ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ՇԴ/0014/12/17 |
ՇԴ/0014/12/17 |
Նախագահող դատավոր՝ Ա. Մնացականյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ` դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
ա. պողոսՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ` | Մ. Ավագյանի | |
մասնակցությամբ` դատապարտյալ | Ա. Արմենյանի |
2019 թվականի ապրիլի 11-ին
ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով դատապարտյալ Արմեն Լեռնիկի Արմենյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 30-ի որոշման դեմ դատապարտյալ Ա.Արմենյանի և նրա պաշտպան Ա.Հայրապետյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունիսի 21-ի դատավճռով Արմեն Լեռնիկի Արմենյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
Պատժի սկիզբը հաշվվել է 2014 թվականի հոկտեմբերի 12-ից:
2. 2017 թվականի հուլիսի 12-ին ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկները սպասարկող՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը (այսուհետ՝ Անկախ հանձնաժողով) դատապարտյալ Ա.Արմենյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:
3. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2017 թվականի օգոստոսի 1-ին կայացրած որոշմամբ դատապարտյալ Ա.Արմենյանին պայմանական վաղաժամկետ ազատել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հունիսի 21-ի դատավճռով նշանակված 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկում՝ պատժից դատապարտյալի չկրած 1 (մեկ) տարի 2 (երկու) ամիս 10 (տասը) օր ժամկետով ազատազրկում՝ պատիժը կրելուց, և պատժաչափի չկրած մասի ժամանակահատվածով սահմանել է փորձաշրջան:
4. Դատախազ Բ.Պողոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2017 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի օգոստոսի 1-ի որոշումը բեկանել՝ վերացնելով Ա.Արմենյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը:
5. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել դատապարտյալ Ա.Արմենյանը և նրա պաշտպան Ա.Հայրապետյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
5.1 Տուժող Վ.Մկրտչյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով Ա.Արմենյանին ազատել դատավճռով նշանակված պատժի հետագա կրումից:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
6. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հունիսի 21-ի դատավճռով Ա.Արմենյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ «(...) [Նա] աշխատելով «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերության Շիրակ մասնաճյուղի կառավարիչ` 2011 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2013 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում, միասնական հանցավոր մտադրությամբ, Գյումրի քաղաքի չորս բնակիչների [Վանուհի Մկրտչյանի, Զարուհի Արմենյանի, Լամարա Գևորգյանի, Սարգիս Սարգսյանի] վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի գումարներ(...)»1:
6.1. Նույն դատավճռի համաձայն՝ «(...) Դատարանն անդրադառնալով հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի հատուցման հարցերին [և] նկատի ունենալով, որ տուժողներ՝ Զարուհի Արմենյանը, Սարգիս Սարգսյանը, Լամարա Գևորգյանը և Վանուհի Մկրտչյանը ՀՀ քր. դատ. օր-ի 158 հոդվածի սահմանված կարգով քաղ. հայց չեն ներկայացրել, (…) գտնում է, որ այն պետք է թողնել առանց քննության, տուժողներին քաղ. հայցի իրավունք վերապահելով (...)»2:
7. Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 1-ի որոշման համաձայն՝ «(...) Արմեն Լեռնիկի Արմենյանը պատժի կրման ընթացքում չի ենթարկվել կարգապահական տույժի, չի խրախուսվել, արտաքին աշխարհի` հարազատների հետ կապը պահպանում է տեսակցությունների և հեռախոսակապի միջոցով, պատճառված վնասը հատուցելու կամ այլ կերպ հատուցելու վերաբերյալ գրավոր պարտավորություն չունի, բնավորությամբ հանգիստ է, հարգալից, խորամանկ, միջանձնային կոնֆլիկտային խնդիրներ չունի, զղջում է կատարած արարքի համար, դատավճիռը համարում է օրինաչափ, ֆիզիկապես առողջ է, Անկախ հանձնաժողովի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի վերաբերյալ տրվել է դրական եզրակացություն:
Այսպիսով, դատարանը հաշվի առնելով վերոշարադրված իրավանորմերում ամրագրված դրույթները և ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտած իրավական դիրքորոշումները, և նկատի ունենալով, որ Արմեն Լեռնիկի Արմենյանը փաստացի կրել է ՀՀ քր. օր-ի 76 հոդվածով սահմանված ազատազրկման ձեւով նշանակված պատժի համապատասխան մասը եւ դատարանը, ելնելով դատապարտյալի վարքագծի փաստական նկարագրում շարադրված չափանիշների հետազոտման, վերլուծության և գնահատման արդյունքից, Անկախ հանձնաժողովի կողմից տրված պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ տրված դրական եզրակացությունից, գալիս է այն հետևությանը, որ նա ուղղվելու համար պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, և միջնորդությունը ենթակա է բավարարման:: (...)»3։
8. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) Արմեն Արմենյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծելիս Առաջին ատյանի դատարանի կողմից անտեսվել ու պատշաճ գնահատականի չեն արժանացել այդ հարցի լուծման տեսանկյունից էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մասնավորապես.
- Արմեն Արմենյանի կատարած արարքով թվով 4 տուժողներին ընդհանուր առմամբ պատճառվել է առանձնապես խոշոր չափի` 18.966.000 ՀՀ դրամի գույքային վնաս,
- Արմեն Արմենյանը տուժողներին պատճառած վնասը չի հարթել և այդ ուղղությամբ ողջամիտ միջոցներ չի ձեռնարկել` ինչպես քրեական գործի քննության ընթացքում, այնպես էլ՝ այդ գործով կայացված դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո,
- Արմեն Արմենյանը պատժի կրման ընթացքում չի խրախուսվել, չի աշխատել, չի մասնակցել կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին, ինչպես նաև վերասոցիալականացման, այդ թվում անձնական զարգացման միջոցառումներին:
Վերը նշված հանգամանքներն անտեսելու և պատշաճ գնահատականի չարժանացնելու արդյունքում Առաջին ատյանի դատարանը սխալ եզրահանգում է կատարել առ այն, որ ուղղվելու համար դատապարտյալ Արմեն Արմենյանը նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի: Այլ կերպ ասած` Առաջին ատյանի դատարանը ճիշտ չի կիրառել քրեական օրենքը, այն է` դատապարտյալ Արմեն Արմենյանի նկատմամբ կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման և Առաջին ատյանի որոշումը բեկանել է և վերացրել դատապարտյալ Արմեն Արմենյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը (...)»4։
8.1. Վերաքննիչ դատարանի որոշման՝ «Վերաքննիչ դատարանում կողմերի արտահայտած դիրքորոշումները» մասի համաձայն՝ «(...) Տուժող Լ.Գևորգյանը, ըստ էության, միացել է ներկայացված վերաքննիչ բողոքին և նշել, որ հանցագործությամբ իրեն պատճառված վնասը չի փոխհատուցվել:
(...)
Տուժողներ Վ.Մկրտչյանը, Զ.Արմենյանը և Ս.Սարգսյանը հեռախոսազանգի միջոցով հայտնել են, որ հանցագործությամբ իրենց պատճառված վնասները չեն փոխհատուցվել (...)»5։
9. Տուժող Վ.Մկրտչյանն իր ներկայացրած՝ վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ Ա.Արմենյանն ամբողջությամբ հատուցել է իրեն պատճառած վնասը, ավելին, Վերաքննիչ դատարանի որևէ աշխատակցի հեռախոսազրույցի ժամանակ չի ասել, որ իրեն պատճառված վնասը հատուցված չէ6:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
10. Բողոքաբերների կարծիքով, Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ, 358-րդ, 382-րդ, 385-րդ, 396-րդ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածների պահանջները: Բացի այդ, ըստ բողոքաբերների՝ Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է Էրիկ Մարգարյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշմանը:
Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի` բողոքի հեղինակները նշել են, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ ձևով չի ուսումնասիրել և որևէ գնահատական չի տվել վերաքննիչ բողոքի պատասխանում Ա.Արմենյանի կողմից ներկայացված փաստարկներին, բացի այդ, հրաժարվել է ընդունել վերջինիս հիվանդության վերաբերյալ նյութերը: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով տուժողներին պատճառած վնասը հարթված չլինելը, արձանագրել է, որ տուժողները, ծանուցված լինելով դատական նիստի օրվա և ժամի մասին, դատարան չեն ներկայացել և միայն հեռախոսազանգի միջոցով են հայտնել հիշյալ հանգամանքի մասին: Բողոքաբերները փաստել են, որ Վերաքննիչ դատարանը հանցագործությամբ պատճառված վնասը հատուցված չլինելու վերաբերյալ որևէ ապացույց չի հետազոտել, իսկ Առաջին ատյանի դատարանում հետազոտված նյութերն ինքնին թույլ չեն տալիս Վերաքննիչ դատարանին գալ այն եզրահանգման, որ տուժողներին հանցագործությամբ պատճառած վնասը հատուցված չլինելու մասին պնդումները հիմք են՝ Ա.Արմենյանին ազատազրկման ձևով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը վերացնելու համար:
Միևնույն ժամանակ, ըստ բողոքաբերների, Վերաքննիչ դատարանն ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ տուժողներն Առաջին ատյանի դատարանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի կարգով քաղաքացիական հայց չեն ներկայացրել, ինչը փաստում է վեճի բացակայության մասին:
10.1 Բողոքաբերների կարծիքով, անտեսվել է նաև այն հանգամանքը, որ Ա.Արմենյանը պատժի կրման ընթացքում դրսևորել է օրինապահ վարքագիծ, մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Ա.Արմենյանը չի խրախուսվել, չի աշխատել, արհեստականորեն խստացրել է վերջինիս վարքագծի գնահատման չափանիշները:
Նշվածից բողոքաբերները եզրահանգել են, որ Վերաքննիչ դատարանը, չհետևելով պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ձևավորված իրավական դիրքորոշումներին, յուրովի գնահատելով գործով ձեռք բերված փաստական տվյալները, եկել է սխալ եզրահանգման, ինչի արդյունքում կայացրել է չհիմնավորված դատական ակտ:
11. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակները խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 30-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 1-ին կայացված որոշմանը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունները դատապարտյալ Ա.Արմենյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելը վերացնելու մասին։
13. ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի (դատապարտյալ Ա.Արմենյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի քննարկման պահին գործող խմբագրությամբ) համաձայն`
«1. Ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրող անձը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պատժի նվազագույն ժամկետը կրելուց հետո դատարանի կողմից կարող է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը սույն հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի (այսուհետ՝ անկախ հանձնաժողով) եզրակացության կամ կարգապահական գումարտակի հրամանատարի միջնորդագրի քննարկման արդյունքում հանգում է հետևության, որ ուղղվելու համար դատապարտյալը նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, քանի որ՝
1) պատժի կրման ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, և
2) դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է:
(…):
1.1. Դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.
1) պատժի կրման ընթացքում խրախուսանքի առկայությունը.
2) պատժի կրման ընթացքում կարգապահական տույժի առկայությունը.
3) պատժի կրման ընթացքում կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցելը, եթե առկա է եղել նման հնարավորություն.
4) պատժի կրման ընթացքում առնվազն երեք ամիս աշխատելը, եթե առկա է եղել աշխատելու հնարավորություն, կամ՝ եթե չաշխատելը պայմանավորված չի եղել դատապարտյալի առողջական խնդիրներով.
5) դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատող այլ հանգամանքներ:
1.2. Դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.
1) դատապարտյալի տարիքը, դատապարտյալի տարիքը հանցագործություն կատարելու պահին.
2) հանցագործության բնույթը և հանրային վտանգավորությունը.
3) ռեցիդիվի առկայությունը.
4) իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը.
5) հանցագործությամբ պատճառած վնասը հատուցած՝ կամ այլ կերպ՝ հարթած լինելը, կամ՝ պատճառած վնասը հատուցելու, կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն ստանձնելը.
6) նրա վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ.
7) որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները.
8) մասնակցությունը վերասոցիալականացման, այդ թվում՝ անձնական զարգացման միջոցառումներին.
9) ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ կապը կամ խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը.
10) սոցիալական միջավայրը.
11) առողջական, այդ թվում` հոգեկան առողջության վիճակը, հարկադիր բուժման մեջ գտնվելը և հարկադիր բուժման արդյունքը.
12) դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատող այլ հանգամանքներ:
(...)
3. Պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է՝
(…)
2) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը.
(...)»:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի՝ 2003 թվականի սեպտեմբերի 24-ի` պայմանական ազատման (պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման) վերաբերյալ թիվ Rec (2003) 22 հանձնարարականի համաձայն՝
«(․․․) 8. Պայմանականորեն ազատված անձանց կողմից ռեցիդիվի վտանգը նվազեցնելու նպատակով պետք է հնարավոր լինի նրանց նկատմամբ կիրառել հետևյալ անհատականացված պայմանները՝
– տուժողներին պատճառված վնասի համար փոխհատուցում վճարելը կամ հատուցում տրամադրելը.
– թմրանյութերի կամ ալկոհոլի չարաշահման հետևանքով, կամ էլ հանցագործության կատարման հետ ուղղակիորեն կապված՝ բուժման ենթակա առողջական վիճակի հետևանքով բուժում անցնելը.
− աշխատելը կամ այլ հաստատված մասնագիտական գործունեությամբ զբաղվելը, ինչպիսիք են, օրինակ, կրթությունը կամ մասնագիտական վերապատրաստումը.
− մասնակցությունը անձնական զարգացման ծրագրերին.
– որոշակի վայրերում բնակվելու կամ այդ վայրերն այցելելու արգելքը։
(…)
20. Պայմանական ազատում տրամադրելու չափորոշիչները պետք է կիրառվեն այնպես, որպեսզի պայմանական ազատում տրամադրվի բոլոր այն ազատությունից զրկված անձանց, ովքեր բավարարում են օրինապահ քաղաքացիներ դառնալու համար երաշխիքների նվազագույն մակարդակը (...)»։
14. Վերլուծելով պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ վերոշարադրյալ քրեաիրավական նորմերը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալին վաղաժամկետ ազատելու համար անհրաժեշտ է, որ՝
1) դատապարտյալը փաստացի կրած լինի իր նկատմամբ նշանակված պատժի՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանված նվազագույն ժամկետը.
2) օրենքով նախատեսված հանգամանքների վերաբերյալ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի եզրակացության քննարկման արդյունքում դատարանը հանգի հետևության, որ ուղղվելու համար դատապարտյալը նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի:
Ընդ որում, վերը նշված երկրորդ պայմանի հետ կապված՝ օրենսդիրը սահմանել է այն հիմնական չափանիշները, որոնց հիման վրա դատարանը կարող է գալ եզրահանգման դատապարտյալի՝ պատժի հետագա կրման աննպատակահարմարության վերաբերյալ, այն է՝ պատժի կրման ընթացքում պատշաճ վարքագիծ դրսևորելը և դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականության ցածր լինելը: Դեռ ավելին, օրենսդիրը ոչ միայն սահմանել է պատժի հետագա կրման նպատակահարմարությունը որոշելու հիմնական չափանիշները, այլև մանրամասնել է այն հանգամանքները, որոնք դատարանը պարտավոր է պատշաճ վերլուծության ենթարկել այդ չափանիշներից յուրաքանչյուրի առկայության կամ բացակայության մասին՝ օրինական և հիմնավորված եզրահանգում անելու համար:
14.1 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկվող ինստիտուտի գործադրմամբ անձը պատժից ազատվում է պայմանական (ազատվող դատապարտյալի վրա դրված պարտականությունները չկատարելու դեպքում դատարանը կարող է վաղաժամկետ ազատումը վերացնելու և պատժի չկրած մասն ի կատար ածելու մասին որոշում կայացնել), ինչը ենթադրում է, որ պատժի նպատակները, ներառյալ՝ անձի ուղղումը, դեռ լիովին իրականացած չեն: Հետևաբար, պայմանական վաղաժամկետ ազատման ենթակա է այն դատապարտյալը, ում անձի, դրսևորած վարքագծի վերաբերյալ տվյալների և այլ հանգամանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ նա կանգնած է ուղղման ճանապարհին: Այլ խոսքով՝ դատարանը պետք է համոզվի, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում՝ անձի կողմից օրինապահ վարքագիծ դրսևորելու հավանականության աստիճանը բավարար է թե՛ հասարակական անվտանգության և թե՛ հասարակությունում նրա վերաինտեգրման տեսանկյունից, իսկ պատժի նպատակները հնարավոր է վերջնականապես իրագործել համապատասխան վերահսկողության ներքո դատապարտյալի՝ ազատության մեջ գտնվելու պայմաններում։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի լուծման արդյունքում դատարանի կայացրած որոշումը պետք է հիմնված լինի օրենքով սահմանված պայմանների և չափանիշների ու դրանցից բխող պատճառաբանված եզրահանգումների վրա: Ընդ որում, պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և փաստական տվյալներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա՝ իր մեջ չընդգրկելով վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ, քանի որ հակառակ պարագայում այդպիսի դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին:
14.2 Դատարանը պետք է օբյեկտիվ գնահատման ենթարկի, ի թիվս այլնի, նաև հանցագործության արդյունքում դատապարտյալի կողմից տուժողին պատճառած վնասի առկայությունը, առկայության դեպքում այն հարթելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները։ Վերջին հանգամանքն ունի էական նշանակություն պատժի նպատակներից մեկի՝ սոցիալական արդարության վերականգնման տեսանկյունից7: Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ հանցագործությամբ պատճառած վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած լինելու կամ պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն ստանձնելու մասին դրույթի` քրեական դատավարության ընթացքում կենսագործման իրավաչափ եղանակը վնաս կրած անձանց կողմից քրեական դատավարության շրջանակներում քաղաքացիական հայցի ներկայացումն է, կամ՝ համապատասխան պահանջով քաղաքացիական դատավարության կարգով խախտված իրավունքի պաշտպանության ուղղությամբ օրենքով սահմանված գործողությունների կատարումը: Ընդ որում, հանցագործությամբ պատճառված վնասը հատուցած, կամ՝ այլ կերպ հարթած լինելու պայմանի վերաբերյալ վերը վկայակոչված քրեաիրավական կարգավորման բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ ինքնին հանցագործությամբ պատճառված, սակայն չհատուցված կամ չհարթված վնասի առկայությունն անձին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու բացարձակ հիմք չէ, քանի որ այն անձի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը որոշելու համար գնահատման ենթակա հանգամանքներից միայն մեկն է: Դեռ ավելին, նշված օրենսդրական նորմից բխում է, որ անձին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելը կարող է պայմանավորվել նաև պատճառած վնասը ապագայում հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն ստանձնելով: Ըստ էության, այս մոտեցումն առկա է նաև Եվրոպայի խորհրդի՝ վերը հիշատակված թիվ Rec (2003) 22 հանձնարարականում, համաձայն որի՝ արդեն իսկ պայմանականորեն ազատված անձի վրա կարող է տուժողներին պատճառված վնասի համար փոխհատուցում վճարելու կամ հատուցում տրամադրելու պարտականություն դրվել:
15. Սույն գործի նյութերից ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Արմենյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկները սպասարկող Անկախ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն8:
15.1 Առաջին ատյանի դատարանը դատապարտյալ Ա.Արմենյանին պայմանական վաղաժամկետ ազատել է չկրած 1 (մեկ) տարի 2 (երկու) ամիս 10 (տասը) օր ժամկետով ազատազրկում պատիժը կրելուց՝ իր դիրքորոշումը հիմնավորելով նրանով, որ դատապարտյալ Ա.Արմենյանը պատժի կրման ընթացքում չի ենթարկվել կարգապահական տույժի, արտաքին աշխարհի` հարազատների հետ կապը պահպանում է տեսակցությունների և հեռախոսակապի միջոցով, պատճառված վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն չունի, բնավորությամբ հանգիստ է, հարգալից, միջանձնային կոնֆլիկտային խնդիրներ չունի, զղջում է կատարած արարքի համար, դատավճիռը համարում է օրինաչափ, ֆիզիկապես առողջ է, Անկախ հանձնաժողովի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի վերաբերյալ տրվել է դրական եզրակացություն: Առաջին ատյանի դատարանն արդյունքում գտել է, որ Ա.Արմենյանն ուղղվելու համար պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, և միջնորդությունը ենթակա է բավարարման9:
15.2 Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է, որ Ա.Արմենյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծելիս Առաջին ատյանի դատարանի կողմից անտեսվել ու պատշաճ գնահատականի չի արժանացվել հանցագործությամբ չորս տուժողներին ընդհանուր առմամբ պատճառված վնասի չափը, այն՝ որ Ա.Արմենյանը տուժողներին պատճառած վնասը չի հարթել և այդ ուղղությամբ ողջամիտ միջոցներ չի ձեռնարկել ինչպես քրեական գործի քննության ընթացքում, այնպես էլ՝ այդ գործով կայացված դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ Ա.Արմենյանը պատժի կրման ընթացքում չի խրախուսվել, չի աշխատել, չի մասնակցել կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին, ինչպես նաև վերասոցիալականացման, այդ թվում` անձնական զարգացման միջոցառումներին:
Վերաքննիչ դատարանն արդյունքում գտել է, որ Առաջին ատյանի դատարանը սխալ եզրահանգում է կատարել առ այն, որ ուղղվելու համար դատապարտյալ Ա.Արմենյանը նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի10:
16. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14.2-րդ կետերում ներկայացված օրենսդրական կարգավորումների և դրանց վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Արմենյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնված չէ օրենքով սահմանված չափանիշների ու դրանց հիմքում դրած հանգամանքների վերաբերյալ պատշաճ պատճառաբանված եզրահանգումների վրա: Այդ դիրքորոշումները կառուցված չեն փաստական տվյալներից բխող համոզիչ հետևությունների վրա, իրենց մեջ ընդգրկում են վերացական, գործի նյութերով չհիմնավորված, ընդհանուր բնույթի դատողություններ, որոնց առկայությունը վկայում է պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին: Վերաքննիչ դատարանը մանրակրկիտ ուսումնասիրության և վերլուծության չի ենթարկել պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար նշանակություն ունեցող հանգամանքները, ինչի արդյունքում պատշաճ ձևով չի հիմնավորել, որ ուղղվելու համար դատապարտյալ Ա.Արմենյանը նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք ունի:
17. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իր դիրքորոշումը ոչ իրավաչափորեն հիմնավորել է առավելապես այն հանգամանքով, որ Ա.Արմենյանը տուժողներին պատճառած վնասը չի հարթել և այդ ուղղությամբ ողջամիտ միջոցներ չի ձեռնարկել` ինչպես քրեական գործի քննության ընթացքում, այնպես էլ՝ այդ գործով կայացված դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Վերաքննիչ դատարանի դիրքորոշման՝ ոչ իրավաչափ լինելու մասին դատողությունը հիմնված է այն հանգամանքի վրա, որ ինչպես հետևում է վկայակոչված փաստերից, քրեական գործի քննության ընթացքում գործով անցնող չորս տուժողները չեն ներկայացրել քաղաքացիական հայց ընդդեմ Ա.Արմենյանի, ինչի հետևանքով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2016 թվականի հունիսի 21-ի դատավճռով վերապահել է նրանց քաղաքացիական դատավարության կարգով հայց ներկայացնելու իրավունք11: Տուժողները հիշյալ դատավճիռը նաև չեն բողոքարկել վերաքննության կարգով, իսկ դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիական դատավարության կարգով դատապարտյալ Ա.Արմենյանի դեմ հայց ներկայացնելու մասին փաստական տվյալներ ստորադաս դատարանները չեն հաստատել: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ տուժող Վ.Մկրտչյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան, նշելով, որ Ա.Արմենյանն ամբողջությամբ հատուցել է իրեն պատճառած վնասը, ավելին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որևէ աշխատակցի հեռախոսազրույցի ժամանակ չի ասել, որ իրեն պատճառած վնասը հատուցված չէ12:
18. Հիմք ընդունելով նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները և դրանք գնահատելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում դատապարտյալ Ա.Արմենյանի դեմ հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին քաղաքացիական հայցի բացակայության պայմաններում նշված վնասն ամբողջությամբ հատուցած չլինելու մասին Վերաքննիչ դատարանի ընդհանուր բնույթի դատողությունը չի կարող մեկնաբանվել որպես հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելուց կամ այլ կերպ հարթելուց խուսափել ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի կարգավորումների համատեքստում:
18.1 Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտի «Վերաքննիչ դատարանում կողմերի արտահայտած դիրքորոշումները» մասում նշված հանգամանքներին13 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք չեն բխում վերաքննիչ վարույթում պատշաճ իրավական ընթացակարգով հաստատված հանգամանքներից, ուստի և չեն կարող առաջացնել իրավական հետևանքներ:
19. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չեն Վերաքննիչ դատարանի հետևությունները դատապարտյալ Ա.Արմենյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելը վերացնելու մասին։
20. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը և վերացնելով դատապարտյալ Ա.Արմենյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի խախտում, արդյունքում կայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին հակասող դատական ակտ: Նշված խախտումներն իրենց բնույթով էական են, ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ և 398-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են:
21. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ հետազոտման ենթարկելով դատապարտյալ Ա.Արմենյանի վերաբերյալ նյութերը, եկել է հիմնավոր եզրահանգման նրա՝ պատժի հետագա կրման աննպատակահարմարության կապակցությամբ: Այլ կերպ՝ Առաջին ատյանի դատարանը, բավարարելով պատիժը կրելուց դատապարտյալ Ա.Արմենյանին պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագիրը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ: Ուստի, անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 1-ին որոշմանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Արմեն Լեռնիկի Արմենյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատումը վերացնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 30-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի օգոստոսի 1-ի որոշմանը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում, հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
________________________
1 Տե՛ս նյութեր, թերթեր 99-113։
2 Տե՛ս նյութեր, թերթեր 99-113։
3 Տե՛ս նյութեր, թերթեր 26-30։
4 Տե՛ս նյութեր, թերթեր 139-149։
5 Տե՛ս նյութեր, թերթ 144։
6 Տե՛ս նյութեր, թերթ 144։
7 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Արմեն Ղազարյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԱՐԱԴ/0002/12/16 որոշումը:
8 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը։
10 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
11 Տե՛ս սույն որոշման 6.1.-րդ կետը։
12 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը ։
13 Տե՛ս սույն որոշման 8.1-րդ կետը։
Նախագահող` Լ. Թադևոսյան Դատավորներ` Հ. Ասատրյան Ս. Ավետիսյան Ե. Դանիելյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան