սոցիալական կենտրոնի վերանորոգման համար նախատեսվում է ձեռք բերել շինանյութ և կատարել շինարարական աշխատանքներ՝ 14 մլն դրամ արժողությամբ, մասնավորապես՝ ● Շենքի ամրացման աշխատանքներ՝ 5,035,000 դրամ● Տանիքի վերանորոգման աշխատանքներ՝ 2,414,300 դրամ● Դռների և պատուհանների տեղադրման աշխատանքներ՝ 1,934,000 դրամ● Հատակների կառուցման աշխատանքներ՝ 1,680,000 դրամ● Ներքին հարդարման աշխատանքներ՝ 1,480,000 դրամ● Է լեկտրական սնուցման և լուսավորության հետ կապված աշխատանքներ՝ 648,300 դրամ● Ջրամատակարարման և կոյուղու կառուցման աշխատանքներ՝ 418,000 դրամ● Աստիճանավանդակի կառուցման հետ կապված աշխատանքներ՝ 390,400 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն - Լոռու մարզպետարան, Ստեփանավանի քաղաքապետարան - Սոցիալական աջակցության տարածքային գործակալություն - «Լուսաստղ» հասարակական կազմակերպություն, «Աստացոլք» հասարակական կազմակերպություն, «Սպիտակ բազե» հասարակական կազմակերպություն, «Արմավիրի զարգացման» հասարակական կազմակերպություն, «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն, «Առավոտ» հասարակական կազմակերպություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագիրն իրականացնողի կողմից ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 16-ի թիվ 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|