Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1722
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.04.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.04.01-2024.04.14 Պաշտոնական հրապարակման օրը 10.04.2024
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
09.04.2024
Подписан
Նախագահող
Дата подписания
09.04.2024
Дата вступления в силу
09.04.2024

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

9 ապրիլի 2024 թ.

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՍԻԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Կառավարության ներկայացուցիչ` Էկոնոմիկայի նախարարի տեղակալ՝ Ռ. Գևորգյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի հունիսի 29-ին ստորագրված «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2024 թվականի 25 հունվարի N 101-Ա որոշմամբ հավանություն է տվել «2015 թվականի հունիսի 29-ին ստորագրված «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության՝ 2024 թվականի հունվարի 29-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2015 թվականի հունիսի 29-ին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պեկին քաղաքում:

Համաձայնագրով հիմնադրվող Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (այսուհետ` Բանկ) նպատակն է խթանել կայուն տնտեսական զարգացումը, ստեղծել նյութական արժեք և բարելավել Ասիայում ենթակառուցվածքների փոխկապակցվածությունը՝ ներդրումներ կատարելով ենթակառուցվածքներում և այլ ճյուղերում, խթանել տարածաշրջանային համագործակցությունը և գործընկերությունը զարգացման մարտահրավերներին դիմակայելու հարցում՝ սերտորեն համագործակցելով զարգացման բազմակողմանի և երկկողմանի այլ հաստատությունների հետ (հոդված 1):

Հայաստանի Հանրապետությունը Համաձայնագիրը վավերացնում է պայմանով, որ իրեն իրավունք է վերապահում Բանկի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վճարվող աշխատավարձից և պարգևատրումներից ստացվող եկամուտները հարկելու՝ հիմք ընդունելով Համաձայնագրի 51-րդ հոդվածը (Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հունվարի 25-ի N 101-Ա որոշման)։

Համաձայնագիրը բաղկացած է նախաբանից, 60 հոդվածից, և հավելվածներից, մասնավորապես՝ Հավելված Ա. «Հայտարարված կանոնադրական կապիտալում նախնական բաժանորդագրություններն այն երկրների համար, որոնք կարող են անդամ դառնալ՝ 58-րդ հոդվածին համապատասխան» և Հավելված Բ. «Տնօրենների ընտրությունը»:

Համաձայնագրում ամրագրված են Բանկի ստեղծման նպատակի, անդամակցության ընթացակարգի, կապիտալին բաժանորդագրման, անդամավճարի փոխանցման կարգի, Բանկի գործառնությունների ու կառավարման, կարգավիճակի, անձեռնմխելիության, արտոնությունների տրամադրման և այլ դրույթներ։

Բանկի հայտարարված կանոնադրական կապիտալը կազմում է հարյուր միլիարդ ամերիկյան դոլար ($100.000.000.000)՝ բաժանված յուրաքանչյուրը 100.000 հազար դոլար ($100.000) անվանական արժեքով մեկ միլիոն (1.000.000) բաժնետոմսերի, որոնք հասանելի են միայն անդամների կողմից բաժանորդագրման համար (հոդված 4):

Բանկին անդամակցության գործընթացը նախատեսում է բաժանորդագրում Բանկի բաժնետիրական կապիտալի բաժնեմասերին՝ վճարվող և ցպահանջ բաժնեմասերի միջոցով: Մեկ բաժնեմասի արժեքը 100 հազ. ԱՄՆ դոլար է։

Ըստ Համաձայնագրի՝ Բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը առաջարկվող 374 բաժնեմասին բաժանորդագրվելու դեպքում բաժանորդագրության ընդհանուր գումարը կկազմի 37,400,000.0 ԱՄՆ դոլար:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում, երբ վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում առնվազն տասը ստորագրող կողմերի, որոնց նախնական բաժանորդագրությունները, ինչպես սահմանված է Համաձայնագրի Ա հավելվածում, ընդհանուր առմամբ կազմում են ոչ պակաս, քան այդպիսի բաժանորդագրությունների ընդհանուրի հիսուն տոկոսը:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես՝

2.1. բաժանորդագրվել` Բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերին (հոդված 5, պարբերություն 1),

2.2. որպես Համաձայնագրի ստորագրող կողմ՝ Բանկի վճարված կապիտալի համար 58-րդ հոդվածին համապատասխան անդամ դարձող, ի սկզբանե բաժանորդագրությամբ նախատեսված գումարի վճարումը կատարել Համաձայնագրի 6-րդ հոդվածի 5-րդ պարբերությամբ սահմանված կարգով (հոդված 6, պարբերություն 1),

2.3. երաշխավորել, որ կապիտալի բաժնետոմսերը չեն ենթարկվի գրավադրման կամ ցանկացած եղանակով ծանրաբեռնման (հոդված 7, պարբերություն 2),

2.4. երաշխավորել, որ որևէ սահմանափակում չի դրվի արժույթների վրա, ի թիվս այլնի, ցանկացած երկրում վճարում կատարելու համար Բանկի կամ Բանկի ցանկացած շահառուի կողմից այն ստանալու, պահելու, օգտագործելու կամ փոխանցելու կապակցությամբ (հոդված 19, պարբերություն 1),

2.5. նշանակել մեկ կառավարիչ և կառավարչի մեկ տեղակալ՝ որպես անդամ Կառավարիչների խորհրդում (հոդված 22, պարբերություն 1), ինչպես նաև համապատասխան պաշտոնական մարմին, որի հետ Բանկը կարող է կապ հաստատել Համաձայնագրի շրջանակներում ծագող ցանկացած հարցի առնչությամբ (հոդված 33, պարբերություն 1),

2.6. նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին կամ Բանկի հետ համաձայնեցված այդպիսի այլ հաստատություն՝ որպես դեպոզիտարիա, որտեղ Բանկը կարող է պահել Հայաստանի Հանրապետության արժութային ռեզերվները, ինչպես նաև Բանկի այլ ակտիվներ (հոդված 33, պարբերություն 2),

2.7. ապահովել Բանկին այնպիսի տեղեկություններով, որոնք այն կարող է խելամտության սահմաններում պահանջել Հայաստանի Հանրապետությունից իր գործառույթների իրականացումը խթանելու նպատակով (հոդված 34, պարբերություն 2),

2.8. ձեռնարկել անհապաղ անհրաժեշտ միջոցներ Համաձայնագրի IX գլխում ներկայացված դրույթներն Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ դնելու նպատակով և Բանկին տեղեկացնել ձեռնարկած գործողությունների մասին (հոդված 44, պարբերություն 2),

2.9. երաշխավորել Բանկի անձեռնմխելիությունը ցանկացած տեսակի իրավական գործընթացների նկատմամբ՝ բացառությամբ փոխառությունների միջոցով կամ այլ եղանակով ֆինանսական միջոցներ ներգրավելու, պարտավորությունները երաշխավորելու կամ արժեթղթեր վաճառելու ու գնելու կամ դրանց անդերռայթինգ իրականացնելու հետ կապված իր լիազորություններից բխող կամ դրանց առնչվող դեպքերի (հոդված 46, պարբերություն 1),

2.10. երաշխավորել՝ չհակասելով Համաձայնագրի 46-րդ հոդվածի 1-ին պարբերության դրույթներին, որ ընդդեմ Բանկի հայց չի ներկայացվի Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության որևէ գործակալության կամ հաստատության, կամ ցանկացած սուբյեկտի կամ անձի կողմից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն գործում է կամ պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության որևէ գործակալության կամ հաստատության անունից. Բանկի և դրա անդամների միջև վեճերի լուծման համար օգտվել Համաձայնագրում, Բանկի ներքին իրավական ակտերում և կանոնակարգերում կամ Բանկի հետ կնքված պայմանագրերում սահմանված հատուկ ընթացակարգերից (հոդված 46, պարբերություն 2),

2.11. երաշխավորել, որ Բանկի գույքն ու ակտիվները՝ անկախ դրանց գտնվելու վայրից և այն հանգամանքից, թե ով է դրանք տիրապետում, անձեռնմխելի են առգրավման, արգելադրման կամ կատարման բոլոր ձևերի նկատմամբ՝ նախքան Բանկի դեմ վերջնական դատական ակտ կայացվելը (հոդված 46, պարբերություն 3),

2.12. երաշխավորել, որ Բանկի գույքն ու ակտիվները՝ անկախ դրանց գտնվելու վայրից և այն հանգամանքից, թե ով է դրանք տիրապետում, անձեռնմխելի են խուզարկության, ռեկվիզիցիայի, բռնագանձման, էքսպրոպրիացիայի կամ կատարողական կամ օրենսդրական գործողությունների միջոցով վերցնելու կամ բռնագանձման ցանկացած այլ ձևի նկատմամբ (հոդված 47, պարբերություն 1),

2.13. երաշխավորել, որ Բանկի արխիվները և, առհասարակ, դրան պատկանող կամ դրանում պահվող բոլոր փաստաթղթերն անձեռնմխելի են՝ անկախ դրանց գտնվելու վայրից և այն հանգամանքից, թե ով է դրանք տիրապետում (հոդված 47, պարբերություն 2),

2.14. երաշխավորել, որ Բանկի ամբողջ գույքն ու ակտիվները զերծ կլինեն ամեն տեսակի սահմանափակումներից, կարգավորումներից, հսկողությունից և մորատորիումից այնքանով, որքանով դա անհրաժեշտ է Բանկի նպատակներին հասնելու և գործառույթներն արդյունավետորեն իրականացնելու համար, ինչպես նաև հաշվի առնելով Համաձայնագրի դրույթները (հոդված 48),

2.15. երաշխավորել Բանկի բոլոր կառավարիչների, տնօրենների, նրանց տեղակալների, Նախագահի, փոխնախագահների և մյուս պաշտոնատար անձանց ու աշխատողների, այդ թվում՝ Բանկի համար հանձնարարություններ կատարող կամ ծառայություններ մատուցող փորձագետների ու խորհրդատուների՝ անձեռնմխելիությունը ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում իրականացված գործողությունների հետ կապված դատական գործընթացների նկատմամբ` բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկը հրաժարվում է անձեռնմխելիությունից, ինչպես նաև երաշխավորել բոլոր պաշտոնական փաստաթղթերի և արձանագրությունների անձեռնմխելիությունը (հոդված 50, ենթապարբերություն i),

2.16. երաշխավորել, որ Համաձայնագրի 50-րդ հոդվածում նշված անձինք, եթե նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, ապա նրանց կտրամադրվի ներգաղթի սահմանափակումների, օտարերկրացիների գրանցման վերաբերյալ պահանջների ու պետական ծառայության հետ կապված պարտավորությունների մասով այն նույն անձեռնմխելիությունը, ինչպես նաև տարադրամի փոխանակման հետ կապված կանոնակարգերի մասով այն նույն հնարավորությունները, որոնք Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվում են մյուս անդամների համանման կարգի ներկայացուցիչներին, պաշտոնատար անձանց և աշխատողներին, ինչպես նաև ճամփորդելու հետ կապված հնարավորությունների առումով նրանց կտրամադրվի այն նույն պայմանները, որոնք Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվում են մյուս անդամների համանման կարգի ներկայացուցիչներին, պաշտոնատար անձանց և աշխատողներին (հոդված 50, ենթապարբերություններ ii, iii),

2.17. ազատել Բանկին, դրա ակտիվները, գույքը, եկամուտը և Համաձայնագրի համաձայն դրա գործառնություններն ու գործարքները բոլոր տեսակի հարկերից և բոլոր տեսակի մաքսատուրքերից, ինչպես նաև ազատել Բանկին ցանկացած հարկի կամ տուրքի վճարման, պահման կամ հավաքման պարտավորությունից (հոդված 51, պարբերություն 1),

2.18. երաշխավորել, որ որևէ տեսակի հարկ չի գանձվի Բանկի կողմից Բանկի տնօրեններին, փոխտնօրեններին, Նախագահին, փոխնախագահներին և մյուս պաշտոնատար անձանց կամ աշխատողներին, այդ թվում՝ Բանկի համար հանձնարարություններ կատարող կամ ծառայություններ մատուցող փորձագետներին ու խորհրդատուներին որոշակի հանգամանքներում վճարվող աշխատավարձից, պարգևատրումներից և ծախսերից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետությունը վավերացնելու, ընդունելու կամ հաստատելու մասին փաստաթղթի հետ մեկտեղ ի պահ կհանձնի հայտարարություն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության իրեն և իր քաղաքական ստորաբաժանումներին վերապահում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Բանկի կողմից որոշակի հանգամանքներում վճարվող աշխատավարձից և պարգևատրումներից հարկեր գանձելու իրավունք (հոդված 51, պարբերություն 2),

2.19. երաշխավորել, որ Բանկի կողմից թողարկված որևէ պարտատոմս կամ արժեթուղթ, այդ թվում՝ դրանցից ստացված ցանկացած շահութաբաժին կամ տոկոսագումար՝ անկախ այն հանգամանքից, թե ով է դրանք տիրապետում, չի հարկվի որևէ տեսակի այնպիսի հարկով` որով խտրականություն կդրվի այդ պարտատոմսի կամ արժեթղթի նկատմամբ միայն այն պատճառով, որ այն թողարկվել է Բանկի կողմից, կամ, եթե այդպիսի հարկման համար միակ իրավաբանական հիմքը դրա թողարկման վայրն է կամ այն արժույթը, որով այն թողարկվել է և ենթակա է վճարման կամ վճարվում է, կամ էլ Բանկին պատկանող որևէ գրասենյակի գտնվելու վայրը կամ գործունեության իրականացման վայրը (հոդված 51, պարբերություն 3),

2.20. երաշխավորել, որ Բանկի կողմից երաշխավորված որևէ պարտատոմս կամ արժեթուղթ, այդ թվում՝ դրանցից ստացված ցանկացած շահութաբաժին կամ տոկոսագումար՝ անկախ այն հանգամանքից, թե ով է դրանք տիրապետում, չի հարկվի որևէ տեսակի այնպիսի հարկով, որով խտրականություն կդրվի այդ պարտատոմսի կամ արժեթղթի նկատմամբ միայն այն պատճառով, որ այն երաշխավորվել է Բանկի կողմից, կամ, եթե այդպիսի հարկման համար միակ իրավաբանական հիմքը Բանկին պատկանող որևէ գրասենյակի գտնվելու վայրը կամ գործունեության իրականացման վայրն է (հոդված 51, պարբերություն 4):

3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված նպատակին՝ Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն ընձեռելով մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2015 թվականի հունիսի 29-ին ստորագրված «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող`

Ա. Դիլանյան

 

9 ապրիլի 2024 թվականի

ՍԴՈ-1722

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 ապրիլի 2024 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՍԻԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1722 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «2015 թվականի հունիսի 29-ին ստորագրված «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2024 թվականի ապրիլի 9-ի ՍԴՈ-1722 որոշմամբ որոշել է, որ 2015 թվականի հունիսի 29-ին ստորագրված «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

 

Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2024 թվականի ապրիլի 9-ի ՍԴՈ-1722 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը։

 

Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է։

Հաշվի առնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացի, ինչպես նաև իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար՝ հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի՝ ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ՝ հատուկ կարծիք շարադրելը։ Հետևաբար կարծում եմ, որ նշված գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու՝ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով էլ պայմանավորված ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը։

 

Հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում։ Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։

Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր 2024 թվականի ապրիլի 9-ի ՍԴՈ-1722 որոշմամբ 2015 թվականի հունիսի 29-ին ստորագրված «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալն անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից։

 

Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը։ Միաժամանակ նշված օրենքում ամրագրված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով։

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները (22-րդ հոդվածի 1-ին մաս, 24-րդ հոդվածի 1-ին մաս, 46-րդ հոդվածի 2-րդ մաս, 74-րդ հոդվածի 1-ին մաս, 88-րդ հոդվածի 6-րդ մաս) թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.

- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.

- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.

- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.

- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ։

Վերահաստատելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում արտահայտված դիրքորոշումները՝ գտնում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված՝ էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան։

Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, իսկ նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը, որում պետք է նշված լինի էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը։ Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը։

 

Քննարկվող դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն։

Նկատի ունենալով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է միայն նշում՝ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին։

Ելնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում վկայակոչված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից՝ կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն՝ առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:

Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում, ինչպես նաև սույն գործի նյութերում առկա դիմումի վրա որևէ ստորագրության բացակայության պայմաններում, կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է՝ դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից։

Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը՝ պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված։

 

Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը՝ առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։

 

Դատավոր`

 

«09» ապրիլի 2024 թ.

Ե. Խունդկարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 ապրիլի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան