ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ լրացում ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 108-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետում «2018 թվականի մայիսի 31-ը» բառերը փոխարինել «2020 թվականի օգոստոսի 31-ը» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 124-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով․
«3․ Ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի և վարկային կազմակերպությունների հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են նաև այդ բանկերում և վարկային կազմակերպություններում հաշվառված՝ ֆիզիկական անձանց (բացառությամբ որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես նոտար վարկ ստացած ֆիզիկական անձանց) նկատմամբ ձևավորված և Կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հաստատած կարգի համաձայն՝ 2020 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ 91 և ավելի օր չաշխատող (ժամկետանց) համարվող՝ դեռևս անհուսալի չճանաչված ակտիվներում ներառված տույժերը և (կամ) տուգանքները՝ դրանք տվյալ ֆիզիկական անձանց ներելու և այդ մասով ակտիվների հնարավոր կորուստների պահուստին մինչև այդ մասհանումներ կատարած լինելու դեպքում` պահուստին ուղղված գումարների չափով համախառն եկամտում վերականգնելու դեպքում։»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ֆիզիկական անձանց (բացառությամբ որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես նոտար վարկ ստացած ֆիզիկական անձանց) ներված տույժերի և (կամ) տուգանքների վրա։
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հոկտեմբերի 7 Երևան ՀՕ-449-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2020 թվական: