ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
(օրենքը խմբ. 19.03.12 ՀՕ-127-Ն)
Ընդունված է 2001 թվականի ապրիլի 3-ին
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 19.03.12 ՀՕ-127-Ն)
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի գործողության ոլորտը |
1. Սույն օրենքը կարգավորում է պետական գրանցման և պետական հաշվառման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է պետական գրանցման և պետական հաշվառման վարչական վարույթների առանձնահատկությունները, պետական գրանցումը և պետական հաշվառումն իրականացնող մարմնի իրավասությունը, պետական միասնական գրանցամատյանում պահպանվող տեղեկատվության ծավալը և տեղեկատվության տրամադրման պայմաններն ու կարգը:
2. Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կորպորատիվ ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, կարգավորվող շուկայի օպերատորների, արժեթղթավորման հիմնադրամների, կենտրոնական դեպոզիտարիայի, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների և ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրոյի, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների և այդ կազմակերպությունների մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների, հիմնարկների, ինչպես նաև այդպիսի օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների պետական գրանցման առանձնահատկությունները սահմանվում են այլ օրենքներով:
3. Պայմանագրային ներդրումային ֆոնդերը, որոնց կանոնները «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցվել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից, Հայաստանի Հանրապետությունում ենթակա են պետական հաշվառման, որի կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Սույն օրենքը չի տարածվում իրավաբանական անձ համարվող համայնքների և միջհամայնքային միավորումների պետական գրանցման վրա:
5. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների բաժնեմասերի նկատմամբ գրավի իրավունքի գրանցումը իրականացվում է «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(1-ին հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-266-Ն, 07.03.18 ՀՕ-148-Ն)
Հոդված 2. | Պետական գրանցման և պետական հաշվառման մասին օրենսդրությունը |
1. Պետական գրանցման և պետական հաշվառման ոլորտում ծագող իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:
2. Եթե իրավաբանական անձանց առանձին տեսակներին վերաբերող հատուկ օրենքներով սահմանված են պետական գրանցման կամ պետական հաշվառման ավելի երկար ժամկետներ, պետական գրանցման և պետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի այլ ծավալ, գրանցման գործընթացի այլ կարգ, քան սույն օրենքով, ապա կիրառվում են այդ օրենքներով սահմանված նորմերը:
3. Սույն օրենքով սահմանված կարգով պետական գրանցման, պետական հաշվառման կամ տեղեկատվության տրամադրման գործառույթների վրա չեն տարածվում «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ և 3-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանված պահանջները:
(3-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-50-Ն)
Հոդված 3. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) (կետն ուժը կորցրել է 19.10.16 ՀՕ-176-Ն)
2) էլեկտրոնային կրիչ՝ մագնիսական սկավառակ, մագնիսական ժապավեն, լազերային սկավառակ, կիսահաղորդչային և այլ նյութական կրիչներ, որոնք օգտագործվում են էլեկտրոնային կամ այլ տեխնիկական միջոցներով տեղեկատվության գրանցման և պահպանման համար.
3) գործակալություն՝ իրավաբանական անձանց պետական գրանցում, պետական մարմինների, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմին.
4) սպասարկման գրասենյակ` գործակալության բաժին կամ առանձին նստավայր, որն իրականացնում է իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց պետական հաշվառման ռեգիստրի գործառույթների իրականացման համար դիմումների ընդունումը և այդ գործառույթների միջոցով կազմված փաստաթղթերի տրամադրումը, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դիմումատուներին գրանցման գործընթացի վերաբերյալ առաջնային խորհրդատվության տրամադրումը.
5) ծածկագիր` թվերի և տառերի համակցություն, որը տրվում է դիմողին, և որի միջոցով հնարավոր է հետևել համապատասխան դիմումի ընթացքին և ստանալ դրա արդյունքները, ներառյալ` գրանցումը կամ հաշվառումը կատարելը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթը կամ գրանցման կամ հաշվառման մերժման տեքստը.
6) տեղեկատվական համակարգ՝ էլեկտրոնային փաստաթղթերի նախապատրաստման, առաքման, ստացման, պահպանման կամ այլ տիպի ապարատածրագրային մշակման, ինչպես նաև պետական միասնական գրանցամատյանի վարման համակարգ, որի միջոցով գործակալությունը իրականացնում է պետական գրանցումը և պետական հաշվառումը.
7) պետական միասնական գրանցամատյան (նաև գրանցամատյան)՝ էլեկտրոնային փաստաթուղթ, որը պարունակում է սույն օրենքով նախատեսված տեղեկությունները Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց հաշվառված բոլոր առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների, Հայաստանի Հանրապետությունում որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական մարմինների վերաբերյալ.
8) վճար` դրամական միջոց, որը սույն օրենքով նախատեսված դեպքերում վճարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից հավելյալ մատուցվող ծառայությունների դիմաց.
9) գրառում՝ գրանցամատյանում տեղեկատվության ավելացման կամ լրացման գործընթաց, որը ներառում է արդեն գրառված տեղեկատվության փոփոխությունների մասին տեղեկատվության ավելացումը և լրացումը.
10) պետական գրանցում՝ ներառում է իրավաբանական անձանց պետական գրանցումը, փոփոխությունների պետական գրանցումը և լուծարման պետական գրանցումը.
11) իրավաբանական անձի պետական գրանցում՝ նոր ստեղծվող իրավաբանական անձի իրավունակության ճանաչումը պետության կողմից.
12) փոփոխությունների պետական գրանցում՝ գրանցամատյանում գրառված տեղեկությունների որևէ փոփոխության ճանաչումը պետության կողմից.
13) լուծարման պետական գրանցում՝ իրավաբանական անձի գոյության դադարման փաստի ճանաչումը պետության կողմից.
14) պետական հաշվառում՝ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը և իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների պետական հաշվառումը, ինչպես նաև պետական մարմինների պետական հաշվառումը.
15) անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառում՝ ֆիզիկական անձի` որպես անհատ ձեռնարկատիրոջ, իրավունակության և գործունակության ճանաչումն է պետության կողմից, ինչպես նաև գրանցամատյանում անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ տեղեկությունների փոփոխությունների ճանաչումը պետության կողմից.
16) իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանման պետական հաշվառում՝ իրավաբանական անձի նոր ստեղծվող առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գոյության ճանաչումը պետության կողմից.
16.1) պետական մարմնի հաշվառում` հաշվառման ենթակա պետական մարմնի հաշվառումը պետության կողմից.
17) կանոնադրական կապիտալ՝ տարբեր տեսակի իրավաբանական անձանց համար սահմանված պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը.
18) մասնակից՝ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձ կամ հասարակական միավորում.
19) հիմնադիր՝ մինչև իրավաբանական անձի պետական գրանցման պահը իրավաբանական անձի հիմնադիր ժողովին մասնակցած, իրավաբանական անձ հիմնադրելու մասին որոշում ընդունած ֆիզիկական կամ իրավաբանական անձ.
20) գործակալության պաշտոնական կայք՝ համացանցի հttp://www.e-register.am հասցեում տեղակայված կայքը.
21) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք՝ համացանցի հttp://www.azdarar.am հասցեում տեղակայված կայքը.
22) հանձնաժողով` Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը.
23) (կետն ուժը կորցրել է 03.06.21 ՀՕ-246-Ն)
24) (կետն ուժը կորցրել է 03.06.21 ՀՕ-246-Ն)
25) փոխկապակցված իրավաբանական անձինք՝ իրավաբանական անձինք,
ա. որոնցից մեկին ուղղակի կամ անուղղակի պատկանում է մյուսի կանոնադրական կապիտալում 20 և ավելի տոկոս մասնակցություն,
բ. որոնցից մեկի կանոնադրական կապիտալում մասնակցության 20 և ավելի տոկոսն ուղղակի կամ անուղղակի պատկանում է ֆիզիկական անձին, որին ուղղակի կամ անուղղակի կերպով պատկանում է նաև մյուս իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում 20 և ավելի տոկոս մասնակցություն,
գ. որոնք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից.
26) փոխկապակցված ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, եթե՝
ա. ֆիզիկական անձին ուղղակի կամ անուղղակի պատկանում է 20 և ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում,
բ. ֆիզիկական անձն օրենքով չարգելված այլ ձևով հնարավորություն ունի կանխորոշելու իրավաբանական անձի որոշումները,
գ. ֆիզիկական և իրավաբանական անձինք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից.
27) փոխկապակցված ֆիզիկական անձինք՝ անձը և նրա ամուսինը, անչափահաս զավակը, անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, անձի հետ մեկ տարվա ընթացքում 180 և ավելի օր համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ, ինչպես նաև ֆիզիկական անձինք, որոնք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից.
28) միջանկյալ իրավաբանական անձ՝ իրավաբանական անձ և իրական շահառու շղթայում գործող ցանկացած այլ իրավաբանական անձ.
29) զանգվածային լրատվության միջոց՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված լրատվություն իրականացնելու միջոց.
30) լրատվական գործունեություն իրականացնող՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իր անունից տարածում է լրատվության միջոց:
(3-րդ հոդվածը փոփ. 19.10.16 ՀՕ-176-Ն, խմբ. 16.12.16 ՀՕ-30-Ն, խմբ., փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-210-Ն, լրաց. 23.04.19 ՀՕ-25-Ն, 06.03.20 ՀՕ-145-Ն, փոփ. 03.03.21 ՀՕ-98-Ն, փոփ., խմբ. 03.06.21 ՀՕ-246-Ն)
(03.06.21 ՀՕ-246-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 2
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 4. | Պետական գրանցման և պետական հաշվառման նպատակը |
1. Պետական գրանցման և պետական հաշվառման նպատակն է տեղեկատվության հավաքման, մշակման և տրամադրման, իրավաբանական փաստերի հաստատման, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գործողությունների միջոցով նպաստել`
1) առևտրային կազմակերպությունների հիմնադիրների, մասնակիցների, կառավարման մարմինների անդամների, առևտրային կազմակերպությունների հետ իրավահարաբերությունների մեջ գտնվող անձանց իրավունքների և շահերի պաշտպանվածությանը.
2) ոչ առևտրային կազմակերպությունների մասնակիցների, շահառուների, դոնորների իրավունքների և շահերի պաշտպանվածությանը.
3) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում արդյունավետ քաղաքականության մշակմանը:
Հոդված 5. | Գործակալություն ներկայացվող տեղեկատվության արժանահավատության կանխավարկածը |
1. Պետական գրանցման կամ պետական հաշվառման համար դիմած անձի կողմից ներկայացված տեղեկատվությունը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, գործակալությունը համարում է արժանահավատ:
2. Գործակալությունը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, գործակալություն ներկայացվող տեղեկությունների ճշտության ստուգում չի իրականացնում և պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով առաջացած հնարավոր որևէ վնասի համար: Սույն մասով նախատեսված պատասխանատվության սահմանափակումը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ գործակալության աշխատակիցը գիտեր կամ ակնհայտորեն պարտավոր էր իմանալ փաստաթղթերի կեղծ լինելու մասին:
3. Անձանց կողմից գործակալություն ներկայացված տեղեկատվությունը կարող է համարվել անարժանահավատ, եթե կա դա փաստող ապացույց կամ այլ անձանց ներկայացրած տեղեկատվություն:
4. Դիմող անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում սխալ տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև իր տրամադրած սխալ տեղեկատվության հետևանքով առաջացած վնասի համար:
Հոդված 6. | Գրանցամատյանում պահվող տվյալների հրապարակայնությունը |
1. Պետական միասնական գրանցամատյանում պահպանվող տեղեկությունները հրապարակային են, բացառությամբ ֆիզիկական անձանց անձնագրային տվյալների, սոցիալական քարտի համարի (ՀԾՀ), նրանց բնակության և հաշվառման հասցեների և կապի միջոցների մասին տեղեկությունների:
2. Տեղեկությունները, ինչպես նաև գրանցամատյանից քաղվածքները տրամադրվում են սույն օրենքով նախատեսված կարգով:
(6-րդ հոդվածը խմբ. 03.06.21 ՀՕ-246-Ն)
(03.06.21 ՀՕ-246-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 7. | Գրանցման համակարգի միասնականության սկզբունքը |
1. Հայաստանի Հանրապետությունում գործում է պետական գրանցման և պետական հաշվառման միասնական համակարգ: Գործակալության ցանկացած սպասարկման գրասենյակից կամ սույն օրենքով նախատեսված՝ սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնող լիազորված ցանկացած անձի միջոցով, ինչպես նաև առցանց կարելի է իրականացնել պետական գրանցում և պետական հաշվառում Հայաստանի Հանրապետության ցանկացած վայրում գործունեություն ծավալելու նպատակով:
Հոդված 8. | Գրանցամատյանի տվյալների արդիականացման և փոխօգնության սկզբունքը |
1. Եթե Հայաստանի Հանրապետության կողմից վարվող տվյալների այլ բազաներում պահվող տվյալները ենթակա են գրառման նաև գրանցամատյանում, ապա այլ տվյալների բազաներում գրառված տեղեկատվության փոփոխման դեպքում համապատասխան տեղեկատվությունը ինքնաշխատ կերպով արդիականանում է նաև գործակալության տվյալների բազայում՝ առանց անձի հավելյալ դիմումի կամ պահանջի:
2. Համապատասխան տվյալների բազաների ցանկը և ինքնաշխատ կերպով արդիականացման ենթակա տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ելնելով այդպիսի արդիականացման տեխնիկական հնարավորությունից:
Հոդված 9. | Գրանցամատյանի և գրանցման էլեկտրոնային լինելը |
1. Գործակալությունում պետական գրանցման և պետական հաշվառման գործընթացներն ամբողջությամբ էլեկտրոնային են:
2. Գործակալության կողմից իրականացվող գործառույթների հետ կապված փաստաթղթերը, ներառյալ` գրանցամատյանից տրամադրվող քաղվածքները, պետական գրանցման և պետական հաշվառման մերժման մասին որոշումները և այլ փաստաթղթեր կազմվում են էլեկտրոնային փաստաթղթերի ձևով: Կանոնադրությանը, կանոնադրության փոփոխությանը կամ լրացմանը (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությանը), կուսակցության ծրագրին, փոխանցման ակտին ու բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռին կից ստեղծվում է պետական ռեգիստրի՝ էլեկտրոնային կնիքով հավաստված նշաթերթ, որում կատարվում է տվյալ պետական գրանցման մասին տեղեկությունների գրառում: Գրառման բովանդակությունը և այն կատարելու կարգը սահմանում է արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարը:
3. Էլեկտրոնային փաստաթղթերը ուղարկվում են դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հասանելի են դառնում համացանցում՝ համապատասխան ծածկագիրը տեղեկատվական համակարգ մուտքագրելու պայմանով:
4. Դիմողի պահանջով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով անձին տրվում է էլեկտրոնային փաստաթղթի արտատպումը (պատճենը): Այս դեպքում պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:
4.1. Գրանցամատյանից քաղվածքների, գրանցամատյանում առկա տեղեկությունների հիման վրա տրվող տեղեկանքների, ինչպես նաև կանոնադրությունների պատճենների վրա գործակալության աշխատակցի ստորագրությունը և դրոշմակնիքը կարող են փոխարինվել համակարգի միջոցով գեներացվող համարանիշով և (կամ) արագ արձագանքման ծածկագրով:
4.2. Սույն հոդվածի 4.1-ին մասով նախատեսված փաստաթղթերի իսկության ստուգումը կատարվում է սույն հոդվածի 4.1-ին մասով ամրագրված համարանիշը մուտքագրելով արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում կամ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցները` արագ արձագանքման ծածկագրի միջոցով:
5. Դիմողի` իրավաբանական անձի լիազորված անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի պահանջով պետական գրանցման և պետական հաշվառման յուրաքանչյուր դեպքի համար էլեկտրոնային փաստաթղթերի և գրանցամատյանից քաղվածքի թղթային կրիչի վրա հաստատված պատճենը տրամադրվում է անվճար:
(9-րդ հոդվածը լրաց., փոփ. 19.01.21 ՀՕ-40-Ն)
Հոդված 10. | Պետական տուրքը և գործակալության կողմից հավելյալ գործառույթների իրականացման վճարովիությունը |
1. Սույն օրենքով նախատեսված պետական գրանցումների, պետական հաշվառումների և այլ ծառայությունների մատուցման համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
2․ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են պետական գրանցման կամ պետական հաշվառման գործընթացն օրենքով սահմանված ժամկետներից արագ իրականացնելու համար, ինչպես նաև անձանց իրավունքների իրականացման համար ոչ պարտադիր գործառույթների՝ որպես լրացուցիչ ծառայությունների տեսակների ամբողջական ցանկը, այդ ծառայությունների իրականացման կարգը և վճարի չափը: Պետական գրանցման կամ պետական հաշվառման գործընթացն օրենքով սահմանված ժամկետներից արագ իրականացնելու, ինչպես նաև այլ լրացուցիչ ծառայությունների դիմաց գանձվող վճարներն ուղղվում են պետական բյուջե:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված` անձանց իրավունքների իրականացման համար ոչ պարտադիր գործառույթներ են մասնավորապես էլեկտրոնային փաստաթղթերի թղթային կրիչի վրա հաստատված պատճենների տրամադրումը, նվազագույն անհրաժեշտ քանակից ավել քանակով կանոնադրությունների բնօրինակների թղթային կրիչի վրա կամ դրանց հաստատված պատճենների պատրաստումը և վերանայումը, էլեկտրոնային թվային ստորագրությունների տրամադրմանը աջակցությունը և այլն:
(10-րդ հոդվածը փոփ. 14.11.19 ՀՕ-233-Ն, խմբ. 19.01.21 ՀՕ-40-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 11. | Գործակալությունը |
1. Պետական գրանցումը և պետական հաշվառումն իրականացնում է գործակալությունը:
2. Գործակալությունը գլխավորում է գործակալության պետը:
3. Գործակալության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` օրենքով սահմանված կարգով:
4. Գործակալությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, սույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կանոնադրության հիման վրա:
5. Գործակալության գործունեության հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
5.1. (մասն ուժը կորցրել է 14.11.19 ՀՕ-233-Ն)
6. Գործակալության կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(11-րդ հոդվածը լրաց. 20.12.17 ՀՕ-31-Ն, փոփ. 14.11.19 ՀՕ-233-Ն)
Հոդված 12. | Գործակալության գործառույթները պետական գրանցման և պետական հաշվառման կազմակերպման գործում |
1. Գործակալությունը`
1) կազմակերպում և իրականացնում է պետական գրանցման և պետական հաշվառման գործընթացները.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով տեղեկություններ է հրապարակում իրավաբանական անձանց գրանցման և լուծարման մասին.
3) իրականացնում է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի վարումը.
4) սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ պետական միասնական գրանցամատյանից, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները.
5) վարում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքը.
6) օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է լրատվության միջոցների հաշվառումը.
7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
2. Գործակալությունը պարտավոր է անձանց համար պայմաններ ստեղծել գործակալության գործունեությանն առնչվող օրենքներին և իրավական այլ ակտերին ծանոթանալու համար: Այդ նպատակով գործակալության բոլոր սպասարկման գրասենյակներում, ինչպես նաև գործակալության պաշտոնական կայքում տեղակայվում են պետական գրանցման և պետական հաշվառման գործընթացը կարգավորող բոլոր իրավական ակտերը:
3. Գործակալության սպասարկման գրասենյակի գործառույթները կարող են իրականացվել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային ծառայությունների միասնական գրասենյակների, նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտների կողմից, որոնց ցանկը, իրականացվող գործառույթների ցանկը, դրանց իրականացման կարգը և նստավայրերը, իսկ նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների և քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտների կողմից իրականացվելու դեպքում նաև գործակալության հետ կնքվող պայմանագրի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Դիվանագիտական ծառայության մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում են օտարերկրյա պետություններում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործառույթներին առնչվող դիմումները և ընթացք են տալիս դրանց:
(12-րդ հոդվածը խմբ. 19.01.21 ՀՕ-40-Ն)
Հոդված 13. | Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը |
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը գործակալության պետի միջոցով կազմակերպում և մեթոդական ղեկավարություն է իրականացնում գործակալության գործունեության նկատմամբ:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը`
1) հաստատում է պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու կարգը, ներառյալ` պետական միասնական գրանցամատյանից տրամադրվող քաղվածքների ձևերը.
2) հաստատում է պետական գրանցման և պետական հաշվառման համար օգտագործվող նմուշային փաստաթղթերի ձևերը.
3) սահմանում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց արխիվային գործերի վարման և պահպանության կարգը.
4) հաստատում է գրանցման վարույթի լսումների և գրավոր ընթացակարգի կիրառման կարգը.
5) օրենքով սահմանված դեպքերում հաստատում է իրավաբանական անձանց կողմից պետական ռեգիստր ներկայացվող տարեկան հաշվետվությունների ձևերը և դրանք ներկայացնելու կարգը.
6) իրականացնում է վերադասության կարգով գործակալության դեմ բերված վարչական բողոքների քննումը.
7) իրականացնում է պետական գրանցման և պետական հաշվառման գործառույթների իրագործման նկատմամբ վերահսկողությունը.
8) ներկայացնում է գործակալությունը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում և դատարաններում գործակալության գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքների քննման ժամանակ.
9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Գ Լ ՈՒ Խ 4
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 14. | Գործակալություն դիմելու կարգը |
1. Գործակալություն փաստաթղթեր ներկայացնելու օրը գործակալությունում դիմումի ստացման ամսաթիվն է:
2. Գործակալություն դիմումներ և դիմումին կից փաստաթղթեր կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում՝ նաև թղթային կրիչի վրա:
3. Պետական գրանցման կամ պետական հաշվառման համար դիմող «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են, մինչև սույն օրենքով սահմանված կարգով գրանցման համար դիմելը, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնել հանձնաժողով:
4. Պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելու պարտականությունը համարվում է պատշաճ կատարված, երբ դիմողը`
1) ներկայացնում է բանկի կամ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող այլ կազմակերպության տված անդորրագրի պատճենը կամ հաստատված վճարման հանձնարարականը.
2) ներկայացնում է համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան կոդը՝ տրամադրված վճարահաշվարկային ծառայություններ իրականացնող կազմակերպության կողմից, կամ
3) կատարում է վճարում պլաստիկ քարտի կամ վիրտուալ պլաստիկ քարտի տվյալները տեղեկատվական համակարգ մուտքագրելու միջոցով:
5. Եթե սույն օրենքով նախատեսված դեպքերում պետական հաշվառում կամ պետական գրանցում կատարելու համար գործակալություն է դիմում լիազորված անձ, ապա օրենքով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում են նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ: Լիազորագրի նոտարական վավերացում չի պահանջվում:
(14-րդ հոդվածը փոփ. 19.01.21 ՀՕ-40-Ն, 03.03.21 ՀՕ-98-Ն )
Հոդված 15. | Գործակալություն փաստաթղթեր ներկայացնելը |
1. Գործակալություն ներկայացվող փաստաթղթերը պետք է բավարարեն հետևյալ պահանջները.
1) թղթային կրիչի վրա ներկայացվող մեկ թերթից ավելի ծավալ ունեցող փաստաթղթի, այդ թվում` փաստաթղթի պատճենի թերթերը պետք է լինեն համարակալված և կարված, որը պետք է ապահովի փաստաթղթի ամբողջականությունը.
2) փաստաթղթերում պետք է նշված լինեն դրանք կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.
3) փաստաթղթերը չպետք է պարունակեն ջնջումներ կամ էական վնասվածքներ, հավելագրումներ, դատարկ և հետագայում լրացման համար նախատեսված չլրացված մասեր, չծանոթագրված ուղղումներ.
4) փաստաթղթերի տեքստը պետք է գրված լինի պարզ, հստակ և ընթեռնելի.
5) միաժամանակ հայերեն և օտար լեզվով ներկայացվող փաստաթղթերի տեքստերը պետք է շարադրվեն իրար հետևից կամ իրար կողքի այն պայմանով, որ իրար հետևից տեքստերի շարադրման դեպքում վերևում զետեղվում է հայերեն տեքստը, ընդ որում` տեքստերի միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տեքստին.
6) փաստաթուղթը պետք է նշում պարունակի այն հաստատելու մասին կամ ձևակերպված լինի այն հաստատող փաստաթղթի հետ մեկ փաստաթղթի տեսքով.
7) կանոնադրությունը (կանոնադրության փոփոխությունները) պետք է նշում պարունակի հաստատման մասին: Կանոնադրության փոփոխությունը կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը պետք է նշում պարունակի նաև իրավաբանական անձի պետական գրանցման տվյալների և պետական գրանցում ստացած վերջին կանոնադրության պետական գրանցման օրվա մասին.
8) իրավաբանական անձի ներկայացրած փաստաթղթի պատճենը պետք է բավարարի սույն հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերով սահմանված պահանջները և պետք է վավերացվի իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կողմից, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և այլ օրենքներով վավերացման այլ կարգ սահմանված չէ: Պատճենը պետք է բովանդակի վավերացման տարին, ամիսը, ամսաթիվը, գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությունը: Անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի ներկայացրած փաստաթղթի պատճենը պետք է վավերացվի սույն կետով սահմանված կարգով՝ փաստաթղթեր ներկայացնող անձի կողմից:
(15-րդ հոդվածը փոփ. 19.01.21 ՀՕ-40-Ն)
Հոդված 16. | Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը գործակալություն ներկայացնելը |
1. Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը կազմվում և ներկայացվում են տեղեկատվական համակարգի միջոցով: Տեղեկատվական համակարգի միջոցով ներկայացվող փաստաթղթերին առաջադրվող պահանջները, հաշվի առնելով էլեկտրոնային եղանակով կազմվող փաստաթղթերի առանձնահատկությունները, պետք է համապատասխանեն սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին:
2. Տեղեկատվական համակարգի միջոցով փաստաթղթերի պատճենները գործակալություն՝ նախնական ուսումնասիրության ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(16-րդ հոդվածը լրաց. 19.01.21 ՀՕ-40-Ն)
Հոդված 17. | Պետական գրանցման կամ պետական հաշվառման գործընթացի համար գործակալություն ներկայացվող փաստաթղթերի բովանդակությանը առաջադրվող պահանջները |
1. Պետական գրանցման կամ պետական հաշվառման համար գործակալություն ներկայացվող դիմումը պետք է բովանդակի`
1) դիմողի անունը, ազգանունը (իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը).
2) դիմող ֆիզիկական անձի անձնագրի կամ նույնականացման քարտի (այսուհետ` անձնագիր) տվյալները, բնակության կամ հաշվառման հասցեն, իրավաբանական անձի գրանցման համարը և գտնվելու վայրը.
3) նշում, որ դիմումը ներկայացվում է գործակալություն.
4) ներկայացվող պահանջը.
5) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը.
6) դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.
7) դիմող ֆիզիկական անձի ստորագրությունը կամ դիմող իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ լիազորված անձի ստորագրությունը:
2. Դիմում ներկայացնելու պահանջը համարվում է պատշաճ կատարված նաև այն դեպքում, երբ անձը գործակալություն է ներկայացնում դիմում լրացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն կամ այդ տեղեկատվությունը պարունակող փաստաթղթեր (անձնագիր, սոցիալական քարտ կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը) և ստորագրում է գործակալության պատրաստած դիմումը:
3․ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվական համակարգի միջոցով դիմողին նույնականացնելու, ինչպես նաև պետական գրանցման կամ պետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը սահմանում է արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարը: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվական համակարգի միջոցով պետական գրանցման կամ պետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում դիմում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե անձը տեղեկատվական համակարգում նույնականացվելուց հետո լրացնում է պետական գրանցման կամ հաշվառման համար անհրաժեշտ տեղեկատվությունը և ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը:
4. Սույն օրենքի համաձայն ներկայացվող դիմումներում, կախված հայցվող գործողության տեսակից, լրացման ենթակա հավելյալ տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որը, սակայն, չի կարող ավելին լինել, քան դիմողին նույնականացնելու, ինչպես նաև պետական գրանցման և պետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստելու համար անհրաժեշտ տեղեկությունները:
5. Եթե օրենսդրությամբ որևէ հաշվառում կամ գրանցում կատարելու համար նախատեսված է լիազոր կամ այլ մարմնի որոշում ներկայացնելու պահանջ, ապա այդ որոշումները կարող են ունենալ հետևյալ ձևերը.
1) նիստի, ժողովի, համագումարի, օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանված այլ մարմնի (այսուհետ` նիստ) արձանագրություն (այսուհետ` Արձանագրություն).
2) որոշում, եթե օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ տվյալ հարցով (հարցերով) որոշումներ ընդունելու լիազորությունները վերապահված են մեկ անձի: Եթե օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ տվյալ հարցով (հարցերով) որոշումներ ընդունելու լիազորությունները վերապահված են մեկ իրավաբանական անձի, ապա տվյալ անձի որոշումները կարող են ունենալ սույն մասի 1-4-րդ կամ 7-րդ կետերով նախատեսված ձևերից որևէ մեկը.
3) համատեղ որոշում, եթե օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ տվյալ հարցով (հարցերով) որոշումներ ընդունելու լիազորությունները վերապահված են երկու կամ ավելի անձանց կամ մարմինների.
4) հրաման.
5) դատարանի որոշում.
6) դատարանի վճիռ.
7) օրենքով սահմանված այլ ձևեր:
6. Արձանագրությունը պետք է բովանդակի տեղեկություններ՝
1) նիստի գումարման օրվա և վայրի մասին.
2) Արձանագրության կազմման օրվա մասին.
3) նիստի աշխատանքներին մասնակցելու իրավունք ունեցող անձանց (այդ թվում՝ ձայնի իրավունք ունեցողների) մասին (եթե առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով այլ բան նախատեսված չէ).
4) նիստի աշխատանքներին մասնակցած անձանց մասին (եթե առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով այլ բան նախատեսված չէ).
5) նիստի օրակարգը.
6) քվեարկության դրված հարցերը, քվեարկության արդյունքները, ընդունված որոշումները.
7) այլ տեղեկություններ, եթե այդպիսի պահանջ սահմանված է առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով, այլ օրենքներով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ:
7. Արձանագրությունից քաղվածքը պետք է պարունակի սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված բոլոր տեղեկությունները, բացառությամբ նույն մասի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված տեղեկությունների, որոնք քաղվածքը կարող է բովանդակել մասամբ: Քաղվածքը պետք է պարունակի տեղեկություններ արձանագրությունը ստորագրած անձանց (այդ թվում` հատուկ կարծիք ներկայացրած անձանց) մասին: Արձանագրությունից քաղվածքի համապատասխանությունը բնօրինակին հավաստում է գործադիր մարմնի ղեկավարը, եթե օրենքով վավերացման այլ կարգ նախատեսված չէ:
8. Եթե օրենքով պահանջվում է ներկայացնել որևէ փաստաթղթի պատճենը, ապա պատճենի համապատասխանությունը բնօրինակին պետք է հավաստվի իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ՝ ստորագրության ամսաթվի նշումով կամ նոտարական կարգով:
9. Եթե անձը փաստաթղթերը գործակալություն ներկայացնելիս օգտվում է սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված փաստաթղթերի նմուշային ձևերից, ապա համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, երբ անձը գործակալություն է ներկայացնում նմուշային ձևերը լրացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, և փաստաթղթերը ստորագրվում են օրենքով նախատեսված համապատասխան անձանց կողմից: (նախադասությունը հանվել է 19.01.21 ՀՕ-40-Ն)
10․ Արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի սահմանած կարգով համացանցում գործակալության պաշտոնական կայքի միջոցով փաստաթղթերն անմիջապես տեղեկատվական համակարգ ներմուծելիս սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված փաստաթղթերի նմուշային ձևերից օգտվելու դեպքում փաստաթղթեր ներկայացնելու պահանջը համարվում է պատշաճ կերպով կատարված՝ օրենքով սահմանված կարգը պահպանելու դեպքում:
11. Պետական գրանցման և պետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի, ինչպես նաև կանոնադրության նմուշային ձևերը և դրանց լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Գործակալությունը նմուշային ձևերը անձանց տրամադրում է սպասարկման գրասենյակում: Դրանք պետք է ներդրվեն նաև տեղեկատվական համակարգում՝ սպասարկման գրասենյակում գործակալության աշխատակցի կողմից, ինչպես նաև համացանցի միջոցով ցանկացած այլ անձի կողմից փաստաթղթեր կազմելու նպատակով:
12. Սույն հոդվածի պահանջները չբավարարող փաստաթղթերը, բացառությամբ սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված դեպքերի, գործակալությունը վերադարձնում է առանց քննարկման:
(17-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 19.01.21 ՀՕ-40-Ն)
Հոդված 18. | Պետական գրանցման և պետական հաշվառման համար դիմող անձանց օգնություն ցուցաբերելը |
1. Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա գործակալությունը դիմողին սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետում առաջարկում է համալրել այդ ցանկը:
2. Գործակալությունը պարտավոր է ֆիզիկական անձանց պարզաբանումներ տալ դիմումով առաջադրվող հարցի կապակցությամբ պետական գրանցման և պետական հաշվառման հետ կապված նրանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ, օժանդակել դիմումի ձևակերպմանը:
3. Եթե դիմողն ընտրում է օգտվել սույն օրենքի հիման վրա սահմանված նմուշային տեքստերից, տիպային ձևերից, սահմանված նմուշներից, ապա գործակալության աշխատակիցները պարտավոր են աջակցել քաղաքացուն լրացնել ձևաթղթերը, իսկ դրանց տեղեկատվական համակարգի միջոցով լրացվելու դեպքում նաև կազմել դրանք` հիմք ընդունելով դիմողի տրամադրած տեղեկատվությունը և փաստաթղթերը:
Հոդված 19. | Պետական գրանցման և պետական հաշվառման վարույթի ժամանակ գործում առկա թերությունները վերացնելը |
1. Պետական գրանցման կամ պետական հաշվառման համար դիմողների ներկայացրած փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում գործակալությունը պարտավոր է այդ փաստաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրել դրանց վրա` շտկելու նպատակով:
2. Եթե դիմումում կամ կից ներկայացված փաստաթղթերում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա գործակալության աշխատակիցը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթները չեն կիրառվում փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որոնք շտկելու կամ վերացնելու իրավունքն օրենքով վերապահված է այդ փաստաթղթերն ընդունած կամ տված մարմիններին:
Հոդված 20. | Պետական գրանցման ընթացքում լսումների առանձնահատկությունները |
1. Պետական գրանցման վարույթները, որպես կանոն, իրականացվում են առանց լսումների՝ որոշումներն ընդունելով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ:
2. Գրանցման գործընթացում իրականացվում են լսումներ, երբ առկա է այլ անձի գրավոր դիմում կամ հաստատված աղբյուր ունեցող այլ տեղեկություն, որը վիճարկում է պետական գրանցման համար էական որևէ փաստի գոյությունը կամ հավաստիությունը, բացառությամբ սույն հոդվածի 23-րդ մասով նախատեսված դեպքերի: Լսումները կարող են իրականացվել ինչպես որևէ անձի դիմումի հիման վրա, այնպես էլ գործակալության համապատասխան որոշման հիման վրա:
3. Լսումների միջոցով կարող են պարզվել և լսումների ժամանակ քննարկման առարկա դառնալ բացառապես պետական գրանցման վարույթի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները:
4. Լսումներ իրականացնելու հիմքերի առկայության դեպքում գործակալությունը ընդունում է որոշում, որը պետք է պարունակի լսումներ իրականացնելու հիմքերը, լսումների միջոցով պարզելու ենթակա փաստերի շրջանակը, լսումների իրականացման վայրը, ամիսը, օրը, ժամը:
5. Լսումների մասին որոշումը կայացնելու պահից կասեցվում է օրենքով սահմանված գրանցման ժամկետի ընթացքը ոչ ավել, քան քսան օրով, որը կարող է երկարաձգվել ևս տասը օրով, եթե քսանօրյա ժամկետում հնարավոր չի եղել պարզել վիճելի հանգամանքները: Այս դեպքում ընդունվում է պատճառաբանված որոշում:
6. Լսումներ իրականացնելու մասին որոշումը կազմվում է էլեկտրոնային փաստաթղթի միջոցով և ուղարկվում է դիմող անձի էլեկտրոնային հասցեին: Եթե լսումների իրականացման համար հիմք է ծառայել որևէ անձի դիմումը, ապա որոշումն ուղարկվում է նաև տվյալ անձի էլեկտրոնային փոստի հասցեով: Որոշումը նաև հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
7. Լսումների մասնակիցներն են`
1) պետական հաշվառման կամ պետական գրանցման համար դիմած անձը, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմում բերող անձը.
2) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել լսումների արդյունքում.
3) այլ անձինք` վկաներ, փորձագետներ, թարգմանիչներ:
8. Լսումները բաց են, և դրանց ժամանակ կարող է ներկա լինել ցանկացած անձ:
9. Գործակալությունը, ելնելով արդյունավետության սկզբունքից, իրավասու է լսումներից հեռացնել ցանկացած անձի, եթե կգտնի, որ լսումները տվյալ անձի իրավունքների վրա ազդեցություն չեն ունենա, իսկ տվյալ անձի ներկայությունը լսումների ժամանակ խոչընդոտում է լսումների բնականոն ընթացքը:
10. Լսումները պետք է իրականացվեն լսումների մասին որոշման մեջ նշված ժամկետում, որը, սակայն, չի կարող ավելի ուշ լինել, քան լսումների մասին որոշումը ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում:
11. Լսումներին որևէ անձի չներկայանալը, անկախ պատճառից, հիմք չէ լսումների հետաձգման համար:
12. Լսումներն իրականացվում են նիստի ձևով: Լսումները պետք է ավարտվեն մեկ նիստի ընթացքում: Եթե նիստը չի ավարտվում ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում, ապա նիստը շարունակվում է հաջորդ աշխատանքային օրը՝ աշխատանքային օրվա սկզբից:
13. Լսումների միջոցով պարզելու ենթակա բոլոր հանգամանքների քննարկումից հետո գործակալությունը ավարտում է լսումները և վերադառնում գրանցման վարույթին՝ առանց առանձին ակտի ձևով որոշում ընդունելու:
14. Լսումներ իրականացնող մարմինը արձանագրում է քննարկումները:
15. Արձանագրությունը պետք է պարունակի`
1) լսումներ իրականացնող մարմնի անվանումը.
2) լսումներ իրականացնելու վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը.
3) լսումներին մասնակցած անձանց (երրորդ անձանց, այլ անձանց) անունը և ազգանունը` տվյալ գործում նրանց կարգավիճակի (դիմող, երրորդ անձ, վկա և այլն) նշմամբ.
4) քննարկվող հարցի հանգամանքների բովանդակությունը.
5) լսումների մասնակիցների և լսումների ժամանակ հանդես եկող այլ անձանց ելույթների համառոտ շարադրանքը:
16. Արձանագրությունը կարող է պարունակել նաև լրացուցիչ տեղեկություններ:
17. Եթե քննարկումը կատարվել է ընդմիջումներով, ապա պետք է նշվեն նաև ընդմիջման վերաբերյալ տեղեկությունները: Մի քանի քննարկումներ անցկացնելու դեպքում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ կազմվում է առանձին արձանագրություն: Արձանագրությանը կարող են կցվել հավելվածներ, այդ թվում` գործում առկա բոլոր փաստաթղթերի ցանկը` ըստ դրանք ներկայացրած լսումների մասնակիցների:
18. Գործակալությունը կարող է լսումները փոխարինել գրավոր եղանակով հանգամանքների պարզման ընթացակարգով (այսուհետ՝ գրավոր ընթացակարգ): Գրավոր ընթացակարգը կիրառելու դեպքում գործակալությունն այդ մասին ընդունում է որոշում՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով, որն ուղարկվում է դիմումատուի էլեկտրոնային փոստի հասցեին, բողոք ներկայացրած անձի էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
19. Որոշումը պետք է նշում պարունակի գրավոր ընթացակարգի կիրառման հիմքերի, ինչպես նաև պարզման ենթակա փաստական հանգամանքների մասին:
20. Որոշման հրապարակման պահից հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, ցանկացած անձ կարող է ներկայացնել գրավոր ապացույցներ որոշման մեջ նշված հանգամանքների վերաբերյալ:
21. Գործակալությունը ստանում է բոլոր ներկայացված ապացույցները և դրանց գնահատման միջոցով որոշում կայացնում հանգամանքի հիմնավորված կամ չհիմնավորված լինելու մասին, որն էլ պետք է արտացոլվի վարչական վարույթի արդյունքում ընդունված որոշման մեջ:
22. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը հաստատում է լսումների և գրավոր ընթացակարգի իրականացման կարգը՝ հիմնվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն օրենքի պահանջների հիման վրա:
23. Եթե սույն օրենքով կամ այլ օրենքներով սահմանված պետական գրանցման իրականացման ժամկետը կազմում է ոչ ավել, քան հինգ աշխատանքային օր, ապա պետական գրանցման վարույթներն իրականացվում են առանց լսումների՝ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ, բացառությամբ սույն հոդվածի 24-րդ մասով նախատեսված դեպքի:
24. Որևէ անձի գրավոր դիմումի առկայության դեպքում, որի համաձայն գրանցման ներկայացված փաստաթղթերում զետեղված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, գրանցումը մերժելու ակնհայտ հիմքերի բացակայության դեպքում պարտադիր իրականացվում են լսումներ կամ գրավոր ընթացակարգ:
Հոդված 21. | Գործակալության կողմից պետական գրանցումը կամ պետական հաշվառումը մերժելը, սխալները շտկելը և փաստաթղթերը կրկին գործակալություն ներկայացնելը |
1. Սույն օրենքով նախատեսված հիմքերով և կարգով գործակալությունը մերժում է պետական գրանցման կամ պետական հաշվառման դիմումը` այդ մասին ընդունելով պատճառաբանված որոշում: Մերժման որոշումը պետք է պարունակի մերժման բոլոր հիմքերը և ներկայացված փաստաթղթերում առկա և գրանցմանը խոչընդոտող բոլոր թերությունները, ինչպես նաև պարունակի հղում կոնկրետ իրավական նորմի վրա, որը հիմք է ծառայել մերժման համար:
2. Մերժման մասին որոշումը կազմվում է էլեկտրոնային փաստաթղթի ձևով, ստորագրվում է գործակալության էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում է դիմողի ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ գործակալության պաշտոնական կայքում համապատասխան գաղտնաբառը մուտքագրելու պայմանով:
3. Մերժման մասին որոշումը համարվում է ընդունված այն դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին հասնելու պահից կամ համացանցում հասանելի դառնալու պահից:
4. Մերժման մասին որոշումը ստանալուց հետո դիմողը կարող է երկու աշխատանքային օրվա ընթացքում շտկել սխալները և փաստաթղթերը կրկին ներկայացնել գործակալություն՝ պետական գրանցում կամ պետական հաշվառում կատարելու համար: Եթե նախկինում վճարվել էր պետական տուրք, ապա պետական տուրք կրկին չի վճարվում, և պետական գրանցման կամ պետական հաշվառման դիմումում նշվում են նախկինում ներկայացված պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի տվյալները:
5. Եթե անձը սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետում շտկված կամ լրացված փաստաթղթերը չի ներկայացնում պետական գրանցման կամ պետական հաշվառման, կամ կրկին ներկայացված փաստաթղթերում նույնպես առկա են մերժման հիմքեր, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի, ապա մերժումը համարվում է վերջնական, և պետական տուրքը չի վերադարձվում: Պետական տուրքը և դրա վճարումը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև մերժման համար հիմք ծառայած փաստաթուղթը անձին չեն վերադարձվում:
6. Եթե կրկին ներկայացված փաստաթղթերում առկա են պետական գրանցումը կամ պետական հաշվառումը մերժելու այնպիսի հիմքեր, որոնք առկա էին փաստաթղթերի առաջին ներկայացման ժամանակ, սակայն դրանց մասին մատնանշված չէր մերժման որոշման մեջ, ապա անձը կարող է կրկին դիմել գործակալություն` սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով:
Հոդված 22. | Գործակալությունում փաստաթղթերի պահպանումը |
1. Գործակալությունը պահպանում է բոլոր պետական գրանցումների և պետական հաշվառումների փաստաթղթերը:
2. Իր գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի արխիվային գործը 10 տարի ենթակա է պահպանման պետական ռեգիստրի գործակալության արխիվում, որից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա է ոչնչացման: Գրանցամատյանում առկա՝ լուծարված իրավաբանական անձանց մասին տեղեկությունները ենթակա են անժամկետ պահպանման:
3. Պետական գրանցման և պետական հաշվառման փաստաթղթերի պահպանության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
Հոդված 23. |
Գործակալության գործողությունների կամ անգործության բողոքարկումը |
1. Պետական գրանցումը կամ պետական հաշվառումը մերժելը, պետական գրանցում կամ պետական հաշվառում կատարելուց խուսափելը, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրելուց խուսափելը վերադասության կարգով կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կամ դատարան:
Գ Լ ՈՒ Խ 5
ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 24. | Պետական միասնական գրանցամատյանը |
1. Պետական միասնական գրանցամատյանը բաղկացած է պետական հաշվառման և պետական գրանցման գրանցամատյաններից:
Հոդված 25. | Անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց պետական հաշվառման գրանցամատյանում գրառվող տեղեկությունները |
1. Անհատ ձեռնարկատերեր հաշվառված անձանց պետական հաշվառման գրանցամատյանում գրառվում են հետևյալ տեղեկությունները.
1) անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի պետական հաշվառման համարը.
2) պետական հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը.
3) անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի հարկ վճարողի հաշվառման համարը.
4) անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը.
5) անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի անունը, ազգանունը.
6) անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի անձնագրային տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված).
7) անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի սոցիալական քարտի համարը կամ նշում սոցիալական քարտից հրաժարվելու մասին, ներառյալ` տեղեկանքի համարը, հաշվառման կամ բնակության վայրի հասցեն.
8) որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հասցեն.
9) անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակ(ներ)ը` ըստ տնտեսական գործունեության դասակարգչի.
10) հաշվառումից հանվելու դեպքում` նշում այդ մասին.
11) ներկայացման դեպքում՝ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի հեռախոսահամար(ներ)ը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը և կապի այլ միջոցներ.
12) եթե անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձը օտարերկրյա ֆիզիկական անձ է, ապա գրանցամատյանում գրառվում է նաև տվյալ անձի քաղաքացիությունը:
2. Եթե որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար դիմած անձը նախկինում հաշվառված է եղել որպես անհատ ձեռնարկատեր, ապա նրա հաշվառման տվյալների մեջ ավելացվում են միայն կրկին հաշվառման տարին, ամիսը և ամսաթիվը, ինչպես նաև նախկինում հաշվառման տվյալների համեմատ փոփոխությունները:
Հոդված 25.1. | Պետական մարմնի վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառվող տեղեկությունները |
1. Պետական մարմնի վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառվում են հետևյալ տեղեկությունները.
1) պետական մարմնի անվանումը,
2) պետական հաշվառման համարը,
3) պետական հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը,
4) գտնվելու վայրի հասցեն,
5) կոդը (ՁԿԴ),
6) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
7) կապի միջոցները՝ էլեկտրոնային փոստի հասցեն, համացանցային կայքէջի հասցեն, հեռախոսահամար(ներ)ը,
8) տեղեկություններ գլխավոր քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) մասին (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն): Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա պետական մարմինների՝ գլխավոր քարտուղար չունենալու դեպքում գրառվում են տեղեկություններ պետական մարմնի ղեկավարի մասին:
(25.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-210-Ն)
Հոդված 26. | Իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունները |
1. Իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառվում են հետևյալ տեղեկությունները.
1) իրավաբանական անձի անվանումը.
2) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.
3) պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը.
4) հիմնադրման տարին.
5) հիմնադրման եղանակը.
6) իրավաբանական անձի կոդը (ՁԿԴ).
7) իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը.
8) իրավաբանական անձի սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը.
9) իրավաբանական անձի կողմից իրականացվող գործունեության հիմնական տեսակ(ներ)ը` ըստ տնտեսական գործունեության դասակարգչի.
10) հիմնադիրների կազմը և տեղեկություններ նրանց վերաբերյալ (ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, բնակության, հաշվառման վայրի հասցեն, կապի պաշտոնական տվյալները` հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը և կապի այլ միջոցներ, եթե այդպիսիք ներկայացվել են գործակալություն, իրավաբանական անձանց դեպքում` անվանումը, պետական գրանցման համարը, ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրը).
11) մասնակիցների կազմը և տեղեկություններ նրանց վերաբերյալ (ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, բնակության կամ հաշվառման վայրը, կապի պաշտոնական տվյալները՝ հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը և կապի այլ միջոցներ, եթե այդպիսիք ներկայացվել են գործակալություն, իրավաբանական անձանց դեպքում` անվանումը, պետական գրանցման համարը, ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրը).
12) մասնակիցների՝ իրավաբանական անձի մասնակից դառնալու, մասնակցության չափի փոփոխության և մասնակցությունը դադարեցնելու տարին, ամիսը, ամսաթիվը.
13) կանոնադրական կապիտալի չափը.
14) կանոնադրական կապիտալում մասնակիցների ներդրումների չափը.
15) իրավաբանական անձի գտնվելու վայրը (փոստային հասցեն).
16) իրավաբանական անձի կապի պաշտոնական տվյալները՝ հեռախոսահամար(ներ)ը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը և կապի այլ միջոցներ, եթե այդպիսիք ներկայացվել են գործակալություն.
17) իրավաբանական անձի գործունեության ժամկետը, եթե այն ստեղծված է որոշակի ժամանակով.
18) տեղեկություններ լուծարման գործընթացում գտնվելու մասին (լուծարման գործընթացի սկիզբն ու ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը).
18.1) տեղեկություններ բաժնետիրական ընկերության կողմից «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ ընկերության գործունեությունը շարունակելու մասին որոշում կայացնելու վերաբերյալ.
19) գործունեության (գոյության) դադարման դեպքում նշում այդ մասին.
20) տեղեկություններ իրավահաջորդության վերաբերյալ` իրավահաջորդ և իրավանախորդ իրավաբանական անձի անվանումը և գրանցման համարը.
21) տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնակատարի (օրենքով նախատեսված դեպքերում՝ ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձի) մասին (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, բնակության (հաշվառման) վայրը, կապի միջոցները՝ հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը, եթե այդպիսիք ներկայացվել են գործակալություն).
21.1) տեղեկություններ ռեդոմիցիլացման ընթացքում գտնվելու վերաբերյալ (ռեդոմիցիլացման երկիրը, տեղեկությունների գրառման օրը, ամիսը, տարին).
22) տեղեկություններ իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին (Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման դեպքում՝ օտարերկրյա պետությունում անվանումը, գրանցման համարը, գրանցման ամսաթիվը, պետությունը, որի իրավազորության ներքո իրավաբանական անձը գրանցված է եղել, օտարերկրյա պետությունում գրանցումը դադարեցնելու ամսաթիվը, ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի նախնական գրանցման օրը, ամիսը, տարին, ռեդոմիցիլացման գրանցման օրը, ամիսը, տարին, իսկ օտարերկրյա պետությունում ռեդոմիցիլացման դեպքում՝ օտարերկրյա պետությունում անվանումը, գրանցման համարը, գրանցման ամսաթիվը, պետությունը, Հայաստանի Հանրապետությունում գրանցումը դադարեցնելու ամսաթիվը, ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի նախնական գրանցման օրը, ամիսը, տարին, ռեդոմիցիլացման գրանցման օրը, ամիսը, տարին).
23) տեղեկություններ իրավաբանական անձի անունից առանց լիազորագրի հանդես գալու իրավունք ունեցող անձի մասին (անձը նույնականացնող տվյալներ, նշում պաշտոնի և լիազորությունների մասին), եթե այդպիսիք ներկայացվել են:
24) տեղեկություններ իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ (անունը, ազգանունը, քաղաքացիությունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ՀԾՀ, բնակության (հաշվառման) վայրը, կապի միջոցները, իրական շահառու դառնալու ամսաթիվը, իրական շահառու հանդիսանալու հիմքերը):
2. Բաժնետիրական ընկերությունների պետական գրանցման դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի, չեն գրառվում սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ, 12-րդ և 14-րդ կետերով սահմանված տեղեկությունները:
3. Կոոպերատիվների համար, ի հավելումն սույն հոդվածի 1-ին մասի տեղեկությունների, գրառվում է նաև անբաժանելի ֆոնդի չափը:
4. Եթե տնտեսական ընկերության կամ ընկերակցության, առևտրային կոոպերատիվի մասնակից է Հայաստանի Հանրապետությունը կամ Հայաստանի Հանրապետության համայնքը, ապա իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում պարտադիր գրառվում են նաև հետևյալ տեղեկությունները.
1) պետության կամ համայնքի մասնակցության չափը (եթե նույնիսկ այլ մասնակիցների համար այդ տվյալը չի գրառվում).
2) պետական կառավարման լիազորված մարմնի կամ համայնքի անվանումը.
3) Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության համայնքի՝ իրավաբանական անձի մասնակից դառնալու հիմք համարվող իրավական ակտի լրիվ անվանումը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված տեղեկությունները գործակալություն է ներկայացնում իրավաբանական անձի գործադիր մարմնի, սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված պետական կառավարման լիազորված մարմնի կամ համայնքի ղեկավարը, եթե այլ մարմին կամ անձ չի նախատեսվում իրավասու մարմնի որոշմամբ կամ հանձնարարականով: Բաժնետիրական ընկերությունների դեպքում իրավաբանական անձի գործադիր մարմնի, սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված պետական կառավարման լիազորված մարմնի կամ համայնքի ղեկավարի դիմումին կցվում է ընկերության բաժնետերերի ռեեստրը վարող համապատասխան մասնագիտացված կազմակերպության տված համապատասխան փաստաթուղթը:
6. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումներ և հիմնարկներ հաշվառելու դեպքում համապատասխան իրավաբանական անձին վերաբերող գրանցման մեջ գրառվում է նաև առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հաշվառման համարը: Կուսակցությանը վերաբերող գրանցման մեջ գրառվում են նաև տարածքային ստորաբաժանման անվանումը և հերթական (հաշվառման) համարը:
7. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանմանը և (կամ) հիմնարկին վերաբերվող գրանցման մեջ գրառվում են`
1) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի անվանումը.
2) պետական գրանցամատյանում պետական հաշվառման համարը.
3) պետական հաշվառման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.
4) գտնվելու վայրը (փոստային հասցեն) և կապի միջոցները՝ հեռախոսահամար, ֆաքսի համար, էլեկտրոնային փոստ (առկայության դեպքում).
5) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի մասին տեղեկություններ (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, բնակության (հաշվառման) վայրը, կապի միջոցները՝ հեռախոսահամար, ֆաքսի համար, էլեկտրոնային փոստ, եթե դրանք ներկայացվել են գործակալություն): Սույն կետով սահմանված տեղեկությունները պարտադիր գրառման ենթակա են փոփոխությունների պետական հաշվառման ժամանակ, ինչպես նաև այն դեպքում, երբ նոր հաշվառվող առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հիմնադիրն ընտրել է (նշանակել է) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գործադիր մարմնի ղեկավար.
6) գործունեության դադարման դեպքում՝ նշում այդ մասին:
8. Պետական գրանցման դեպքում գրանցամատյանում գրառվում են տեղեկություններ համապատասխան պետական գրանցումը կատարելու հիմքերի (Արձանագրության, որոշման, դատարանի վճռի կամ այլ ակտի ընդունման ամսաթվի, համարակալված լինելու դեպքում՝ հերթական համարի) մասին:
9. Գրանցամատյանում յուրաքանչյուր իրավաբանական անձին վերաբերող տեղեկություններին տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով կցվում են պետական գրանցումը կատարելու համար հիմք ծառայած փաստաթղթերը՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված լինելու դեպքում, կամ դրանց` պատկերամուտի միջոցով արված պատճենները՝ թղթային կրիչի վրա փաստաթղթերը գործակալություն ներկայացնելու դեպքում:
10. Սույն հոդվածով նախատեսված տեղեկությունները կամ դրանց մի մասը կարող են ինքնաշխատ կերպով լրացվել տեղեկատվական համակարգի միջոցով կամ ստացվել պետական հաշվառման այլ համակարգերից:
11. Սույն հոդվածով սահմանված տեղեկությունները գործակալության կողմից փոփոխվել չեն կարող, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
12. Եթե իրավաբանական անձը հավատարմագրային կառավարման պայմանագրի, կոնցեսիոն պայմանագրի կամ որևէ այլ հիմքով հանձնվել է կառավարման, ապա սույն հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով նախատեսված տեղեկության փոխարեն նշվում են կառավարող անձի տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի հաշվառման համարը՝ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց համար, կամ անվանումը և պետական գրանցման համարը՝ իրավաբանական անձանց համար:
13. Սույն հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով սահմանված տեղեկությունները պարտադիր գրառման ենթակա են փոփոխությունների պետական գրանցման ժամանակ, ինչպես նաև այն դեպքում, երբ նոր գրանցվող (ստեղծվող) իրավաբանական անձի հիմնադիր ժողովը (համագումարը կամ օրենքով սահմանված այլ մարմինը) կամ հիմնադիրը ընտրել (նշանակել) են իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար:
14. Իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում ոչ առևտրային կազմակերպությունների վերաբերյալ սույն հոդվածով նախատեսված տեղեկատվությունը գրառվում է՝ հաշվի առնելով սույն օրենքով և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող առանձին օրենքներով նախատեսված առանձնահատկությունները:
15. Հասարակական միավորումների և հիմնադրամների վերաբերյալ իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառման ենթակա չեն սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ և 14-րդ կետերով սահմանված տեղեկությունները:
16. Կուսակցությունների վերաբերյալ իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառման ենթակա չեն սույն հոդվածի 1-ին մասի 10-12-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, և գրառվում են մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների վերաբերյալ տեղեկությունները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը), իսկ սույն հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով նախատեսված տեղեկությունների փոխարեն գրառվում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի կամ մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի պաշտոնակատարի կամ մշտապես գործող ղեկավար մարմնի կողմից լիազորված անձի մասին տեղեկություններ, եթե մշտապես գործող ղեկավար մարմինն անձին լիազորել է հանդես գալու կուսակցության անունից (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, կապի միջոցները՝ էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարն ու ֆաքսը, եթե այդպիսիք ներկայացվել են գործակալություն):
17. Սպառողական կոոպերատիվների վերաբերյալ իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում գրառման ենթակա չեն սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերով սահմանված տեղեկությունները:
18. Համատիրությունների վերաբերյալ իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառման ենթակա չեն սույն հոդվածի 1-ին մասի 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերով սահմանված տեղեկությունները, որոնց փոխարեն իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում գրառվում են տեղեկություններ համատիրության կազմում ընդգրկված բազմաբնակարան շենքերի վերաբերյալ: Համատիրության կազմում ընդգրկված բազմաբնակարան շենքերի վերաբերյալ տեղեկությունների կազմը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
19. Առանձին ոչ առևտրային կազմակերպություններին վերաբերող հատուկ օրենքներով կարող են նախատեսվել գրառման ենթակա տեղեկությունների ծավալի առանձնահատկություններ:
20. (մասն ուժը կորցրել է 03.06.21 ՀՕ-246-Ն)
21. (մասն ուժը կորցրել է 03.06.21 ՀՕ-246-Ն)
22. (մասն ուժը կորցրել է 03.06.21 ՀՕ-246-Ն)
23. (մասն ուժը կորցրել է 03.06.21 ՀՕ-246-Ն)
24. (մասն ուժը կորցրել է 03.06.21 ՀՕ-246-Ն)
25. (մասն ուժը կորցրել է 03.06.21 ՀՕ-246-Ն)
26. (մասն ուժը կորցրել է 03.06.21 ՀՕ-246-Ն)
27. (մասն ուժը կորցրել է 03.06.21 ՀՕ-246-Ն)
28. Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց վերաբերյալ գրանցամատյանում ենթակա են գրառման սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ և 22-րդ կետերով սահմանված տեղեկությունների, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով նախատեսված տվյալներից՝ միայն գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը: Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների վերաբերյալ գրանցամատյանում ենթակա են գրառման սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված տեղեկությունները, բացառությամբ 7-րդ մասի 5-րդ կետի: Սույն մասով նախատեսված տեղեկությունները գրանցամատյանում գրառվում են` հաշվի առնելով սույն մասով նախատեսված իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող առանձին օրենքներով նախատեսված առանձնահատկությունները: Սույն մասով նախատեսված տեղեկությունները գործակալությանը տրամադրվում են ինքնաշխատ եղանակով: Սույն մասով նախատեսված իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարի վերաբերյալ գրանցամատյանում գրառված տեղեկությունները, բացառությամբ գործադիր մարմնի ղեկավարի անվան և ազգանվան, կարող են տրամադրվել միայն պետական մարմիններին և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տեղեկատվություն ստանալու իրավասություն ունեցող մասնավոր անձանց՝ արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության հետ կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան:
29․ Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով նախատեսված տեղեկությունները պետական ռեգիստրի գործակալությանը տրամադրում է Կենտրոնական բանկը։
(26-րդ հոդվածը լրաց. 17.11.16 ՀՕ-207-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-30-Ն, լրաց. 23.04.19 ՀՕ-25-Ն, լրաց., փոփ. 19.01.21 ՀՕ-40-Ն, 03.06.21 ՀՕ-246-Ն, լրաց. 26.05.21 ՀՕ-239-Ն, լրաց., խմբ. 29.12.20 ՀՕ-7-Ն)
(19.01.21 ՀՕ-40-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.06.21 ՀՕ-246-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 6
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ
(վերնագիրը լրաց. 23.03.18 ՀՕ-210-Ն)
Հոդված 27. | Անձանց` որպես անհատ ձեռնարկատեր, պետական հաշվառումը |
1. Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձը կամ նրա կողմից լիազորված անձը պետական հաշվառման համար գործակալություն է ներկայացնում՝
1) դիմում.
2) անձնագիրը (անձնագիրը անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է).
3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ, եթե դիմումը ներկայացվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով.
4) սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով լիազորված անձի կողմից դիմում ներկայացվելու դեպքում՝ նաև լիազորագիրը, ինչպես նաև որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձի անձնագրի պատճենը:
2. Դիմումը համարվում է պատշաճ ներկայացված, եթե դիմողը գործակալության համապատասխան աշխատակցին հայտնում է դիմումի լրացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը և ստորագրում է գործակալության աշխատակցի պատրաստած դիմումը:
3. Էլեկտրոնային եղանակով տեղեկատվական համակարգի միջոցով պետական հաշվառման համար դիմումը համարվում է պատշաճ ներկայացված, եթե որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձը տեղեկատվական համակարգում նույնականացվելուց հետո լրացնում է հաշվառման համար անհրաժեշտ տեղեկատվությունը: Սույն մասով սահմանված կարգով հաշվառման համար պետական տուրք չի գանձվում:
4. Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը գործակալություն ներկայացնելու դեպքում անձնագիր ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե անձնագրային տվյալները պատշաճ լրացվում են տեղեկատվական համակարգում, և տվյալների ճշտությունը հավաստվում է տեղեկատվական համակարգի կողմից այլ տվյալների բազաների, ներառյալ` էլեկտրոնային ստորագրության տվյալների բազայի հետ համադրելու միջոցով:
5. Տեղեկատվական համակարգն օրենսդրությամբ նախատեսված տվյալները մուտքագրելուց հետո ինքնաշխատ կերպով ստուգում է այդ տեղեկատվության ճշտությունը` դրանք համադրելով համակարգում պահվող տեղեկատվության հետ, ինչպես նաև այլ տեղեկատվական բազաների հետ, և անճշտություններ կամ մերժելու հիմքեր չհայտնաբերվելու դեպքում սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները տեղեկատվական համակարգի կողմից լրացվում են պետական միասնական գրանցամատյանում: Տեղեկատվական համակարգը, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձին, օրենքով նախատեսված կարգով շնորհում է պետական հաշվառման համարը, հարկային մարմնի տրամադրած` հարկ վճարողի հաշվառման համարը և սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը:
6. Որպես անհատ ձեռնարկատեր` անձի հաշվառումն իրականացվում է անմիջապես անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահին, բացառությամբ սույն հոդվածի 6.1-ին մասով նախատեսված դեպքերի:
6.1․ Դիմողն իրավասու է մատնանշելու անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման ավելի երկար ժամկետ, որը չի կարող գերազանցել 30 օրացուցային օրը:
7. Անձը համարվում է որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձ պետական միասնական գրանցամատյանում սույն օրենքով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից:
8. Որպես անհատ ձեռնարկատեր` անձի հաշվառումը հավաստվում է միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածքով, որն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:
9. Անձի պահանջով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով անձին կարող է տրվել քաղվածքի արտատպումը (պատճենը), իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու: (նախադասությունը հանվել է 19.01.21 ՀՕ-40-Ն) Սույն կետով նախատեսված քաղվածքը պետք է պարունակի նշված անձին վերաբերող` միասնական պետական գրանցամատյանում գրառված ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաև քաղվածքը տրամադրելու ամսաթիվը:
10. Որպես անհատ ձեռնարկատեր (սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` կրկին որպես անհատ ձեռնարկատեր) հաշվառված անձին գործակալությունը տրամադրում է (այդ թվում` սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով) նաև հարկային մարմնի սահմանած ձևով ծանուցում` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային համակարգերի ու դրանց ընտրության նպատակով հայտարարություններ ներկայացնելու ժամկետների վերաբերյալ: Անհատ ձեռնարկատերերը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու և որպես ավելացված արժեքի հարկ վճարող հաշվառվելու, շրջանառության հարկ վճարող, ինչպես նաև ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունները կարող են ներկայացնել գործակալության միջոցով:
(27-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-280-Ն, խմբ., փոփ., լրաց. 19.01.21 ՀՕ-40-Ն)
Հոդված 27.1 | Պետական մարմնի պետական հաշվառումը |
1. Պետական մարմնի պետական հաշվառման համար պետական մարմնի գլխավոր քարտուղարը (աշխատակազմի ղեկավարը) կամ սույն օրենքով նախատեսված դեպքում պետական մարմնի ղեկավարը ներկայացնում է դիմում, որում նշվում են պետական մարմնի անվանումը, տեղեկություններ պետական մարմին ստեղծելու մասին իրավական ակտի վերաբերյալ, գտնվելու վայրի հասցեն, կապի միջոցները՝ էլեկտրոնային փոստի հասցեն, համացանցային կայքէջի հասցեն, հեռախոսահամար(ներ)ը, տեղեկություններ պետական մարմնի ղեկավարի կամ գլխավոր քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) մասին (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն):
2. Պետական մարմնի հաշվառումն իրականացվում է մեկօրյա ժամկետում:
3. Պետական մարմինը համարվում է հաշվառված պետական միասնական գրանցամատյանում սույն օրենքով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից:
4. Պետական մարմնի վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառված տեղեկությունների փոփոխությունները կատարվում են գլխավոր քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի), սույն օրենքով նախատեսված դեպքում պետական մարմնի ղեկավարի դիմումի հիման վրա՝ պետական հաշվառման համար սույն հոդվածով սահմանված ընթացակարգով:
5. Գործունեությունը դադարած պետական մարմինը հաշվառումից հանվում է գլխավոր քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) կամ պետական մարմնի ղեկավարի դիմումի համաձայն: Վերակազմակերպման արդյունքով պետական մարմնի գործունեությունը դադարելու դեպքում պետական միասնական գրանցամատյանում կատարվում է նշում իրավահաջորդի մասին (անվանում, պետական գրանցման կամ պետական հաշվառման համար):
6. Պետական մարմնի պետական հաշվառման, փոփոխությունների պետական հաշվառման, պետական հաշվառումից հանելու համար պետական տուրք չի գանձվում:
(27.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-210-Ն)
Հոդված 28. | Անձին՝ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումը մերժելու հիմքերը |
1. Անձի որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը մերժվում է, եթե`
1) նա արդեն հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր.
2) նրա ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկատվությունը ամբողջական չեն.
3) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, և դատվածությունը մարված կամ վերացված չէ:
2. Որպես անհատ ձեռնարկատեր` անձի հաշվառումն աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված թերության առկայության դեպքում անձին անմիջապես հնարավորություն է տրվում շտկելու կամ լրացնելու ներկայացված փաստաթղթերը, որից հետո իրականացվում է հաշվառումը:
4. Եթե անձը հրաժարվում է շտկել կամ լրացնել ներկայացված փաստաթղթերը, ապա անձի դիմումն ընդունելու օրվանից հետո` երկօրյա ժամկետում, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 3-րդ կետով նախատեսված դեպքում դիմումը անմիջապես գրավոր մերժվում է` մերժման հիմք(եր)ի պարտադիր նշումով:
5. Հաշվառման մերժման մասին որոշումը հաստատվում է գործակալության էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում է անձի նշած էլեկտրոնային փոստի հասցեով (անձի կողմից էլեկտրոնային փոստի հասցե տրամադրելու դեպքում): Մերժման մասին որոշումը հասանելի է դառնում նաև համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:
(28-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-173-Ն)
Հոդված 29. | Անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխությունները |
1. Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրն անվավեր ճանաչվելու հետևանքով անձնագրային տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունները փոփոխվում են ինքնաշխատ կերպով՝ նոր տեղեկությունները փոխօգնության կարգով ստանալով համապատասխան տեղեկատվական բազան վարող պետական կառավարման մարմնից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Այդ մասին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով, եթե նա տրամադրել է էլեկտրոնային փոստի հասցե:
2. Այլ տեղեկատվության ինքնաշխատ եղանակով փոփոխության տեխնիկական հնարավորության դեպքում այդ տեղեկատվությունը նույնպես ենթակա է ինքնաշխատ եղանակով փոփոխման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ծավալներով: Այդ մասին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով, եթե նա տրամադրել է էլեկտրոնային փոստի հասցե:
3. Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի վերաբերյալ մնացած բոլոր տվյալների փոփոխությունը կատարվում է տվյալ անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա լիազորած անձի կողմից համապատասխան դիմումի և փոփոխությունը հավաստող փաստաթղթի հիման վրա, ընդ որում` գործում է դիմումում նշված տեղեկատվության արժանահավատության կանխավարկածը:
4. Լիազորված անձի կողմից փոփոխությունների մասին դիմում ներկայացնելու դեպքում ներկայացվում են նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ:
5. Անձի` որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման տեղեկությունների փոփոխությունը իրականացվում է անմիջապես անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահին:
(29-րդ հոդվածը փոփ. 19.01.21 ՀՕ-40-Ն)
Հոդված 30. | Անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելու համար ներկայացվող փաստաթղթերը |
1. Անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու համար որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը կամ նրա լիազորած ներկայացուցիչը գործակալություն է ներկայացնում`
1) դիմում.
2) լիազորված անձի կողմից դիմում ներկայացնելու դեպքում ներկայացվում է նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ.
3) իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին:
2. Մահացած անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելն իրականացվում է ինքնաշխատ կերպով՝ նոր տեղեկությունները փոխօգնության կարգով ստանալով համապատասխան տեղեկատվական բազան վարող պետական կառավարման մարմնից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Անհայտ բացակայող անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելն իրականացվում է շահագրգիռ անձի դիմումի համաձայն, որի համար ներկայացվում են որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի նույնականացման համար բավարար ցանկացած տեղեկատվություն և անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի որոշման պատճենը:
4. Սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու համար գործակալություն են ներկայացվում`
1) դիմում.
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշման պատճենը.
3) իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին:
5. Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձին պետական հաշվառումից հանելու համար պետական տուրք չի գանձվում:
(30-րդ հոդվածը խմբ. 19.01.21 ՀՕ-40-Ն)
Հոդված 31. | Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձին հաշվառումից հանելու կարգը |
1. Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը կամ դիմում ներկայացնելու համար սույն օրենքով լիազորված անձը կամ նրանց կողմից լիազորված անձը սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը ներկայացնում է գործակալություն:
2. Դիմումը ներկայացնելու պահից որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը համարվում է պետական հաշվառումից հանված:
3. (մասն ուժը կորցրել է 03.03.21 ՀՕ-98-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 03.03.21 ՀՕ-98-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 03.03.21 ՀՕ-98-Ն)
6. Անձին որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելը հավաստվում է համապատասխան էլեկտրոնային փաստաթղթով (տեղեկանքով), որը համապատասխան գրառումը կատարելուց հետո` մեկօրյա ժամկետում, ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:
7. (մասն ուժը կորցրել է 03.03.21 ՀՕ-98-Ն)
8. (մասն ուժը կորցրել է 03.03.21 ՀՕ-98-Ն)
(31-րդ հոդվածը փոփ. 03.03.21 ՀՕ-98-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 16.12.16 ՀՕ-30-Ն)
Հոդված 32. | Առևտրային կազմակերպությունների ֆիրմային անվանման գրանցումը և գրանցումը մերժելու հիմքերը |
1. Առևտրային կազմակերպության, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող ոչ առևտրային կազմակերպության գրանցման ժամանակ սույն օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների հետ ներկայացվում է նաև իրավաբանական անձի նախընտրելի ֆիրմային անվանումը:
2. Ներկայացված ֆիրմային անվանման գրանցումն իրականացվում է տեղեկատվական համակարգի միջոցով կազմակերպության գրանցման հետ միաժամանակ:
3. Կազմակերպության անվան փոփոխության կամ վերակազմակերպման գրանցման դեպքում իրավաբանական անձը նախընտրելի ֆիրմային անվանման գրանցման հայտը իրավունք ունի ներկայացնելու նախօրոք: Եթե ֆիրմային անվանումը սույն հոդվածով նախատեսված կարգով համարվում է թույլատրելի, ապա այն երեսուն օր պահպանվում է տվյալ իրավաբանական անձի համար: Իրավաբանական անձը պարտավոր է երեսնօրյա ժամկետում ներկայացնել անվան փոփոխության կամ վերակազմակերպման գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, հակառակ դեպքում անունը կրկին հասանելի է դառնում այլ անձանց կողմից գրանցման համար, և վճարված պետական տուրքը չի վերադարձվում:
4. Տեղեկատվական համակարգում ֆիրմային անվանումը մուտքագրելուց հետո ինքնաշխատ կերպով ստուգվում է սույն օրենքով նախատեսված՝ ֆիրմային անվանումը գրանցելը մերժելու հիմքերի առկայությունը, այդ թվում` մուտքագրված ֆիրմային անվանումը համադրվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված ֆիրմային անվանումների շտեմարանի հետ:
5. Ֆիրմային անվանման գրանցման հնարավորությունը կամ գրանցման մերժումը որոշվում է անմիջապես:
6. Ֆիրմային անվանման գրանցումը մերժվում է, եթե որպես ֆիրմային անվանում ներկայացված անվանման տարբերակող նշանակություն ունեցող անունը`
1) նույնական է Հայաստանի Հանրապետությունում պահպանվող այլ իրավաբանական անձի ֆիրմային անվանմանը.
2) նույնական է կամ ամբողջությամբ ներառում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների անվանումները.
3) վերարտադրում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան պահպանվող միջազգային կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումը.
4) պարունակում է հայհոյանքներ, վիրավորական անվանումներ, անհարիր է ազգային կամ հոգևոր արժեքներին, հակասում է մարդասիրության և բարոյականության սկզբունքներին:
7. Ֆիրմային անվանման գրանցումը մերժելու դեպքում հնարավորություն է տրվում փորձելու այլ անվանում, և այդ դեպքում հավելյալ պետական տուրք չի գանձվում:
8. Մերժման մասին առանձին որոշումը տրամադրվում է միայն դիմողի պահանջով մերժումից հետո` մեկօրյա ժամկետում: Սույն մասով նախատեսված գրավոր մերժումը տրամադրվում է համապատասխան պետական տուրք վճարելու պայմանով, որը ենթակա չէ վերադարձման:
9. Մերժման մասին որոշումը պետք է պարունակի հիմնավորում: Այն ստորագրվում է գործակալության էլեկտրոնային ստորագրության միջոցով և ուղարկվում է դիմողի ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:
10. Եթե առաջադրվող ֆիրմային անվանումը պարունակում է բառեր և անվանումներ, որոնց օգտագործման համար օրենքով նախատեսված է համապատասխան թույլտվության կամ հավաստման ներկայացման պահանջ, ապա նախընտրելի ֆիրմային անվան հետ ներկայացվում է նաև համապատասխան թույլտվությունը կամ այլ փաստաթուղթ: Համապատասխան թույլտվությունը կամ այլ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում անվան գրանցումը մերժվում է անմիջապես:
11. Սույն հոդվածի 10-րդ մասում նշված դեպքում անվան հաստատումը կատարվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ գործակալության աշխատակիցների կողմից համապատասխան փաստաթուղթն ուսումնասիրելու միջոցով:
(32-րդ հոդվածը լրաց., փոփ. 16.12.16 ՀՕ-30-Ն)
Հոդված 32.1. | Ոչ առևտրային կազմակերպության անվանման գրանցումը և գրանցումը մերժելու հիմքերը |
1. Ոչ առևտրային կազմակերպության անվանման գրանցումն իրականացվում է կազմակերպության գրանցման հետ միաժամանակ:
2. Կազմակերպության անվան փոփոխության կամ վերակազմակերպման գրանցման դեպքում կազմակերպությունը նախընտրելի անվանման գրանցման հայտը իրավունք ունի ներկայացնելու նախօրոք: Եթե անվանումը սույն հոդվածով նախատեսված կարգով համարվում է թույլատրելի, ապա այն վեց ամիս պահպանվում է տվյալ կազմակերպության համար: Կազմակերպությունը պարտավոր է վեցամսյա ժամկետում ներկայացնել անվան փոփոխության կամ վերակազմակերպման գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, հակառակ դեպքում անունը կրկին հասանելի է դառնում այլ անձանց կողմից գրանցման համար, և վճարված պետական տուրքը չի վերադարձվում:
3. Կազմակերպության անվանումը համադրվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ իրավաբանական անձանց անվանումների շտեմարանի հետ, ինչպես նաև ստուգվում է սույն օրենքով նախատեսված՝ կազմակերպության անվանումը գրանցելը մերժելու հիմքերի առկայությունը:
4. Կազմակերպության անվանման գրանցման հնարավորությունը կամ գրանցման մերժումը որոշվում է անհապաղ: Սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերում Կազմակերպության անվանման գրանցումը կամ գրանցման մերժումը իրականացվում է մեկօրյա ժամկետում:
5. Կազմակերպության անվանման գրանցումը մերժվում է, եթե դրա տարբերակող նշանակություն ունեցող անունը`
1) նույնական է սահմանված կարգով գրանցված այլ իրավաբանական անձի լրիվ անվանմանը.
2) նույնական է Կազմակերպության գրանցմանը նախորդող վերջին մեկ տարվա ընթացքում լուծարված այլ իրավաբանական անձի լրիվ անվանմանը (անվանման հապավմանը).
3) պարունակում է հայհոյանքներ, վիրավորական անվանումներ, անհարիր է ազգային կամ հոգևոր արժեքներին, հակասում է մարդասիրության և բարոյականության սկզբունքներին:
6. Կազմակերպության անվանման գրանցումը մերժելու դեպքում հնարավորություն է տրվում փորձելու այլ անվանում, և այդ դեպքում հավելյալ պետական տուրք չի գանձվում:
7. Մերժման մասին առանձին որոշումը տրամադրվում է միայն դիմողի պահանջով մերժումից հետո` մեկօրյա ժամկետում: Սույն մասով նախատեսված գրավոր մերժումը տրամադրվում է համապատասխան պետական տուրք վճարելու պայմանով, որը ենթակա չէ վերադարձման:
8. Մերժման մասին որոշումը պետք է պարունակի հիմնավորում: Այն ստորագրվում է գործակալության էլեկտրոնային ստորագրության միջոցով և ուղարկվում է դիմողի ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:
9. Եթե առաջադրվող անվանումը պարունակում է օրենքով նախատեսված բառեր, անվանումներ, որոնց օգտագործման համար անհրաժեշտ է համապատասխան կարգավիճակի, արտոնագրի, թույլտվության կամ այլ հիմքի առկայություն, ապա նախընտրելի անվան հետ ներկայացվում է նաև համապատասխան թույլտվությունը կամ այլ հիմքը հավաստող փաստաթուղթ: Համապատասխան թույլտվությունը կամ այլ հիմքը հավաստող փաստաթուղթ չներկայացնելու դեպքում անվան գրանցումը մերժվում է անհապաղ:
10. Սույն հոդվածի 9-րդ մասում նշված դեպքում անվան հաստատումը կատարվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով:
(32.1-ին հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-30-Ն)
Գ Լ ՈՒ Խ 8
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 33. |
Իրավաբանական անձանց պետական գրանցման համար դիմելու իրավունք ունեցող անձինք |
1. Իրավաբանական անձի պետական գրանցման համար դիմելու իրավունք ունեն՝
1) իրավաբանական անձի հիմնադիր(ներ)ը.
2) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը.
3) օրենսդրությամբ ուղղակիորեն նախատեսված այլ անձ.
4) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված անձանց կողմից լիազորված ցանկացած գործունակ անձ:
Հոդված 34. | Իրավաբանական անձանց պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը |
1. Դիմողն իրավաբանական անձի պետական գրանցման համար գործակալություն է ներկայացնում`
1) դիմում.
2) իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիրների որոշումը կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ժողովի նախագահի և քարտուղարի կողմից.
3) իրավաբանական անձի կանոնադրությունը.
4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
5) տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
6) սույն օրենքի 66-րդ հոդվածով սահմանված դեպքերում ներկայացվում են նաև նշված հոդվածով ամրագրված տեղեկությունները և փաստաթղթերը.
7) մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթի փոխարեն ներկայացվում է հիմնադրի միանձնյա գրավոր որոշումը:
2. Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրների կազմում առկա է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձ, ապա, ի հավելումն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի, անհրաժեշտ է ներկայացնել հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը և տեղեկատվություն հիմնադիր իրավաբանական անձի վերաբերյալ՝ իրավաբանական անձի անվանումը և պետական գրանցման համարը: Սույն մասում նշված տեղեկությունը չի ներկայացվում, եթե հիմնադիրը պետություն, համայնք կամ միջհամայնքային միավորում է:
3. Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա պետական գրանցման համար, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև քաղվածք` տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված և հայերեն թարգմանված:
4. Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա ֆիզիկական անձ է, ապա պետական գրանցման համար, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում է տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված:
5. Այլ մարմնի կողմից գրանցված իրավաբանական անձի վերագրանցման կամ իրավաբանական անձի մասին սույն օրենքով սահմանված տեղեկությունները գրանցամատյանում գրառելու դեպքում, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերից բացի, իրավաբանական անձը ներկայացնում է նաև գրանցող մարմնի տված պետական գրանցման վկայականի (պետական գրանցման մասին որոշման կամ պետական գրանցումը հավաստող այլ փաստաթղթի) և հիմնադիր փաստաթղթերի բնօրինակները:
6. Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ հատուկ օրենքներով կարող են նախատեսվել նաև պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր:
(34-րդ հոդվածը փոփ. 07.03.18 ՀՕ-148-Ն, 19.01.21 ՀՕ-40-Ն)
Հոդված 35. | Իրավաբանական անձանց պետական գրանցումը |
1. Սույն օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը դիմողը ներկայացնում է գործակալություն թղթային կրիչի վրա անձամբ կամ անհրաժեշտ տեղեկատվությունը և համապատասխան փաստաթղթերը համացանցի միջոցով տեղեկատվական համակարգ մուտքագրելու միջոցով:
2. Գործակալությունը համապատասխան պետական գրանցումը պետք է կատարի անհրաժեշտ փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:
2.1. Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը պետք է կատարի համապատասխան պետական գրանցումը, եթե իրավաբանական անձի հիմնադիրների կազմում առկա է իրավաբանական անձ:
2.2. Դիմողն իրավասու է մատնանշելու առևտրային կազմակերպության գրանցման ավելի երկար ժամկետ, որը չի կարող գերազանցել 30 օրացուցային օրը:
3. Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով կարող են սահմանվել պետական գրանցման այլ ժամկետներ:
4. Եթե անձը փաստաթղթերը ներկայացնում է սույն օրենքի 17-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով նախատեսված կարգով, ապա իրավաբանական անձի գրանցումն իրականացվում է անմիջապես:
5. Գործակալությունում ստուգվում են իրավաբանական անձի կազմավորման կարգը, ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն օրենքի պահանջներին, բացառությամբ առևտրային կազմակերպության կանոնադրության դրույթների: Առևտրային կազմակերպությունների համար ստուգվում են միայն ներկայացված կանոնադրության ամբողջականությունն ու սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների, ինչպես նաև իրավահաջորդության մասին դրույթների առկայությունը:
6. Իրավաբանական անձի փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում գործակալությունում տեղեկատվական համակարգի միջոցով պետական միասնական գրանցամատյանում գրառվում են սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները: Տեղեկատվական համակարգը գրանցվող իրավաբանական անձին օրենքով նախատեսված կարգով ինքնաշխատ կերպով շնորհում է գրանցման համարը, հարկային մարմնի տրամադրած` հարկ վճարողի հաշվառման համարը և սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը:
7. Իրավաբանական անձը ստեղծված է համարվում պետական գրանցման պահից: Իրավաբանական անձը համարվում է գրանցված միասնական պետական գրանցամատյանում սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից:
8. Իրավաբանական անձի պետական գրանցումը հավաստվում է միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածքով, որն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով: Սույն մասով նախատեսված քաղվածքը պետք է պարունակի նշված անձին վերաբերող, միասնական պետական գրանցամատյանում գրառված ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաև քաղվածքը տրամադրելու ամսաթիվը:
9. Անձի պահանջով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով համապատասխան վճար վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու, անձին կարող է տրվել քաղվածքի արտատպումը (պատճենը):
10. Գրանցումը կատարելու հետ միաժամանակ իրավաբանական անձի կանոնադրությանը կցվում է նշաթերթ, որը բովանդակում է իրավաբանական անձի գրանցման համարը, գրանցման տարին, ամիսը, օրը և հարկ վճարողի հաշվառման համարը։
11. Օտարերկրյա իրավաբանական անձի ռեդոմիցիլացման արդյունքում իրավաբանական անձի նախնական գրանցման համար սույն օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացվելու դեպքում, եթե առկա չեն 36-րդ հոդվածով նախատեսված մերժման հիմքերը, ապա պետական գրանցումն իրականացնող մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է իրավաբանական անձի նախնական գրանցում, տեղեկատվական համակարգը գրանցվող իրավաբանական անձին օրենքով նախատեսված կարգով ինքնաշխատ կերպով շնորհում է գրանցման համարը, հարկային մարմնի տրամադրած` հարկ վճարողի հաշվառման համարը և սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը, ինչպես նաև տրամադրում է նախնական գրանցման վերաբերյալ քաղվածք: Ռեդոմիցիլացման նախնական գրանցման հետ միաժամանակ կամ դրանից հետո ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի դիմումի հիման վրա նրան տրամադրվում է շարունակականության նախնական փաստաթուղթ։ Օտարերկրյա պետությունում օտարերկրյա իրավաբանական անձի գրանցումը դադարելու կամ ռեդոմիցիլացված լինելու վերաբերյալ տեղեկությունները գրանցելու վերաբերյալ փաստաթուղթը ներկայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իրականացվում է օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման պետական գրանցում՝ որպես ռեդոմիցիլացման պահ նշելով՝
1) իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման գրանցման պահը կամ
2) իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման նախնական գրանցման պահը, եթե իրավաբանական անձի լիազոր մարմնի կողմից ներկայացված է ստորագրված հայտարարություն Հայաստանի Հանրապետությունում նախնական գրանցումից սկսած մինչև Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման գրանցման պահը գործարքներ չկնքելու վերաբերյալ։
12. Իրավաբանական անձանց գործակալությունը տրամադրում է նաև հարկային մարմնի սահմանած ձևով ծանուցում (այդ թվում` սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով)` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային համակարգերի ու դրանց ընտրության նպատակով հայտարարություններ ներկայացնելու ժամկետների վերաբերյալ: Իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու և որպես ավելացված արժեքի հարկ վճարող հաշվառվելու, շրջանառության հարկ վճարող, ինչպես նաև ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունները կարող են ներկայացնել գործակալության միջոցով:
(35-րդ հոդվածը լրաց. 17.11.16 ՀՕ-207-Ն, 21.12.17 ՀՕ-280-Ն, փոփ., խմբ., լրաց. 19.01.21 ՀՕ-40-Ն)
Հոդված 36. | Իրավաբանական անձանց պետական գրանցման մերժման հիմքերը և կարգը |
1. Իրավաբանական անձի գրանցումը մերժելու հիմքերն են`
1) իրավաբանական անձի կազմավորման` օրենքով սահմանված կարգի խախտումը.
2) սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը.
3) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքին կամ իրավաբանական անձի ներկայացրած այլ փաստաթղթերին, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքի.
4) նոր գրանցվող (ստեղծվող) առևտրային կազմակերպության հիմնադրի, ինչպես նաև գործադիր մարմնի ղեկավարի` օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված և դատվածությունը մարված կամ վերացված չլինելը.
5) անվանման անհամապատասխանությունը օրենքով սահմանված պահանջներին, եթե անվանման գրանցումը մերժվել է, և անձը չի ներկայացրել այլ անվանում.
6) ռեդոմիցիլացման նպատակով դիմել է այն պետության իրավաբանական անձ, որը նշված է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետությունների ցանկում, որոնց իրավաբանական անձինք չեն կարող ռեդոմիցիլացվել Հայաստանի Հանրապետության տարածքում։
2. Առևտրային կազմակերպությունների կանոնադրության անհամապատասխանությունն օրենքին հիմք չէ իրավաբանական անձի պետական գրանցումը մերժելու համար:
3. Իրավաբանական անձի գրանցումն այն ստեղծելու աննպատակահարմարության շարժառիթով մերժելն արգելվում է:
4. Իրավաբանական անձի գրանցումը մերժելու հիմքեր հայտնաբերելու դեպքում փաստաթղթերն ընդունելու օրվանից սույն օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում գրանցումը գրավոր մերժվում է` մերժման հիմք(եր)ի պարտադիր նշումով: Եթե սույն օրենքով, առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով սահմանված են պետական գրանցման այլ ժամկետներ, ապա մերժումը կարող է կատարվել այդ ժամկետներում:
5. Պետական գրանցումը մերժելու դեպքում մերժման համար հիմք համարվող փաստաթղթերը, ինչպես նաև վճարված պետական տուրքը և սույն օրենքով նախատեսված այլ վճարները չեն վերադարձվում:
6. Իրավաբանական անձի պետական գրանցման մերժումը պետք է լինի պատճառաբանված և հղում պարունակի օրենքի այն կոնկրետ նորմերին, որոնց պահանջները խախտվել են իրավաբանական անձը ստեղծելիս, կամ որոնց հակասում է ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը:
7. Իրավաբանական անձի գրանցման մերժումը ստորագրվում է գործակալության աշխատակցի կողմից էլեկտրոնային ստորագրության միջոցով, և մերժման մասին էլեկտրոնային փաստաթուղթն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:
8. Հասարակական միավորումների, հիմնադրամների, ինչպես նաև իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ (բացառությամբ վերակազմավորման դեպքերի) պայմանավորված պետական գրանցման մերժման մասին որոշումը թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային ստորագրության միջոցով ստորագրում է գործակալության ղեկավարը:
9. Մերժման մասին որոշումը ընդունված է համարվում այն դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու կամ համացանցում հասանելի դառնալու պահից:
(36-րդ հոդվածը լրաց. 17.11.16 ՀՕ-207-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-30-Ն, 09.06.22 ՀՕ-173-Ն)
Գ Լ ՈՒ Խ 8.1
(գլուխը լրաց. 17.11.16 ՀՕ-207-Ն)
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՌԵԴՈՄԻՑԻԼԱՑՈՒՄԸ
Հոդված 36.1. | Օտարերկրյա իրավաբանական անձի ռեդոմիցիլացումը Հայաստանի Հանրապետությունում |
1. Օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման համար կառավարության լիազոր անձին կամ լիազոր մարմին օտարերկրյա իրավաբանական անձը ներկայացնում է՝
1) նախնական գրանցման դիմում, որը պետք է ներառի՝
ա. իրավաբանական անձի առկա անվանումը և նշում նախընտրելի ֆիրմային անվանման վերաբերյալ (նոր անվանման նշումը համարվում է անվանման հայտի ներկայացում),
բ. հիմնական գործունեության տեսակը՝ ըստ գրանցումն իրականացնող մարմնի ներկայացրած դասակարգման,
գ. այն իրավազորությունը, որի ներքո օտարերկրյա իրավաբանական անձը գրանցված է,
դ. այն կազմակերպաիրավական ձևը, որը ռեդոմիցիլացման արդյունքում համապատասխանում է իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևին իր նախկին գրանցման իրավազորությունում.
2) իրավաբանական անձի՝ օրենքով սահմանված իրավասու մարմնի՝ իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին որոշումը կամ արձանագրությունը կամ դրա քաղվածքը, որը, ի լրումն սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պահանջների, պետք է պարունակի տեղեկություններ հետևյալի մասին.
ա. դրույթներ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման վերաբերյալ,
բ. դրույթներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևի ընտրության վերաբերյալ,
գ. դրույթներ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի անվանման վերաբերյալ,
դ. դրույթներ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի կանոնադրությունը հաստատելու վերաբերյալ.
3) քաղվածք տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը կամ դրանց համապատասխան քաղվածքները.
4) տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները, ինչպես նաև հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում).
5) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
6) ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան ընդունված կանոնադրությունը՝ առնվազն երկու օրինակից.
7) եթե ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի մասնակիցների կազմում առկա է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձ, ապա անհրաժեշտ է ներկայացնել տեղեկատվություն մասնակից իրավաբանական անձի վերաբերյալ՝ իրավաբանական անձի անվանումը և պետական գրանցման համարը.
8) եթե ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի մասնակիցը օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա ներկայացնում է նաև քաղվածք տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից կամ մասնակից օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները), եթե ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա ներկայացնում է տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը (սույն կետը չի տարածվում այն ռեդոմիցիլացվող օտարերկրյա իրավաբանական անձանց վրա, որոնք Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացվելուց հետո ունենալու են այնպիսի կազմակերպական-իրավական ձև, որի մասնակիցների կամ հիմնադիրների ցուցակը չի վարվում գրանցում իրականացնող մարմնի կողմից).
9) մինչև ռեդոմիցիլացումը ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի գործող կանոնադրության օրինակը:
2. Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացվող օտարերկրյա իրավաբանական անձի ռեդոմիցիլացման գրանցման նպատակով վերը նշված տվյալները, տեղեկությունները, պատշաճ վավերացված և հայերեն թարգմանված փաստաթղթերը գրանցումն իրականացնող մարմին ներկայացնելուց հետո, եթե բացակայում են օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացումը բացառող հիմքեր, ապա գրանցումն իրականացնող մարմինն իրականացնում է ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի նախնական գրանցում և տրամադրում է համապատասխան քաղվածք գրանցամատյանից:
Նախնական գրանցման դիմումի հետ միաժամանակ կամ դրանից հետո ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի ռեդոմիցիլացման դիմումի հիման վրա գրանցում իրականացնող մարմինն իրավաբանական անձին տրամադրում է շարունակականության նախնական փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացվելու վերաբերյալ։
3. Օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման գրանցման համար օտարերկրյա իրավաբանական անձը դիմումին կից ներկայացնում է`
1) օտարերկրյա պետությունում օտարերկրյա իրավաբանական անձի գրանցումը դադարելու կամ ռեդոմիցիլացված լինելու վերաբերյալ տեղեկությունները գրանցելու վերաբերյալ փաստաթուղթ.
2) ըստ անհրաժեշտության` օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացումը նախնական գրանցման պահից գրանցելու համար ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի լիազոր մարմնի հայտարարությունն առ այն, որ իրավաբանական անձը ռեդոմիցիլացման նախնական գրանցման վերաբերյալ փաստաթուղթն ստանալուց հետո չի իրականացրել և չի իրականացնի որևէ գործարք մինչև օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման գրանցումը։
4. Օտարերկրյա իրավաբանական անձի՝ օտարերկրյա պետությունում գրանցումը դադարելու կամ այդ երկրից ռեդոմիցիլացման վերաբերյալ փաստաթղթի հիման վրա Հայաստանի Հանրապետության գրանցում իրականացնող մարմինը գրանցամատյանում իրականացնում է օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման գրանցում և տրամադրում է շարունակականության փաստաթուղթ:
Հոդված 36.2. | Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի՝ օտարերկրյա պետությունում ռեդոմիցիլացումը |
1. Հայաստանի Հանրապետության՝ օտարերկրյա պետությունում ռեդոմիցիլացվող իրավաբանական անձը մինչև ռեդոմիցիլացումը կառավարության լիազոր անձին կամ լիազոր մարմին է ներկայացնում՝
1) դիմում ռեդոմիցիլացման մտադրության մասին.
2) ռեդոմիցիլացման վերաբերյալ իրավաբանական անձի իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունը, որը պետք է դրույթներ պարունակի այն օտարերկրյա պետության մասին, որտեղ իրավաբանական անձը պատրաստվում է ռեդոմիցիլացվել, ինչպես նաև ռեդոմիցիլացման կապակցությամբ իրավաբանական անձի պարտատերերին ծանուցելու ժամկետի վերաբերյալ, եթե այդ ժամկետը գերազանցում է երեք ամիսը.
3) օրենքով սահմանված կարգով պարտատերերին (բացառությամբ Հայաստանի Հանրապետության) ծանուցումն իրականացնելու վերաբերյալ ապացույցները.
4) պետական տուրքի վճարման ապացույցը.
5) օտարերկրյա օրենսդրությանը համապատասխան՝ տվյալ երկրում ռեդոմիցիլացման հնարավորության վերաբերյալ փաստաթուղթ։
2. Հայաստանի Հանրապետության՝ օտարերկրյա պետությունում ռեդոմիցիլացվող իրավաբանական անձը ռեդոմիցիլացման գրանցման նպատակով գրանցում իրականացնող մարմին է ներկայացնում`
1) դիմում ռեդոմիցիլացման մասին, որը պետք է ներառի`
ա. իրավաբանական անձի անվանումը և գրանցման համարը,
բ. տեղեկություններ այն պետության մասին, որտեղ ռեդոմիցիլացվում է իրավաբանական անձը,
գ. տեղեկություններ ռեդոմիցիլացման արդյունքում ձեռք բերվող կազմակերպական-իրավական ձևի և իրավաբանական անձի անվանման մասին,
դ. ռեդոմիցիլացված կազմակերպության՝ օտարերկրյա պետությունում գործունեության կամ գրանցման հասցեն, ինչպես նաև էլեկտրոնային փոստը և հեռախոսահամարը՝ առկայության դեպքում,
ե. օտարերկրյա պետության գրանցումն իրականացնող մարմնի անվանումը, հասցեն.
2) պատշաճ վավերացրած և հայերեն թարգմանված պաշտոնական փաստաթուղթ օտարերկրյա պետության համապատասխան իրավասու մարմնից՝ տվյալ երկրում իրավաբանական անձի ռեդոմիցիլացման հնարավորության մասին.
3) քաղվածք օտարերկրյա պետության առևտրային գրանցամատյանից կամ շարունակականության փաստաթուղթ կամ օտարերկրյա պետությունում իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հավաստող այլ համազոր փաստաթուղթ.
4) պարտավորությունները վաղաժամկետ կատարելու պահանջ ներկայացրած պարտատերերից տեղեկանք, պայմանագիր կամ այլ փաստաթուղթ՝ պարտավորությունները ամբողջությամբ կատարած լինելու վերաբերյալ, կամ համապատասխան դատական ակտ.
5) տեղեկանք Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտից սնանկության վարույթում չգտնվելու և սնանկ ճանաչված չլինելու վերաբերյալ.
6) տեղեկանք Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններից՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ չունենալու վերաբերյալ.
7) (կետն ուժը կորցրել է 03.03.21 ՀՕ-98-Ն)
8) տեղեկանք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից այն մասին, որ կազմակերպությունը չի հանդիսանում կարգավորվող հանրային ծառայությունների ոլորտի մասնակից կազմակերպություն, կամ առկա չէ այդ հարցի վերաբերյալ հարուցված և չավարտված վարչական վարույթ.
9) օրենքով սահմանված այլ փաստաթղթեր։
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 5-9-րդ կետերում նշված փաստաթղթերը դիմող իրավաբանական անձի կողմից չներկայացվելու դեպքում գրանցում իրականացնող մարմինը դիմում ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, նշված փաստաթղթերով հավաստվող հանգամանքների վերաբերյալ հարցում է իրականացնում համապատասխան մարմիններին։ Հարցումն ուղարկվում է ստացումը հաստատելու հնարավորություն տվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ապահովող համակարգի միջոցով։ Նշված մարմինների կողմից համապատասխան հարցումների վերաբերյալ պատասխան է տրվում տասնօրյա ժամկետում։ Սույն մասով նախատեսված հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելը դիտվում է որպես տվյալ մարմնի կողմից տվյալ իրավաբանական անձի նկատմամբ հարուցված և չավարտված վարչական վարույթի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ համապատասխան պարտավորությունների բացակայության հավաստում։
(36.2-րդ հոդվածը փոփ. 03.03.21 ՀՕ-98-Ն)
Հոդված 36.3. | Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման վերաբերյալ տեղեկանքը |
1. Գրանցումն իրականացնող մարմինը պարտավոր է անձի դիմումի հիման վրա տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հաստատած նմուշային ձևի տեղեկանք՝ իրավաբանական անձանց ռեդոմիցիլացման՝ օրենսդրությամբ սահմանված հնարավորության վերաբերյալ։
2. Նշված տեղեկանքը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո՝ մեկ օրվա ընթացքում։
Հոդված 36.4. | Հայաստանի Հանրապետությունից դուրս ռեդոմիցիլացման գրանցումը |
1. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացման համար սույն օրենքով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո, եթե առկա չեն սույն օրենքի 36-րդ հոդվածով սահմանված մերժման հիմքերը, և մինչ այդ հանձնաժողովը չի դիմել գործակալություն տվյալ իրավաբանական անձի ռեդոմիցիլացումն արգելելու նպատակով, ապա գրանցումն իրականացնող մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի՝ ռեդոմիցիլացման ընթացքում գտնվելու վերաբերյալ տեղեկությունների գրանցում, իսկ օտարերկրյա պետությունում տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձի ռեդոմիցիլացման վերաբերյալ ապացույցի ներկայացման դեպքում 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացման վերաբերյալ տեղեկությունների պետական գրանցում։ Ռեդոմիցիլացման վերաբերյալ հանրամատչելի տեղեկություններն են Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի անվանումը, գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, ռեդոմիցիլացման արդյունքում օտարերկրյա իրավաբանական անձի անվանումը, գրանցման համարը, գտնվելու վայրը, ռեդոմիցիլացման երկիրը, կոնտակտային տվյալները։
(36.4-րդ հոդվածը փոփ. 19.01.21 ՀՕ-40-Ն, լրաց. 03.03.21 ՀՕ-98-Ն)
Գ Լ ՈՒ Խ 9
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 37. | Պետության կողմից վարվող այլ տվյալների բազաներում ներառված տեղեկատվության փոփոխությունը |
1. Իրավաբանական անձի մասնակից կամ գործադիր մարմնի ղեկավարի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ֆիզիկական անձի անձնագիրն անվավեր ճանաչվելու դեպքում անձնագրային տվյալների կամ իրավաբանական անձի գրանցման տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունները փոփոխվում են ինքնաշխատ կերպով՝ նոր տեղեկությունները փոխօգնության կարգով ստանալով համապատասխան տեղեկատվական բազան վարող պետական կառավարման մարմնից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Այդ մասին իրավաբանական անձը, իսկ իրավաբանական անձի մասնակցի դեպքում նաև տվյալ մասնակիցը տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով, եթե նա տրամադրել է էլեկտրոնային փոստի հասցե:
2. Այլ տեղեկատվության մեխանիկական եղանակով փոփոխության տեխնիկական հնարավորության դեպքում այդ տեղեկատվությունը նույնպես ենթակա է ինքնաշխատ կերպով փոփոխման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ծավալներով: Այդ մասին իրավաբանական անձը (գործադիր մարմնի ղեկավարը) տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով, եթե նա տրամադրել է էլեկտրոնային փոստի հասցե:
(37-րդ հոդվածը խմբ. 19.01.21 ՀՕ-40-Ն)
Հոդված 38. | Իրավաբանական անձանց փոփոխությունների պետական գրանցման համար դիմելու իրավունք ունեցող անձինք |
1. Իրավաբանական անձի փոփոխությունների գրանցման համար դիմելու իրավունք ունեն`
1) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը (օրենքով նախատեսված դեպքերում՝ ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձը).
2) օրենսդրությամբ նախատեսված ցանկացած այլ անձ.
3) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված անձանց կողմից լիազորված ցանկացած գործունակ անձ:
(38-րդ հոդվածը լրաց. 26.05.21 ՀՕ-239-Ն)
Հոդված 39. | Փոփոխությունների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը |
1. Փոփոխությունների պետական գրանցման համար դիմողը գործակալություն է ներկայացնում`
1) դիմում.
2) կանոնադրության փոփոխությունները, լրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու մասին իրավասու մարմնի որոշումը.
3) կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը).
4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
2. Սույն օրենքի 66-րդ հոդվածով սահմանված դեպքերում ներկայացվում են նաև նշված հոդվածով նախատեսված փաստաթղթերը:
3. Իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխման (նշանակման, ընտրելու, օրենքով նախատեսված դեպքերում՝ ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձ նշանակվելու) դեպքում ներկայացվում են նաև`
1) իրավաբանական անձի լիազորված մարմնի որոշումը (որոշումները) պետական գրանցում ստացած գործադիր մարմնի նախկին ղեկավարի լիազորությունները դադարեցնելու և գործադիր մարմնի նոր ղեկավար նշանակելու մասին կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ընկերության միանձնյա գործադիր մարմնի կամ կառավարող կազմակերպության կողմից իրենց լիազորությունների իրականացման անհնարինության մասին տեղեկությունները.
2) գործադիր մարմնի նոր ղեկավարի կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձի մասին տեղեկություններ՝ անունը, ազգանունը և անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին տեղեկանքը, էլեկտրոնային փոստի հասցեն, բնակության, հաշվառման վայրի հասցեն:
3.1. (մասն ուժը կորցրել է 03.06.21 ՀՕ-246-Ն)
4. Տնտեսական ընկերությունները սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված տվյալների (կանոնադրական կապիտալի չափի նվազեցմամբ պայմանավորված) փոփոխությունը գրանցելու համար, սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաև ընկերության գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումն այն մասին, որ ընկերությունը կանոնադրական կապիտալի նվազեցման և նրա նոր չափի մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է ընկերության` իրեն հայտնի բոլոր պարտատերերին, որոնցից առարկություններ չեն ստացվել, կամ ընկերության պարտատերերի առաջացած բոլոր պահանջները բավարարվել են:
5. Իրավաբանական անձի գտնվելու վայրի փոփոխության դեպքում ներկայացվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի դիմումը՝ իրավաբանական անձի գտնվելու վայրի նոր հասցեի գրանցման մասին: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում պետական տուրք չի գանձվում:
6․ Իրավաբանական անձի էլեկտրոնային փոստի հասցեի փոփոխության դեպքում ներկայացվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի դիմումը՝ իրավաբանական անձի էլեկտրոնային փոստի նոր հասցեի գրանցման մասին:
Պետական միասնական գրանցամատյանում իրավաբանական անձի էլեկտրոնային փոստի հասցեի մասին տեղեկությունների բացակայության դեպքում իրավաբանական անձը պարտավոր է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը գործակալություն ներկայացնել նշված տեղեկատվությունը։
Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում պետական տուրք չի գանձվում։
6. Կուսակցության տարածքային ստորաբաժանման հաշվառման կամ հաշվառումից հանելու դեպքում ներկայացվում է համապատասխան դիմում և կուսակցության իրավասու մարմնի որոշումը տարածքային ստորաբաժանում ստեղծելու կամ դրա գործունեությունը դադարեցնելու մասին։ Կուսակցության տարածքային ստորաբաժանման պետական հաշվառման, փոփոխությունների պետական հաշվառման, պետական հաշվառումից հանելու համար պետական տուրք չի գանձվում:
(39-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-30-Ն, 23.04.19 ՀՕ-25-Ն, խմբ., լրաց. 19.01.21 ՀՕ-40-Ն, փոփ. 03.06.21 ՀՕ-246-Ն, լրաց. 26.05.21 ՀՕ-239-Ն, 29.12.20 ՀՕ-7-Ն)
(03.06.21 ՀՕ-246-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 40. | Առևտրային կազմակերպությունների մասնակիցների փոփոխությամբ պայմանավորված գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը |
1. Գործակալությունը միասնական պետական գրանցամատյանում գրառում է միայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (սույն հոդվածում այսուհետ՝ ընկերություն) մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ: Բաժնետիրական ընկերությունների ռեեստր գործակալությունը չի վարում: Առևտրային կոոպերատիվների մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ միասնական պետական գրանցամատյանում չեն գրառվում:
2. Ընկերության բաժնեմասի կամ դրա մասի օտարման դեպքում պետական գրանցում կատարելու համար շահագրգիռ անձը ներկայացնում է՝
1) դիմում, որը պետք է պարունակի նոր մասնակիցների մասին տեղեկություններ՝ անձնագրային տվյալները՝ ֆիզիկական անձի դեպքում, կամ գրանցման համարը` Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձի դեպքում.
2) բաժնեմասի կամ դրա մասի օտարման հիմքը (պայմանագիր, դատարանի վճիռ և այլն).
3) ընկերության տնօրենի գրավոր հավաստումը ընկերության մասնակիցների նախապատվության իրավունքի (դրա առկայության դեպքում) իրականացման՝ օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգը պահպանելու մասին: Եթե ընկերության մասնակցի բաժնեմասը փոխանցվում է նոտարական կարգով վավերացված պայմանագրով, ապա սույն մասում նշված հավաստումը չի ներկայացվում.
4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
5) եթե բաժնեմասի սեփականատեր պետք է դառնա օտարերկրյա իրավաբանական անձ, ապա, ի հավելումն սույն մասի 1-ին կետով նախատեսված փաստաթղթերի` նաև քաղվածք տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված և հայերեն թարգմանված.
6) եթե բաժնեմասի սեփականատեր պետք է դառնա օտարերկրյա ֆիզիկական անձ, ապա պետական գրանցման համար, սույն մասի 1-ին կետով նախատեսված փաստաթղթերից բացի` տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված:
3. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում պետական գրանցման համար շահագրգիռ անձը ներկայացնում է՝
1) դիմում.
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը կամ կատարողական թերթը.
3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
4. Ընկերությունից մասնակցի դուրս գալու հետ կապված գրանցում կատարելու համար, եթե դիմում է ընկերությունը, ներկայացվում են՝
1) դիմում՝ տրված ընկերության կողմից.
2) ընկերության անվանմամբ՝ դուրս գալու մասին մասնակցի դիմումի պատճենը.
3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
5. Ընկերությունից մասնակցի դուրս գալու հետ կապված գրանցում կատարելու համար, եթե դիմում է դուրս եկող մասնակիցը, ներկայացվում են՝
1) դիմում՝ տրված դուրս եկող մասնակցի կողմից.
2) գրավոր հավաստում` ընկերությունից դուրս գալու մասին մասնակցի դիմումն ընկերության կողմից ստանալու վերաբերյալ, որը տրվում է դուրս եկող մասնակցի կողմից.
3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
6. Ընկերության մասնակիցների ժառանգներին կամ իրավահաջորդներին, բաժնեմասի փոխանցմամբ պայմանավորված, գրանցում կատարելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1) դիմում.
2) ժառանգ կամ իրավահաջորդ համարվելու մասին համապատասխան փաստաթուղթ.
3) ընկերության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնությունը կամ ընկերության տնօրենի հավաստումն ընկերության մասնակիցների համաձայնության մասին, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված է, որ նման գործարքը հնարավոր է միայն ընկերության մասնակիցների համաձայնությամբ.
4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
7. (մասն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-266-Ն)
8. Եթե բաժնեմասի փոխանցման արդյունքում ընկերության մասնակից է դառնում օտարերկրյա իրավաբանական կամ ֆիզիկական անձ, ապա, սույն հոդվածի 2-7-րդ մասերով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացվում է նաև վավերացված և հայերեն թարգմանված` ֆիզիկական անձի անձնագրի պատճենը՝ ֆիզիկական անձի դեպքում, կամ քաղվածք տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ՝ իրավաբանական անձի դեպքում:
9. Ընկերության օտարերկրյա քաղաքացի կամ իրավաբանական անձ հանդիսացող մասնակցի (մասնակիցների) տվյալների փոփոխության համար ներկայացվում են`
1) դիմում մասնակցի կողմից, որը պետք է պարունակի մասնակցի փոփոխվող և նոր տվյալների մասին տեղեկություններ. ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը և անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (առկայության դեպքում), բնակության (հաշվառման) վայրի հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրի հասցեն․
2) փոփոխությունը հավաստող փաստաթուղթը,
3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:
(40-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-266-Ն, լրաց. 19.01.21 ՀՕ-40-Ն)
Հոդված 41. | Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի բաժնեմասի նկատմամբ գրավի իրավունքի գրառման համար անհրաժեշտ փաստաթղթերը |
(հոդվածն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-266-Ն)
Հոդված 42. | Փոփոխությունների պետական գրանցման կարգը և ժամկետները |
1. Սույն օրենքի 39-41-րդ հոդվածներով նախատեսված փաստաթղթերը դիմողը ներկայացնում է գործակալություն թղթային կրիչի վրա անձամբ կամ անհրաժեշտ համապատասխան փաստաթղթերը գործակալության պաշտոնական կայքի միջոցով տեղեկատվական համակարգ մուտքագրելու ձևով՝ արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի հրամանով սահմանված կարգով:
2. Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը պետք է կատարի համապատասխան փոփոխության պետական գրանցումը:
3. Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով կարող են սահմանվել փոփոխությունների պետական գրանցման այլ ժամկետներ:
4. Եթե անձը փաստաթղթերը ներկայացնում է սույն օրենքի 17-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով նախատեսված կարգով, ապա մերժման հիմքեր չհայտնաբերելու դեպքում փոփոխությունների պետական գրանցումն իրականացվում է անմիջապես:
5. Գործակալությունում ստուգվում են ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն օրենքի պահանջներին, բացառությամբ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունների կամ նոր խմբագրությամբ կանոնադրության դրույթների: Առևտրային կազմակերպությունների կանոնադրության փոփոխությունների կամ լրացումների (կամ նոր խմբագրությամբ կանոնադրության) համապատասխանությունն օրենքի պահանջներին չի ստուգվում: Առևտրային կազմակերպությունների համար ստուգվում են միայն ներկայացված կանոնադրության փոփոխությունների կամ լրացումների (կամ նոր խմբագրությամբ կանոնադրության) ամբողջականությունն ու սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների, ինչպես նաև իրավահաջորդության մասին դրույթների առկայությունը:
6. Ներկայացված փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո փոփոխությունների պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում գործակալությունում տեղեկատվական համակարգի միջոցով փոփոխությունների մասին գրառում է կատարվում պետական միասնական գրանցամատյանում:
7. Փոփոխությունները համարվում են կատարված դրանք գրանցամատյանում գրառելու պահից: Գրանցամատյանում փոփոխությունների գրառումը հավաստվում է գրանցամատյանի համապատասխան քաղվածքով, որն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ համապատասխան ծածկագիրը մուտքագրելու դեպքում: Անձի պահանջով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու, անձին կարող է տրվել քաղվածքի արտատպումը (պատճենը): Սույն մասով նախատեսված քաղվածքը պետք է պարունակի նշված անձին վերաբերող` միասնական պետական գրանցամատյանում գրառված ամբողջ տեղեկատվությունը, ներառյալ` բոլոր փոփոխությունների նկարագրությունը և դրանց իրականացման ամսաթիվը, ինչպես նաև քաղվածքը տրամադրելու ամսաթիվը:
8. Գրանցումը կատարելու հետ միաժամանակ իրավաբանական անձի կանոնադրության փոփոխությանը կամ նոր խմբագրությամբ կանոնադրությանը կցվում է նշաթերթ, որը բովանդակում է իրավաբանական անձի փոփոխությունների գրանցման տարին, ամիսը, օրը և համապատասխան փոփոխության բնույթն ու հերթական համարը։
(42-րդ հոդվածը փոփ., խմբ. 19.01.21 ՀՕ-40-Ն)
Հոդված 43. | Իրավաբանական անձանց փոփոխությունների պետական գրանցման մերժման հիմքերը և կարգը |
1. Իրավաբանական անձի փոփոխությունների պետական գրանցման մերժման հիմքերն են`
1) իրավաբանական անձի փոփոխությունների` օրենքով կամ կանոնադրությամբ սահմանված կարգի խախտումը.
2) սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը կամ ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքին կամ իրավաբանական անձի ներկայացրած այլ փաստաթղթերին, ընդ որում, առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունների կամ նոր խմբագրությամբ կանոնադրության դրույթները օրենքին համապատասխանելու տեսանկյունից չեն ստուգվում.
3) առկա է իրավաբանական անձի փոփոխության գրանցումն արգելող կամ սահմանափակող` դատարանի համապատասխան որոշում կամ վճիռ:
2. Իրավաբանական անձի փոփոխությունների պետական գրանցումը մերժելու հիմքեր հայտնաբերելու դեպքում փաստաթղթերն ընդունելու օրվանից սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում փոփոխությունների գրանցումը գրավոր մերժվում է` մերժման հիմք(եր)ի պարտադիր նշումով:
3. Փոփոխությունների պետական գրանցումը մերժելու դեպքում մերժման համար հիմք համարվող փաստաթղթերը, ինչպես նաև վճարված պետական տուրքը և սույն օրենքով նախատեսված այլ վճարները չեն վերադարձվում:
4. Փոփոխությունների պետական գրանցման մերժումը պետք է լինի պատճառաբանված և հղում պարունակի օրենքի այն կոնկրետ նորմին, որի պահանջը խախտվել է:
5. Փոփոխությունների գրանցման մերժումը ստորագրվում է գործակալության աշխատակցի կողմից էլեկտրոնային ստորագրության միջոցով, և մերժման մասին էլեկտրոնային փաստաթուղթը ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:
6. Մերժման մասին որոշումը ընդունված է համարվում այն էլեկտրոնային փոստով ուղարկելու կամ համացանցում հասանելի լինելու պահից կամ որոշման թղթային տարբերակը դիմողին հանձնելու կամ դիմողին ուղարկելու նպատակով փոստին հանձնելու պահից:
7. Եթե դիմումը ներկայացնելուց հետո փոփոխությունների պետական գրանցումը սահմանված ժամկետներում չի մերժվում, ապա գրանցումը համարվում է կատարված և ոչ ուշ, քան համապատասխան գրանցման համար նախատեսված ժամկետի լրանալուց հետո` մեկ օրվա ընթացքում, դիմողին պետական միասնական գրանցամատյանից տրվում է գրանցումը հաստատող քաղվածք:
Գ Լ ՈՒ Խ 10
ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԸ
Հոդված 44. | Վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը |
1. Միաձուլման դեպքում`
1) միաձուլվող իրավաբանական անձը ներկայացնում է`
ա. դիմում, որում պետք է նշվեն միաձուլվող իրավաբանական անձի պետական գրանցման համարը և անվանումը,
բ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
2) միաձուլման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`
ա. իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորված անձի դիմումը,
բ. իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,
գ. ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) հաստատած էլեկտրոնային փաստաթղթի ձևով կանոնադրությունը,
դ. միաձուլվող իրավաբանական անձանց մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները,
ե. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
զ. փոխանցման ակտերը,
է. միաձուլման պայմանագիրը,
ը. առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր:
2. Միացման դեպքում`
1) միացող իրավաբանական անձը (անձինք) ներկայացնում է (են)`
ա. դիմում, որում պետք է նշվեն միացող իրավաբանական անձի պետական գրանցման համարը և անվանումը,
բ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
2) միացման արդյունքում ընդլայնվող իրավաբանական անձը ներկայացնում է`
ա. դիմում, որում պետք է նշվեն միացման արդյունքում ընդլայնվող իրավաբանական անձի պետական գրանցման համարը և անվանումը,
բ. կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),
գ. փոխանցման ակտ(եր)ը,
դ. միացման պայմանագիրը (պայմանագրերը),
ե. միացմանը մասնակցող իրավաբանական անձանց մասնակիցների համատեղ ընդհանուր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը,
զ. միացող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,
է. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
3. Բաժանման դեպքում`
1) բաժանվող իրավաբանական անձը (անձինք) ներկայացնում է (են)`
ա. դիմում, որում պետք է նշվեն բաժանվող իրավաբանական անձի գրանցման համարը և անվանումը,
բ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
2) բաժանման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`
ա. իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորած անձի դիմումը,
բ. իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,
գ. ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) հաստատած էլեկտրոնային փաստաթղթի ձևով կանոնադրությունը,
դ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
ե. բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը,
զ. բաժանվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,
է. առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր:
4. Առանձնացման դեպքում`
1) առանձնացող իրավաբանական անձը ներկայացնում է`
ա. դիմում, որում պետք է նշվեն առանձնացող իրավաբանական անձի գրանցման համարը և անվանումը,
բ. առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,
գ. բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը,
դ. առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),
ե. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
2) առանձնացման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`
ա. իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորված անձի դիմումը,
բ. իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,
գ. ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) հաստատած էլեկտրոնային փաստաթղթի ձևով կանոնադրությունը,
դ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
ե. առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր,
զ. առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,
է. բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը:
5. Վերակազմավորման դեպքում`
1) վերակազմավորվող իրավաբանական անձը ներկայացնում է`
ա. դիմում, որում պետք է նշվեն վերակազմավորվող իրավաբանական անձի պետական գրանցման համարը և անվանումը,
բ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
2) վերակազմավորման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`
ա. իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորած անձի դիմումը,
բ. իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,
գ. ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) հաստատած էլեկտրոնային փաստաթղթի ձևով կանոնադրությունը,
դ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
ե. առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր,
զ. վերակազմավորվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի,
է. փոխանցման ակտը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
6. Վերակազմակերպվող առևտրային կազմակերպությունները ներկայացնում են մասնակիցների մասնակցությունները հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր), բացառությամբ այն կազմակերպությունների, որոնց մասնակիցների ռեեստրը վարում է պետական ռեգիստրը, ինչպես նաև սույն օրենքի 66-րդ հոդվածով սահմանված դեպքերում նշված հոդվածով ամրագրված տեղեկություններ:
7. Վերակազմակերպմանը մասնակցող բոլոր իրավաբանական անձինք, սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաև իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումն այն մասին, որ իրավաբանական անձը վերակազմակերպման մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է իրեն հայտնի բոլոր պարտատերերին, որոնցից առարկություններ չեն ստացվել, կամ իրավաբանական անձի բոլոր պարտատերերի առաջացած բոլոր պահանջները բավարարվել են:
8. Իրավաբանական անձանց միացման կամ միաձուլման պետական գրանցման դիմումին կից ներկայացվում է նաև իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումն այն մասին, որ տվյալ միացումը կամ միաձուլումը չի հակասում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:
9. Ոչ առևտրային կազմակերպությունները սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «է» ենթակետով և 2-րդ մասի 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված փաստաթղթերը չեն ներկայացնում:
(44-րդ հոդվածը լրաց. 16.01.18 ՀՕ-86-Ն, փոփ., լրաց. 19.01.21 ՀՕ-40-Ն)
Հոդված 45. | Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման կարգը |
1. Դիմող(ներ)ը սույն օրենքի 44-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը թղթային կրիչի վրա ներկայացնում է(են) գործակալություն անձամբ կամ անհրաժեշտ տեղեկատվությունը և համապատասխան էլեկտրոնային փաստաթղթերը` գործակալության պաշտոնական կայքի միջոցով տեղեկատվական համակարգ մուտքագրելու միջոցով:
2. Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե առկա չեն պետական գրանցումը մերժելու հիմքեր, գործակալությունը, սույն հոդվածով սահմանված կարգով, պետք է կատարի վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցում(ներ)ը:
3. Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով կարող են սահմանվել վերակազմակերպումների պետական գրանցման այլ ժամկետներ:
4. Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների այն բոլոր դեպքերում, երբ`
1) ստեղծվում է նոր իրավաբանական անձ, ապա պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգով: Այդ դեպքում միասնական պետական գրանցամատյանում իրավահաջորդության մասին կատարվում է գրառում.
2) իրավաբանական անձի կանոնադրությունում կատարվում են փոփոխություններ, ապա պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի 42-րդ հոդվածով սահմանված կարգով: Այդ դեպքում, ըստ անհրաժեշտության, միասնական պետական գրանցամատյանում կատարվում է նշում իրավահաջորդության մասին.
3) իրավաբանական անձի գործունեությունը դադարում է, ապա պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի 51-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով:
5. Վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպման դեպքում պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգով: Այդ դեպքում միասնական պետական գրանցամատյանում կատարվում է իրավահաջորդության մասին գրառում:
6. Իրավաբանական անձի վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպման դեպքում գործակալությունը պետական գրանցամատյանում կատարում է գրառում գործունեության դադարման մասին:
7. Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված՝ պետական գրանցումներ կատարելուց հետո ներկայացված փոխանցման ակտին կամ բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռին կցվում է նշաթերթ, որը բովանդակում է տվյալ փաստաթղթի համաձայն կատարված պետական գրանցման տարին, ամիսը, օրը:
8. Վերակազմակերպումը կատարված է համարվում գրանցամատյանում վերակազմակերպման արդյունքում ստեղծվող և գործունեությունը դադարեցնող կազմակերպությունների վերաբերյալ համապատասխան գրառումները կատարելու պահից: Գրանցամատյանում վերակազմակերպման գրանցումը հավաստվում է գրանցամատյանի համապատասխան քաղվածքով, որն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին կամ էլեկտրոնային կրիչով տրամադրվում է անձին: Անձի պահանջով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու, անձին կարող է տրվել քաղվածքի արտատպումը (պատճենը): Սույն կետով նախատեսված քաղվածքը պետք է պարունակի նշված անձին վերաբերող` միասնական պետական գրանցամատյանում գրառված ամբողջ տեղեկատվությունը, ներառյալ` իրավահաջորդության մասին տեղեկությունները, ինչպես նաև քաղվածքը տրամադրելու ամսաթիվը:
(45-րդ հոդվածը խմբ., փոփ. 19.01.21 ՀՕ-40-Ն)
Հոդված 46. | Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված գրանցման մերժման հիմքերը և կարգը |
1. Իրավաբանական անձի վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման մերժման հիմքերն են`
1) սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը կամ ներկայացված փաստաթղթերի ամբողջական չլինելը կամ ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքին կամ իրավաբանական անձի ներկայացրած այլ փաստաթղթերին, ընդ որում, առևտրային իրավաբանական անձի կանոնադրության, ոչ առևտրային կազմակերպությունների միացման կամ միաձուլման պայմանագրերի դրույթների համապատասխանությունը օրենքին չի ստուգվում.
2) խախտված է իրավաբանական անձանց վերակազմակերպման օրենքով սահմանված կարգը.
3) վերակազմակերպման համար ներկայացված կանոնադրությունում, պայմանագրում, փոխանցման ակտում կամ բաժանիչ հաշվեկշռում բացակայում են վերակազմակերպված իրավաբանական անձի պարտավորությունների իրավահաջորդության մասին, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դրույթներ:
2. Իրավաբանական անձի գրանցումը մերժելու հիմքեր հայտնաբերելու դեպքում փաստաթղթերն ընդունելու օրվանից սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում վերակազմակերպման գրանցումը գրավոր մերժվում է` մերժման հիմք(եր)ի պարտադիր նշումով: Եթե սույն օրենքով, առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով սահմանված են վերակազմակերպման պետական գրանցման այլ ժամկետներ, ապա մերժումը կարող է կատարվել այդ ժամկետում:
3. Վերակազմակերպման պետական գրանցումը մերժելու դեպքում մերժման համար հիմք համարվող փաստաթղթերը, ինչպես նաև վճարված պետական տուրքը և սույն օրենքով նախատեսված այլ վճարները չեն վերադարձվում:
4. Վերակազմակերպման պետական գրանցման մերժումը պետք է լինի պատճառաբանված և հղում պարունակի օրենքի այն կոնկրետ նորմին, որի պահանջը խախտվել է:
5. Վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման մերժումը ստորագրում է գործակալության աշխատակիցը էլեկտրոնային ստորագրության միջոցով, և մերժման մասին էլեկտրոնային փաստաթուղթը ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով: Անձի պահանջով գործակալության ցանկացած գրասենյակում մեկ անգամ կարող է տրամադրվել մերժման արտատպված պատճենը, որի իսկությունը հավաստվում է համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:
6. Մերժման մասին որոշումը ընդունված է համարվում այն էլեկտրոնային փոստով ուղարկելու կամ համացանցում հասանելի լինելու պահից կամ որոշման թղթային տարբերակը դիմողին հանձնելու կամ դիմողին ուղարկելու նպատակով փոստին հանձնելու պահից:
(46-րդ հոդվածը լրաց. 19.01.21 ՀՕ-40-Ն)
Գ Լ ՈՒ Խ 11
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 47. | Իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին գրառում կատարելը |
1. Իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին գործակալության կողմից գրառում կատարելու համար իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ օրենքով կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմինը կամ նրանց լիազորած անձը գործակալություն են ներկայացնում`
1) դիմում.
2) իրավաբանական անձի լուծարման մասին իրավասու մարմնի որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն տեղակայելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես դրանք սահմանված են «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
4) եթե դիմումը ներկայացնում է լիազորված անձը, ներկայացվում է նաև նրա լիազորությունները հավաստող փաստաթուղթ.
5) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, գրառում կատարելու մերժման հիմքեր չհայտնաբերելու դեպքում գործակալությունը, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հայտարարություն տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին և պետական միասնական գրանցամատյանում գրառում է տեղեկություններ՝ տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գրառումը կատարելը հավաստվում է դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված էլեկտրոնային փաստաթղթի միջոցով: Նշված հավաստումը հասանելի է դառնում նաև համացանցում՝ համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:
4. Անձի պահանջով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու, անձին կարող է տրվել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթի արտատպումը (պատճենը):
(47-րդ հոդվածը լրաց., փոփ. 19.01.21 ՀՕ-40-Ն)
Հոդված 48. |
Այլ մարմնի կողմից նախկինում գրանցված իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին գրառում կատարելը |
1. Այլ մարմնի կողմից գրանցված իրավաբանական անձի լուծարման դեպքում լուծարման գործընթացում գտնվելու մասին գործակալության կողմից գրառում կատարելու համար իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ օրենքով կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմինը կամ նրանց լիազորած անձը գործակալություն են ներկայացնում՝
1) գրանցող մարմնի տված գրանցման վկայականը (պետական գրանցման մասին որոշումը կամ պետական գրանցումը հավաստող այլ փաստաթուղթ).
2) իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթերը.
3) սույն օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերը:
2. Եթե այլ մարմնի կողմից գրանցված իրավաբանական անձը օրենքի համաձայն ենթակա է լուծարման, ապա կարող է ներկայացնել սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում նշված փաստաթղթերից որևէ մեկը:
3. Դիմումի հիման վրա լուծարման գործընթացում գտնվելու մասին գրառումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում գործակալությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում անձին շնորհում է գրանցման համար, պետական գրանցամատյանում գրառում է տեղեկություններ տվյալ իրավաբանական անձի, ինչպես նաև նրա լուծարման գործընթացում գտնվելու մասին:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գրառումը կատարելը հավաստվում է դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված էլեկտրոնային փաստաթղթի միջոցով: Նշված տեղեկանքը հասանելի է դառնում նաև համացանցում՝ համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:
5. Անձի պահանջով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու, անձին կարող է տրվել սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված փաստաթղթի արտատպումը (պատճենը):
(48-րդ հոդվածը փոփ. 19.01.21 ՀՕ-40-Ն)
Հոդված 49. |
Իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին պետական գրանցումը մերժելը |
1. Իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին պետական գրանցումը գործակալությունը մերժում է, եթե`
1) խախտվել է լուծարման՝ օրենքով և կանոնադրությամբ սահմանված կարգը.
2) ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն կամ չեն համապատասխանում օրենքի պահանջներին:
2. Իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին պետական գրանցման մերժման հիմքեր հայտնաբերելու դեպքում անձի դիմումն ընդունելու օրվանից հետո` երկօրյա ժամկետում, լուծարման համար դիմած անձն իր էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված էլեկտրոնային փաստաթղթի միջոցով տեղեկացվում է առկա թերությունների մասին, և այդ անձին հնարավորություն է տրվում մեկօրյա ժամկետում շտկել թերությունները կամ տրամադրել հավելյալ տեղեկատվություն կամ փաստաթղթեր, որից հետո իրականացվում է պետական գրանցումը:
3. Եթե անձը հրաժարվում է շտկել սխալ տեղեկատվությունը կամ հավելյալ տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն կամ փաստաթղթեր, ապա մեկ աշխատանքային օրվա ընթացքում անձի դիմումը գրավոր մերժվում է` մերժման հիմք(եր)ի պարտադիր նշումով:
4. Գրանցման մերժման մասին որոշումը հաստատվում է գործակալության էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում է անձի նշած էլեկտրոնային փոստի հասցեին: Մերժման մասին որոշումը հասանելի է դառնում նաև համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:
Հոդված 50. | Իրավաբանական անձի լուծարման համար ներկայացվող փաստաթղթերը |
1. Իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվում են`
1) դիմում.
2) իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին.
3) լուծարման հաշվեկշիռը.
4) իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների կատարման մասին.
5) դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Դատական դեպարտամենտի տված տեղեկատվությունը` իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործերի բացակայության վերաբերյալ.
6) դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկադիր կատարումն ապահովող ծառայության տված տեղեկատվությունը` իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չկարճված կատարողական վարույթների բացակայության վերաբերյալ:
2. Սնանկության հետևանքով լուծարված իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվում են դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը և սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով սահմանված փաստաթղթերը:
3. Դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով իրավաբանական անձանց լուծարման դեպքում լուծարումն իրականացվում է վճռում նշված մարմնի, իսկ նման նշման բացակայության դեպքում` իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի կողմից, որոնք լուծարումը գրանցելու համար գործակալություն են ներկայացնում դատարանի վճիռը և սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը:
4. Իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման դեպքում պետական տուրք չի գանձվում:
(50-րդ հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-296-Ն, փոփ., լրաց. 19.01.21 ՀՕ-40-Ն)
Հոդված 51. | Իրավաբանական անձի լուծարման գրանցումը |
1. Լուծարվող իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը լուծարման գործընթացն ավարտելուց հետո սույն օրենքի 50-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը ներկայացնում է գործակալություն՝ լուծարման պետական գրանցում կատարելու համար:
2. (մասն ուժը կորցրել է 03.03.21 ՀՕ-98-Ն)
3. Գործակալությունը լուծարման գրանցում կատարելու մասին դիմում ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարցում է ուղարկում հարկային մարմին՝ պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով իրավաբանական անձի պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է ստացումը հաստատելու հնարավորություն տվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ապահովող համակարգի միջոցով: Հարկային մարմինները պատասխանում են հարցմանը այն ստանալու օրվանից հետո` 20 օրվա ընթացքում: Հարկային մարմինների կողմից սույն կետով նախատեսված հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելը կամ այլ պատասխան (բացի պարտավորությունների առկայությունից և դրանց հստակ չափից) ուղարկելը դիտվում է որպես պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով լուծարվող իրավաբանական անձի պարտավորությունների բացակայության հավաստում:
4. Եթե լուծարման համար դիմած անձը փաստաթղթերի հետ ներկայացնում է նաև հարկային մարմնի տված տեղեկանք՝ պետական բյուջեի հանդեպ հարկերի և սոցիալական ապահովագրության գծով պարտավորությունների բացակայության մասին՝ տրված լուծարման հաշվեկշիռը հաստատելու օրը կամ ավելի ուշ, ապա սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարցումը հարկային մարմին չի ուղարկվում:
5. Գործակալությունում ստուգվում են ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն օրենքի պահանջներին:
6. Ներկայացված փաստաթղթերի ստուգումից և սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հավաստումն ստանալուց հետո լուծարման պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում իրավաբանական անձի լուծարումը համարվում է գրանցված, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունում լուծարման մասին տեղեկությունները գրառվում են պետական միասնական գրանցամատյանում:
7. Իրավաբանական անձի լուծարման մասին էլեկտրոնային փաստաթուղթը ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում սույն օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով: Անձի պահանջով գործակալության ցանկացած սպասարկման գրասենյակում սույն օրենքով նախատեսված կարգով կարող է տրամադրվել լուծարման մասին տեղեկանքի պատճենը, որի իսկությունը հավաստվում է համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:
8. Իրավաբանական անձը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը` դադարած պետական գրանցման պահից:
(51-րդ հոդվածը փոփ. 03.03.21 ՀՕ-98-Ն )
Հոդված 52. | Իրավաբանական անձի լուծարման գրանցման մերժման հիմքերը |
1. Իրավաբանական անձի լուծարման գրանցումը մերժելու հիմքերն են`
1) իրավաբանական անձանց լուծարման՝ օրենքով սահմանված կարգի խախտումը.
2) սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը.
3) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքի պահանջներին.
4) սույն օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հարցումներին իրավաբանական անձի նկատմամբ հանձնաժողովի կողմից հարուցված և չավարտված վարչական վարույթի մասին կամ իրավաբանական անձի՝ հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների առկայության մասին կամ պետական բյուջեի նկատմամբ հարկերի, տուրքերի կամ սոցիալական ապահովագրության գծով պարտավորությունների առկայության, դրանց չափի և ծագման հիմքերի մասին հստակ պատասխան ստանալը.
5) իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործի վերաբերյալ տեղեկատվության առկայությունը.
6) իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չկարճված կատարողական վարույթի վերաբերյալ տեղեկատվության առկայությունը.
7) մինչև իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար դիմում ներկայացնելը հանձնաժողովը դիմել է գործակալություն այդ իրավաբանական անձի լուծարումն արգելելու նպատակով:
(52-րդ հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-296-Ն, 03.03.21 ՀՕ-98-Ն)
Հոդված 53. | Իրավաբանական անձի լուծարման գրանցման մերժումը |
1. Իրավաբանական անձի լուծարման գրանցման մերժման հիմքերի առկայության դեպքում գործակալությունն ընդունում է որոշում իրավաբանական անձի լուծարումը մերժելու մասին պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով իրավաբանական անձի պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ հարկային մարմիններից ստացված պատասխանից հետո` մեկօրյա ժամկետում:
2. Մերժման մասին որոշումը պետք է պարունակի մերժման համար հիմք հանդիսացած կոնկրետ իրավական նորմերի և բոլոր փաստական հանգամանքների մասին տեղեկություններ:
3. Իրավաբանական անձի լուծարման գրանցման մերժումը ստորագրում է գործակալության աշխատակիցը էլեկտրոնային ստորագրության միջոցով, և մերժման մասին էլեկտրոնային փաստաթուղթն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:
4. Մերժման մասին որոշումը համարվում է ընդունված այն էլեկտրոնային փոստով ուղարկելու կամ համացանցում հասանելի դառնալու պահից:
5. Եթե լուծարման գրանցման համար հիմք է համարվում հանձնաժողովի կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տված տեղեկանքը, և անձը համաձայն չէ նշված տեղեկանքում պարունակվող տեղեկատվությանը, ապա նա իրավասու է բողոքարկելու տեղեկանքում պարունակվող տեղեկությունների իսկությունը տեղեկանք տրամադրող մարմնին, կամ նրա վերադասին կամ դատական կարգով: Տվյալ դեպքում տեղեկանք ներկայացնող մարմինը հանդես է գալիս որպես միակ պատասխանող:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված բողոքը վարչական կամ դատական կարգով բավարարվելու դեպքում գործակալությունն անմիջապես իրականացնում է իրավաբանական անձի լուծարման պետական գրանցումը:
7. Եթե գրանցման համար մերժման հիմք է դարձել հարկային մարմնի տված` պարտավորությունների առկայության մասին տեղեկանքը, և անձը ընդունում է տեղեկանքում նշված պարտավորությունների առկայությունը, ապա նա իրավունք ունի մերժումը ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, վճարելու հարկային մարմնի տված տեղեկանքում նշված գումարը և անդորրագիրը մնացած անհրաժեշտ փաստաթղթերի հետ կրկին ներկայացնելու գործակալություն: Այս դեպքում լուծարման մասին գրանցումը կատարվում է անմիջապես, ընդ որում, լուծարման գրանցման հավաստումը կատարվում է սույն օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 12
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՈՒՄԸ
Հոդված 54. | Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը |
1. Առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների պետական հաշվառման համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում, որը պետք է պարունակի`
ա. հիմնադիր իրավաբանական անձի պետական գրանցման համարը և անվանումը (ստորագրված հիմնադրի գործադիր մարմնի, առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից),
բ. առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի մասին տեղեկություններ (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, կապի միջոցները՝ հեռախոսահամար, ֆաքսի համար, էլեկտրոնային փոստ (առկայության դեպքում),
գ. եթե իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների հիմնադիրը օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների պետական հաշվառման համար, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացվում է նաև քաղվածք` տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ, և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված և հայերեն թարգմանված,
դ. եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա ֆիզիկական անձ է, ապա պետական գրանցման համար, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացվում է տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված.
2) իրավասու մարմնի որոշում(ներ)ն առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավար կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին.
3) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի կանոնադրությունը` ստորագրված հիմնադրի լիազորած անձի կողմից.
4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
2. Պետական, համայնքային հիմնարկների պետական հաշվառման դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված փաստաթղթերը կարող են չպարունակել հիմնարկի ղեկավար կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին որոշումը:
Հոդված 55. | Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի փոփոխությունների հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը |
1. Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի կանոնադրությունում կատարված փոփոխությունների ու լրացումների, ինչպես նաև նոր խմբագրությամբ կանոնադրությունը կամ սույն օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասում նշված տեղեկությունների փոփոխությունների (այսուհետ` փոփոխություններ) հաշվառման համար անհրաժեշտ է ներկայացնել`
1) դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից).
2) կատարված փոփոխությունների մասին իրավասու մարմնի որոշումը.
3) կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը).
4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
Հոդված 56. | Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի վերակազմակերպմամբ պայմանավորված պետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը |
1. Առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների միաձուլման դեպքում՝
1) միաձուլվող առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է`
ա. դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից),
բ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
2) միաձուլման արդյունքում ստեղծված առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է՝
ա. սույն օրենքի 54-րդ հոդվածում նշված փաստաթղթերը,
բ. միաձուլվող առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների իրավասու մարմնի (մարմինների) որոշումները:
2. Առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների միացման դեպքում`
1) միացող առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է`
ա. դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից),
բ. (ենթակետն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-40-Ն)
գ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
2) միացման արդյունքում ընդլայնված առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է՝
ա. սույն օրենքի 55-րդ հոդվածում նշված փաստաթղթերը,
բ. միացող առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների իրավասու մարմնի (մարմինների) որոշումները:
3. Առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների բաժանման դեպքում`
1) բաժանվող առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է`
ա. դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից).
բ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
2) բաժանման արդյունքում ստեղծված առանձնացված ստորաբաժանումը, հիմնարկը ներկայացնում են՝
ա. սույն օրենքի 54-րդ հոդվածում նշված փաստաթղթերը,
բ. բաժանվող առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի իրավասու մարմնի (մարմինների) որոշումները:
4. Առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների առանձնացման դեպքում`
1) առանձնացման միջոցով վերակազմակերպվող առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է`
ա. դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից),
բ. սույն օրենքի 55-րդ հոդվածում նշված փաստաթղթերը,
գ. վերակազմակերպման մասին իրավասու մարմնի (մարմինների) որոշումները.
2) առանձնացման արդյունքում ստեղծված առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է՝
ա. սույն օրենքի 54-րդ հոդվածում նշված փաստաթղթերը,
բ. առանձնացման միջոցով վերակազմակերպվող առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի իրավասու մարմնի (մարմինների) որոշումները:
5. Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի վերակազմավորման դեպքում`
1) վերակազմավորվող առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է`
ա. դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից),
բ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
2) վերակազմավորման արդյունքում ստեղծված առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է՝
ա. սույն օրենքի 54-րդ հոդվածում նշված փաստաթղթերը,
բ. վերակազմավորվող առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի իրավասու մարմնի (մարմինների) որոշումները:
(56-րդ հոդվածը փոփ. 19.01.21 ՀՕ-40-Ն)
Հոդված 57. | Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի հաշվառման, փոփոխությունների գրառման, հաշվառումից հանելու կարգը և ժամկետները |
1. Գործակալությունը ստուգում է ներկայացված փաստաթղթերի լիարժեքությունը և համապատասխանությունն օրենքների պահանջներին: Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի պետական հաշվառման դեպքում չի ստուգվում կանոնադրության համապատասխանությունն օրենքների պահանջներին:
2. Ներկայացված փաստաթղթերը ստանալուց հետո` առավելագույնը երկու աշխատանքային օրվա ընթացքում, գործակալությունում դրանք ուսումնասիրվում են, և պետական հաշվառումը (փոփոխությունների հաշվառումը) մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում տեղեկատվական համակարգը նրան շնորհում է հաշվառման համար, և անհրաժեշտ տեղեկությունները տեղեկատվական համակարգի միջոցով գրառվում են պետական միասնական գրանցամատյանում:
3. Եթե անձը փաստաթղթերը ներկայացնում է սույն օրենքի 17-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով նախատեսված կարգով, ապա փոփոխությունների պետական գրանցումն իրականացվում է անմիջապես:
4. Առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը հաշվառված է համարվում, իսկ փոփոխությունները` կատարված՝ միասնական պետական գրանցամատյանում համապատասխան գրառում(ներ)ը կատարելու պահից:
5. Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հաշվառումը (փոփոխությունների գրառումը) հավաստվում է միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածքով, որն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:
6. Անձի պահանջով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճարը վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու, անձին կարող է տրվել քաղվածքի արտատպումը (պատճենը): (նախադասությունը հանվել է 19.01.21 ՀՕ-40-Ն)
7. Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի պետական հաշվառման դեպքում կանոնադրության վրա պետական հաշվառման մասին որևէ նշում չի կատարվում, իսկ պետական հաշվառման նպատակով ներկայացված փաստաթղթերը ենթակա չեն վերադարձման:
(57-րդ հոդվածը փոփ. 19.01.21 ՀՕ-40-Ն)
Հոդված 58. | Առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը հաշվառումից հանելու (գործունեության դադարման) համար անհրաժեշտ փաստաթղթերը |
1. Առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը պետական հաշվառումից հանելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1) դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից).
2) գործունեության դադարման մասին իրավասու մարմնի որոշումը:
Հոդված 59. | Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի հաշվառումը (փոփոխությունները գրառելու, հաշվառումից հանելու) մերժելու հիմքերն ու ժամկետները |
1. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հաշվառումը (փոփոխությունների գրառումը) մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն կամ չեն համապատասխանում օրենքների պահանջներին:
2. Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի պետական հաշվառումը (փոփոխությունների պետական հաշվառումը) մերժվում է գրավոր` մերժման հիմք(եր)ի պարտադիր նշումով, համապատասխան էլեկտրոնային փաստաթուղթը դիմողի ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջոցով: Հաշվառման մերժման մասին որոշումը նաև հասանելի է դառնում համացանցում՝ համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:
3. Հաշվառման մասին որոշումը համարվում է ընդունված այն դիմողի էլեկտրոնային փոստին ուղարկելու կամ համացանցում հասանելի դառնալու պահից:
4. Պետական հաշվառումը (փոփոխությունների պետական հաշվառումը, հաշվառումից հանումը) մերժվելու դեպքում մերժման համար հիմք համարվող փաստաթղթերը չեն վերադարձվում:
5. Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի պետական հաշվառումը (փոփոխությունների պետական հաշվառումը, հաշվառումից հանումը) աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում:
6. Պետական հաշվառումը (փոփոխությունների պետական հաշվառումը, հաշվառումից հանումը) մերժելը, ինչպես նաև դրա կատարումից խուսափելը կարող են բողոքարկվել վերադասության կարգով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կամ դատական կարգով:
Հոդված 60. | Օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների պետական հաշվառման և հաշվառումից հանելու առանձնահատկությունները |
1. Օտարերկրյա իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման հաշվառման դեպքում դիմողը, ի հավելումն սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի, ներկայացնում է նաև՝
1) հիմնադրի կանոնադրության և (կամ) հիմնադիր այլ փաստաթղթի պատճենը՝ հյուպատոսական վավերացմամբ կամ ապոստիլով հաստատված և հայերեն թարգմանված.
2) քաղվածք` գրանցման երկրի առևտրային գրանցամատյանից կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ՝ հյուպատոսական վավերացմամբ կամ ապոստիլով հաստատված և հայերեն թարգմանված:
2. Եթե հիմնադիր օտարերկրյա իրավաբանական անձը չունի հիմնադիր փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերը չեն պարունակում դրույթներ առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու լիազորություններ ունեցող մարմինների մասին, ապա սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի փոխարեն ներկայացվում են իրավասու մարմնի (կամ օտարերկրյա իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի) տված տեղեկանքները` հիմնադիր փաստաթղթերի ցանկի և առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու վերաբերյալ որոշում ընդունած մարմնի նման լիազորություններ ունենալու մասին:
3. Օտարերկրյա իրավաբանական անձի հաշվառման ժամանակ տեղեկատվական համակարգը հաշվառվող առանձնացված ստորաբաժանմանը կամ հիմնարկին շնորհում է նաև հարկային մարմնի տրամադրած հարկ վճարողի հաշվառման համարը («Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով), սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը («Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով):
4. Օտարերկրյա իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը պետական հաշվառումից հանելու համար, ի հավելումն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի, ներկայացնում է նաև`
1) հիմնադրի տված տեղեկանքը, որով հավաստվում է պարտատերերի` առաջացած պարտավորությունների բավարարումը կամ նման պարտավորությունների բացակայությունը.
2) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն տեղակայելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք սահմանված են «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
5. Օտարերկրյա իրավաբանական անձի հաշվառումից հանումը կատարվում է սույն օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված կարգով սույն գլխով նախատեսված փաստաթղթերի հիման վրա:
ԳԼՈՒԽ 12.1.
(գլուխը լրաց. 03.06.21 ՀՕ-246-Ն)
(03.06.21 ՀՕ-246-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՌՈՒՄԸ
Հոդված 60.1. | Իրավաբանական անձանց իրական շահառուները |
1. Սույն օրենքի իմաստով՝ իրական շահառու է համարվում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափանիշներով իրավաբանական անձի իրական շահառու հանդիսացող անձը։
2. Ոլորտային օրենսդրությամբ կարող են սահմանվել իրական շահառուների բացահայտման` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված չափանիշներից խիստ չափանիշներ, եթե դա բխում է իրավաբանական անձի գործունեության ոլորտի առանձնահատկություններից կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից։
3. Սույն գլխի դրույթները չեն տարածվում Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց վրա։ Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտման, գրանցման և տվյալների արժանահավատության ապահովման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ։
Հոդված 60.2. | Իրավաբանական անձանց իրական շահառուների հայտնաբերումը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված իրավաբանական անձը պարտավոր է տիրապետել արժանահավատ տեղեկությունների իր իրական շահառուների և նրանց՝ իրավաբանական անձի իրական շահառու հանդիսանալու հիմքերի վերաբերյալ։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունների բացահայտման համար իրավաբանական անձը պարտավոր է պարբերաբար, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, իրականացնել պատշաճ ուսումնասիրություն՝ պահպանելով իրականացված ուսումնասիրությանն առնչվող բոլոր փաստաթղթերը։ Իրական շահառուների հայտնաբերմանն առնչվող փաստաթղթերը ենթակա են պահպանման առնվազն հինգ տարի ուսումնասիրության իրականացման պահից, բայց ոչ պակաս, քան հինգ տարի՝ սկսած այն պահից, երբ անձը, որին դրանք առնչվում են, դադարում է լինել իրավաբանական անձի իրական շահառու։ Սույն մասով նախատեսված փաստաթղթերն իրենց լիազորությունների իրականացման նպատակով ներկայացված պահանջի հիման վրա անմիջապես, բայց ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում հասանելի են դարձվում գործակալությանը և պետական մարմիններին։
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պատշաճ ուսումնասիրության իրականացման ընթացքում իրավաբանական անձը պարտավոր է հարցումներով դիմել այն անձանց, որոնց իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ առկա են կասկածներ, ինչպես նաև իրավաբանական անձի մասնակիցներին կամ մասնակից իրավաբանական անձանց ներկայացուցիչներին, որոնք կարող են տիրապետել իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների։ Սույն մասով նախատեսված հարցում ստացած անձինք պարտավոր են 20 օրվա ընթացքում պատասխանել հարցմանը և հարցումն իրականացրած իրավաբանական անձին տրամադրել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ներկայացման համար անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր։
4. Իրավաբանական անձի իրական շահառուները պարտավոր են իրենց իրական շահառուի կարգավիճակ ձեռք բերելու կամ իրենց առնչվող տվյալների փոփոխվելու պահից քսան օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող իրավաբանական անձին և տրամադրել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ներկայացման համար անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր։
Հոդված 60.3. | Իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտումը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված իրավաբանական անձը պարտավոր է սույն օրենքով նախատեսված պատշաճ ուսումնասիրության արդյունքներով գործակալություն ներկայացնել իր իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։
2. Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրում ներառվում են տեղեկություններ՝
1) իրավաբանական անձի անունից հայտարարագիրը ներկայացնող անձի վերաբերյալ (անունը, ազգանունը և պաշտոնը).
2) իրավաբանական անձի բաժնետոմսերի ցուցակման կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրման (այսուհետ՝ ցուցակման) վերաբերյալ․
3) իրավաբանական անձն ամբողջությամբ վերահսկող իրավաբանական անձի բաժնետոմսերի ցուցակման վերաբերյալ, ցուցակված բաժնետոմսերով իրավաբանական անձի վերաբերյալ (իրավաբանական անձի պետական գրանցման տվյալները և դրա գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը), ինչպես նաև այդպիսի իրավաբանական անձի մասնակցության ծավալների վերաբերյալ․
4) իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում պետության, համայնքի կամ միջազգային կազմակերպության մասնակցության ծավալների վերաբերյալ․
5) իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ (անունը, ազգանունը, քաղաքացիությունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ՀԾՀ, բնակության (հաշվառման) վայրը, կապի միջոցները՝ առկայության դեպքում, իրական շահառու դառնալու ամսաթիվը)․
6) անձի իրական շահառու հանդիսանալու հիմքերի վերաբերյալ և իրավաբանական անձին առանձին կամ իր հետ փոխկապակցված ֆիզիկական կամ իրավաբանական անձի հետ համատեղ վերահսկելու վերաբերյալ.
7) միջանկյալ իրավաբանական անձանց վերաբերյալ (իրավաբանական անձի պետական գրանցման տվյալները և դրա գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը)։
3. Ցուցակված բաժնետոմսերով առևտրային կազմակերպությունները կամ այնպիսի առևտրային կազմակերպությունները, որոնց ամբողջությամբ վերահսկում է ցուցակված բաժնետոմսերով մեկ այլ առևտրային կազմակերպություն, ներկայացնում են միայն սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, եթե իրավաբանական անձի բաժնետոմսերը ցուցակված են կարգավորվող շուկայում, որտեղ իրական շահառուների բացահայտման չափանիշները համարժեք են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված չափանիշներին։
4. Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը ենթակա է ներկայացման սույն օրենքով սահմանված կարգով իրավաբանական անձի գրանցման պահից 40 օրվա ընթացքում։ Իրական շահառուների վերաբերյալ տվյալների փոփոխման դեպքում դրանք ենթակա են հայտարարագրման իրավաբանական անձին հայտնի դառնալուց հետո՝ անմիջապես, բայց ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում։
5. Անկախ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետներից՝ մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը իրավաբանական անձը պարտավոր է գործակալություն ներկայացնել՝
1) հաստատում առ այն, որ իրական շահառուների վերաբերյալ գործակալություն ներկայացված վերջին հայտարարագիրը պարունակում է արդիական տեղեկություններ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կամ
2) փոփոխված տեղեկություններ իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ։
6. Իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ձևը, դրա լրացման և ներկայացման կարգը, իրական շահառուների վերաբերյալ գործակալություն ներկայացված վերջին հայտարարագրի հաստատման կարգը, իրական շահառուների բացահայտման համարժեք չափանիշներով կարգավորվող շուկաների ցանկը սահմանում է արդարադատության նախարարը։ Սույն մասով նախատեսված հայտարարագրի լրացման կարգում արդարադատության նախարարը կարող է նաև սահմանել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ներկայացման պարտականություն ունեցող ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց կողմից հայտարարագրի լրացման առանձնահատկությունները։
Հոդված 60.4. |
Իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների պետական գրանցումը և հրապարակումը |
1. Իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների պետական գրանցման համար գործակալություն է ներկայացվում իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը։
2. Իրական շահառուների փոփոխության գրանցման համար գործակալություն է ներկայացվում՝
1) իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ նոր հայտարարագիրը.
2) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։
3. Եթե իրավաբանական անձի իրական շահառուն օտարերկրյա ֆիզիկական անձ է, ապա պետական գրանցման համար, սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացվում է տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված:
4. Մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման ոլորտային պահանջների հիման վրա գործակալություն ներկայացված իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունները, բացառությամբ հրապարակային չհամարվող տեղեկությունների, հասանելի են տեղեկատվական համակարգի միջոցով գործակալության պաշտոնական կայքից առանց պետական տուրք վճարելու։
Հոդված 60.5. |
Իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների արժանահավատության ապահովումը |
1. Գործակալությունն իրականացնում է ընթացիկ վերահսկողություն իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների արժանահավատության ապահովման նպատակով։
2. Պետական մարմինը, որն իր լիազորությունների իրականացման ընթացքում իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների արժանահավատության առնչությամբ հայտնաբերում է կասկածներ, այդ մասին անմիջապես ծանուցում է գործակալությանը։
3. Գործակալությունն իր նախաձեռնությամբ կամ դիմումի հիման վրա կարող է հարուցել վարույթ իրական շահառուների հայտարարագրման՝ սույն օրենքով նախատեսված պահանջների պահպանումն ստուգելու նպատակով, իսկ խախտում հայտնաբերելու դեպքում՝ կիրառել օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ։
4. Սույն հոդվածով նախատեսված գործառույթներն իրականացնելիս գործակալությունն իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջելու և ստանալու իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող իրավաբանական անձանց առնչվող տեղեկություններ, այդ թվում՝ հարկային և մաքսային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ։
5. Սույն հոդվածով նախատեսված գործառույթներն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով արգելված արարքի առերևույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում, ինչպես նաև եթե տեղեկությունների արժանահավատության առնչությամբ կասկածների առկայության դեպքում իրավաբանական անձը գործակալության պահանջով չի ներկայացնում իր հայտարարագրի հիմքում ընկած պատշաճ ուսումնասիրության փաստաթղթերը, կամ դրանք բավարար չեն կասկածները փարատելու համար, ապա գործակալությունը նյութերը եռօրյա ժամկետում ուղարկում է գլխավոր դատախազություն՝ ընդունելով վարչական վարույթը կասեցնելու մասին որոշում։
6. Սույն օրենքի 60.3-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պարտականությունը երեք տարի անընդմեջ չկատարելու, ինչպես նաև սույն գլխի կանոններն այլ կերպ բազմակի կամ կոպիտ խախտելու դեպքում գործակալությունը կարող է դիմել դատարան՝ իրավաբանական անձին լուծարելու պահանջով։
7. Մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման ոլորտի կազմակերպության առնչությամբ կայացված վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, գործակալությունն այդ մասին տեղեկացնում է ընդերքօգտագործման ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին։
Գ Լ ՈՒ Խ 13
ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
Հոդված 61. | Պետական միասնական գրանցամատյանում պահպանվող տեղեկությունների տրամադրումը |
1. Պետական միասնական գրանցամատյանի հրապարակային տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար:
2. Առանց պետական տուրք վճարելու տեղեկատվական համակարգի միջոցով գործակալության պաշտոնական կայքից հասանելի են իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ և պետական մարմնի վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանի հետևյալ տեղեկությունները․
1) անունը, ազգանունը կամ անվանումը և կազմակերպաիրավական ձևը․
2) պետական գրանցման (հաշվառման) ամսաթիվը․
3) պետական գրանցման (հաշվառման) համարը․
4) հարկ վճարողի հաշվառման համարը․
5) ձեռնարկության կոդային դասակարգիչը (ՁԿԴ)․
6) գտնվելու վայրը կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հասցեն․
7) իրավաբանական անձի իրական շահառուի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, իրական շահառու դառնալու ամսաթիվը, իրավաբանական անձի իրական շահառու հանդիսանալու հիմքերը.
8) տեղեկություններ լուծարման գործընթացում գտնվելու մասին կամ հաշվառումից հանվելու մասին:
3. Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները տրամադրվում են թղթային կրիչով կամ տեղեկատվական համակարգի միջոցով գործակալության պաշտոնական կայքից «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը կատարելուց հետո, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու:
4. Գործակալության կայքից տեղեկատվական համակարգի միջոցով յուրաքանչյուր անձ կարող է իրականացնել իրավաբանական անձանց մասին տեղեկությունների փնտրում՝ մուտքագրելով իրավաբանական անձի անվանումը, իրավաբանական անձի հիմնադրի կամ մասնակցի անունը և ազգանունը, սոցիալական քարտի համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, գրանցման համարը:
5. Անձի պահանջով մասնակի տեղեկությունները կամ ամբողջական տեղեկությունները էլեկտրոնային փաստաթղթի ձևով կամ թղթային կրիչի վրա գործակալության աշխատակցի հաստատած պատճենի ձևով կարող են տրամադրվել նաև գործակալության սպասարկման գրասենյակներից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու: Այդ դեպքում անձը ներկայացնում է տեղեկություններ ընկերության մասին (անվանումը կամ գրանցման համարը) և վճարի կատարումը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև ստորագրում է գործակալության կողմից կազմվող դիմումը:
6. Ամբողջական կամ մասնակի տեղեկությունները տրամադրում է գործակալությունը դիմումը ստանալուց հետո` անմիջապես:
7. Գործակալությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տեղեկություններ է տրամադրում իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների պետական հաշվառման մասին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան: Կոմիտեն գործակալությանը տրամադրում է տեղեկություններ հարկ վճարողների հաշվառման համարների մասին` «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
(61-րդ հոդվածը լրաց. 23.04.19 ՀՕ-25-Ն, փոփ. 19.01.21 ՀՕ-40-Ն, խմբ., լրաց. 03.06.21 ՀՕ-246-Ն)
(03.06.21 ՀՕ-246-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 62. | Միասնական պետական գրանցամատյանից տրվող՝ իրավաբանական անձի ամբողջական տեղեկություններ պարունակող քաղվածքը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում տրվում են պետական գրանցումը (հաշվառումը) հավաստող, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրող իրավաբանական անձի մասին ամբողջական տեղեկություններ պարունակող միասնական ձևի քաղվածքներ:
2. Իրավաբանական անձի մասին ամբողջական տեղեկություններ պարունակող՝ միասնական պետական գրանցամատյանի քաղվածքների ձևերը սահմանում է արդարադատության նախարարը:
3. Իրավաբանական անձի մասին ամբողջական տեղեկություններ պարունակող՝ միասնական պետական գրանցամատյանից քաղվածքը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները.
1) իրավաբանական անձի անվանումը.
2) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.
3) պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը.
4) իրավաբանական անձի կոդը.
5) իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը.
6) իրավաբանական անձի սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը (ապահովադրի ծածկագիրը).
7) իրավաբանական անձի` լուծարման գործընթացում գտնվելու կամ լուծարման մասին գրառման վերաբերյալ, ներառյալ` գրառումները կատարելու տարին, ամիսը, օրը.
8) իրավաբանական անձի գտնվելու վայրը.
9) իրավաբանական անձի գործունեության ժամկետը (անժամկետ, իսկ որոշակի ժամկետի դեպքում նշելով դրա ավարտի տարին, ամիսը և ամսաթիվը).
10) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի (տնօրեն, գլխավոր տնօրեն, նախագահ, գործերը վարող և այլն) կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձին ներկայացնելու իրավունք ունեցող այլ անձի անունը, ազգանունը).
11) իրավաբանական անձի իրավանախորդի անվանումը և գրանցման համարը.
12) իրավաբանական անձի մասնակիցների մասին տեղեկություններ (անունը, ազգանունը` ֆիզիկական անձանց համար, անվանումը, պետական գրանցման համարը և ՀՎՀՀ՝ իրավաբանական անձանց համար, մասնակից դառնալու տարին, ամիսը, օրը, բաժնեմասի (մասնակցության) չափը, բաժնեմասի փոփոխությունների տարին, ամիսը, օրը, մասնակցության դադարման ամիսը, տարին, օրը).
12.1) (կետն ուժը կորցրել է 03.06.21 ՀՕ-246-Ն)
13) իրավաբանական անձի գրանցումից մինչև քաղվածքի տրման պահը կատարված փոփոխությունների ընդհանուր նկարագրությունը՝ կոդերի նշումով, և փոփոխությունների տարին, ամիսը, օրը.
14) քաղվածքի տրամադրման տարին, ամիսը, օրը.
15) սույն օրենքով նախատեսված այլ տեղեկություններ:
(62-րդ հոդվածը լրաց. 23.04.19 ՀՕ-25-Ն, փոփ. 03.06.21 ՀՕ-246-Ն)
(03.06.21 ՀՕ-246-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 63. | Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը հաստատող՝ պետական միասնական գրանցամատյանից տրվող քաղվածքը |
1. Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը հաստատող` պետական միասնական գրանցամատյանից վերցված համապատասխան քաղվածքի ձևը հաստատում է արդարադատության նախարարը:
2. Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը հաստատող` պետական միասնական գրանցամատյանից վերցված համապատասխան քաղվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
1) անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը.
2) անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը.
3) անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը.
4) պետական հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը.
5) հաշվառման և (կամ) բնակության վայրը.
6) քաղվածքը տրամադրելու տարին, ամիսը, օրը:
Հոդված 64. | Գործակալությունում պահվող այլ տեղեկություններին ծանոթանալու կարգը |
1. Գործակալությունում պահպանվող փաստաթղթերը, ներառյալ` գրանցումների կատարման համար հիմք ծառայած փաստաթղթերը, ազատ են ծանոթանալու և պատճենահանելու համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու:
2. Համապատասխան փաստաթղթերին ծանոթանալու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ նշելով իրավաբանական անձի անվանումը կամ գրանցման համարը, ինչպես նաև համապատասխան վճարի վճարումը հավաստող փաստաթուղթ:
3. Դիմումը ներկայացնելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան փաստաթղթերի էլեկտրոնային պատճեններն ուղարկվում են դիմումում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին:
Հոդված 65. | Էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով պետական մարմիններին, ինչպես նաև համապատասխան պայմանագրի հիման վրա մասնավոր անձանց տրամադրվող տեղեկատվության ստացման առանձնահատկությունները |
1. Պետական մարմիններին գրանցամատյանում պահվող տեղեկությունները տրամադրվում են առցանց` նախօրոք տրամադրված ծածկանունն ու գաղտնաբառը գործակալության կայք մուտքագրելու միջոցով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն մասնավոր անձանց խմբերի (ըստ գործունեության տեսակների) ցուցակը, ովքեր իրավունք ունեն արդարադատության նախարարության հետ կնքելու պայմանագիր և ինքնաշխատ համակարգերի միջոցով ստանալու գրանցամատյանում գրառված տեղեկությունները: Տվյալ ցուցակը առնվազն պետք է ներառի բոլոր նոտարներին, բանկերին և փաստաբաններին, պայմանով, որ վերջինները համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առաջադրվող պահանջներին:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված անձինք իրավունք ունեն կնքելու համապատասխան պայմանագիրը և ամսական համապատասխան վճարը վճարելու պայմանով ինքնաշխատ համակարգի միջոցով արդարադատության նախարարի սահմանած կարգով ստանալու գրանցամատյանում պահվող տեղեկությունները:
Հոդված 66. |
Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակներով տրամադրվող տեղեկությունները |
(վերնագիրը խմբ. 03.06.21 ՀՕ-246-Ն)
1. Գործակալությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմնին է տրամադրում պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն այդ օրենքով սահմանված կարգով։
(66-րդ հոդվածը լրաց. 17.11.16 ՀՕ-207-Ն, խմբ. 03.06.21 ՀՕ-246-Ն)
(03.06.21 ՀՕ-246-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
ԳԼՈՒԽ 13.1
(գլուխը լրաց. 06.03.20 ՀՕ-145-Ն)
ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
Հոդված 66.1. |
Գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն ստանալու հայտը |
1. Լրատվական գործունեություն իրականացնողը, որը ցանկանում է ստանալ հասանելիություն պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին՝ առանց պետական տուրքի վճարման, պետք է գործակալություն ներկայացնի համապատասխան հայտ, որի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հայտը պետք է պարունակի՝
1) զանգվածային լրատվության միջոցի անվանումը.
2) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման (կամ իրավաբանական անձի անունից գործող նրա առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի հաշվառման) համարը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը անհատ ձեռնարկատեր է, ապա նրա անունը, ազգանունը, հաշվառման, ինչպես նաև լրատվական գործունեության իրականացման հասցեն և պետական հաշվառման համարը.
3) համացանցային կայքի միջոցով տարածվող լրատվության միջոցի դեպքում հայտում պետք է նշվի նաև այդ համացանցային կայքի հասցեն.
4) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի աշխատակցի նույնականացման քարտի պատճենը, որի անունով տրամադրվելու է հասանելիությունը գրանցամատյանում առկա տեղեկություններին, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը անհատ ձեռնարկատեր է, ապա նրա նույնականացման քարտի պատճենը և էլեկտրոնային փոստի հասցեն:
Անձի՝ իրավաբանական անձի աշխատակից լինելու հանգամանքը հավաստվում է իրավաբանական անձի համապատասխան մարմնի տված տեղեկանքով:
Հոդված 66.2. |
Հայտի հիման վրա գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիության տրամադրումը և հայտի մերժումը |
1. Սույն օրենքի 66.1-ին հոդվածում նշված հայտը ներկայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, սպասարկման գրասենյակն ստուգում է հայտի և դրանով ներկայացված տվյալների համապատասխանությունը սույն օրենքի պահանջներին: Համապատասխանության դեպքում հայտը բավարարվում է, և այն ներկայացրած անձանց տրամադրվում է հասանելիություն գրանցամատյանում առկա տեղեկություններին:
2. Սույն օրենքով ներկայացվող պահանջներին հայտի կամ դրանով ներկայացված տվյալների անհամապատասխանության դեպքում գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն ստանալու հայտը մերժվում է:
Հոդված 66.3. |
Գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիության դադարեցումը |
1. Լրատվական գործունեություն իրականացնող անձին սույն օրենքի 66.1-ին հոդվածում նշված հայտի հիման վրա տրամադրված հասանելիությունը գրանցամատյանում առկա տեղեկություններին ինքնաշխատ կերպով դադարում է, եթե լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձը լուծարվել է, գործունեությունը դադարել է, կամ անհատ ձեռնարկատերը հաշվառումից հանվել է:
2. Լրատվական գործունեություն իրականացնող անձին տրամադրված հասանելիությունը գրանցամատյանում առկա տեղեկություններին դադարում է նաև լրատվական գործունեություն իրականացնող անձի դիմումի հիման վրա:
Գ Լ ՈՒ Խ 14
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 67. | Սույն օրենքի պահանջները խախտելու համար պատասխանատվությունը |
1. Գործակալություն ներկայացված փաստաթղթերի տվյալների իսկության համար պատասխանատվությունը կրում են այդ փաստաթղթերը ներկայացրած անձինք:
2. Գործակալության ղեկավարը և աշխատակիցները պատասխանատվություն են կրում պետական գրանցումն ու պետական հաշվառումն անհիմն մերժելու, դրանց կատարումից խուսափելու կամ պետական գրանցումն ու պետական հաշվառումն անհիմն կամ անօրինական կատարելու համար` օրենքով սահմանված կարգով:
Հոդված 68. | Պետական այլ մարմինների տեղեկատվության տրամադրումը գործակալություն |
1. Սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքերում անձանց վերաբերյալ տեղեկությունները իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնին տրամադրում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Տեղեկությունների կազմը և տրամադրման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համատեղ հրամանով:
(օրենքը խմբ. 19.03.12 ՀՕ-127-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |