ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հոկտեմբերի 27-ին
«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի 81-րդ հոդվածի 3.2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3.2. Ապահովագրական ընկերությունները պարտավոր են հետևել սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված գործարար վարվելակերպի կանոններին:
Սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված գործարար վարվելակերպի կանոնների պահանջների՝ ապահովագրական ընկերության կողմից խախտման փաստը դատարանի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի կամ առևտրային արբիտրաժի կողմից հաստատվելու դեպքում ապահովագրական ընկերությունը պարտավոր է հաճախորդին վճարել 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`
1) Ընկերությունը ձեռնարկել է հաճախորդի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ բոլոր գործողությունները և
2) փաստացի վերացրել է հաճախորդի իրավունքի խախտումը, որը հնարավոր է վերացնել, և
3) հաճախորդը իրավունքի խախտման հետևանքով փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է Ընկերությունը:
Սույն մասով սահմանված իրավունքի խախտումների վերացման անհնարինության դեպքում սույն մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված պայմանների առկայությունը բավարար է սույն մասով նախատեսված բացառության կիրառման համար:»:
Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված այն պայմանագրերից ծագած հարաբերությունների վրա, որոնց խախտումները չնայած տեղի են ունեցել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, սակայն հաճախորդի կողմից մինչև օրենքի ուժի մեջ մտնելը դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին իրավունքների խախտում հաստատելու վերաբերյալ պահանջ չի ներկայացվել։
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հոկտեմբերի 29 Երևան ՀՕ-474-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2020 թվական: