Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-110-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (29.05.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 19.05.2022
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
04.05.2022
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
19.05.2022
Дата вступления в силу
29.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

     

Ընդունված է 2022 թվականի մայիսի 4-ին

       

«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                

Հոդված 1. «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-212-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասից, 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից, 9-րդ հոդվածի 2-րդ մասից, 10-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերից, 12-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերից, 13-րդ հոդվածի 2-րդ մասից, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից հանել «կառավարման» բառը:

           

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարն արդյունավետ կազմակերպելու համար Հայաստանի Հանրապետությունում ընդունվում են եռամյա ազգային ծրագրեր և դրանց իրականացման ժամանակացույցներ, որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Եռամյա ազգային ծրագրերը և դրանց իրականացման ժամանակացույցներն առնվազն ներառում են միջոցառումը, դրա կատարողին կամ կատարողին և համակատարողներին, կատարման ժամկետը, ֆինանսավորման աղբյուրներն ու չափերը, ակնկալվող չափելի արդյունքները:»:

               

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) մարդկանց թրաֆիքինգ կամ շահագործում` շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձևերով, առևանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, անձի պաշտոնից կամ ծառայողական դիրքից կամ լիազորություններից բխող ազդեցությունը կամ հանցագործությունից տուժած անձի անձնական կախվածությունը կամ վիճակի խոցելիությունն օգտագործելու կամ հանցագործությունից տուժած անձին վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ խոստանալու կամ առաջարկելու կամ հանցագործությունից տուժած անձին վերահսկող անձի կողմից նման համաձայնություն տալու համար նման օգուտ ստանալու կամ առաջարկն ընդունելու միջոցով: Սույն օրենքում որպես մարդկանց թրաֆիքինգ կամ շահագործում է սահմանված նաև շահագործման նպատակով երեխային կամ անօգնական վիճակում գտնվողին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև այդպիսի անձանց շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը: Շահագործում են համարվում այլ անձի` պոռնկության շահագործումը կամ սեռական շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայություն մատուցելուն կամ հակաիրավական գործողություններ կատարելուն հարկադրելը, ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը, առքը կամ վաճառքը, բջիջը, օրգանը, հյուսվածքը կամ կենսաբանական նյութերը կամ հեղուկները վերցնելը.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) անօգնական վիճակում գտնվող՝ անձ, որը, իր ֆիզիկական կամ հոգեկան վիճակով պայմանավորված, ի վիճակի չէ դիմադրություն ցույց տալ կամ ղեկավարել իր արարքը կամ գիտակցել իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը.».

3) 5-րդ կետի «հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձ» բառերը փոխարինել «անօգնական վիճակում գտնվող» բառերով:

            

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «սահմանափակումը» բառից հետո լրացնել «և լրագրողական մրցանակաբաշխություն հայտարարելը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարն արդյունավետ լուսաբանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը յուրաքանչյուր տարի հայտարարում է լրագրողական մրցանակաբաշխություն: Ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության անցկացման կանոնակարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի համատեղ հրամանով:»:

                  

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

                 

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում «հոգեկան խանգարման առկայության» բառերը փոխարինել «անօգնական վիճակում գտնվելու» բառերով:

                     

Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-2.3-րդ մասերով.

«2.1. Սույն օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը և չափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2.2. Զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն մասում նշված ծառայությունների որակի նվազագույն չափորոշիչները պարտադիր են զոհերին կամ հատուկ կատեգորիայի զոհերին սոցիալական ծառայություններ մատուցող հիմնարկների և կազմակերպությունների համար՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից:

2.3. Սույն հոդվածի 2.1-ին և 2.2-րդ մասերով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանվող կարգավորումները վերաբերելի և կիրառելի են նաև սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված՝ նախանույնացման փուլում աջակցության կարիք ունեցող անձանց նկատմամբ:».

2) 10-րդ մասի առաջին նախադասության «ծեր կամ հաշմանդամ» բառերը փոխարինել «տարեց կամ հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ նույն մասի երրորդ նախադասության «ծեր, հաշմանդամ» բառերը՝ «տարեց, հաշմանդամություն ունեցող» բառերով:

               

Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասում «Հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված» բառերը փոխարինել «Անօգնական վիճակում գտնվող» բառերով:

                  

Հոդված 9.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ, 6-րդ և 8-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, իսկ Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը, ֆինանսավորման աղբյուրներն ու չափերը, ակնկալվող չափելի արդյունքները՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

            

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. մայիսի 19

Երևան
ՀՕ-110-Ն

          

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան