ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հուլիսի 16-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին 2011 թվականի նոյեմբերի 28-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 2-րդ կետը «գնահատել» բառից հետո լրացնել «կամ վերագնահատել» բառերով․
2) 6-րդ կետը «հայտնաբերման» բառից հետո լրացնել «, հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի պաշարների վերագնահատման» բառերով.
3) 25-րդ կետը «միջոցառումներ» բառից հետո լրացնել «՝ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված՝ հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջներին համապատասխան» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 51-րդ և 52-րդ կետերով.
«51) հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամաս՝ օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում հաշվառված հանքավայրի տարանջատ տեղամաս, որը հաշվառված է առանձին անվանմամբ և սահմանանիշերով.
52) գետաողողատային տիպի հանքավայր` գետերի ողողատային տարածք, որը պարունակում է գետի վարարումների հետևանքով կուտակված ավազի (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի) վերականգնվող պաշարներ, որոնք ստացել են երկրաբանատնտեսագիտական գնահատական:»։
Հոդված 2. Օրենսգրքի 7-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասը «կարգով» բառից հետո լրացնել «և ժամկետում» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-6.10-րդ մասերով.
«6.1. Ընդերքաբանական փորձաքննությունն իրականացնում է լիազոր մարմինը։
6.2. Օգտակար հանածոների պաշարների գնահատմանը վերաբերող նյութերի ընդերքաբանական փորձաքննությանը լիազոր մարմնի կողմից կարող են ներգրավվել փորձագետներ։
6.3. Եթե ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերը չեն համապատասխանում ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը, ապա լիազոր մարմինը նյութերն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, այդ մասին տեղեկացնում է ընդերքօգտագործողին` նշելով թերությունները: Ընդերքօգտագործողը ծանուցումն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը և 3-օրյա ժամկետում ծանուցում դիմումատուին։
6.4. Եթե ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերը չեն համապատասխանում օգտակար հանածոների պաշարների և կանխատեսումային պաշարների դասակարգմանը կամ օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգների և մեթոդական ցուցումների պահանջներին, կամ պաշարների գնահատման հաշվարկներում առկա են բացթողումներ, ապա լիազոր մարմինը դիտարկված բացթողումների մասին տեղեկացնում է դիմումատուին նյութերի լրամշակման նպատակով` սահմանելով լրամշակման համար հետևյալ ժամկետային սահմանափակումները.
1) ոչ մետաղական հանքավայրերի համար՝ մինչև 30 օր.
2) մետաղական հանքավայրերի համար՝ մինչև 120 օր։
Եթե նշված բացթողումները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը և 3-օրյա ժամկետում ծանուցում դիմումատուին։
6.5. Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող՝ սույն հոդվածի 6.3-րդ մասով սահմանված լրակազմ նյութերն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացում, լիազոր մարմինը գրավոր դիմում է բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին՝ առաջնային երկրաբանական փաստագրման նյութերի և փաստացի իրականացված աշխատանքների հետ համեմատման, ինչպես նաև դրանց արժանահավատության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:
6.6. Բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին տրամադրում է սույն հոդվածի 6.5-րդ մասով նախատեսված և իր տնօրինման տակ առկա տեղեկատվությունը: Տեղեկատվության բացակայության դեպքում 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն սկսում է ստուգման գործընթացը և լիազոր մարմնին տեղեկացնում տեղեկատվության տրամադրման ժամկետների վերաբերյալ:
6.7. Եթե բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից լիազոր մարմնին տրամադրված տեղեկատվության համաձայն` ընդերքօգտագործողի կատարած և հաշվետվությամբ ներկայացրած աշխատանքների առաջնային երկրաբանական փաստագրման նյութերն արժանահավատ չեն և չեն համապատասխանում փաստացի իրականացված աշխատանքներին, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը և եռօրյա ժամկետում ծանուցում դիմումատուին:
6.8. Փորձաքննության գործընթացը կասեցվում է մինչև դիմումատուի կողմից լիազոր մարմին նյութերի լրամշակված տարբերակը ներկայացնելը և (կամ) մինչև բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից լիազոր մարմնին տրամադրած տեղեկատվությունը ստանալու օրը:
6.9. Ընդերքաբանական փորձաքննության արդյունքներով տրվում է փորձագիտական եզրակացություն, որը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ։
6.10. Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանում է լիազոր մարմինը:».
3) 7-10-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 3. Oրենսգրքի 9-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասից հանել «մետաղական» բառը.
2) 6-րդ մասը «պարտավորությունից» բառից հետո լրացնել «՝ պահպանելով սույն օրենսգրքով սահմանված և ընդերքօգտագործման իրավունքից բխող մյուս բոլոր պարտավորությունները ժամանակին և ամբողջ ծավալով իրականացնելու պարտականությունը» բառերով:
Հոդված 4. Oրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը «տեղեկությունը» բառից հետո լրացնել «ընդերքօգտագործման իրավունքի ժամկետում» բառերով։
Հոդված 5. Oրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25-28-րդ կետերով.
«25) գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման կարգի սահմանումը.
26) ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգի սահմանումը.
27) ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի, ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման, այդ թվում՝ կենսաբանական վերականգնման ուղեցույցների հաստատումը.
28) շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգի սահմանումը:»:
Հոդված 6. Օրենսգրքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված հատուկ նշանակության սահմանային հողերում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման համար հողամասի նպատակային նշանակության փոփոխություն և հողամասի հատկացում չի պահանջվում: Վերականգնվող պաշարների արդյունահանում կարող է իրականացվել միայն սահմանային շերտի հողամասերի կառավարման լիազոր մարմնի համաձայնությամբ:»:
Հոդված 7. Օրենսգրքի 17-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24-րդ և 25-րդ կետերով.
«24) երկրաբանական ուսումնասիրության ծրագրին և օգտակար հանածոյի արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջների սահմանումը.
25) օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգների և մեթոդական ցուցումների սահմանումը:».
2) 2-րդ մասի 3-րդ կետը «իրականացումը» բառից հետո լրացնել «, համապատասխան վարչական ակտով փորձաքննական եզրակացության հաստատումը» բառերով.
3) 2-րդ մասում՝
ա․ 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների չափերի հաշվարկման, վերահաշվարկման, ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման, դրամագլխից գումարի վերադարձման վերաբերյալ որոշումների ընդունումը.»,
բ․14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14) ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգի մշակումը.»,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-14.4-րդ կետերով.
«14.1) ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի, ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման, այդ թվում՝ կենսաբանական վերականգնման ուղեցույցների մշակումը.
14.2) շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգի մշակումը.
14.3) ընդերքօգտագործման իրավունքը դադարելու դեպքում շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին նախատեսված ողջ ծավալով հատկացումներ չկատարելու դեպքում դատական կարգով հայցադիմում ներկայացնելը.
14.4) ընդերքօգտագործման իրավունքի դադարելու դեպքում օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման համար ողջ ծավալով հատկացումներ չկատարելու դեպքում դատական կարգով հայցադիմում ներկայացնելը.»։
Հոդված 8. Օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետը «կարգի» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության` հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի պաշարների վերագնահատման համար մինչև 3 տարի ժամկետով, եթե հանքավայրի պաշարները գնահատվել են երկրաբանական ուսումնասիրության համար հայցվող դիմումին նախորդող օրվանից՝ մետաղական օգտակար հանածոյի դեպքում` 5, իսկ ոչ մետաղական օգտակար հանածոյի դեպքում` 10 և ավելի տարի առաջ, և կարող է երկարաձգվել միայն սույն օրենսգրքի 42-րդ հոդվածի 2.3-րդ մասով սահմանված դեպքում.».
3) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով` սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծի համաձայն՝ 25 տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել համաձայն սույն օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված կարգի` 25 տարի ժամկետով: Մինչև 25 տարի ժամկետով թույլտվություն կարող է տրամադրվել, կամ տրամադրված թույլտվության ժամկետը երկարաձգվել միայն այն դեպքում, երբ պահանջվող ժամկետում արդյունահանվում են հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված և հաստատված ողջ հաշվեկշռային պաշարները.».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների և հանքային ջրերի արդյունահանման նպատակով` սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծի համաձայն՝ 20 տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել` համաձայն սույն օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված կարգի` 20 տարի ժամկետով: Մինչև 20 տարի ժամկետով թույլտվություն կարող է տրամադրվել, կամ տրամադրված թույլտվության ժամկետը երկարաձգվել միայն այն դեպքում, երբ պահանջվող ժամկետում արդյունահանվում են հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված և հաստատված ողջ հաշվեկշռային պաշարները:»:
Հոդված 9. Օրենսգրքի 28-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «առարկա» բառից հետո լրացնել «, եթե դրանով ապահովվում են նպատակային փոխառության (նպատակային վարկային) պայմանագրից բխող պարտավորությունները, եթե այդպիսի նպատակային փոխառության (նպատակային վարկային) պայմանագրի շրջանակներում փոխատուի (վարկատուի) կողմից դրամը (միջոցները) հանձնվում են ընդերքօգտագործող փոխառուի (վարկառուի) սեփականությանը ընդերքօգտագործման թույլտվությունով, ծրագրով կամ նախագծով, ընդերքօգտագործման պայմանագրով, լեռնահատկացման ակտով նախատեսված աշխատանքների և դրանցով ստանձնած պարտավորությունների կատարման համար օգտագործելու նպատակով» բառերով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.3-րդ մասերով.
«1.1. Ընդերքօգտագործողը լիազոր մարմին է ներկայացնում ընդերքօգտագործման իրավունքի գրավադրման համար համաձայնություն տալու մասին դիմում: Դիմումում և դրան կից ներկայացվում են`
1) իրավաբանական անձի լրիվ անվանումը, որին պատկանում է ընդերքօգտագործման իրավունքը.
2) իրական սեփականատերերի վերաբերյալ քաղվածքը՝ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի կամ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունքի կամ երկրաբանական համաձայնության դեպքում.
3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.
4) ընդերքօգտագործման իրավունքի գրավի նախնական պայմանագիրը և նպատակային փոխառության (նպատակային վարկային) նախնական պայմանագիրը, որոնցից բխող՝ ընդերքօգտագործողի պարտավորությունների ապահովմանն է ուղղված ընդերքօգտագործման իրավունքի գրավը։ Նշված նախնական պայմանագրերում պետք է արտացոլված լինեն այն աշխատանքները և պարտավորությունները, որոնց կատարման համար տրամադրվում է նպատակային փոխառությունը (նպատակային վարկը)։
1.2. Դիմումին կցվող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենով:
1.3. Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, որոշում է ընդունում ընդերքօգտագործման իրավունքի գրավադրման համար համաձայնություն տալու կամ համաձայնություն տալը մերժելու մասին:».
3) 2-րդ մասի «լիազոր մարմնին գրավոր տեղեկացնելուց» բառերը փոխարինել «լիազոր մարմնի համաձայնությունն ստանալուց» բառերով, և նույն մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանագրերում արգելվում է փոփոխություններ կատարել առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցման։».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Առանց լիազոր մարմնի համաձայնության կնքված կամ փոփոխված՝ ընդերքօգտագործողի և գրավառուի միջև գրավի պայմանագիրն առ ոչինչ է։».
5) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ընդերքօգտագործման իրավունքը սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն գրավադրած ընդերքօգտագործողը պարտավորվում է մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը լիազոր մարմին ներկայացնել տարեկան հաշվետվություն, որը ներառում է`
1) իրավաբանական անձի լրիվ անվանումը, որին պատկանում է ընդերքօգտագործման իրավունքը.
2) մանրամասն տեղեկատվություն հաշվետու ժամանակահատվածում ընդերքօգտագործման թույլտվությունով, ծրագրով կամ նախագծով, ընդերքօգտագործման պայմանագրով, լեռնահատկացման ակտով նախատեսված աշխատանքների և դրանցով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, որոնց իրականացման նպատակով ներգրավվել է նպատակային փոխառությունը (նպատակային վարկը), և որից բխող պարտավորությունների ապահովման նպատակով գրավադրվել է ընդերքօգտագործման իրավունքը.
3) սույն հոդվածի 1-ին մասով ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված և կատարված ծախսերը հավաստող փաստաթղթեր.
4) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ունեցող ընդերքօգտագործողների դեպքում` հաշվետվությամբ ներկայացված ծախսերն այդ ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հետ համադրող` «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի իմաստով աուդիտորական կազմակերպություն համարվող ընկերության պատրաստած հաշվետվություն, որը հնարավորություն է տալիս նույնականացնել յուրաքանչյուր ծախսային տարրը այն հիմնավորող փաստաթղթի հետ։».
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.
«4. Տարեկան հաշվետվությանը կցվող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենով։
5. Ընդերքօգտագործման իրավունքի գրավադրման համար համաձայնություն տալու մասին դիմումը մերժվում է, եթե`
1) դիմումատուն ունի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող ժամկետանց հարկային և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ պարտադիր վճարների գծով չմարված պարտավորություններ.
2) Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված պայմանները չբավարարելու դեպքում։»։
Հոդված 10. Oրենսգրքի 30-րդ հոդվածում`
1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման կամ կասեցման վերաբերյալ կայացված վարչական ակտը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ օրենքով սահմանված ժամկետներում:».
2) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-8-րդ կետերով.
«6) սույն օրենքի 28-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով կնքված ընդերքօգտագործման իրավունքի գրավով ապահովված նպատակային փոխառության (նպատակային վարկային) պայմանագրի շրջանակներում ընդերքօգտագործողին հանձնված դրամը ծախսվել է ոչ նպատակային, կամ ընդերքօգտագործողը չի ներկայացրել սույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տարեկան հաշվետվությունը.
7) սույն օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 25-րդ կետի պահանջով իրականացվող մշտադիտարկումների արդյունքներով գետի հունի վիճակի և կայունության փոփոխություններ հայտնաբերելու դեպքում անհապաղ չեն դադարեցվել հանքավայրի շահագործման աշխատանքները.
8) բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ստուգմամբ արձանագրված իրավախախտման վերացման համար տրված հանձնարարականի չկատարման վերաբերյալ ակտն ուժի մեջ է մտել, և ներկայացվել է ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին միջնորդագիր։»:
Հոդված 11. Օրենսգրքի 33-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «ներկայացվում են» բառերից հետո լրացնել «(թղթային և էլեկտրոնային տարբերակներով)» բառերով.
2) 2-րդ մասի 5-րդ կետը «2-րդ մասին» բառերից հետո լրացնել «և լիազոր մարմնի սահմանած՝ ուսումնասիրության ծրագրին ներկայացվող նվազագույն պահանջներին» բառերով:
Հոդված 12. Oրենսգրքի 38-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «ներկայացվում են» բառերից հետո լրացնել «(թղթային և էլեկտրոնային տարբերակներով)» բառերով.
2) 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը՝ սույն օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասին և լիազոր մարմնի սահմանած՝ ուսումնասիրության ծրագրին ներկայացվող նվազագույն պահանջներին համապատասխան.»:
Հոդված 13. Oրենսգրքի 40-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10) ընդերքի այն տեղամասը կամ դրա մի մասը, որի համար դիմումատուն դիմել է, ընդերքօգտագործման իրավունքը դադարեցված օբյեկտ է, և իրավունքի դադարեցման մասին վարչական ակտը բողոքարկվել է դատական կարգով, և առկա չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը։»։
Հոդված 14. Oրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10) ընդերքօգտագործողի կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացումների և դրանց վճարման ժամանակացույցի մասին տվյալները:»։
Հոդված 15. Oրենսգրքի 42-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ և 2.3-րդ մասերով.
«2.2. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը տրամադրվում է հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի պաշարների վերագնահատման համար՝ 3 տարի ժամկետով և առանց երկարաձգման հնարավորության, բացառությամբ սույն հոդվածի 2.3-րդ մասի, եթե հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի պաշարները գնահատվել են երկրաբանական ուսումնասիրության թույլտվության համար հայցվող դիմումին նախորդող օրվանից` մետաղական օգտակար հանածոյի դեպքում` 5, իսկ ոչ մետաղական օգտակար հանածոյի դեպքում` 10 և ավելի տարի առաջ:
2.3. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի պաշարների վերագնահատման թույլտվության գործողության ժամկետն օգտակար հանածոյի հանքավայրի պաշարների վերագնահատման հաշվետվության հաստատումից հետո՝ 20 օրվա ընթացքում, ուսումնասիրության թույլտվություն կրողի ներկայացրած դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել ևս մեկ տարով` արդյունահանման նախագիծը կազմելու համար:».
2) 3-րդ մասը «խախտմամբ» բառից հետո լրացնել «, կամ ընդերքօգտագործողը չի կատարել երկրաբանական ուսումնասիրության ծրագրով՝ թույլտվության ժամկետի երկարաձգման համար ներկայացված դիմումի պահին նախատեսված յուրաքանչյուր աշխատանքի առնվազն 70 տոկոսը, ինչպես նաև չի կատարել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին՝ դիմումի ներկայացման օրվա դրությամբ նախատեսված ծավալով հատկացումները» բառերով.
3) 5-րդ մասում՝
ա․«նշվեն» բառից հետո լրացնել «և ներկայացվեն թղթային և էլեկտրոնային տարբերակներով» բառերով,
բ․ 3-րդ կետից հանել «կամ նախագծով» բառերը:
Հոդված 16. Oրենսգրքի 43-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «ծրագիրը» բառից հետո լրացնել «թղթային և էլեկտրոնային տարբերակներով» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Լիազոր մարմինը մերժում է ընդերքի տեղամասի ընդլայնման վերաբերյալ ներկայացված դիմումը, եթե ընդերքօգտագործողը չի կատարել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին՝ դիմումի ներկայացման օրվա դրությամբ նախատեսված հատկացումները։».
3) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 17. Oրենսգրքի 44-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 18. Oրենսգրքի 45-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «3» թիվը փոխարինել «վեց» բառով.
2) 2-րդ մասը «ներկայացվում են» բառերից հետո լրացնել «(թղթային և էլեկտրոնային տարբերակներով)» բառերով.
3) 3-րդ մասում՝
ա․ «Դիմումին կցվում են» բառերից հետո լրացնել «նաև» բառով,
բ․ 2-րդ կետը «ծրագիրը» բառից հետո լրացնել «և կից փաստաթղթերը» բառերով.
4) 5-րդ մասի՝
ա․ 1-ին կետի «2-րդ մասի 3-րդ կետով» բառերը փոխարինել «2-րդ և 3-րդ մասերով» բառերով,
բ․ 2-րդ կետի «կամ շահագործվել որպես ողջամիտ և համալիր» բառերը փոխարինել «, կամ չեն կատարվել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին նախատեսված ողջ ծավալով հատկացումները» բառերով.
5) 6-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) եթե հավաստագիրը վերաբերում է երկրաբանական ուսումնասիրության թույլտվության օբյեկտ համարվող ընդերքի տեղամասի մի մասին, ապա ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-4-րդ, 6-րդ, 7-րդ մասերը և 41-րդ հոդվածը։»։
Հոդված 19. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9) պաշարների վերագնահատման հաշվետվությունը ներկայացնել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 9 ամիս առաջ:»:
Հոդված 20. Օրենսգրքի 48.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «մինչև 30-օրյա» բառերը փոխարինել «30 աշխատանքային օրվա» բառերով։
Հոդված 21. Օրենսգրքի 49-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Իրավաբանական անձը (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունը) օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու նպատակով կարող է դիմել լիազոր մարմին այն հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի համար, որտեղ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ մետաղական օգտակար հանածոյի դեպքում՝ նախորդող 5, իսկ ոչ մետաղական օգտակար հանածոյի դեպքում՝ նախորդող 10 տարվա ընթացքում ընդերքաբանական փորձաքննության արդյունքներով հաստատվել են օգտակար հանածոյի պաշարներ: Օգտակար հանածոյի պաշարների հաստատման ամսաթիվ է համարվում այն ամսաթիվը, որի դրությամբ կազմվել է ընդերքաբանական փորձաքննության ներկայացված և հաստատված պաշարների վերաբերյալ հաշվետվությունը:».
2) 2-րդ մասում՝
ա․«ներկայացվում են» բառերից հետո լրացնել «(թղթային և էլեկտրոնային տարբերակներով)» բառերով,
բ․ 5-րդ կետը «1-ին մասին» բառերից հետո լրացնել «և լիազոր մարմնի սահմանած՝ արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջներին» բառերով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.
«12) սահմանային հողերում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման դեպքում սահմանային շերտի հողամասերի կառավարման լիազոր մարմնի համաձայնությունը:»:
Հոդված 22. Oրենսգրքի 50-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.3-րդ կետերով.
«1.1) հանքավայրի պաշարների գնահատման համար հիմք հանդիսացած՝ օգտակար հանածոյի արդյունահանման և վերամշակման տեխնիկատնտեսական և տեխնոլոգիական հիմնարար ցուցանիշները և նախագծի համապատասխանությունն այդ ցուցանիշներին.
1.2) պինդ օգտակար հանածոյի դեպքում՝ հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված և հաստատված ողջ հաշվեկշռային պաշարների քանակը։ Եթե հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված և հաստատված ողջ հաշվեկշռային պաշարների քանակը գերազանցում է հանքավայրի տարեկան արտադրողականության 25-ապատիկը (ոչ մետաղականի դեպքում՝ 20-ապատիկը), ապա կազմվում և ներկայացվում է հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված և հաստատված ողջ հաշվեկշռային պաշարների արդյունահանման ընդհանուր պլանը՝ ըստ 25-ամյա (ոչ մետաղականի դեպքում՝ 20-ամյա) արդյունահանման փուլերի՝ մանրամասն կազմելով փորձաքննվող առաջին փուլի նախագիծը.
1.3) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում՝
ա. տարեկան մինչև 500 հազար տոննա արտադրողականության դեպքում` պարտադիր կիրառմամբ միայն պինդ պոչանքների առաջացման տեխնոլոգիան,
բ. պարտադիր կիրառմամբ ջրի փակ շրջանառու համակարգը,
գ. պոչամբար նախատեսված լինելու դեպքում՝ պոչամբարի տեղադիրքի նկարագրությունը, քարտեզագրական նյութերը և կառուցման եղանակի հակիրճ նկարագրությունը՝ բացառելով վերընթաց եղանակով պոչամբարի կառուցումը.».
2) 1-ին մասի 3-րդ կետը «հաշվարկը» բառից հետո լրացնել «, տարեկան առավելագույն արտադրողականության չափը» բառերով:
Հոդված 23. Oրենսգրքի 51-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 40-օրյա ժամկետում, լիազոր մարմինը հանքի փակման ծրագիրը, ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը և համապատասխան ֆինանսական երաշխիքը, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանը և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը՝ կից փաստաթղթերով, ներկայացնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:».
2) 11-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10) ընդերքի այն տեղամասը կամ դրա մի մասը, որի համար դիմումատուն դիմել է, ընդերքօգտագործման իրավունքի դադարեցված օբյեկտ է, և տվյալ իրավունքի դադարեցման մասին վարչական ակտը բողոքարկվել է դատական կարգով, և առկա չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը։»։
Հոդված 24. Oրենսգրքի 54-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) դրույթներ` ընդերքն օգտագործելիս կատարվող վճարների հաշվարկման և վճարումների վերաբերյալ, այդ թվում՝ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին և օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման համար մշտադիտարկումների իրականացման հատկացումների վճարումների ժամանակացույցի վերաբերյալ.»:
Հոդված 25. Oրենսգրքի 55-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը տրվում է սույն օրենսգրքի 27-րդ հոդվածով սահմանված ժամկետներով:».
2) 2-րդ մասի «վեց ամիս» բառերը փոխարինել «երկու տարի» բառերով, և նույն մասից հանել «ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ» բառերը.
3) 3-րդ մասում՝
ա․«Դիմումում նշվում են» բառերը փոխարինել «Դիմումում նշվում և դրան կից ներկայացվում են (թղթային և էլեկտրոնային տարբերակներով)» բառերով,
բ. 5-րդ կետը «նախագիծը» բառից հետո լրացնել «՝ սույն օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասին և լիազոր մարմնի սահմանած՝ արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջներին համապատասխան» բառերով,
գ․լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման փոփոխված պլանները, հանքի փակման փոփոխված ծրագիրը:».
4) լրացնել հետևյալ բովանադակությամբ 5.2-րդ մասով.
«5.2. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը չի երկարաձգվում, եթե ընդերքօգտագործողը՝
1) ընդերքօգտագործման իրավունքի տրման օրվանից մինչև ժամկետի երկարաձգման դիմումի ներկայացման օրն ընկած ժամանակահատվածում չի արդյունահանել թույլտվությամբ տրամադրված օգտակար հանածոյի պաշարների առնվազն 70 տոկոսը.
2) չի կատարել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին՝ դիմումի ներկայացման օրվա դրությամբ նախատեսված հատկացումները.
3) չի կատարել դիմումի ներկայացման օրվա դրությամբ օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, հանքավայրի շահագործման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի, դրանց հարակից համայնքների անվտանգության և բնակչության առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման համար նախատեսված ծավալով հատկացումները:»:
Հոդված 26. Oրենսգրքի 56-րդ հոդվածում`
1) 2-րդ մասում՝
ա. «ներկայացվում են» բառերից հետո լրացնել « (թղթային և էլեկտրոնային տարբերակներով)» բառերով,
բ․ 2-րդ կետը «նախագիծը» բառից հետո լրացնել «՝ սույն օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասին և լիազոր մարմնի սահմանած՝ արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջներին համապատասխան» բառերով,
գ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման փոփոխված պլանները, հանքի փակման փոփոխված ծրագիրը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասը չի կարող ընդլայնվել, եթե՝
1) ընդերքօգտագործման իրավունքի տրման օրվանից մինչև ընդերքի տրամադրված տեղամասի ընդլայնման վերաբերյալ դիմումի ներկայացման օրն ընկած ժամանակահատվածում ընդերքօգտագործողը չի արդյունահանել թույլտվությամբ տրամադրված օգտակար հանածոյի պաշարների առնվազն 70 տոկոսը․
2) չի կատարել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին՝ դիմումի ներկայացման օրվա դրությամբ նախատեսված ծավալով հատկացումները.
3) չի կատարել դիմումի ներկայացման օրվա դրությամբ օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, հանքավայրի շահագործման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի, դրանց հարակից համայնքների անվտանգության և բնակչության առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման համար նախատեսված ծավալով հատկացումները:»:
Հոդված 27. Oրենսգրքի 58-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «3» թիվը փոխարինել «9» թվով.
2) 2-րդ մասում՝
ա․ «ներկայացվում են» բառերից հետո լրացնել «(թղթային և էլեկտրոնային տարբերակներով)» բառերով,
բ․ 5-րդ կետը «նշված» բառից առաջ լրացնել «սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 3-րդ կետի «բ» ենթակետով» բառերով.
3) 3-րդ մասը «հրաժարվելու» բառից հետո լրացնել «դեպքում ընդերքի տեղամասից հրաժարման» բառերով, «կցվում է» բառերը փոխարինել «կցվում են նաև» բառերով, իսկ «նախագիծը» բառից հետո լրացնել «՝ սույն օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասին և լիազոր մարմնի կողմից սահմանված՝ արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջներին համապատասխան, և 49-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-11-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Ընդերքի տեղամասից հրաժարման նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 20-օրյա ժամկետում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված՝ հանքի փակման ծրագիրը կամ փոփոխված նախագիծը, և ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-7-րդ և 9-րդ մասերով սահմանված կանոնները։».
5) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Փորձաքննական դրական եզրակացություններն ստանալուց հետո լիազոր մարմինը 25-օրյա ժամկետում որոշում է ընդունում հրաժարման նախնական հավաստագիր տրամադրելու վերաբերյալ, որը ներառում է օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից հրաժարման պայմանները, փորձաքննության եզրակացության պահանջները և դրանց իրականացման հավաստիության ապահովման պայմանները։».
6) 5-րդ մասում՝
ա․ «հրաժարման» բառից հետո լրացնել « նախնական» բառով,
բ․ 1-ին կետի «2-րդ մասով» բառերը փոխարինել «2-րդ և 3-րդ մասերով» բառերով,
գ․ 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) եթե ընդերքօգտագործողը չի կատարել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին նախատեսված ողջ ծավալով հատկացումները.»,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 4-րդ կետերով.
«2.1) ընդերքօգտագործողը չի կատարել օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, հանքավայրի շահագործման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի, դրանց հարակից համայնքների անվտանգության և բնակչության առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման համար նախատեսված ողջ ծավալով հատկացումները.».
«4) փոփոխված նախագծի կամ հանքի փակման ծրագրի վերաբերյալ տրվել է բացասական փորձագիտական եզրակացություն:»,
ե. 3-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը.
7) 6-8-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ընդերքօգտագործողի կողմից սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հրաժարման նախնական հավաստագրով սահմանված պայմանների և պահանջների իրականացումը հավաստող փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում, լիազոր մարմինը որոշում է կայացնում հրաժարման հավաստագիր տրամադրելու վերաբերյալ և եռօրյա ժամկետում պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է ընդերքօգտագործողին։ Հրաժարման հավաստագիրն ուժի մեջ է մտնում լիազոր մարմնի կողմից որոշում ընդունելու օրվան հաջորդող տասներորդ օրը։
7. Եթե հավաստագիրը վերաբերում է օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի տեղամասի մի մասին, ապա սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված որոշման ընդունումից հետո՝ 10-օրյա ժամկետում, այդ մասին ծանուցվում է դիմումատուն: Լիազոր մարմնից ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի համապատասխան վերաձևակերպումներն իր կողմից վավերացնելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետում դիմումատուի չներկայանալու դեպքում հրաժարման հավաստագիրը համարվում է ուժը կորցրած:
8. Եթե հավաստագիրը վերաբերում է օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքին ամբողջությամբ, ապա սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված որոշման ընդունումից հետո լիազոր մարմինն ընդունում է նաև իրավունքի դադարեցման մասին որոշում և այդ մասին 10-օրյա ժամկետում ծանուցում դիմումատուին։»։
Հոդված 28. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 58.1-ին հոդվածով.
«Հոդված 58.1. |
Հանքի փակման ծրագիր ներկայացնելը |
1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձն օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության գործողության ժամկետի ավարտից երկու տարի առաջ դիմում է լիազոր մարմին՝ հանքի փակման ծրագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննության ենթարկելու համար։
2. Դիմումին կից ներկայացվում են (թղթային և էլեկտրոնային տարբերակներով)`
1) հանքի փակման ծրագիրը, որում ներառվում են`
ա. ենթակառուցվածքների, մեքենաների, սարքավորումների և շինությունների ապամոնտաժումը,
բ. օգտակար հանածոյի արդյունահանման հետևանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի ծրագիրը, ներառյալ` հանքի գոյության ընթացքում կատարված ռեկուլտիվացման աշխատանքները,
գ. աշխատուժի սոցիալական մեղմացման ծրագիրը, որը ներառում է հանքի փակումից հետո աշխատատեղերի ստեղծման, մասնագիտական վերաորակավորման և ուսուցման դրույթներ,
դ. օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, հանքավայրի շահագործման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի, դրանց հարակից համայնքների անվտանգության և բնակչության առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագիրը.
2) հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները.
3) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետում նշված աշխատանքների կատարումը հավաստող փաստաթղթերը.
4) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում` իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ:
3. Հանքի փակման ծրագրի ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-7-րդ և 9-րդ մասերով սահմանված կանոնները։
4. Փորձաքննական դրական եզրակացություններն ստանալուց հետո լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում որոշում է ընդունում հանքը փակելու վերաբերյալ, որը ներառում է հանքի փակման պայմանները, փորձաքննության եզրակացության պահանջները և դրանց իրականացման հավաստիության ապահովման պայմանները: Եթե սույն մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն։
5. Փորձաքննական բացասական եզրակացություններն ստանալուց հետո լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում հանքի փակման ծրագիրը վերադարձնում է ընդերքօգտագործողին։ Ընդերքօգտագործողը ծանուցումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, լիազոր մարմին է ներկայացնում հանքի փակման նոր ծրագիր` սույն հոդվածով սահմանված կարգով:»։
Հոդված 29. Oրենսգրքի 59-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետը «ուսումնասիրության» բառից հետո լրացնել « և (կամ) հանքավայրի պաշարների վերագնահատման» բառերով.
2) 3-րդ մասում՝
ա․ 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16) իրականացնել հանքի փակման ծրագիրը՝ ապահովելով նաև հանքը փակելու վերաբերյալ լիազոր մարմնի որոշման պայմանները, փորձաքննության եզրակացության պահանջները և դրանց իրականացման հավաստիության ապահովման պայմանները.»,
բ․լրացնել հետևյալ բովանդակությամբ 24-31-րդ կետերով.
«24) սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման իրավունքի դեպքում՝ արդյունահանման հետևանքով գետի հունի փոփոխությունը, հետևաբար նաև անդրսահմանային ազդեցությունը բացառելու նպատակով յուրաքանչյուր ամիս տոպոգրաֆիական հանույթային աշխատանքների կատարման միջոցով իրականացնել գետի հունի վիճակի ու կայունության մշտադիտարկումներ.
25) սույն հոդվածի 3-րդ մասի 24-րդ կետի պահանջով իրականացվող մշտադիտարկումների արդյունքներով գետի հունի վիճակի և կայունության փոփոխություններ (այդ թվում՝ ոչ իր գործունեության հետևանքով) հայտնաբերելու դեպքում անհապաղ դադարեցնել հանքավայրի շահագործման աշխատանքները և մշտադիտարկումների արդյունքները երկօրյա ժամկետում ներկայացնել ընդերքօգտագործման բնագավառի լիազոր մարմին, արտակարգ իրավիճակների բնագավառի լիազոր մարմին, շրջակա միջավայրի պահպանության բնագավառի լիազոր մարմին և բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին.
26) սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանումն իրականացնել միայն օրվա լուսավոր ժամերին.
27) իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներին զուգընթաց հանքավայրի լրահետախուզման և շահագործական հետախուզման աշխատանքներ.
28) առնվազն 10 տարի պահպանել օգտակար հանածոյի արդյունահանման, լրահետախուզման և շահագործական հետախուզման աշխատանքների ընթացքում, ինչպես նաև խտանյութից կամ ձուլվածքից օգտակար հանածոյի որակի և քանակի և այլ հատկությունների որոշման նպատակով վերցված բոլոր փորձանմուշները.
29) օգտակար հանածոյի արդյունահանման և շահագործական հետախուզման աշխատանքների ընթացքում օգտակար հանածոյի որակի, իսկ լրահետախուզման կամ խտանյութից կամ ձուլվածքից օգտակար հանածոյի որակի, քանակի և այլ հատկությունների տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով վերցված փորձանմուշները հսկողական անալիզի ենթարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում, կարգով և ժամկետներում.
30) օգտակար հանածոյի հաշվեկշռային պաշարների մարման հաշվարկն իրականացնել ընդերքաբանական փորձաքննության ներկայացված և լիազոր մարմնի հաստատած հաշվետվության մեջ ամրագրված հաշվարկման մեթոդին համապատասխան.
31) լեռնահատկացման սահմաններում չշահագործվող բոլոր ստորգետնյա լեռնային փորվածքների մուտքերն առնվազն մեկ մետր հաստությամբ բետոնապատել։».
3) 4-րդ մասի «հինգ» բառը փոխարինել «տասը» բառով:
Հոդված 30. Օրենսգրքի 69-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ընդերքօգտագործողների կողմից սահմանված չափով կատարվող հատկացումների հաշվին ստեղծվում է շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխ: Ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին վճարվող գումարների մեջ չեն ներառվում ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների ռեկուլտիվացիոն գումարները: Դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգը սահմանում է կառավարությունը։».
2) 3-րդ մասի 1-3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) ընդերքօգտագործողի կողմից իրականացվող՝ նախագծով կամ ծրագրերով ստանձնած ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման նպատակով.
2) ընդերքօգտագործողի կողմից նախագծով կամ ծրագրով ստանձնած, բայց իր կողմից չիրականացրած ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման նպատակով.
3) տվյալ ընդերքօգտագործողի գործունեության հետևանքով փաստացի խախտված հողերի վերականգնման նպատակով:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Եթե օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն իրականացրած ընդերքօգտագործողը ցանկանում է ուսումնասիրության տեղամասում կամ դրա մի մասում իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանում, ապա արդյունահանման համար հայցվող տեղամասում երկրաբանական ուսումնասիրության հետևանքով խախտված հողերի վերականգնմանը համարժեք գումարը մնում է ընդերքօգտագործողի՝ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հաշվեհամարում՝ վերահաշվարկի պայմանով:».
4) 4-րդ մասի «Բնապահպանական» բառը փոխարինել «Ռեկուլտիվացիոն» բառով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Ընդերքօգտագործման իրավունքը դադարած տնտեսավարողի կողմից նախագծով կամ ծրագրով կամ ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված ռեկուլտիվացիոն աշխատանքները կամ շրջակա միջավայրի դրամագլխին կամ օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, հանքավայրի շահագործման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի, դրանց հարակից համայնքների անվտանգության և բնակչության առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման համար նախատեսված ողջ ծավալով վճարումները չկատարելու դեպքում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը կարող է դիմել դատարան՝ դատական կարգով չվճարված գումարները բռնագանձելու համար։»։
Հոդված 31. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) ընդերքաբանական փորձաքննության ներկայացված օգտակար հանածոների պաշարների գնահատմանը կամ վերագնահատմանը վերաբերող նյութերում ներառված առաջնային երկրաբանական փաստագրման, դրանք փաստացի իրականացված աշխատանքների հետ համեմատման և արժանահավատության ապահովումը։»:
Հոդված 32.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո`
1) Կառավարությունը հաստատում է՝
ա. շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգը՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում,
բ. ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգը՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում,
գ. ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի, ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման, այդ թվում՝ կենսաբանական վերականգնման ուղեցույցները՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում.
2) լիազոր մարմինը հաստատում է`
ա. երկրաբանական ուսումնասիրության ծրագրին և օգտակար հանածոների արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջները՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում,
բ. օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգները և մեթոդական ցուցումները՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում:
3. Օգտակար հանածո արդյունահանող ընդերքօգտագործողների հետ կնքված ընդերքօգտագործման պայմանագրերը հրապարակվում են մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը։
4. Սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված փոփոխությունները չեն տարածվում այն ընդերքօգտագործողների նկատմամբ, որոնց ընդերքօգտագործման իրավունքի ժամկետն ավարտվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում։
5. Սույն օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասով լրացվող՝ Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 24-րդ կետն ուժի մեջ է մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում։
6. Ընդերքօգտագործման իրավունք ունեցողները սույն օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով լրացվող 31-րդ կետի կիրարկումն ապահովում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
7. Այն հանքավայրերի կամ հանքավայրերի աշխարհագրորեն առանձնացված տեղամասերի դեպքում, որոնց մի մասը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ծանրաբեռնված է ընդերքօգտագործման իրավունքով, ընդերքօգտագործման նոր իրավունքի տրամադրում կամ տրամադրված տեղամասի ընդլայնում կարող է տեղի ունենալ միայն մնացորդային ամբողջ հաշվեկշռային պաշարներով:
8. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընդերքօգտագործողների դեպքում սույն օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասով և 26-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված թույլտվությամբ տրամադրված օգտակար հանածոյի պաշարների առնվազն 70 տոկոսի պահանջը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից լիազոր մարմին ներկայացված՝ ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման դիմումների նկատմամբ: Այդ դեպքում օգտակար հանածոյի պաշարների առնվազն 70 տոկոսի պահանջը հաշվարկվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դիմումը ներկայացնելու օրն ընկած ժամանակահատվածի համար:
9. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընդերքօգտագործողների դեպքում սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված թույլտվությամբ տրամադրված երկրաբանական ուսումնասիրության ծրագրով նախատեսված յուրաքանչյուր աշխատանքի առնվազն 70 տոկոսի պահանջը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից լիազոր մարմին ներկայացված՝ ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման դիմումների նկատմամբ: Այդ դեպքում երկրաբանական ուսումնասիրության ծրագրով նախատեսված յուրաքանչյուր աշխատանքի առնվազն 70 տոկոսի պահանջը հաշվարկվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դիմումը ներկայացնելու օրն ընկած ժամանակահատվածի համար:
10. Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետի երկարաձգման դեպքում ոչ ուշ, քան 6 ամիս առաջ երկարաձգման դիմումի ներկայացման ժամկետի պահպանման պահանջը մնում է անփոփոխ այն ընդերքօգտագործողների համար, որոնց իրավունքի ժամկետն ավարտվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում։
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. օգոստոսի 5 Երևան ՀՕ-397-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2020 թվական: