ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հոկտեմբերի 6-ին
«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-203-Ն օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին հոդվածով.
«Հոդված 2.1. | Սահմանամերձ համայնքներում դպրոցական դասագրքերը տրամադրվում են փոխհատուցմամբ: Փոխհատուցման տրամադրման չափորոշիչներն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: |
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով օթևանին հասցված այն նյութական վնասները, որոնք չեն հանգեցրել սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված օթևանից զրկվելու դեպքերին, ինչպես նաև վերոնշյալ գործողությունների հետևանքով գյուղատնտեսական ոլորտին հասցված նյութական վնասները ենթակա են փոխհատուցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում:»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն հոդվածի առաջին պարբերությունում նշված անձանց առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում տրամադրվում է նաև միանվագ գումարային աջակցություն՝ համապատասխանաբար 3.000.000, 2.000.000 և 1.000.000 դրամի չափով, իսկ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3.000.000 դրամի չափով: Փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում:»:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ, երրորդ և չորրորդ պարբերություններով.
«Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքերում զոհված քաղաքացիների ընտանիքներին տրամադրվում է նաև միանվագ գումարային հատուցում` 5.000.000 դրամ:
Սույն օրենքի համաձայն` ընտանիքի անդամներ են համարվում՝
1) ամուսինը.
2) զավակը (զավակները).
3) ծնողը (ծնողները).
4) հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև զոհված քաղաքացու խնամքի տակ գտնված 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը: Ընդ որում, քույրը և եղբայրը հատուցման իրավունքից կարող են օգտվել, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում:
Սույն հոդվածի երկրորդ պարբերությունում նշված անձանց բացակայության դեպքում հատուցման իրավունքից կարող է օգտվել նաև այլ անձ, եթե դատական կարգով հաստատվել է, որ`
1) հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ այդ անձը եղել է զոհված քաղաքացու խնամքի տակ և ունեցել է հաշմանդամության կամ աշխատանքային կենսաթոշակի իրավունք.
2) զոհված քաղաքացին մինչև 18 տարին լրանալը եղել է այդ անձի խնամքի տակ:»:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում «2021» թիվը փոխարինել «2024» թվով:
Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-3-րդ հոդվածներով նախատեսված փոխհատուցման կարգը Կառավարությունը սահմանում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հոկտեմբերի 7 Երևան ՀՕ-450-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2020 թվական: