ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» 2019 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-277-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 20-րդ կետում «սույն օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ կետով հաստատված» բառերը փոխարինել «սույն օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ և 19.1-ին կետերով հաստատված» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24-րդ կետով.
«24) սույն օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ և 19.1-ին կետերով նախատեսված հիմքերով սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը կարող է ավելացվել ոչ ավելի, քան 2020 թվականի համախառն ներքին արդյունքի վերանայված (կանխատեսվող) անվանական արժեքի՝ 6,170.2 մլրդ դրամի 7.4 տոկոսի չափով:»:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ կետից հանել «ոչ ավելի, քան Կառավարության 2020 թվականի բյուջետային ուղերձում նշված 2020 թվականի համախառն ներքին արդյունքի վերանայված (կանխատեսվող) անվանական արժեքի` 6,485 մլրդ դրամի 5.0 տոկոսն» բառերը:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին կետով.
«19.1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունն ապահովելու նպատակներով փոփոխություններ կատարել սույն օրենքի N 1 և N 3 հավելվածներում, այդ թվում, բայց չսահմանափակվելով սույն օրենքով չնախատեսված լրացուցիչ մուտքեր ներգրավելու, նշված, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված եկամուտների հաշվին սույն օրենքով նախատեսված բյուջետային ծախսերը և ելքերն ավելացնելու, սույն օրենքով չնախատեսված ծրագրեր և միջոցառումներ հաստատելու, սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարն ավելացնելու եղանակներով: Ընդ որում, սույն կետով նախատեսված նպատակներով իրականացվող բյուջետային ելքերի ֆինանսավորման համար, ըստ անհրաժեշտության, դրանց ֆինանսավորմանն ուղղել առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) և պետական արժեթղթերի (այդ թվում՝ պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնետոմսերի) իրացումից ստացված միջոցների` սույն օրենքով նախատեսված բյուջետային ելքերի ֆինանսավորման համար չնախատեսված գումարները, սույն օրենքի 3-րդ հոդվածով հաստատված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների կազմում չնախատեսված, սակայն 2020 թվականի բյուջետային տարվա ընթացքում փաստացի ստացված վարկային գումարները և պետական պարտատոմսերի տեղաբաշխումից զուտ մուտքերը, ինչպես նաև 2020 թվականի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի գումարները.»:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20) սույն հոդվածի 19-րդ և 19.1-ին կետերով հաստատված ծրագրերի ու միջոցառումների իրականացման նպատակով Կառավարության որոշումների հիման վրա բյուջետային վերաբաշխումներ կատարելիս գերազանցել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանաչափերը.»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես, և տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հոկտեմբերի 7 Երևան ՀՕ-448-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2020 թվական: