ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի նոյեմբերի 16-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 105-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը «գումարը» բառից հետո լրացնել «, որը ներառում է նաև մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման համար հաշտարարին կողմի վճարած վարձատրության գումարը» բառերով։
Հոդված 2. Օրենսգրքի 121-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Օրենքով նախատեսված դեպքերում մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության պահանջ սահմանված լինելու դեպքում հայցադիմումում նշվում են վեճը հաշտությամբ լուծելու ուղղությամբ կատարված գործողությունները:»։
Հոդված 3. Օրենսգրքի 122-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.4-րդ մասերով.
«1.1. Օրենքով նախատեսված դեպքերում մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության պահանջ սահմանված լինելու դեպքում հայցադիմումին կցվում է հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրության բնօրինակը: Օրենքով նախատեսված դեպքերում առցանց հաշտարարության իրականացման պարագայում հայցադիմումին կարող է կցվել հաշտարարի էլեկտրոնային ստորագրությամբ հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրությունը: «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այն դեպքերում, երբ որևէ հիմքով անձին թույլատրված է չսպառել պարտադիր հաշտարարության պահանջը, կամ պարտադիր հաշտարարության իրականացումն օրենքով նախատեսված դեպքերում անհնարին է, ապա հայցադիմումին կցվում է օրենքով նախատեսված այդ հիմքերը հիմնավորող՝ օրենքով նախատեսված թույլատրելի ապացույց:
1.2. «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքերում սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված փաստաթղթի փոխարեն հայցադիմումին կցվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներից որևէ մեկի կիրառման մասին որոշման պատճենը:
1.3. «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-3-րդ կետերով սահմանված դեպքերում սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված փաստաթղթի փոխարեն հայցադիմումին կցվում է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պատճենը:
1.4. «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված փաստաթղթի փոխարեն հայցադիմումին կցվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից հաշտարարի նշանակման անհնարինության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տրամադրած տեղեկանքը:»։
Հոդված 4. Օրենսգրքի 137-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.
«7.1. Մինչև դատարան դիմելը օրենքով պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելը խոչընդոտ չէ հայցի նախնական ապահովման միջոցների կիրառման համար:»։
Հոդված 5. Օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասում «մինչև» բառը փոխարինել «ոչ պակաս, քան երկու, և ոչ ավելի, քան» բառերով և նույն մասից հանել «անվճար» բառը:
Հոդված 6. Օրենսգրքի 175-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո դատարանը կարող է նշանակել ոչ պակաս, քան երկու, և ոչ ավելի, քան չորս ժամ հաշտարարություն, եթե մեծ է վեճը հաշտությամբ ավարտելու հավանականությունը:»:
Հոդված 7. Օրենսգրքի 184-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Եթե մեծ է վեճը հաշտությամբ ավարտելու հավանականությունը, ապա դատարանն իր նախաձեռնությամբ մեկ անգամ կարող է նշանակել ոչ պակաս, քան երկու, և ոչ ավելի, քան չորս ժամ հաշտարարություն:».
2) 4-րդ և 5-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Կողմերի միջնորդությամբ արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելիս հաշտարարի թեկնածության վերաբերյալ առաջարկ չներկայացվելու կամ դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում հաշտարարի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պահանջագրում նշելով դատական գործի համարը, գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), կողմերի միջև առկա վեճի բնույթը, պահանջները, այլ անհրաժեշտ տվյալներ:
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից հաշտարարի թեկնածություն ներկայացվելուց հետո կամ կողմերի փոխադարձ համաձայնությամբ հաշտարար ընտրելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում որոշում է կայացնում հաշտարար նշանակելու մասին, որտեղ նշվում են գործին մասնակցող անձինք, կողմերի միջև առկա վեճի բնույթը, պահանջները, հաշտարարության ժամկետները, արտոնագրված հաշտարարի անունը, այլ անհրաժեշտ տվյալներ, հաջորդ դատական նիստի ժամանակը և վայրը, ինչպես նաև հաշտարարությունն առցանց իրականացնելու հնարավորության մասին:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Հաշտարարն իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ:».
4) 6-րդ մասը «անձանց» բառից հետո լրացնել «և հաշտարարին» բառերով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-9-րդ մասերով.
«7. Եթե կողմերից մեկը միջնորդում է հաշտարարությունն առցանց իրականացնելու վերաբերյալ, և մյուս կողմը չի առարկում, ապա հաշտարարությունը կարող է նշանակվել առցանց:
8. «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածով նախատեսված փոխկապակցվածության հիմքերի կամ 9.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների առկայությունը նույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով անտեսելու մասին կողմերի որոշման չկայացման դեպքում հաշտարարը պարտավոր է այդ մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել դատարանին:
9. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքում դատարանը, ստուգելով «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածով նախատեսված փոխկապակցվածության հիմքերի կամ 9.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների առկայության հանգամանքը, տեղեկացումն ստանալու պահից եռօրյա ժամկետում հաշտարարի նոր թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն։ Նոր թեկնածուի ընտրությունն ու հաշտարարի նշանակումն իրականացվում են սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված կարգով:»:
Հոդված 8. Օրենսգրքի 187-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Սույն օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով դատարանի նախաձեռնությամբ նշանակված հաշտարարության արդյունքով կողմերի չհաշտվելու դեպքում հաշտարարության հետ կապված ծախսերը կրում է այն կողմը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ։ Հայցը մասնակի բավարարելու մասին դատական ակտ կայացնելիս հաշտարարության հետ կապված ծախսերը դատարանը կողմերի միջև բաշխում է բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:».
2) 4-րդ մասից հանել «կամ մասնակի» բառերը:
Հոդված 9. Օրենսգրքի 192-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում պետական բյուջեից կողմին վճարման ենթակա գումարի չափը։»:
Հոդված 10. Օրենսգրքի 289-րդ հոդվածի 1-ին մասը «(առկայության դեպքում),» բառերից հետո լրացնել «արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարի վարձատրության վերաբերյալ ապացույցը (վճարած լինելու դեպքում),» բառերով։
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է այն վեճերի վրա, որոնցով դեռևս հայցադիմում չի ներկայացվել դատարան:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 13 Երևան ՀՕ-436-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2022 թվական: