ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 18-ին
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի «թեկնածուների» բառը փոխարինել «թեկնածուի» բառով․
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Խորհուրդը կազմված է Կառավարության, Ազգային ժողովի խմբակցությունների կամ Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի և Փաստաբանների պալատի նշանակած մեկական անդամներից: Խորհրդի անդամ կարող է նշանակվել սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները բավարարող անձը: Խորհրդի կազմում ընդգրկվելու համար Ազգային ժողովի նախագահը Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտից իննսուն օր առաջ, ինչպես նաև Հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, գրությամբ դիմում է Կառավարություն, Բարձրագույն դատական խորհուրդ, Ազգային ժողովի խմբակցություններ, Մարդու իրավունքների պաշտպանին և Փաստաբանների պալատ՝ նրանց կողմից Ազգային ժողովի նախագահի գրությունը ստանալու պահից՝ տասնօրյա ժամկետում մեկական անդամ նշանակելու համար: Խորհուրդը համարվում է ձևավորված սահմանված ժամկետում դրա կազմի բոլոր անդամների նշանակման օրվանից։ Սահմանված ժամկետում որևէ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) կողմից Խորհրդի անդամ չնշանակվելու դեպքում Խորհուրդը համարվում է ձևավորված նշանակված անդամների կազմով, եթե սույն մասով սահմանված կարգով նշանակվել է Խորհրդի առնվազն երեք անդամ։»․
3) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Եթե Կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը, Մարդու իրավունքների պաշտպանը կամ Փաստաբանների պալատը սահմանված ժամկետում Խորհրդում անդամ չի նշանակում, ապա նույն մարմինը (պաշտոնատար անձը) անդամ կարող է նշանակել սույն հոդվածի 5-րդ մասում նշված ժամկետի ավարտից հետո՝ տասնօրյա ժամկետում:»․
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6․1-ին մասով.
«6.1. Ազգային ժողովի խմբակցությունների կամ Ազգային ժողովի խորհրդի կողմից Խորհրդի անդամը նշանակվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով։»․
5) 8-րդ մասի «թափուր» բառը հանել, իսկ «թեկնածու առաջադրելու համար սահմանված ժամկետը լրանալուց» բառերը փոխարինել «սույն օրենքի 10.2-րդ հոդվածի 25-րդ մասով սահմանված կարգով թեկնածու առաջադրվելուց» բառերով․
6) 9-րդ մասի «յուրաքանչյուր անդամի» բառերը փոխարինել «անդամի յուրաքանչյուր պաշտոնում» բառերով, իսկ «թափուր պաշտոններ համալրելու» բառերը՝ «անդամների պաշտոններում թեկնածուներ ընտրելու» բառերով․
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով․
«10. Հանձնաժողովի նորընտիր անդամը Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնն ստանձնում է այդ պաշտոնում նշանակվելուց հետո՝ անհապաղ, իսկ Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտին նախորդող ժամանակահատվածում նշանակվելու դեպքում Հանձնաժողովի նորընտիր անդամն իր պաշտոնն ստանձնում է Հանձնաժողովի համապատասխան անդամի լիազորությունների դադարման օրը:»:
Հոդված 2. Օրենքի 10.2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ազգային ժողովի նախագահը մրցույթն Ազգային ժողովի աշխատակազմի (սույն հոդվածում այսուհետ՝ աշխատակազմ) միջոցով հայտարարում է մրցութային խորհրդի ձևավորման օրվանից հետո` 30 օրվա ընթացքում։»․
2) 24-րդ և 25-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24. Եթե մրցույթը կազմակերպվում է Հանձնաժողովի մեկից ավելի անդամների պաշտոններում թեկնածուներ ընտրելու նպատակով, ապա Խորհուրդը հարցազրույցի արդյունքների ամփոփման հիման վրա հաստատում է մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուների ցուցակը՝ դրանում ներառելով այդ պաշտոնների քանակին հավասար թվով հաղթողներ` յուրաքանչյուր պաշտոնի համար մեկ թեկնածու սկզբունքով:
25. Խորհուրդը Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածու ընտրելու վերաբերյալ իր որոշումը, իսկ սույն հոդվածի 24-րդ մասով նախատեսված դեպքում՝ թեկնածուների ցուցակը, ինչպես նաև սույն օրենքի 10-րդ հոդվածի պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմի միջոցով ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցությունները «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով՝ կոնսենսուսի հիման վրա որոշմամբ նշանակում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի` 2019 թվականի դեկտեմբերի 6-ին առաջացած թափուր պաշտոնում թեկնածու ընտրելու համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ: Եթե սահմանված ժամկետում մրցութային խորհրդի անդամ չի նշանակվում, ապա մրցութային խորհրդի անդամին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում նշանակում է Ազգային ժողովի խորհուրդը:
3. Կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը, Մարդու իրավունքների պաշտպանը և Փաստաբանների պալատը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի` 2019 թվականի դեկտեմբերի 6-ին առաջացած թափուր պաշտոնում թեկնածու ընտրելու համար ձևավորվող մրցութային խորհրդի նոր անդամ չեն նշանակում:
4. (մասն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-26-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-26-Ն)
(3-րդ հոդվածը փոփ. 19.01.21 ՀՕ-26-Ն)
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հոկտեմբերի 1 Երևան ՀՕ-440-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հոկտեմբերի 2020 թվական: