Գլխավոր տեղեկություն
Номер
N 790-Ն
Տիպ
Հրաման
Тип
Հիմնական ակտ (13.10.2005-19.05.2021)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.10.03/25(202) Հոդ.350
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
30.08.2005
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
30.08.2005
Дата вступления в силу
13.10.2005

«Գրանցված Է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 սեպտեմբերի 2005 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10005384

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

30 օգոստոսի 2005 թ.
ք. Երևան

N 790-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 «ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ (ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ) ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԿԻՐԱՌՄԱՆ ԵՎ ՎԱՃԱՌՔԻ» ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից` թունաքիմիկատների (պեստիցիդների) պահպանմանը, փոխադրմանը, կիրառմանը և վաճառքին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Թունաքիմիկատների (պեստիցիդների) պահպանման, փոխադրման, կիրառման և վաճառքի» սանիտարական կանոնները և նորմերը (կցվում է):

2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների ղեկավարներին սահմանել հսկողություն «Թունաքիմիկատների (պեստիցիդների) պահպանման, փոխադրման, կիրառման և վաճառքի» սանիտարական կանոնների և նորմերի կատարման նկատմամբ:

 

Նախարար

Ն. Դավիդյան

 

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2005 թ. օգոստոսի 30
-ի
N 790-Ն հրամանով

 

Ս Ա Ն Ի Տ Ա Ր Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր  ԵՎ  Ն Ո Ր Մ Ե Ր

 

ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ (ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ) ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԿԻՐԱՌՄԱՆ ԵՎ ՎԱՃԱՌՔԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1.1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` Կանոններ) սահմանում են թունաքիմիկատների (պեստիցիդների) պահպանմանը, փոխադրմանը, կիրառմանը և վաճառքին ներկայացվող հիգիենիկ պահանջները և կիրառվում են թունաքիմիկատների (պեստիցիդների) պահպանման, կիրառման, փոխադրման և վաճառքի նպատակով շինությունների, փոխադրամիջոցների, սարքավորումների նախագծման, կառուցման, վերակառուցման և շահագործման ժամանակ:

1.2. Սույն Կանոնները պարտադիր են բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար` անկախ սեփականության ձևից:

1.3. ՀՀ տարածքում թույլատրվում է օգտագործել միայն ՀՀ Օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած թունաքիմիկատները (պեստիցիդները):

1.4. Սույն Կանոնների կատարման հսկողությունն իրականացվում է ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության մարմինների կողմից:

 

2. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

2.1. Թունաքիմիկատներ (պեստիցիդներ) - քիմիական, կենսաբանական միջոցների և պատրաստուկների խումբ է, որն օգտագործվում է բույսերի, կենդանիների վնասատուների ու հիվանդությունների, մոլախոտային բուսականության և պահեստային վնասատուների դեմ պայքարի նպատակով:

Թունաքիմիկատները (պեստիցիդները) ըստ օգտագործման նպատակի դասակարգվում են.

2.1.1. հերբիցիդներ - մոլախոտային բույսերի դեմ պայքարի միջոցներ,

2.1.2. բակտերեցիդներ - ախտածին մանրէների դեմ պայքարի միջոցներ,

2.1.3. ֆունգիցիդներ - բույսերի սնկային հիվանդությունների դեմ պայքարի միջոցներ,

2.1.4. ալգիցիդներ - ջրիմուռների դեմ պայքարի միջոցներ,

2.1.5. ինսեկտիցիդներ - վնասատու միջատների դեմ պայքարի միջոցներ,

2.1.6. ռոդենտիցիդներ - կրծողների դեմ պայքարի միջոցներ,

2.1.7. ավիցիդներ - վնասակար միջատների ձվիկների և տզերի դեմ պայքարի միջոցներ,

2.1.8. դեսիկանտներ - բուսական օրգանիզմները չորացնող միջոցներ,

2.1.9. դեֆոլիանտներ - բերքահավաքից առաջ տերևների հեռացման միջոցներ,

2.1.10. աճի խթանիչներ,

2.1.11. ֆումիգանտներ - փակ տարածքների վարակազերծման միջոցներ:

 

Աղյուսակ 1

 

Թունաքիմիկատները (պեստիցիդները) ըստ վտանգավորության դասակարգվում են.

 

Դաս

 

ԼԴ50 առնետների համար (մգ/կգ)

բերանով

մաշկով

պինդ նյութեր

հեղուկներ

պինդ նյութեր

հեղուկներ

Iա չափազանց վտանգավոր

≤5

≤20

≤10

≤40

Iբ չափավոր վտանգավոր

5-50

20-200

10-100

40-400

II բավարար վտանգավոր

50-500

 200-2000

100-1000

400-4000

III քիչ վտանգավոր

≥501

≥2000

≥1001

≥4001

 

3. ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ (ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ) ՊԱՀՊԱՆՄԱՆԸ, ԿԻՐԱՌՄԱՆԸ, ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ԵՎ ՎԱՃԱՌՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

3.1. Թունաքիմիկատների (պեստիցիդների) հետ աշխատանքի դեպքում մարդու առողջությունը և շրջակա միջավայրի պահպանությունը ապահովվում է վտանգավոր և աշխատատար գործողությունների առավելագույն մեքենայացման և ավտոմատացման, պատրաստուկների կիրառման եղանակների, տեխնիկայի անվտանգության կանոնների և սույն Կանոնների պահպանման միջոցով:

3.2. Թունաքիմիկատների (պեստիցիդների) հետ տարվող աշխատանքը պետք է իրականացնել անհատական պաշտպանության համապատասխան միջոցների օգտագործմամբ, որը նշված է պատրաստուկի նորմատիվային տեխնիկական փաստաթղթում և տարայի պիտակի վրա:

3.3. Թունաքիմիկատների (պեստիցիդների) հետ տարվող աշխատավայրից անձնակազմի սննդի ընդունման և հանգստի տեղը կազմակերպվում է անվտանգ հեռավորության վրա:

3.4. Թունաքիմիկատների (պեստիցիդների) հետ աշխատանքի ժամանակ արգելվում է սնունդ ընդունել, խմել, ծխել, հանել անհատական պաշտպանիչ միջոցները: Դա թույլատրվում է հանգստի ժամանակ` ձեռքերը մանրակրկիտ լվանալուց, քթի և բերանի խոռոչները ողողելուց հետո:

3.5. Թունաքիմիկատների (պեստիցիդների) կիրառումը իրականացվում է սահմանված կարգով հաստատված չափաբաժինների համաձայն, չի թույլատրվում սահմանված չափաբաժինների և մշակումների թվի գերազանցում:

3.6. Թունաքիմիկատների (պեստիցիդների) բեռնման և բեռնաթափման, տարողությունների և փոխադրամիջոցների մաքրման, լվացման և վնասազերծման աշխատանքները անհրաժեշտ է առավելագույն ձևով մեքենայացնել:

 

4. ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ (ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ) ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ԵՎ ԲԱՑԹՈՂՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

4.1. Թունաքիմիկատների (պեստիցիդների) պահպանումը իրականացվում է միայն այդ նպատակով նախատեսված պահեստային շինություններում` ագրոքիմիական համալիրում:

4.2. Թունաքիմիկատների (պեստիցիդների) պահպանման համար նախատեսված պահեստային սենքերի սանիտարապաշտպանական գոտին պետք է համապատասխանի «Արդյունաբերական կազմակերպությունների նախագծման» ՍՆ 245-71 սանիտարական նորմերի պահանջներին: Թունաքիմիկատների (պեստիցիդների) պահպանման համար նախատեսված պահեստային սենքերի տեղադրման, շինարարության և սարքավորման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել նաև քամիների վարդի ուղղությունը:

4.3. Թունաքիմիկատների (պեստիցիդների) պահեստային շինությունները կարող են ներառել.

4.3.1. սենք` թունաքիմիկատների (պեստիցիդների) պահպանման և բացթողման,

4.3.2. սենք` մեկուսացված կամ սենքի առանձնացված բաժին, առաջին դասի վտանգավորության թունաքիմիկատների (պեստիցիդների) պահպանման և բացթողման,

4.3.3. սենք` հրդեհապայթյունավտանգ թունաքիմիկատների (պեստիցիդների) պահպանման և բացթողման,

4.3.4. սենք` ժամկետանց թունաքիմիկատների (պեստիցիդների) պահպանման,

4.3.5. սենք` (հարթակ) սերմերի ախտահանման,

4.3.6. սենք` ախտահանված սերմերի պահպանման,

4.3.7. հանգույց` լուծույթների լիցքավորման,

4.3.8. հարթակ` օգտագործվող մեքենաների, սարքավորումների և փոխադրամիջոցների պահպանման,

4.3.9. ծածկով հարթակ` դատարկ տարայի պահեստավորման,

4.3.10. հարթակ` տարայի, սարքավորումների և փոխադրամիջոցների, արտահագուստի, անհատական պաշտպանիչ միջոցների և այլնի մաքրման, վնասազերծման,

4.3.11. սենք` վնասազերծող միջոցների պահպանման,

4.3.12. սենքեր` վարչական և կենցաղային նշանակության (խմելու ջրի և սննդամթերքի պահպանման, սննդի ընդունման և հանգստի, անհատական պաշտպանիչ միջոցների տրման և հետ ընդունման, հագուստի պահպանման համար և սանիտարակենցաղային հարմարություններ),

4.3.13. ավտոկայանատեղ, արհեստանոցներ, ջրի պահուստային պաշարներով տարողություններ:

4.4. Թունաքիմիկատների (պեստիցիդների) պահեստավորումը իրականացվում է դարսակներում և դարակաշարերում: Պարկերով, մետաղական տուփերով, 5 լիտրից ոչ պակաս տարողունակությամբ տակառիկներով, ստվարաթղթե և պոլիմերային տուփերով, արկղերով, տափակաշշերով թունաքիմիկատները (պեստիցիդները) պահպանելու դեպքում դարսակների բարձրությունը թույլատրվում է միայն 3 հարկով: Դարակաշարերի օգտագործման դեպքում պահեստավորման բարձրությունը կարող է ավելացվել: Պատի և բեռի միջև նվազագույն տարածությունը պետք է լինի 0,8 մ-ից ոչ պակաս, բեռի և ծածկի միջև` 1 մ, լուսավորման աղբյուրի և բեռի միջև` 0,5 մ, հատակի և դարակաշարի միջև` 0,8 մ: Չի թույլատրվում թունաքիմիկատների (պեստիցիդների) պահպանումը կույտերով:

4.5. Թունաքիմիկատները (պեստիցիդները) պահեստ պետք է բերել գործարանային փաթեթավորմամբ: Յուրաքանչյուր փաթեթավորված միավորի վրա պետք է լինի (սոսնձված կամ անմիջականորեն ամրացված) տարայի պիտակ և կիրառման վերաբերյալ հրահանգ:

4.6. Թունաքիմիկատների (պեստիցիդների) ընդունումը, պահպանումը, հաշվառումը և բացթողումը իրականացվում է պատասխանատու անձի կողմից, որը պետք է տեղյակ լինի դրանց վտանգավորության դասի, հրդեհավտանգության, պայթյունավտանգության հատկությունների, կիրառման նշանակության և թունավորման դեպքում առաջին բուժօգնության միջոցների մասին:

4.7. Թունաքիմիկատները (պեստիցիդները) պահեստներից պետք է բաց թողնել գործարանային փաթեթավորմամբ, իսկ ոչ մեծ քանակությունների դեպքում` ազատ տարայով, որը պետք է ապահովի պատրաստուկի պահպանվածությունը: Արգելվում է թունաքիմիկատները (պեստիցիդները) բաց թողնել թղթի մեջ, կտորե պարկերով կամ սննդի համար նախատեսված ամանեղենով:

4.8. Թունաքիմիկատների (պեստիցիդների) պահպանման ժամանակ պետք է հետևել տարայի ամբողջականությանը. դրա խախտման դեպքում պատրաստուկները անմիջապես վերալցնել հատուկ տարայի մեջ:

4.9. Թունաքիմիկատների (պեստիցիդների) պահեստի մաքրումը իրականացվում է անհրաժեշտության դեպքում, բայց ոչ ուշ, քան երկու շաբաթը մեկ անգամ: 50 տոննայից ավելի տարողունակությամբ պահեստները պետք է ունենան փոշեծծիչ և լվացող սարքավորումներ:

4.10. Թունաքիմիկատների (պեստիցիդների) չեզոքացման համար պահեստները պետք է ապահովված լինեն ապաակտիվացնող միջոցների բավարար քանակությամբ` քլորակրով, կալցինացված սոդայով և այդ նպատակի համար նախատեսված այլ միջոցներով:

4.11. Արգելվում է պահեստներում առաջացած չվնասազերծված կամ անբավարար վնասազերծված կեղտաջրերի բացթողումը կոյուղու գործող համակարգ և մակերեսային ջրամբարներ:

4.12. Արգելվում է պահեստային սենքերը օգտագործել սննդամթերքի, անասնակերի, տնտեսական և կենցաղային նշանակության տարբեր առարկաների պահպանման համար: Արգելվում է թունաքիմիկատները (պեստիցիդները) բաց երկնքի տակ թողնելը:

4.13. Հեղուկ և փոշենման (հատիկավորված, փոշի) պատրաստուկները պետք է պահել առանձին (տարբեր բաժիններում):

4.14. Դյուրավառ հեղուկ թունաքիմիկատների (պեստիցիդների) տակառների ու բիդոնների պահեստավորումը իրականացվում է խցանները դեպի վեր վիճակում: Տարայի բացման համար արգելվում է օգտագործել կայծ առաջացնող գործիքներ և հարմարանքներ:

4.15. Ներհոս-արտաձիգ օդափոխանակությամբ ապահովված պահեստում աշխատանքը սկսելուց առաջ պետք է իրականացնել սենքի օդափոխում` 30 րոպե տևողությամբ, իսկ մեխանիկական օդափոխանակության բացակայության դեպքում` միջանցիկ օդափոխություն:

4.16. Անձնակազմին և այլ անձանց թույլատրվում է մնալ պահեստում միայն պատրաստուկների ընդունման, բացթողման ժամանակ և այլ կարճաժամկետ աշխատանքների դեպքում: Պահեստում կողմնակի մարդկանց ներկայությունը արգելվում է:

4.17. Պահեստները պետք է ապահովված լինեն հակահրդեհային միջոցներով (կրակմարիչ, ջրով լի տակառներ, արկղերով ավազ): Պահեստներում արգելվում է ծխելը և բաց կրակից օգտվելը:

 

5. ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ (ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ) ԿԻՐԱՌՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

5.1. Թունաքիմիկատների (պեստիցիդների) կիրառման ժամանակ յուրաքանչյուր աշխատանք պետք է իրականացնել այդ նպատակի համար նախատեսված հատուկ մեքենաների և սարքավորումների միջոցով:

5.2. Մեքենաների վրա փակցվում են հուշաթերթիկներ, հրահանգներ թունաքիմիկատների (պեստիցիդների) կիրառման ժամանակ անվտանգության միջոցառումների և թունավորումների դեպքում առաջին բուժօգնության ցույց տրման կանոնների մասին: Մեքենաները պետք է ունենան սպասարկող անձնակազմի ձեռքերի լվացման համար 5 լիտր տարողությամբ բաքերի տեղադրման հարմարություն:

5.3. Թունաքիմիկատների (պեստիցիդների) հետ կատարվող աշխատանքների վայրերում չի թույլատրվում պահել սննդամթերք, ջուր, անասնակեր և տնային գործածման առարկաներ:

5.4. Արգելվում է թունաքիմիկատները (պեստիցիդները) առանց պահպանության թողնել դաշտում և այլ տեղերում:

5.5. Թունաքիմիկատների (պեստիցիդների) հետ կատարվող բոլոր աշխատանքները կատարվում են առավոտյան և երեկոյան ժամերին, օդի համեմատաբար ցածր ջերմաստիճանի, արևի նվազ ճառագայթման և օդի նվազագույն հոսանքի պայմաններում: Ամպամած եղանակին այդ աշխատանքները կարող են կատարվել նաև ցերեկային ժամերին:

5.6. Բույսերի փոշոտումը, սրսկումը վերգետնյա սարքավորումների միջոցով, հողի մեջ հատիկավորված պատրաստուկների ներմուծումը, սերմերի բացօթյա ախտահանումը և այլ վերգետնյա աշխատանքները թույլատրվում են իրականացնել քամու ոչ ավելի, քան 4 մ/վրկ արագության պայմաններում:

 

6. ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ (ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ) ԿԻՐԱՌՈՒՄԸ ՍՐՍԿՄԱՆ ԵՎ ՓՈՇՈՏՄԱՆ ՄԵԹՈԴՈՎ

 

6.1. Թունաքիմիկատների (պեստիցիդների) ներմուծումը հողի մեջ (հատիկավորված, փոշի, լուծույթներ, խտացրած գազեր) թույլատրվում է միայն հատուկ սարքավորումների` ֆումիգատորների և ապլիկատորների միջոցով:

6.2. Թունաքիմիկատների (պեստիցիդների) բանվորական լուծույթները պատրաստվում են.

6.2.1. հատուկ լուծույթային հանգույցներում և լիցքավորման հրապարակներում,

6.2.2. անմիջապես տարողությունների մեջ (բաքերում):

Բանվորական լուծույթների պատրաստման կետերը պետք է ապահովել անհրաժեշտ միջոցներով` ջրով տարողություններ, հերմետիկ կափարիչներով բաքեր և սրսկիչների բաքերի լցարկման հարմարանքներ (պոմպեր, խառնիչներ), կշեռքներ` կշռաքարերով, օժանդակ գույք, դեղարկղ, ինչպես նաև օճառ, սրբիչ, հարմարություն ձեռքերի լվացման համար և այլն:

Լիցքավորման հրապարակները բնակելի գոտուց և խմելու ջրի ջրամատակարարման աղբյուրներից պետք է գտնվեն ոչ պակաս, քան 200 մետր հեռավորության վրա:

Լիցքավորման հրապարակներում աշխատանքային լուծույթների պատրաստումը խտացված էմուլսիաներից, մածուկներից, փոշենման պատրաստուկներից կատարվում է ագրեգատներում` մեխանիկական խառնիչների միջոցով:

6.3. Սրսկումից առաջ անհրաժեշտ է ստուգել բոլոր սարքավորումների վիճակը և կարգավորել ցրող հարմարանքի աշխատանքը բանվորական լուծույթի ծախսի նորմայի վրա` սրսկիչը ջրով լցնելու և փորձնական մշակում կատարելու միջոցով:

6.4. Թունաքիմիկատների (պեստիցիդների) լուծույթով բաքերի լցարկումը կատարվում է պոմպերի, էժեկտորների, փողրակների և այլ հարմարանքների միջոցով:

6.5. Սրսկիչները լիցքավորելուց առաջ ցրող հարմարանքի խցանումը կանխելու համար թունաքիմիկատների (պեստիցիդների) ոչ միատարր հեղուկները պետք է ֆիլտրել:

6.6. Սրսկիչները լիցքավորելու ժամանակ կանգնում են քամու հակառակ ուղղությամբ: Չի թույլատրվում պատրաստուկը թափել բաց մաշկի վրա:

6.7. Լիցքավորման հրապարակներում տեղադրվում են ջրով տարողություններ, հանգած կիր:

6.8. Մանոմետր ունեցող սրսկիչներով աշխատող անձինք պետք է հետևեն համակարգի մեջ տեխնիկական անձնագրով նախատեսված համապատասխան ճնշման պահպանմանը:

6.9. Բույսերը սրսկելիս հետևում են, որպեսզի հեղուկի փոշիացած շիթը օդի հոսանքով չուղղվի դեպի աշխատողը: Դրա համար հաշվի են առնում օդի շարժման բարենպաստ ուղղությունը և դադարեցնում են աշխատանքները` նրա փոփոխման դեպքում:

6.10. Ձեռքի սրսկիչներով բույսերը մշակելիս աշխատողները դասավորվում են տեղամասի անկյունագծով, միմյանցից ոչ պակաս, քան 5-6 մետր հեռավորության վրա և գնում քամու ուղղությամբ` դաշտի չմշակված մասով:

6.11. Արգելվում է աշխատանքները ավարտելուց հետո թունաքիմիկատների (պեստիցիդների) աշխատանքային լուծույթները թողնել առանց հսկողության:

6.12. Քաղաքային զբոսայգիներում, ծառուղիներում, փողոցներում և պողոտաներում մշակումները անցկացնում են թունաքիմիկատների (պեստիցիդների) նվազագույն ծախսի նորմայով` ապահովելով անվտանգության պահանջները:

6.13. Արգելվում է ցանկացած տեսակի թունաքիմիկատի (պեստիցիդի) կիրառումը մանկական, սպորտային դպրոցների, հասարակական սննդի կազմակերպությունների, սննդամթերքի վաճառքի, բժշկական և այլ հիմնարկների տարածքում, ինչպես նաև գետերի, լճերի և ջրամբարների ջրապահպան գոտիների սահմաններում և ջրամատակարարման աղբյուրների սանիտարապաշտպանական գոտիներում:

6.14. Բույսերի մշակումը փոշենման թունաքիմիկատներով (պեստիցիդներով) պետք է կատարել ավիացիոն և վերգետնյա սարքերի (փոշոտիչների) օգնությամբ:

6.15. Բոլոր փոշենման պատրաստուկները պետք է լինեն գործարանային արտադրության:

 

7. ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ (ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ) ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՎԻԱՑԻՈՆ ՄԵԹՈԴՈՎ

 

7.1. Ավիացիոն մեթոդով թունաքիմիկատների (պեստիցիդների) կիրառումը թույլատրվում է վերգետնյա տեխնիկայի կիրառման անհնարինության կամ կարճ ժամկետներում մեծ տարածքների մշակման անհրաժեշտության դեպքում:

Աշխատանքները իրականացվում են թռիչքի հնարավոր ցածր բարձրությամբ, որը ապահովում է մշակվող տարածքներ պատրաստուկի նպատակաուղղված տրմանը և շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելմանը:

7.2. Անտառային զանգվածների մշակումների անցկացումից առաջ ժամանակին (աշխատանքները սկսելուց ոչ պակաս, քան 10 օր) բնակիչներին տեղեկացվում է կոնկրետ պատրաստուկների կիրառման հրահանգներում նշված ժամկետներում անտառ դուրս գալու և վայրի հատապտուղներ հավաքելու արգելքի մասին:

Արգելվում է ավիացիոն քիմիական մշակումների անցկացումը բնակչության հանգստի գոտիներում, առողջապահական կազմակերպությունների, գետերի, լճերի, ջրամբարների ջրապաշտպանական գոտիների տեղադրման շրջաններում:

7.3. Արգելվում է թունաքիմիկատներով (պեստիցիդներով) ավիամշակումը բնակելի գոտուց 2 կմ-ից պակաս հեռավորության վրա գտնվող տարածքներում:

Թունաքիմիկատներով (պեստիցիդներով) ավիամշակման ժամանակ պետք է պահպանել հետևյալ հեռավորությունները.

7.3.1. ձկնաբուծական ջրամբարներից, բնակչության տնտեսական և խմելու ջրամատակարարման աղբյուրներից, անասնապահական, թռչնաբուծական ֆերմաներից, պետական արգելանոցների տարածքներից, ազգային պուրակներից` 2 կմ, մեղվափեթակների տեղադրման մշտական տեղերից` 5 կմ,

7.3.2. գյուղատնտեսական այլ աշխատանքների կատարման վայրերից, ինչպես նաև սննդի մեջ առանց ջերմային մշակման օգտագործվող գյուղատնտեսական մթերքների (սոխ, մաղադանոս, թրթնջուկ, ոլոռ, սամիթ, պոմիդոր, վարունգ, մի շարք հատապտուղներ և այլն) ցանքատարածություններից` 2 կմ:

Այդ պայմանների պահպանման անհնարինության դեպքում ավիամշակում չի թույլատրվում:

7.4. Ավիացիայի կիրառմամբ մշակումները իրականացնում են աշխատանքային բարձրության վրա` քամու 3-4 մ/վրկ-ից ոչ ավելի արագության դեպքում:

7.5. Գյուղատնտեսական ավիացիայի օդանավակայանները պետք է գտնվեն բնակելի գոտուց 3 կմ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

7.6. Գյուղատնտեսական ավիացիայի օդանավակայաններում տեղադրում են դեգազացիոն հրապարակներ` օդանավերի, գյուղատնտեսական սարքավորումների, թունաքիմիկատների (պեստիցիդների) տարաների և անհատական պաշտպանիչ միջոցների պարբերական մաքրման համար:

7.7. Բանվորական լուծույթները, հատիկավոր թունավոր գրավչանյութերը պատրաստվում են գյուղատնտեսական օդանավակայանների հատուկ սարքավորված հրապարակներում:

7.8. Նախքան ավիացիոն աշխատանքների սկսելը օդանավի հրամանատարը պարտավոր է ծանոթանալ մշակման ենթակա դաշտերի քարտեզագրին:

7.9. Մշակվող տարածքի սահմաններից 500 մետրից ոչ պակաս հեռավորության վրա տեղադրվում են նախազգուշացման նշաններ (ներառյալ մշակված անտառային զանգվածներ դուրս գալու, վայրի հատապտուղների և սնկերի հավաքման, խոտհարքի և անասունների արածեցման հնարավոր ժամկետները) և դրանք հավաքվում են միայն սահմանված կարանտինային ժամկետների ավարտվելուց հետո:

7.10. Ավիացիոն աշխատանքների ավարտից հետո օդանավերը և սարքավորումները պետք է մաքրել պատրաստուկների մնացորդներից` օդանավերի գյուղատնտեսական սարքավորումների մաքրման, լվացման և դեգազացիայի հրահանգներին համապատասխան:

7.11. Օդանավերի և սարքավորումների լվացման ընթացքում առաջացած կեղտաջրերը պետք է հավաքել հատուկ պատրաստված ընդունիչներում և ենթարկել վնասազերծման:

 

8. ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ (ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ) ԿԻՐԱՌՈՒՄԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՀՈՂԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ (ՋԵՐՄԱՏՆԵՐՈՒՄ)

 

8.1. Պաշտպանված հողի պայմաններում (ջերմատներում), թունաքիմիկատների (պեստիցիդների) կիրառումը իրականացվում է սույն Կանոններին համապատասխան:

8.2. Ջերմատներում թունաքիմիկատների (պեստիցիդների) օգտագործումը թույլատրվում է միայն բույսերի խնամքի հետ կապված բոլոր աշխատանքների ավարտից հետո:

8.3. Ջերմատների ֆումիգացումը (գազացումը), հողի թունաքիմիկատներով (պեստիցիդներով) մշակումը կատարվում է անվտանգության միջոցառումների պահպանմամբ` առանց կողմնակի անձանց ներկայության: Ֆումիգացման պետք է ենթարկել ողջ ջերմատնային համալիրը միաժամանակ: Արգելվում է ֆումիգացումը իրականացնել բերքահավաքի ժամանակ:

8.4. Աշխատանքի ղեկավարը ապահովում է կազմակերպության շուրջօրյա պահպանությունը` ֆումիգացիայի սկզբից մինչև գազազերծման ավարտը:

8.5. Բանվորական լուծույթների պատրաստումը կատարվում է լուծույթային հանգույցում տեղավորված հատուկ առանձնացված սենքում, որն ունի արտաձիգ օդափոխիչ հարմարանք, կոյուղու համակարգ և մեկուսացված մուտք (ելք):

8.6. Ֆումիգացվող կազմակերպություններին մոտ գտնվող շենքերի բնակիչները տեղեկացվում են ֆումիգացիայի ժամկետների և տեղի մասին: Արգելվում է ֆումիգացման ենթարկել այն կազմակերպությունները, որոնք գտնվում են բնակելի շենքերից 100 մետրից պակաս հեռավորության վրա:

8.7. Ջերմատների փողրակային մշակման ժամանակ աշխատանքները կատարվում են մի քանի մարդուց բաղկացած բրիգադի կողմից: Աշխատողները պետք է տեղավորվեն իրարից 10 մ հեռավորության վրա և մշակումները կատարեն տեղամասի մի ուղղությամբ: Գազացման աշխատանքները կատարվում են հակագազ հագած:

8.8. Ջերմատների մշակումից հետո ջերմատունը կողպվում կամ փակվում է բանալիով: Էքսպոզիցիայի ժամկետը պետք է համապատասխանի թունաքիմիկատի (պեստիցիդի) տեսակին և նշանակմանը: Մուտքի մոտ դրվում է. «Զգույշ, մշակված է թունաքիմիկատներով (պեստիցիդներով)» ցուցանակը:

8.9. Արգելվում է մուտքը ջերմատներ կիրառված թունաքիմիկատի (պեստիցիդի) համար հրահանգով նախատեսված ժամկետից շուտ: Արտադրական անհրաժեշտության դեպքում և վթարային իրավիճակի առաջացման ժամանակ ջերմատուն մուտք գործելը առաջին օրերի ընթացքում թույլատրվում է միայն համապատասխան անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործմամբ:

8.10. Ախտահանիչ միջոցառումների ավարտից հետո ջերմատներում աշխատանքը վերսկսվում է լիակատար գազազերծումից հետո: Օդափոխիչ սարքերի առկայության դեպքում գազազերծումը կատարվում է մեխանիկական օդափոխության մեթոդով, իսկ նրանց բացակայության դեպքում միջանցիկ օդափոխությամբ` բաց պատուհանների առկայությամբ: Արտահագուստը պետք է համալրվի լրացուցիչ գոգնոցներով և թաղանթային ծածկույթով պատված թևնոցներով, գործվածքային աստառով ռետինե ձեռնոցներով և երկարաճիտ կոշիկներով:

8.11. Ջերմատներում հողի գազացումը ամառվա ընթացքում պետք է իրականացնել բաց պատուհանների պայմաններում:

8.12. Արգելվում է նեմատոցիդների ներմուծումը հողի մեջ համապատասխան սարքավորման բացակայության ժամանակ:

8.13. Ջերմատնային շինության, փոխադրամիջոցների, տարայի, սարքավորումների և արտահագուստի մաքրման և վնասազերծման ժամանակ առաջացած դրենաժային հոսքերը և լվացման ջրերը հավաքվում են բետոնապատ տարողության մեջ, որը մշակվում է քլորակրով (500 գ, 10 լիտր կեղտաջրին):

 

9. ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐՈՎ (ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐՈՎ) ՍԵՐՄԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՈՒՄԸ, ՆՐԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՑԱՆՔԸ

 

9.1. Սերմերի կենտրոնացված ախտահանումը իրականացվում է սերմերի մշակման կազմակերպություններում: Սերմերի ախտահանման գործընթացը պետք է ամբողջապես մեքենայացնել:

9.2. Սերմերի ախտահանման, փաթեթավորման և ախտահանված սերմերի պահպանման շինությունները (ախտահանման կենտրոններ, կազմակերպություններ) անհրաժեշտ է ապահովել ներհոս-արտաձիգ օդափոխությամբ և/կամ բանվորական աշխատատեղերը` ասպիրացիոն սարքավորումներով:

9.3. Սերմերի ապակենտրոնացված ախտահանումը իրականացվում է տնտեսություններում` բացօթյա կամ հատուկ շինություններում սույն Կանոններին համապատասխան:

9.4. Սերմերի մշակման և ախտահանման արտադրությունները պետք է գտնվեն բնակելի գոտուց և ջրամատակարարման աղբյուրներից 500 մետրից ոչ պակաս հեռավորության վրա: Տնտեսություններում սերմերի ախտահանման ժամանակավորապես գործող (մինչև մեկ ամիս) կետերը տեղադրվում են հաշվի առնելով քամիների վարդը և բնակելի կետերի կառուցապատման հեռանկարային պլանները` բնակելի գոտուց, կազմակերպություններից, անասնագոմերից, թռչնանոցներից և ջրամատակարարման աղբյուրներից 300 մետրից ոչ պակաս հեռավորության վրա:

Արգելվում է սերմերի ախտահանման արտադրությունների (կետերի) տեղադրումը առողջարանների, ջրամատակարարման աղբյուրների, ինչպես նաև ձկնաբուծական ջրամբարների սանիտարապաշտպանական գոտիներում, բնական արգելանոցների տարածքներում:

9.5. Սերմերի ախտահանումից առաջ անհրաժեշտ է հաշվարկել ցանքի համար անհրաժեշտ սերմի քանակությունը:

9.6. Արգելվում է սերմերի ախտահանումը թիակով խառնելու և տակառների մեջ խառնելու միջոցով:

9.7. Սերմերի ախտահանման հրապարակը տեղադրվում է այն տարածքներում, որտեղ ստորգետնյա ջրերի մակարդակը պակաս չէ 1,5 մետրից: Հրապարակը պետք է ունենա թեքություն` անձրևաջրերի հեռացման համար, ամուր ծածկույթ (ասֆալտ, բետոն), ծածկ: Արգելվում է անձրևաջրերի հոսքը ջրային օբյեկտներ առանց նախնական վնասազերծման:

9.8. Սերմերի ախտահանման մեկուսացված կետերը անհրաժեշտ է կանաչապատել և ցանկապատել:

9.9. Սերմերի ախտահանման շինություններում պետք է նախատեսել պատերի երեսապատում գլազուրապատ սալիկներով, առաստաղի ծածկապատում` յուղաներկով, հատակի ցեմենտապատում և թեքություն` ջրի հոսքի համար:

9.10. Ախտահանված սերմերի բեռնումը կատարվում է բեռնավորման սարքավորումների ելքային բացվածքին ընդհուպ մոտեցված խիտ կտորից կարված, թունաքիմիկատների (պեստիցիդների) համար անթափանց պարկերի մեջ: Սերմերով պարկերը պետք է կարվեն մեքենայացված ձևով: Պարկերի վրա մակագրվում է «Ախտահանված է» կամ «Թունավոր է»: Ախտահանված սերմերի հատուկ տարաներում փաթեթավորման հնարավորություն չլինելու դեպքում ախտահանման կետերում (հրապարակներում) ախտահանված սերմերը բեռնավորվում են անմիջապես շարքացանի բեռնիչների մեջ: Արգելվում է ախտահանված սերմերը բեռնաթափել հատակին, արկղերի, դույլերի մեջ և այլն:

9.11. Արգելվում է տեսակավորված ախտահանված սերմերը վերալցնել այլ տարայի մեջ:

9.12. Սենքերում, որտեղ տեղադրված են ախտահանման սարքավորումներ և կատարվում է սերմերի տեսակավորում, արգելվում է կատարել այլ աշխատանքներ:

9.13. Ցանքի համար ախտահանված սերմերի բացթողումը կատարվում է միայն պատասխանատու անձի թույլտվությամբ` ախտահանված սերմերի անհրաժեշտ քանակության ճշգրիտ նշումով: Ցանքի համար չօգտագործված սերմերը վերադարձվում են պահեստ, որոնք կարող են հանձնվել այլ տնտեսությունների և օգտագործվել միայն ցանքի համար: Չիրացվելու դեպքում մինչև հաջորդ տարին սերմերը պահվում են մեկուսացված շինությունում` ապահովելով թունաքիմիկատների (պեստիցիդների) պահպանման համար սույն Կանոններով նախատեսված անվտանգության կանոնները:

9.14. Ախտահանված սերմերը պետք է պահպանել ամուր կտորից կարված պարկերում (թղթյա կամ պոլիէթիլենային) կամ անասնակերային տարողություններում, որոնք ունեն շարքացանների ավտոբեռնիչները սերմերի տրման հարմարանքներ:

9.15. Ախտահանված սերմերը հանձնելուց հետո դատարկված շենքը ենթակա է մաքրման, խոնավ մշակման և վնասազերծման: Թափված ախտահանված սերմերը ենթակա են մանրազնին հավաքման և այրման, կամ էլ վնասազերծումից հետո թաղման` հատուկ առանձնացված տեղում:

9.16. Ախտահանված սերմերը թույլատրվում է ցանքի վայրը փոխադրել միայն խիտ կտորից կարված պարկերով կամ շարքացանների ավտոբեռնիչներով: Միաժամանակ փոխադրել մարդկանց չի թույլատրվում:

9.17. Ախտահանված սերմերը ցանելիս օգտվում են միայն սարքին շարքացաններից: Ցանքի ընթացքում սերմերի արկղը պետք է ամուր ծածկել: Չի թույլատրվում շարքացանի մեջ ձեռքերով հարթեցնել ախտահանված սերմերի մակարդակը: Այն պետք է կատարել փայտե բահի միջոցով:

9.18. Աշխատանքները ավարտելուց հետո ախտահանիչ մեքենաները, շարքացանների ավտոբեռնիչները, շարքացանները և տարողությունները ենթակա են վնասազերծման:

9.19. Արգելվում է ախտահանված սերմերը խառնել չախտահանված սերմերի հետ, այն հանձնել հացաթխման կետերին և օգտագործել իբրև սնունդ, ինչպես նաև որպես կեր անասունների և թռչունների համար:

9.20. Արգելվում է ախտահանված սերմերը ենթարկել լրացուցիչ մշակման (մաքրում, տեսակավորում, տրամաչափում և այլ միջոցառումներ):

9.21. Ախտահանված սերմերի ցանքի, բեռնման, փոխադրման և նրանց պահպանման ժամանակ կիրառվում են թունաքիմիկատների (պեստիցիդների) նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումները:

 

10. ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ (ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ) ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

10.1. Գյուղատնտեսական կենդանիների և թռչունների մշակումը թունաքիմիկատներով (պեստիցիդներով) իրականացվում է բաց հրապարակներում կամ հատուկ հարմարեցված շինություններում` սույն Կանոններին համապատասխան:

10.2. Գյուղատնտեսական կենդանիների և թռչունների և նրանց պահպանման շինությունների մշակումը կատարվում է միայն այդ նպատակի համար թույլատրված թունաքիմիկատներով (պեստիցիդներով):

10.3. Գյուղատնտեսական կենդանիների, թռչունների և նրանց պահպանման շինությունների մշակումը արգելվում է կատարել տհաճ հոտով կայուն պատրաստուկներով:

10.4. Անասուններին հատկացված շինությունների մշակումից առաջ կենդանիները դուրս են բերվում, կերակրատաշտերը և ջրամանները դատարկվում են և ամուր ծածկվում, կթի գույքը և կաթնամանները տեղավորվում են մաքուր հերմետիկ շինություններում, թռչնանոցներում հավաքում են ձվերը:

10.5. Մշակումից հետո շինությունները 2-3 ժամվա ընթացքում օդափոխում են, ապա կատարում հատակի խոնավ մաքրում` օգտագործելով վնասազերծող նյութեր:

10.6. Կենդանիների մշակման շինությունները սարքավորվում են տեղային կոյուղու և կեղտաջրերի մաքրման համակարգով, որը ապահովում է կեղտաջրերի արտահոսքի հնարավորությունը կոյուղու ցանց կամ ջրամբարներ: Շինությունների հատակը պետք է պատրաստել ջրանթափանց նյութերից և ունենա թեքություն դեպի տրապ:

Շինությունները սարքավորվում են ներհոս օդափոխիչ համակարգով:

 

11. ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ (ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ) ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

11.1. Արգելվում է թունաքիմիկատների (պեստիցիդների) կիրառումը ջրապաշտպան գոտիներում, բնության հատուկ պահպանվող տարածքների բոլոր գոտիներում:

11.2. Թունաքիմիկատների (պեստիցիդների) կիրառումից ոչ պակաս, քան 10 օր առաջ, տնտեսությունը զանգվածային լրատվական միջոցներով տեղեկացնում է բնակչությանը և կազմակերպություններին` այդ թվում առողջապահական, անտառներում նախատեսվող մշակումների մասին` նշելով կոնկրետ անտառտնտեսությունների, աշխատանքների կատարման ժամկետների և հիմնական կանխարգելիչ միջոցառումների մասին: Մշակման ենթակա տարածքի սահմաններից 300 մ հեռավորության վրա, բոլոր ճանապարհներին տեղադրվում են 1x1.5 մ չափսերով վահանակներ` նախազգուշացնող գրություններով. «Զգույշ: Կիրառվել են թունաքիմիկատներ (պեստիցիդներ) և/կամ ագրոքիմիկատներ: Արգելվում է մարդկանց ներկայությունը մինչև ...(ամսաթիվ), սնկերի և հատապտուղների հավաքը... մինչև (ամսաթիվ) և այլն»:

11.3. Թունաքիմիկատներով (պեստիցիդներով) մշակված տարածքներում անտառտնտեսության աշխատանքների, բնակչության հանգստի, սնկերի և հատապտուղների հավաքի, անասունների արածեցման, խոտհարքի անցկացման անվտանգություն ժամկետների պահպանման հսկողությունը ապահովվում են անտառտնտեսության պաշտպանության ուժերով` յուրաքանչյուր թունաքիմիկատի (պեստիցիդի) համար սահմանված ժամկետում:

 

12. ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ (ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ) ԿԻՐԱՌՈՒՄԸ ԲՆԱԿԵԼԻ ԳՈՏՈՒՄ

 

12.1. Քաղաքային զբոսայգիներում, պուրակներում թունաքիմիկատներով մշակումը անց է կացվում թունաքիմիկատների (պեստիցիդների) ծախսի նվազագույն նորմայով, բնակելի տներից 50 մետրից ոչ պակաս հեռավորության ապահովման պայմանով:

12.2. Արգելվում է ցանկացած թունաքիմիկատի (պեստիցիդի) կիրառումը մանկական, սպորտային, բժշկական հիմնարկների, դպրոցների, հասարակական սննդի և սննդամթերքի առևտրի կազմակերպությունների տարածքներում, բնակչության հանգստի համար նախատեսված վայրերում, գետերի, լճերի և ջրամբարների, ջրապաշտպան գոտիների սահմաններում, ջրամատակարարման աղբյուրների սանիտարապաշտպանական գոտիներում, օդընդունիչ սարքավորումներին անմիջապես մոտ գտնվող վայրերում:

12.3. Քաղաքային կանաչ տարածությունները մշակվում են միայն վերգետնյա փողրակային սարքավորումների միջոցով:

Թունաքիմիկատներով (պեստիցիդներով) կանաչ տարածությունների մշակումը կատարում են վաղ առավոտյան կամ երեկոյան ժամերին, ոչ քամոտ եղանակին, օդի առավել ցածր ջերմաստիճանի և նվազ ճառագայթման, նվազագույն օդային հոսքերի ժամանակ: Առաջնահերթությունը պետք է տալ բույսերի օջախային մշակումներին: Խորհուրդ չի տրվում միանգամյա մշակման տարածքի գերազանցում` 5 հա-ից ավելի:

12.4. Անտառապուրակների, այգիների, զբոսայգիների մշակումը թույլատրվում է միայն նրանց և ջրամատակարարման աղբյուրների միջև 300 մետր սանիտարապաշտպանական գոտու պահպանության հնարավորության դեպքում:

12.5. Քաղաքների և այլ բնակելի գոտու կանաչ տարածությունների մշակման անցկացումից առաջ բույսերի պահպանության կայանները պարտավոր են ոչ պակաս, քան 5 օր առաջ բնակիչներին տեղեկացնել սպասվող մշակումների մասին: Մշակվող տարածքի սահմաններում (մուտքի և ելքի մոտ) տեղադրվում են անվտանգության նախազգուշացման նշաններ, որոնք հավաքվում են միայն ելքի սահմանված ժամկետները ավարտվելուց հետո: Մինչև այդ ժամկետների լրանալը արգելվում է մարդկանց և տնային կենդանիների մուտքը մշակված տարածքներ կամ ելնելով անվտանգության միջոցառումներից ձեռնարկվում են այս կամ այն սահմանափակումները:

12.6. Պուրակների և զբոսայգիների մշակման ժամանակ անհրաժեշտ է ապահովել մանկական հրապարակների, սննդամթերքի առևտրի կետերի պաշտպանությունը աղտոտումից: Սննդամթերքի ստացումը և առևտրի կետերի աշխատանքը կարող է վերսկսվել նրա խոնավ մաքրումից հետո:

 

13. ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ (ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ) ԿԻՐԱՌՈՒՄԸ ԵՐԿԱԹԳԾԱՅԻՆ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՈՉ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՈՂԵՐՈՒՄ

 

13.1. Թունաքիմիկատների (պեստիցիդների) կիրառումը երկաթգծային մայրուղիների անցման շրջանում թույլատրվում է միայն վերգետնյա մեթոդով:

Ոչ գյուղատնտեսական օգտագործման հողերում թույլատրվում է ավիաքիմիական աշխատանքների անցկացում սույն Կանոններով սահմանված պահանջների պահպանմամբ:

Մշակումների անցկացումը չի թույլատրվում, եթե չի պահպանվում առողջապահական կազմակերպությունների, ամառանոցային ավանների տեղադրման վայրերից սահմանված սանիտարապաշտպանական գոտիները:

Բնակչությանը ժամանակին, մշակումների անցկացումից 10 օր առաջ, պետք է տեղեկացնել անվտանգության միջոցառումների անհրաժեշտության և մշակված տարածքներ դուրս գալու հնարավոր ժամկետների մասին:

13.2. Երկաթգծային ուղիների և ոչ գյուղատնտեսական օգտագործման հողերում թունաքիմիկատների կիրառումը արգելվում է, երբ քամու շարժման արագությունը գերազանցում է 4 մ/վրկ-ը:

13.3. Մշակումներ նախատեսվող վայրերում տեղական բնակչությանը տեղեկացվում է նախօրոք, բայց ոչ ուշ, քան աշխատանքները սկսելուց 3 օր առաջ:

13.4. Մշակման ընթացքում և նրա ավարտից հետո մինչև սահմանված ժամկետները, արգելվում է մշակված տարածքներում անասունների արածեցումը և խոտհարքը, հատապտուղների և սնկերի հավաքումը:

13.5. Երկաթգծային ուղիների մշակված տարածքներ մարդկանց դուրս գալու ժամկետը սահմանվում է կիրառված թունաքիմիկատի (պեստիցիդի) տեսակին համապատասխան:

 

14. ՀՈՂԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՒՄԻԳԱՑԻԱՆ (ԳԱԶԱՑՈՒՄԸ), ԽՈՆԱՎ ԴԵԶԻՆՍԵԿՑԻԱ

 

14.1. Ֆումիգացիայի և խոնավ դեզինսեկցիոն աշխատանքները իրականացվում են հիմնականում ստացիոնար շինություններում:

14.2. Ֆումիգացիայի (գազացիա) սկզբից մինչև դեգազացիայի ավարտը պետք է ապահովել շինության շուրջօրյա պաշտպանությունը: Հսկող անձինք պետք է ունենան հակագազեր և հրահանգավորվեն տեխնիկայի անվտանգության կանոններով:

14.3. Արգելվում է իրականացնել այն շինությունների գազացումը, որոնք գտնվում են մարդկանց մշտական ներկայությամբ բնակելի և արտադրական շինություններից ոչ պակաս 200 մետր և երկաթուղային, ավտոմոբիլային մայրուղիներից 100 մետր հեռավորության վրա:

14.4. Արգելվում է շինությունների գազացումը իրականացնել համապատասխանաբար օդի (արտաքին և շինության ներսում) 10oC ցածր և 25oC բարձր ջերմաստիճանների և օդի շարժման 3 մ/վրկ-ից ավելի արագության դեպքում:

14.5. Գազացման աշխատանքները պետք է կատարել միայն հատուկ ուսուցանված և անհատական պաշտպանության միջոցներով ապահովված անձանց միջոցով:

14.6. Գազացիայի ենթարկվող տարածքներում արգելվում է օգտվել բաց կրակից: Գազացման և գազազերծման աշխատանքներ կատարելիս արգելվում է սնունդ ընդունել և ծխել: Գազացման ենթարկված գոտու սահմանին տեղադրվում են նախազգուշացնող նշաններ` անվտանգության միջոցառումների հիշեցմամբ:

14.7. Շինության գազազերծումը կատարվում է հրահանգով սահմանված ժամկետներում` ներհոս-արտաձիգ օդափոխանակության միջոցով կամ միջանցիկ օդափոխանակությամբ` պատուհանների և դռների միջոցով:

14.8. Գազացման համար օդից ծանր գոլորշիներ ունեցող թունաքիմիկատների (պեստիցիդների) կիրառման ժամանակ, աշխատանքների ավարտից հետո անհրաժեշտ է ապահովել նկուղային շինությունների ակտիվ օդափոխությունը:

14.9. Լիակատար գազազերծման միջոցառումների մեջ ներառվում է նաև շինությունում ջերմաստիճանի բարձրացումը 2-3 աստիճանով, քան ֆումիգացիայի ընթացքում (այդ նպատակով 12-16 ժամ փակում են դռներն ու պատուհանները), այնուհետև կատարվում է շինության օդափոխություն մինչև ֆումիգանտի հոտի վերանալը: Գազազերծումից հետո ֆումիգանտի պարունակությունը աշխատանքային գոտու օդում չպետք է գերազանցի ՍԹԽ-ը: Լիակատար դեգազացիայի ստուգումից 2 ժամ առաջ շինությունը փակվում է:

14.10. Եթե շինության ֆումիգացիայի ընթացքում միաժամանակ մշակման է ենթարկվում որևէ արտադրանք, գազազերծումը կատարվում է ավելի երկար ժամանակ: Նրա ավարտը կախված է արտադրանքի մեջ ֆումիգանտի մնացորդային քանակության պարունակությունից: Ֆումիգացիոն ջոկատը առաջնորդվում է ֆումիգացիային վերաբերող հրահանգներով:

14.11. Գազաբալոնային մեթոդով ֆումիգացիայի ժամանակ պետք է պահպանել ճնշման տակ աշխատող սարքավորումների շահագործման անվտանգության կանոնները: Տեղափոխման ժամանակ բալոնները անհրաժեշտ է դասավորել կափարիչները մի ուղղությամբ և հուսալի ամրացնել, բեռնման և բեռնաթափման ժամանակ պահպանել հարվածներից և ընկնելուց: Արգելվում է այն իջեցնել փոխադրամիջոցներից կափարիչները ցած վիճակում, բռնելով պտուտակից: Պահեստներում բալոնները պահվում են ուղղահայաց վիճակում, օգտվելով տակդիրներից, 25oC չգերազանցող ջերմաստիճանում: Ավելի բարձր ջերմաստիճանի ժամանակ և շոգ եղանակին պետք է սառեցնել, այն ծածկելով խոնավ բրեզենտով: Գազացիայից առաջ ստուգվում է բոլոր բալոնների պտուտակների սարքինությունը: Եթե կափարիչը ձեռքով հեշտությամբ չի բացվում, այն բացվում է գայլիկոնով: Արգելվում է բալոնը հարվածել մուրճով:

 

15. ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ (ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ) ՀԵՏ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ

 

15.1. Օրգանիզմը շնչառական օրգանների, մաշկի և լորձաթաղանթների միջոցով թունաքիմիկատների (պեստիցիդների) ներթափանցումից պաշտպանելու համար քիմիական նյութերի հետ շփվող բոլոր աշխատողները պետք է ապահովվեն անհատական պաշտպանության միջոցների համալիրով (այսուհետև` ԱՊՄ) արտահագուստ, հատուկ կոշիկներ, շնչադիմակ, հակագազ, պաշտպանիչ ակնոցներ, ձեռնոցներ և/կամ թաթպաններ: Հակագազերի և շնչադիմակների հետ տրվում են պահուստային պարկուճներ և տուփեր:

15.2. ԱՊՄ-ները ընտրվում են հաշվի առնելով պատրաստուկի վտանգավորության դասը և ֆիզիկաքիմիական հատկությունները, աշխատանքի պայմանների բնույթը, ինչպես նաև աշխատողների անհատական չափսերը:

15.3. ԱՊՄ-ները պետք է պահել հատուկ առանձնացված մաքուր չոր սենքում` առանձին պահարաններում: Արգելվում է ԱՊՄ-ները պահել այն սենքերում, որտեղ պահվում են թունանյութերը: Արգելվում է արտահագուստը և հատուկ կոշիկները հագնել աշխատանքից հետո:

15.4. Իրավաբանական անձը պետք է ապահովի արտահագուստի, կոշիկի և այլ ԱՊՄ-ի լվացումը, վնասազերծումը, պահպանումը և տրամադրումը:

15.5. Աշխատանքների իրականացման պատասխանատու անձը պետք է հաշվի առնի ֆիլտրող սարքավորումների պաշտպանիչ գործունեության ժամկետը` շնչառական օրգանների պաշտպանության միջոցների կիրառման գործող պահանջներին համապատասխան:

Ժամանակին պետք է կատարել ֆիլտրող սարքավորումների փոխարինում: Սարքին շնչադիմակի կամ հակագազի դիմակի տակ թունաքիմիկատի (պեստիցիդի) հոտի առկայությունը վկայում է ֆիլտրող սարքավորման ոչ պիտանելիության մասին և պահանջում է անհապաղ փոխարինում:

15.6. Բավարար վտանգավոր քիչ ցնդունակ աեորոզոլի տեսքով նյութերի հետ աշխատելիս պետք է կիրառել հակափոշային (հակաաերոզոլային) շնչադիմակներ:

15.7. Շնչառական օրգանների պաշտպանության համար ցնդող միացությունների, ինչպես նաև I և II դասի վտանգավորության պատրաստուկների հետ աշխատելիս գործածում են համապատասխան պարկուճներով հակագազային և ունիվերսալ շնչադիմակներ, արդյունաբերական հակագազեր` փոխարինվող տուփերով:

15.8. Արտակարգ վտանգավոր պատրաստուկներով շինությունների ֆումիգացման (գազացիայի) ժամանակ օգտագործվում են արդյունաբերական հակագազեր:

15.9. Շնչադիմակների օգտագործված պարկուճները, հակագազերի զտիչները և տուփերը պետք է փոխել ժամանակին` պաշտպանիչ ազդեցության ժամկետը լրանալու, ինչպես նաև դիմակի տակ թունաքիմիկատի հոտը զգալու դեպքում: Օգտագործված պարկուճները, հակագազերի զտիչները պետք է ոչնչացնել այդ նպատակի համար հատկացված տեղում:

15.10. Քիչ վտանգավոր և բավարար վտանգավոր փոշետեսք պատրաստուկների հետ աշխատելիս օգտագործվում է հատուկ փոշեկայուն կտորից կարված արտահագուստ: Բարձր վտանգավորության և արտակարգ վտանգավորության պատրաստուկների հետ, ինչպես նաև թունաքիմիկատների (պեստիցիդների) լուծույթների հետ շփվելիս պետք է կրել հատուկ հագուստ, պատրաստված խառը գործվածքից` հատուկ նյութով տոգորված, ինչպես նաև մաշկային ծածկույթի անհատական պաշտպանիչ լրացուցիչ միջոցներ` թաղանթանյութից կարված գոգնոց, թևնոց:

15.11. Փակ շինությունների, ցանքի համար նախատեսված սերմերի, գյուղատնտեսական մթերքների, տարողությունների և հումքի, ֆումիգացման և նրանց հետագա դեգազացիայի (գազազերծման) ժամանակ կիրառում են քլորվինիլային թաղանթով ծածկված գործվածքից կարված կոմբինեզոններ և մարմնի սպիտակեղենի համալիր:

15.12. Ձեռքերը պաշտպանելու համար խիտ էմուլսիաների, մածուկների, լուծույթների և թունաքիմիկատների (պեստիցիդների) այլ հեղուկ ձևերի հետ աշխատելիս կիրառում են տեխնիկական և արդյունաբերական նշանակության ձեռնոցներ: Բժշկական ռետինե ձեռնոցների գործածումը արգելվում է:

15.13. Թունաքիմիկատների (պեստիցիդների) լուծույթների հետ աշխատելիս ձեռքերը պաշտպանելու համար օգտագործում են ռետինե ձեռնոցներ` տրիկոտաժե հենքով, իսկ ոտքերը պաշտպանելու համար` ռետինե երկարաճիտ կոշիկներ` օժտված թունաքիմիկատների (պեստիցիդների) և ախտահանիչ միջոցների ազդեցության նկատմամբ բարձր կայունությամբ:

15.14. Փոշենման թունաքիմիկատների (պեստիցիդների) հետ աշխատելիս որպես հատուկ կոշիկ կիրառում են բրեզենտե բախիլներ, իսկ թունաքիմիկատների (պեստիցիդների) պահեստներում` կաշվե հատուկ կոշիկ:

15.15. Աչքերի պաշտպանության համար գործածում են համապատասխան տիպի պաշտպանիչ ակնոցներ: Ակնոցի ապակիները քրտնելուց խուսափելու համար օգտվում են այդ նպատակի համար նախատեսված հատուկ պաշտպանիչ միջոցներից:

15.16. Յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխից հետո պաշտպանիչ միջոցները ենթակա են մաքրման: Վերջիններս հանվում են հետևյալ հերթականությամբ. չհանելով ձեռքերից` լվանալ ռետինե ձեռնոցները նախ վնասազերծող միջոցներով (կալցինացված սոդայի 3-5% լուծույթ, կրակաթ), ապա` ջրով, հետո հանել պաշտպանիչ ակնոցները, շնչադիմակը, կոշիկները և կոմբինեզոնը, նորից լվանալ ձեռնոցները վնասազերծող լուծույթով և ջրով, որից հետո հանել նաև ձեռնոցները:

Շնչադիմակների պարկուճների և հակագազի տուփերի ռետինե դիմային մասերի արտաքին մակերեսը վնասազերծում են օճառասոդային լուծույթով (25 գրամ օճառ, 5 գրամ կալցինացված սոդա 1 լիտր ջրին) խոզանակի օգնությամբ: Շնչադիմակների և հակագազերի դիմային մասերը ախտահանում են 0,5%-ոց կալիումի պերմանգանատի լուծույթի կամ սպիրտի մեջ թաթախված բամբակի վիրախծուծով:

15.17. Արտահագուստը, ամեն օր, աշխատանքների ավարտից հետո, փոշուց մաքրվում է փոշեծծիչով: Փոշուց ազատված արտահագուստը օդափոխման և չորացման համար 8-12 ժամ կախում են ծածկի տակ կամ բացօթյա` 8-12 ժամ:

15.18. Արտահագուստի վրայից բացի թունաքիմիկատների (պեստիցիդների) մեխանիկական հեռացումից, կախված նրա կեղտոտվածությունից, այն պետք է պարբերաբար լվացվի, սակայն ոչ ուշ, քան 6 բանվորական հերթափոխը մեկ անգամ:

 

16. ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՏԱՐԱՆԵՐԻ, ՍԵՆՔԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՀԱԳՈՒՍՏԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

16.1. Թունաքիմիկատներով (պեստիցիդներով) կեղտոտված փոխադրամիջոցները, սարքավորումները, տարաները, սենքերը և արտահագուստը պետք է վնասազերծել սույն Կանոններին համապատասխան:

Վնասազերծման բոլոր միջոցառումները անց են կացվում ԱՊՄ օգտագործմամբ` հատուկ սարքավորված հրապարակներում` բացօթյա կամ բավարար օդափոխվող շինություններում:

Արգելվում են այդ աշխատանքները կատարել գետերի, լճերի, լճակների ափերի մոտ:

16.2. Մեքենաները, սարքավորումները և սարքերը (սրսկիչներ, շարժական և ստացիոնար ագրեգատներ բանվորական լուծույթների պատրաստման և լիցքավորման համար, փոխադրամիջոցներ և փոխադրման համար բեռնարկղեր) վնասազերծում են հետևյալ դեպքերում.

- այլ պատրաստուկներով աշխատանքից առաջ,

- վերանորոգումից առաջ,

- աշխատանքային մասերի փոփոխումից առաջ,

- պլանային տեխնիկական սպասարկման անցկացումից առաջ,

- մեքենաները ժամանակավոր կանգնեցնելուց առաջ,

- ուժեղ կամ վթարային կեղտոտումից առաջ,

- թունաքիմիկատների (պեստիցիդների) տեղափոխման համար ժամանակավոր հատկացված մեքենաների վերասարքավորումից առաջ` որպես փոխադրամիջոց և այլ նպատակներով օգտագործման դեպքում,

- աշխատանքների ավարտից հետո:

16.3. Վնասազերծման հրապարակը պետք է գտնվի քիմիական մշակման կետում կամ պահեստին մոտ բանվորական լուծույթների պատրաստման տեղում, որը պետք է լինի բետոնապատ ծածկույթով և ունենա կեղտաջրերի կուտակման հոր: Հրապարակը պետք է հագեցված լինի լվացող լուծույթների պատրաստման տարողություններով, լվացող լուծույթի տրման պոմպով, ջրագծով, կաշեփողով և լվացող հեղուկներով:

16.4. Թունաքիմիկատներ (պեստիցիդներ) տեղափոխող փոխադրամիջոցները, ինչպես նաև դրանց կիրառման համար օգտագործվող սարքավորումները վնասազերծվում են ոչ պակաս, քան ամիսը 2 անգամ` վնասազերծող հեղուկների միջոցով (քլորակրի 25%-ոց լուծույթ և այլն):

16.5. Վնասազերծման գործընթացը նախատեսում է նախ` փոշեծծիչով մակերևույթների մաքրում և սրսկիչների ու ռետինե կաշեփողերի հանում, ապա մեքենաների, սարքավորումների և տարողությունների մակերևույթների ողողում լվացող լուծույթներով` 40-50 րոպե տևողությամբ: Սրսկիչները և ռետինե կաշեփողերը 30 րոպե տեղավորում են լվացող լուծույթով տարողության մեջ, այդ ընթացքում լուծույթը ակտիվորեն խառնելով: Նշված ժամանակը լրանալուց հետո վնասազերծող հեղուկը հեռացնում են հոսող ջրով:

16.6. Թունաքիմիկատների (պեստիցիդների) պահպանման թղթե կամ փայտյա տարողությունները ոչնչացվում են հատուկ առանձնացված տեղամասերում` այրելով: Մետաղական տարողությունը և պոլիմերային նյութերից հատուկ տարաները չվնասազերծված, բայց արտաքինից մաքուր և ամուր փակ վիճակում ենթակա են հանձնման:

16.7. Որոշ քանակությամբ տարողությունների վնասազերծումը, որոնք անհրաժեշտ են տնտեսության և պահեստների տեխնիկական կարիքների համար, առաջին հերթին` վնասված տարայում պահպանվող պատրաստուկների վերալցման դեպքերի համար կարելի է իրականացնել դեգազացնող միջոցներով:

Արգելվում է այդ տարայի գործածումը ջրի, սննդամթերքի, անասնակերի և այլ կենցաղային նպատակների համար:

16.8. Քլորօրգանական, ֆոսֆորօրգանական, դինիտրոֆենոլային և այլ պատրաստուկներով կեղտոտված տարայի վնասազերծումը իրականացվում է 5%-ոց կաուստիկ սոդայի լուծույթով (300-500 գրամ 10 լ ջրին): Տարան լցնում են այդ լուծույթով և պահում 6-12 ժամ, այնուհետև բազմակի լվանում ջրով: Սոդայի բացակայության դեպքում վնասազերծումը կատարում են մոխիրով: Դրա համար տարան լցնում են փայտի մոխիրով և ավելացնում այնքան ջուր, որպեսզի ստացվի հեղուկ խյուս, լավ թափահարում են (մինչև պատրաստուկի մնացորդները լրիվ հեռանան տարայի պատերից) և թողնում են 12-24 ժամ: Այնուհետև պարունակությունը թափում են փոսի մեջ, տարան բազմակի լվանում ջրով` ջուրը թափելով նույն փոսի մեջ: Պարկերը լվանալուց առաջ 4-5 ժամ առաջ թրջում են կալցինացված սոդայի լուծույթում (200 գրամ սոդան 10 լ ջրին), այնուհետև քամում և եռացնում օճառասոդային լուծույթում 30 րոպեի ընթացքում: Օգտագործված լվացող միջոցների և լվացման ջրերի հավաքման հորը պետք է լինի ցեմենտապատ և հերմետիկ փակված:

16.9. Սնդիկօրգանական պատրաստուկների (գրանոզան և այլն) տարաների վնասազերծման համար օգտագործում են ներքոհիշյալ միջոցներից որևէ մեկը. քլոր երկաթի 20%-ոց լուծույթ, մանգանաթթվական կալիումի 0,2%-ոց լուծույթ թթվեցրած աղաթթվով (5 մլ 1 լիտր ջրին), քլորակրի խյուս (1 կգ 4 լիտր ջրին):

Տարան լցնում են լուծույթով և թողնում 5-6 ժամ: Այնուհետև մշակում են մանգանաթթվային կալիումի 1%-ոց լուծույթով: Թողնելով 1 օր, տարան լվանում են տաք օճառաջրով (4%-ոց օճառի լուծույթ 5%-ոց կալցինացված սոդայի լուծույթի մեջ):

16.10. Մեթիլ բրոմիդի, մետալիլքլորիդի տարաները վնասազերծում են մանրակրկիտ օդափոխության միջոցով, իսկ այնուհետև մշակում են գոլորշու միջոցով (120oC -130oC) մինչև թունաքիմիկատների (պեստիցիդների) հոտի վերանալը:

16.11. Կարբամինային թունաքիմիկատների (պեստիցիդների) տարաները վնասազերծում են մանգանաթթվային կալիումի 1%-ոց լուծույթով` թթվեցրած աղաթթվով կամ քլորակրով:

16.12. Կեղտոտ հատակների և շինությունների մաքրումը կատարվում է այդ նպատակով թույլատրված լվացող և ախտահանող միջոցներով, ներառած կալցինացված սոդայի և քլորակրի 0,5%-ոց լուծույթները:

Թունաքիմիկատներով (պեստիցիդներով) աղտոտված հողը վնասազերծվում է քլորակրով և փորելով` հողը շրջում:

16.13. Արտահագուստի լվացումը կատարվում է կենտրոնացված կարգով` լվացքատներում, որոնք ունեն արտահագուստի լվացման, չորացման և կեղտաջրերի վնասազերծման համապատասխան պայմաններ:

Լվացքատունը պետք է ունենա կենտրոնացված ջրամատակարարում և ներհոս-արտաձիգ օդափոխանակության համակարգ, առանձին շինություն կեղտոտ արտահագուստի ընդունման և պահպանման համար, անհրաժեշտ սարքավորումներ, ներառյալ լվացող և վնասազերծող լուծույթների պատրաստման տարաները, դարակաշարերը և այլն:

16.14. Կեղտոտված արտահագուստի փոխադրումը լվացքատուն կատարվում է փակ արկղերով:

16.15. Ռետինե արտահագուստը (կոշիկը, թաթպանները, գոգնոցները) և թաղանթային ծածկույթով հագուստը մշակում են կալցինացված սոդայի 3-5%-ոց լուծույթով կամ քլորակրի խյուսով` վերջում լվանալով հոսող ջրով:

16.16. Ֆոսֆորօրգանական, դինիտրոֆենոլային և այլ պատրաստուկներով կեղտոտված արտահագուստը թրջում են օճառասոդային լուծույթի մեջ 6-8 ժամվա ընթացքում, իսկ այնուհետև 2-3 անգամ լվանում օճառասոդային լուծույթի մեջ (4%-ոց օճառի լուծույթը կալցինացված սոդայի 5%-ոց լուծույթում):

16.17. Քլորօրգանական պատրաստուկներով կեղտոտված արտահագուստը ձեռքով լվանալու դեպքում այն թրջում են կալցինացված սոդայի 0,5%-ոց տաք լուծույթով, պահում 6 ժամ, այդ ընթացքում այն պետք է լավ խառնել և 3 անգամ լուծույթը փոխել: Մեխանիկական լվացման ժամանակ թմբուկի մեջ թրջման ժամանակը 2 ժամ է, թրջման լուծույթը փոխում են 3 անգամ: Հագուստը լվանում են օճառասոդային լուծույթի մեջ:

16.18. Սնդիկօրգանական պատրաստուկներով կեղտոտված արտահագուստը թրջում են կալցինացված սոդայի 1%-ոց տաք լուծույթով` 12 ժամ, այնուհետև 3 անգամ 30 րոպե տևողությամբ լվանում օճառասոդային լուծույթի մեջ (4%-ոց օճառի լուծույթը կալցինացված սոդայի 5%-ոց լուծույթում) ալկիլսուլֆոնատի ավելացումով:

16.19. Մի քանի թունաքիմիկատներով (պեստիցիդներով) կեղտոտված արտահագուստի վնասազերծման համար կիրառվում է առավել թունունակ և կայուն պատրաստուկների վնասազերծման համար գործող մեթոդները:

16.20. Փոխադրամիջոցների, գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների, շինությունների, տարաների, արտահագուստի վնասազերծման ժամանակ առաջացած կեղտաջրերը լրացուցիչ մշակում են քլորակրով (0,5 կգ 10 լիտր կեղտաջրին, շփման ժամանակը` մեկ օր):

 

17. ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ (ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ) ՀԵՏ ՇՓՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

17.1. Թունաքիմիկատների (պեստիցիդների) հետ շփվող անձինք ենթակա են նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (աշխատանքի ընթացքում) բժշկական զննության` ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:

17.2. Թունաքիմիկատների (պեստիցիդների) հետ արգելվում է աշխատել մինչև 18 տարեկան անձանց, հղիներին և կրծքով կերակրող կանանց:

17.3. Արգելվում է կանանց աշխատանքը թունաքիմիկատների (պեստիցիդների) տեղափոխման, բեռնման, բեռնաթափման ժամանակ:

Մինչև 35 տարեկան կանանց արգելվում է թունաքիմիկատների (պեստիցիդների) կիրառման հետ կապված ցանկացած աշխատանքի կատարումը:

17.4. Թունաքիմիկատների (պեստիցիդների) հետ աշխատող անձինք վթարային իրավիճակներում պետք է տիրապետեն ինքնօգնության և փոխօգնության սկզբունքներին: Թունաքիմիկատների (պեստիցիդների) հետ աշխատանքի վայրում պետք է լինի առաջին նախաբժշկական օգնության դեղարկղ:

17.5. Թունաքիմիկատների (պեստիցիդների) հետ շփվող անձանց սանիտարակենցաղային սպասարկումը անհրաժեշտ է իրականացնել սույն Կանոններին համապատասխան:

17.6. Այն արտադրական կազմակերպություններում, որտեղ աշխատողների թիվը չի գերազանցում 30 հոգուց, նախատեսվում է սննդի ընդունման սենյակ, 30 հոգուց գերազանցող կազմակերպություններում ստեղծում են բուֆետներ կամ ճաշարաններ` տաք ճաշատեսակների տրման կամ պատրաստման նպատակով:

17.7. Թունաքիմիկատների (պեստիցիդների) հետ շփվող անձինք պետք է ստանան համապատասխան հրահանգավորում:

 

18. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԵՎ ՆՐԱ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻՑ (ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻՑ)

 

18.1. Գյուղատնտեսական մթերքներում և նրա վերամշակման արտադրանքում թունաքիմիկատների (պեստիցիդների) մնացորդային քանակները պետք է հսկվեն արտադրողների կողմից:

18.2. Գյուղատնտեսական մթերքների և նրա վերամշակման արտադրանքի հիգիենիկ պահանջներին համապատասխանության հսկողության կազմակերպման համար պատասխանատու են կազմակերպությունների ղեկավար անձինք:

18.3. Գյուղատնտեսական արտադրանքը, որը առաքվում է բնակչությանը իրացման, պահպանման և վերամշակման համար, պետք է արտադրողի կողմից ունենա փաստաթուղթ արտադրանքի որակի մասին` ձևակերպված գործող օրենսդրության պահանջներին համապատասխան:

18.4. Արգելվում է թունաքիմիկատների (պեստիցիդների) թույլատրելի մնացորդային քանակների (այսուհետ ԹՄՔ) գերազանցումով արտադրանքի իրացումը բնակչությանը:

Արգելվում է սննդամթերքի արտադրության համար օգտագործել թունաքիմիկատների (պեստիցիդների) և թունունակ էլեմենտների մնացորդային քանակությունների բարձր պարունակությամբ արտադրական հումք այն դեպքում, երբ վերջնական մթերքում թունավոր նյութերի պարունակությունը խոհարարական և տեխնոլոգիական մշակումներից հետո հնարավոր չէ իջեցնել մինչև թույլատրելի խտությունները:

18.5. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինները իրականացնում են ընտրողական հսկողություն գյուղատնտեսական արտադրանքում և նրա վերամշակման մթերքներում թունաքիմիկատների (պեստիցիդների) մնացորդային քանակների պարունակության նկատմամբ:

 

19. ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ (ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ) ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

19.1. Թունաքիմիկատների (պեստիցիդների) փոխադրումը կատարվում է միայն հատուկ սարքավորված փոխադրամիջոցներով:

19.2. Արգելվում է թունաքիմիկատների (պեստիցիդների) հետ սննդամթերքի և այլ ապրանքների փոխադրումը: Սննդամթերքի և ուղևորների փոխադրման համար նախատեսված փոխադրամիջոցը թունաքիմիկատների (պեստիցիդների) տեղափոխման համար չի կարելի օգտագործել:

19.3. Փոխադրվող թունաքիմիկատների (պեստիցիդներ) պատրաստուկները պետք է լինեն գործարանային փաթեթավորմամբ կամ գտնվեն այդ նպատակի համար նախատեսված հուսալի և ամուր փակվող տարաներում:

19.4. Թունաքիմիկատների (պեստիցիդների) փոխադրման ժամանակ արգելվում է այդ փոխադրամիջոցներում կողմնակի մարդկանց ներկայությունը:

19.5. Աշխատանքների ավարտից հետո փոխադրամիջոցները անհրաժեշտ է ենթարկել խոնավ մաքրման և վնասազերծման:

 

20. ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ (ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ) ՎԱՃԱՌՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

20.1. Թունաքիմիկատների (պեստիցիդների) վաճառքը իրականացվում է թունաքիմիկատների (պեստիցիդների) մանրամեծածախ առևտրի լիցենզավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից:

20.2. Լիցենզավորված ֆիզիկական և իրավաբանական անձինք իրավունք ունեն ձեռք բերել և իրացնել ՀՀ պետական գրանցում ստացած թունաքիմիկատները (պեստիցիդները):

20.3. Թունաքիմիկատների (պեստիցիդների) վաճառքի կազմակերպությունները պետք է ունենան 50 մ սանիտարապաշտպանական գոտի:

20.4. Թունաքիմիկատների (պեստիցիդների) վաճառքի կազմակերպություններում անհրաժեշտ է ապահովել բնական և արհեստական օդափոխանակություն:

20.5. Թունաքիմիկատների (պեստիցիդների) վաճառքի կազմակերպությունը պետք է ունենա վաճառասրահ (նվազագույն տարածքը 20 մ2), պահեստային մաս, (նվազագույն տարածքը 9 մ2), չափաբաժինների պատրաստման տեղամաս (նվազագույն տարածքը 6 մ2) և սանիտարակենցաղային հարմարություններ:

20.6. Վաճառասրահը պետք է ապահովված լինի անհրաժեշտ քանակությամբ դարակաշարերով:

20.7. Վաճառասրահում թունաքիմիկատները (պեստիցիդները) անհրաժեշտ է խմբավորել ըստ նշանակության:

20.8. Պատրաստուկների չափաբաժինների պատրաստումը անհրաժեշտ է կատարել տեղային արտաձիգ օդափոխանակությամբ գործող քարշիչ ծածկոցի առկայության պայմաններում:

20.9. Պատրաստուկները նախքան վաճառասրահ տրվելը պետք է անցնեն նախավաճառքային պատրաստվածության, որը ներառում է փաթեթավորման որակի ստուգումը, ապափաթեթավորումը, տեսակավորումը և անհրաժեշտ տեղեկատվության, կիրառման հրահանգների, պիտակի առկայության ստուգումը:

20.10. Պատրաստուկների մասին տեղեկատվությունը պետք է պարունակի պատրաստուկի պետական գրանցման վկայականի համարի և ժամկետի, դրա վտանգավորության դասի, գործող նյութի խտության, նետտո (զուտ) զանգվածի կամ ծավալի, պատրաստման ժամկետի և թունավորման ժամանակ առաջին բուժօգնության վերաբերյալ տվյալներ:

20.11. Պատրաստուկների տարաները պահեստամասում պետք է տեղադրել դարակաշարերի վրա:

20.12. Թունաքիմիկատների (պեստիցիդների) վաճառքի կազմակերպության սանիտարակենցաղային հարմարությունները պետք է ապահովված լինեն հոսող ջրով, լվացող, վնասազերծող միջոցներով և առաջին բուժօգնության դեղարկղով` ապահովված հակաթույներով:

20.13. Արգելվում է թունաքիմիկատների (պեստիցիդների) վաճառքը անչափահասներին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.05.2021, N 39-Ն 19.05.2021, N 790-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան