ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի դեկտեմբերի 29-ին
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9) «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում և կարգով կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը, ներառյալ՝ կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների (այսուհետ` կուսակցությունների տարեկան հաշվետվություններ) ներկայացման պահանջների պահպանման և դրանցում առկա տեղեկատվության և տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգումը։»։
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 3-րդ կետը «հայտարարատու պաշտոնատար անձանց» բառերից հետո լրացնել «, այդ թվում` «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով նախատեսված՝ կուսակցությունների ղեկավար մարմինների պաշտոնատար անձանց» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 27-29-րդ կետերով.
«27) ստուգում է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ներկայացման պահանջների պահպանումը և դրանցում առկա տեղեկատվության և տվյալների արժանահավատությունն ու ամբողջականությունը․
28) քննում և լուծում է կուսակցությունների ֆինանսական գործունեությանը և կուսակցությունների տարեկան հաշվետվություններին առնչվող խախտումների վերաբերյալ գործերը․
29) իրականացնում է սույն օրենքով և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով նախատեսված այլ լիազորություններ։»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ գլխի վերնագիրը «ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ» բառից հետո լրացնել «, ՍՏՈՒԳՈՒՄԸ» բառով։
Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասը «հայտարարատու պաշտոնատար անձի» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով սահմանված՝ կուսակցության ղեկավար մարմնի պաշտոնատար անձի» բառերով:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 40.1-ին հոդվածով.
«Հոդված 40.1. | Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգումը |
1. Հանձնաժողովն ստուգում է կուսակցության ներկայացրած տարեկան հաշվետվության համապատասխանությունը «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով սահմանված պահանջներին:
2. Եթե կուսակցության հաշվետվության ստուգման արդյունքում Հանձնաժողովը պարզում է, որ հաշվետվության մեջ առկա են սխալ կամ ոչ ամբողջական տվյալներ, ապա կուսակցությանը տրամադրում է նվազագույնը 10-օրյա, առավելագույնը՝ 30-օրյա ժամկետ՝ դրանց վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու և տվյալները շտկելու նպատակով:
3. Հաշվետվության հավաստիությունն ստուգելու նպատակով Հանձնաժողովի պահանջի դեպքում կուսակցությունը պարտավոր է հինգ օրվա ընթացքում տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն՝ կուսակցության բանկային մուտքերի և ելքերի վերաբերյալ, ներկայացնել հաշվապահական հաշվառման և ներկայացրած հաշվետվության հավաստիությունն ստուգելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր, ներառյալ՝ բանկային ավանդի, վարկային, գույքի առուվաճառքի, վարձակալության պայմանագրերը:
4. Հաշվետվության ստուգման ընթացքում Հանձնաժողովն իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից պահանջելու և ստանալու (այդ թվում՝ էլեկտրոնային հարցման եղանակով) կուսակցության հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կապված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկություններ, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև վարկային բյուրոյից վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն:
5. Հաշվետվության ստուգման նպատակով Հանձնաժողովն իրավասու է բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին ծանոթանալու նպատակով Կենտրոնական բանկին ուղղված հարցման միջոցով պահանջելու և ստանալու հաշվետվություն ներկայացնելու պարտականություն ունեցող կուսակցության հաշիվների առկայության, հաշվի համախառն մուտքի և համախառն ելքի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, ինչպես նաև բանկային պահատուփերի առկայության վերաբերյալ տվյալներ` հարցման մեջ նշելով կուսակցության տվյալները, վերաբերելի ժամանակահատվածը կամ ամսաթիվը: Սույն մասում նշված տեղեկությունների փոխանցման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի և հանձնաժողովի համատեղ իրավական ակտով:
6. Բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալուց հետո Հանձնաժողովն իրավասու է կուսակցությունից պահանջելու ներկայացնել լրացուցիչ նյութեր։
7. «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով նախատեսված պետական նպատակային ֆինանսավորման միջոցների օգտագործումն ստուգելիս Հանձնաժողովը կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմի և տարածքային ստորաբաժանումների վերաբերյալ տեղեկատվությունը ստանում է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից։
8. Հանձնաժողովը կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման արդյունքում իրականացնում է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 10-13-րդ մասերով նախատեսված լիազորությունները։
9. Կուսակցության կողմից Հանձնաժողովի սահմանած ժամկետում հաշվետվության համապատասխանությունը «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով սահմանված պահանջներին չհիմնավորվելու և հաշվետվության ստուգման արդյունքում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի պահանջների խախտումներ հայտնաբերվելու դեպքում Հանձնաժողովը հարուցում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։
10. Առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովը գործի նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է գլխավոր դատախազություն:
11. Եթե վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի ընթացքում Հանձնաժողովը հանգում է այն հետևության, որ կատարված արարքում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ, ապա վարույթի նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում Հանձնաժողովն ուղարկում է գլխավոր դատախազություն՝ ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում։ Քրեական գործի հարուցումը մերժելու, գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումն ստանալու պահից Հանձնաժողովը հնգօրյա ժամկետում վերսկսում է կասեցված վարույթը, իսկ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռն ստանալու դեպքում նույն ժամկետում կարճում է վարույթը:
12. Գլխավոր դատախազությունը նյութերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկացնում է Հանձնաժողովին՝ կցելով համապատասխան որոշման պատճենը:
13. Այն կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգումը, որոնց հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտի, իրականացվում է սույն օրենքով սահմանված՝ աուդիտորական եզրակացությունն ստանալուց հետո։
14. Պետական ֆինանսավորում ստանալու իրավունք ունեցող կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգումն իրականացվում է աուդիտորական եզրակացությունը ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 15-ը:»։
Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 40.2-րդ հոդվածով.
«Հոդված 40.2. | Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի կազմակերպումը |
1. Հանձնաժողովը կազմակերպում է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտը։
2. Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներից և իրականացվում Հանձնաժողովի կողմից բաց մրցույթով ընտրված աուդիտորական կազմակերպությունների կողմից։
3. Աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով բաց մրցույթն անցկացվում է կուսակցության կողմից աուդիտորների ընտրության նպատակով հայտարարվող մրցույթի համար անհրաժեշտ տեղեկությունները Հանձնաժողովին տրամադրելուց հետո՝ երկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը։
4. Բաց մրցույթի արդյունքում Հանձնաժողովը յուրաքանչյուր կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտի նպատակով ընտրում է առավելագույնը երեք աուդիտորական կազմակերպությունների, որոնց միջև վերջնական ընտրությունն իրականացվում է հրապարակային վիճակահանության միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ մրցույթին մասնակցել և ընտրվել է միայն մեկ աուդիտորական կազմակերպություն։
5. Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանում է Հանձնաժողովը։ Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը պետք է հնարավորինս երաշխավորի մեկ կուսակցության հաշվետվության աուդիտի իրականացման համար մի քանի աուդիտորական կազմակերպությունների մասնակցության հնարավորությունը՝ ապահովելով ընտրված աուդիտորական կազմակերպությունների միջև հրապարակային վիճակահանությունը:»։
Հոդված 7. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։
2. Սույն օրենքն ստորագրվելուց և հրապարակվելուց հետո՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով ստեղծվում է առանձին կառուցվածքային ստորաբաժանում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով։
3․ Սույն օրենքն ստորագրվելուց և հրապարակվելուց հետո՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանում է կուսակցության ղեկավար մարմնի անդամների կողմից ներկայացվող՝ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի, պաշտոնը ստանձնելու և դադարեցնելու հայտարարագրերի ձևանմուշները։
4. Սույն օրենքն ստորագրվելուց և հրապարակվելուց հետո՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածին և սույն օրենքին համապատասխան, հաստատում է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի իրականացման նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները։
5. Սույն օրենքն ստորագրվելուց և հրապարակվելուց հետո՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանում է կուսակցությունների տարեկան հաշվետվության ձևը և դրա լրացման կարգը։
6. Սույն օրենքն ստորագրվելուց և հրապարակվելուց հետո՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսվող՝ 40.1-ին հոդվածի 4-րդ և 5-րդ մասերից բխող համապատասխան փոփոխություններ են կատարվում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման կարգը և ձևաչափը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ 2020 թվականի հունիսի 12-ի 91-Ն և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ 2020 թվականի հունիսի 12-ի 04-Ն համատեղ որոշման մեջ։
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հունվարի 18 Երևան ՀՕ-5-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2021 թվական: